• am
  • ru
  • en
Версия для печати
11.04.2011

ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Թամարա Վարդանյան

Թ.Վարդանյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ներկայիս Վրաստանի իշխանությունների՝ պետական համակարգի կայացմանն ուղղված ջանքերը հետզհետե ձևավորում են նոր իրողություններ երեք մակարդակներում. տարածաշրջանային, բուն երկրի՝ Վրաստանի ազգային պետության կայացման առումով, և ամենակարևորը՝ վիրահայության գոյատևման ու զարգացման հեռանկարների տեսակետից։

Սկսած XXդ. սկզբից՝ բազմազգ Վրաստանը որդեգրել էր ազգային պետության ստեղծման նախագիծ1։ Այդ նախագծի հաջողության պարագայում ենթադրվում է Վրաստանի կառավարումը էթնիկ վրացիների կողմից և էթնիկ փոքրամասնությունների վերջնական դուրսմղումը երկրի պետական կառավարման համակարգից։ Նշված քաղաքականությունն ակնհայտորեն հակասում է երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների շահերին, իրավունքներին և ժողովրդավարության սկզբունքներին։ Ազգային պետության ստեղծման տեսլականը որդեգրվել է նաև ներկայիս Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու կողմից, որին նույնպես հաջողվում է այն հետևողակորեն իրականացնել։

Մ.Սահակաշվիլու «փափուկ» ներքին քաղաքականությունը (soft power) աստիճանաբար հանգեցնում է այն իրողության, որ գրված ու «չգրված» օրենքներով սահմանափակվում են էթնիկ փոքրամասնությունների ոչ միայն իրավունքները, այլև հավակնությունները։ Դեռ խորհրդային տարիներից սկսած՝ Վրաստանում բնակվող հայերը քաջատեղյակ էին, որ կառավարման սանդղակով բարձրանալու միակ ճանապարհը վրացական ազգանուններն են ու աստիճանական վրացացումը։ Այսօր այդ ամենին գումարվել են նոր մարտահրավերներ. Թբիլիսիում փակվում են հայկական դպրոցները, Ջավախքում կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը, մինչև այսօր Վիրահայոց թեմը չի ստացել պաշտոնական կարգավիճակ, չեն վերադարձվել հայկական եկեղեցիները և բազում այլ խնդիրներ։

Մյուս կողմից էլ Մ.Սահակաշվիլու օրոք իրականացվեցին ներքին կյանքի որոշ բարեփոխումներ. մոդեռնիզացվեց ճանապարհային ոստիկանական համակարգը, զգալիորեն սահմանափակվեց կոռուպցիան, բարելավվեց ներդրումային դաշտը և այլն, որոնց արդյունքում ներկայումս երկրում ձևավորվել է նոր մթնոլորտ։ Այս նոր իրողություններն անհրաժեշտ է դիտարկել տեղի հայության շահերի տեսանկյունից։

Տնտեսական կյանքը

2006թ. մեր անցկացրած դաշտային հետազոտությունների ամփոփիչ մասում նշել էինք հետևյալը. «Վրաստանում անկախության տարիներին ձևավորված օլիգարխների շրջանում ազգությամբ հայի գրեթե չենք հանդիպի. եթե կան, ապա տեղի հայությանը (անգամ ակտիվ հատվածին) նրանք ծանոթ չեն»2։ Այսպես. եթե կապիտալիստական հարաբերությունների զարգացման շրջանում՝ XIX դարի վերջին – XX-ի սկզբին Թիֆլիսն առավելապես հայկական քաղաք էր՝ հայ բնակչությամբ, հայերի բարձր սոցիալական դիրքով և հզոր հայկական կապիտալով, ապա շուկայական հարաբերությունների զարգացման նորագույն փուլում՝ XXդ. վերջին - XXI դարի սկզբին, ստեղծվեց բոլորովին այլ իրողություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանի մայրաքաղաքում հայկական կապիտալ չձևավորվեց, իսկ թիֆլիսահայ ակտիվ ու ֆինանսական ներուժ ունեցող հատվածը երկրից զանգվածաբար արտագաղթեց։

Այնուամենայնիվ, վերջին 2-3 տարիներին նկատելի են որոշ միտումներ, որոնք անհրաժեշտություն են առաջացնում վերանայել նախկինում արձանագրված որոշ իրողություններ։

Այսօր Վրաստանում ֆինանսական ներդրումային դաշտը բավականաչափ բարեկարգվել է և օտարերկրյա (այդ թվում՝ հայաստանյան) ներդրողների համար դարձել զգալիորեն հրապուրիչ (խոսքը հիմնականում մանր ու միջին ձեռներեցության մասին է)։ Այդ բարեփոխումների շնորհիվ հայ գործարարների մի որոշ հատված իր կապիտալը Հայաստանից տեղափոխում է Վրաստան: Այսպես՝ միայն 2010թ. պաշտոնական տվյալների համաձայն, 103 հայկական ընկերություն վերագրանցվել է Վրաստանում, իսկ ոչ պաշտոնական աղբյուրները նշում են վերջին երկու տարիներին մինչև 4 հազար հայկական ընկերության՝ Վրաստանում վերագրանցման մասին3։ Սրա արդյունքում Վրաստանում աստիճանաբար սկսում է ձևավորվել հայկական կապիտալ։ Դրա իրեղեն ու վառ ապացույցն այն է, որ բոլորովին վերջերս հիմնադրվել է Վրաստանում հայ գործարարների միություն։

Եթե հաշվի առնենք պատմական փորձն ու անդրադառնանք 19-րդ դարի վերջին Անդրկովկասում տեղ գտած նմանատիպ զարգացումներին, ապա կարելի է նաև որոշ կանխատեսումներ անել։ Այդ շրջանում նույնպես հայ գործարար և կարող ուժերն առավելապես հակված էին հաստատվել ոչ թե Երևանում, Ալեքսանդրապոլում կամ Էջմիածնում, այլ Թիֆլիսում, որը փոխարքայության կենտրոնն էր և ավելի աշխույժ տնտեսական ու մշակութային եռուզեռի մեջ էր գտնվում։ Հայկական կապիտալի ուժեղացումը XXդ. Թիֆլիսում հանգեցրեց թե՛ թիֆլիսահայության հասարակական կյանքի աշխուժացմանը, թե՛ հայության ընդհանուր մշակութային ու քաղաքական կյանքի վերելքին։ Մյուս կողմից էլ այդ զարգացումները Թիֆլիսը դարձրին ծաղկուն, հրապուրիչ մի վայր՝ համայն Անդրկովկասի լիիրավ մայրաքաղաք։

Մյուս կողմից՝ Հայության հզորացումը Վրաստանի մայրաքաղաքում լուրջ դժգոհություններ առաջացրեց վրացիների, հատկապես ազգայնական մտավորականության շրջանում արդեն XIXդ. վերջերին ու հատկապես XXդ. սկզբներին։ Այդ տարիներին, օրինակ, «Իվերիա» թերթը հայերին նվիրված մի հոդվածում գրում է. «Ի՞նչ առումով է Թիֆլիսը հայկական քաղաք. աշխարհագրական դիրքո՞վ, տարածքային օրենքո՞վ, թե՞ այլ պետական կամ միջազգային իրավունքով։ Որտե՞ղ են հայերը կամ Հայաստանը, իսկ որտե՞ղ Թիֆլիսը։ Որտեղի՞ց մինչև ո՞ւր են հասնում նրանց ձեռքերը։ Արդյո՞ք իրենց են պատկանում գնված տները, թե՞ ոչ. դա դեռ կպարզվի։ Բայց Թիֆլիսը գտնվում է Վրաստանի տարածքում... Այստեղ հայը չի համարձակվի ձայն հանել… այստեղ հայերին ոչինչ չի պատկանում»4 (ընդգծումը մերն է –Թ.Վ.

Եթե զարգացումները դիտարկենք Հայության շահերի տեսանկյունից, ապա այն շատ դիպուկ է ձևակերպված Վրաստանում Հայաստանի Առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանի կողմից։ Նա գրում է. «Նոր տիրողների կամքով Վրաստանը Անդրկովկասի վարչական, առևտրական և քաղաքակրթական կենտրոնը դառնալով՝ դեպի իրեն է քաշել բազմաթիվ ռուսների և օտարազգիների հետ նաև որոշ քանակությամբ հայեր։ Մենք գիտենք, որ Հայաստանը սրանից շատ է տուժել՝ զրկվելով աշխատող ձեռքերից և ուշիմ, շինարար տարրից (ընդգծումը մերն է –Թ.Վ.Բայց թե դա Վրաստանի համար ինչ անպատեհություն է ունեցել – չգիտենք, քանի որ հայերը Վրաստանում երբեք ուրույն ազգային կամ քաղաքական շահեր չհետապնդելով հանդերձ՝ մեծապես զարկ են տվել այդ երկրի բարեշինությանը։ Մտածել միայն, թե ինչ կլիներ վրացիներին հրամցրած այսօրվա Թիֆլիսի վիճակը, եթե այնտեղ հայկական շինարար ձեռքի հետքը չլիներ...»5։

Այսինքն՝ XIXդ. 2-րդ կեսից հայկական կապիտալի ձևավորումն ու հզորացումը Թիֆլիսում մի կողմից աշխուժացրեց տեղում հայության մշակութային և հասարակական կյանքը, մյուս կողմից՝ զրկեց Երևանի նահանգը գործարար ու ստեղծագործ ազգային ներուժից։

Հետևաբար, ներկայումս հայկական կապիտալի արտահոսքը Հայաստանից Վրաստան մի կողմից կարող է աշխուժացնել տեղում թիֆլիսահայության համայնական կյանքը, իսկ մյուս կողմից՝ մեծապես վնասել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, քանի որ Վրաստանի զարգացումն ու բարգավաճումն այս անգամ էլ տեղի կունենա ի հաշիվ Հայաստանի։

Թիֆլիսահայության հասարակական կյանքն ու հեռանկարը

Տեսականորեն որևէ երկրում ազգային փոքրամասնության ֆինանսատնտեսական ակտիվությունը, դրան զուգահեռ՝ հնարավոր հասարակական դիրքերի ամրապնդումը կարող է ոչ միայն նպաստել համայնքի ներքին կյանքի աշխուժացմանը, այլև խթան դառնալ ազգային վերազարթոնքի համար։ Թիֆլիսահայության պարագայում նույնպես կարող ենք նման հույսեր ունենալ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, Վրաստանում աստիճանաբար ձևավորվում է հայկական կապիտալ։

Այս տարի Սուրբ Ծննդի տոնակատարությանը Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում հավաքվածների մեջ նկատեցինք նաև տեղի հայ գործարարների, ովքեր շրջապատել էին Վիրահայոց թեմի առաջնորդին։ Այս փաստը որոշակի հույսեր է ներշնչում, որ հայազգի գործարարները ոչ միայն տարանջատված չեն եկեղեցուց ու ազգային կյանքից, այլև որպես էական ներուժ իրենց հնարավորությունները կարող են ներդնել հայապահպան ծրագրերի իրականացմանը։

Եթե համեմատենք վերջին տարիների իրողությունների հետ, ապա այս տարվա Սուրբ Ծննդի տոնակատարությանն առավել նկատելի էր նաև տեղի հայության ակտիվությունը։ Հարկ է նշել, որ տարիներ առաջ Թիֆլիսի հայությունը Սուրբ Ծնունդը զանգվածաբար նշում էր հունվարի 7-ին, Վրաց Ուղղափառ եկեղեցու հավատավորների հետ։ Զրույցների ընթացքում հաճախ ենք հանդիպել այն իրողությանը, երբ տեղացի հայերից շատերն ուղղակի տեղյակ չէին, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է առանձին օր (մենք այդ փաստը ցավով արձանագրել էինք մոտ երկու տարի առաջ մեր հարցազրույցներից մեկում6

Վերջին շրջանում Վիրահայոց թեմը զգալի աշխուժացրեց գործունեությունն առաջին հերթին տեղեկատվության տարածման ուղղությամբ։ Տպագրվեցին և տարածվեցին եկեղեցական օրացույցեր, գրքույկներ, հրատարակվում է «Նորաշեն» ամսագիրը։ Եվ արդեն անցած տարի առաջընթացը նկատելի էր. հաճախ կարելի էր լսել տեղացի հայերից այն կարծիքը, որ իրենք ցանկանում են այսուհետ եկեղեցական տոները նշել միայն ՀԱԵ տոնացույցով, այլ ոչ՝ Վրաց ուղղափառների հետ միասին։ Նման խոսակցությունները հատկապես ակտիվացան հայաշատ թաղամասում՝ Հավլաբարում Սամեբա (Սուրբ երրորդություն) վրաց ուղղափառ եկեղեցու կառուցումից հետո։ Տեղացի հայերի շրջանում տարածված էին այն շշուկները, թե կարիք չկա այցելել այդ եկեղեցին, քանի որ այն հայկական չէ։

Այս տարի Սուրբ Ծննդի տոնակատարությունը նշանավորվեց նաև նրանով, որ առաջին անգամ վրացական իշխանություններն ամենաբարձր մակարդակով ներկա գտնվեցին և շնորհավորեցին վիրահայությանը՝ տոնի կապակցությամբ։ Այսպես, նախագահ Մ.Սահակաշվիլին քաղաքապետ Գ.Ուգուլավայի ուղեկցությամբ այցելեց Հավլաբար թաղամասի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ հավաքվել էին Թբիլիսիում բնակվող հայերը: Իսկ քաղաքապետը նույն օրն այցելեց նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի և շնորհավորեց Վրաստանում բնակվող հայերի Սուրբ Ծնունդը։

Նախագահը հավաքվածների առջև իր ելույթում ասաց. «Մենք երբեք չենք մոռանա, որ հայերն իրենց մասնիկն են ներդրել ոչ միայն Վրաստանի տնտեսության, այլև հոգևոր-մշակութային կյանքում: Պետք է չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Վրաստանի անկախության և ազատության համար հայերը զենքով են կռվել»7։

Նախագահը նաև մեծարանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդի հասցեին, ինչը փաստում է Հայոց հոգևոր կառույցի հետ համագործակցային հարաբերություններ հաստատելու վրաց իշխանությունների գոնե տեսանելի ցանկությունների մասին։ Նախագահը մասնավորապես ասաց. «Շատ եմ գնահատում եպիսկոպոս Վազգենի գործունեությունը և նրա ներդրած լուման մեր քաղաքացիների հոգևոր կյանքում, ինչպես նաև երկու ազգերի հարաբերությունների զարգացման գործում: Հազվադեպ է լինում, որ երկու պետություններին կապում են դարավոր բարեկամությունը, մտերմությունն ու եղբայրությունը: Նրանք միասին են հաղթահարել դժվարությունները և միասին են ուրախացել: Նման հարաբերությունները հայերի և վրացիների միջև հիմնված է ոչ միայն անցյալի դառը օրերի և ուրախությունների, այլև ապագայի և ներկայի վրա»8։

Հանրությանը հայտնի է, որ բոլորովին վերջերս ակնհայտ լարվածություն էր առաջացել հայ-վրացական միջեկեղեցական հարաբերություններում այն սկանդալային միջադեպից հետո, երբ Վրաստանի վերինտեգրման փոխնախարար Է.Թևդորաձեն հայտարարեց, որ Վրաստանում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, և Վրաստանը որևէ կերպ կարգավիճակ չի տալու և չի գրանցելու Վիրահայոց թեմը: Հասկանալի է, որ Մ.Սահակաշվիլու այս այցի նպատակը վիրահայության շրջանում իր հեղինակությունը բարձր պահելու և սկանդալային միջադեպի հետևանքները մեղմելու կամ հարթելու ցանկությունն էր։

Մյուս կողմից, եթե այցը դիտարկենք տեղի հայության ընկալմամբ, ապա, փաստորեն, այն ազդանշան էր տեղի հայությանը, որ վրացական իշխանությունները դեմ չեն լինի, եթե վերջիններս իրենց եկեղեցական տոները նշեն Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով։

Այսինքն՝ Մ.Սահակաշվիլու վարչակազմը մի կողմից ընդհանուր քաղաքացիական կյանքի բարեփոխումներ է իրականացնում, որոնց արդյունքում Վրաստանի քաղաքացիների (այդ թվում՝ հայերի) մոտ որոշակի հույսեր են արթնանում իրենց ապագայի հանդեպ, նաև խրախուսում է ազգային փոքրամասնությունների կյանքում որոշ մշակութային ու եկեղեցական միջոցառումների անցկացումը, որոնք զուգահեռաբար ծառայեցնում է իր անձնական հեղինակության բարձրացմանը, բայց մյուս կողմից մեծ հարված է հասցնում հայապահպանությանը՝ փակելով հայկական դպրոցները, կրճատելով հայերենի ուսուցման դասաժամերը, Վիրահայոց թեմին չտրամադրելով պաշտոնական կարգավիճակ և այլն։ Սա ճկուն քաղաքականություն է մի կողմից ազգային փոքրամասնություններին հանդարտեցնելու, մյուս կողմից՝ ինտեգրելու և վերջնականապես ձուլելու առումով։

Ինչ վերաբերում է այնտեղ հաստատվող հայկական կապիտալին, ապա հնարավոր է, որ այն որոշակիորեն նպաստի հայության ներքին կյանքի աշխուժացմանը, բայց խորքային ու տևական չի լինի, քանի որ հայապահպանության հիմք հանդիսացող պայմանները՝ ազգային լեզվի պահպանման, հայեցի կրթության, հայոց լեզվի հիմքով անհատի սոցիալացման և որպես Հայ անհատ հեռանկար ունենալու հնարավորությունները հետզհետե հավասարվում են զրոյի։ Տեղի հայության հասարակական կյանքը կսահմանափակվի եկեղեցական տոներին մասնակցությամբ, նաև երգի-պարի համույթներում սահմանափակ թվով հայ երեխաների ներգրավվածությամբ և այլն։ Անշուշտ, այս ամենը նույնպես շատ կարևոր է, քանի որ հայկական ծագման և հայկական ինքնագիտակցության որոշակի շերտեր պահպանելու հնարավորություն են տալիս այն հատվածին, որը կներգրավվի այդ ամենին։ Բայց նշված ոլորտները համընդհանուր զանգվածային ընդգրկվածություն չունեն, ի տարբերություն բոլորի համար պարտադիր կրթություն ստանալուն։ Եվ այսպիսով, տեղի հայության հասարակական կյանքի հնարավոր աշխուժացումն առանց ազգային դպրոցի չի կարող ձևավորել հայ մանուկի հստակ ազգային ինքնագիտակցությունը և կանխել նրա հնարավոր ուծացումը վրացական միջավայրում։

Բայց թիֆլիսահայության ներհասարակական կյանքի հնարավոր աշխուժացումը կապահովի Վրաստանի բարձր միջազգային հեղինակությունն ու իբրև ժողովրդավարական երկրի համբավը, բայց չի լուծի երկրի կառավարմանը վիրահայության ներգրավվածության և մասնակցության խնդիրը։ Իսկ այն հայերը, ովքեր կհավակնեն ունենալ բարձր սոցիալական կարգավիճակ կամ ներգրավվել երկրի պետական կառավարմանը, ստիպված կլինեն ծառայել պետական քաղաքականության հիմքում ընկած վրացական ազգային նախագծին, հետևաբար՝ վրացական շահերին։

XIXդ. վերջի – XXդ. սկզբի հայ-վրացական միջէթնիկ հարաբերությունների, վրաց ազգայնականության անհանդուրժողականության և հայերին իրենց մրցակից դիտարկելու պատմական փորձը, գումարած ներկայումս Վրաստանի ղեկավարության որդեգրած հակահայ քաղաքականությունը, հուշում են, որ հայ գործարար հատվածն իր առաքելությունը՝ Վրաստանի տնտեսական զարգացման խթանումն իրականացնելուց հետո, աստիճանաբար դուրս կմղվի Վրաստանից։ Տնտեսապես հզոր ու կայուն հայկական տարրի առկայությունը չի տեղավորվում վրացական ազգային նախագծի շրջանակների մեջ։

Հաշվի առնելով վերը նշված միտումները՝ ի՞նչ հեռանկար է սպասվում տեղի Հայությանը։ Վրաստանի պետականության կայացմանը զուգընթաց՝ Թբիլիսիի հայության առջև ավելի տեսանելի և իրական է դառնում ոչ թե հայրենադարձությունը (ինչպե՞ս թիֆլիսահայը կդիմի հայրենադարձության, եթե տեսնի, որ հայ գործարարը Հայաստանից տեղափոխվում է Վրաստան), ոչ էլ այնքան արտագաղթը երրորդ երկրներ (քանի որ, այնուամենայնիվ, երկիրը զարգանում է), այլ միակ փրկությունը կլինի ինտեգրումը երկրի ներսում։ Իսկ ինտեգրման սցենարի գործարկման, բայց զուգահեռաբար՝ հայկական դպրոցների փակման պարագայում թիֆլիսահայության համար ամենահավանականը դառնում է աստիճանական ուծացման, այսինքն՝ վրացացման հեռանկարը։

1Այդ մասին մանրամասն տե՛ս Վարդանյան Թ., «Վրաստան. ինքնությունը քաղաքական ծրագրերում և գործողության մեջ», թիվ 3, «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» ԳԿՀ հանդես, էջ 87-110, ռուսերեն՝ # 3, 21-ый век, сс. 48-69, անգլերեն՝ # 1, “21st Century”. 57-77, 2010.

2Վարդանյան Թ., Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ, «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» ԳԿՀ հանդես, էջ 94-128, նաև՝ http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2393&sphrase_id=4015

3 http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1372814.html

4“Иверия” об армянах в Тифлисе. Перевод с груз. редакцией “Кавказа”, Кавказ, Тифлис, 1897, но. 86.

5Ջամալյան Ա., Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», Բոստոն, 1928, N 6, էջ 77-78։

6 http://bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2704&SectionID=0&Date=04/23/2009&PagePosition=1, 23.04.2009։

7 http://news.am/arm/news/43825.html

8 Նույն տեղում։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 2, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր