• am
  • ru
  • en
Версия для печати
11.06.2012

ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Թամարա Վարդանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.


Ներածություն

Անցած տարի Վրաստանում «Ինտերնյուս» կազմակերպությունն անցկացրել էր հանդուրժողականության և մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրման շրջանակներում տեղի տպագիր լրատվամիջոցների մոնիթորինգ։ Ուսումնասիրված էին էթնիկ և կրոնական (նաև սեռական) փոքրամասնությունների վերաբերյալ մամուլում հայտնված նյութերի քանակն ու բովանդակությունը։ Արդյունքում՝ պարզվել էր, որ փոքրամասնություններին նվիրված հոդվածների շարքում ատելությամբ լցված նյութերի ընդհանուր քանակը գերազանցնում էր դրական և չեզոք-տեղեկատվական բնույթի նյութերը, ինչն էլ փաստում է երկրում հասարակական անհանդուրժողականության բարձր մակարդակի մասին։

Անդրադառնանք էթնիկ և կրոնական փոքրամասնություններին նվիրված տվյալներին։ Էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ Վրաստանի տպագիր մամուլում հրապարակված նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց 43%-ն ունի բացասական երանգավորում և ընդամենը 13%-ն է դրական երանգավորմամբ (44%-ը՝ չեզոք)1։

Թեև հայտնի է, որ վրաց հասարակությունում լեզվական ազգայնականությունը բավական խոր արմատներ ունի, սակայն պատմական այս փուլում նկատենք, որ այն զիջում է ազգայնականության կրոնական բաղադրիչին։ Այդ մասին են վկայում նաև թվերը։ Այսպես՝ վրաց հասարակությունն էլ ավելի անհանդուրժողական է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Վերջիններիս նվիրված հոդվածների 54%-ն ունի բացասական երանգավորում, չեզոք է 40%-ը և ընդամենը 6%-ը՝ դրական։

Առավել ուշագրավ են տվյալներն ըստ էթնիկ խմբերի։ Տպագիր մամուլում հրապարակված տեղեկատվության գերակշռող մասը՝ 60%-ը, նվիրված է հայերին։ Ընդ որում, աբխազներին, որոնց հետ վրացիներին հաջողվել է միայն անկախության տարիներին երկու անգամ պատերազմել, նվիրված է հոդվածների ընդամենը 11%-ը։ Մնացած տվյալները բաշխվում են այսպես. ադրբեջանցիներ՝ 7%, թուրք-մեսխեթցիներ՝ 7%, օսեր՝ 5% և այլն։ Հայերն ամենահաճախն են հիշատակվում նաև որպես կրոնական փոքրամասնություն՝ 47%, այն դեպքում, երբ մահմեդականները՝ 24%2։

Հակահայկականության ֆենոմենը

Դատելով տվյալներից՝ վրաց հասարակության ուշադրության կիզակետում են գտնվում հատկապես հայերը։ Վրացական ազգայնականության հակահայկական բաղադրիչը որևէ կերպ տեղը չի զիջում այլ ազգերի հետ առկա հակասություններին նույնիսկ այն պայմաններում, երբ.

ա) աբխազների և օսերի հետ ունեցած հակամարտության և պատերազմների արդյունքում Վրաստանն ունեցավ զգալի տարածքային, մարդկային ու տնտեսական ներուժի կորուստ,

բ) ադրբեջանցիների շրջանում բարձր ծնելիության պայմաններում, վերջիններս քանակապես զբաղեցնում են առաջին տեղն ազգային փոքրամասնությունների շարքում։ Նշենք, որ մինչ 2002թ. մարդահամարն առաջին տեղը զբաղեցնում էին հայերը։

Սակայն Վրաստանում հայերի հանդեպ բացասական տրամադրություններ տարածող նյութերն իրենց քանակով և ծայրահեղությամբ ստվերում են թողնում մնացած փոքրամասնությունների հետ առկա խնդիրները։ Ինչո՞ւ է հայկական գործոնն առավել անհանգստացնում վրաց հասարակությանը։ Առաջին հայացքից զարմանալի թվացող այս ֆենոմենն իր բացատրությունն ունի։ Միջէթնիկ հարաբերությունների ձևավորման կամ վերաձևավորման գործում մեծ է պատմական հիշողության դերը։ Այս կամ այն ազգի ավանդական ընկալումներում մրցակցի (թշնամու, դաշնակցի) կերպարը, որպես կանոն, դանդաղ է վերափոխվում։ Ցավոք, վրաց ազգայնական մտածողությունը հայերին ընկալում է որպես իրենց հիմնական մրցակիցը, և այս մոտեցումն արդեն ավանդական է դարձել։ Այն ձևավորվել է դեռևս 19-րդ դ. վերջին - 20-րդ դարի սկզբին և կարծրացել 1918-1919թթ. հայ-վրացական կարճատև պատերազմի տարիներին, որը միակն էր երկու ազգերի երկար պատմության ընթացքում։

Հայ-վրացական հակասությունների ակունքները

Դեռևս 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին Ռուսաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ լուրջ տեղաշարժեր էին տեղի ունենում ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտում, այլև միջէթնիկ հարաբերություններում։

Մինչ կապիտալիզմի զարգացումը, վրաց ազնվականության դիրքերն Այսրկովկասում բավական ամուր էին, սակայն կապիտալիզմի զարգացման արդյունքում դրանք սկսեցին խարխլվել։ Իսկ հայերի համար նոր պայմանները բավական նպաստավոր էին։ Ի տարբերություն վրացիների ու թաթարների, հայերին հաջողվեց արագ ներգրավվել զարգացող առևտրաարդյունաբերական հարաբերություններում։ Ընթանում էին տեղաշարժեր գյուղերից դեպի խոշոր քաղաքներ, որտեղ նպաստավոր պայմաններ կային առևտրով ու արտադրությամբ զբաղվելու համար։ Հայ քաղաքաբնակները շատ արագ աճեցին ու հզորացան՝ ձևավորելով բուրժուական դասակարգ։ Սակայն հայկական կապիտալն իր արմատներն էր գցում, ցավոք, ոչ թե Երևանում, Կարսում, Ալեքսանդրապոլում, այլ գերազանցապես Թիֆլիսում, Բաքվում, մասամբ նաև Բաթումում։

Հայերի առավել, իսկ վրացիների ու թաթարների՝ պակաս ներգրավվածությունը կապիտալիստական հարաբերություններում բացատրվում է նրանով, որ զարգացող առևտրաարդյունաբերական ոլորտում ընդգրկվում էին, բնականաբար, ոչ թե վրացի ու թաթար ունևոր կալվածատերերը, որոնք տիրում էին խոշոր կալվածքների և չէին կարող արագ բաժանվել դրանցից ու տեղափոխվել քաղաք, այլ հողազուրկ հայերը։ Դարասկզբին վրացիների շրջանում տոհմիկ ազնվականների խավը, որն էլ տիրում էր մեծաթիվ կալվածքների, կազմում էր Կովկասի ամբողջ ազնվականության 41.53%-ը, թուրք-թաթարների՝ 27.5%, իսկ հայերի շրջանում այս դասը կազմում էր ընդամենը 5.46%3։ Այսինքն՝ Կովկասում ապրող տոհմիկ ազնվականների 2/5-ից ավելին կազմում էին վրացիները։

Այսպես, Այսրկովկասի առևտրաարդյունաբերական ոլորտում վրացիների և թաթարների կրավորականության պատճառով առաջացած պահանջարկը հիմնականում լրացվեց հողազուրկ հայերով, որոնց համար առևտուրն ու արդյունաբերությունն ապրուստի, թերևս, միակ միջոցն էին։ Բացի այդ, հայերը, ապրելով քաղաքակրթությունների և առևտրական ճանապարհների խաչմերուկներում, հնուց ի վեր զբաղվում էին առևտրով և հայտնի էին այդ ասպարեզում իրենց ունեցած հաջողություններով։ Նրանց հաջողվում էր տարանցիկ առևտրական ուղիներով կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի, այլև Հյուսիսը Հարավի հետ։ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը, առևտրական ճանապարհների խաչմերուկներում լինելը որոշակիորեն նպաստել են հայերի մեջ այնպիսի հատկությունների ձևավորմանը, ինչպիսիք են շարժունակությունը, առևտրական ունակություններին ու հմտություններին տիրապետելը, օտար վայրերում, այլ ժողովուրդների միջավայրում արագ հարմարվելու կարողությունը, ճկունությունը, լեզուների իմացությունը և այլն։

Վրաց ազնվականության սնանկացումն ու հայկական կապիտալի հզորացումը

Հայտնի է, որ ազնվականությունը ցարիզմի հասարակական հենարանն է, և ցարիզմն էլ մի շարք միջոցառումներով ձգտում էր սատարել նրան։ Այսպես, Կովկասի փոխարքա Մ.Ս. Վորոնցովը 1844թ. հիմնեց Հասարակական խնամակալության Այսրկովկասի վարչություն (Պրիկազ), որի նպատակն էր վրաց ազնվականներին բավական ցածր տոկոսներով վարկավորելը4։ Վրաց իշխաններն ու ազնվականներն իրենց կալվածքները շտապեցին ներդնել այդ վարչությունում, իսկ փոխարենը ստանալով վարկային գումարներ՝ փոխանակ ներդնելու և նպաստելու տնտեսության զարգացմանը, սկսեցին շռայլորեն ու անիմաստ վատնել այն։ Նրանք, տարիների ընթացքում մեծ պարտքեր կուտակելով, բնականաբար, կախման մեջ ընկան փոխարքայից և իշխանություններից։ Վերջիններս էլ պետական գանձարանի հաշվին մի քանի անգամ տարաժամկետ վճարումներ սահմանեցին կամ էլ ուղղակի վերացրին այդ պարտքերը։ Բայց այդ անհոգ տարիները երկար չտևեցին, քանի որ վերոնշյալ վարչությունը լուծարվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին բազմաթիվ վարկային ընկերություններ, որոնք այլևս բարեհոգաբար զիջումներ չէին կատարում պարտատու վրաց ազնվականներին։ Այդ ժամանակ վրաց ունևոր հողատերերի տնտեսական կացությունը նկատելիորեն վատացավ։ Նրանց պարտքը դրամատնային հաստատություններին, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր ներդրած կալվածքների 80%-ը, իմերեթ հողատերերինը՝ 55%-ը5։ Իսկ հայ առևտրականներն ու արդյունաբերողներն այդ ընթացքում արդեն հասցրել էին իրենց ձեռքում կուտակել զգալի դրամական միջոցներ, և ցանկանում էին դրանք վերածել կապիտալի։ Այսպես սկսվեց վրաց հողատերերի սնանկացման և հայերի կողմից Թիֆլիսի նահանգում հողային տարածքների ձեռքբերման գործընթացը։ Վրաց սնանկացող հողատերերը դիմեցին հայ կապիտալիստներին տոկոսով դրամական միջոցներ տրամադրելու խնդրանքով, ինչն էլ համընկնում էր հայերի՝ իրենց դրամական միջոցները բազմապատկելու ցանկություններին։ Հետզհետե վրաց ազնվականների պարտքն ավելանում էր, քանի որ այդ տոկոսային վճարումները նկատելիորեն դժվար էր կատարել այն պայմաններում, երբ 1861թ. ճորտատիրական իրավունքի վերացման հետևանքով հողատերերը զրկվել էին գյուղացիներին լայնորեն շահագործելու հնարավորությունից։ Մեծաթիվ վրացական և իմերեթական կալվածքներ գրավ էին դրվում հայ դրամատերերին, և արդյունքում՝ վրաց ազնվականների ու իշխանների մեծ մասն ունեզրկվում էր։ Այսպես, Կախեթում խաղողի այգիների մեծ մասը գրավ էր դրված հայ դրամատերերին, որոնք բերքի ստացման համար գալիս էին Թելավի (Կախեթի գլխավոր քաղաքը) և տնօրինում ստացված եկամուտը6։

Այս գործընթացների մասին Բ.Իշխանյանը գրում է. «Այն, ինչ Ռուսաստանում և մասնաւորապէս Կովկասում չի կատարուել քաղաքականօրէն՝ վերացում կամ նուազեցում ազնուական դասի մեծ, աւելորդ բանակի, դա կատարւում է ինքնաբերաբար տնտեսական կռուի հողի վրա. միջնադարեան բնական տնտեսութեան ոսկրացած ներկայացուցիչները պէտք է բնանհրաժեշտօրէն տեղի տային տեխնիքական ինդուստրիայի նուաճողական ընթացքի առաջ»7։

Այսպիսով, հայ ունևորների շրջանում կապիտալի կուտակումն իրականացվում էր վրաց հողատերերի սնանկացմանը զուգահեռ և մասամբ նաև դրա հաշվին:

Հակահայկականության դրսևորումները

Նշված պատմական ժամանակահատվածում վրացիների շրջանում սկսեց տարածվել այն տեսակետը, թե իրենց դիրքերի թուլացումը պայմանավորված է առևտրով զբաղվող հայերի հաջողություններով, որոնք, տնտեսապես հզորանալով, իրենց ձեռքում կուտակեցին զգալի ֆինանսական դրամագլուխ, ինչն էլ հնարավորություն էր տալիս նրանց գնելու վրաց ազնվականների քայքայվող տնտեսությունները։ Նշենք, որ հայերին հաջողվել էր նաև որոշակի բարձր դիրք գրավել Թիֆլիսի քաղաքային կառավարման համակարգում (քաղաքային դումա)։

Այդ շրջանում վրաց ազնվականության ազգայնական հատվածը սկսեց ամեն առիթ օգտագործել՝ հասարակության շրջանում հակահայկական տրամադրություններ տարածելու նպատակով։ Այդ դժգոհությունները լայն արձագանք գտան տեղական մամուլում։

19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին Թիֆլիսում հրատարակվում էին անթաքույց հակահայկական ուղղվածությամբ լրագրեր՝ վրացալեզու «Ցնոբիս Փուրցելի»-ն («Տեղեկությունների թերթիկ»), «Ախալի Դրոեբա»ն («Նոր ժամանակ»), ռուսալեզու «Իվերիա»-ն, «Կավկազ»-ը, որոնք հակակրանք էին տարածում հայերի հանդեպ՝ նրանց մեղադրելով վրացիների տնտեսական անկման մեջ։ Էթնիկ հոգեբանության ժամանակակից ուսումնասիրողներից Գ.Ու. Սալդատովան նշում է, որ ճգնաժամային պայմաններում գործում են «սոցիալական ընկալումների մի շարք մեխանիզմներ, որոնցից է, օրինակ, սեփական խմբի թերությունների և անհաջողությունների պայմանավորումն արտաքին գործոններով…, տնտեսական, սոցիալական ոլորտներում սեփական անհաջողությունների մեղքի և պատասխանատվության բարդումն այլ էթնիկ խմբի վրա»8։

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել 20-րդ դարի սկզբին վրաց հասարակության շրջանում։ «Ցնոբիս Փուրցելի» (1886-1906) թերթի խմբագիր Վ.Գունիան՝ հայտնի իր հակահայկական հոդվածներով, ռուսալեզու «Կավկազ»-ում գրում էր. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ…, որ վերջին 1,5-2 տասնյակ տարիների ընթացքում հայերը պարբերաբար քշում էին վրացիներին քաղաքային ինքնավարությունից… Վրացական մամուլը հնարավորության սահմաններում անընդհատ մատնանշում էր ոչ բնականոն կացությունը՝ հայերի գերակշռությունը Վրաստանի հինավուրց մայրաքաղաքում և դումայի անարդար վերաբերմունքը վրացիների հանդեպ»9։

Դժվար է սահման դնել և որոշել, թե արդյոք մամուլն էր արտահայտում վրաց հասարակության կարծիքը, թե ընդհակառակը՝ ձգտում էր ձևավորել այն։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հայ-վրացական հակասությունները խորացնել ձգտող ու թշնամանք սերմանող այդ հրապարակումներն արձագանք չգտան վրաց լայն հասարակայնության շրջանում։ Այդ հակասությունները հիմնականում մնացին վերևում՝ մրցակցող վերնախավերի մակարդակում։ Ա.Գյուլխանդանյանը, նկարագրելով 1905թ. փետրվարին ցարական կառավարության դրդմամբ ու տեղի թաթարների կողմից Բաքվում իրականացված հայերի կոտորածը, գրում է. «Նոյն ոճրագործ ձեռքերը Թիֆլիսում սկսած էին թռուցիկներ տարածել, որով զգուշացնում էին վրացիներին, թէ հայերը պատրաստւում են վրացիներին կոտորել։ Այսպիսով, ոչ միայն թաթարներին, այլև վրացիներին հայերի դեմ հանելու աշխատանք էր կատարւում։ Բարեբախտաբար Թիֆլիսի հայ և վրաց ազգաբնակչութիւնը լաւ գիտակցում էին, որ թռուցիկների հեղինակը կա՛մ ոստիկանութիւնն է եւ կա՛մ հասարակական տականքները, որոնց համար ձեռնտու եւ ցանկալի էին հայ-վրացական ընդհարումները»10։

Փաստորեն, հայ-վրացական ազգամիջյան թշնամանք ու ատելություն սերմանելով՝ Թիֆլիսի հակահայ մամուլը գոնե պատմական այդ փուլում սպասված արդյունքներին չհասավ։ Սակայն այն որոշակիորեն կարողացավ վրաց ազգայնականության գաղափարաբանության մեջ արմատավորել ընդգծված հակահայկական բաղադրիչ։

Ամփոփում

Այսօրվա իրողությունների հետ զուգահեռներ անցկացնելով՝ նշենք, որ ներկայիս հակահայկական տրամադրությունները վրացական մամուլում նույնպես խորքային պատճառներ չունեն, սակայն անցյալում ձևավորված ավանդույթը, երբ հայերին դիտում էին որպես մրցակից, պահպանվում են մինչ օրս։ Անցած դարի սկզբին վրաց ազնվականության տնտեսությունների բնական քայքայումը կապվում էր հայկական կապիտալի հզորացման հետ, սակայն այդ երևույթն ընդամենը տնտեսության զարգացման տրամաբանությանն ու կանոններին համահունչ գործընթաց էր։ Այնուամենայնիվ, թիֆլիսյան վրացալեզու և ռուսալեզու մամուլի մի քանի օրգանների հաջողվում է այդ դժգոհություններն ուղղորդել հակահայկական հունով։

Այժմ էլ Վրաստանի տպագիր մամուլում փոքրամասնությունների վերաբերյալ նյութերի 60%-ը վերաբերում է հայերին, և գերակշիռ հատվածը բացասական տեղեկատվություն է։ Այդ լրագիրներն են՝ «Ասավալ-դասավալի», «Ախալի Տաոբա», «Ալիա», «Կվիրիս Խրոնիկա», «Կվիրիս Պալիտրա», «Վերսիա», «Րեզոնանսի» և այլն։ Սակայն, հաշվի առնելով աբխազական, օսական և օր օրի հզորացող ադրբեջանական գործոնները՝ այս իրավիճակը մի կողմից, անշուշտ, անցյալի ավանդույթների, սակայն, մյուս կողմից՝ ներսում որոշակի հակահայ ուժերի նպատակաուղղված գործունեության արդյունք է։

1 Tabagari Giorgi, Chachua Diana, Monitoring of Media Coverage Ethnic, Religious and Sexual Minorities in Georgian Printed Media, Internews Georgia, 1 May 2011 – 31 July 2011.

2 Նույն տեղում։

3 Իշխանյան Բ., «Կովկասյան ժողովուրդների ազգաբնակչության կազմը, պրոֆեսիոնալ խմբավորումը», Թիֆլիս, 1904, էջ 192։

4 Н.Н. М-ко, «Грузино-армянские претензии и Закавказская революция», Киев, 1906, էջ 7 (Ն.Ն. Մ-կո, «Հայ-վրացական դժգոհությունները և անդրկովկասյան հեղափոխությունը», Կիև, 1906)։

5 Նույն տեղում, էջ 8։

6 Նույն տեղում, էջ 9։

7 Իշխանյան Բ., նշվ. աշխ., էջ 193։

8 Солдатова Г.У., «Психология межэтнической напряженности» (Գ.Ու. Սոլդատովա, «Ազգամիջյան լարվածության հոգեբանությունը»), М., 1998, էջ 160-161։

9 «Кавказ» («Կավկազ»), Թիֆլիս, 1897, թիվ 3։

10 Ա.Գյուլխանդանյան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մեջ», «Հայրենիք», Բոստոն, 1932, No 1, էջ 126-127։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր