• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2011

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Գագիկ Տերտերյան

Մեզանում քաղաքական ընտրանու արդյունավետ գործունեությունը ենթադրում է փորձագիտական համարժեք սպասարկում։ Մասնավորապես, քաղաքական ղեկավարությունը պետք է հնարավորություն ունենա փորձագիտական-հետազոտական հանրությունից մշակումներ ստանալ հետեւյալի վերաբերյալ.

  • Հայաստանի եւ Հայության պատմության օրինաչափությունները եւ ուրույնությունը («անցյալի իմացություն»)։
  • Ազգային հանրության մտավոր-տնտեսական պոտենցիալը եւ հիմնախնդիրները` հաշվի առնելով Հայության մի մասի բազմամշակութայնության, տարալեզվության եւ տարադավանության գործոնը։
  • ՀՀ, ԼՂՀ եւ Ջավախքի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ ներքաղաքական իրավիճակը։
  • Տարածաշրջանում ռազմաքաղաքական գործընթացների բովանդակությունը եւ ուղղվածությունը։
  • Գլոբալ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, մակրոտնտեսական եւ սոցիալական գործընթացների տրամաբանությունը եւ միտումները (աշխարհակարգի համարժեք ընկալում)։
  • Ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում հնարավոր զարգացումները եւ սցենարները կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում («ապագայի իմացություն»)։

Նման աշխատանքը ենթադրում է բարձր կազմակերպվածություն եւ համապատասխան փորձագիտական հանրության առկայություն, ինչը հնարավոր է միայն ողջ Հայության ռեսուրսների համախմբմամբ, արդի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառմամբ։

Միաժամանակ, փորձագիտական-հետազոտական հանրության արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ազգային-քաղաքական ընտրանին.

  • հստակ ձեւակերպված նպատակներ է դնում, որոնց իրագործմանը պետք է ձգտի Հայությունը,
  • ձեւավորում է մտավոր ռեսուրսների անհրաժեշտ եւ օպտիմալ կազմակերպված «կրիտիկական զանգված»,
  • ապահովում է հակադարձ դրական կապը փորձագիտական հանրության եւ քաղաքական ընտրանու միջեւ։

Թվարկված խնդիրներից առանձնացնենք հետեւյալները, որոնց, չնայած դրանց հրատապությանը, այսօր, ըստ մեզ, պատշաճ ուշադրություն չի նվիրվում։

Հավանական ռազմաքաղաքական զարգացումների կանխատեսումը. Այս հիմնախնդիրը հատկապես հրատապ է, քանի որ Հայաստանը ներգրավված է տարածաշրջանային եւ գլոբալ բնույթի ռազմաքաղաքական գործընթացներում։ Այդպիսիք են.

  • Միջազգային հանրության կողմից ԼՂՀ կարգավիճակի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ այս համատեքստում` հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
  • Ջավախքի հիմնախնդիրը եւ դրա հետ կապված` տրանսպորտային հաղորդակցությունների, Վրաստանի եւ Ռուսաստանի բարդ փոխհարաբերությունների հարցերը։
  • Իրանի առճակատումն Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ, որն անմիջականորեն առնչվում է Հայաստանին։
  • Թուրքիայի քաղաքական եւ ազգային կողմնորոշումների ռադիկալացումը, քրդական խնդրի ակտուալացումը եւ այս համատեքստում` հարաբերություններն այդ երկրի հետ։

Ի հետեւանք տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական գործընթացներում նման ներգրավվածության` Հայաստանը խիստ զգայուն է այսօր տեղի ունեցող բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման գործընթացի նկատմամբ։ Հայտնի է նաեւ, որ բազմաբեւեռ համակարգը պակաս կոշտ եւ ավելի քիչ վերահսկվող կառուցվածք է, ուստի ավելի է հակված լոկալ հակամարտությունների եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի, այսինքն` այս պայմաններում ռիսկերը Հայաստանի համար շատ ավելին են։ Այսպիսով, ակնհայտ է, որ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է ինչպես ճշգրիտ իրավիճակային կանխորոշում, այնպես էլ ապագայում հնարավոր զարգացումների գնահատական, միտումների բացահայտում, կանխատեսում եւ սցենարների կազմում։

Հասարակական հնարավոր փոխակերպումների կանխատեսումը. Գլոբալ քաղաքական իրողությունների փոփոխությանը զուգահեռ` արդի աշխարհում խոշոր փոփոխություններ են տեղի ունենում հասարակական ոլորտում։ Հիմնականում պերմանենտ ընթացող տեղեկատվական-հաղորդակցական հեղափոխության շնորհիվ փոխվում է միջանձնային, հասարակական, ներազգային եւ միջազգային հարաբերությունների բովանդակությունը։

Այսօր տեղի է ունենում նաեւ ժողովրդավարական հասարակությունների անցում «պոստդեմոկրատական» կացութաձեւի, որտեղ նկատվում է պետության դերի նվազման եւ խոշոր բիզնեսի ազդեցության բարձրացման միտում։ Որպես այդ գործընթացների հետեւանք` Ինտերնետի գլոբալացված ցանցային հանրություններում ի հայտ են գալիս ժողովրդավարության նոր, վիրտուալ ձեւեր եւ տեղի է ունենում «վիրտուալ մարդու» (homo virtualicus) ձեւավորումը։ Այս փոփոխությունները, ըստ որոշ հետազոտողների, կարող են անգամ հեղափոխական ձեւեր ընդունել, որոնց սաղմերն արդեն այսօր նկատում ենք ոչ միայն զարգացող երկրներում, այլեւ Եվրոպայում։ Ակնհայտ է, որ տեղի ունեցողը չի կարող էապես չազդել Հայության վրա, առանց աշխարհագրական սահմանափակումների։

Բնականաբար, նման դինամիկ պայմաններում հանրության եւ պետության արդյունավետ կառավարումը հնարավոր է միայն ազգային-հասարակական գիտակցության էվոլյուցիայի եւ փոխակերպման հիմնական ուղղությունների մասին տվյալների գործառմամբ։

Հետազոտությունների մեթոդիկայի վերաբերյալ. Վերոնշյալ բնագավառներում հետազոտությունները ենթադրվում է իրականացնել հետեւյալ կերպ.

  • Ազգային շահերի համատեքստում վերլուծել այլ առաջատար հետազոտական կենտրոնների կողմից արդեն իրականացված կանխատեսումներն ու սցենարները, որոնք վերաբերում են վերը նշված ոլորտներում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբի զարգացումներին։ Այս գործառույթները պետք է կատարի հատուկ ընտրված վերլուծաբանների խումբը։
  • Պատվիրել կանխատեսումային աշխատանքներ փորձագետների սահմանափակ թվով շրջանակի (յուրաքանչյուր բնագավառում ոչ ավելի, քան երկու հոգի), որոնք կընտրվեն նախապես որոշված չափանիշներով։ Նման մեթոդը, որը կիրառվում է ռեսուրսները խնայելու նպատակով, պայմանականորեն կարելի է անվանել «Դելփի ֆոկուս», քանի որ ի տարբերություն լիարժեք «Դելփի մեթոդի»` մեծ թվով փորձագետների մասնակցություն չի պահանջում։ Աշխատանքը կատարում են փորձագետներ Սփյուռքից եւ Հայաստանից` առաջատար համաշխարհային հետազոտական կենտրոնների համապատասխան մասնագետների ներգրավմամբ։
  • Ստացված արդյունքների տրամաբանական, համեմատական եւ կոնտենտ-վերլուծություն։
  • Արդյունքների կոմպլեքս քննարկում` օգտագործելով միջդիսցիպլինար մոտեցումները եւ «ուղեղային գրոհի» մեթոդները։
  • Քննարկումների հիման վրա կազմվում են ամփոփիչ փաստաթղթեր, եւ մշակվում է հայեցակարգ հետազոտությունների հաջորդ փուլի իրականացման համար։
  • Ամփոփիչ փաստաթղթերը եւ դրանց հիման վրա կազմված խորհրդատվություններն ու հետագա հետազոտությունների պլանները ներկայացվում են Հայաստանի եւ Հայության մակարդակով որոշումների կայացման համար պատասխանատու պետական եւ ազգային կառույցների ղեկավարներին։
  • Նյութերի մի մասը հրապարակվում է որպես տարեգիրք եւ լայնորեն տարածվում տեղեկատվական դաշտում (ելնելով «ապագայի ձեւավորման» հայեցակարգից` ապագայի կանխատեսումների մասին տեղեկատվության միջոցով)։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր