• am
  • ru
  • en
Версия для печати
22.06.2006

Միացյալ Նահանգներ. նոր հիմնախնդիրներ

Руский

   

Գագիկ Տերտերյան

Մայիսի 1-ին Չիկագոյում նշվեց Աշխատավորության տոնը, որին մասնակցեցին գործադուլ հայտարարած 400.000-ից (համաձայն ոստիկանության տվյալների) մինչև 700.000 (ըստ լրատվամիջոցների) ցուցարարներ։ Վերջիններիս մեծամասնությունը կազմում էին իսպանախոս ամերիկացիները` լատինոսները (բնորոշ է, որ ներկայումս ԱՄՆ-ում տարածում է գտնում անգլոսաքսերին բնութագրող «անգլոս» արտահայտությունը)։ Սակայն ցուցարարների մեջ քիչ չեն եղել նաև սլավոնները, սևամորթները և ոչ անգլոսաքսոն այլ ազգերի ներկայացուցիչները։ Կատարվածը ԱՄՆ նորագույն պատմությունում չունի իր նախադեպը։ Համաձայն Չիկագոյում բնակվող, այդ քաղաքի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դեռլուգյանի` ցույցի մասին տեղեկատվությունը ԱՄՆ գլխավոր լրատվամիջոցներում լայնորեն չի լուսաբանվել և չի քննարկվել. այդ բողոքի ակցիան քննարկվել է միայն իսպանախոս ԶԼՄ-ում և, այսպես կոչված, «ինտելեկտուալների» համար նախատեսված ամսագրերում. այսինքն` ամերիկյան իշխանությունները և վերնախավը ձգտում են, որպեսզի լատինոսների հետ կապված խնդիրները լայն հասարակական հնչողություն չստանան։ Նշենք նաև, որ մայիսմեկյան ցույցը լատինոսների կազմակերպած երկրորդ միջոցառումն էր. համաձայն ռուսաստանյան լրատվամիջոցների, մեկ ամիս առաջ նրանք Չիկագոյում արդեն իսկ կազմակերպել էին բազմահազարանոց երթ։

Հատկանշական է, որ այժմ լատինոսները փորձում են հասնել նրան, որ ամերիկյան հիմնը կատարվի նաև իսպաներեն, և ամենուր կազմակերպում են հիմնի իսպանալեզու տարբերակի կատարումները։ Այդ առաջարկի դեմ, որը փաստորեն խորհրդանշում է 2-րդ պետական լեզվի ներդրում, կոշտ է արտահայտվել նախագահ Բուշը («ամերիկացիները պարտավոր են տիրապետել անգլերենին»)։

Իսպանախոս ամերիկացիների հետ կապված զարգացումները ԱՄՆ-ում ընթանում են գրեթե այն սցենարով, որը ժամանակին ներկայացրել է Սեմյուել Հանտինգտոնն իր «Ով ենք մենք» աշխատությունում։ Համաձայն այդ քաղաքագետի (որն, ի դեպ, եղել է ռազմական հետախուզության աշխատակից և մասնակցել Վիետնամի պատերազմին)` դարիս կեսերին լատինոսները կազմելու են մեծամասնություն ԱՄՆ-ում և ձգտելու են ստեղծել իրենց առանձին պետությունը` մասնատելով Միացյալ Նահանգները։ Նկատենք, որ Հանտինգտոնի կողմից օգտագործված ժողովրդագրական տվյալները հիմնված են ամերիկյան մարդահամարային ծառայության հաշվարկների վրա. արդեն այսօր ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում է 98 մլն (296 մլն ընդհանուր բնակչությունից), որոնցից 43 մլն-ը լատինոսներ են, 40-ը` սևամորթներ, իսկ 2005-ին ԱՄՆ բնակչության աճի 50%-ը կայացել է եկվոր և նորածին լատինոսների շնորհիվ։

Ամերիկյան իշխանություններն ավելի քան լուրջ են ընդունում լատինոսների կողմից իրենց ուղղված մարտահրավերները և ձեռնարկել են հետևյալ գործնական քայլերը.

  • Ներգաղթողների վերաբերյալ ընդունվել է նոր օրենք, համաձայն որի` ԱՄՆ-ում անլեգալ բնակվողները (ոչ լեգալ ներգաղթողների թիվը հասնում է 12 միլիոնի) կարող են դատապարտվել երկարատև բանտարկության (բնականաբար, նման մոտեցումը ծանր հետևանքներ է ունենալու ոչ միայն լատինոսների, այլև մյուսների` մասնավորապես հայերի վրա)։ Նկատենք նաև, որ նահանգային և մասնավոր նախաձեռնությունների մակարդակով ԱՄՆ-ում վերականգնվում է առանձին ուսուցումը լատինոսների և սևամորթների համար։ Հիշենք, որ դաշնային մակարդակով ռասայական խտրականությունն արգելվել էր դեռևս 60-ականներին` սևամորթների խոշոր անկարգությունների հետևանքով ստեղծված ճգնաժամից դուրս գալու նպատակով։
  • Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ– Մեքսիկա (այս երկրից է մուտք գործում ԱՄՆ ոչ լեգալ իմիգրանտների հիմնական մասը) սահմանի երկայնքով (մոտ 1000-1200 կմ) պատ կառուցելու նախագծին (տեխնիկական միջոցներով հագեցած այդ կառույցի 1կմ-ն արժե մոտ $1-1.5 մլն)։ Նախագծի լրջության մասին է վկայում, մասնավորապես, այն փաստը, որ Պենտագոնը սկսել է մշակել հատուկ տիպի անօդաչու ինքնաթիռներ (այսպես կոչված` «դրոններ»), որոնք պետք է մշտապես վերահսկեն ամերիկա-մեքսիկական սահմանը։

Անշուշտ, վերոհիշյալ զարգացումներն ունեն իրենց օբյեկտիվ` ժողովրդագրական պատճառները։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ այդ գործընթացները սկսել են ստանալ նաև որոշակի միջազգային նշանակություն և արտաքին աջակցություն։ Ինչպես հայտնի է, Լատինական Ամերիկայում ձևավորվում է հակաամերիկյան ուղղվածություն ունեցող երկրների` Վենեսուելա, Կուբա, Բոլիվիա, յուրահատուկ կոալիցիա։ Բացառված չէ, որ այդ կոալիցիային միանան նաև այլ լատինաամերիկյան պետություններ. կախված մոտ ապագայում սպասվող ընտրություններից` նման ուղի կարող են ընտրել նաև Պերուն և Նիկարագուան։ Հարավային Ամերիկայում ընթացող զարգացումների համատեքստում ուշադրության արժանի են տնտեսական մեծ առաջընթաց ապրող Բրազիլիայի միջուկային ծրագիրը և այդ երկրի «միջուկային տերությունների ակումբի» անդամ դառնալու հավակնությունը։ Դժվար է պատկերացնել, որ թվարկված երկրներն իրենց հակաամերիկյան գործունեությունում հաշվի չեն առնում այն մարդկային ռեսուրսները, որոնց իրենք տիրապետում են բուն ԱՄՆ-ում` ի դեմս այս կամ այն չափով ազգակից իսպանախոս ամերիկացիների։ Հիշենք, որ ժամանակին նման տիպի քաղաքական տեխնոլոգիաներ ԱՄՆ-ի նկատմամբ կիրառում էր Ֆիդել Կաստրոն. ամերիկյան լատինոսները 60-ականներին հաճախ էին կազմակերպում ցույցեր` ի պաշտպանություն «Ազատության կղզու»։ Այսինքն` պետք է կարծել, որ իսպանախոս ամերիկացիների շարժումը ԱՄՆ-ում պետք է որ աջակցվի Հարավային և Կենտրոնական Ամերիկայի վերը թվարկված երկրների ղեկավարությունների կողմից։

Վերոհիշյալի համատեքստում պետք նաև հաշվի առնել, որ հարավամերիկյան երկրների հակաամերիկյան գործողություններն իրենց արձագանքն են գտնում Եվրոպայում` Իսպանիայում և Պորտուգալիայում (ժամանակին Իսպանիան մշտապես սատարում էր կոմունիստական Կուբային միջազգային բոլոր ատյաններում)։

Սակայն այսօր ավելի կարևոր են երկու այլ հանգամանքներ.

  • Հարավային Ամերիկայում նկատվող հակաամերիկյան միտումները հայտնվել են Չինաստանի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Առաջինը հսկայական ֆինանսական ներդրումներ է կատարել Վենեսուելայում (ավելի քան $500 մլն) և Կուբայում (մոտ $500 մլն)` հետապնդելով էներգետիկ անվտանգության (Վենեսուելայի պարագայում) և զուտ քաղաքական (Կուբայի դեպքում) խնդիրներ։ Իսկ Ռուսաստանը, որը ԽՍՀՄ տարիներին այդ աշխարհամասում ուներ բավական մեծ ազդեցություն, փորձում է վերականգնել իր դիրքերը` ակտիվորեն զենք վաճառելով այդ երկրներին։
  • ԱՄՆ–Իսլամական աշխարհ ընթացող հակամարտության համատեքստում` հարավամերիկյան երկրների նախաձեռնություններին դրական մոտեցում են սկսել ցուցաբերել Իրանը և արաբական աշխարհի մի շարք երկրներ։ Կարելի է ասել, որ միմյանցից քաղաքակրթորեն էապես տարբերվող այդ երկրներին միավորում է ԱՄՆ-ից դժգոհությունը և առկա էներգետիկ ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու ցանկությունը։ Անշուշտ, այս ամենն առաջացնում է ԱՄՆ դժգոհությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, Պետական դեպարտամենտի համապատասխան հայտարարություններում։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ չնայած ԱՄՆ ջանքերին` քաղաքական մերձեցումը լատինաամերիկյան և իսլամական աշխարհի երկրների միջև շարունակվում է£

Այսպիսով` փաստենք հետևյալ իրողությունները.

  • ԱՄՆ-ը, որը նախկինում համարվել է «ժողովուրդների ձուլման կաթսա», դադարել է լինել այդպիսին, ինչը պայմանավորված է այդ տերության մշակութային, քաղաքակրթական ռեսուրսների անբավարար լինելով (այդ մասին ուղղակիորեն վկայում են ամերիկյան իշխանությունների կողմից կիրառվող զուտ վարչարարական մեթոդները` ներգաղթողների դեմ ուղղված օրենքը և Մեքսիկայի սահմանին կառուցվող պատը)։ ԱՄՆ-ում բնակվող ազգերը` հատկապես լատինոսները, ձգտում են ձևավորել պայմաններ, որոնք թույլ կտան նրանց պահպանել իրենց ազգային ինքնությունը։ Նկատենք, որ իսպանախոս ամերիկացիների շարժումը, ի տարբերություն սևամորթների, տիրապետում է լուրջ ռեսուրսների ե՛ւ ազգային-մշակութային, ե՛ւ արտաքին քաղաքականության հարթություններում (հաշվի առնելով նրանց համերաշխությունը Հարավային Ամերիկայի և եվրոպական որոշ երկրների ժողովուրդների հետ)։ Այսպիսով, լատինոսների խնդիրն աստիճանաբար վերաճում է ԱՄՆ-ի համար լուրջ ներքին հիմնախնդրի, որի հստակ լուծումներն առայժմ չեն նշմարվում։
  • Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրները մշտապես գտնվել են ԱՄՆ վերահսկողության տակ (դեռևս 19-րդ դարում ընդունված ԱՄՆ առաջին քաղաքական հայեցակարգը Մոնրոյի դոկտրինն էր, համաձայն որի` Լատինական Ամերիկան հռչակվում էր ԱՄՆ մենատիրական ազդեցության գոտի): Ներկայումս ԱՄՆ գլխավորապես ուժային միջոցների վրա հիմնված քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հարավային Ամերիկայում ձևավորվում է հակաամերիկյան ուղղվածություն ունեցող երկրների մի ամբողջ համախումբ։ Այդ երկրները ստանում են համակարգված աջակցություն ԱՄՆ քաղաքականությունից դժգոհ այլ երկրներից` Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից և արաբական որոշ երկրներից։
  • Վերոնշյալ խնդիրների տեսակարար կշիռն ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականությունում գուցե և այնքան էլ մեծ չէ։ Սակայն դրանք գումարվում են ԱՄՆ հայտնի հիմնախնդիրներին Մերձավոր և Միջին Արևելքում, Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում ու մասամբ Եվրոպայում։ Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ը արդեն չի կարողանում արդյունավետ վերահսկել գործընթացները ողջ աշխարհով մեկ։ ԱՄՆ-ը դադարել է լինել միակ գլոբալ գերտերությունը, և տեղեկատվական հոսքերից ձևավորվող ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այս իրողությունը սկսել է ընկալվել թե՛ ամերիկյան, թե՛ այլ երկրների քաղաքական ղեկավարությունների կողմից։

Միևնույն ժամանակ, վերոհիշյալ հանգամանքները պարունակում են նաև որոշակի պատմական և աշխարհայացքային տարրեր։ Գլոբալ քաղաքական հարթությունում ձևավորվում է մի իրավիճակ, երբ անգլոսաքսոնյան գաղափարախոսական-քաղաքակրթական մոդելը հակամարտության մեջ է մտնում մնացյալ աշխարհի գրեթե բոլոր հիմնական քաղաքակրթությունների հետ` իսլամական աշխարհի, սլավոնական ուղղափառ քաղաքակրթության, չինական համակարգի, իսկ այժմ էլ` լատինական քաղաքակրթության հետ։

Նկատենք, որ այս վերջինի հետ հակամարտությունը սկսվել էր դեռևս 16-17-րդ դարերում և ավարտվել անգլոսաքսերի անվիճելի հաղթանակով։ Հակամարտությունը կարծես թե նորից թեժանալու միտում ունի, սակայն անգլոսաքսերի հաղթանակն այսօր դժվար է միանշանակ կանխատեսել։ Նախկինում, ինչպես և այսօր, անգլոսաքսերը գերազանցում էին իսպանախոսներին հիմնականում տեխնոլոգիական ոլորտում (տնտեսական և ռազմածովային բնագավառներում, արդյունաբերության մակարդակով, ներքին սոցիալական դաշտում և քաղաքական-դիվանագիտական, հետախուզական հարցերում)։ Ներկայումս նույնպես լատինական երկրները տեխնոլոգիապես զգալիորեն զիջում են ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային (բավական է հիշել Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմը)։ Սակայն նախկինում անգլոսաքսերը կարողանում էին ավելի համակողմանի ռազմավարություն վարել, և նրանց հարաբերություններն այլոց հետ չունեին հակասությունների այն աստիճանը, ինչ բնորոշ է ներկա ժամանակներին։ Ներկայումս «մնացյալ աշխարհի» մի զգալի մասը համերաշխ է լատինական աշխարհի հետ։ Այս վերջին հանգամանքը կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի զարգացումներում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր