• am
  • ru
  • en
Версия для печати
24.10.2014

ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)

   

Թամարա Վարդանյան-Այվազյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.

Ներածություն

Սույն աշխատությունը հակիրճ անդրադարձ է Թիֆլիսի և մերձակա բնակավայրերի հայության հարուստ պատմությանը, վեր են հանված բազմաթիվ պատմա-ազգաբանական և քաղաքագիտական նշանակություն ունեցող հարցեր. ներկայացված են հայահոծ բնակավայրերի ձևավորման գործընթացը, ժողովրդագրական պատկերը, հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։

Հայությունն ավանդաբար մեծ թիվ է կազմել թե՛ Վրաստանի մայրաքաղաքում և թե՛ գավառներում՝ ավաններում, գյուղերում, որոնց թվում կան ոչ միայն բազմաթիվ հայաշատ, այլև «մաքուր» հայկական բնակավայրեր։ Հայտնի է հայության հսկայածավալ ներդրումը Թիֆլիսի կառուցապատման, գեղեցկացման ու հզորացման գործում։ Հայտնի է նաև հայազգի անվանի գործիչների՝ Վրաստանում ունեցած բարձր հեղինակության, քաղաքային կառավարմանն ու բարեկարգմանն ուղղված նրանց անասելի ջանքերի և առհասարակ երկրի ներքին կյանքին վիրահայության ակտիվ մասնակցության մասին։ Իրավամբ, հայությունը Վրաստանում պետականաստեղծ ազգ է։

Աշխատության շրջանակներում առանձնակի ուշադրության է արժանացել XIX-XXդդ. պատմությունը, երբ քաղաքական-տնտեսական հասարակարգերի փոփոխությունն ու ազգային նախագծերի ակտիվացումը լուրջ խթան հանդիսացան նաև հայ-վրացական հարաբերությունների վերաձևավորման համար։ Մայր հայրենիքից դուրս բնակվող հայության ճակատագրի պարզ ամփոփումը դարձան տեղի հայության 1918-1920թթ. ապրած արհավիրքները, որոնք իրենց տրամաբանական շարունակությունն ունեցան թե՛ խորհրդային, թե՛ հատկապես հետխորհրդային տարիներին։ Իհարկե, խորհրդային շրջանում «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության» կարգախոսի ներքո վրաց հասարակությունը որոշակի հանդուրժողականություն էր ցուցաբերում այլազգիների, այդ թվում՝ հայերի նկատմամբ, ինչն, անշուշտ, հնարավորություն տվեց հատկապես թիֆլիսահայությանը զարկ տալու կրթամշակութային կյանքի զարգացմանը։ Սակայն խորհրդային կարգերի ընդերքում նիրհող և արտաքնապես քողարկված վրացական ազգայնականությունն ու ազգային պետության ստեղծման նախագիծը շարունակում էին գործարկվել նաև այդ փուլում։ Տեղի հայությունը, թեև չէր ենթարկվում ակնհայտ հալածանքների, այնուամենայնիվ, հայկական ազգանունների դեմ արշավն ու դրանց փոխակերպումը վրացականի գագաթնակետին հասավ «զարգացած սոցիալիզմի» շրջանում։

Հետխորհրդային ճգնաժամային տարիներն իրենց հետ բերեցին հայապահպանության տեսակետից նոր խնդիրներ ու մարտահրավերներ. հայությանը հետապնդում էր ոչ միայն ձուլման վտանգը, այլև արտագաղթի հեռանկարը, որը հազարավոր հայերի համար միակ ելքն էր։ Արդյունքում՝ XXդ. վերջերին և XXIդ. սկզբին զգալիորեն նվազեց ոչ միայն բուն մայրաքաղաքի հայության թիվն ու կտրուկ անկում ապրեց նրանց հասարակական-քաղաքական կշիռը, այլև աստիճանաբար մարեցին երբեմնի հայկական և հայաշատ մի շարք գյուղեր ու ավաններ։ Հիմնականում դաշտային հետազոտությունների մեթոդաբանությամբ իրականացված հետխորհրդային շրջանի զարգացումների ուսումնասիրությունը՝ տեղի հայությանն ուղղված մարտահրավերների լուսաբանումն ու դրանց հաղթահարման մեխանիզմների քննումն, անկասկած, ունեն նաև կիրառական քաղաքագիտական նշանակություն։

ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ) (2.76 MB)


«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8-9, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր