• am
  • ru
  • en
Версия для печати
15.01.2009

«ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

   

Սուրեն Մանուկյան

golodomor (medium)2008թ. նոյեմբերի 17-22-ը Ուկրաինայում անցկացվեցին միջոցառումներ` նվիրված հոլոդոմորի 75-ամյակին:

Հոլոդոմոր (սովասպանություն կամ սովասպանդ) են անվանում 1932-1933թթ. ԽՍՀՄ մի շարք շրջաններում տեղի ունեցած զանգվածային սովը, որը շատերը համարում են արհեստականորեն կազմակերպված եւ միջազգային հանրությունից պահանջում ընդունել այն որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն:

Նոյեմբերի 23-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա հայրապետական խոսքում հատուկ նշեց հոլոդոմորի զոհերի հիշատակը:

Հարցի պատմությունը

Խորհրդային գյուղի 1932-1933թթ. սովը անցած դարի պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում սովից զոհվեց տարբեր տվյալներով 4-ից 7,5 մլն մարդ: Ուկրաինայի տարածքում զոհերի թիվը կազմեց մոտ 2,2 մլն:

Խորհրդային Միությունում սա փակ թեմա էր: Օրինակ, 1933թ. արգելվում էր մահվան պատճառ նշել «սովը», այն փոխարինվում էր կամ «հյուծվածություն», կամ էլ «մահվան պատճառն անհայտ է» գրություններով: Սովի մասին տեղեկությունների տարածումը խորհրդային ղեկավարությունը համարում էր «վնասակար գործունեություն» եւ դրա համար խիստ պատժում:

Ի հեճուկս դրա, թեման 30-ականներից միշտ էլ օգտագործվել է Արեւմուտքում` հակախորհրդային հայտարարությունների եւ գործողությունների համար: Ուկրաինայում սովի մասին առաջին հրապարակումները հայտնվեցին նացիստական Գերմանիայում, դրանք հիմնականում նպատակ ունեին վարկաբեկել Խորհրդային Միությունը: Գերմանիան նույնիսկ փորձեց «ԽՍՀՄ-ում սովի» հարցը փոխանցել Ազգերի լիգա, որը, սակայն, որոշում կայացրեց, որ դա քաղաքական հարց է եւ գերմանական հայցը փոխանցեց Կարմիր խաչին:

Զանգվածային սովի թեման ավելի ակտիվ շրջանառության մեջ դրվեց 70-ականների վերջից ԱՄՆ-ում եւ Կանադայում, դրա բացահայտման գործում առաջնային դեր խաղաց այս երկրների ուկրաինական համայնքը: 80-ականների սկզբին մեծ արձագանք ստացան Մեծ սովի 50-ամյակին նվիրված միջոցառումները:

1984թ. պարզ դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է սովի հիմնահարցին միջազգային հնչեղություն տալ: ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը օրինագիծ եւ երկու բանաձեւ մշակեցին 1932-1933թթ. սովի թեմայով: Ստեղծվեց նույնիսկ հատուկ հանձնաժողով` մի շարք կոնգրեսականների մասնակցությամբ եւ Ջեյմս Մեյսի գլխավորությամբ: Հանձնաժողովի հետաքննության եզրակացությունը սպասելի էր` «հոլոդոմորի զոհերը սովահարությամբ միտումնավոր մահվան են հասցվել», սակայն այն չէր բացահայտել ուկրաինացիներին ոչնչացնելու նախապես գոյություն ունեցող ծրագիր: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները բացասաբար ընդունվեցին նաեւ պրոֆեսիոնալ պատմաբանների շրջանում: Մեյսը, օրինակ, բողոքում էր, որ նրա առջեւ փակվեցին բոլոր ակադեմիական հիմնարկների դռները:

Առաջին հուշահամալիրը, որը նվիրված էր «Մոսկվայի խորհրդային վարչակարգի կողմից կազմակերպված սով-գենոցիդին», բացվեց 1983թ. Կանադայում:

ԽՍՀՄ-ում քննարկումներ սկսվեցին վերակառուցման տարիներին, երբ բացվեց արխիվների մի մասը եւ պարզ դարձան տեղի ունեցածի իրական չափերը: 1987թ. դեկտեմբերի 25-ին Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար Վ.Շչերբիցկին առաջին անգամ պաշտոնապես հիշատակեց 1932-1933թթ. սովը Ուկրաինայում: Շեշտվեցին այդ մեծ ողբերգության պատճառները, հավելվեց նաեւ, որ խորհրդային իշխանություններն ամեն ինչ արեցին իրավիճակը փրկելու համար:

1988թ. փետրվարի 18-ին «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթում Ա.Մուսիենկոն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «հոլոդոմոր» բառը` օգտագործելով 1932-1933թթ. սովի մասին ԱՄՆ-ում ուկրաինական համայնքների կողմից հաճախ օգտագործվող «հոլոդամորդ» (սպանություն սովի միջոցով) տերմինը:

90-ականների կեսերից հոլոդոմոր բառը հետզհետե մտավ միջազգային փաստաթղթերի մեջ:

2005 թվականից Ուկրաինայի կառավարությունը հոլոդոմորը ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու քաղաքականություն է վարում: Ամեն տարի նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում անց են կացվում նրա զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ամբողջ աշխարհով մեկ կազմակերպվում են ցուցադրություններ եւ դասախոսություններ: Մի շարք պետություններ (ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Բրազիլիան, Արգենտինան եւ Կանադան) հոլոդոմորը ցեղասպանական գործողություն են ճանաչել:

Ուկրաինայում աշխատում է հատուկ գիտահետազոտական հաստատություն` Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը:

Պատմության գնահատում

1932-1933թթ. ԽՍՀՄ մի շարք շրջաններում սարսափելի սով տարածվեց:

Գիտնականների մի մասը (նրանց մեջ ամենահեղինակավորը ամերիկացի պատմաբան Ռոբերտ Կոնքվեստն է) համոզված է, որ պատճառները եղել են համատարած կոլեկտիվացումը, կուլակաթափությունը, երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջաններ ունեւոր գյուղացիների տեղափոխումը, հացի պահեստավորման միանգամայն անիրագործելի ծրագրերը եւ ուկրաինական բնակավայրերը բանակի միջոցով շրջափակելը, սովյալների ելքն արգելափակելը: Հետեւաբար, ըստ այս տեսակետի, Ուկրաինայի բնակչության զանգվածային մահը հիմնականում խորհրդային ղեկավարության գիտակցված եւ նպատակաուղղված գործողությունների հետեւանք է:

Սրան գումարվում է նաեւ այն գաղտնիությունը, որով պատված էր ուկրաինական ողբերգությունը` ԽՍՀՄ մյուս շրջաններում դրա մասին շատ քչերը գիտեին: Ուկրաինայից ուղարկվող նամակները բռնագրավվում էին գրաքննության կողմից:

30-ականների սովն ուսումնասիրող շվեդական գիտնական Լենարտ Սամուելսոնը կարծում է, որ երկրում միանշանակ կար բերքի պակաս, սակայն դա չէր սովի հիմնական պատճառը: Ստալինը համոզված էր, որ վիճակն օրհասական չէ, եւ գյուղացիներն ուղղակի պահում են հացը: Նույնիսկ երբ պարզ դարձավ աղետի չափը, իրավիճակը կարելի էր փրկել` կանգնեցնելով մի քանի խոշոր շինարարական նախագիծ եւ ընդունելով, որ երկրում սով է: Այս պարագայում ԽՍՀՄ-ը կարող էր օգնություն ստանալ: Պատմաբան Վիկտոր Կոնդրաշովը նշում է, որ 1933թ. ԽՍՀՄ-ը արտահանել է 18 միլիոն ցենտներ հացահատիկ, որով կարելի էր կերակրել մոտ 7 միլիոն մարդ: Բացի այդ, կար նաեւ անձեռնմխելի ֆոնդը` 18,2 միլիոն ցենտներ: Սակայն օգնություն չխնդրեցին, անձեռնմխելի ֆոնդին ձեռք չտվեցին, իսկ արտահանումից չհրաժարվեցին, քանի որ դա կնշանակեր ընդունել սեփական պարտությունը, ընդունել, որ կոլեկտիվացման գործընթացն անհաջողության է մատնվել: Ստալինը դա չէր կարող թույլ տալ:

Այս վարկածն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ: Ժամանակակից ուկրաինական քաղաքական էլիտայի զգալի հատվածը, ինչպես նաեւ ուկրաինական սփյուռքի աջակցությամբ հրատարակված աշխատանքների մեծ մասը Մեծ սովի կազմակերպման նպատակ է համարում ուկրաինական ազգային ինքնության ոչնչացումը` «հանգստացում սովի միջոցով»: Ըստ այդմ, այն տարիներին Ուկրաինայում բավական տարածված էին անկախական տրամադրությունները, եւ ստալինյան գյուղական քաղաքականությանն ամենաուժեղ դիմադրությունը հենց Ուկրաինայում էր, իսկ ուկրաինական գյուղացին ազգային ինքնության ամենագլխավոր կրողն էր: Չափազանցություն կլիներ պնդել, որ Ուկրաինայում հեղափոխություն էր նախապատրաստվում, սակայն Մոսկվայում իրոք որոշակի անհանգստություն կար ոչ ռուսական ազգային ամենամեծ միավորի անհնազանդության վերաբերյալ, եւ ստալինյան վարչակարգը նախահարձակ գործողություններ էր իրականացնում ուկրաինական գյուղի դեմ` այն քողարկելով ուկրաինական հակահեղափոխության դեմ պայքարով: 1932թ. օգոստոսի 11-ին Ստալինը գրում է իր հայտնի նամակը Կագանովիչին. «Ամենակարեւորը հիմա Ուկրաինան է, որտեղ գործերը վատ են ե՛ւ կուսակցական գծով, ե՛ւ խորհրդային… Եթե մենք հիմա չզբաղվենք Ուկրաինայում իրավիճակը շտկելով, ապա Ուկրաինան կարող ենք կորցնել»: Հետեւաբար, ասվում է, որ հոլոդոմորը նախահարձակ պատժիչ գործողություն էր` ուղղված հենց ուկրաինական ազգի դեմ, քանի որ նրա վերածնունդը վտանգ էր ներկայացնում խորհրդային կայսրության միասնությանը եւ գոյությանը: Այս գործողության ընթացքում արհեստականորեն կազմակերպված սովի միջոցով ջախջախիչ հարված էր հասցվել ուկրաինական գյուղացիությանը` ազգի հիմնական մասը ֆիզիկապես ոչնչացնելու եւ, հետեւաբար, դիմադրության ներուժը խարխլելու նպատակով:

Այս տեսակետը միանշանակ չի ընդունում հենց ուկրաինական հասարակությունը: Օրինակ, ուկրաինական կոմունիստների շրջանում, Ղրիմում կամ երկրի արեւելյան հատվածում հոլոդոմորի թեման համարում են հանրային գիտակցության մանիպուլացում, «հարվարդյան հատուկ նախագիծ, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի, իսկ հետո նաեւ Ռուսաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական դիվերսիա իրականացնելու համար»:

2003թ. ՄԱԿ-ում ընդունվեց «ուկրաինական ժողովրդի ողբերգության եւ միլիոնավոր ռուսների, ղազախների ու Պովոլժիեում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում եւ ԽՍՀՄ ուրիշ շրջաններում սովից մահացած այլ ազգությունների ներկայացուցիչների հիշատակի» մասին 36 պետությունների (այդ թվում նաեւ Ռուսաստանի) համատեղ հայտարարությունը:

2008թ. պատրաստված բանաձեւն ավելի կոշտ բնորոշումներ ունի: Նրա սկզբնական տարբերակում կար հոլոդոմորի բնորոշումն իբրեւ ցեղասպանություն, նոր խմբագրման մեջ պահպանվել է միայն հոլոդոմոր անվանումը, սակայն դա ոչ մի բան չի փոխում: Ուկրաինային բավարարում է միջազգային հանրության կողմից գոնե հոլոդոմորի ճանաչումը, իսկ հոլոդոմորի ամբողջական վերծանումը իբրեւ ցեղասպանություն արդեն կա Ուկրաինայի ներքին օրենսդրությունում: Բանաձեւը նախատեսվում էր քննարկման դնել մինչեւ նոյեմբերի 22-ը, սակայն այն հետաձգվեց, քանի որ կասկածներ կային քննարկման բարենպաստ ելքի վերաբերյալ, իսկ դա կարող էր ստվերել 75-ամյակի միջոցառումները:

Ռուսական կարծիք

Հոլոդոմորի ճանաչման ուղղությամբ տարվող հետեւողական եւ շարունակական աշխատանքը դարձավ նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման պատճառ: Թեեւ ուկրաինացիներն ուղղակի չեն մեղադրում ռուսներին ցեղասպանության իրականացման մեջ, սակայն անուղղակի կերպով մատնանշում են Ռուսաստանը` իբրեւ ԽՍՀՄ իրավահաջորդ:

Սա ակնհայտ կերպով նյարդայնացնում է ռուսներին եւ ստիպում նրանց պաշտպանվել ու մշտապես ներքաշվել հոլոդոմորի շուրջ տեղեկատվական պատերազմների մեջ:

«Ուկրաինայում տեղի ունեցած սովի եւ Ռուսաստանում ու ԽՍՀՄ այլ շրջաններում տեղի ունեցած սովի միջեւ ինչ-որ «որակական տարբերությունների» մասին մտորումները, մեր կարծիքով, ուղղակի ցինիկ եւ անբարոյական են»,–գրեց ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը Ուկրաինայի նախագահ Վ.Յուշչենկոյին, բացատրելով, թե ինչու հնարավոր չի համարում իր մասնակցությունն Ուկրաինայում նշվող «հոլոդոմորի» 75-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին:

Ռուսական պատմաբանները եւ նրանց համակարծիք այլազգի գիտնականները Մեծ սովի պատճառ համարում են երաշտը, ցածր բերքատվությունը, սխալ ագրարային քաղաքականությունը, 1920-1930-ականների արմատական տնտեսական բարեփոխումների, մասնավորապես` կոլեկտիվացման իրականացման չնախատեսված հետեւանքները: Նրանք մերժում են սովի կազմակերպված եւ բացառապես ուկրաինացիների դեմ ուղղված լինելը: Սովից մահանում էին ոչ միայն Ուկրաինայում, եւ այդ առումով, չի կարելի խոսել զանգվածային սովի մասին` իբրեւ հենց ուկրաինական ազգի դեմ ձեռնարկված գործողության:

1933թ. սկզբին սննդամատակարարման իրավիճակը չափազանց ծանր էր նույնիսկ Մոսկվայում եւ Լենինգրադում կամ Կարմիր բանակում: Սովյալ էին Արեւմտյան Սիբիրը, Ուրալը, Միջին եւ Ստորին Վոլգան, Կենտրոնական Սեւահողային գոտին: Սով էր նույնիսկ Արեւմտյան Ուկրաինայում, թեեւ այդ տարիներին այն Լեհաստանի մաս էր: Սակայն իրավիճակն Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում եւ Ղազախստանում ամենածանրն էր, որն իր հետ բերեց համաճարակներ եւ զանգվածային սովամահություն:

Ինքնության կառուցում

Շատերը կարծում են, թե հոլոդոմորի հարցը բարձրացվեց ռուս-ուկրաինական հարաբերությունների ծայրաստիճան սրմանը զուգահեռ: Եվ պատմության մութ էջերը եւս մեկ անգամ դարձան այն հարթակը, որտեղ բացահայտվում են խոր պահված եւ գուցե մինչեւ վերջ չգիտակցված ատելության եւ թշնամանքի հիմքերը:

Սակայն, ամենայն հավանականությամբ, այս քաղաքականության հիմքերն այլ են.

1. Ըստ մի շարք տեսակետների, հոլոդոմորը կարող է լինել այն միավորող գաղափարը, որը կհամախմբի մասնատված Ուկրաինան: Ընդ որում, այդ համախմբումը տեղի կունենա ոչ միայն ողբերգության հիմքի վրա, այլ նաեւ հերոսացման, քանի որ մահացածները, ըստ նոր առասպելի, նահատակվել են այն պատճառով, որ ուկրաինացի էին եւ ձգտում էին անկախության: Ֆրանսիական գիտնական Ալան Բեզանսոնը համեմատում է դա հրեական եւ հայկական դեպքերի հետ, երբ ցեղասպանությունը դարձավ ազգային ինքնության, ազգային միասնության կարեւոր առանցք:

2. Սա կարող է լինել նաեւ շատ գործուն միջոց «նոր ուկրաինացի» կերտելու համար: Դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ ձգտող Ուկրաինայի նոր արտաքին քաղաքականությունը չի համընկնում երկրի դեռեւս ռուսամետ բնակչության մեծ մասի ցանկությունների հետ: Այս զգացումները փոխելու համար անհրաժեշտ է ռուսական կերպարի մեջ թշնամու տարրեր ներմուծել: Ռուսները ներկայացվում են իբրեւ մի ազգ, որը սովասպանդ է կազմակերպել: Ըստ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Իլյա Ռոգաչովի, սա կլիներ հզոր հոգեբանական գործոն, որը կարող է համակրանքով Արեւելքին նայող բնակչության մեծ մասին շրջել դեպի Արեւմուտք:

3. Բացի այդ, հոլոդոմորի թեման կարող է համախմբել ամբողջ աշխարհի ուկրաինացիներին: ԱՄՆ-ի, Կանադայի եւ Արգենտինայի ուկրաինական համայնքները, որոնք զգալի քաղաքական եւ ֆինանսական ազդեցություն ունեն, հնարավոր է` սկսեն ներդրումներ անել Ուկրաինայի տնտեսության մեջ:

4. Այս թեման, որպես կանոն, արծարծվում է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ջանքերով, քանի որ այն բորբոքում եւ նյարդայնացնում է Ռուսաստանին, իսկ ջղաձգում եւ արդարացում պահանջող թեմաների գործոնը միշտ մեծ դեր է խաղում անգլոսաքսոնական քաղաքականության մեջ:

Եվ հենց այս պատճառներով է, որ ըստ 30-ականների սովն ուսումնասիրող շվեդական գիտնական Լենարտ Սամուելսոնի` ուկրաինացիներն ընդլայնում են «ցեղասպանություն» հասկացությունը` նրա մեջ ներդնելով այնպիսի բնորոշումներ, որոնք չկան ՄԱԿ կոնվենցիայում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր