• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2009

ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

   

Թամարա Վարդանյան

Tamara_Vardanyan (original)Ուղեղային կենտրոնները Վրաստանում

Հետխորհրդային երկրների առանձնահատկություններից մեկն այն է, որ ուղեղային կենտրոնների ձևավորումն ընթանում է առավելապես ոչ թե ներքին, այլ արտաքին ռեսուրսների հաշվին (իհարկե, կան բացառություններ, երբ ՈւԿ-ն գործում է պետական ֆինանսական աղբյուրների հաշվին)։

Վրաստանի դեպքում պետք է նշել, որ ուղեղային կենտրոնները հիմնականում սնվում են ամերիկյան ու եվրոպական ծրագրերի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցներից և սպասարկում են առաջնային մի շարք ուղղություններ։ Ընդհանրապես, ուղեղային կենտրոնների գործունեությունը հիմնականում ընդգրկում է հասարակական և քաղաքական խնդիրների հարթությունը, իսկ ճշգրիտ գիտությունների ոլորտը հիմնականում տեղայնացված է ակադեմիական հաստատություններում։ Նրանց ֆինանսական խնդիրները լուծվում են ստացվող դրամաշնորհների միջոցով՝ ինստիտուցիոնալ տեսակետից մնալով բուն ակադեմիական համակարգում։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ ռուսական աղբյուրներից սնվող գոնե մեկ ուղեղային կենտրոն մեզ հայտնի չէ։ Այսինքն` կարելի է փաստել, որ երկրում ծավալվող հասարակական-քաղաքական դիսկուրսում և տեղեկատվական-գաղափարական հարթությունում գերիշխում են արևմտյան ազդակները։

Վրաստանում գործող և մեր կողմից ուսումնասիրված ուղեղային կենտրոնների կայքէջերի մեծ մասի լեզուները վրացերենն ու անգլերենն են։ Այսպես՝ 20 ուղեղային կենտրոնների (տե՛ս աղյուսակը) կայքէջերի շարքում ռուսերեն տարբերակ ունեին միայն 2-ը (Բաց հասարակության Վրաստանի հիմնադրամը՝ http://osgf.ge և Հարավային Կովկասի գենդերային տեղեկատվական համացանցը՝ www.ginsc.net), իսկ մեկ կայքէջ բացի վրացերեն և անգելերեն հատվածներից ուներ թուրքալեզու էջ (Թուրք-վրացական կրթամշակութային հիմնադրամը՝ http://www.turkgurcuvakfi.org/

Վրացական կենտրոնների մյուս առանձնահատկությունն այն է, որ նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները (այսպես կոչված policy paper-ները) շոշափելի ազդեցություն ունեն կառավարման օղակների գործունեության վրա։ Թերևս, դա բացատրվում է նրանով, որ երկրի ներկայիս իշխանությունները մեծ մասամբ ձևավորվել են ՀԿ սեկտորի ներուժի հիման վրա և, տեղափոխվելով կառավարման օղակներ, պահպանել են նախկին կապերը ՀԿ դաշտի հետ։

Վրաստանում գործող ուղեղային կենտրոններից առաջատարն ու նշանավորը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամն է (GFSIS1)։ Այն հարցիս, թե «որո՞նք են նշանավոր ուղեղային կենտրոնները Վրաստանում», վրացի փորձագետը պատասխանեց. «Առաջին 5 տեղը կարելի է շնորհել GFSIS հիմնադրամին, հետո միայն թվել մնացյալը»։ Հիմնադրամի ղեկավարն է Ալեքսանդր Ռոնդելին, որը նախկինում ղեկավարել է Վրաստանի ԱԳՆ հետազոտական և վերլուծական բաժինը, հետազոտական ծրագրեր իրականացրել ամերիկյան և բրիտանական մի շարք համալսարաններում, արտակարգ և լիազոր դեսպան է։ Հիմնադրամը Վրաստանում գործող քաղաքական-վերլուծական կենտրոններից ամենահայտնին է, ունի լուրջ ֆինանսական աղբյուրներ, շենքային փայլուն պայմաններ և տեխնիկական հագեցվածություն, որակյալ փորձագետներ, իսկ դոնորների կազմում են Ջ.Սորոսի հիմնադրամը, Սասակավա խաղաղության ճապոնական հիմնադրամը, Սթենֆորդի համալսարանը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Վրաստանում ԱՄՆ և Չինաստանի դեսպանատները, Ջ.Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրման եվրոպական կենտրոնը, Ռենդ կորպորացիան, կանադական 2 խոշոր կազմակերպություններ, իսկ այս ցանկին վերջերս ավելացել է նաև Բադրի Պատարկացիշվիլու հիմնադրամը։ Հասարակական ընկալումներում հիմնադրամը համարվում է Մ.Սահակաշվիլու կառավարության «ուղեղային կենտրոնը» և շոշափելի ներդրում է ունեցել «վարդերի հեղափոխության» իրականացման մեջ։

Հիմնադրամի փորձագետները մշտապես հետևում են Վրաստանի ներքաղաքական զարգացումներին և թեև քննադատում են Մ.Սահակաշվիլու քաղաքականությունը, այնուամենայնիվ, Թբիլիսիում ընթացող ընդդիմության բազմահազարանոց ցույցերը նույնպես չեն ողջունում։ Հիմնադրամի և Վրաստանում ներկայացված միջազգային բազմաթիվ կառույցների միջև առկա են սերտ համագործակցություն և փոխհամաձայնեցված գործունեություն։ Հայտնի է նաև, որ հիմնադրամի փորձագետները սերտ կապեր ունեն Մ.Սահակաշվիլու վարչակազմի անդամների հետ (առանձին նախարարների հաճախակի այցելությունը սովորական երևույթ է), ուստի հիմնադրամը որոշակիորեն ազդում է որոշումների կայացման գործընթացի վրա (հատկապես դա նկատելի էր «վարդերի հեղափոխությունից» առաջ և անմիջապես հետո)։

Հիմնադրամում մշտապես ապահովված է ամերիկյան կողմի ներկայությունը՝ առնվազն մեկ փորձագետի տեսքով, որը ղեկավարում է հիմնադրամում ընթացող գրեթե բոլոր հետազոտությունները. նա, իր զբաղեցրած պաշտոնի համաձայն (հետազոտական բաժնի տնօրեն), պատասխանատու է բոլոր հետազոտությունների բովանդակության և արդյունքների համար։

Հիմնադրամի արտաքին քաղաքական վեկտորը Հյուսիսատլանտյան դաշինքն է, իսկ հետազոտությունների հիմնական բովանդակությունը՝ հակառուսականությունը։ Այստեղ ամեն տարի իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց մասնակցում են նաև ակտիվ երիտասարդներ Հարավային Կովկասի երեք ճանաչված հանրապետություններից։

Ջավախքի հիմնախնդիրը Վրաստանի ուղեղային կենտրոնների հետազոտական ծրագրերում

Էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ ծրագրերում զգալի տեղ է զբաղեցնում Ջավախքի հիմնախնդիրը։ Այն, օրինակ, վերոնշյալ հիմնադրամի գործունեության առաջնային թիրախներից է։

Դեռևս 2004թ. հիմնադրամում անգլերեն լեզվով Ջավախքի մասին գրքույկի տեսքով տպագրվել էին դաշտային հետազոտության արդյունքները, որտեղ շրջանը ներկայացված էր որպես կլանային համակարգ ունեցող, միջնադարյան օրենքներով ապրող տարածք։ Ջավախքի մասին այս մոտեցումը մեծ տարածում գտավ արևմտյան ընկալումներում և մինչև օրս էլ գերիշխող է։ Վերջին շրջանում առավել ակտիվացել է հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ, որի արդյունքն էլ եղավ սույն թվականի հունիսի 22-ին հիմնադրամի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը Ախալքալաքում։ Այդ միջոցառման ժամանակ հռչակվել է Ջավախքում հիմնադրամի գործունեության նպատակը՝ օժանդակել Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը։

Մյուս՝ նույնպես աչքի ընկնող կենտրոններից է Ռազմավարության և զարգացման ինստիտուտը2, որի նախագահը՝ Անդրո Բարնովին, նախկինում եղել է Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավարը։ Սույն թվականի հունվարին հրատարակվել է իր հեղինակած ուսումնասիրությունը Սամցխե-Ջավախքի մասին, որտեղ մանրամասն նկարագրում է այսպես կոչված «անջատողական» շարժումը Ջավախքում, անուն առ անուն նշում է բոլոր գործող դերակատարներին, բոլոր կազմակերպություններն ու կուսակցությունները, որոնք սկսած 2002թ. որևէ գործունեություն են ծավալել Ջավախքում, բոլոր անձանց, որոնք որոշակի հեղինակություն են վայելում տեղի հայության շրջանում, ակտիվություն են ցուցաբերում և այլն։ Հետազոտության մեջ քննարկվում է անգամ Հայկական սփյուռքի, Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ կառավարության, «Երկիր» միության և այլ մարմինների ազդեցությունը Ջավախքի ներքաղաքական կյանքում։ Իսկ Ջավախքի այսպես կոչված «անջատողական» շարժման պատմությունը հեղինակը սկսում է շարադրել 1991թ. սկսած։ Հետազոտությունն ուշագրավ է Ջավախքի նկատմամբ վրացական փորձագիտական մտքի և դիրքորոշումների բացահայտման տեսանկյունից։

Ջավախքի խնդիրներով է զբաղվում նաև մեկ այլ ակտիվ գործող կենտրոն՝ Խաղաղության, ժողովրդավարացման և զարգացման Կովկասյան ինստիտուտը3։ Սկսած 2006թ.` Ջավախքում եվրոպական ծագում ունեցող դոնորների օժանդակությամբ (հիմնականում՝ ԵԱՀԽ գրասենյակի) այս կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվել են 14 տարբեր ծրագրեր, որոնց նպատակը նույնպես շրջանի ինտեգրումն է։ Նշված 14 ծրագրերից միայն մեկն է իրականացվել հայկական կողմի հետ համատեղ, որը Երևանում գործող Կովկասյան ինստիտուտն է եղել։

Հատկանշական է, որ գրեթե բոլոր ուղեղային կենտրոնների կայքէջերում տեղադրված է Վրաստանի քարտեզը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին, շատ դեպքերում անգամ առանց նշելու վերջիններիս գոնե ինքնավար կարգավիճակը։

Ուղեղային կենտրոնների գործունեության մեջ կարելի է նկատել նաև այն, որ սեմինարների, կլոր սեղանների և կոնֆերանսների քանակը մի քանի անգամ գերազանցում է բուն հետազոտական աշխատանքների արդյունքների, ասենք` գրքերի, հոդվածների կամ ամսագրերի հրատարակումը, իսկ պարբերականությունը պահպանող ամսագրեր գրեթե չկան։ Առավել տարածված են այսպես կոչված policy paper-ները, որոնք ներառում են համառոտ փորձագիտական թեզեր այս կամ այն արդիական խնդրի վերաբերյալ։ Հիմնարար հետազոտություններ գրեթե չկան։

Համագործակցության դաշտը բազմազան է, նշվում են տարբեր կենտրոնների անվանումներ՝ որպես գործընկերներ, բայց իրականում դրանք հիմնականում ձևական նշումներ են, քանի որ երբ հետևում ենք կոնկրետ ծրագրերին, տեսնում ենք, որ դրանք մեկ, հազվադեպ էլ՝ առավելագույնը երկու կենտրոնների կողմից էին իրականացվում։

Ակադեմիական համակարգը Վրաստանում

Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիան (ըստ 2008թ. հունվարի 1-ից գործող օրենքի4), Վրաստանի կառավարության գիտական խորհրդատուն է։ Գործող օրենքի 4-րդ կետի համաձայն, այն «ինքնակառավարվող գիտական հաստատություն է, որն ինքնուրույն հաստատում է ակադեմիայի կարգավիճակը, ձևավորում է կառուցվածքը և որոշում ակադեմիայի գիտական կազմակերպման հարցերն ու աշխատակազմը, ինչպես նաև տնտեսական և միջազգային համագործակցության խնդիրները»5։ Ակադեմիայի ֆինանսավորման հիմնական բազային աղբյուրը Վրաստանի պետական բյուջեի տարեկան հատկացումներն են, որոնք կազմում են ՀՆԱ 0.2 տոկոսը, ամեն մի գիտնականի վրա տարեկան ծախսվում է 600 ԱՄՆ դոլար։ Ակադեմիան բաղկացած է 9 գիտական ուղղություններով դեպարտամենտից, 5 գիտական հանձնաժողովից։ Ակադեմիայի նախագահն է միջազգային ճանաչում ունեցող լեզվաբան Թամազ Գամկրելիձեն, կառավարվում է 15 անդամներից բաղկացած գիտական խորհրդի կողմից։

Այն պարբերաբար հրատարակում է տեղեկագիր, որի բոլոր համարները (բաց ձևաչափով) տեղադրված են ակադեմիայի կայքէջում ու հասանելի են բոլոր ընթերցողների համար։ Տեղեկագրի բովանդակության ուսումնասիրության արդյունքում նկատել ենք հասարակագիտական հոդվածների խիստ սահմանափակ քանակություն։ Հասարակագիտական հոդվածների շարքում գերակշռում են լեզվաբանության ոլորտի ուսումնասիրությունները, իսկ պատմագիտական, քաղաքագիտական հոդվածներն աղքատիկ են։ Թերևս, դա բացատրվում է նրանով, որ այս ոլորտների մասնագետները հիմնականում տեղափոխվել են ուղեղային կենտրոններ (կամ պետական կառավարման մարմիններ) և այնտեղ են շարունակում իրենց գործունեությունը։

Այնուամենայնիվ, հասարակագիտական հոդվածների ընդհանուր քննությունը ցույց է տալիս, որ պատմագիտական, լեզվաբանական, աղբյուրագիտական, հնագիտական ուղղվածությամբ աշխատություններում նկատվում է ավանդական վրացակենտրոնությունը։

Իսկ համալսարանական հաստատությունների ընդհանուր քննությունը ցույց է տալիս, որ բավական տարածված է տարբեր դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ համալսարանների ներսում հետազոտական կենտրոնների հիմնադրումը։ Այսպես, գիտական անձնակազմը ներգրավվում է դրամաշնորհային ծրագրերում և չի հեռանում համալսարաններից։ Նման երևույթ առկա է նաև ՀՀ կրթական հաստատություններում, բայց դրամաշնորհների սակավության հետևանքով մեզանում այնքան էլ տարածված երևույթ չէ։

Այսպիսով, Վրաստանի think tank-երի և ակադեմիական հաստատությունների ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել.

  • Վրաստանի think tank-երում նկատվում է արտասահմանյան փորձագետների (դոնորների անմիջական ներկայացուցիչների) մշտական ներկայություն։ Նրանք գործուղվում են Վրաստան՝ մի քանի տարի ժամկետով, և այդ կենտրոններում նրանց կողմից և նրանց անմիջական ղեկավարությամբ իրականացվում են ընթացիկ հետազոտական ծրագրեր:
  • Վրաստանի ուղեղային կենտրոնների շարքում բավական մեծաթիվ են տնտեսական ուղղվածությամբ հաստատությունները, որոնք հիմնականում տնտեսագիտական վերլուծություններով են զբաղվում:
  • Վրաստանի think tank-երի ծրագրերն ու հետազոտական աշխատանքներն առավել ազգայնական են։ Դրանք հակառուսական ուղղվածություն ունեն, քաղաքական բնույթի աշխատանքներում գերակշռում են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման պլանները, Ջավախքի խնդրում մատնանշվում է «անջատողականությունը»։ Այսինքն՝ վրացական ազգայնականությունը, ի տարբերություն հայկական ազգայնականության, խրախուսվում է միջազգային դոնորների կողմից, քանի որ վրացական ազգայնականությունը բացահայտ հակառուսական է։
  • Ակադեմիական հաստատություններում տարածաշրջանին առնչվող թեմաներում նկատվում են վրացակենտրոնությունն ու ազգայնականությունը (օրինակ` վրաց հայագետների շրջանում):
  • Համալսարանական հաստատություններում մեծ տեղ են զբաղեցնում դրամաշնորհային ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս համալսարանների ներսում հիմնադրել հետազոտական կենտրոններ՝ գիտական անձնակազմը ներգրավելով դրամաշնորհային ծրագրերում։

1 http://www.gfsis.net

2 http://www.stand.ge

3 http://www.cipdd.org

4 Տե՛ս http://www.science.org.ge/english.html

5 Տե՛ս http://www.science.org.ge/Statute1.htm

Վրաստանի ուղեղային կենտրոններըքաշել .pdf ֆայլ


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր