• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2015

ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.

Թեև իրանա-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ դրական սպասումները պահպանվում են, անկախ դրանց վերջնական արդյունքից՝ կարելի է փաստել, որ Թեհրանը բանակցային ընթացքից արդեն դրական արդյունքներ է ստացել։

2015թ. մարտին որոշակի հստակություններ կմտցվեն իրանա-ամերիկյան բանակցություններում, որոնց հիմնական հայտարարված նպատակն իսլամական հանրապետության միջուկային ծրագրի կարգավորումն է։ Ներկա դրությամբ պահպանվում են դրական սպասումներ բանակցություններից, թեև կարելի է փաստել, որ սպասումները հիմնված են հիմնականում ամերիկյան կողմի դրական տրամադրվածության քննարկման վրա։ Ակնհայտ է, որ Սպիտակ տունը սկզբունքային որոշում է կայացրել՝ Իրանի հետ բանակցություններն ավարտին հասցնել որոշակի դրական ընթացքով, սակայն չպետք է մոռանալ, որ բանակցություններն առնվազն երկկողմանի են, և այսօր չի կարելի համոզված խոսել դրանց երկրորդ կողմի՝ Իրանի դրական տրամադրվածության մասին։

Միջազգային հանրությունը հակված է ներիրանական քաղաքական գործընթացներն ու քննարկումները միջուկային ծրագրի շուրջ «թատերականացնել»՝ ներկայացնելով դրանք որպես խաղ՝ ուղղված Արևմուտքից ավելի մեծ զիջումների ստացմանը։ Սակայն իրական գործընթացը եթե ոչ ամբողջությամբ, սակայն որակական բազմաթիվ հատկանիշներով սուր հակամարտություն է ներկայացնում իրանական տարբեր քաղաքական, տնտեսական և կրոնական թևերի միջև։

Դրանց մի մասը շահագրգռված է Իրանի ապաշրջափակման և Արևմուտքի հետ հարաբերությունների գոնե մասնակի կարգավորման հեռանկարով, մյուս՝ ոչ պակաս ազդեցիկ մասը շահագրգռված է հակառակով. հակամարտությունն Արևմուտքի հետ դիտարկվում է որպես ներքին ռեսուրսների համախմբման և հստակ կառավարման մեխանիզմ, որն այսօր այլ գաղափարական կամ կազմակերպչական մատրիցայով փոխարինել հնարավոր չէ։

Սակայն անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն բանակցությունները Վաշինգտոնի հետ, պետք է նշել, որ բուն բանակցային գործընթացը Հասան Ռուհանիի կառավարության կողմից հաջող օգտագործվեց պետության անվտանգության համակարգի ամրապնդման և ազգային շահերի առաջմղման համար։ Դրական արդյունքներն ակնհայտ են։

Ահմադինեժադի բացասական ժառանգության ավարտը

Դժվար է գտնել մեկ այլ ժամանակակից օրինակ, երբ 1-1,5 տարվա ընթացքում նոր կառավարությունը կարողանար ձևավորել վարկանիշ, որը 180 աստիճանով տարբերվեր նախորդից ստացված ժառանգությունից։ Մ.Ահմադինեժադն Իրանը միջազգային հանրությանը ժառանգեց որպես ագրեսիվ պետություն, որը նպատակ ուներ ոչնչացնել Իսրայելը, պատրաստ էր սուր առճակատման բոլորի հետ, աջակցում էր արմատական գաղափարների քարոզման և հանրային մակարդակում կոշտ ձևով ճնշում և ոչնչացնում էր ներքին ընդդիմությանը։ Օգտագործելով միջուկային բանակցությունները՝ Հ.Ռուհանին կարողացավ ընդամենը մեկ տարվա ընթացքում վերջ դնել միջազգային հանրության կողմից (խոսքը ոչ միայն քաղաքական հանրության, այլ նաև հասարակության մասին է) Իրանի հանդեպ ձևավորված վերաբերմունքին։ Թեհրանը սկսեց հանդես գալ որպես փոխզիջման ձգտող, երկխոսության պատրաստ պետություն, որի նախագահը ցանկանում է դիմել «հեղափոխական» քայլերի՝ աշխարհի հետ համագործակցության վերահաստատման համար։ Սա կատարվեց այն պայմաններում, երբ երկրի ներսում գրեթե ոչինչ չփոխվեց․ չեն իրականացվել արմատական բարեփոխումներ, իսկ ընդդիմության առաջնորդներն ինչպես տնային կալանքի տակ էին, այնպես էլ շարունակում են գտնվել այնտեղ։ Տարածաշրջանային քաղաքականության առումով Իրանը նույնպես չհրաժարվեց ավանդական ձգտումից՝ դառնալ Մերձավոր Արևելքի դոմինանտ պետություն։ Պահպանվեց աջակցությունը Սիրիային և «Հիզբոլլահին», Իրանի ուժային կառույցները վերահսկողություն հաստատեցին նախկինում չեզոք հռչակված Իրաքի տարածքի նշանակալից մասի նկատմամբ։ Գումարվեց Եմենում իշխանության զավթումը Իրանի կողմից աջակցություն ստացող շիական խմբավորումների կողմից։ Այս ամենը հաջող դիվանագիտական աշխատանքի շնորհիվ միջազգային հանրության կողմից եթե չգնահատվեց էլ որպես դրական երևույթ, ապա սկսեց ընկալվել որպես «օբյեկտիվ» իրողություն։

Պատերազմի (առնվազն) հետաձգում

Պետության և նրա կառավարության նկատմամբ աշխարհում դրական վերաբերմունքի ձևավորման շնորհիվ Հասան Ռուհանիին հաջողվեց գրեթե վերացնել Արևմուտքի կողմից Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հեռանկարը։ Եթե Մ.Ահմադինեժադի հռետորաբանության պատճառով նման հարվածները կարող էին շատ թե քիչ ընկալելի դառնալ աշխարհում, ապա այսօր նման բան հնարավոր չէ։ Միջուկային բանակցությունները և ԱԳՆ ղեկավար Զարիֆի հմուտ քաղաքականությունը կարճ ժամանակում ստեղծեցին նոր Իրանի տեսլական, որի հետ ռազմական բախումը ոչ միայն վտանգավոր է, այլև անիմաստ և դատապարտելի։ Սրա արդյունքը եղավ այն, որ այսօր իրանական միջուկային ծրագրի ռազմական ճանապարհով կասեցման մասին խոսում է միայն Իսրայելը, իսկ այս հեռանկարի ավանդական աջակից Սաուդյան Արաբիան անգամ հանրային մակարդակով չի փորձում նման առաջարկություն անել՝ գիտակցելով դրա անընկալելի լինելու հանգամանքը։

ԵՄ «վնասազերծումը»

Միջուկային բանակցությունների ևս մեկ դրական արդյունք է ԵՄ-ում Իրանի նկատմամբ ավանդաբար բացասական տրամադրված պետությունների հետ հաշտեցման մթնոլորտի հաստատումը։ Խոսքն առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասին է, որոնք 2 տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի հարցում ունեին գրեթե նույն դիրքորոշումը, ինչ Իսրայելը։ Այս երկու պետությունների հետ ևս Թեհրանի աշխատանքը որակական արդյունքների է բերել։ Օգտագործելով բանակցությունները՝ Իրանը կարողացավ առաջ մղել այն տեսակետը, որ միջուկային ծրագրից մասնակի հրաժարումը հնարավոր է միայն երկրի նավթագազային սեկտորի որակական զարգացման շնորհիվ, իսկ այդ գործում անհրաժեշտ են եվրոպական ակտիվ գործընկերներ։ Նման գնահատականը, ինչպես և նախահաշվարկված էր, առաջացրեց ֆրանսիական և բրիտանական էներգետիկ ընկերությունների հետաքրքրությունը, որոնք սկսեցին Իրանի նավթագազային սեկտոր մուտք գործելու հնարավորություն տեսնել։ Արդյունքում՝ մի քանի ամսվա ընթացքում իրանա-ֆրանսիական և իրանա-բրիտանական բանակցությունները նավթի և գազի ոլորտում ստացան ինտենսիվ ընթացք, որի բնորոշիչն էր այն, որ Իրանը սպասում է ձեզ, սակայն սպասենք միջուկային բանակցությունների ավարտին։ Բազմամիլիարդանոց պայմանագրերի հեռանկարը լուրջ փոփոխություններ մտցրեց Փարիզի և Լոնդոնի դիրքորոշման մեջ, որոշ դեպքերում՝ նաև հեղափոխական. երբ Մեծ Բրիտանիան խնդրում է Իսրայելին չխանգարել Իրանի հետ բանակցություններին։

Այսպիսով, անկախ այն բանից, թե ինչպես կավարտվեն միջուկային բանակցությունները, կարելի է նշել, որ Թեհրանը դրանցից ստացավ առավելագույն հնարավորն այս փուլի համար, իսկ այդ հնարավորը հսկայական է և կարող է գնահատվել որպես լուրջ դիվանագիտական հաղթանակ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր