• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2026

ՌՈՒՍՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ․ Հարությունյան

   

«Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

– Բիշքեկում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ի՞նչը կկարեւորեք այդ հանդիպումից։

– Հանդիպման ընթացքում կարեւորվեց այն, որ Պուտինն առաջին տեղում դրեց Հայաստանը, հետո նոր Փաշինյանին: Ամեն դեպքում, մենք երկու պետություններով հին կապեր ունենք:

– Վ․ Պուտինը, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացան այն ժամանակ, երբ Փաշինյանը ստորագրեց եւ համարեց, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Անկեղծ ասած, ես այդքան էլ կողմնակից չեմ, երբ ասում են, որ միայն Փաշինյանն է մեղավոր: Փաշինյանը միայնակ ոչինչ չի անում: Նա հստակ կարգավիճակ ունի իր արեւմտյան տերերի մոտ: Այնպես որ, ամեն ինչ շատ բնական է եւ Փաշինյանի հիմնական միտքը հակառուսական է, որը նաեւ նշանակում է հակահայկական, քանի որ, ցավոք, առանց Ռուսաստանի՝ Հայաստան գոյություն չունի։

– Ի դեպ, հանրաքվեի մասով, ՌԴ նախագահը եւս մեկ անգամ կարեւորեց այն, սակայն Փաշինյանը հակադարձեց, որ դրա կարեւորությունը չի տեսնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Կարող եմ ասել, որ անգամ Փաշինյանը եւ նրա այդ ամբողջ ոհմակը, ովքեր կարողացան ընտրությունները կեղծել, այս առումով վստահություն չունեն, որ կհաջողվի ստանալ իրեն անհրաժեշտ, այսինքն՝ իրենց տերերին անհրաժեշտ արդյունքները: Նրա տերերը խորհուրդ չեն տալիս, որ Փաշինյանը հանրաքվե անցկացնի, եւ ավելին՝ այդ տերերին անգամ ինչ-որ տեղ ձեռնտու է, որ նա կիսատ՝ այս կողմ, այն կողմ, վարքագիծ ունի: Եվ նույնիսկ նրանք են դա հուշում իրեն, որպեսզի լրիվ չհակադրվի Ռուսաստանին ու, միևնույն ժամանակ, ինչ որ պետք է անի։

– Պարոն Հարությունյան, տերեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

– Գիտեք ինչ, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություն»-ների սցենարները սարքել եւ կազմակերպել են ամերիկյան կենտրոններում: Մոտ 35 կենտրոն աշխատում է այսպես ասած՝ քաոսի կոնցեպցիայի վրա, որը կոչվում է «գունավոր հեղափոխություններ», որոնք հեղափոխություններ չեն: Դրանք, ուղղակի, իշխանության զավթումներ են, եւ այդ «գունավոր» բառը մտցրել են, որպեսզի մի քիչ ավելի գեղեցիկ հնչի։ Այնպես որ, հիմնական տերերը դրանք անգլոսաքսերն են, եւ չեմ բացառում, որ նաեւ իսրայելական մասնագետներ լինեն։

– Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքներից ի՞նչ սպասել․ հայ-ռուսական հարաբերություններն ավելի կվատանա՞ն, թե հակառակը՝ գուցե կայունանան:

–Չեմ կարծում, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կկայունանան, որովհետեւ դատելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումներից՝ հասկանում ենք, որ ռուսները, բարեբախտաբար, բավական վճռական են տրամադրված Փաշինյանի դեմ։

Նանա Սարգսյան
iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր