• am
  • ru
  • en
Версия для печати
11.12.2009

ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Руский

   

Թամարա Վարդանյան

Ներածություն

Վրաստանի ժողովրդագրական կազմի փոփոխության ողջ տրամաբանությունը, հատկապես 19-20-րդ դարերի ընթացքում, ցուցիչն է երկրում իրականացվող ազգային պետության կերտման ինտենսիվ գործընթացների։ Վրաստանը բազմէթնիկ հանրույթից աստիճանական անցում է կատարում դեպի առավելապես միաէթնիկ պետության։ Դեռևս 1983թ. ազգի և ազգայնականության խոշոր տեսաբան Է.Գելները նշել է, որ իդեալական մոդելն այն է, երբ ազգի և պետության սահմանները համընկնում են1։ Ըստ տեսաբանի, ազգայնականությունը սկզբունք է, որի նպատակն է հասնել քաղաքական և ազգային միավորումների սահմանների հավասարեցմանը։ Այս մոդելը դիտարկվում է նաև որպես էթնիկ հակամարտությունների կանխարգելման և լուծման արդյունավետ ուղիներից մեկը։ Ազգային պետության հիմնական բնորոշիչն այն է, երբ քաղաքական իշխանությունն իրականացվում է տվյալ պետության սահմաններում բնակվող էթնիկ միավորի կողմից։

Երկրի ժողովրդագրական պատկերն առանցքային խնդիր է նաև ազգային անվտանգության տեսակետից։ Ակնհայտ է, օրինակ, որ ՀՀ-ի առավելագույնս միաէթնիկ կառուցվածքը հանդիսանում է ծանրակշիռ գործոն, ռեսուրս, ինչպես նաև ներքաղաքական անվտանգության որոշակի երաշխիք։ Գրեթե բոլոր երկրների և բոլոր ժամանակների պատմությունները ցույց են տալիս, որ էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները որպես կանոն առիթ են ստեղծում արտաքին ուժերի և հարևան պետությունների կողմից օտար ծագում ունեցող տարրն օգտագործելու որպես ներքին խմորումների սանձազերծման գործոն։ Իսկ այդ փոքրամասնություններին հաճախ վերապահվում է տվյալ երկրում 5-րդ շարասյան գործառույթ և առաքելություն։

Անշուշտ, այս իրողությունները քաջ գիտակցելով՝ Վրաստանի ազգայնական վերնախավն իրականացնում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտենսիվ ձուլման՝ վրացացման քաղաքականություն։ Նշված քաղաքականության առաջխաղացման մեջ կարևոր դերակատարում ունի վրացական ազգայնական մտավորականությունը, որը տասնամյակների ընթացքում գաղափարական ամուր հենք է ձևավորել դրա համար։ Այսպիսով, վրացական ազգայնականությունն ունի հարուստ փորձ, գաղափարական կուռ ամբողջական համակարգ, որոշակի ձուլման մեխանիզմներ ու վարչական լծակներ, որպեսզի երկրում իրականացնի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրացացման ծրագիր։

Այդ քաղաքականությունն իրենից ներկայացնում է համակարգային երևույթ, որտեղ առանցքային դերակատարում է վերապահված նաև պետական վարչական մեքենային, համալսարանական կենտրոններին և ակադեմիական հանրույթին։ Վերջինս էլ պետք է գիտականորեն հիմնավորի այդ գործընթացների ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը՝ հղումներ կատարելով պատմությանն ու քաղաքագիտությանը։ Ուստի վրացացման գործընթացները ներառում են ոչ միայն կենցաղային, մշակութային, կրթական, կրոնական և միջէթնիկ հարաբերությունների ոլորտները, այլև որպես հիմնական ուղենիշ հանդիսացող պետական/ազգային գաղափարախոսությունները։

Վրացացման գործընթացների զինանոցը

Լեզու

Վրացացման գործընթացների կարևորագույն զենքը վրացերեն լեզուն է։ Ազգակերտման գործընթացների ուսումնասիրողներից շատերը (Օ.Բաուեր, Յու.Բրոմլեյ, Յու.Արուտյունով, Լ.Աբրահամյան և այլք) նշում են, որ լեզուն ինքնության առաջնային, տեսանելի ցուցիչն է և մեծ դերակատարում ունի էթնոգենեզի ընթացքում։ Հայտնի է, որ լեզուն ունի մտահաղորդակցական և էթնոսոցիալական գործառույթներ։ Ներկայիս արևմտյան հետազոտողները նույնպես նշում են, որ վրացիների ազգային գիտակցությունում խիստ զարգացած է լեզվական կողմնորոշման ձևը (форма языковой ориентации)։ Վրաստան ժամանողին միանգամից ապշեցնում է «վրացերեն լեզվի կենտրոնականությունը, նրա գործածականությունն ինչպես կենցաղում, այնպես էլ մշակութային համատեքստում»2։

Այսպիսով, վրացերեն լեզուն այն հզոր միջոցն է, որը, տարածվելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շրջանում, արագացնում է վերջիններիս ինքնության վերափոխումները դեպի վրացականություն, գործընթաց, որի հանգուցակետը վերջնական ձուլումն է վրացական հանրույթի մեջ։ Ինչպես նշում է ազգագրագետ Լ.Աբրահամյանը, «Եվ՛ Խորհրդային Վրաստանի, և՛ անկախ Վրաստանի լեզվական քաղաքականությունն արտացոլանքն է բոլոր այն քաղաքական խնդիրների, որոնք անցյալում առկա էին և այսօր էլ կան Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայության հետևանքով»3։

Սա է պատճառը, որ հայոց լեզվի կարգավիճակի հարցը Ջավախքում լուրջ հակազդեցություն է առաջացնում վրացական կառավարական, հասարակական և գիտական շրջանակներում։ Միաժամանակ նույն շրջանակներում խոր հակակրանքի տեղիք է տալիս ջավախահայության՝ վրացերենին չտիրապետելու փաստը։ Այսինքն՝ այս պարագան կարևոր ահազանգ է վրաց վերնախավին առ այն, որ ջավախահայության ձուլման քաղաքականությունը կարող է և հաջողությամբ չավարտվի։ Գ.Խաինդրավան մի հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Ջավախքում խնդիրները կապված են ոչ թե հայերեն լեզվի հետ, այլ վրացերենի։ Եվ Հայաստանի կողմից բարեկամական քայլ կդիտվեր, եթե հայկական կողմը մտահոգվեր Ջավախքում վրացերենը տարածելու խնդրով, քանի որ բոլորն առանց այդ էլ խոսում են հայերեն»4։

Վրացերենի ներդրման միջոցով Կախեթիում հազարավոր հայեր են վրացացել։ Հայկական գյուղերում գործող հայկական դպրոցներն աստիճանաբար վերածում էին վրացականի, երկու-երեք տասնամյակ անց տեղի հայության մի հատվածը թերևս ամբողջովին վրացացել է:

Ի դեպ, նույն քաղաքականությունն այսօր կիրառվում է Թբիլիսիի հայկական դպրոցներում, որոնցում հայկական դասարաններին կից բացվել են վրացական սեկտորներ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում վրացական սեկտորների հայազգի աշակերտների թիվը գերազանցում է հայկական սեկտորներում սովորող հայ աշակերտների թվին, քանի որ վրացականները լուրջ ուշադրության և հոգածության են արժանանում դպրոցի վարչական ղեկավարության կողմից հագեցվում են տեխնիկայով, հարմարավետ լսարաններով, ուստի և ավելի հրապուրիչ են դառնում հայազգի աշակերտների համար։

Կրոն

Վրացացման գործընթացներում հաջորդ կարևորագույն զենքը Վրաց Ուղղափառությունն է։ Վրաստանում անկախության տարիներին ընթացող ազգային համախմբման գործընթացներում որպես կատալիզատոր հանդես է գալիս կրոնը։ Այստեղ ընթանում են «Մեկ ազգ, մեկ կրոն» մոդելի ստեղծման անթաքույց գործընթացներ։ Ինչպես նշում է Մ.Ջավախիշվիլին, «...սկսած 20-րդ դ. 90-ականներից «վրացի» և «ուղղափառ» հասկացությունների միջև դրվեց հավասարության նշան։ Ամբողջ Վրաստանը պետք է դառնա միադավան երկիր, բոլոր վրացիները պետք է լինեն ուղղափառ»5։ Մինչև այսօր Վրաստանի այլ կրոնական փոքրամասնություններն իրավական կարգավիճակ չունեն։ Վրաստանում բավական մեծ հեղինակություն է վայելում Վրաց Ուղղափառ եկեղեցին և նրա առաջնորդը։ Այսպես, երբ 2003թ. նախատեսվում էր Վրաստանի և Վատիկանի միջև համաձայնագրի ստորագրումը, գործընթացն անհապաղ կասեցվեց Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից։ Վրաց Պատրիարքը հայտարարեց, որ «տվյալ փաստը կարող է օգտագործվել մյուս դավանանքների կողմից՝ Վրաստանում հաստատվելու նպատակով, ինչը նոր և լուրջ խնդիրներ կհարուցի մեր պետության ներսում»6։

Նույն Մ.Ջավախիշվիլին նշում է, որ կաթոլիկներին Վրաստանում անվանում են «աղանդավորներ», «հերետիկոսներ», «օտարներ»։ Ուղղափառ քարոզիչները հայերին նույնպես հաճախ անվանում են «հերետիկոսներ» կամ «սատանայականներ», հայերի միաբնակության մասին տարրական գիտելիքների բացակայության արդյունքում7։

Բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են իրականացվում ուղղափառ եկեղեցու շուրջ և Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավորների կողմից հայության շրջանում հոգեորսության աշխատանքները։ Այսպես, Թբիլիսիի հայաշատ թաղամասում՝ Հավլաբարում, Մ.Սահակաշվիլիի օրոք կառուցվեց մեծ ու շքեղ վրացական եկեղեցի՝ Սամեբա անունով։ Ներկայումս Հավլաբար թաղամասում բնակվող հայերն արդեն հաճախում են հենց նշված եկեղեցին։

Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Ջավախքում։ Այսպես, Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում վրացիներ չկային։ Բայց վրացիները գյուղում 5 տուն են գնել, որտեղ բնակվում են վրաց կույսերը և վանականները՝ Փոկայի սբ. Նինոյի եկեղեցու կենվորները։ Հարցազրույցից մեկի ժամանակ մայրապետ Էլիսաբեթը նշել է, որ ուղղափառ ծեսով նրան հաջովեց մկրտել մի ամբողջ հայ ընտանիք, քանի որ, ինչպես ինքն է նշում, մկրտվողները հասկացան, որ ուղղափառ հավատքն ավելի ճշմարիտ է8։ Հետագայում Ս.Կարապետյանի տվյալների համաձայն, 2003թ. հաջողվել էր վրաց ուղղափառ եկեղեցում վերամկրտել փոկացի բազմաթիվ հայերի, ընդ որում՝ իբրև թե տեղի հայերն իրենք էին դիմում վրաց եկեղեցու ավազանում վերամկրտվելու խնդրանքով, քանի որ հասկացել էին «ուղղափառ եկեղեցու առավելությունը»9։

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն իսկապես լուրջ աշխատանքներ պետք է իրականացնի հոգեորսության դեմ պայքարելու ուղղությամբ։ Վերջին ժամանակներում Վիրահայոց թեմի անմիջական ջանքերով հրատարակվել են եկեղեցական օրացույցներ, գրքույկներ, որոնք հնարավորություն կտան վիրահայությանը տոնել եկեղեցական տոները Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով։ Բայց առայժմ վիրահայությունն ամբողջությամբ չի պատկերացնում կրոնի միջոցով ձուլման բոլոր հնարավոր հետևանքները և մեծամասամբ դեռ շարունակում է գտնվել Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևոր քարոզչության դաշտում։

Գաղափարախոսություն. «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը որպես քաղաքական ծրագիր

Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրացացման գործընթացը տասնամյակների ընթացքում զգալի հաջողություններ չէր արձանագրի, եթե այն չունենար կուռ, ամբողջական, համակարգված գաղափարական հենք։ Բացի այդ, նշված գաղափարական հենքը, որպես կանոն, շոշափելի արդյունքներ է տալիս միայն այն ժամանակ, երբ որդեգրվում է պետական համակարգի կողմից, քանի որ այս դեպքում է, որ նշված խնդրի լուծմանը ծառայեցվում է նաև ողջ վարչական և քարոզչական մեքենան։

Վրացական ազգայնականության կողմից դեռևս 20-րդ դ. սկզբին ազգային պետության ստեղծման գաղափարը ստացավ գաղափարական, քաղաքական ծրագրի տեսք։ Այն արտահայտվեց «Վրաստանը վրացիների համար» կարգախոսի միջոցով՝ որպես ազգային պետականության ստեղծման նախագիծ։

Հայտնի է, որ 20-րդ դ. սկզբին Անդրկովկասի էթնիկ կազմն ու ժողովուրդների բնակեցվածությունը խիստ բազմազան էր։ Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար կոմս Ի.Ի.Տոլստոյն Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին հուշերում գրում է. «Չկա մի տարածք, որ խառը չլինի։ Ոչ ոք չի կարող հստակ ասել՝ Թիֆլիսը վրացակա՞ն քաղաք է, թե՞ հայկական…, կամ կհամաձայնե՞ն արդյոք հայերը Բաքվի նահանգը ճանաչել որպես թաթարական երկիր։ Միայն կարող եմ հաստատ ասել, որ թաթարները չեն համաձայնվի, թե Բաքուն հայկական է»10։

Մեր տարածաշրջանում տարածքային կենտրոնացման գործընթացները մեծ թափ ստացան հատկապես 19-րդ դ. վերջերին - 20-րդ դ. սկզբներին։ Ռուսական կայսրության տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների շրջանում ձևավորում էին միատարր վարչական-քաղաքական միավորներ ստեղծելու քաղաքական ծրագրեր։ Դրանք հետագայում ազգային պետությունների ստեղծման համար տարածքային հիմք պետք է ծառայեին։

Այսպես, դեռևս 1903թ. մայիսի 1-ից Փարիզում երկու լեզվով (վրացերեն և ֆրանսերեն) սկսեց հրատարակվել «Սաքարթվելո» (Վրաստան) խորագրով քաղաքական լրագիրը։ Լրագրի նպատակն էր վրաց ժողովրդի շրջանում արթնացնել ազգային և քաղաքացիական գիտակցություն՝ այդպիսով հող նախապատրաստելով Վրաստանի ինքնավարության համար11։ Այնուհետև 1904թ. ձևավորվեց վրաց սոցիալ-ֆեդերալիստների ազգայնական կուսակցությունը։ Գ.Գալոյանը նշում է, որ «...այդ կազմակերպության կորիզը դարձավ վերոհիշյալ «Սաքարթվելո» լրագիրը՝ վրացական նացիոնալ-ֆեդերալիստների արտասահմանյան խմբի օրգանը»12։ «Սաքարթվելո» ազգայնական կազմակերպության ղեկավարն էր Ա.Ջորջաձեն։ Կազմակերպության կողմից որպես իրենց առջև դրված քաղաքական նպատակի հիմնական արտահայտիչ հռչակվեց «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը։

Վրաց սոցիալ-ֆեդերալիստների կուսակցության հիմնական ծրագրային պահանջը «ռուսական բուրժուա-կալվածատիրական պետության սահմաններում Վրաստանի ինքնավարության ստեղծումն էր»13։ Այսինքն՝ ազգային պետության կերտման համար վրաց ազգայնականությանն անհրաժեշտ էր էթնիկապես միատարր տարածք: Ինքնավարությունը պետք է ծառայեր որպես տարածքային հիմք նման վարչական–քաղաքական միավորի ստեղծման համար։ Փաստորեն, վրաց իրականության մեջ տարածքային կենտրոնացման գաղափարն արդեն 20-րդ դ. սկզբին հանդես եկավ որպես քաղաքական օրակարգային ծրագիր։

Ֆեդերալիստների նշված տարածքները, որոնք պետք է ընդգրկվեին ինքնավար Վրաստանի մեջ, էթնիկ տեսանկյունից միատարր չէին։ Այնտեղ ապրում էին բավական մեծ թվով հայեր, ռուսներ, թաթարներ, չերքեզներ, լեռնային լեզգիներ և այլն, որոնք ինքնավարության պայմաններում անխուսափելիորեն կհայտնվեին ազգային փոքրամասնության մեջ։

Տեղական թիֆլիսյան մամուլում էթնիկ միատարր տարածքի ստեղծման գաղափարը նույնպես լայն արձագանք գտավ։ Թիֆլիսում հրատարակվող «Ախալի Դրոեբա» թերթը նույնպես էթնիկ միատարր վարչական-քաղաքական միավորի անհապաղ ստեղծման ջատագով էր։ Ներկայացնենք թերթի խմբագրության դիրքորոշումն ազգային հարցում. «Մենք այն վեհ ազգայնականության կողմնակիցն ենք, որը չի ցանկանում մյուս ազգերին այն, ինչը չէր ցանկանա ինքն իրեն, և դրա համար ոչ ոք չի համարձակվի մեզ «շովինիստ» անվանել։ Մենք ազգի ամբողջական ինքնավարության կողմնակիցն ենք, քանի որ այնտեղ, որտեղ խոսում են 100 լեզուներով, անհնար է հասկանալ առանձին քաղաքացու կարիքներն ու պահանջները, հետևաբար, անհնար է նաև համատեղ քաղաքական կյանքը» (ընդգծումը մերն է՝ Թ.Վ.)14։

Այս նույն գաղափարախոսությունը հետագայում որդեգրեց Վրաստանի նախագահ, ծայրահեղ ազգայնական Զ.Գամսախուրդիան (Վրաստանի նախագահ է ընտրվել 1991-1992թթ.), որի կառավարման տարիներին վիրահայությանը սպառնում էր ոչ միայն աստիճանական վրացացում, այլև շատ հաճախ վիրահայությունը ֆիզիկական ոչնչացման անմիջական տագնապ էր ապրում։ Այդ տարիներին Հավլաբարում տեղի հայությունն ինքնապաշտպանության և ինքնակազմակերպման միջոցառումներ էր ձեռնարկում, քանի որ ստեղծված ոստիկանական խմբերը (Մխեդրիոնի անվամբ), մեծ վտանգ էին ներկայացնում էթնիկ փոքրամասնությունների համար, ավազակային հարձակումներ գործում և սպառնում վերջիններիս գույքի, սեփականության և անձի անվտանգությանը։

Ներկայումս՝ Մ.Սահակաշվիլիի օրոք, էթնիկ փոքրամասնությունների վրացացման գործընթացները նոր թափ և որակ են ստացել, քանի որ Վրաստանում ազգային պետություն ստեղծելու ծրագիրը նաև լուրջ աջակցություն է ստանում աշխարհաքաղաքական ուժի արևմտյան կենտրոններից։ Մ.Սահակաշվիլիի քաղաքականությունը թեև նպատակներով չի տարբերվում իրեն նախորդող ազգայնական գործիչների ծրագրերից, այնուամենայնիվ, տարբերվում է մեթոդներով։ Այն հագեցված է ժողովրդավարական-ազատական կարգախոսներով, ազգերի հավասարության, ինտեգրացման անհրաժեշտության և երկրի հզորացման մասին կոչերով։

1E.Gellner, Nations and Nationalism, Ithaca: Cornell University Press, 1983.

2Languge myths and the discourse of nation-biulding in Georgia, - In: Nation-biulding in the post-Soviet bordelands: the politics of national identities/ Smith G…[et al.], Cambridge University Press, 1998, p.168.

3Abrahamian L., Armenian Identity in a changing world, Mazda press, 2006, сс. 74-76.

4Хаиндрава Гоги, «Армяне и грузины – никакие не друзья, да и друзьями никогда не были». http://news.am/ru/news/7153.html

5Джавахишвили М., Что значит быть католиком в Грузии в XX веке, Идентичность, власть и город в работах молодых ученых Южного Кавказа, сб. ст., ред. Лежава Н., Тб., Фонд имени Г. Белля, 2005, с. 116.

6http://www.centrasia.ru/newsA.php?st=1063998660

7Վարդանյան Թ., Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ, 21-րդ Դար. Նորավանք ԳԿՀ տեղեկատվական-վերլուծական հանդես, թիվ 4, 2006, էջ 112:

8Մանրամասն տե՛ս Մելիքիշվիլի Նինո, Ռեզոնանսի, թիվ 161, 21.06.2001թ., թարգմանեց Վ.Սարգսյանը։

9Կարապետյան Ս., Ջավախք, Գիրք Թ, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2006, 515։

10Воспоминания министра народного просвещения графа И.И.Толстого (31 октября 1905г. – 24 апреля 1906г.), Серия “Мемуары русской профессуры”, кн.2, 1997, с.122.

11Վրաստանը և ազգային ինքնավարության հարցը Կովկասում, Դրոշակ, Ժնև, 1903, թիվ 9, էջ 147-148։

12Գ.Գալոյան, Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները, Երևան, 1978, էջ 451։

13Муджири А.Н., Политические партии и национальный вопрос в Закавказье в период подготовки и проведения Октябрьской революции, Тбилиси, 1970, с.20.

14Տե՛ս газета “Кавказ”, Тбилиси, 1906, но.52.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր