• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2011

ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

EnglishРуский

   

Թամարա Վարդանյան

Թ.Վարդանյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ. գ. թ.

Ներածություն

Վերջին շրջանում մամուլում (թե՛ տեղական, թե՛ հարևան երկրների) կրկին ակտիվացավ Թուրքիայի և Վրաստանի տարածքում գտնվող մշակութային հուշարձանների անմխիթար վիճակի և դրանց վերականգնման անհրաժեշտության խնդիրը։ Հարցը նախապատմություն ունի. դեռևս 2007թ. Թուրքիայի ու Վրաստանի միջև բանակցություններ ընթացան այս խնդիրների շուրջ, բայց կողմերը որևէ համաձայնության չեկան։ Խոսքը Վրաստանի տարածքում մահմեդական հոգևոր կառույցների և Թուրքիայի տարածքում քրիստոնեական հուշարձանների մասին է։ Նախորդ բանակցությունները տապալվեցին մասնավորապես վրաց պատրիարք Իլյա 2-րդի ջանքերի և դիմադրության արդյունքում։ Շնորհիվ հասարակության շրջանում ունեցած բարձր հեղինակության (հարցումների արդյունքով՝ բնակչության մոտ 90%-ը վստահում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն և անձամբ պատրիարքին) վերջինիս հաջողվեց փաստացի վետո դնել և կասեցնել վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Վրացական կողմի դիմադրության հիմնական պատճառն այն մտավախությունն էր, որ համաձայնության արդյունքում Վրաստանում կուժեղանա մահմեդական գործոնը և, բնականաբար, նաև՝ Թուրքիայի ազդեցությունը երկրում։ Իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա՝ վրաց հատկապես հոգևոր վերնախավը բավական քաջ գիտակցում է։ Ինչ վերաբերում է երկրի քաղաքական վերնախավին, վերջինս, հավանաբար, փորձում է մանևրել մի կողմից՝ թուրքական պահանջների, մյուս կողմից՝ վրաց հասարակության ու հոգևոր իշխանությունների պահանջների միջև։ Ակնհայտ է դառնում, որ երկրի քաղաքական իշխանության զիջողականությունը պայմանավորված է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությամբ, Վրաստանի տնտեսությունում թուրքական ներդրումների ծավալի անընդհատական աճով, ինչո՞ւ չէ՝ նաև այս խնդրում կարճաժամկետ մարտավարության որդեգրմամբ։ Վրաստանի իշխանությունների կողմից երկարաժամկետ մարտավարության որդեգրման պարագայում իրենց համար առնվազն ակնհայտ կլիներ Թուրքիայի նկրտումներին հակազդելու անհրաժեշտությունն արդեն այսօր, միևնույն ժամանակ՝ զիջողականության կործանարար հետևանքները երկրի տարածքային ամբողջականության համար։

Չնայած այս ամենին, անավարտ բանակցությունների վերակենդանացումը հրահրվեց հենց վրացական կողմի ջանքերի շնորհիվ։ Այսպես. 2010թ. ապրիլին Վրաստանի արտգործնախարար Գ.Վաշաձեն Թուրքիա այցի ժամանակ հիշատակեց անավարտ բանակցությունների մասին և հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի առաջիկայում այս հարցերի շուրջ կոնկրետ համաձայնության գալ։ Վրացական կողմն իր ակտիվ քայլերը սեփական ժողովրդին բացատրում է նրանով, որ Թուրքիայի տարածքում, այսպես կոչված, Տաո-Կլարջետիի «վրացական» եկեղեցիները գտնվում են անմխիթար վիճակում, և հարցի լուծումը հրատապություն է պահանջում։ Նշենք, որ խոսքը Թուրքիայի տարածքում գտնվող չորս՝ Օշկվանք, Իշխան, Խանձա և Օտխտա միջնադարյան հուշարձանների վերականգնման մասին է։ Վրացական կողմն ակնկալում է, որ դրանք հանձնվեն Վրաստանին՝ վերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Այդ պահանջը փաստարկում են՝ վկայակոչելով հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման փաստը, երբ դա կատարվեց առանց իրական տերերի՝ հայկական կողմի մասնակցության, ինչն էլ բացասական հետևանքներ ունեցավ։ Իր հերթին, Թուրքիան նման զիջումների դիմաց Վրաստանից պահանջում է համաձայնություն Վրաստանի տարածքում վերականգնելու երեք մզկիթ՝ Սամցխե-Ջավախքում, Ախալցխայում և Քոբուլեթիում, նաև մեկ նոր մզկիթ և թուրքական բաղնիք կառուցելու Բաթումում։

Հետաքրքրականն այն է, որ բանակցությունների մանրամասնությունները գաղտնի են պահվում վրաց հասարակությունից։ Առաջին հանրային հայտարարությունը հնչեց Մ.Սահակաշվիլու կողմից երկրի բնակչության հետ ուղիղ հեռուստակամրջի ընթացքում՝ սույն թվականի հունվարի 26-ին1։ Երկրի նախագահն իր ելույթում նաև նշել էր, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, և այնտեղ բնակվող մահմեդականներն իրավունք ունեն հետևելու իրենց ազգային ավանդույթներին։ Իսկ Վրաստանի մշակույթի նախարար Ն.Ռուրուան այս տարվա սկզբին հայտարարեց, որ պայմանները կհրապարակվեն արձանագրության ստորագրումից հետո միայն2։ Վրացական իշխանություններն, օգտագործելով պետական քարոզչամեքենան, տարածում են այն տեսակետը, թե հարցը միայն մշակութային է և ամենևին էլ կրոնական բնույթ չունի։ Ոչ միայն բանակցությունների գաղտնիության, այլև մամուլում հայտնված կցկտուր տեղեկությունների բովանդակությունը խիստ դժգոհություն առաջացրեց ոչ միայն Վրաց Ուղղափառ եկեղեցու, այլև վրաց հասարակության շրջանում։ Հաշվի առնելով անցյալի ձախողված փորձը՝ Վրաստանի աշխարհիկ իշխանությունը՝ նախագահ Մ.Սահակաշվիլու ղեկավարությամբ, փաստորեն, այս անգամ փորձում է շրջանցել հոգևոր իշխանություններին և նրանց թիկունքում պայմանավորվել հարևան թուրքերի հետ։ Ինչպես իրավացիորեն նշում է վրացի փորձագետ Գ.Նոդիան, այս խնդիրը հակասությունների անկյունաքարն է Վրաց Ուղղափառ եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների միջև ընթացող հակասությունների3։

Այս բանակցությունների կարևորությունն այն է, որ քննարկվող խնդիրը, լինելով միայն առաջին հայացքից մշակութային, իրականում ոչ միայն կրոնական է, այլ նաև՝ քաղաքական։

Համաձայնագիրը վրացական շահերի տեսանկյունից

Թուրքիայի տարածքում գտնվող Օշկվանք, Իշխան, Խանձա և Օտխտա միջնադարյան հուշարձանները թուրքական կողմն, ըստ էության, պատրաստ է հանձնել վրացիներին՝ դրանք վերականգնելու նպատակով։ Բայց խնդիրն այն է, որ նշված եկեղեցիներից երկուսը՝ Իշխանը և Օշկվանքը, հայ քաղկեդոնական մշակութային հուշարձաններ են։ Դրանք վրացական մշակութային ժառանգության մաս չեն կազմում։

Ներկայացնենք ճարտարապետության դոկտոր Տ.Մարությանի «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» (2003թ.) աշխատության «Տայքի ճարտարապետական հուշարձանները» գլխից մի քանի հատված. «Տայքը և նրա միջնադարյան հուշարձանները, այդ թվում հատկապես VII դարում կառուցված Իշխանը և Բանակը, X դարում կառուցված բարձրակարգ հուշարձաններ Խախուվանքը, Օշկվանքն ու բազմաթիվ կոթողներ ոչ թե վրացական են, այլ հայկական, հայ ստեղծագործական մտքի արգասիք. այստեղ վիճարկելու հարց չկա»4։ Այնուհետև Տ.Մարությանը բազմաթիվ աղբյուրների հիման վրա հետևողականորեն ապացուցում է իր նշած տեսակետը։ Օրինակ, բավական է միայն հիշատակել վրացական աղբյուրների հիման վրա Ն.Մառի տեղեկությունը, որը հիշատակված է նույն գրքում. «IX և նույնիսկ X դարում վրաց վանականները Տայքում և Կղարջքում շրջապատված էին թեպետև նույն հավատքն ունեցող, սակայն այլազգի՝ հայ բնակչությամբ»5։ Մարությանը նշում է, որ «մինչև XI դարի վերջին քառորդը Տայքում բնակվում էին քաղկեդոնական հայեր և շրջանն էլ կազմում էր Մեծ Հայքի օրգանական մասը»6։

Հետևաբար, վրացական ու թուրքական կողմերը փաստացի բանակցում են մասամբ նաև Թուրքիայի հայկական մշակութային ժառանգության շուրջ։

Վրացական կողմն այդ եկեղեցիները համարում է վրացական՝ հիմնվելով միայն հուշարձանների վրա եղած արձանագրությունների լեզվի՝ վրացերենի վրա։ Արձանագրությունների վրացերեն լեզուն բացատրվում է նրանով, որ եկեղեցական արարողություններն այդ հատվածի քաղկեդոնական հայերի շրջանում տարվում էին վրացերեն։ Հասկանալի է, որ հայ համայնքի համար կառուցված այդ նույն քաղկեդոնական եկեղեցիներում էլ արձանագրությունները պիտի գրվեին վրացերեն։

Այսպիսով, թուրք-վրացական այս համաձայնությունը բխում է վրացական շահերից՝ այնքանով, որ վերջիններիս հաջողվում է նշված հուշարձաններն ի լուր աշխարհի՝ անվերապահորեն հռչակել վրացական, ինչն էլ տեղավորվում է վրացական մշակութային և պատմական նկրտումների շրջանակներում։ Բայց վրացական շահերն ու ձեռքբերումները, թերևս, այսքանով էլ սահմանափակվում են։ Կարևոր է նշել այն հանգամանքը, որ եթե Թուրքիայի տարածքում, այնուամենայնիվ, նշված հուշարձանները վերականգնվեն որպես վրացական, միևնույն է՝ դրանցում եկեղեցական արարողություն չի ընթանալու այն պարզ պատճառով, որ այդ շրջաններում Վրաց Ուղղափառ եկեղեցու հետևորդներ չկան։ Այսինքն՝ վերականգնված «վրացական» եկեղեցիները Թուրքիայում կստանան ընդամենը մշակութային հուշարձանների կարգավիճակ, այլ ոչ՝ գործող կրոնական հաստատության։ Իսկ այդ դեպքում Վրաստանը որևէ կերպ կրոնական ազդեցության տարածման և քաղաքական ներթափանցման հնարավորություն չի ունենա։ Հետևաբար, վրացական կողմի համար նշված հուշարձանների վերականգնումը երկարաժամկետ առումով որևէ քաղաքական ազդեցություն չի կարող ունենալ։ Դրանք կվերականգնվեն և չգործելու դեպքում շատ արագ մոռացության կմատնվեն։

Թուրքական շահերի տեսանկյունից

Բոլորովին այլ իրավիճակ է Թուրքիայի համար։ Այսպես, ըստ համաձայնագրի քննարկվող տարբերակի՝ Թուրքիան իրավունք է ստանալու մզկիթներ վերականգնել Սամցխե-Ջավախքում, Ախալցխայում և Քոբուլեթիում և կառուցել մեկ մզկիթ ու մեկ բաղնիք Բաթումում։ Առավելապես կարևոր է այն հանգամանքը, որ դրանք լինելու են գործող կրոնական կառույցներ։ Ահա այս կետն է, որ Վրաց Ուղղափառ եկեղեցու դժգոհությունն է առաջացնում։ Մահմեդական կրոնական հաստատությունների գործունեությունը, պարզ է, ծառայելու է տեղում մահմեդական տարրի ակտիվացմանը, իսլամական աշխարհայացքի դիրքերի ամրապնդմանը, ինչո՞ւ չէ, նաև հոգեորսության տարածմանն արդեն քրիստոնյաների շրջանում։ Իսկ եթե այդ հաստատությունները ֆինանսական ակտիվ հոսքեր ունենան Թուրքիայից, ապա հասկանալի է, թե ինչ ռումբ է տեղադրվելու Վրաստանի տարածքում։ Վրաց հասարակության մի ստվար զանգված, որն ընդդիմանում է այս հնարավոր սցենարին, լուրջ մտավախություն ունի, որ արդյունքում կրոնական հողի վրա կստեղծվի որոշակի լարվածություն երկրում բնակվող մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Սա է պատճառը, որ վրաց պատրիարքությունն արդեն երկու անգամ՝ սույն թվականի հունվարի 18-ին և փետրվարի 4-ին, հանդես է եկել հայտարարություններով, որոնցում անընդունելի է համարել նման պայմաններով արձանագրության ստորագրումը։

Վրացական կողմի համար առավել վտանգավոր է ընկալվում Բաթումում՝ Աջարիայի Ինքնավարության մայրաքաղաքում նոր մզկիթի կառուցումը։

Ներկայումս Աջարիայի բնակչության 30%-ը իսլամադավան է (բնակչության թիվը՝ 376.016, որից 115.161-ը դավանում է իսլամ)։ Դրանք աջարներն են, որոնք հայտնի են որպես մահմեդականություն ընդունած վրացիներ։ Ներկայումս վրացական ինքնությունը պահպանել են շնորհիվ հիմնականում վրացերեն լեզվի, մշակույթի, վրացական շրջապատի, Վրաստանի քաղաքացիության։ Անցալում տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմներում Աջարիայի մահմեդականներն ավանդաբար թուրքամետ դիրքորոշում են ունեցել։ Այսպես, Ղրիմի պատերազմի ընթացքում 1853-1856թթ. աջարները մեծ օգնություն են ցուցաբերել թուրքական զորքերին, իսկ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին թուրքական զորքի բարձրաստիճան սպայական կազմում ներգրավվածների հետ մեկտեղ` 6.000-10.000 աջարներ զինվորագրվել են թուրքական բանակին7։ Իսկ երբ տարածքը Բեռլինի վեհաժողովի որոշմամբ անցավ Ռուսաստանին, բազմաթիվ աջարներ տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք (մուհաջիրներ)։ Մի մասն էլ մնաց Ռուսական կայսրության տարածքում, որտեղ ձևավորեց «Վրիժառուներ» ահաբեկչական խումբը։ Խմբի գործունեության թիրախը ռուսական սպաներն ու պաշտոնյաներն էին, հիմնականում ֆինանսավորվում էր Օսմանյան կայսրությունից և Բրիտանիայից8։

Հետագայում 19-րդ դ. վերջերին – 20-րդ դ. սկզբներին ազգայնականության վերելքի հետ մեկտեղ աջարների շրջանում ուժեղացավ թուրքամետ դիրքորոշումը, ստեղծվեց պանթուրքիստական և պանիսլամիստական կուսակցություն, որն իր նպատակն էր հռչակել միավորվել Թուրքիայի հետ։ Միաժամանակ ակտիվացան առավել տեղայնացված ազգայնական տրամադրությունները, որոնք հետապնդում էին անկախ Աջարիայի ստեղծման գաղափարը։

Այնուամենայնիվ, Վրաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո, 1918թ. «Աջարիայի ժողովրդական կոնգրեսը» Բաթումում ընդունեց վրացամետ դիրքորոշում։

Առաջներում նրանք կազմում էին 70%, բայց վերջին տարիներին Վրաց Ուղղափառ եկեղեցու ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ մի ստվար զանգվածի վերաքրիստոնեացում։ Այժմ կան բազմաթիվ ընտանիքներ, որոնցում ավագ սերնդի ներկայացուցիչները մահմեդական են, իսկ կրտսեր սերնդինը՝ քրիստոնյա։ Ա.Աբաշիձեի օրոք Աջարիան գրեթե լիովին անկախ էր Թբիլիսիից, բայց Մ.Սահակաշվիլուն հաջողվեց վերացնել փաստացի կիսանկախ դրությունը և հաստատել պաշտոնական Թբիլիսիի իշխանությունը։ Այնուամենայնիվ, Աջարիան շարունակում է պահպանել ինքնավար հանրապետության կարգավիճակը Վրաստանի կազմում, որը երաշխավորված է 1921թ. Մոսկվայի պայմանագրով։ Նշված պայմանագրի 6-րդ կետով էլ Թուրքիան ևս Աջարիայում բնակվող մահմեդական մեծամասնության ինքնավարության երաշխավորն է։ Այս հանգամանքը, նաև մահմեդական զանգվածի առկայությունն Աջարիայում հիմք են ծառայում այդ տարածքի նկատմամբ ժամանակ առ ժամանակ դրսևորվող թուրքական նկրտումների համար։ Թուրքական մամուլում և փորձագիտական շրջանակներում դրանք առավել անթաքույց դրսևորումներ ստացան հատկապես 2008թ. վրաց-օսական պատերազմից հետո։ Այսպես, թուրքական քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) փորձագետ Հասան Ալի Քարասարը պատերազմից անմիջապես հետո հանդես եկավ ծավալուն վերլուծությամբ9, որտեղ կոչ էր անում Թուրքիայի իշխանություններին ակտիվացնել արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը՝ վերաձևավորելով այն. մասնավորապես, թբիլիսակենտրոն մոտեցումից անցում կատարել բազմավեկտորային մարտավարության և ուղիղ կապեր հաստատել Աջարիայի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ։ Փորձագետը շեշտում էր, որ Թուրքիան տարածաշրջան է ներքաշված պատմականորեն և ժողովրդագրական առումով (նկատի ունենալով մահմեդական բնակչությանը)։ Նա ցավով է հիշատակում այն փաստը, որ 2004թ. դեպքերից հետո Մ.Սահակաշվիլու խաչը (նկատի ունի Վրաստանի նոր դրոշը) ներդրվեց Աջարիայի դրոշի վրա, ինչին թուրքական մամուլը բավական խիստ արձագանքեց։ Հատկապես իշխանություններին մոտ կանգնած հատվածը մեղադրում էր Մ.Սահակաշվիլուն, որոնցում վերջինիս անվանում էին շովինիստ10, անպատասխանատու անձ, ով առանց որևէ զսպվածության օգտագործում է ազգայնական և կրոնական խորհրդանիշերը11։ Այսպես. թուրք վերլուծաբաններից մեկի կարծիքով՝ «ներկայիս Վրաստանի գլխավոր խնդիրը ոչ քրիստոնյա բնակչության մարգինալացումն է, քանի որ այս նոր պետությունը հիմնված է անցյալի և քրիստոնեական արժեքների վրա»12։

Ներկայումս վրաց-թուրքական բանակցությունների սեղանին դրված համաձայնագրի այս կերպ ստորագրումը Աջարիայում բնակվող մահմեդականների շրջանում իսլամի և Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը միտված նշանակալից քայլ կդառնա (նշենք, որ Աջարիայի մահմեդականները սուննի ուղղության հետևորդներ են, ինչը թուրքական կողմի համար ևս ձեռնտու գործոն է)։

Նույն տրամաբանությամբ պետք է մոտենալ նաև մզկիթների վերանորոգման խնդրին Սամցխե-Ջավախքում, Ախալցխայում և Քոբուլեթիում։ Դրանք բոլորն էլ ծառայելու են տեղում իսլամի դիրքերի ուժեղացմանը, քանի որ կլինեն գործող կրոնական հաստատություններ, ինչն ամենևին էլ Վրաստանի կողմից համարժեք զիջում չէ՝ Թուրքիայում վերականգնվող և չգործող հուշարձանների դիմաց։

Ամփոփում

Վրաստանի համար Տայքի հայկական եկեղեցիների վերականգնման գործի ստանձնումը և դրանով իսկ այդ եկեղեցիների, փաստորեն, վրացական մշակութային ժառանգության մաս հռչակումն առավելապես մշակութային ձեռքբերում է, քանի որ այդ եկեղեցիները պետք է ունենան ոչ թե գործող եկեղեցու, այլ հուշարձանի կարգավիճակ։ Բայց այդ զիջման դիմաց Թուրքիան ստանում է Վրաստանի խոցելի շրջաններում 4 գործող մզկիթ, ինչը Թուրքիայի խոշոր քաղաքական հաղթանակն է և Վրաստանի նույնքան խոշոր քաղաքական պարտությունը։

Դժվար չէ կանխատեսել, որ այդ մզկիթների գործունեության արդյունքում Վրաստանի տարածքում կուժեղանան իսլամի դիրքերը։ Ուստի, իբր «մշակութային» ձեռնարկ ներկայացվող այս գործարքն ունի նաև ակնհայտ քաղաքական նպատակներ։ Վրաց պատրիարքության դիմադրությունն այս համաձայնագրին բխում է ոչ միայն վրացական, այլ նաև հայկական շահերից։

Եթե համաձայնագիրը ստորագրվի այն տեսքով, որն այսօր դրված է բանակցությունների սեղանին, ապա ակնհայտ է, որ ամենաշահեկան վիճակում կհայտնվի Թուրքիան։ Թուրքերը ճշգրիտ հաշվարկ են կատարել. մի կողմից՝ հայ քաղկեդոնական եկեղեցիների հանձնումը վրացիներին նոր լարվածություն կառաջացնի առանց այն էլ բարդ հայ-վրացական հարաբերություններում, որոնք բավական սրված են հատկապես կրոնական և եկեղեցիների հարցերի շուրջ։ Բայց թուրքական ճշգրիտ հաշվարկը բնավ այսքանով չի սահմանափակվում։ Մյուս կողմից՝ այն զգալիորեն կուժեղացնի թուրքական ազդեցությունը Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Չէ՞ որ Վրաստանում գործող մզկիթները, վերածվելով Թուրքիայի նվաճողական քաղաքականության կարևորագույն զենքի, սպառնալու են վրացական ինքնությանն ու երկրի տարածքային ամբողջականությանը։

1 http://www.chechenews.com/developments/2316-1.html

2 http://www.blackseanews.net/read/10343

3 Տե՛ս Nodia G., Georgia's Showdown Between Church And State, 20.02.2011, http://www.rferl.org/content/commentary_georgia_churches/2314963.html

4 Օշկվանքի նորոգման գործը հանձնված է Վրաստանին, 27.11.2008, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2452&sphrase_id=5051&print=Y

5 Նույն տեղում։

6 Նույն տեղում։

7 Asari Moin, Islamic Emirates of Tiflis-Georgia: Ajara & Meskhetia, Feridun, 21.08.2008, http://lahoreledger.com/?p=8154

8 Նույն տեղում։

9 Hasan Ali Karasar, Sahakashvili Pulled the Trigger: Turkey between Russia and Georgia, Foundation for Political, Economic, and Social Research, Policy Brief, August, 2008, http://www.setav.org

10 Hakan Albayrak, “Saakaşvili ve Şovenist Siyasetin İflası,” Yeni Şafak, 11 August 2008. – հղումը ըստ Ha¬san Ali Karasar, Sahakashvili Pulled the Trigger: Turkey between Russia and Georgia, Foundation for Po¬litical, Economic, and Social Research, Policy Brief, August, 2008, http://www.setav.org

11 İbrahim Karagьl, “Bir Delinin Başımıza Aзtığı Belaya Bakın,” Yeni Şafak, 12 August 2008. – հղումը ըստ Hasan Ali Karasar, Sahakashvili Pulled the Trigger: Turkey between Russia and Georgia, Foundation for Political, Economic, and Social Research, Policy Brief, August, 2008, http://www.setav.org

12 Bayram Balci, Is there a place for Islam in Mikhael Saakashvili’s Christian Georgia? http://www.caucaz.com/home_eng/breve_contenu.php?id=177

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր