• am
  • ru
  • en
Версия для печати
24.07.2017

«ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»

Руский

   

Գագիկ Տերտերով
Փորձագետ

ԶԼՄ-ում կիրառվող կանոնները և միջոցները համալիր օգտագործման պարագայում թույլ են տալիս կյանքի կոչել ցանկացած գաղափար, նույնիսկ այն ընդունել օրենսդրորեն։ Մասնավորապես, հայտնի է Մաքկինակ (Mackinac Center) ՈւԿ աշխատակից Ջոզեֆ Օվերթոնի առաջարկած համոզման մեթոդը, որը ստացել է «Օվերթոնի պատուհան» անվանումը1։ Ըստ Օվերթոնի՝ հասարակությունում յուրաքանչյուր գաղափարի կամ խնդրի համար գոյություն ունի այսպես կոչված «հնարավորությունների պատուհան»։ Այդ «պատուհանի» սահմաններում, օրինակ, ինչ-որ գաղափար հնարավոր չէ քննարկել կամ առավել ևս բացահայտ սատարել։ «Տեղաշարժելով» այդ «պատուհանը»՝ կարելի է այնպես փոխել «հնարավորությունների հովհարը», որ նախկինում հանրության կողմից կտրականապես չընդունվող գաղափարը, հետևողական և քողարկված տեղեկատվական գործողությունների արդյունքում, մտնի «ակտուալ քաղաքականության» օրակարգ։ Իսկ երբ հասարակությունը դա սկսում է ընկալել որպես կարևոր խնդիր, այդ գաղափարին կարելի է տալ նաև օրենքի տեսք։ Ինչպես տեսնում ենք, դա ոչ թե փոքր-ինչ պարզունակ «ուղեղների լվացում» է, այլ ավելի նուրբ տեխնոլոգիա։

«Օվերթոնի պատուհանի» արդյունավետ գործելու օրինակ կարող է հանդիսանալ միասեռական հարաբերությունների օրենսդրական ամրապնդումը, մասնավորապես, ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Միասեռականների նկատմամբ նախկինում բացասական մոտեցում ուներ քրիստոնեական եկեղեցին։ Սակայն հասարակություններում այդ խնդրին առանձնապես մեծ ուշադրություն չէր դարձվում՝ համարելով դա մարգինալներին2 բնորոշ վարքագիծ, ո՛չ ավելին։ Սակայն սկիզբ առան տեղեկատվական հետևողական և սաստկացող գործողություններ, որոնցում շատ էին գիտական հիմնավորումները և համապատասխան բովանդակություն ունեցող գեղարվեստական գրականությունը և կինոնկարները։ Հատուկ շեշտադրվում էր այն հանգամանքը, որ տոտալիտար Երրորդ ռեյխում և ԽՍՀՄ-ում միասեռականների նկատմամբ դրսևորվում էր անհանդուրժողականություն, նրանք հալածվում էին։ Արդյունքում՝ միասեռականների խնդիրը հասարակությունում ակտուալացվեց, լեգալացվեց և տեղափոխվեց մարդու իրավունքների հարթություն։ Մնացածը, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի խնդիր էր. այսօր սովորական երևույթ են այն հեռուստակադրերը, երբ եկեղեցիներում կատարվում են ամուսնություններ տղամարդկանց (կամ կանանց) միջև։ Ավելին, մարգինալ են ընկալվում նրանք, ովքեր չեն ընդունում նման մոտեցումները։ Գրեթե նույն մեխանիզմով ընթացավ նաև «թեթև թմրանյութերի» օրինականացումը, որոնք այսօր մի շարք երկրներում ազատ վաճառքում են և նույնպես դիտարկվում են մարդու իրավունքների համատեքստում։

Համաձայն փորձագիտական գնահատականների, և՛ համասեռամոլության, և՛ թմրանյութերի լեգալացման խնդրում կարևոր դերակատարում ունեն խոշոր անդրազգային կոմերցիալ կառույցները։ Թմրանյութերի վաճառքի և սեռական ծառայությունների շրջանառությունն այսօր հասնում է տրիլիոնավոր դոլարների, իսկ թմրանյութերի և համասեռամոլության տարածումը լայնացնում է համապատասխան բիզնես կառույցների շուկան, մեծացնում նրանց շահույթը։ Միևնույն ժամանակ, այս ոլորտների զարգացումը կրում է նաև գաղափարախոսական երանգ, քանի որ արդի գերազատականացված հասարակություններում, որոնք որակում են անգամ որպես «տոտալիտար ազատական հասարակություններ», սպառողական նոր հնարավորությունների ձևավորումը նպաստում է այդ հասարակությունների ավելի նպատակաուղղված կառավարմանը։

Ինչպես տեսնում ենք, ԶԼՄ-ի կողմից կիրառվող ազդեցության ձևերն ու հնարքները բազմազան են և կարող են օգտագործվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ տարբեր համադրություններով, ինչն էապես սահմանափակում է լրատվության շարքային սպառողների կողմից ճշմարիտ, ընթացող իրողություններին համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ Այս համատեքստում տրամաբանական է, որ ստեղծվել են հատուկ մեթոդներ, որոնք օգնում են տարբեր ոլորտների վերլուծաբաններին «վերծանել» ԶԼՄ տրամադրած տեղեկատվությունը և այդպիսով ադեկվատ պատկերացումներ կազմել իրականության վերաբերյալ։ Նման մեթոդներից է, մասնավորապես, «կոնտենտ վերլուծությունը»։

1 http://www.mackinac.org/overtonwindow

2 Մարգինալ (լատ. margo - ծայր, սահման) - ծայրամասում գտնվող, աննկատելի, անցումային վիճակում գտնվող։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր