• am
  • ru
  • en
Версия для печати
19.10.2010

ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ

   

Արաքս Փաշայան

Իրաքյան Քուրդիստանի` որպես փաստացի անկախ պետության, պատմությունը սկիզբ է առնում 1991-ից` Ծոցի երկրորդ ճգնաժամից հետո, երբ կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ «Փոթորիկ անապատում» ռազմական գործողության արդյունքում հաղթանակ տարան Սադամ Հուսեյնի դեմ (1979–2003) եւ վերջինս դուրս բերեց իրաքյան զորքերը գրավյալ Քուվեյթից: Մերձավոր Արեւելքում ստեղծված նոր իրավիճակը, փաստորեն, բեկում առաջացրեց քրդական հարցում: Նախկինում Արեւմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, շրջանցում էր քրդական հարցը, քանի որ Իրաքը դիտարկվում էր իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը հակազդող ուժ: Պատմական հետագա զարգացումներն ավելի շահեկան եղան քրդերի համար, որոնց նկատմամբ Իրաքում տարիներ շարունակ էթնիկ խտրականություն է կիրառվել:

2003-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիան եւ բաասական վարչակարգի տապալումը նոր հեռանկարներ բացեցին քրդական ազգային շարժման համար: Ստեղծված նոր իրավիճակը ոչ միայն մեծացրեց քրդական գործոնի նշանակությունը, այլեւ ամրապնդեց Քուրդիստանի տարածաշրջանի կամ քրդական ինքնավարության դիրքերը` նպաստելով Քուրդիստանում պետական կառույցների, քաղաքական համակարգի, տնտեսության ու հասարակական հարաբերությունների հետագա զարգացմանը: Սակայն քրդական ազգային շարժման հաջողությունը շատ բաներով պայմանավորված էր ոչ միայն միջազգային հարաբերություններում ստեղծված նպաստավոր իրավիճակով, այլեւ` նախկինում միմյանց հետ հակասություններ ունեցող քրդական ընտրանիների (Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) եւ Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության (ՔՀԿ) միջեւ ձեռք բերված կոնսենսուսով:

2003-ից ի վեր քաոսի եւ անիշխանության մեջ հայտնված Իրաքում Քուրդիստանը սեփական զինված ուժերի (Փեշմերգա) եւ ամերիկյան բանակի աջակցությամբ դարձավ անվտանգության եւ կայունության այն օազիսը, որը բռնեց զարգացման ուղին: Այս իրողությանը նպաստեց նաեւ շրջանում նավթային ռեսուրսների առկայությունը, որի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Էրբիլը:

2005-ին Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը Իրաքի նախագահ հռչակեց ՔՀԿ-ի առաջնորդ Ջալալ Թալաբանիին: Չնայած Իրաքի նախագահի լիազորություններն ավելի քիչ են, քան վարչապետինը, սակայն քուրդ նախագահի ընտրվելու փաստն աննախադեպ է Իրաքի պատմության մեջ: Բացի այդ, քրդական կուսակցությունները մաս կազմեցին 275 տեղանոց իրաքյան խորհրդարանին (53 մանդատ)` ձեռնամուխ լինելով իրաքյան քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության հաստատմանը:

Փաստորեն, քրդերը ներիրաքյան զարգացումներում ստանձնեցին որոշակի դերակատարություն` չնայած արաբական թե՛ շիա, թե՛ սուննի շրջանակների, ինչպես նաեւ թուրքմենների հետ մինչ օրս շարունակվող որոշակիորեն լարված հարաբերություններին, ինչը, մի կողմից, կապված է նավթային ռեսուրսներով հարուստ Քիրքուքի խնդրի, որի վերջնական կարգավիճակի որոշման հարցը շարունակում է առկախ մնալ, մյուս կողմից` Իրաքի առանձին շրջանների նկատմամբ քրդերի ունեցած հավակնությունների եւ նավթի վաճառքից ստացվող եկամուտների բաշխման հարցի հետ: 2009թ. ընդունված քրդական նոր սահմանադրությամբ` Քուրդիստանի մաս են հռչակված Նինվեի եւ Դիյալայի նահանգները, ինչպես նաեւ Քիրքուքը, որը, Իրաքի գծով փորձագետ, ռուսաստանցի արեւելագետ Գ.Միրսկու կարծիքով, քրդերի Երուսաղեմն է, խնդիր, որը քրդերն անպատճառ ձգտում են կարգավորել հօգուտ իրենց, առանց փոխջիջումների:

Հարկ է նշել, որ իրաքյան քրդերը կարողացան կարգավորել նաեւ իրենց երկրի համար կենսական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերը, մասնավորապես` դրական շրջադարձ կատարվեց քրդական վարչակարգի եւ Անկարայի հարաբերություններում, որը խարսխվեց փոխշահավետության վրա: Քրդական վարչակարգն Անկարայի առաջ պարտավորություն ստանձնեց` պայքարել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ, եթե վերջինս օգտագործի Քուրդիստանի տարածքը` Թուրքիայի դեմ զինված պայքար սկսելու համար:

2008-ից քուրդ-թուրքական հարաբերությունները նոր որակ են ձեռք բերել1: 2010թ. մարտ ամսից Էրբիլում գործում է թուրքական հյուպատոսություն: Քրդերը համոզված են, որ Թուրքիան կարող է երաշխավորել Քուրդիստանի տնտեսական ապագան. նրանք կարող են օգտագործել Թուրքիայի տարածքը` նավթ արտահանելու եւ արտաքին տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար: Անկարան եւ Էրբիլն այլեւս հաստատել են առեւտրատնտեսական սերտ համագործակցություն: Քուրդիստանում ներկայումս գործում են թուրքական հարյուրավոր ընկերություններ, որոնք հիմնականում ներգրավված են շինարարության եւ նավթի արդյունահանման ոլորտներում: Քրդական վարչակարգը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ` նկատի ունենալով նաեւ քրդերի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված Իրանի հարաճուն ազդեցությունը ներիրաքյան գործընթացներում, իրանամետ շիական կուսակցությունների առաջատար իրավիճակում հայտնվելը, քրդերի հիմնական դաշնակցի` ԱՄՆ-ի աստիճանաբար թուլացող դիրքերն Իրաքում:

Թուրք-քրդական համագործակցությանը զուգահեռ ընդլայնվում են նաեւ քուրդ-իսրայելական հարաբերությունները: Քրդերի եւ հրեաների հարաբերությունները դարավոր պատմություն ունեն: Բավական է նշել, որ 20-րդ դ. առաջին կեսին Իրաքում (հիմնականում` հյուսիսում, Քուրդիստանում) ստվարածավալ հրեական համայնք կար, որ հաշվվում էր մոտ 120.000: Հրեաները (կամ` քրդական հրեաները), որոնք ավելի քան 2700 տարի բնակվում էին Իրաքում, ստիպված եղան հեռանալ երկրից արաբ-իսրայելական առաջին պատերազմին (1948–1949թթ.) հաջորդած տարիներին` կապված Իրաքում հակահրեական տրամադրությունների ակտիվացման հետ: Քուրդ-հրեական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, ջերմ են եղել, եւ ներկայումս Իսրայելից բավական թվով մարդիկ ամեն տարի այցելում են Քուրդիստան: 2003-ից ի վեր Իսրայելը Քուրդիստանի հետ համագործակցում է քաղաքական եւ ռազմական ոլորտներում, բացի այդ` զգալի ներդրումներ է կատարել քրդական տնտեսության տարբեր բնագավառներում: Մերձավոր Արեւելքում, որտեղ Իսրայելը շրջապատված է թշնամի պետություններով, Քուրդիստանի հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն է ձեռք բերել, եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ Քուրդիստանն Իրանի հետ անմիջական սահման ունի: Բացի այդ, քրդական անկախ պետության ստեղծման հնարավորությունը Թուրքիայի վրա ազդելու Իսրայելի լծակներից մեկն է:

Քուրդիստանի հեռանկարը

Իրաքից ամերիկյան մարտական ուժերի հեռացումը (որն իրականացավ 2010թ. օգոստոսի վերջին) անհանգստություն առաջացրեց քրդական հասարակության, ինչպես նաեւ` քրդական վերնախավի շրջանում` կապված Քուրդիստանի անվտանգության եւ, առհասարակ, երկրի ապագայի հետ: Քրդերն առաջարկում էին, որպեսզի ամերիկյան զինված ուժերը շարունակեն մնալ այն շրջաններում, որտեղ կար քուրդ-արաբական բախումների վտանգ: Առանձին տեսակետների համաձայն` ամերիկյան մարտական ուժերի դուրսբերումն Իրաքից կարող է ավելի ապակայունացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը: Նման գնահատականը հիմնավոր է թվում, եթե հաշվի առնենք Իրաքում առկա քաղաքական ճգնաժամը, որ սկիզբ առավ 2010թ. մարտի խորհրդարանական ընտրություններին հաջորդած փուլում: Քաղաքական ուժերին դեռեւս չի հաջողվում համաձայնության հասնել կոալիցիոն կառավարության ձեւավորման հարցում, ինչը, ըստ առանձին տեսակետների, կարող է շարունակվել մինչեւ տարեվերջ2: Այս պարագայում հանգուցային կարող է լինել 43 մանդատ ունեցող Քրդական դաշինքի` ճամբարներից որեւէ մեկին միանալու որոշումը, ինչը նշանակում է, որ քրդական գործոնի նշանակությունը մեծ է ներիրաքյան զարգացումներում:

Պետք է ասել, որ ներկա փուլում ստատուս քվոյի պահպանումը որոշակիորեն ձեռնտու է քրդերին: Այն հնարավորություն է տալիս նրանց մի կողմից` գործառել սեփական պետությունը, մյուս կողմից` ակտիվորեն մասնակցել Իրաքի ներքին կյանքի գործընթացներին: Միեւնույն ժամանակ, հնարավոր բացասական զարգացումների դեպքում քրդերը կարող են իրենց անկախ հռչակել, որին կենտրոնական իշխանությունները, ազդեցության լծակներ չունենալու պատճառով, հազիվ թե կարողանան հակազդել:

Չնայած Իրաքյան Քուրդիստանի հեռանկարի վերաբերյալ տարաբնույթ կանխատեսումներին, այդ հարցում ներկա պահին տեսանելիություն չկա: Ամեն դեպքում, Քուրդիստանում համոզված են, որ չնայած թե՛ Իրաքից, թե՛ հարեւաններից եկող մարտահրավերներին, Քուրդիստանը, ԱՄՆ-ի հետ ունեցած ռազմավարական համագործակցության շնորհիվ, կարող է հաղթահարել հնարավոր խնդիրները: Քրդերը հույս ունեն, որ Վաշինգտոնը մոտ ապագայում Քուրդիստանում հյուպատոսարան կբացի:

Հայերն Իրաքյան Քուրդիստանում

2003-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացումից հետո երկրում անվտանգության երաշխիքների բացակայության եւ սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով Իրաքի հայ համայնքը, որը հիմնականում կենտրոնացած էր Բաղդադում, էական վերաձեւումների ենթարկվեց: Հատկանշական է, որ բացի արտագաղթից, Իրաքում պատերազմի շրջանում սկիզբ առավ նաեւ ներքին միգրացիա: Հայերը տեղաշարժվեցին եւ շարունակում են տեղաշարժվել դեպի հյուսիս` Քուրդիստան, որտեղ քաղաքական վիճակը կայուն է, իսկ քրդական վարչակարգը խրախուսում է հայերի ներգաղթը:

Իրաքահայերը եկեղեցիներ, կրթական, մարզական եւ ազգային այլ հաստատություններ ունեն քրդական շրջաններում (Էրբիլում, Դոհուքում, Զախոյում, Ավզրուկում, Հավրեզքում եւ այլն): Քուրդիստանում կա հայկական երեք եկեղեցի` Զախոյում (Ս.Աստվածածին), Ավզրուկում (Ս.Վարդան), իսկ երկու տարի առաջ` 2008-ին, եկեղեցի հիմնվեց Դոհուքում (Ս.Ներսես Շնորհալի): Ծրագրվում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում եւ Հավրեզքում:

Քուրդիստանի հայկական գյուղական բնակավայրերից թերեւս ամենանշանավորը քրդախոս հայերով բնակեցված Ավզրուկն է, որ բացի եկեղեցուց, ունի նաեւ դպրոց, թաղական խորհուրդ։ Ավզրուկի հարեւանությամբ են գտնվում Սումայլ գյուղաքաղաքը եւ Շիքանդալ գյուղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաեւ հայեր: Հատկանշական է, որ Ավզրուկում ապրող հայերը թեեւ իրենց կենցաղավարությամբ ու մշակույթով ավելի մոտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական ինքնագիտակցությամբ, ամուր կառչած են ազգային եւ կրոնական ավանդույթներին: Նշենք, որ քրդախոս են նաեւ հյուսիսային Զախո քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930-ականներից: Նրանք նույնպես հայկական ավանդույթների կրողներ են:

Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Հավրեզք գյուղը, որ հիմնվել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լեւոն Շաղոյանի ջանքերով 1920-ականներին։ 1970-ականներին պետական եւ քրդական զորամիավորումների միջեւ բախումների հետեւանքով գյուղից հայ բնակչությունը դուրս է բերվել: Ընդհանրապես, հյուսիսային` սահմանամերձ շրջանում գտնվող շատ բնակավայրեր դատարկվել են: Հավրեզքը վերահիմնվել է 2005թ. Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության անդամ, ծագումով ասորի Սարգիս Աղաջանի ջանքերով, որը կոորդինացնում է քրիստոնյա փոքրամասնությունների (քաղդեացիներ, ասորիներ, հայեր) հետ քրդական վարչակարգի աշխատանքները: Քրդական աջակցությամբ Հավրեզքում կառուցվել է 115 տուն: Վերաբնակվողները հիմնականում քաղաքաբնակներ են` Բաղդադից, Բասրայից, Մոսուլից:

Ներկայումս հայերի թիվը քրդական շրջաններում մոտ երկու հազար է: Քուրդիստանի հայերը համարվում են ինքնավարության լիիրավ քաղաքացիներ։ Քրդական իշխանությունները հայերին դիտարկում են որպես առանձին համայնք: Հայերի մասին հիշատակված է Քուրդիստանի սահմանադրության մեջ, համաձայն որի` Քուրդիստանի ժողովուրդը կազմված է քրդերից, արաբներից, թուրքմեններից, քաղդեացիներից, ասորիներից եւ հայերից: Էթնիկ փոքրամասնությունների համար երաշխավորվում են ազգային, մշակութային եւ վարչական իրավունքներ (ընդհուպ մինչեւ ինքնավարություն): Հայերենը հիշատակված է Քուրդիստանում օգտագործվող լեզուների շարքում: Նշենք, որ Իրաքի նոր սահմանադրության մեջ նույնպես հայոց լեզուն հիշատակվում է Իրաքում գործածվող այլ լեզուների կողքին, իսկ դրա ուսուցանումը սահմանադրությամբ պաշտպանվում է:

2009թ. Քուրդիստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ընտրական նոր օրենքի համաձայն, որն ամրագրում է քվոտաներ` ըստ էթնիկ պատկանելության: 111 տեղանոց խորհրդարանի անդամ դարձավ հայազգի Արամ Շահեն Դավուդ Բաքոյանը` ավզրուկցի: Վերջինս երկար տարիներ է, ինչ անդամագրված է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Արամ Բաքոյանը ժամանակին եղել է Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ։

Ի դեպ, ընտրությունների մասին օրենքում հայերի եւ քրիստոնյաների մասին խոսվում է առանձին-առանձին: Հայերին խորհրդարանում հատկացված է մեկ, իսկ թուրքմեններին եւ քրիստոնյաներին` հինգական տեղ: Բացի այդ, հայերը տեղեր ունեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում` Էրբիլում եւ Դոհուքում (մեկական):

Քրդերի հարաբերությունները քրիստոնյաների, այդ թվում` հայերի հետ բարիդրացիական են, սակայն շատ դեպքերում քրդերը քրիստոնյաների հետ կապված քաղաքական շահեր են հետապնդում: Հատկանշական է, որ քրդերը հայերին բնակեցնում են Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում: Հայերին առաջարկվել է բնակվել նաեւ Նինվեի դաշտավայրում, շրջան, որը վիճարկվում է արաբների եւ քրդերի կողմից, որտեղ ներկա պահին զգալի թվով քրիստոնյա բնակչություն կա, սակայն մուսուլմանները մեծամասնություն են3:

Ամեն պարագայում, ներկա փուլում քուրդ-հայկական հարաբերություններում առկա են դրական միտումներ: Փաստորեն, հայկական բնակավայրերի ձեւավորման գործընթաց է սկսվել քրդաբնակ շրջաններում, որոնք հայապահպանության տեսանկյունից նոր նշանակություն են ձեռք բերել: Հատկանշական է, որ Սիրիայի եւ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում նույնպես բնակվում են հայեր, որոնց հիմնական շերտերը քրդախոս են:

1Այն բանից հետո, երբ 2008-ի վերջին իրաքյան քրդերը ռազմական օպերացիա իրականացրին ՔԲԿ-ի զինյալների նկատմամբ, Թուրքիան սկսեց բանակցային գործընթացը քուրդ պաշտոնատարների հետ` չնայած քրդական անկախ պետության հռչակման հարցում ունեցած մշտական մտահոգությանը: Նշենք, որ ՔԲԿ-ի հետ քրդական կուսակցությունները խորքային հակասություններ ունեն:

22010թ. հունիսի սկզբին 70 պատգամավորական մանդատ ստացած շիական իրանամետ Իրաքի ազգային դաշինք խմբավորման հետ միավորվելու մասին հայտարարեց գործող վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի Օրենքի պետություն դաշինքը (89 մանդատ): Ամենաշատ ձայներ (91) հավաքել է նախկին վարչապետ Այադ Ալավիի Ալ-Իրաքիյա դաշինքը, որը ներկայացնում է թե՛ սուննի, թե՛ շիա` ավելի աշխարհիկ շրջանակների հետաքրքրությունները:

3Առանձին տեղեկությունների համաձայն` քրդական շրջանակներն առաջ են քաշել Նինվեի նահանգը քրիստոնեական ինքնավարություն դարձնելու գաղափարը` ըստ ամենայնի նպատակ ունենալով շրջանն ավելի հեշտությամբ ներառել Քուրդիստանի կազմում: Սակայն նշված գաղափարին, ընդհանուր առմամբ, քրիստոնյաները դեմ են, որոնք համոզված են, որ նմանօրինակ զարգացումների դեպքում իրենց նկատմամբ լարվածությունն առավել կմեծանա: Այդ տեսանկյունից պատահական չէին 2008-ին Մոսուլում քրիստոնյաների դեմ կազմակերպված բռնությունները, որից հետո շրջանը լքեցին 12 հազար քրիստոնյաներ, այդ թվում` հայեր: Թեեւ դեպքերի պատճառները լիովին պարզված չեն, սակայն դրանք, ըստ ամենայնի, միտված էին Իրաքում քրիստոնյաների իրավունքների հնարավոր առաջխաղացումը կասեցնելուն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր