• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2008

ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Руский

   

Սուրեն Մանուկյան

исламофобия (original) Անհանդուրժողականությունը եւ այլատյացությունը մարդկության անբաժանելի ուղեկիցներն են նույնիսկ ամենաբարեկեցիկ եւ հաջողակ հասարակություններում: Հաճախ այս երեւույթները դուրս են գալիս առանձին պետության սահմաններից եւ ձեւափոխվելով` դառնում միեւնույն մեխանիզմներով տարածվող եւ նույն ցուցիչներով արտահայտվող համաշխարհային միտումներ: Ժամանակակից աշխարհում նման միտումներից է իսլամաֆոբիան, որն, ինչքան էլ արտառոց թվա, առավելապես ընդգրկել է ազատական Արեւմուտքը:

Հասկացության երկրորդ ծնունդը

Առաջին անգամ «իսլամաֆոբիա» եզրը 1922թ. օգտագործեց արեւելագետ Էթյեն Դինեն իր «Արեւելքը Արեւմուտքի աչքերով» էսսեում` փորձելով նշել իսլամի նկատմամբ այն բացասական վերաբերմունքը, որը գոյություն ուներ Եվրոպայի եւ մահմեդական աշխարհի միջեւ բազմաթիվ հակամարտությունների պատճառով` խաչակրաց արշավանքներից մինչեւ գաղութատիրության դարաշրջան:

Տասնամյակներ մոռացության մատնված այս հասկացությունը 20-րդ դարի վերջում սկսեց ակտիվորեն կիրառվել: Այն քաղաքական բառապաշար մտավ 1997թ.` բրիտանական Runnymede Trust հետազոտական կենտրոնի հրապարակած «Իսլամաֆոբիա. մարտահրավեր բոլորի համար» զեկույցի շնորհիվ, որում իսլամաֆոբիան բնորոշվում է իբրեւ իսլամի նկատմամբ իռացիոնալ, անբացատրելի վախ եւ ատելություն, որը տարածված է հասարակության բոլոր շերտերում: Այն արտահայտվում է հետեւյալ կերպ. իսլամն ընկալվում է ոչ թե իբրեւ Արեւմուտքից տարբեր, այլ նրանից հետամնաց քաղաքակրթություն, իսկ մահմեդական մշակույթը` քարացած, այլ կարծիքների հանդեպ թշնամական, կնատյաց եւ ուրիշ մշակույթների համար սպառնալիք պարունակող երեւույթ:

2004 թվականին կայացավ «Պայքար իսլամաֆոբիայի դեմ» միջազգային կոնֆերանսը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ, իսկ Եվրոպայի խորհուրդը դատապարտեց իսլամաֆոբիան բարձր մակարդակի հանդիպումներից մեկի ժամանակ:

Ավելի լայն իմաստով, «իսլամաֆոբիա» երեւույթը միավորում է իսլամի հանդեպ իրականացված բոլոր այն գործողությունները եւ արտահայտությունները, որոնք մահմեդականների կողմից բացասական են գնահատվում` բռնի գործողություններից մինչեւ մահմեդականների կամ իսլամական ակտիվիստների, ինչպես նաեւ իսլամական հավատքի եւ սոցիալական պրակտիկայի նկատմամբ ցանկացած քննադատություն: Այսպիսով, տերմինն այսօր դուրս է եկել ավանդական շրջանակներից եւ օգտագործվում է իբրեւ «իսլամի նկատմամբ նախապաշարումների» հոմանիշ: Այս երկրորդ` ավելի ընդհանուր բնորոշումը թույլ է տալիս որոշ գիտնականների վիճարկել տերմինի անհրաժեշտությունը, քանի որ այն գրեթե համընկնում է ռասիզմ, հակաիսլամիզմ, հակասեմիտիզմ, քսենոֆոբիա եւ այլ երեւույթների հետ:

Խտրականություն եւ սոցիալական օտարում

Եթե տերմինի անհրաժեշտության հարցը կարող է վիճարկվել, ապա երեւույթի գոյության հարցը միանշանակ է:

Արեւմուտքում ապրող մահմեդականները խտրական վերաբերմունք են զգում, որն արտահայտվում է կյանքի տարբեր բնագավառներում` աշխատանքի եւ ուսման վայրում, կենցաղային հարցերում եւ զանգվածային լրատվական միջոցների հաղորդումներում: Կանխակալ վերաբերմունքը գրեթե հնարավորություն չի տալիս մահմեդականներին ինտեգրվել հասարակության մեջ եւ իրենց զգալ նրա լիիրավ անդամ. սա է այն հիմնական եզրակացությունը, որն արվել է Եվրոպական դիտարկման կենտրոնի կողմից հրապարակված «Մահմեդականները Եվրամիությունում` խտրականություն եւ իսլամաֆոբիա» զեկույցում:

Զեկույցը նշում է խտրականության հստակ թվեր: Օրինակ` Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը պակիստանցների եւ բանգլադեշցիների մոտ 20% է, այն դեպքում, երբ բոլոր ներգաղթողների մոտ` ընդամենը 11%, իսկ ընդհանուր առմամբ երկրում` 6 %, Գերմանիայում թուրքերի գործազրկության թիվը 21% է, իսկ ամբողջ երկրում` 8%: Գործատուներն աշխատանքի ընդունելու պարագայում նախընտրում են հրաժարվել մահմեդական թեկնածուներից: Նույն միտումը դիտվում է կրթական ոլորտում` մահմեդականներին հազվադեպ է հաջողվում ստանալ բարձրագույն կրթություն, եւ սա ազդում է նրանց հետագա սոցիալական կարգավիճակի վրա: Բացի այդ, մահմեդականները, որպես կանոն, ավելի վատ պայմաններում են բնակվում, ավելի վատ թաղամասերում ապրում եւ այդ պատճառով զրկված են, օրինակ, լավ դպրոցներ հաճախելու հնարավորությունից:

Մահմեդականների նկատմամբ բացասական վերաբերմունքը տեղավորվում է նաեւ բոլոր ներգաղթողների եւ փոքրամասնությունների նկատմամբ գոյություն ունեցող բացասական վերաբերմունքի շրջանակներում: Զեկույցում կա մի օրինակ Ռոտերդամում ապրող երիտասարդ մահմեդական կնոջ պատմությունից: «Ե՞րբ եք դուք պատրաստվում վերադառնալ այնտեղ, որտեղից եկել եք հաճախակի տրվող հարցին ես պատասխանում եմ, որ ես տեղ չունեմ գնալու, քանի որ ծնվել եմ այստեղ` Ռոտերդամում: Սա դժվար է լսել, քանի որ այն ստիպում է քեզ օտարերկրացի զգալ: Երբեմն ես ինքս ինձ բռնում եմ այն մտքի մեջ, որ ինքս ինձ արդեն օտարերկրացի եմ համարում»:

Օտարվածության աստիճանը տարեցտարի ավելանում է` կապված տարբեր աղմկահարույց դեպքերի լայն հասարակական քննարկման հետ (օրինակ` անկարգությունները բելգիական եւ ֆրանսիական քաղաքների արվարձաններում, հիջաբ կրելու խնդիրը Ֆրանսիայում, կենդանիների ծիսական սպանության հիմնահարցը Շվեյցարիայում, Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը Դանիայում եւ դրա արձագանքը իսլամական աշխարհում), երբ տեղական քրիստոնյա մեծամասնությունն ընկալում է կատարվածն իբրեւ սպառնալիք իր սեփական ինքնությանը:

Որպես արդյունք` աճում են մահմեդականների դեմ ուղղված քայլերը, ինչպիսիք են, օրինակ, բարբարոսությունները մզկիթների եւ մահմեդական կենտրոնների նկատմամբ, հիջաբ կրող կանանց հասցեին հնչող վիրավորանքները, մզկիթներ կառուցելու արգելքները, լրացուցիչ ստուգումներն օդանավակայաններում եւ այլն:

Իսլամական համայնքի բնական պատասխանն է դառնում ահաբեկչության հետ իսլամի կապի ժխտումը եւ անարդարացի հետապնդման մեջ Արեւմուտքին ներկայացվող հակադարձ մեղադրանքը, որն իր արտահայտությունն է գտնում իսլամաֆոբիայի բանաձեւում:

Հակաիսլամականության նոր ալիքի պատճառները

Իսլամաֆոբիայի աճի ժամանակակից պատճառները հասկանալու համար պետք է առանձնացնել դրա մի քանի հստակ շերտ:

ա/ Օրիենտալիստական

Պատմական հիշողությունը եւ կարծրատիպերը մեծապես ազդում են հասարակական գիտակցության վրա: Հենց օրիենտալիզմն ընդգծեց եվրոպական պետություններին եւ արեւմտյան աշխարհին դեռ միջին դարերից եւ Վերածննդի շրջանից բնորոշ սեփական մշակույթի գերազանցության զգացումը: Այս շրջանից մշակութային եսակենտրոնությամբ տառապող Եվրոպան քամահրանքով է վերաբերվում մյուս մշակույթներին: Շատ հետազոտողների կարծիքով, հենց այս` պատմականորեն ձեւավորված հանրային գիտակցությունն է ընկած իսլամի նկատմամբ եվրոպացիների արհամարհական վերաբերմունքի հիմքում եւ շատ կարեւոր հետեւանքներ ունի:

բ/ Մշակութաբանական

Արեւմուտքում վերջին տասնամյակների ընթացքում հստակ հակաիսլամական դիսկուրս է առաջացել: Այն կապված է առաջին հերթին Արեւմուտքում իսլամական համայնքների առաջացման հետ, որտեղ ընթացող գործընթացները, արմատացած ավանդույթները եւ ամենօրյա գործառույթները վտանգ են ներկայացնում արեւմտյան հասարակությունների մշակութային, լեզվական եւ ազգային միասնությանն ու հաստատված հասարակական կարգին:

Այս զգացումն ավելի է ընդգծվում ԶԼՄ-ի կողմից: Քանի որ իսլամաֆոբիայի դասական ընկալումը կապված է անբացատրելի վախի զգացման հետ, ապա չափազանց կարեւոր է այն կերպարը, որը ստեղծվում է ԶԼՄ-ի միջոցով: Ներկայացվող նյութերը, հաճախ չլինելով ուղղակի հակաիսլամական, այնուամենայնիվ, իրենց սենսացիոն բնույթով որոշակիորեն անվտանգության սպառնալիք են արթնացնում: Այս ամենը խորքային մակարդակում հստակ բացասական կարծիք է ձեւավորում: Նկատվում է նաեւ համաշխարհային եւ տեղական իսլամը խառնելու միտում, երբ գլոբալ իսլամական արմատական գործողությունները մեխանիկորեն տեղափոխվում են տեղական իսլամի վրա: Օրինակ, խոսելով ահաբեկչության երեւույթի մասին` այն հիմնականում բացատրվում է իսլամին բնորոշ ընդհանուր հատկանիշներով, եւ որպես հետեւանք` ցանկացած մահմեդական դառնում է, ասենք, պոտենցիալ ահաբեկիչ:

Հաստատվել է չբարձրաձայնվող տարբերություն «հակամարտածին մշակույթների» եւ «ինտեգրացիոն մշակույթների» միջեւ: Իսլամը առաջին դասին է պատկանում եւ դիտարկվում որպես սպառնալիք արեւմտյան հասարակության, արժեհամակարգի եւ ինքնության համար:

գ/ Անվտանգության

Իսլամաֆոբիայի կարեւորագույն պատճառներից է նաեւ ուղղակի ֆիզիկական ոչնչացման վտանգը: ԱՄՆ-ում, իսկ հետո նաեւ Եվրոպայում (Մադրիդ, Լոնդոն) իրականացված ահաբեկչական գործողություններից հետո առաջացած հակաահաբեկչական տրամադրությունները վերածվեցին նաեւ հակաիսլամական տրամադրությունների: Դրանք վճռական դեր ունեցան իսլամի կերպարի ստեղծման համար, մասնավորապես երբ այդ իրադարձությունները մեկնաբանվեցին իբրեւ աշխարհակարգի երկու տարբեր, հակադիր` արեւմտյան եւ իսլամական մոդելների բախում: ԱՄՆ-ում ստեղծված վախի մթնոլորտը եւ դրան հետեւած հակաիսլամական ելույթների ալիքն այնքան ուժեղ էին, որ դրանց մարման համար անհրաժեշտ եղավ նույնիսկ երկրի առաջին դեմքերի միջամտությունը:

Հատկանշական էին Եվրոպայում իրականացված ահաբեկչական գործողությունները: Ի տարբերություն սեպտեմբերի 11-ի, դրանք իրականացնողներն ունեին տեղական ծագում, իսկ լոնդոնյան դեպքերի հեղինակները բրիտանական քաղաքացիներ էին եւ ծնվել էին հենց Մեծ Բրիտանիայում: Սա առաջացրեց մի նոր իրողություն, որի հետ հասարակությունները չէին կարող հաշվի չնստել: Փաստորեն, սեփական երկրի ներսում հայտնվել էր մի թշնամի, որի հետ պայքարելն անհամեմատ ավելի դժվար էր թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեբանորեն: Այս իրողությունն իր հետ բերեց մահմեդականների նկատմամբ անվստահության մթնոլորտի բնական ավելացում:

Այլ կարծիք

Սակայն իսլամաֆոբիայի երեւույթի նկատմամբ կարծիքները նույնպես միանշանակ չեն: Ոմանց կողմից «իսլամաֆոբիա» տերմինը եւ նույնիսկ այդ երեւույթի գոյությունը չի ընդունվում: Ավելին, իսլամաֆոբիան համարվում է հատուկ նպատակով ստեղծված մի հասկացություն, որն իսլամիստներն օգտագործում են արմատական իսլամականության քողարկման եւ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար:

Օրինակ, այդ կարծիքին է ծայրահեղ աջ գաղափարներով հայտնի ամերիկյան հետազոտող Դենիել Փայփսը: Ըստ նրա` իսլամաֆոբիա տերմինն ի հայտ եկավ Մեծ Բրիտանիայում 10 տարի առաջ, «Իսլամաֆոբիայի դեմ բրիտանական մահմեդականների հանձնաժողովի» շնորհիվ, եւ օգտագործվում է ամեն անգամ, երբ իսլամական կազմակերպությունները քննադատության են ենթարկվում: Նա կարծում է, որ իսլամի հանդեպ վախը ոչ թե իռացիոնալ զգացում է, այլ մահմեդականների որոշակի գործողությունների հետեւանք եւ, բացի այդ, «իսլամաֆոբիա» բառն արհեստականորեն միավորում է երկու տարբեր երեւույթներ` վախ արմատական իսլամի եւ ընդհանրապես իսլամի հանդեպ: Ըստ Փայփսի, երեւույթի տարածվածությունը եւ վտանգը չափազանցված են: Նա հերքում է այն, որ բրիտանական մահմեդականները մշտապես բախվում են խտրականության ոստիկանության կողմից, քանի որ վիճակագրությունը դա չի հաստատում, իսկ սոցիալական խտրականության պարագայում նշում, որ վերջին տարիներին միայն մեկ գիրք է հրատարակվել, որը դիվայնացնում է իսլամը` Լեոն Յուրիսի «Հաջը»: Նա համաձայնում է, որ մահմեդականները երբեմն դառնում են խտրականության զոհ, սակայն չի համարում դրանք իսլամատյացության արդյունք, այլ տեղավորում է ընդհանուր այլատյացության մեջ:

Չարլզ Մուրն իր հերթին առաջարկում է այս տերմինի նոր մեկնաբանում` մահմեդականների կողմից վախի զգացում սեփական կրոնի հանդեպ կամ նրանից, ինչի իսլամը վերածել են արմատականները:

Ըստ Յասմին Բրաունի, իսլամաֆոբիան օգտագործվում է հասարակությանը շանտաժի ենթարկելու եւ յուրաքանչյուրին, ով կհանդգնի քննադատել իսլամադավանների կողմից կատարված ցանկացած քայլ, լռեցնելու համար:

Եվս մեկ ասպեկտ, որը հաճախ անտեսվում է, բայց չափազանց կարեւոր նշանակություն ունի: Եթե դիտարկենք իսլամաֆոբիան իսլամական օրենսդրության տեսակետից, ապա համաձայն Ղուրանի, մահմեդականների հետապնդումները, նույնիսկ այն երկրներում, որտեղ նրանց չի պատկանում քաղաքական իշխանությունը, կարող են բավարար առիթ դառնալ զինված ջիհադի համար, որը տվյալ դեպքում կդիտարկվի օրինական ինքնապաշտպանություն:

Բացի այդ, իսլամաֆոբիայի երեւույթը, որքան էլ դա զարմանալի հնչի, որոշակի օգուտ է բերում նաեւ մահմեդական համայնքներին: Իրական եւ մտացածին ճնշումները թույլ են տալիս համայնք ներգրավել այն մահմեդականներին, որոնք ժամանակին կտրված էին նրանից: Արտաքին վտանգը համախմբում է մահմեդական հանրությանն արեւմտյան հասարակություններում: Բացի այդ, առաջանում են կազմակերպություններ, որոնք իսլամաֆոբիայի դեմ պայքարելու պատրվակով, հնարավորություն են ստանում խոսել ամբողջ մահմեդական համայնքի անունից եւ արժանանում են ընդունող հասարակությունների իշխանությունների ուշադրությանը (օրինակ, ԱՄՆ-ում CAIR-ը` ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր