• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2008

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ

   

Սուրեն Մանուկյան

Գլոբալացումն իբրեւ ամերիկանացում

Որպես շարժում դեպի միասնական համաշխարհային շուկա, միասնական խաղի կանոններ եւ, ի վերջո, վարքի ու բարոյականության միասնական նորմեր` գլոբալացումը բնական գործընթաց է: Մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում այս կամ այն կերպ փորձել է իրականություն դարձնել համընդհանրացման իդեալը:

Այսօր, սակայն, այս շարժումը հայտնվել է մի հանգրվանում, երբ այն հստակ զուգակցվում է մեկ այլ երեւույթի` ամերիկանացման հետ: Գլոբալացման առաջամարտիկներն այն ամբողջովին վերաձեւել են սեփական շահերին համապատասխան` հաշվի չառնելով այլ, ավելի թույլ դերակատարների եւ պետությունների կամքն ու ճակատագիրը: Վերազգային կորպորացիաները սերտորեն կապված են ԱՄՆ բանկային կապիտալի հետ: Խաղի կանոնները նույնպես հաստատվել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հիման վրա, ըստ որի, օրինակ, ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն վարկերի տրամադրումը կապում են որոշ, հենց ԱՄՆ շահերին համապատասխանող պայմանների հետ: Այս քաղաքականությունն անցած տասնամյակում ուղղակի փլուզեց շատ պետությունների տնտեսություններ:

Տնտեսական նվաճմանը զուգահեռ` ընթանում է նաեւ մշակութային էքսպանսիան. տարածելով ցածրորակ, բայց շատ գունեղ ու գրավիչ պատկերներ` կատարվում է ճաշակի եւ գեղեցիկի ընկալման պարզունակացում: Եվ այս ամենն ուղեկցվում է նեոլիբերալ գաղափարախոսության` իբրեւ միակ ընդունելի եւ ճշմարիտ արժեհամակարգային միավորի, տարածմամբ:

Նմանօրինակ գլոբալացումը, բնականաբար, չի կարող չառաջացնել հակազդեցություն:

Այն ինստիտուցիոնալացվում է երկու ուղղության մեջ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել հակագլոբալիստական եւ ալտերգլոբալիստական նախագծեր, եւ որոնք այսօր ընթանում են զուգահեռ:

Պարտիզանական դիմադրություն. հակագլոբալիստներ

1994թ. Մեխիկոյի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ, բանաստեղծ, էսսեիստ եւ ծրագրավորող Մարկոսը, գլխավորելով հնդկացիների պարտիզանական շարժումը` սապատիստական ազատագրական բանակը, եւ անարյուն հեղաշրջում իրականացնելով, վերցրեց իշխանությունը մեքսիկական Չիապոս նահանգում:

Ապստամբության պատճառները (պայմանավորված հնդկացիների էթնիկ գիտակցության վերածնունդով) նաեւ սոցիալական էին. 1994թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին պայմանագիրը (ՆԱՖՏԱ), որի պատճառով Մեքսիկայի բանվորները միանգամից կորցրին աշխատավարձի 26%-ը: Մարկոսը դարձավ Արեւմուտքի ձախ ծայրահեղական երիտասարդության կուռքը` ժամանակակից Չե Գեւարան: Մարկոսի փիլիսոփայական հայացքները, որոնցում միահյուսվում են մայա հնդկացիների առասպելական մոտիվները, համաշխարհային կապիտալիզմի քննադատությունը, Երրորդ աշխարհի ժողովուրդների եւ, մասնավորապես, հնդկացիների իրավունքների պաշտպանության ձգտումներն ու հեղափոխության կոչերը, յուրահատուկ հրովարտակներ դարձան ժամանակակից գլոբալացման հակառակորդների համար: Նա մահվան էր դատապարտում Վերազգային կորպորացիաների աշխարհը` գուշակելով նոր համաշխարհային պատերազմ, որի բարիկադներն անցնելու են ոտքի ելած ազգաբնակչության եւ վերազգային բուրժուազիայի միջեւ սահմաններով:

Սապատիստական բանակը հաջողությամբ դիմակայեց Մեքսիկայի իշխանությունների հարձակումներին եւ պահպանեց մայաների ինքնավարությունը: 2001թ. Մարկոսն անձամբ գլխավորեց «խաղաղ երթը դեպի Մեխիկո», որին միացան բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում ռեժիսոր Օլիվեր Սթոունը, Նոբելյան մրցանակակիր Խոսե Սամարանգոն, «Մոնդ Դիպլոմատիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգնասիո Ռամոնեն, Ֆրանսիայի առաջատար ձախ տեսաբան Ռեժի Դեբրեն, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ եւ այլք: Մեխիկոյում նա երեք հարյուր հազարանոց հանրահավաք կազմակերպեց եւ հայտարարեց, որ շարունակելու է պայքարը համաշխարհային կապիտալիզմի դեմ:

Մարկոսը եւ իր «սապատիստների» բանակը դարձան խորհրդանիշ, մասնավորապես, հակագլոբալիստների համար, որոնց շարժումն այսօր հենց այդպես էլ իրեն ընկալում է` իբրեւ յուրատեսակ համաշխարհային պարտիզանական բանակ:

Հակագլոբալիստները, միանշանակ մերժելով գլոբալացման ցանկացած ձեւ, նույնիսկ սեփական նոր ինքնություն են ձեւավորում. «մենք նոր առաջացող ազգ ենք, մենք սփռված ենք բոլոր օկուպացված տարածքներում եւ պետք է նախ իմանանք միմյանց մասին, իսկ հետո պարտիզանական դիմադրությունը համընդհանուր դարձնենք»: Փաստորեն, «դիմադրությունը» հենց այդ «նոր ազգին» պատկանելու նշանաբանը եւ գաղտնագիրն է:

Հակագլոբալիստական ազդեցիկ շարժումներից կարելի է նշել անարխիստական «Սեւ դաշինքը», որը «մասնագիտանում» է թանկարժեք խանութների եւ գրասենյակների ավերումների ու ոստիկանության հետ բախումների մեջ, իտալական «Ya Basta» կազմակերպությունը, որը հանդես է գալիս սապատիստների շարժման օժանդակության դիրքերից եւ նեոլիբերալիզմի դեմ, ինչպես նաեւ քաղաքական նկատառումներով գործող «Հակտիվիստ» հակերների միավորումը:

Երբ հակագլոբալիստները խոսում են համաշխարհայի հեղափոխության նախապատրաստության մասին, նրանք նկատի ունեն դրա բովանդակության, ձեւի եւ մեթոդի նախապատրաստումը եւ ոչ թե այդ հեղափոխության տեղն ու ժամանակը: Ընթանում են ամենօրյա աշխատանք, իրավիճակային գործողություններ, երբ փոքր խմբերն իրենց համար իբրեւ թիրախ ընտրելով վերազգային որեւէ կորպորացիա` փորձում են վարկաբեկել նրան եւ բացահայտել նրա բացասական էությունը` հակագովազդի, ցույցերի, ֆլեշ-մոբերի, մամուլում հրապարակումների միջոցով: Այս կետային հարվածները միտված են խարխլելու ամբողջ համակարգը:

Բազմաթիվ գործողություններ, որոնք իրականացնում են հակագլոբալիստները, հիմնականում համակարգվում են ինտերնետի միջոցով, որը թույլ է տալիս պահել հորիզոնական կապերը եւ անմիջականորեն փոքր շղթաներից կազմել խմբեր` խուսափելով դժվարաշարժ եւ ծախսատար հիերարխիկ կառուցվածքներից:

Ալտերգլոբալիստներ

Եթե հակագլոբալիստներն ընդհանրապես բացառում են գլոբալացումը որպես երեւույթ, ապա մեկ այլ հոսանք առաջարկում է գլոբալացման սեփական ընկալումը, այլընտրանքը:

Թեեւ հաճախ նրանց եւս համարում են «հակագլոբալիստներ», սակայն շարժման մասնակիցները չեն ցանկանում եւ նույնիսկ արգելում են օգտագործել այդ եզրը: Այս հոսանքը որպես ինքնանվանում ընտրել է «նոր հակակորպորատիվ շարժում», «նոր հակակապիտալիստական շարժում» կամ «շարժում հանուն գլոբալ ժողովրդավարացման» անունները:

Այլընտրանքային գլոբալացում առաջարկելով` այն ստեղծում է սեփական համաշխարհային կառույցներ` հրավիրելով Համաշխարհային սոցիալական ֆորումներ, որոնք պետք է լինեն Միջազգային տնտեսական համաժողովի` Դավոսի այլընտրանքային տարբերակը: 2000-ից գործում է ալտերգլոբալիստների ընդհանուր տեղեկատվական ցանցը` IndyMedia-ն:

Այս շարժման հիմնական նպատակն է պայքարը գլոբալացման արատավոր ժամանակակից մոդելի դեմ, որը ձեւավորվել է համաշխարհային կապիտալի ազդեցությամբ եւ իր հետ բերում է զարգացած «ոսկե միլիարդի» եւ զարգացող «երրորդ աշխարհի» պետությունների միջեւ եկամուտների, կենսամակարդակի, առողջության, կրթության մակարդակների գնալով ավելացող խզում, վերազգային կորպորացիաներում ցածր որակավորման աշխատողների պայմանների անընդունելի մակարդակ, զանգվածային փոփ-մշակույթի գերիշխանություն, ազատ ստեղծագործության ճնշում եւ «ուղեղների ստանդարտացում», բնության նկատմամբ սպառողական եւ գիշատչային վերաբերմունք, նեոլիբերալիզմի գաղափարախոսության գերիշխանություն ամբողջ աշխարհում:

Ալտերգլոբալիստական շարժումը միատարր չէ: Դրանք հազարավոր կազմակերպություններ են, հիմնականում երիտասարդական եւ ձախ ուղղվածության շարժումներ, որոնցից ամենանշանավորը, թերեւս, «ԱՏՏԱԿ»-ն է:

1998թ. հունիսին մի քանի ֆրանսիական հրատարակչություններ, հասարակական կազմակերպություններ եւ արհմիություններ ստեղծեցին ընկերակցություն` քաղաքացիների օգտին ֆինանսական գործարքների հարկման հարցերում (ATTAC–Association for the Taxation of Financial Transactions for the Aid of Citizens), որն ունի 30 000 անդամ եւ մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: ԱՏՏԱԿ-ի հիմնական պահանջներից է «Տոբինի հարկի» սահմանումը, որով ֆինանսական գործարքների հարկման 0.1%-ը ուղղվելու է աղքատության դեմ պայքարի եւ երրորդ աշխարհի տնտեսության վերականգնմանը: ԱՏՏԱԿ-ը նաեւ վճռական է երրորդ աշխարհի պարտքերի ներման պահանջի հարցում: Կազմակերպության առաջնորդներից է ֆրանսիացի ֆերմեր Ժոզե Բովեն, որը հաճախ համարվում է այս շարժման խորհրդանիշը եւ հայտնի է դարձել սեփական տրակտորով Փարիզի արվարձաններից մեկում «Մակդոնալդսը» քանդելուց հետո: Կազմակերպության մյուս դեմքը Սյուզեն Ջորջն է, որն իր «Լուգանոյի զեկույցը» վեպում կանխագուշակել է կապիտալիստական մոնոպոլիաների կողմից Երկրի նվաճումը եւ ամբողջ երկրների ու ժողովուրդների ցեղասպանությունները:

Մեկ այլ ազդեցիկ ուժ է «Մարդկանց համաշխարհային գործողությունը», որը քննադատության է ենթարկում բոլոր տիպի կորպորացիաները եւ նրանց գործունեությունը, անցկացնում բողոքի ակցիաներ` ինչպես մեգապոլիսների փողոցներում, այնպես էլ գյուղական վայրերում: Նրա գործողություններից տպավորիչ են ֆերմերների բողոքի շարժումները Եվրոպայում եւ կոմունալ գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների ելույթները Լատինական Ամերիկայում ու Ասիայում:

Կազմակերպությունների մի մասը բացառում է բռնի գործողությունները` իր բողոքն արտահայտելով խաղաղ հանրահավաքների, ցույցերի եւ համերգների միջոցով: Այս չափավոր ուղղությունը նաեւ գնում է իշխանությունների հետ շփումների եւ բանակցությունների, երբ դա բխում է իրավիճակից: Մյուս մասն ավելի արմատական մեթոդների կողմնակից է` սկսած «Մակդոնալդս»-ների ապակիները կոտրելուց, մինչեւ իսկ Մեծ ութնյակի հանդիպումների վայրերում բախումներ կազմակերպելը (Սիեթլ, Քվեբեկ, Ջենովա), որոնք ուղեկցվում էին մեքենաներ այրելով եւ ոստիկանության վրա «Մոլոտովի կոկտեյլ» կիրառելով:

Մարգինալ հոսա՞նք, թե՞ գլոբալ նոր ուժ

Այլընտրանքային գլոբալիստները եւ հակագլոբալիստները երկար ժամանակ դիտվում էին իբրեւ մարգինալ հոսանքներ, որոնց նպատակն ընդամենը աղմուկն է եւ մանր, ժամանակավոր, տեղային խնդիրների լուծումը:

Հակագլոբալիստները եւ ալտերգլոբալիստներն արդեն հասել են կարեւոր արդյունքների: Նրանք կոտրել են արեւմտյան ԶԼՄ-ով քարոզվող այն առասպելը, թե մարդկությունը մտնում է հումանիզմի, առաջադիմության եւ համերաշխության դարաշրջան:

Սակայն վերջին զարգացումները հնարավորություն են տալիս նրանց ավելի մեծ դերակատարում ունենալ միջազգային քաղաքականությունում: Գների կտրուկ եւ շարունակական աճն Էներգակիրների ու սննդամթերքի շուկաներում, դրանց դեմ աշխարհի տարբեր մասերում բռնկվող ընդվզումները ցույց են տալիս, որ ժամանակակից տնտեսական համակարգը հեռու է իդեալական լինելուց: Դա գլոբալիստներին եւ հակագլոբալիստներին տալիս է հնարավորություն` գլխավորելու գլոբալ սոցիալական ցնցումները:

Դրա համար կան լուրջ հիմքեր եւ ներուժ.

1. Հակագլոբալիստների եւ ալտերգլոբալիստների պայքարի կարեւոր նախադրյալներից է համարվում անընդունելի համակարգի ապակայունացումը, որը նրանց պայքարի նշանակետն է, իսկ ժամանակակից համաշխարհային զարգացումները հենց դրան էլ տանում են:

2. Երկու հոսանքներն էլ ունեն խարիզմատիկ առաջնորդներ եւ պարզ, ընկալելի ու գրավիչ գաղափարախոսություն, որը համակրանքով է ընդունվում հասարակական գրեթե բոլոր շերտերի կողմից` միջին խավի, ինտելեկտուալների, արվեստի գործիչների, բանվորների, գյուղացիների, կրոնական վերնախավի ներկայացուցիչների, երիտասարդության եւ այլն:

3. Կառուցվածքային առումով երկու հոսանքներն էլ լավ կազմակերպված են եւ համակարգված: Ունեն կապեր եւ հստակեցված, աշխատող փոխգործակցության ու փոխօգնության համակարգ: Նրանք երբեմն նույնիսկ միավորվում են եւ համատեղում ջանքերը մարտավարական խնդիրների շուրջ:

4. Ունեն նվիրյալների բանակ, որոնք պատրաստ են ցանկացած գործողությունների` առաջնորդների հրահանգի դեպքում:

5. Այս շարժումները կարող են ապավինել նաեւ շատ պետությունների օժանդակությանը: Դրանք այսօր, փաստորեն, ազգային պետության գաղափարի պաշտպանն են` գլոբալացվող եւ պետական սուվերենությունը «լղոզող» աշխարհում: Ավելին, շատ պետություններ, որոնց «դուր չի գալիս» ամերիկանացման ժամանակակից միտումը, կարող են օգտագործել այս հոսանքները` գոյություն ունեցող աշխարհակարգը սասանելու եւ ի վերջո փոխելու համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր