• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2013

ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ

   

Սեւակ Սարուխանյան
Քաղաքագիտության թեկնածու

Վերջին շրջանում Հայաստանում աշխուժացել են Իրանից էջան գազ գնելու մասին քննարկումները։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ քննարկում որպես այդպիսին չկա. կա համոզմունք, որ Իրանը հաստատակամ է Հայաստանին էժան գազ վաճառել, սակայն հայկական կողմը իրանական առաջարկը մերժում է։

Նման խոսակցություններն ավելի շատ սուբյեկտիվ, քան օբյեկտիվ հիմքեր ունեն։ Սուբյեկտիվ հիմքը հենց համոզմունք է. կա գազի գնի լուծման հրաշալի տարբերակ, որը տեսնում են բոլորը, բայց ոչ պետությունը։ Մի կողմ թողնելով պետությանը, որը, ինչպես շատերն են կարծում, աչքերը փակում է իրանական հեռանկարների առաջ, անդրադառնանք հենց իրանական գազին եւ դրա գնին։

Իրանական գազի գինը քննարկելիս, իհարկե, կարելի է անդրադառնալ Իրանից Թուրքիա կամ Նախիջեւան արտահանվող գազի գնին, սակայն սա անշնորհակալ գործ է. միանգամից կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ Հայաստանն ու Ւրանը դարավոր բարեկամներ են, եւ մեզ թուրքերի հետ նույն հարթությունում դիտարկել չի կարելի։

Իհարկե, չի կարելի, բայց լավ կլիներ պատկերացում կազմել, թե կոնկրետ ի՞նչն է համոզմունք առաջացրել, որ հարեւան Իրանը գազի գինը որոշելիս հիմք է ընդունելու հենց հայերի ու թուրքերի տարբերությունը եւ առանց շահույթ հետապնդելու սկսելու է Հայաստանի օգտին բարեգործությամբ զբաղվել։ Նման հիմքեր, գոնե այն մարդկանց համար, ովքեր պատկերացում ունեն Իրանի էներգետիկ քաղաքականության մասին, չկան։

Ես լավ եմ հիշում 2006 թվականը, երբ Թեհրանում էի ու բավականին մեծ միջոցառման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց. «Իրանը Արեւելքի երկիր է»։ Պարզ միտք է, սակայն այն արտահայտվեց Եվրոպա, թե՞ Ասիա գազի արտահանման հեռանկարների կոնտեքստում։ Իրանի նախագահը ասաց սա՝ նշելով, որ ինքը ավելի է հակված գազը արտահանել դեպի Պակիստան եւ Հնդկաստան, քան Եվրոպա, քանի որ արեւելյան երկրներին իրար են կապում ընդհանուր մշակութային արժեքներն ու ավանդույթները։ Գրեթե նույն կապի մասին կարելի է խոսել նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների ֆորմատում, ինչը եւ սիրում են անել տնտեսական կոնկրետ հարցերին սկզբունքային ու գաղափարական, բայց ոչ տնտեսական պատասխաններ տվող օպտիմիստները։

Եվ հենց այս տարբերակը՝ Իրան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցումը, իրանական գազի գնի մասին իրական պատկերացումներ է տալիս։ 2001 թվականից Իրանը, Պակիստանն ու Հնդկաստանը անընդմեջ բանակցում են գազատարի կառուցման նախագծի շուրջ եւ այդ բանակցությունների հիմնական թեման գազի գինն է։ Թեհրանը հրաժարվում է այն սահմանել միջազգային գներից ցածր՝ նշելով, որ գազի գինը նավթի գնի նման մի բան է, որը հաշվարկվում է ֆորմուլայով եւ փոփոխման ենթական չէ։ Եվ սա ասվում է այն պայմաններում, երբ գազատարի կառուցումն ու շահագործումը Թեհրանի համար կենսական նշանակության տնտեսական հարց է։ Գումարած նաեւ այն, որ ինչպես Իրանն ու Հայաստանը, այդպես էլ Իրանը, Հնդկաստանն ու Պակիստանը ունեն արժեքային ընդհանրություններ (անկախ քաղաքական կոնյուկտուրայից)։

Սակայն ընդհանրությունների խրախուսումը եւ դարավոր բարեկամությունն Իրանը չի պատրաստվում պաշտպանել ի հաշիվ գազի գնի իջեցման։ Ինչը, իհարկե, ցավալի, բայց իրական դիրքորոշում է։

Հենց այս կոնտեքստում գոնե ինձ համար զավեշտալի է, որ հանկարծ Իրանը կարող է գնալ Հայաստանի համար գազի գնի կտրուկ իջեցման՝ առիթ տալով հնդկական եւ պակիստանյան կողմերին քննարկելու էներգակրի գնի ձեւավորման մեխանիզմը։ Ինչ վերաբերվում է Իրանի դեսպանի հայտարարությանն այն մասին, որ մեկին գազը կարող է վաճառվել 400 դոլարով, մյուսին՝ 100, ապա այն դասական իրանական դիվանագիտական հայտարարություն է, որը, կրկնում եմ, որեւէ պրակտիկայով հաստատված չէ։ Իսկ Իրանի դեսպանից նեղանալ նման հայտարարության համար նույնն է ինչ նեղանալ Իրանից՝ 3000 տարվա ընթացքում ձեւավորված դիվանագիտական պրակտիկայի առկայության համար։

Սակայն այս պատմությունն ունի նաեւ օբյեկտիվ հիմքեր. մինչ օրս հայկական եւ իրանական կողմերը գնի շուրջ իրական բանակցություններ չեն վարել։ Էներգետիկայի նախարարի հայտարարությունն այն մասին, որ նման բանակցություններ շուտով կլինեն, գնահատում եմ որպես շատ դրական երեւույթ։ Ոչ այն պատճառով, որ դրանք որեւէ կոնկրետ արդյունքի կբերեն` բացասական արդյունքի պահով ես որեւէ կասկած չունեմ: Հակառակը` հենց այդ սպասվելիք բացասական արդյունքը կզսպի իրանական «անվճար» գազի մասին միֆաստեղծ քննարկումների տարածումը Հայաստանում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր