• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2006

ԱՄՆ -ի և Իրանի ռազմավարությունների նոր երանգները Հարավային Կովկասում

Руский

   

Գագիկ Տերտերյան

Հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումներն այսօր ավելի շատ, քան նախկինում, փոխկապակցված են գլոբալ հարթությունում ընթացող զարգացումների հետ։ Այդ առումով և՛ վերջին պատերազմը ՄՄԱ տարածաշրջանում, երբ Իրանը` ի դեմս Հիզբալլահի, կարողացավ արդյունավետ հակազդել Իսրայել-ԱՄՆ ծրագրերին, և՛ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները նկատելի ազդեցություն ունեցան Հարավային Կովկասում կարևոր դերակատարում ունեցող տերությունների քաղաքականության վրա։

ԱՄՆ-Իրան-Ռուսաստան հարաբերությունների առանձնահատկությունները և «Աջակցիր երկրորդին» հայեցակարգի կիրառումը. Ինչպես հայտնի է, ԱՄՆ քաղաքականությունը վերջին շրջանում լուրջ հակազդեցություն է ստանում եվրասիական երկրների` Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից։ Նկատելի է նաև, որ այդ հակազդեցությունը ժամանակի ընթացքում ավելի համակարգված բնույթ է ստանում։ Նման համակարգումը, բացի երկկողմանի խորհրդատվություններից, իրագործվում է նաև Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) ձևաչափում։ Ամերիկյան ռազմավարությունը նախագծողների համար ստեղծված իրավիճակը որոշակի ռիսկեր է պարունակում, և այդ պատճառով «եվրասիական նախագծի» խարխլման խնդիրը հրատապ նշանակություն է ձեռք բերել։ Այդ միտումն արտահայտվում է նաև Հարավային Կովկասում, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է ձևավորել հակասությունների դաշտ Ռուսաստան-Իրան հարաբերություններում։ Դրա համար օգտագործվում են Ռուսաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող խնդիրները պատմական (մինչ ռուսների մուտքը տարածաշրջանում գերակայում էին պարսիկները) և ընթացիկ (մասնավորապես, մրցակցություն էներգակիրների ոլորտում) հարթություններում։ Որպես ռազմավարություն ԱՄՆ-ը կիրառում է, այսպես կոչված, «Աջակցիր երկրորդին» դասական դոկտրինը, ըստ որի՝ կոնկրետ տարածաշրջանում իր ներուժով առաջինը հանդիսացող երկրի դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է աջակցել երկրորդ տեղը զբաղեցնող երկրին, Հարավային Կովկասի պարագայում` Իրանին։

Այդ առումով հատկանշական է ԱՄՆ-ի դիրքորոշումը տարածաշրջանային էներգետիկ նախագծերի նկատմամբ։ Հայտնի է, որ 1990-ականների կեսերին ԱՄՆ-ը, ելնելով Իրանին մեկուսացնելու ռազմավարությունից, բացասաբար էր մոտենում Իրան-ՀՀ գազատարի նախագծին, ինչն էլ դրա կառուցման հետաձգման հիմնական պատճառներից մեկը հանդիսացավ։ Այն տարիներին Ռուսաստանը կազմալուծման եզրին էր և չէր դիտարկվում որպես հնարավոր գերակայող ուժ տարածաշրջանում։ Ներկայումս ամերիկացիները վերանայել են իրենց վերաբերմունքը։ Որպես հիմնական խնդիր տեսնելով Ռուսաստանի հարաճող ազդեցությունը՝ նրանք համաձայն են Իրանի ներկայությանը, քանի որ այդ գազատարը հակասում է ռուսաստանյան շահերին։

Վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ը դրական է գնահատում Թբիլիսի-Թեհրան կապերի բարելավումն էներգակիրների խնդրում, քանի որ այդպիսով նվազեցվում է Վրաստանի էներգակախվածությունը Ռուսաստանից. ինչպես հայտնի է, այս ձմռանը ռուսական գազատարի պայթեցումից հետո Իրանը որոշակի քանակությամբ գազ մատակարարեց Վրաստանին1։

Հատկանշական է, որ էներգակիրների ոլորտում ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարությունը ենթադրում է գազը և նավթը Արևմուտք արտահանել Ադրբեջանից և Ղազախստանից` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը։ Սյդ համատեքստում պետք է սպասել ԱՄՆ-ի հակազդեցությանն այն նախագծերին, որոնք նախատեսում են Իրան-ՀՀ գազամուղի շարունակությունը մինչև Եվրոպա՝ այդ տարբերակի դեպքում օգտագործելով Ռուսաստան-Իրան հակասությունները։ Այս ամենի համատեքստում պետք է բնականոն համարել դիվանագիտական այն խուսանավումները, որոնք կատարում է Մոսկվան ՄԱԿ-ում Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ընթացող գործընթացներում (տե՛ս հավելվածը)։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Չուրկինը չի բացառում, որ իր երկիրը կողմ կքվեարկի այդ բանաձևին, եթե հանվեն ամերիկյան պատժամիջոցները ռուսաստանյան ավիաընկերությունների դեմ։

Միևնույն ժամանակ, ռազմավարական հարթությունում ամերիկյան և իրանական մոտեցումները Հարավային Կովկասում ունեն ընդհանուր եզրեր։ Իրանը, ելնելով միջուկային ծրագրի շուրջ իր համար շահեկան զարգացումներից և հաջող ավարտված Իսրայել-Հիզբալլահ պատերազմի արդյունքներից, աստիճանաբար ձեռք է բերում տարածաշրջանային գերտերության զգացում, որը պետք է գերակայության հասնի ոչ միայն ՄՄԱ, այլև հարավկովկասյան տարածաշրջաններում և մասնավորապես ՀՀ-ում։ Այդ տեսանկյունից Իրանը դրական է ընկալում ԱՄՆ-Ռուսաստան տարածաշրջանային մրցակցությունը՝ ջանալով օգտագործել նրանց միջև եղած հակասությունները և այդպիսով փորձելով նրանց դուրս մղել տարածաշրջանից։ Այս համատեքստում բնորոշ է, որ ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացմանը հետևեց Թեհրանի հայտարարությունը Մոսկվայի հետ Թբիլիսիի հարաբերությունները հարթելու ցանկության մասին։ Այս հանգամանքը, Իսլամական կոնֆերանսի ձևաչափում ԼՂՀ վերաբերյալ ադրբեջանական կողմնորոշումը (ինչը, ի դեպ, հակասում է ազատագրված տարածքներում խաղաղապահների տեղակայման դեմ Թեհրանի կտրուկ հայտարարություններին) նույնպես նոր երանգներ են Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում։

ՀՀ-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ. ՀՀ-ում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչները զգալ են տալիս, թե իրենք բավարարված են Իրան-ՀՀ գազատարի կառուցման ընթացքով և կարծում են, որ դրա բացումը երկու երկրների նախագահների մասնակցությամբ կկայանա 2007-ի սկզբին2։ Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ էներգակիրները միակ «ապրանքը» չեն, որ պետք է հետաքրքրեն կողմերին, և առաջարկվում է մտածել ՀՀ-Իրան համագործակցության նոր հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում։ Այդ առաջարկը կարող է հեռանկարներ ունենալ, քանի որ Իրանում այդ ոլորտը նույնպես ակտիվորեն զարգանում է և ՀՀ համապատասխան ընկերությունները կարող են շահավետ փոխհամագործակցություն հաստատել իրանական գործընկերների հետ։

ՏՏ ոլորտում ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացումը, հաշվի առնելով ՀՀ կիսաշրջափակված իրավիճակը, թերևս հրատապ խնդիր է։ Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ՏՏ ընկերությունները հիմնականում կողմնորոշված են դեպի ԱՄՆ։ Միայն վերջերս (նկատի ունենալով «Սինոպսիս» ընկերության ջանքերը) կատարվում են որոշակի քայլեր՝ ուղղված Ռուսաստանի և Բելառուսի միկրոռադիոէլեկտրոնային ընկերությունների հետ կապեր հաստատելուն։ Այդպիսով որոշակի տնտեսական կապեր կարող են հաստատվել Մոսկվա-Մինսկ-Երևան-Թեհրան գծով։ Ելնելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների նոր որակից՝ այդ հարցում, թերևս, հնարավոր է խուսափել ամերիկյան հակազդեցությունից, քանի որ իրենք՝ ամերիկացիներն ունեն որոշակի շահագրգռվածություն Թեհրանի հետ կապերի նոր խողովակներ ստեղծելու ուղղությամբ։

1 Ինչպես հայտնի է, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով։ Հատկանշական է, որ Իրանի ԱԳ նախարար Մանուշար Մոթաքին այդ կապակցությամբ հայտարարեց, թե այդ գլխավորապես էներգետիկ ոլորտում համագործակցությունը ուղղված է երրորդ երկրների դեմ՝ այդպիսով, սակայն, փաստելով Ռուսաստանի շահերի շրջանցումը։

2 Համաձայն «Հայռուսգազարդ»-ից ստացված տեղեկատվության, գազամուղի իրական շահագործումը հնարավոր է միայն 2007թ. ամռանը։


Հավելված

Իրանի նկատմամբ նախատեսված ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկի ամերիկյան տարբերակը

Միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ ուղղված միջոցառումներ

  • Այդ ծրագրերի հետ կապված ապրանքատեսակների և տեխնոլոգիաների օգտագործման բռնարգելք,
  • այդ ծրագրերում ընդգրկված ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների վճարային մուտքերի և բանկային տրանզիտային փոխանցումների սառեցում,
  • այդ ծրագրերի հետ կապված ֆիզիկական անձանց վիզաներ տալու և նրանց ճանապարհորդությունների արգելանք,
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցում,
  • այդ ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների համար կատարվող ներդրումների արգելանք,
  • արտասահմանում իրանցիների կողմից միջուկային և հրթիռային գործի ուսումնասիրության արգելանք։

Քաղաքական և տնտեսական միջոցներ

  • Երկկողմանի շփումների սառեցում կամ դադարեցում,
  • առանձին բարձրաստիճան պաշտոնյաների ու անձանց վիզաներ տալու և նրանց ճանապարհորդությունների արգելանք,
  • վարչախմբի հետ կապված կամ նրան մոտ կանգնած ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների վճարային մուտքերի սառեցում,
  • բռնարգելք զինատեսակների վրա,
  • նավթի և գազի կարգի հատուկ ապրանքատեսակների բռնարգելք,
  • Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելու համար Իրանին ցույց տրվող աջակցության դադարեցում,
  • որոշակի ուղղություններում համագործակցության ներդրումների արգելանք,
  • Իրանի ֆինանսական ինստիտուտների ակտիվների ընդհանուր սառեցում,
  • Իրանի հետ առևտրի և ներմուծումների ապահովագրությանը կառավարական աջակցության նվազեցում։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր