• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2015

ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.

Չնայած Իրանը և «վեցնյակը» չկարողացան միջուկային հարցի շուրջ կարգավորման հասնել 2014-ին, 2015-ին բանակցությունները շարունակվելու են, և կա տեսական շանս, որ դրանց արդյունքում, եթե ոչ լիարժեք, ապա մասնակի կարգավորում կհաստատվի Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններում։ Ներկայացնենք այն հնարավոր հետևանքները, որոնց այդ կարգավորումը կարող է հանգեցնել Հարավային Կովկասի համար։

Ռուհանիի «սառեցման» քաղաքականությունը

Հասան Ռուհանին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Իրանի արտաքին քաղաքականության հիմնաքար է դարձրել Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ գործընթացի ապահովման համար օգտագործվում են այն ընդհանուր խնդիրները, որոնք զուգահեռաբար վտանգ կամ հետաքրքրություն են ներկայացնում թե՛ Թեհրանի և թե՛ Վաշինգտոնի համար։ Դրանք են՝ միջուկային խնդիրը, Իրաքը և Սիրիան։ Գրեթե բոլոր երեք ուղղություններով կողմերը փորձում են խուսափել բախումներից և իրենց քաղաքական գծի հիմնական բաղադրիչ են համարում մասնակի համագործակցության հաստատումը։

Սիրիային Վաշինգտոնի կողմից ռազմաօդային հարվածներ հասցնելը հիմնականում սահմանափակվում է «Իսլամական պետության» զինված ուժերի տեղակայման տարածքներով, ինչը չի հանգեցնում Իրանի կողմից որևէ հակադրության, քանի որ Սիրիայի գործող իշխանություններն այդ հարվածներից չեն տուժում։

Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարը դեռևս ընթանում է առանց իրանա-ամերիկյան բախումների։ Ընդհակառակը՝ երկու կողմերն իրականացնում են նույն կարճաժամկետ նպատակին ուղղված գործողություններ, որոնց արդյունքում պետք է առավելագույն հարված հասցվի իսլամիստներին։ Հետագայում, սակայն, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը ստիպված են լինելու համաձայնեցնել, թե ով է լինելու «իսլամիստներից ազատագրված» Իրաքը վերահսկող կողմը։ Այս խնդիրը հղի է լուրջ բախումներով, սակայն այն ապագայի հարց է, բայց հաշվի առնելով «Իսլամական պետության» մարտունակությունն ու կենսական պոտենցիալը՝ այդ ապագան այնքան էլ մոտ չէ։

Միջուկային խնդիրը պակաս կարևոր չէ և պահանջում է առանձին անդրադարձ, սակայն ընդհանուր առմամբ թե՛ Թեհրանը, թե՛ Սպիտակ տունը շահագրգռված են ընդհանուր հայտարարի հասնելու հեռանկարով։

Վերադառնալով Ռուհանիի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարությանը, նշենք, որ իրանական կողմից այն պահանջում է հսկայական մարդկային և մասնագիտական ռեսուրսներ։ Իրանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Նավթի նախարարությունը վերջին 1,5 տարվա ընթացքում հենց Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումն են դարձրել իրենց գործունեության հիմնաքարը։ Սա անուղղակիորեն հանգեցրել է Իրանի արտաքին քաղաքականության մնացյալ ուղղությունների «սառեցմանը», ինչն անմիջականորեն իրեն զգալ է տալիս թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում։ Իրանի համար կենսական նշանակություն ունեցող այս երկու տարածաշրջաններում Թեհրանը վերջին շրջանում որդեգրել է պասիվ քաղաքականության ռազմավարություն, որի նպատակն է նոր քայլերի կասեցումը և կենտրոնացումը միայն առկա խնդիրների վրա, որոնց կարգավորումն ունի մեկ առաջնային նպատակ՝ չխանգարել իրանա-ամերիկյան երկխոսության ընթացքին։

Իրանի նմանատիպ քաղաքականության հետևանքները Հարավային Կովկասում բավական տարբեր են։ Դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ քաղաքականություն Հայաստանի և Վրաստանի ու քաղաքականություն Ադրբեջանի մասով։ Նման տարանջատման հիմքում այն փաստն է, որ Երևանի և Թբիլիսիի հետ Թեհրանի հարաբերություններում առկա չեն լուրջ խնդիրներ, իսկ Բաքվի հետ հարաբերություններն անցած 20 տարիներին կուտակել են բավական լուրջ հակասություններ։ Հենց այս տարանջատման արդյունքում Երևանի և Թբիլիսիի հետ Թեհրանի հարաբերություններում վերջին 1,5 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չկա, ինչը բխում է «սացեռման» քաղաքականությունից, իսկ Բաքվի հետ հարաբերություններում կատարվել են լուրջ քայլեր ոչ այնքան հակասությունների վերացման, որքան դրանց «սառեցման» ուղղությամբ։

«Սառեցման» հետևանքները Հայաստանի և Վրաստանի համար

Որքան էլ Հայաստանում չխոսվի հայ-իրանական հարաբերությունների ակտիվ զարգացման մասին, այս ուղղությամբ վերջին 2 տարիներին որևէ դրական նորություն չկա։ Կողմերը ոչ միայն չեն եկել համաձայնության նոր նախագծերի վերաբերյալ (Իրան-Հայաստան երկաթուղի), այլև գրեթե քայլեր չեն իրականացրել արդեն համաձայնեցված նախագծերի իրականացման ուղղությամբ։ Խոսքը թե՛ Հայաստան-Իրան նոր բարձրավոլտ էլեկտրահողարդակցային միջանցքի, թե՛ Մեղրու ՀԷԿ-ի մասին է։ Երկու նախագծերն էլ անմիջականորեն կապված են Իրանի ֆինանսական աջակցության հետ, քանի որ ՀՀ-ում առկա չեն միջոցներ նման հզորությունների կառուցման համար։ Գոնե պետական հատվածում։ Թեև բարձրավոլտ գծի կառուցումն ավելի իրատեսական կլիներ, եթե այն հանձնվեր միակ կազմակերպությանը, որը շահագրգռված կարող է լինել դրանում՝ «Գազպրոմ-Արմենիային», որին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկը միակ հզորությունն է, որն ազատ պաշարներ ունի Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Սակայն նման որոշում չի կայացվել, և կառուցման հիմնական հույսը դրվում է իրանական ֆինանսավորման վրա, որը «սառեցման» պայմաններում հավանական չէ։

Վրացական ուղղությամբ Ռուհանիի քաղաքականությունն ամրագրել է լուրջ հետընթաց՝ Մահմուդ Ահմադինեժադի իշխանության տարիների համեմատ։ Եթե վերջինս առնվազն 2 անգամ պաշտոնական բանակցություններ էր վարել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ և հասել իրանական գործարարների համար Վրաստանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, ապա վերջին 2 տարիներին իրանական տնտեսական և ֆինանսական ներկայությունը Թբիլիսիում շեշտակիորեն նվազել է։ Ավելին, «սառեցման» և անուշադրության պայմաններում Թեհրանը բաց է թողել Վրաստանի՝ 2014թ. օտարերկրացիների երկրում կացության մասին որոշումը, որով, փաստացիորեն, վերացվում են իրանցիների՝ Վրաստան առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքն ու հնարավորությունը։

«Սառեցման» հետևանքներն Ադրբեջանի համար

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Բաքվի ուղղությամբ Թեհրանը նշանակալից քայլեր է իրականացրել, որոնց նպատակը ոչ թե նոր նախագծերի զարգացումն է, այլ առկա խնդիրների «սառեցումը»։ Ռուհանի-Ալիև բանակցությունները Թեհրանում և Բաքվում հանգեցրել են հարաբերություններում առկա խնդիրների կտրուկ նվազեցման։ Ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են «խաղերը» Հարավային Ադրբեջանի ուղղությամբ՝ անգամ տեղի բնակիչների հետ աշխատանքները հանելով Սփյուռքի հետ աշխատանքների գործակալության լիազորություններից։ Թեհրանն էլ առավելագույն չափով նվազեցրել է շիա-իսլամականների հակաիշխանական գործողություններին աջակցությունը։ Սա լավ նկատվում է Բաքվի Նարդարան արվարձանում, որտեղ Իրանի անմիջական աջակցությամբ անցյալում հակաիշխանական բողոքի գործողություններ էին իրականացվում։

Ցավոք, պետք է նշել, որ Բաքվի հետ հակասությունների «սառեցման» քաղաքականությունում օգտագործվում է նաև «հայկական խաղաթուղթը»։ Աշնանը Հասան Ռուհանիի Բաքու կատարած այցի ընթացքում Իրանի նախագահն առաջին անգամ ստորագրություն դրեց իրանա-ադրբեջանական հռչակագրի տակ, որում ընդունվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂՀ-ի նկատմամբ և քննադատվում է Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիան»։

Թե ինչ կլինի Հարավայի Կովկասի ուղղությամբ Իրանի քաղաքականության հետ Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումից հետո՝ առանձին հարց է։ Սակայն այսօր կարելի է փաստել, որ բուն բանակցային գործընթացը թեև հանգեցրել է Իրան-ԱՄՆ ռազմական բախման կտրուկ նվազեցման, սակայն իր ընթացիկ հետևանքներով բավական բացասական արդյունքներ է գրանցել Իրան-Հայաստան հարաբերություններում, որոնք ապրում են ստագնացիայի ակտիվ փուլ։ Եվ այդ փուլը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կենտրոնացած կմնա Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վրա։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2015


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր