• am
  • ru
  • en
Версия для печати
20.04.2015

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Ներածություն

Չնայած արմատացած այն պատկերացմանը, թե արդի աշխարհում կապիտալի և մարդկանց տեղաշարժը բնական և վերազգային երևույթ է, որը չի ազդում երկրի զարգացման պոտենցիալի վրա, մի շարք պետությունների փորձն ու զարգացման ռազմավարությունները ցույց են տալիս, որ մարդկային կապիտալի համար արված ներդրումներն անհրաժեշտ պայման են պետության ապագայի և նրա տնտեսության համար։ Որքան էլ տարօրինակ է, բայց նման ռազմավարություն որդեգրում են ոչ այնքան դեմոկրատական ինստիտուտների զարգացած համակարգ ունեցող երկրները, որքան նրանք, որոնք ունեն ավելի ավանդական ռեժիմներ։ Այդպիսին են, օրինակ, Իրանը և Սաուդյան Արաբիան։

Թեև Հայաստանի իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ համեմատական վերլուծություններն անցկացվում են հիմնականում նախկին ԽՍՀՄ այլ երկրների տվյալների համադրման միջոցով, այնուամենայնիվ, նման մոտեցումը զուտ գիտական տեսանկյունից «մաքուր» չես անվանի, քանի որ համադրման ինդիկատորները միշտ չէ, որ արտացոլում են իրադրությունը։ Օրինակ, Հայաստանի և Վրաստանի համեմատական վերլուծությունը հաշվի չի առնում Արևմուտքում մեծաթիվ հայ սփյուռքի առկայության փաստը, որը չօգտագործված հսկայական պոտենցիալ ունի։ Ադրբեջանի հետ համեմատությունը հաշվի չի առնում երկու երկրների միջև կրոնական տարբերության գործոնը, որն արդի աշխարհում ոչ միայն կարևոր էթիկական, այլ նաև տնտեսական և քաղաքական դեր է խաղում։

Տարածաշրջանային երկրների ազգային զարգացման փորձը դիտարկելու համար որպես հետազոտության և համադրման հիմք վերցրել ենք ոչ թե ազգաբնակչության թվաքանակը, ոչ թե երկրի մեծությունը, ոչ թե կրոնն ու եկամուտները, այլ ուրիշ ինդիկատոր՝ զարգացման՝ մարդկային կապիտալի լայն օգտագործման վրա հիմնված ազգային ռազմավարության առկայությունը։ Նման ռազմավարության առկայության տեսակետից ըստ մեծ տարածաշրջանի առանձնանում են Հայաստանի երկու հարևանները՝ Իրանը և Սաուդյան Արաբիան։ Վերջինի փորձը կարևոր է նաև նրանով, որ ցույց է տալիս հետևյալը. երկրի չափազանց ավտորիտար բնույթը միշտ չէ, որ նշանակում է երկրի և մարդկային կապիտալի զարգացման պահպանողական ծրագրի առկայություն։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա այստեղ մարդկայի կապիտալի՝ որպես երկրի ու հասարակության զարգացման գործիքի զարգացման ռազմավարություն չկա։ Ադրբեջանում, օրինակ, զարգացած է արևմտյան բուհերում երկրի քաղաքացիների ուսուցման ֆինանսավորման ինստիտուտը, բայց այդ ռեսուրսը երկրում համակարգված չի օգտագործվում։ Նույնը մասամբ վերաբերում է նաև Հայաստանին, որի «Լույս» հիմնադրամը, որը սատարում է կրթությանը, եթե ֆինանսավորում էլ է արտասահմանում Հայաստանի քաղաքացիների ուսուցումը, միևնույն է՝ ոչ մի կերպ չի օգտագործում ստացված արդյունքը՝ ազգային տնտեսության և առհասարակ հասարակության մեջ ներդնելու համար։

Իսկ այն երկրները, որոնց մասին խոսելու ենք ստորև, ունեցել են և ունեն մարդկային կապիտալի համար ներդրումներ անելու զարգացած ռազմավարություն՝ հետագայում այն տնտեսության զարգացման, դրա «ազգայնացման» և առաջընթացի գործընթացում օգտագործելու նպատակով։

1. Իրան. մարդկային կապիտալի արդիականացումը և զարգացումը

Իրանի շահի «սպիտակ հեղափոխությունը» 1962թ. բավական հստակ տարածաշրջանային ֆոն ուներ՝ հեղաշրջումներն Իրաքում և Թուրքիայում, որտեղ սոցիալ-քաղաքական ընդվզումը և բանակային ղեկավարության նկրտումները հանգեցրին կառավարության անկմանը։ 1958թ. սպայական դավադրության հետևանքով սպանվեցին Իրաքի թագավորը, գահապահը և վարչապետը, ինչը հանգեցրեց երկրում միապետության վերացմանը։ Դրա փոխարեն Իրաքում կազմավորվեց հանրապետություն՝ Աբդել Քերիմ Քասեմի հակաարևմտյան և խորհրդամետ ռեժիմի գլխավորությամբ, որն ուղղակի սպառնալիք էր ներկայացնում շահական Իրանի համար։ 1960թ. Թուրքիայում հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց վարչապետ Ալի Ադնան Մենդերեսը, որը փորձում էր որոշ չափով մեղմել քեմալական աշխարհիկ ռեժիմը, ինչի հետևանքով կախաղան բարձրացվեց։

Այսպիսով, «սպիտակ հեղափոխությունը» տարածաշրջանային երկրների անկայունության արձագանքն էր, որն ի հայտ եկավ հանրությունների արխայիկության և արդյունաբերական թերզարգացածության պատճառով. զարգացած հասարակություններում և պետություններում հեղաշրջումները և բանակային խռովություններն Իրանի շահին անհնար էին թվում։

«Սպիտակ հեղափոխության» տնտեսական հիմքը կազմում էին 1962-1978թթ. շահի և նրա կառավարության ընդունած մի շարք որոշումները, որոնցից կարևորներն էին հողային և կրթական ռեֆորմները, անտառների, լճերի և գետերի ազգայնացումը, պետական սեփականության մի մասի մասնավորեցումը, առողջապահության և ապահովագրության արդիական համակարգերի ստեղծումը և այլն։ Բարեփոխումների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, սակայն, ուղեկցվում էր իշխանության կենտրոնացմամբ և դեմոկրատական ինստիտուտների վերացմամբ, ինչը հենվում էր այն ժամանակ ԱՄՆ քաղաքագիտության մեջ պոպուլյար տեսա-մեթոդաբանական այն կանխադրույթի վրա, ըստ որի՝ հնարավոր էր տնտեսության և սոցիալական հարաբերությունների արդիականացում առանց քաղաքական համակարգի արդիականացման։

Խորհրդարանի ջախջախումից և սահմանադրության փաստացի վերացումից հետո մեկնարկած արդիականացումն Իրանում պաշտոնապես սկսվեց բարեփոխումների 6 կետերի վերաբերյալ հանրաքվեից հետո, որը տեղի ունեցավ 1963թ. հունվարի 26-ին, թեև հողի ռեֆորմի վերաբերյալ որոշումներն ընդունվել էին դեռևս 1962-ին։

1963-ի հանրաքվեն և 1975-ին միակուսակցական համակարգի ստեղծումը մի մեծ շղթայի օղակներն էին, որոնք կոչված էին Իրանում ստեղծելու բարեկեցության արդիական պետություն (ըստ Ալմոնդի եզրաբանության՝ welfare revolution)՝ միապետի գլխավորությամբ, որը կառավարելու էր հանուն ժողովրդի և ժողովրդի համար և առաջնորդելու էր երկիրը դեպի մեծ ապագա։ «Ռասթահիզ» կուսակցության ստեղծման որոշումը, որը պետք է ավարտեր իշխանությունը շահի ձեռքում կենտրոնացնելու գործընթացը, ընդունվեց երիտասարդ իրանցիների առաջարկով, որոնք գիտական աստիճաններ էին ստացել ամերիկյան բուհերում։ Վերջինները բարեփոխումների կողմնակիցներին միավորող միակուսակցական համակարգի ձևավորման մեջ էին տեսնում Իրանի բնական և արդարացի զարգացումը։ Ըստ էության, դա քեմալական գաղափարների մեկ այլ մեկնություն էր, որն ուղեկցվում էր նաև շիա հոգևորականության դեմ պայքարով։

Հօգուտ իշխանության կենտրոնացման փաստարկների համար նպաստավոր ֆոնն ապահովվեց նաև արդիականացման խնդիրներին արևմտյան քաղաքագիտության ակադեմիական մոտեցմամբ։ 1960-70-ական թթ. ամերիկյան կրթական և գիտական հանրույթներում տարածված էր ամերիկացի պրոֆեսոր Ս.Հանթինգտոնի տեսական մոտեցումը արդիականացման խնդիրներին։ Վերջինս ավելի ուշ հանրաճանաչ դարձավ իր «Քաղաքակրթությունների հակամարտություն» աշխատությամբ։ 1960-70-ական թթ. Հանթինգտոնը փորձում էր տեսականորեն ապացուցել, որ արդիականացումն ավանդական հասարակություններում կարող է տեղի ունենալ միայն մոդեռնիզատոր-կառավարչի ձեռքում իշխանության կենտրոնացման միջոցով. «Արդիականացումը սկզբնական փուլում պահանջում է քաղաքականության փոփոխություններ և հանգեցնում է իշխանության կենտրոնացման։ Ուժեղների և թույլերի միջև խզումն ավելի է մեծանում։ Միևնույն ժամանակ, արդիականացման առաջ բերած սոցիալական և տնտեսական փոփոխությունները հանգեցնում են նրան, որ նոր խմբերն սկսում են պահանջել, որ մուտք ունենան քաղաքական համակարգ, և ընդլայնել հենց համակարգը»1։

Նույն աշխատությունում Հանթինգտոնը դիմում է իրանական «սպիտակ հեղափոխության» օրինակին՝ նշելով, որ Իրանի համար ամենակարևոր՝ 1961-62թթ. հողի ռեֆորմը չէր սկսվի, եթե շահը, մինչև այն սկսելը, չխախտեր սահմանադրությունը և «չազատվեր խորհրդարանից»2։ Հանթինգտոնի «Ռեֆորմներ, թե ազատություն» («Reforms vs. Liberty») մոտեցումը բավական տարածված է ամերիկյան ակադեմիական միջավայրում, որտեղ էլ կրթություն է ստացել Իրանի նոր պրոֆեսիոնալ ընտրանին։ Այնպես որ, ոչ մի պարադոքս էլ չկա այն բանում, որ իրանցի երիտասարդ բարեփոխիչները նպատակահարմար էին համարում իշխանության կենտրոնացումը։

Կարևոր է նաև մեկ այլ հարց. պատրա՞ստ էր արդյոք շահը տնտեսական և սոցիալական արդիականացումն սկսվելուց հետո թույլ տալ, որ նոր խմբեր մտնեն քաղաքական գործընթաց։ Պատրա՞ստ էր արդյոք թողնել նրանց մտնել երկրի կառավարման համակարգ քաղաքական մասնակցության ավանդական սխեմայի միջոցով։ Ոչինչ ավելի լավ չի ներկայացնում բարեփոխիչ շահի դիրքորոշումը, քան նրա հետևյալ խոսքերը. «Իրանցիները երեք հիմնարար սկզբունքի սատարելու կամ դրանք մերժելու ընտրություն ունեին՝ միապետություն, սահմանադրականություն և սպիտակ հեղափոխություն։ Մեզ աջակցողներն այժմ կմիանան «Ռասթահիզ» կուսակցությանը, որպեսզի ամրապնդենք և առաջ տանենք մեր մոտեցումները։ Ընդդիմախոսները կարող են անհաղորդ մնալ և չմիանալ մեզ (այդ դեպքում նրանց կմերժվի օգտվել իրանական բարգավաճման պտուղներից), իսկ եթե կլինեն այնպիսիները, որոնք կուզենան մերժել այդ սկզբունքները, ապա նրանց թույլ կտրվի հեռանալ երկրից»3։ Կարելի է ամենայն համոզվածությամբ ասել, որ իրանական արդիականացումն իր իրագործման ոչ մի փուլում չէր ենթադրում երկրի կառավարման գործին քաղաքացիների քաղաքական մասնակցության շրջանակի ընդլայնում, ընդհակառակը, տարեցտարի սեղմում էր այդ շրջանակը և ի վերջո 1975-ին սահմանափակեց այն մեկ կուսակցությամբ, որն իր առանձնահատկության պատճառով մի գլխավոր նպատակ ուներ՝ միապետի իշխանության կենտրոնացում և բարիքների բաշխում իր անդամների միջև։

Այսպիսով, ակնհայտորեն խախտվեց կառավարման համարժեք բարդության սկզբունքը, որի մասին նշեցինք վերը։ Իրանական հասարակության այն խմբերի հետ բանակցությունների համակարգի ստեղծումը, որոնք շահագրգռված էին բարեփոխումների անցկացմամբ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր ընդդիմանում էին բարեփոխումներին՝ գոնե մասնակիորեն նրանց շահերը հաշվի առնելու և դժգոհներին քաղաքական համակարգում ինտեգրելու նպատակով, գուցե կարողանար նվազեցնել հեղափոխության ռիսկը։

Ցավոք, ոչ ոք թվային արտահայտությամբ չի կարող որոշել, թե որքան արդյունավետ էր «սպիտակ հեղափոխության» տնտեսական քաղաքականությունն ինչպես Իրանի տնտեսության իրական աճի, այնպես էլ իրանական հասարակության բարեկեցության բարելավման տեսանկյունից։ Եվ դրա պատճառն այն է, որ «սպիտակ հեղափոխության» շրջանի իրանական վիճակագրությունն արժանահավատ չէ. շատ բան վկայում է այն մասին, որ վիճակագրությունը հիմնականում «սարքվում» էր։

Օրինակ, «անցյալի մնացուկների» դեմ պայքարի շրջանակում 1965-ից Իրանում սկսեցին ակտիվորեն աշխատել ծնելիության աճի կրճատման ուղղությամբ։ Հետաքրքիր է, թե ինչպես էր փաստարկվում դա. շատ երեխաներ ծնում են անկիրթներն ու պահպանողականները, որոնք սպառնալիք են ներկայացնում բարեփոխումների համար։ Որոշ չափով խեղաթյուրված ձևով այս մոտեցումն արտացոլված է տարածաշրջանի այլ երկրների քաղաքականությունում, այդ թվում և հետխորհրդային երկրներում, որտեղ «ավելի քիչ ժողովուրդ, ավելի շատ թթվածին» կանխադրույթը փաստարկ էր եթե ոչ միգրացիայի համար պայքարում, ապա գոնե լուռ համաձայնություն էր դրա հետ։ Վերադառնալով Իրանին՝ նշենք, որ Ազգային գործակալության՝ ընտանիքի պլանավորման վերաբերյալ 1966թ. հաշվետվությունում պետք է հրապարակվեին բնակչության նախորդ տարվա բնական աճի պաշտոնական տվյալները։ Այն կազմում էր 3,3%: Դա առաջ է բերում առողջապահության փոխնախարար Ամիր Սարդարիի դժգոհությունը, որը հասավ այն բանին, որ խորհրդակցություն անցկացվի վարչապետի մոտ, որի ժամանակ «որոշվում է», որ բնակչության աճը կազմել է ոչ թե 3,3, այլ 2,9%, ինչն էլ հրապարակվեց հաշվետվությունում4։ Տվյալները կեղծելու որոշումն, ամենայն հավանականությամբ, ընդունվել էր շահի դժգոհությունը չառաջացնելու համար, որը շահագրգռված էր բնակչության բնական աճի կրճատմամբ։ Հիմնականում այս պատճառով արդեն 1970-ական թթ. Իրանի գաղտնի ոստիկանությունը (SAVAK), որը պատասխանատու էր ռեժիմի և ներքին անվտանգության համար, հսկողություն սահմանեց Իրանի Կենտրոնական բանկի տեղեկագրերի և հաշվետվությունների թողարկման վրա՝ համարելով, որ դրանք «ազգային անվտանգության համար կարևորություն ներկայացնող փաստաթղթեր են»։ Անկասկած, այդ փաստաթղթերը կարևորություն ներկայացնում էին, բայց դրանք «սրբագրման էին ենթարկվում» ոչ թե երկիրն ամրապնդելու և նրա խնդիրները նվազագույնի հասցնելու, այլ շահին ավելորդ բաներ իմանալուց և վրդովվելուց ազատելու նպատակով։ Չէ՞ որ նա ոչինչ չէր ուզում լսել ոչ տնտեսական խնդիրների, ոչ ինֆլյացիայի, ոչ բնակչության այս կամ այն խավի դրության վատթարացման մասին։ Սա բնորոշ օրինակն էր այն բանի, ինչի մասին ժամանակին գրում էր Ֆ.Հայեկը. «Այնքան ժամանակ, քանի դեռ իրերը շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին էին առաջ կամ, համենայնդեպս, վստահություն կա, որ այդպես է, որ կա, դրանք ոչ մի նոր խնդիր չեն ստեղծում, որոնց լուծումը ենթադրում է նոր պլանների առաջացում»5։ Պետական բյուրոկրատիան, փաստորեն, շահի դիկտատուրայի պայմաններում սկսեց վարել գոյատևման ու բարգավաճման իր սեփական քաղաքականությունը. ամեն գնով իր օրինապաշտությունը ցույց տալով՝ այն ամրապնդեց իր տեղն այն ծախսերի հսկայական կարկանդակի կողքին, որոնց համար բյուրոկրատիան պատասխանատու էր, իսկ դա հանգեցրեց կոռուպցիայի զարգացմանը։

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար դիմենք Իրանի նախկին վարչապետ Ալի Ամինիի գնահատականին. «Երբ չի կարելի սխալներ անել (չէ՞ որ երբ դրանք անում ես, անմիջապես կորցնում ես պաշտոնդ), ոչ ոք իր վրա ռիսկեր չի վերցնի։ Այսինքն՝ ոչ ոք ոչինչ չի անի։ Հիմնական խնդիրը իշխանության կենտրոնացվածությունն էր և որևէ մեկին որևէ լիազորություն տալու անհնարինությունը»6։ Իշխանության կենտրոնացման արդյունքում պետական կառավարման համակարգը գրեթե կաթվածահար էր եղել։ Դրա լավագույն բնութագիրը դարձան ամերիկացի դիվանագետ Վ.Միլերի խոսքերը. «Մարդկանց մեծ մասը դեսպանատանը և Վաշինգտոնում հավատում էր, որ յուրաքանչյուր փուլում պետք է աշխատել միայն շահի հետ։ Դա ճիշտ էր... աշխատանքի ամենալեգիտիմ և առավել հեշտ միջոցն էր։ Ամենափոքր ռիսկերով տարբերակն էր»7։ Շահի թույլ տեղեկացվածությունն իրական դրության մասին՝ զուգակցված նրա ձեռքում իշխանության չափից ավելի կենտրոնացման հետ, ստեղծում էին երկրի կառավարման միջոցների մշտական անհամարժեքություն, քանի որ արդի պետությունում կառավարման ոլորտի որոշումների բարդությունը վեր է մեկ մարդու հնարավորություններից։

Քաղաքական մրցակցության և տնտեսության իրական սեկտորի ու իշխանությունների մակրոտնտեսական քաղաքականության միջև ուղղակի կապի բացակայության պայմաններում արդիականացումը հանգեցրեց կոռուպցիայի, հասարակության ավելի մեծ բևեռացման և այն կազմող սոցիալական խմբերի շահերի միջև անհաղթահարելի խզման։

Իրանում արդիականացման անվիճելի նվաճումը դարձավ կրթական քաղաքականությունը, որն անցկացվում էր «սպիտակ հեղափոխության» շրջանակներում։ Այն իսկապես թույլ տվեց Իրանին միջնադարից անցում կատարել դեպի նոր ժամանակներ։

Իրանական իշխանությունները հպարտանում էին իրենց «գիտելիքների բանակով», որը բաղկացած էր ավելի քան 70.000 երիտասարդ մարդկանցից, և որոնք «սպիտակ հեղափոխության» առաջին 10 տարում, կրթություն ստանալով քաղաքներում, մեկնում էին Իրանի հեռավոր շրջաններ՝ գրագիտություն դասավանդելու համար8։ Ամերիկացի առաջատար իրանագետներից մեկը՝ Երվանդ Աբրահամյանը, ներկայացնում է մի աղյուսակ, որը հակիրճ ցույց է տալիս, թե ինչ էր Իրանի կրթական համակարգը 1953թ. (այն պահին, երբ շահն իշխանության եկավ) և 1977-ին (իսլամական հեղափոխության նախօրեին)։

Կրթական աճը (ինստիտուտները և ուսանողները)


Ինչպես երևում է աղյուսակից, Իրանի կրթական համակարգում կատարվածը կարելի է բեկում անվանել։ Անշուշտ, այստեղ նույնպես առանձնահատկություններ կային. նոր և հեղինակավոր «Փեհլևի» համալսարանն անգլիալեզու էր, այնտեղ սովորում էին հիմնականում ունևոր դասի երեխաները, իսկ Շիրազի համալսարանը դարձավ զրադաշտականության (որը «մեծ ժամանակներին» վերադարձի հայեցակարգի գաղափարախոսական հենքն էր) ոչպաշտոնական գաղափարախոսական տիրույթ։ Սակայն ընդհանուր առմամբ իրանական արդիականացումն իրական հաջողություն ապահովեց կրթական ոլորտում։

Կրթության և գիտելիքների համակարգի զարգացման տեսակետից կարևոր էր նաև արևմտյան (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Արևմտյան Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) բուհերում իրանցի ուսանողների ուսումնառությունը։ 1977թ. արևմտյան բուհերում սովորող (ամբողջական, հատուկ և կարճաժամկետ ծրագրերով) իրանցի ուսանողների թիվը տպավորիչ է՝ մոտ 100.000 մարդ9։ Իրանցիների մի մասը երկրի սահմաններից դուրս ուսանում էր ի հաշիվ պետության կամ պետական հիմնադրամների, մի մասը՝ ի հաշիվ արտասահմանյան կրթական ծրագրերի, մի մասն էլ՝ իր հաշվին, ինչը հնարավոր էր իրանական հասարակության որոշ հատվածի բարեկեցության բարելավման շնորհիվ։

Սակայն, չնայած արդիականացման և կրթության համակարգի հանդեպ շահի ուշադրության շնորհիվ գիտելիքների ստացման համակարգն Իրանում էապես բարելավվեց, այնուամենայնիվ, քաղաքական տեսակետից դա իշխանությունների համար լուրջ խնդիրներ ստեղծեց. ուսանողությունը (ինչպես նաև բուհերն արդեն ավարտած երիտասարդ մասնագետները), որն ի հայտ էր եկել արդիականացման և բարեփոխումների շնորհիվ, ակտիվ դեր խաղաց բարեփոխիչ շահին գահընկեց անելու գործում։ Ուսանողության և բնակչության կրթյալ հատվածի մասնակցությունը միապետության տապալմանը պակաս ակտիվ չէր, քան բազարի և իսլամական հոգևորականության մասնակցությունը։ Երևույթի պատճառը, երբ փոփոխություններից շահած խմբերն ընդվզում են փոփոխությունները նախաձեռնողի և շարժիչ ուժի դեմ, պետք է փնտրել զուտ արդիականացման բնույթի մեջ։ Այն քաղաքական առումով ռեակցիոն էր։ Կյանքի որակի բարելավումը և տնտեսական բարեփոխումներն ուղեկցվում էին քաղաքական մասնակցության առկա ինստիտուտների վերացմամբ, ինչի հետևանքով ինչպես հին, այնպես էլ բարեփոխումների շնորհիվ առաջ եկած նոր խմբերը կտրվեցին քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուց, զրկվեցին իրենց պահանջներն ու շահերն իշխանությանը հասցնելու հնարավորությունից, որն իր հերթին իրեն ամրապնդել էր իբրև երկրի և հասարակության զարգացման գերակայությունները որոշող մոնոպոլիստ։ Ռեակցիոն քաղաքական ռեֆորմը, վերացնելով բազմակուսակցականությունն ու պառլամենտարիզմը, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շնորհիվ առաջ եկած խմբերին ուղղորդեց դեպի համակարգից դուրս պայքար իշխանության դեմ, ինչը հանգուցային դեր խաղաց դեմոկրատական ուժերի, բազարի, ուսանողության և իսլամի միջև դաշինքի ստեղծման գործում։ Իսլամական հեղափոխությունը դրանով իսկ դարձավ պետությունից և իշխանությունից կտրված հին ու նոր խմբերի հեղափոխություն։

Զարմանալի է, բայց փաստ. կրթելով ժողովրդին և նոր խավեր ստեղծելով՝ ընտրանին ամրապնդեց իր դեմ պայքարի հիմքը, և դա ոչ այլ ինչ է, եթե ոչ առանց քաղաքական ադրիականացման տնտեսական արդիականացման չկայացածության ապացույց։

Մեծ է իրանական և հետխորհրդային արդիականացումների (արդիականացումը զարգացման գերակա ուղղություն է հռչակված նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում) միջև համանմանություններ գտնելու գայթակղությունը, քանի որ այդ համանմանությունները հիմնավորված են։

Միևնույն ժամանակ, արդիականացման իրանական և հետխորհրդային փորձը մի շարք հարցեր է առաջ բերում. 1. կարելի՞ է արդյոք տնտեսությունը դարձնել արդիականացման «կղզյակ»՝ չդիպչելով քաղաքական ոլորտին, 2. կարո՞ղ է արդյոք եկամուտ ստանալու հեշտ ճանապարհ ունեցող բյուրոկրատիան լինել արդիականացման գործակալ, 3. հնարավո՞ր է արդյոք արդիականացում առանց քաղաքական մասնակցության և ազգային նշանակության հարցերի շուրջ միջխմբային կոնսենսուսի հանգեցնող բանակցությունների ինստիտուտների զարգացման։

Մեր կարծիքով՝ ոչ մի քննադատության չի դիմանում այն մոտեցումը, համաձայն որի՝ իրանական արդիականացումը ձախողվեց հասարակության հետադիմության և պահպանողականության պատճառով (թեև հեղափոխության արդյունքներից էլ հենց օգտվեցին խիստ պահպանողական շրջանակները)։ Իրանական միապետության և նրա իրականացրած արդիականացման տապալման պատճառները պետք է որոնել բուն իշխանության հետադիմականության և լեգիտիմության ճգնաժամի մեջ, որն իր վրա էր վերցրել «հանրային բարիքի» ձևակերպման մենաշնորհը՝ հասարակությանը զրկելով իր շահերը ձևակերպելու և ներկայացնելու իրավունքից։

Արդիականացումը և հայրենադարձությունն այսօրվա Իրանում

Հարկ է նշել, որ իսլամական հեղափոխությունը վերացրեց շահական շրջանի շատ ձեռքբերումներ, բայց այն, ինչ մնաց նախկին դարաշրջանից, կրթությունն ու գիտությունն էին, ինչն էլ թույլ տվեց ԻԻՀ-ին պահպանվել որպես պետություն, որն ապրում է ոչ միայն նավթի հաշվին։ Իրանի ներկայիս միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի ողջ հիմքը շահի՝ կրթության և գիտության զարգացմանն ուղղված քաղաքականության ժառանգությունն է։

Չնայած այդ ժառանգությունը կա և բավականաչափ զարգացել է, ներկայիս Իրանը հասկանում է, որ եթե այն չզարգացնեն, ապա վաղ թե ուշ համակարգը լճացման մեջ կհայտնվի։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախընտրական քարոզարշավում առաջինն Իրանում հայտարարեց, որ պատրաստվում է Իրան վերադարձնել իրանցի գիտնականներին, որոնք հեռացել են երկրից իսլամական հեղափոխությունից հետո։ Եվ խոսքը ոչ միայն հեռացածների, այլ նաև իրանցիների նոր սերնդի մասին է, որը ծնվել և կրթություն է ստացել Արևմուտքում։ Այս նախաձեռնությանը սատարելու համար արդեն ընտրվելուց հետո Հասան Ռուհանին ստեղծել է Հայրենադարձության պետական կոմիտե, որի նպատակն է 300 հազարից մինչև 500 հազար նախկին հայրենակիցների ԻԻՀ վերադարձի կազմակերպումը։ Ոչ բոլորի, այլ նրանց, որոնց կարիքը պետությունն ունի. բժիշկներ, ինժեներներ, գիտնականներ, տեխնիկական աշխատողներ, պրոֆեսիոնալ խորհրդականներ և այլն։ Ինչ վերաբերում է աշխատուժին, նշենք, որ ոչ մի նախաձեռնություն չկա, քանզի ակնհայտ է, որ Իրանից այսօր արտասահման հեռանում են գործազուրկները, իսկ գործազուրկ են այն պատճառով, որ Իրանի տնտեսությունը չի զարգանում։

Սրանով իսկ արված է ակնհայտ ընտրություն հօգուտ մարդկային պոտենցիալի, որը կարող է բեկում ապահովել հասարակության և տնտեսության մեջ։

2. Սաուդյան Արաբիա. գիտության, գիտելիքների զարգացումը և հայրենադարձությունը

Սաուդյան Արաբիան այսօր ոչսահմանադրական միապետություն է՝ թագավորի գլխավորությամբ, որն իրականացնում է գործադիր և օրենսդիր գործառույթներ, ենթարկվում է միայն Ղուրանի պատվիրաններին (իհարկե՝ սեփական և իր մերձավոր խորհրդականների մեկնաբանությամբ)։

Բայց երկրում կարևոր գործոն է ազգային սաուդյան բյուրոկրատիան, որն սկսում է էլ ավելի կարևոր դեր խաղալ։ Այն տարեցտարի ուժ և ազդեցություն է կուտակում միապետությունում, ինչն ուղեկցվում է կոռուպցիայի առանձնակի բարձր մակարդակով, որն էլ ապահովում է թագավորական ընտանիքից անկախ մշտական և ուղղակի դրամական հոսք և տնտեսական ինքնաբավություն10։ Երկրում կոռուպցիայի աղբյուր է հանդիսանում ոչ միայն մրցակցային քաղաքական պայքար և ԶԼՄ ազատություն չնախատեսող քաղաքական ռեժիմի, այլև սաուդյան տնտեսության բնույթը, որը լիովին կախված է նավթի ռենտայից։ Այս համատեքստում սաուդյան տնտեսությունը քիչ բանով է տարբերվում շահի ժամանակների իրանական տնտեսությունից, որը չէր նախատեսում կոռուպցիայի վերահսկման ու դրա դեմ պայքարի որևէ մեխանիզմ։ Վերադառնալով սաուդյան բյուրոկրատիայի թեմային՝ հարկ է նշել, որ սաուդյան պաշտոնյաների դիրքերի ամրապնդման գործընթացը կապված է բարդ վարչական կառույցների կառավարման անհրաժեշտության հետ, որոնք պահանջում են հատուկ հմտություններ և գիտելիքներ հսկայական բյուջեի, ծախսերի, աուդիտի և արտոնագրերի հետ աշխատելու համար։ Ընդ որում՝ փոփոխությունների ցանկացած փորձ, որոնք իրականացնում է թագավորական ընտանիքը, էլ ավելի է ուժեղացնում բյուրոկրատիային, քանի որ հենց նրա վրա են դրվում նավթից երկրի կախվածությունը նվազեցնող նոր կառույցների ստեղծման գործառույթները. խոսքն առաջին հերթին բանկերի, ներդրումային ընկերությունների, հետազոտական նախագծերի և սպասարկումների ոլորտի մասին է։ Նոր կառույցների ստեղծման բոլոր ծախսերը կրկին վճարվում են բնական ռենտայից, որն անտեսանելի կապ է ստեղծում երկու ճյուղերի՝ հումքայինի և ոչհումքայինի միջև և ապահովում է որակի (այդ թվում՝ կոռուպցիոն և կազմակերպչական բնույթի որակի) անցումը մեկից մյուսին։

Հավանաբար, այս պայմաններում, առանց երկրում քաղաքական ինստիտուտների (որոնք գոնե ինչ-որ չափով կարող են ապահովել հանրային և քաղաքական համախմբումը) ստեղծման գծով արմատական բարեփոխումների իրականացման՝ բյուրոկրատիայի աճը կարող է ռեժիմի համար մեծ կորուստների պատճառ դառնալ, քանի որ դրա արդյունքում կարող է տեղի ունենալ քաղաքական ինստիտուտների բնական փոխարինում բյուրոկրատների ոչ ֆորմալ դաշինքով, որն ինքնուրույն կձևակերպի իր և իրեն ենթակա գերատեսչությունների շահերը։

Այս գործընթացն անշրջելի է թվում, քանի որ այն այսօր, թող որ չգիտակցված ձևով, բայց աջակցվում է սաուդյան կառավարության քաղաքականությամբ, որը փորձում է սնել բյուրոկրատիան և պրոֆեսիոնալ միջավայրը տեղի երիտասարդ կադրերով, որոնք կրթություն են ստացել Արևմուտքում, և այդ նպատակով լիովին օգտագործում է կրթական և գիտական քաղաքականությունը։

Սաուդան Արաբիայի գործող թագավոր Աբդալան, որը հայտնի է որպես արդիականացման և սաուդյան տնտեսության դիվերսիֆիկացման կողմնակից, 2005թ. նախաձեռնեց արտասահմանյան լավագույն բուհերում կրթություն ստանալ ձգտող երիտասարդ սաուդցիներին աջակցելու լայնածավալ ծրագիր։

2005թ. Աբդալա թագավորը ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ հանդիպման ժամանակ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեց ամերիկյան բարձրագույն հաստատություններում Սաուդյան Արաբիայից ուսանողների ուսումնական ծրագրի իրականացման շուրջ։ Ծրագիրը, որը լիովին ֆինանսավորվում էր Սաուդյան Արաբիայի կողմից, հաշվարկված է բոլոր աստիճանների ուսանողների (բակալավր, մագիստրոս, դոկտոր) համար, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը «վճարում» էր այն բանի համար, որ վերականգնվեր միապետության քաղաքացիներին հնգամյա կրթական վիզաների տրամադրումը։ Բացի ԱՄՆ-ից, սաուդցի ուսանողներն ուղարկվեցին և այժմ էլ ուղարկվում են 33 այլ երկրներ, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, բայց սաուդցիների հիմնական մասը, այնուամենայնիվ, ընտրում է Միացյալ Նահանգները՝ որպես այն երկիր, որտեղ իրենք ուզում են կրթություն ստանալ։

2012թ. աշնան դրությամբ մոտ 68.000 սաուդցիներ (նրանց 28%-ը կանայք են) սովորում են 1200 ամերիկյան քոլեջներում և համալսարաններում, հիմնականում Ֆլորիդայում և Կալիֆորնիայում11։

Սաուդյան Արաբիայում հատկապես ինտենսիվորեն է զարգանում դպրոցական և համալսարանական կրթությունը, ինչի վրա հսկայական միջոցներ են ծախսվում։ Դա հստակ երևում է երկրի հնգամյա զարգացման 9-րդ ծրագրից, որը նախատեսված է 2010-ից մինչև ներառյալ 2014 թվականի համար12։

9-րդ հնգամյա պլանը նախատեսում է ավելացնել նախակրթարանների, միջանկյալ և միջնակարգ դպրոցների թվաքանակը և դրանցում սովորող աշակերտների թիվը հասցնել ավելի քան 5,3 մլն-ի։ Նախատեսվում է նաև համալսարանների շրջանավարտների թողարկումը հասցնել մինչև 1,7 մլն ուսանողի։ Միջոցներ են ներդրվում նաև նոր ուսումնական հաստատությունների շինարարության մեջ (այդ թվում՝ 25 տեխնիկական քոլեջ, 28 տեխնիկական համալսարան, 50 արդյունաբերական ուսումնական հաստատություն)։ Կառավարությունը ծրագրում է նաև ընդլայնել ու դիվերսիֆիկացնել դոկտորանտական ծրագրերը և ավելացնել դոկտորանտների թիվը՝ հասցնելով այն բոլոր ուսանողների թվի 5% մակարդակին։

Պլանով նախատեսվում է նաև աջակցություն ինովացիաներին գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում՝ մոտ $240 մլն ամենամյա դրամաշնորհ հատկացնելով գիտահետազոտական նախագծերի իրականացմանը։ Մյուս նախաձեռնությունները ներառում են 10 գիտահետազոտական կենտրոնների, 15 ինովացիոն և տեխնոլոգիական համալսարանական կենտրոնների ստեղծում՝ Աբդալա թագավորի գիտության քաղաքի (ավելի հայտնի է որպես King Abdullah University of Science and Technology13) շրջանակում, ինչպես նաև 8 տեխնոլոգիական ինկուբատորների և այլ համալսարանների հիմնում։ Կառավարությունը նախատեսում է օժանդակել համալսարաններին միջազգային ընկերությունների հետ համագործակցությունում։ Բացի այդ, Աբդալա թագավորի թոշակների ծրագիրը հաշվարկված է այն բանի համար, որպեսզի ինտենսիվորեն աջակցվեն կրթական այն ծրագրերը, որոնցով պատրաստվում են Սաուդյան Արաբիային հատկապես անհրաժեշտ կադրերը։ Օրինակ՝ բժշկության ոլորտի և տեխնիկական մասնագիտությունների գծով։

Իրականացված ծրագրերից ամենահավակնոտն, անշուշտ, Աբդալա թագավորի գիտության քաղաքի ստեղծումն է, որը պաշտոնապես աշխատանքն սկսել է 2008 թվականից։ Նախագիծը նախատեսում է այս հաստատությունը վերածել աշխարհի նոր և խոշոր գիտական համալսարաններից մեկի, որը պետք է առանցքային դեր խաղա Սաուդյան Արաբիայում տնտեսության և գիտելիքների ոլորտի վերափոխման գործում։ Որպեսզի հասկանանք, թե հատկապես ինչի է ձգտում Աբդալա թագավորը, փորձենք պարզել, թե ում և ինչպես է համալսարանը ներգրավում աշխատանքի. համալսարանում դասավանդում են Հարվարդի և Միչիգանի տեխնոլոգիաների համալսարանի առաջատար մասնագետները, բուհի նախագահն է Սինգապուրի համալսարանի նախկին ղեկավար Չուն Ֆոնգ Չին, որի օրոք Սինգապուրի երիտասարդ, բայց դինամիկ զարգացող համալսարանը հայտնվել էր համաշխարհային լավագույն բուհերի և գիտական կենտրոնների ցանկում։ Պետք է ասել, որ տնտեսական և գիտատեխնոլոգիական զարգացման սինգապուրյան մոդելը գրավիչ է Պարսից ծոցի շատ երկրների (Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ և այլն) համար։ Սա պետք է բացատրել նրանով, որ Սինգապուրը կարողացավ տնտեսական և գիտատեխնիկական զարգացման բարձր մակարդակի հասնել՝ առանց քաղաքական ոլորտն արդիականացնելու. իշխանությունն ինչպես մինչև արդիականացումը եղել էր ավտորիտար ու փակ ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցության համար, այդպես էլ մնացել էր երկրի՝ համաշխարհային տնտեսության «գլոբալ դարպասների» վերածվելուց հետո։

Նման ապագայի է ձգտում նաև Սաուդյան Արաբիան, որտեղ կառավարող ընտանիքը ոչ մի մակարդակում չի ցանկանում կիսել իշխանությունը և նախաձեռնում է տնտեսության արդիականացում առանց քաղաքական համակարգի հիմքերի փոփոխության։

Կրթության և գիտելիքների ոլորտի, այդ թվում Աբդալա թագավորի գիտության քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն ճյուղերի վրա, որոնք երկրում զարգանում են ի հաշիվ պետական ակտիվ աջակցության։ Ակնհայտորեն նկատվում է, որ այդ ճյուղերում հումանիտար բաղադրիչն իսպառ բացակայում է։ Երկրում ստեղծվում են տեխնիկական և բժշկական քոլեջներ, բժշկության և տեխնիկական գծով նոր համալսարաններ, բայց անգամ մեկ դոլար չի ներդրվում սոցիալական գիտություններում, որոնք մնացել են հումանիտար (փաստորեն՝ իսլամական) այն ընտրանու հոգածության ներքո, որն էլ ղեկավարել է գիտելիքների այդ ոլորտը 100, 50 կամ 10 տարի առաջ։ Թեքումը դեպի տեխնիկական և բնական գիտությունները հատկապես հստակ երևում է Աբդալա թագավորի գիտության քաղաքի օրինակով, որի կառուցվածքը բաղկացած է երեք բաժնից՝ կենսաբանություն և ինժեներիա; համակարգչային գիտելիքներ, էլեկտրոնիկա և ինժեներիա; ֆիզիկա և ինժեներիա14։ Ոչ մի հումանիտար կամ սոցիալական ուղղություն, այն դեպքում, երբ չկա որևէ դասական համալսարան, որը բոլոր ուղղություններով կրթական ծրագրեր չիրականացնի։ Այդ նույն Միչիգանի տեխնոլոգիական ինստիտուտը լավագույններից մեկն է աշխարհում տնտեսության, պատմության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների գծով։

Հումանիտար կրթության համակարգի զարգացումից սաուդյան իշխանությունների խուսափումը հասկանալի է։

Նախ՝ սաուդցիները նվազագույն հնարավորություն անգամ չունեն համաշխարհային հումանիտար գիտելիքը երկիր ներմուծելու համար. նրանց երկրում ուժեղ են արմատական-պահպանողական պատկերացումները հասարակության մասին։

Երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչ են անելու արևմտյան բուհերի սոցիոլոգիայի կամ քաղաքագիտության ֆակուլտետներն ավարտած սաուդցիներն այն բանից հետո, երբ վերադառնան Սաուդյան Արաբիա։ Ողջ տնտեսությունն առայժմ բաղկացած է նավթաքիմիայից, որտեղ հումանիտար գծով մասնագետները գրեթե անելիք չունեն։

Իրանցի ուսանողները և դոկտորանտները, որոնք ուսանել են ԱՄՆ-ում, կարողացան «ազգայնացնել» ամերիկյան բուհերում ստացած գիտելիքները և, օրինակ, հանթինգտոնյան ավտորիտար արդիականացման տեսությունը ներդրեցին Իրանում։ Սակայն շահական Իրանը և Սաուդյան Արաբիան, չնայած թե՛ առաջինում, թե՛ երկրորդում ավտորիտար քաղաքական ռեժիմների առկայությանը, շատ տարբեր երկրներ են իրենց զարգացման գաղափարախոսական վեկտորներով, ինչպես նաև ռեժիմների բնույթով։ Մի կողմից՝ Փեհլևիների դինաստիան ջանում էր երկիրը մտցնել արևմտյան օրինակով զարգացած երկրների ակումբ, ուստի և Արևմուտքն ու արևմտյան համալսարանները համարում էր ընդօրինակման արժանի։ Մյուս կողմից՝ աշխարհիկ և ազգայնական ռեժիմը միջմշակութային շփումների և սոցիալ-տնտեսական վերափոխումների ավելի մեծ պոտենցիալ ունի, քան ավտորիտար-կրոնական իշխանությունը։ Սրանով է, ամենայն հավանականությամբ, բացատրվում այն, թե ինչու Սաուդյան Արաբիայում հումանիտար գիտելիքներին ոչ մի ուշադրություն չի դարձվում. դրանք ռեժիմին անհեռանկարային և վտանգավոր են թվում, քանի որ, մի կողմից, դրանց կրողները չեն կարող իրենց համար տեղ գտնել պետության քաղաքական և սոցիալական կյանքում, մյուս կողմից՝ նրանք կարող են վիճարկել իշխանության լեգիտիմության և օրինականության հիմքը՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով կառավարող ռեժիմին։ Սակայն սաուդյան իշխանությունների նման մոտեցումը երկարաժամկետ հեռանկարում չի կարող արդյունավետ համարվել, քանի որ համաշխարհային պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, երբ հեղափոխական շարժումը սկսվել կամ մարտահրավերն իշխանությանը նետվել է բացառապես հումանիտար մտավորականության կամ հումանիտար ոլորտի ինտելեկտուալների կողմից։ ԽՍՀՄ փորձն, օրինակ, ցույց է տալիս, որ տեխնիկական մտավորականությունը բողոքի շարժման մեջ երբեմն պակաս ակտիվ դեր չի կատարում, քան հումանիտար ոլորտի մտավորականները։ Մանավանդ եթե հումանիտար ոլորտը խիստ գաղափարականացված է, ինչը, ամենայն հավանականությամբ, վանում է նրանից բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք ավելի շատ նախընտրում են տեխնիկական, քան գաղափարականացված հումանիտար կրթություն ստանալ, որի հիմնական նպատակներից մեկն, ըստ էության, իշխանությանը, նրա քաղաքական, սոցիալական և տնտեսական օրակարգը սպասարկելն է։ Իրականում սրա մեջ է հիմնական վտանգը ռեժիմի և պետության համար առհասարակ, քանի որ հումանիտար գիտության գաղափարականացման արդյունքում կորչում է նրա հիմնական գործառույթներից մեկը՝ հասարակության ու պետության զարգացմանը խանգարող գործոնների վերհանումը և սոցիալ-քաղաքական ու տնտեսական զարգացման կոնկրետ մեխանիզմների մշակումը։ Դրա արդյունքում, երբ վրա է հասնում փոփոխությունների դարաշրջանը, պարզվում է՝ բողոքի շարժման առաջին շարքերում հայտնվում են տեխնիկական և բնական գիտությունների ներկայացուցիչները, որոնք, չնայած պրոֆեսիոնալ ոլորտում ունեցած իրենց հաջողություններին, քաղաքականության հարցերում՝ ներքին, տնտեսական և արտաքին, լիակատար դիլետանտներ են։ Դրա արդյունքը հանդիսանում է հեղաշրջումը, որն իշխանական ուղղահայացից ցած է նետում ապարատի աշխատողներին և ֆունկցիոներներին և վեր է բարձրացնում մարդկանց, որոնք պատրաստ չեն և հաճախ չափից ավելի միամիտ են երկիրն արդյունավետորեն ղեկավարելու համար։

Սա նկատի ունենալով էլ հենց պետք է ենթադրել, որ, չնայած սաուդյան իշխանությունների՝ հումանիտար գիտությունները բոյկոտելու որոշմանը, կրթության և գիտության զարգացման ծրագիրը, որն այսօր իրականացվում է երկրում, հսկայական պոտենցիալ ունի միապետության քաղաքական զարգացման վրա ազդեցության իմաստով, քանի որ ամրապնդում է այն խավի դիրքերը, որը կամաց-կամաց, բայց ջանում է ազատականացնել երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերը։ Արևմտյան բուհերի շրջանավարտների և միջին դասի ներկայացուցիչների դերը երկրում սրընթացորեն կմեծանա՝ «սաուդացման»15 քաղաքականության հաշվառմամբ, որը վերջին տարիներին սկսել են ակտիվորեն առաջ տանել թագավորության իշխանությունները։ Դրա նպատակներ են հռչակվել16.

1. Սաուդյան Արաբիայի քաղաքացիների զբաղվածության ավելացումը ազգային տնտեսության բոլոր հատվածներում։

2. Օտարերկրյա աշխատողների թվաքանակի նվազեցումը և հետագայում դրանից կախվածության լիակատար վերացումը։

3. Կապիտալի վերաներդրումավորումն ազգային տնտեսության մեջ, որն այլ հանգամանքներում կհոսեր Սաուդյան Արաբիայում աշխատող մասնագետների կեցության երկրներ։

Փաստորեն, քաղաքականության նպատակը երկրի բնակչության աշխատանքի տեղավորումն է ի հաշիվ միգրանտների և հրավիրյալ մասնագետների թվի կրճատման, որոնք Սաուդյան Արաբիայում 6 մլն-ից ավելին են. նրանք կազմում են երկրի ողջ բնակչության մոտ 20%-ը։ Բայց ի տարբերություն սաուդցիների, որոնք իրավունքներ ունեն, օտարերկրացիները Սաուդյան Արաբիայում կամ իրավազուրկ են (էժան աշխատուժ մուսուլմանական երկրներից), կամ փաստորեն ապրում են Սաուդյան Արաբիայից «դուրս» (օտարերկրյա որակյալ մասնագետներ), սեգրեգացիաներում, որոնցում, ինչպես և Աբդալա թագավորի գիտության քաղաքում, գոյություն ունի այլ՝ ոչսաուդյան կյանք։ Այն կարելի է անվանել «սեգրեգացիոն»։

«Սեգրեգացիա և մեկուսացում. արևմտյան վտարանդիների միավորումներ Սաուդյան Արաբիայում» հոդվածում, որը հրապարակվել է GeoJournal պարբերականում, մանրամասն նկարագրված է այն առանձին կյանքը, որն ստեղծվել է Սաուդյան Արաբիայում աշխատող օտարերկրացիների համար։ Նրանց համար կառուցվել են առանձին թաղամասեր, որոնք սաուդյան քաղաքներից առանձնացված են հատուկ պատերով, որոնցից այն կողմ եռում է միանգամայն այլ կյանք։ Այդ թաղամասերում տիրում են ավելի լիբերալ հարաբերություններ, կանայք հաճախ փողոց են դուրս գալիս առանց հիջաբների, հասարակության անդամների միջև հարաբերությունները հիմնվում են ավելի դեմոկրատական սկզբունքների վրա17։ Նման «սեգրեգացիան» հատուկ է ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլ նաև տարածաշրջանի շատ այլ երկրների. նավթի հայտնաբերումից և Արևմուտքից բարձրորակ մասնագետների հոսքից հետո, առանց որոնց անհնար կլիներ ապահովել նավթարդյունահանումն ու դրա արտահանումը, օտարերկրացիների առանձին լիբերալ թաղամասեր ստեղծվեցին նաև այլ երկրներում. Քուվեյթում ի հայտ եկավ «Ավալի» թաղամասը», Բահրեյնում՝ «Ահմադին»։ Շահական Իրանում նման փորձարկում չկատարվեց հիմնականում այն պատճառով, որ իշխանությունն ուզում էր Իրան ներմուծել արևմտյան կենսակերպը, իսկ իշխանության գաղափարախոսական հենքը բացահայտ արևմտամետ տրամադրություններ ունեցող նացիոնալիզմն էր։ Սա է տարածաշրջանի ազգայնական և աշխարհիկ ռեժիմների հիմնարար տարբերությունը արխայիկներից, որոնք եթե չէին էլ սահմանափակում արտասահմանից մարդկանց հոսքը, ապա սահմանափակում էին գոնե նրանց կենսակերպի փոխանցումը երկրի բուն բնակչությանը։

Այսօր, հենվելով ազգային կադրերի պատրաստման և «սաուդացման» քաղաքականության վրա՝ թագավորության իշխանությունները ջանում են վերացնել օտարերկրյա ներկայությունը երկրում։ Միևնույն ժամանակ, «սաուդացումը» փորձում է լուծել նաև հատուկ՝ առկա և ապագա խնդիրներ. բնակչության աճը, նավթարդյունահանման մակարդակի նվազումը բարդացնում են բնակչության որոշ խավերի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչը կարող է վերաճել քաղաքական ընդվզման։

«Տեղայնացման» քաղաքականության մեջ կա նաև էական արտաքին քաղաքական հաշվարկ. ինչպես ցույց տվեց Բահրեյնի վերջին շրջանի փորձը, որպես օտարերկրյա աշխատուժ երկիր են թափանցում Իրանից և Լիբանանից ֆինանսավորվող շիա քարոզիչներ ու զինյալներ, որոնք տեղի շիա բնակչությանը պատրաստում են պայքարի իրենց իրավունքների համար։ Որքանո՞վ պատրաստ կլինեն արևմտյան բուհերի շրջանավարտներն ապրել ոչ թե «սեգրեգացիաներում», այլ սաուդյան հասարակության մեջ։ Այլ կերպ ասած՝ արդյո՞ք «սեգրեգացիան» օտարերկրացիների և բուն սաուդցիների՝ միմյանցից առանձնացնելու մեթոդ է, թե՞ այն բաժանումն իրականացնում է ոչ թե ազգային, այլ արժեքային (որը դրսևորվում է նաև կենսակերպում) սկզբունքով։ Այս հարցը շատ կարևոր է, քանի որ արևմտյան բուհերը և կրթությունը մարդկանց մտածելակերպի և ապրելակերպի վրա ազդեցություն գործելու մեծ պոտենցիալ ունեն, անգամ այն մարդկանց վրա, որոնք Միչիգանի տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու են եկել մի երկրից, որտեղ պաշտոնական գաղափարախոսությունը արմատական իսլամն է կամ ցեղային նացիոնալիզմը։ Այս առումով կարևոր է արևմտյան բուհերի շրջանավարտների ապագայի խնդիրը Սաուդյան Արաբիայում։ Արդյո՞ք նրանք պատրաստ են Ֆլորիդայում 5 տարի մնալուց հետո ապրել մի հասարակությունում, որտեղ տիրում են ուլտրապահպանողական հայացքները, կամ՝ կփորձե՞ն արդյոք նրանք ստեղծել իրենց ազգային սեգրեգացիաները Սաուդյան Արաբիայում, որոնցում կենսակերպն ավելի լիբերալ կլինի, քան երկրի մնացյալ մասում։

«Սաուդացման» և Արևմուտքում կրթություն ստանալու աջակցության քաղաքականության արդյունավետության մեջ կասկածելու մեկ այլ հարց է երիտասարդ սաուդցիների՝ երկիր վերադառնալու մոտիվացիան։ Բնականաբար, ԱՄՆ-ից երիտասարդ մասնագետների վերադարձին կարող են նպաստել այն արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է արևմտյան բուհերի շրջանավարտներին աշխատանքի տեղավորվելիս։ Սակայն այստեղ առաջ է գալիս «սաուդացման» քաղաքականության մրցակցային առավելությունների հարցը. եթե Հարվարդի շրջանավարտն աշխատանքի է անցնում պետության տրամադրած ոչմրցակցային արտոնությունների պատճառով, ապա կասկածներ են առաջանում աշխատանքի միջազգային շուկայում նրա մասնագիտական պիտանիության հետ կապված։ Կարո՞ղ են արդյոք այդ սաուդցիներն աշխատանքի տեղավորվել Կանադայում և ԱՄՆ-ում։ Եթե այո, ապա ինչը կարող է ստիպել նրանց վերադառնալ Սաուդյան Արաբիա՝ փակ, ոչդեմոկրատական և շատ վատ էկոլոգիա ունեցող երկիր։ Եթե սաուդցին հարուստ ընտանիքի, բյուրոկրատիայի կամ արիստոկրատիայի ներկայացուցիչ չէ, ինչը ենթադրում է արագ վերելք կարիերայում և հատուկ կյանք բարձր պարիսպներ ունեցող պալատներում, ապա վերադարձից ակնկալվող արտոնություններն առանձնապես մեծ չեն։

Հարցը, որի մասին խոսում ենք, ուղղակի կապ ունի «սեգրեգացիայի» քաղաքականության հետ. եթե կառավարությունը ձգտում է հայրենիք վերադարձնել մրցունակ կադրերին, այն վաղ թե ուշ ստիպված է լինելու այդ կադրերին ոչ միայն հոյակապ աշխատավարձ, այլև հատուկ միջավայր ապահովել, որը կտարբերվի նրանից, որում ապրում է երկրի բնակչության հիմնական մասը։ Այնպես, ինչպես ժամանակին եղավ Եգիպտոսում, որի մայրաքաղաքում տեխնոկրատների և որակյալ աշխատողների համար ստեղծվեց «Մոհանդիսեն» («Ինժեներներ») թաղամասը՝ աշխարհիկ և հարուստ շրջան Կահիրեում, որտեղ կյանքը մինչև վերջին ժամանակներս խիստ տարբերվում էր նրանից, ինչը կար քաղաքի այլ շրջաններում։ Հասարակության նման շերտատումն էլ, ի թիվս այլ բաների, Եգիպտոսում հանգեցրեց հեղափոխության, համենայնդեպս՝ բնակչության այն հատվածի ապստամբության, որը չէր ընդունում կոռուպցիան, հասարակության շերտավորումն ու սեգրեգացիան։ Դատելով «սաուդացման» քաղաքականությունից՝ նման հեռանկարը կարող է սպառնալ նաև Սաուդյան Արաբիային, որը, չլուծելով կարևորագույն՝ քաղաքական և գաղափարախոսական բարեփոխման հարցը, ջանում է արդիականացնել երկիրը, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի բնակչության էլ ավելի մեծ շերտավորման ըստ սոցիալական և կրթական ցենզի և պարարտ հող կստեղծի ընդդիմության և արմատական ընդվզման աճի համար։

Ինչպես տեսնում ենք, ինչպես Իրանը, այնպես էլ Սաուդյան Արաբիան հսկայական քայլեր են արել և շարունակում են անել ազգային տնտեսության զարգացման ուղղությամբ՝ մարդկային, առաջին հերթին՝ գիտակրթական կապիտալում արվող ներդրումների օգնությամբ։ Երկու պետությունն էլ իրենց այս ռազմավարությունն իրագործելիս վրիպումներ են թույլ տվել, բայց չեն հրաժարվել գլխավորից. գիտության և կրթության ներդրումավորումը փոխհատուցվում է կրթության և գիտության զարգացմամբ։ Ինչպես ցույց է տալիս իրանական փորձը, այդ փոխհատուցման գործընթացը կարող է տասնամյակներ տևել, բայց դրա պտուղներն ակնհայտ են։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ինչպես Իրանում, այնպես էլ Սաուդյան Արաբիայում հիմնական ուշադրությունը հատկացվում է հենց տեխնիկական գիտություններին և մասնագիտություններին, քանի որ դրանք կարող են դրական ազդեցություն գործել ազգային աճի վրա։

1 Huntington, Samuel P. (1966), The Political Modernization of Traditional Monarchies. Daedalus, Vol. 95, #3, Tradition and Change, p. 770.

2 Նույն տեղում, p. 776

3 Zabih, Sepehr (1979), Iran’s Revolutionary Upheaval: An Interpretive Essay. San Francisco, CA: Alchemy Books, p. 9.

4 Amini, Parvin Marat (2002), A Single Party State in Iran, 1975-78, The Rastakhiz Party: The Final Attempt by the Shah to Consolidate His Political Base, Middle Eastern Studies, Vol. 38, #1, p. 135.

5 Hayek F.A. (1945), The Use of Knowledge in Society. The American Economic Review, Vol. 35, #4, p. 523.

6 Khodadad Farmanfarmaian, interview recorded by Habib Ladjevardi, December 7, 1982, Campbridge, MA, “Iranian Oral History Collection”, Harvard University, Tape 3.

7 Մեջբերումն՝ ըստ Summit, April R. (2004), For a White Revolution: John F. Kennedy and the Shah of Iran, Middle East Journal, Vol. 58, #4, p. 570.

8 Ramazani, Ruholla K. (1974), Iran's «White Revolution»։ A Study In Political Development. International Journal of Middle East Studies, #5, p. 132

9 Amuzegar, Jahahgir (1977). Iran: An Economic Profile, Washington, DC, The Middle East Institute, p. 183.

10 Aburish K. Said (2005), The Rise, Corruption, and Coming Fall of the House of Saud, St. Martin's Press.

11 Ottaway B. David (2012), Saudi Arabia’s Race Against Time, Wilson Center, Occasional Papers.

12 Kingdom of Saudi Arabia. Ministry of Economy and Planning. The Ninth Development Plan (2010-2014). Available at: http://www.mep.gov.sa/ (վերջին այցելությունը՝ 2013թ. մարտի 25-ին)։

13 Գիտության քաղաքի և նրա նախագծերի մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ http://www.kaust.edu.sa/

14 Չի բացառվում, որ բնական և տեխնիկական գիտությունների զարգացումը պետք է նպաստի միջուկային զենք ունենալու ցանկության իրականացմանը, ինչին ձգտում է սաուդյան ռեժիմը։ Միջուկային երկրի վերածվելու Սաուդյան Արաբիայի ցանկության մասին այնքան էլ հաճախ չեն գրում, ինչպես Իրանի պարագայում է, բայց այս թեմայի վերաբերյալ աշխատանքներ, այնուամենայնիվ, կան։ Տե՛ս, օրինակ, Gawdat Bahgat (2006), Nuclear Proliferation, The Case of Saudi Arabia Middle East Journal, Vol. 60, No. 3.

15 Համանման՝ «օմանացման», «կատարացման», «էմիրաթացման» ծրագրեր կան նաև Սաուդյան Արաբիայի հարևան պետություններում։ Աշխատուժի և որակյալ աշխատուժի «տեղայնացման» ծրագրում առաջինը Օմանն է, որն իր ծրագիրն սկսել է 1988թ.. այդ պահի դրությամբ անգամ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև ազգային ֆինանսական ինստիտուտներում ղեկավար պաշտոնները զբաղեցնում էին օտարերկրացիները՝ մասնագետներ Լիբանանից, Սիրիայից, ինչպես նաև արևմտյան երկրներից (հիմնականում մուսուլմաններ)։

16 Adel S. Al-Dosary and Syed Masiur Rahman (2005): Saudization (Localization) – A Critical Review, Human Recourse Development International, Vol.8, №4, p. 496-497.

17 Glasze Georg (2006), Segregation and Seclusion: The Case of Compounds for Western Expatriates in Saudi Arabia, GeoJournal, Vol.66, №1/2, Gated Communities: An Emerging Global Urban Landscape, pp. 83-88.

Սեպտեմբեր, 2014թ.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր