• am
  • ru
  • en
Версия для печати
13.09.2011

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ

   

Էդուարդ Լ.Դանիելյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի վարիչ, «Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.

Պատմական հիշողությամբ` ամրակուռ ազգային հոգեբանությամբ արդարության գիտակցումը կրկնապատկում է ազգի նվիրյալների ուժը: Արցախյան հաղթանակը պատմական արդարության վերականգնման գաղափարով հայրենասիրական ուժերի համախմբման և անձնազոհ պայքարի արգասիք է: Առաջնորդվելով Գարեգին Նժդեհի` «Մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նվիրական է և պատերազմը հայրենական»1 մտքով՝ հրամայակա՛ն է համայն հայության հայրենասիրական ուժերի մասնակցությամբ Արցախյան պատերազմը և հաղթանակն անվանել Հայրենական պատերազմ և այդպես գրանցել պատմության մատյաններում ու դասագրքերում՝ որպես երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնասյուն:

Հայոց արմատները խորն են, սնվելով ամբողջական Հայաստանի (մոտ 400 հազար կմ2) ակունքներից և տասնապատկված՝ հայկական ուժերը տապալեցին ադրբեջանական մեծաքանակ բանակն օտար վարձկաններով: Սակայն հաղթանակի արդյունքները ճանաչելու փոխարեն, միջազգային ոլորտների նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ` «կոնֆլիկտի» մեթոդաբանությամբ: Այնինչ, սա ոչ թե իրավահավասար կողմերի միջև ծագած հակամարտություն է, այլ իր հայրենի հողի նկատմամբ պատմական արդարությունը և իրավունքներն օրինականորեն վերականգնած արցախահայության մղած և հաղթանակով ավարտված պայքար։

Հայոց պատմությունից հայտնի է, թե ինչ ընթացք են ստացել Հայաստանի տարածքներին վերաբերող միջազգային բանակցությունները` սկսած 363թ. (“ամոթալի դաշնագրից”, ըստ Ամմիանոս Մարկելլինոսի2) և 380-ական թթ. երկրորդ կեսին Հայաստանի հաշվին կնքված պարսկա-հռոմեական ու դարեր անց` Սան Ստեֆանոյի բանակցություններում ու Բեռլինի (1878թ.) կոնգրեսում կնքված պայմանագրերից` Հայկական հարցի միջազգայնացումով` մինչև Լոզան (1923թ.): Այդ ընթացքում Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունները իրագործեցին XX դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը:

Բանակցային գործընթացից դուրս է թողնված պատմական արդարության վերականգնման` հայկական կողմի համար կարևորագույն` պատմական ճշմարտության ռեսուրսը, ինչը խիստ բացասական հետևանքներ է ունենում: Դրանով իսկ, համահարթեցվում են նախքան 1918թ. երկրորդ կեսը պատմություն չունեցած արհեստածին «Ադրբեջանի» և հազարամյակների խորքից իր պատմությամբ հայտնի Հայոց աշխարհի դիրքերը:

Բանակցային գործընթացում հաշվի չեն առնվում XXդ. պատմության տվյալները` Հայաստանի օրգանական մասերի` բուն հայկական Արցախի, Ուտիքի ու Նախիջևանի նկատմամբ իրականացված բոլոր անօրինական քաղաքական գործարքները` սկսած ստալինյան ռեժիմի ձևավորման ժամանակներից` 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերից և Կավբյուրոյի որոշումից մինչև գորբաչովյան անհանդուրժողականությամբ և հրահանգներով` խորհրդային բանակի հովանու տակ ադրբեջանական հրոսակների ցեղասպան գործողություններն արցախահայության դեմ, որն օրինական` սահմանադրական ճանապարհով պահանջում էր իր իրավունքների ու ազատության վերականգնումը: Հակառակ դրան, բանակցություններում համանախագահ երկրների ներկայացուցիչները, տարածաշրջանի պատմությանը մոտենալով XX դարում հայկական զգալի տարածքների զավթման հետևանքով գծված քաղաքական ապօրինի «սահմանների», դրանով իսկ՝ «տարածքային ամբողջականության» այսպես կոչված դրույթի3 տեսանկյունից, անտեսում են Հայաստանի պատմության և պատմական աշխարհագրության, պատմամշակութային ժառանգության ամբողջական պատկերի տվյալները, հայկական ժառանգական` իրավական պատկանելությունը և իրավունքը:

Այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը, փորձելով «լրացնել» պատմական բացը, իր պատմաբաններին հրահանգում է հատորներ գրել: Ագրեսիվ կեղծարարությամբ 2007թ. Բաքվում հրապարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» հակագիտական և հակահայկական քարոզչական «գրքում» զետեղված կեղծիք-քարտեզը վերնագրված է «Արևմտյան Ադրբեջանի` ներկայումս «Հայաստանի Հանրապետություն», քարտեզ»` թուրքերի և օղուզների հայրենիքը»4: Ռ.Գալչյանն այս «գիրքն» անվանել է «ադրբեջանական ֆանտազիաների նորագույն և ծայրահեղ դեպքերից մեկը»5:

Լեռնային Ղարաբաղի պատմությունը նենգափոխելու ոգով Իլհամ Ալիևը ս.թ. ապրիլի 26-ին Ադրբեջանի ԳԱԱ ընդհանուր ժողովի իր ելույթում ադրբեջանցի վայ-ակադեմիկոսներին հրահանգեց «սոլիդ գիտական գործեր» գրել6, այսինքն՝ կեղծիքը շարունակելու պետական պատվեր տվեց ակադեմիային: Կրկին ապացուցվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գորիսում 2010թ. հոկտեմբերի 16-ին ասված խոսքը. «Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտությունները վերածվել են ռազմամոլ հայտարարությունների գեներատորի: Նույնիսկ դժվար է որոշել` որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկների հաճոյամոլությունը»7:

Մարտադաշտում պատերազմի հրձիգի` Ադրբեջանի կրած պարտությունը շարունակվում է նաև տեղեկատվական պատերազմում: Թե որքանով կարևոր է հայկական պատմական ռեսուրսը միջազգային ասպարեզում Արցախյան հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու համար, վկայում է նաև այն փաստը, որ տեղեկատվական պատերազմում Թուրքիան և Ադրբեջանը հսկայական միջոցներ են ծախսում հակահայկական քարոզչության, հատկապես Հայոց պատմության բնագավառի դեմ ուղղված կեղծարարության և հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման, կերպափոխման, «սեփականացման», միջազգային ասպարեզում սադրիչ ապատեղեկատվության ուղղությամբ` կաշառքով, ստով և շանտաժով ընդլայնելով իրենց ախտահարման ոլորտները:

Ներկայումս Թուրքիան երկու ծրագիր է իրականացնում` քաղաքակրթության և «Մետաքսի ճանապարհի» ոլորտներում, որոնք հազարամյակների ընթացքում Հայաստանի մշակութային և տնտեսական կյանքի կարևորագույն բնագավառներն են եղել: Իսկ սա նշանակում է, որ մշակույթի և տեղեկատվության ասպարեզում Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը:

Եկվոր` թյուրք-օղուզների հետնորդները, որոնք Ռուսական կայսրության XX դարասկզբի, ինչպես նաև տասնամյակներ անց` ԽՍՀՄ փաստաթղթերում «կովկասյան թաթարներ» կամ «թյուրքեր» էին անվանվում, 1930/40-ականների վերջերից կոչվեցին «ադրբեջանցիներ»8, և նրանց համար սկսվեց «պատմության» հորինում՝ որպես խորհրդային կեղծարարության գաղափարախոսության բաղկացուցիչ մաս։ Ավելին, 1986թ. Բաքվում արտատպվեցին Ստամբուլում հրատարակված (1944թ.) «Իսլամ» հանրագիտարանից պանթուրքիստական «քարտեզներ»9։ Բուն հայկական Նախիջևանի, Արցախի և Ուտիքի տարածքներում, խորհրդային կենտրոնի քաղաքական հովանու ներքո, գազանային հոգեբանությամբ գործող «ադրբեջանական» իշխանությունները (որոնց թյուրք-թաթար մուսավաթական նախորդները 1918-1920թթ. իրագործել էին հայերի կոտորածը Բաքվում և Շուշիում) XXդ. 80-ականների վերջին-90-ականների սկզբներին դարձան Սումգաիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), Մարաղայում, Գետաշենում հայերի կոտորածների կազմակերպիչները։ Ստով ու կեղծարարությամբ լի Ադրբեջանի ագրեսիվ իշխանությունների ու տեղեկատվական միջոցների համար ցնցում էր իրենց բանակի պարտությունը, և ներկայումս նրանք շարունակում են ոչ միայն Հայոց պատմական անցյալի, այլ նաև պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ կեղծիքների, զրպարտությունների և ապատեղեկատվության տարածումը:

Թուրքիան 2005թ. ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկով ստեղծված «Քաղաքակրթությունների դաշինքի» նախաձեռնողներից է10: Զավեշտական է, բայց փաստ. սա քաղաքակրթությունը ոչնչացնող այն Թուրքիան է, որի մասին դեռևս 1917թ. հունվարին դաշնակից տերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին ուղղված պատասխանում հայտարարել էին, որ «իրենց նպատակներից մեկն է Եվրոպայից դուրս մղել Օսմանյան կայսրությունը` որպես որոշակիորեն օտար Արևմտյան քաղաքականությանը»11: «Քաղաքակրթությունների դաշինքի» II համաժողովի բացմանը (Ստամբուլ, 6.IV.2009թ.), տարբեր երկրներից ժամանած պետությունների ղեկավարների ներկայությամբ, պատմության բացարձակ կեղծմամբ քողարկելով Թուրքիայի ցեղասպան հանցագործությունները, վարչապետ Էրդողանը ստերով լի «հայտարարություն» արեց: Օրինակ` իբր թե «Թուրքիան եղել է խաղաղության, հանդուրժողականության, 2000-ամյա գոյակցության, մշակույթի, փոխադարձ կարեկցանքի ու հարգանքի երկիր, Ստամբուլն էլ` մշակույթները ներդաշնակող և ամբողջ աշխարհին հանդուրժողականության ուղերձ հղող քաղաք, ինչն արել է պատմության ընթացքում, իսկ թուրք հասարակությունն» էլ, իբր թե, «ձևավորվել է հազարամյակների ընթացքում հանդուրժողականության և երկխոսության մշակույթի մեջ…»12:

«Հազարամյակների» մասին ստում է վարչապետը։ Ոչ թե «հազարամյակների ընթացքում ձևավորված թուրք հասարակություն», ինչպես ասում է Էրդողանը, այլ հինգ հարյուր տարի ձգվող բռնակալություն, ինչպես ասել է դեռևս XIXդ. վերջին ամերիկացի դոկտոր Չարլզ Իթոնը13: Իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանի նպատակը մեկն է. Թուրքիայի հակահայկական քաղաքականության «մարտակառքին»` պանթուրքիզմի և պանթուրանիզմի, նեոօսմանիզմի «գաղափարական» համաշխարհայնացման միջոցով, լծել «Քաղաքակրթությունների դաշինքի» մեջ մտնող երկրներին:

Պատմական սկզբնաղբյուրներից և նյութական մշակույթի հուշարձաններից հայտնի է, որ Հայաստանով անցնող «Մետաքսի ճանապարհի» մայրուղիների վրա հին և միջին դարերում գտնվել և բարգավաճել են Հայոց մայրաքաղաքներն ու խոշոր քաղաքները։ Այս տեսակետից նշանակալից է, որ Հայոց տերության մեջ Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55թթ.) իր քաղաքակրթական գործունեությամբ հսկողություն էր սահմանել «Մետաքսի ճանապարհի» ընդարձակ հատվածի` Հնդկաստանի արևմտյան սահմանից` պարթևական Իրանի վրայով մինչև Միջերկրական ծովի ավազանի երկրները ձգվող մայրուղիների առաջավորասիական համակարգի մեծ մասի վրա` ապահովելով դրա պետական պաշտպանությունը: Այնինչ, ներկայումս միայն Հայաստանի Հանրապետության տարածքն է ներառված կայքէջերում՝ այդ ծրագրի սահմաններում, իսկ Արևմտյան Հայաստանը, Արցախը, Նախիջևանը, Ջավախքը և մյուս հայկական տարածքները, որպես հայկական ժառանգության մաս, անտեսված են «Մետաքսի ճանապարհ» անունը կրող արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, որը խիստ քաղաքականացվելով՝ նույնիսկ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ14։ Թուրքիան մոլուցքով շարունակում է ցեղասպանությամբ զավթված Արևմտյան Հայաստանի և Հայկական Կիլիկիայի բռնազավթումը և ձգտելով այսրկովկասյան տարածաշրջանում իր ներկայությունը հաստատել «Կովկասյան պլատֆորմ»15 գաղափարի միջոցով, պանթուրքիզմի գաղափարախոսությամբ՝ ոտնձգում է նաև «Մետաքսի ճանապարհի» միջազգային ծրագրի հանդեպ, հատկապես արևմտահայկական տարածքների առումով, որոնք թուրք կեղծարարները «ներկայացնում» են որպես «արևելյան Անատոլիա»: Սակայն Անատոլիան իր բոլոր մասերով համապատասխանում է Փոքր Ասիային` Հայկական լեռնաշխարհից արևմուտք:

Եզրակացություններ.

  1. Արցախի անկախության հռչակումը և Արցախյան հաղթանակի արդյունքները կարևոր փուլեր են պատմական և իրավական արդարության վերականգնման գործում:
  2. Հայրենիքի ազատագրությանն իրենց կյանքը պարգևող հերոսներն անմահանում են: Հանուն հայրենի հողի ազատամարտիկների թափած արյան կանչն է` զենքով ազատագրվածը պահել և պահպանել սրբությամբ:
  3. Հայոց պատմագիտական և մշակութային հիմնարար ժառանգությունը հզոր վահան է ազգային արժեքների պաշտպանության և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
  4. Արցախյան հաղթանակի գաղափարական իմաստավորումն ազգային անվտանգության անկյունաքարն է տեղեկատվական պատերազմում, հատկապես ընդդեմ թուրք-ադրբեջանական կեղծարարության:

1 Նժդեհ, Բանտային գրառումներ, Երևան, 1993, էջ 32:

2 Տե՛ս Հ.Մանանդյան, Երկեր, հ. Բ, Երևան, 1978, էջ 182:

3 Ի սկզբանե բանակցային գործընթացը չէր համապատասխանում իրականությանը, որպիսին էր ագրեսոր Ադրբեջանի պարտությամբ և Արցախյան հաղթանակով ավարտված պատերազմը: Ա.Արեշևի կարծիքով, «ղարաբաղյան խնդրում «ճեղքումի» բացակայության» պատճառը հենց համանախագահ երկրների և մյուս շահագրգիռ երկրների միջև լուրջ հակասություններն են»։ Հետազոտողը նաև որպես սխալմունք է դիտարկում «տարածքային ամբողջականություն՝ գումարած փոքրամասնության իրավունքներ» տիպի ձևակերպումները», քանզի դրանք «արմատապես հակասում են վերջին տարիների միջազգային-իրավական պրակտիկային, որին համապատասխան առաջին փուլում լուծվում է տարածքի կարգավիճակի հետ կապված առանցքային հարցը, այնուհետև նախաձեռնվում են քաղաքական բանակցությունները» (Нагорно-Карабахской Республике 20 лет. Составитель и редактор, почетный доктор Арцахского государственного университета, профессор В.А. Захаров, Москва, Центриздат, 2011, с. 46-47).

4 Alakbarli A., Les Monuments d’Azerbaijan d’Ouest, Baku, 2007.

5 Galichian R., The Invention of History, London-Yerevan, 2009, p. 5-6.

6 http://niyazaliyev.wordpress.com/2011/04/26/.

7 http://k4500.com/news/342-vystuplenie-serzha-sargsyana-na-vstreche-s.html

8 Большая Советская Энциклопедия, т. I, М., 1926, с. 641, изд. 2, М., 1949, с. 440.

9 Տե՛ս «Գրական թերթ», 14.VIII.1987: Ա. Մուշեղյանը 1989թ. հիմնարար քննադատության է ենթարկել «ադրբեջանցի» կեղծ «պատմաբաններին» (Мушегян А., Псевдоалбанская литература и ее апологеты, Լրաբեր, 1989, N 8, էջ 16-33):

10 Քաղաքակրթությունների դաշինքի» ստեղծման նախաձեռնողներից էր նաև Իսպանիայի վարչապետը (http://www.unaoc.org/rioforum/): Որոշ փորձագետներ դեմ են ՄԱԿ շրջանակում «Քաղաքակրթությունների դաշինքի» ստեղծմանը (տե՛ս Schaefer B., The U. S. Should Oppose the Proposed U. N. Alliance of Civilizations (“Backgrounder”, 2007, 2009, http://www.heritage.org/Research/Reports/2007/02/The-US-Should-Oppose-the-Proposed-UN-Alliance-of-Civilizations և այլն):

11 Hacobian A.P., Armenia and the War. An Armenian’s Point of View with an appeal to Britain and the Coming Peace Conference with a Preface by the Rt, Hon. Viscount Bryce, London, 1917, ch. III.

12 The Alliance of Civilizations Second Forum Opening Statement. Recep Tayyip Erdoğan, Prime Minister of the Republic of Turkey (April 6, 2009) http://www.unaoc.org/images/erdogan%20forum%20speech%20(4).pdf

13 Rev. Dr. Ch. H. Eaton, “A Word on the Armenian Atrocities and America’s Duty”– The New York Times, November 25, 1895, http://query.nytimes.com/mem/archive-free/pdf?res=F50816FA3A5D15738 DDDAC0A94D9415B8585F0D3

14 Այսպես, 2008թ. հունիսի 10-ին Չիկագոյում տեղի ունեցավ «Նոր Մետաքսի ճանապարհի գործարարական հնարավորությունները» կոնֆերանսը: Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները հնչեցրել են բացարձակապես խեղաթյուրված և կեղծ հայտարարություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասցեին:

15 Այնինչ, սրա հիմքում է դեռևս 1913թ. «Բայազետում» (Դարույնք) կայացած` թուրքական ներկայացուցիչների և «կովկասյան թաթարների» համաթրքական խորհրդակցության որոշումը` «արևելյան և արևմտյան թուրքերի» միավորման մասին (Зареванд, Турция и пантуранизм. Введение Мандельштама А.Н., Париж, 1930, с. 109), ինչպես նաև 1915թ. վերջին Ստամբուլում թուրքական կառավարության և մի խումբ կովկասյան մահմեդականների մշակած «անկախ Կովկաս» ստեղծելու ծրագիրը, որը «զարգացվեց» Ցյուրիխում 1916թ. անգլերեն հրատարակված «Վրաստանը և պատերազմը» գրքում. Թուրքիան բռնազավթելու էր Արևելյան Հայաստանի արևմտյան մասը, Վրաստանը` հյուսիսային, իսկ ամբողջ Կովկասը դառնալու էր Թուրքիայի պրոտեկտորատը (տե՛ս Аветисян Г., К вопросу о “Кавказском доме” и пантюркистских устремлениях, http://poli.vub.ac.be/publi/etni-1/avetisyan.htm)

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ կայացած`
«Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովում
(մայիսի 4-6, Երևան) կարդացված զեկուցման համառոտ տեքստը

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր