• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2014

ՂՐԻՄՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ, ԿԱՐԾՈՒՄ Է «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

EnglishРуский

   

- Պարոն Հարությունյան, այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։ Ի՞նչ կարծիքի եք դրանց մասին։

- Ուկրաինայում, իհարկե, տեղի են ունենում բարդ, բազմամակարդակ գործընթացներ։ Դրանցից մեկը հանրային գործոնն է։ Չի կարելի ժխտել, որ ուկրաինական հանրությունը դժգոհ էր երկրի կառավարման որակից և ղեկավարումից՝ հանձին Յանուկովիչի։ Եվ դժգոհությունը վերաճեց բողոքի։ Բայց սա ամենամակերեսային մակարդակն է։ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ խոսքը լավ կազմակերպված ուժի մասին է, որն իրականացրել է արյունալի հեղաշրջում, որի զոհ է դարձել մոտ 100 մարդ, իսկ տուժածների թիվը հասնում է հազարների։

- Դասական ռազմական, ուժային պուտչ...

- Որի արդյունքում իշխանության եկան մարդիկ, ովքեր ակնհայտորեն լեգիտիմ չեն։ Տեղի ունեցողի հիմքում ակնհայտ է աշխարհաքաղաքական աստառը։ Նպատակն է՝ թուլացնել Ռուսաստանը։ Ուկրաինան այս պարագայում սոսկ գործիք է Ռուսաստանի դիրքերի թուլացման համար, ընդ որում՝ Եվրոպայի հետ միասին։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի համար վատագույն սցենարն, օրինակ, Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մեծ Եվրոպայի ստեղծման սցենարն է։ Հատկանշական է, որ Ուկրաինայի արյունալի դեպքերը ծավալվում էին Արևմուտքի ուղղակի աջակցությամբ. դրանք և՛ կրակին յուղ ավելացնող առանձին գործիչներն էին, և՛ արևմտյան պետությունները։ Եվ դա՝ այն դեպքում, երբ մարդու իրավունքների յուրաքանչյուր առանձին վերցրած խախտման համար Արևմուտքն ուղղակի տիեզերական աղմուկ է բարձրացնում։

- Ընդ որում, եթե նայում ենք նրանց, ովքեր իշխանության են եկել, տպավորություն է ստեղծվում, թե ուկրաինացի ժողովուրդն ասես կրակից ազատվել՝ բոցն է ընկել։ Մի օլիգարխներից ազատվեցին, մյուսների ձեռքն ընկան։

- Այդպես էլ կա։ Ինչ վերաբերում է Ղրիմի իրադարձություններին, ապա կարելի է, իհարկե, քննադատել Ռուսաստանին շատ կետերով, և մասնավորապես այն բանի համար, որ Ուկրաինայի անմիջական հարևանը լինելով՝ չկարողացավ կիրառել այսպես կոչված փափուկ ուժ։ Խոսքը հանրության վրա տեղեկատվական ազդեցության մասին է, այդ թվում նաև Ուկրաինայում ռուսաստանյան լրատվամիջոցների թուլության մասին։ Ռուսաստանը հստակ չի կարող պարծենալ դրական իմիջով և չկարողացավ բարելավել այն երկար տարիների ընթացքում։ Բայց մենք ունենք նաև հենց Ուկրաինայի գործոնը՝ կապված «քաղաքակրթական կտրտվածության» հետ, եթե հետևելու լինենք Հանթինգտոնի եզրաբանությանը։ Մի քանի տարի առաջ ես հոդված էի գրել, որտեղ վերլուծել էի այս երևույթը և նման երկրների շարքին էի դասել նաև Ուկրաինան, քանի որ Արևմտյան և Արևելյան Ուկրաինաները բազմաթիվ բնութագրիչներով շատ տարբեր են։ Պետք է խոստովանել, որ, ցավոք, Ուկրաինան, որպես պետություն, որպես միասնական երկիր չի կայացել։ Այդ երկրում մշտապես, մեկը մյուսի հետևից տեղի են ունենում կամ հեղափոխություն, կամ հեղաշրջում, կամ մայդաններ են կազմակերպվում և այլն։ Բայց վերադառնանք Ղրիմին...

Այստեղ այսօրվա դրությամբ խոսքը վերաբերում է ռուսախոս բնակչության (ոչ պակաս, քան 60%) պաշտպանությանը։ Մյուս կարևոր բաղադրիչը Ղրիմում ռուսաստանյան ռազմածովային կայանի առկայությունն է։ Առհասարակ, Ղրիմը մինչ այս չի էլ պատկանել Ուկրաինային, մենք բոլորս գիտենք Խրուշչովի որոշման մասին։ Եվ պետք է խոստովանել, որ շատ տարածքներ ինչպես արևմուտքում, այնպես էլ արևելքում փոքր-ինչ արհեստականորեն են միացվել Ուկրաինային։ Այսօր Ղրիմի ռուսախոս բնակչությունն, իհարկե, պաշտպանության կարիք ունի։ Չէ՞ որ, եթե լսելու լինենք, թե այս հաշվով ինչ է ասում ուկրաինական ուլտրաազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը, պարզապես սարսափելի է դառնում։ Բայց բանը միայն Յարոշը չէ։ Հիշենք, որ Գերագույն ռադայի ընդունած առաջին օրենքն էլ տարածաշրջանային լեզուների մասին էր։ Հետո դրա վրա վետո դրեցին, բայց հիմա այն նորից քննարկվող թեմա է դարձել։ Եվ կարելի է վստահ լինել, որ վերջնական ինչ տեսք էլ ունենա այդ օրենքը, այն ակնհայտորեն չի ապահովելու ռուսախոս բնակչության իրավունքները։ Ստեղծված իրադրությունում Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է միակ ադեկվատ քայլը։ Ի վերջո, չէ՞ որ Ռուսաստանն Ուկրաինային պատերազմ չի հայտարարել, ընդամենը հնչեցրել է իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում, որոնք կպահանջեն ռուս (ինչպեսև ուկրաինացի բնակչության) պաշտպանությունը, Ուկրաինա զորքեր մտցնելու հնարավորության մասին։ Մինչդեռ, ղրիմցիներն իրենք են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրել, և այսօր այնտեղ տեղի է ունենում էլ ավելի մեծ ինքնավարացման, ես կասեի՝ թերակղզու ինքնիշխանացման գործընթաց։ Թե արդյունքում ինչ կստացվի՝ դժվար է ասել։ Կդառնա՞ արդյոք Ղրիմն անկախ պետություն, որի կազմի մեջ կմտնեն Դոնեցկը, Օդեսան։ Կարելի է լոկ կռահումներ անել և սցենարներ առաջարկել։ Բայց ակնհայտ է, որ Ղրիմն այլևս նախկին կարգավիճակին, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա։

- Կարո՞ղ են արդյոք Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն այս կամ այն կերպ անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Եվ առհասարակ, կա՞ն արդյոք զուգահեռներ։

- Հիշո՞ւմ եք, Լև Տոլստոյը մի նախադասություն ունի՝ «յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»։ Սա վերաբերում է նախկին Միության տարածքի բոլոր թեժ կետերին։ Բայց Ղրիմի կոնֆլիկտն արմատապես տարբերվում է ղարաբաղյանից։ Ղարաբաղի պարագայում մենք գործ ունեինք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ։ Այս համատեքստում կարելի է ինչ-որ նմանություններ գտնել, քանի որ թուրքական ազդեցությունը Ղրիմի թաթար բնակչության վրա շատ ուժեղ է։ Այս առումով մենք նման ենք։ Բայց մնացած բոլոր հարցերում ոչ մի նմանություն չկա. դրանք տարբեր գործընթացներ են թե՛ մասշտաբներով, թե՛ իրենց էությամբ։ Ղարաբաղյան հակամարտությանն առավել մոտ են Հարավային Օսիայի, Աբխազիայի նախադեպերը, բայց այնտեղ էլ իրավիճակն այլ է, որովհետև վրացիների և աբխազների ու օսերի միջև քաղաքակրթական հակադրություն չկա։ Դրանք, ըստ էության, ժողովուրդներ են, որոնք ուղղակի քաղաքակրթական հակասություններ չունեն, ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության։ Իսկ Ղրիմում մենք առհասարակ գործ ունենք միմիայն սլավոնների հետ։

Ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական առումով այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, շահավետ է Հայաստանի համար, քանի որ եթե ռուսաստանյան ռազմածովային կայանը դուրս բերվի Սևաստոպոլից, Սև ծովը կվերածվի, ասենք, Թուրքիայի ներքին ծովի։ Այսքան լուրջ ռազմավարական հենակետը զիջելը նշանակում է ուժեղացնել Թուրքիային, ուժեղացնել մեր, մեղմ ասած, չարակամին։ Ընդհանրապես, պետք է խոստովանել, որ Ռուսաստանի ձեռնարկած բոլոր քայլերն, այսպես թե այնպես, համապատասխանում են մեր աշխարհաքաղաքական շահերին։ Կրկին հիշենք Հարավային Օսիան։ Մենք գիտենք, որ եթե Ռուսաստանը չմիջամտեր, ադրբեջանցիները պատրաստ էին նման օպերացիա իրականացնել Ղարաբաղում, ճիշտ այնպիսին, ինչպիսին ուզում էր իրականացնել Սաակաշվիլու ռեժիմը Հարավային Օսիայի հետ։

Այնուհետև... Ռուսաստանի միջամտությունը մերձավորարևելյան գործերին, Սիրիայի դեմ ագրեսիայի կանխումը նույնպես մեր շահերից են բխում, եթե հաշվի առնենք Սիրիայի և առհասարակ Մերձավոր Արևելքի հայկական համայնքների հետ կապված պատային իրավիճակը։ Նույնն այսօր կարելի է ասել Ղրիմի մասին։ Ռուսաստանի ամուր դիրքերն առհասարակ, այդ թվում՝ Սև ծովում, մեզ համար միայն շահավետ են։ Բայց... Ոչ մի պարագայում չպետք է մոռանալ, որ խոսքը մարդկանց իրավունքների մասին է, այնպես ապրելու իրավունքի մասին, ինչպես իրենք են ուզում՝ իրենց լեզվով, ավանդույթներով, հասկացություններով։ Ըստ էության, Ղիմում տեղի է ունենում մի գործընթաց, որը պետք է ողջունել՝ Ուկրաինայի և ուկրաինացիների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։

- Այսօր շատ են խոսում այն մասին, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները սառը պատերազմի նոր ալիք են հրահրել, և դրա ապացույցը Օբամայի վերջին հայտարարություններն են...

- 2002թ. «Գոլոս Արմենիի»-ում ես հրապարակել եմ «Սառը պատերազմ – 2» հոդվածը։ Բանն այն է, որ այդ պատերազմի նախադրյալները կային դեռ այն տարիներին, և սառը պատերազմը շարունակվում է։ Բայց իրավիճակն աշխարհում փոխվել է։ Այսօր մենք ապրում ենք բազմաբևեռ աշխարհում։ Հիշենք Իրանը մնացյալ աշխարհից մեկուսացնելու բազմակի փորձերը. չէ՞ որ դա չհաջողվեց անել հիմնականում այնպիսի լուրջ աշխարհաքաղաքական դերակատարների առկայության շնորհիվ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանը։ Դե ինչ, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը դադարի, ոչ մի սարսափելի բան Ռուսաստանի համար չի լինի։ Սառը պատերազմն ընթանում է մշտապես, այն պարզապես տարբեր ձևեր է ընդունում։ Բայց դիմակայությունը կա, և դրանում, իհարկե, ոչ մի լավ բան չկա ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի համար։ Բայց իրավիճակն այսպիսին է...

- Վերադառնանք Ուկրաինային։ Մեջբերում կատարեմ ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենի վերջերս տված հարցազրույցից Ուկրաինայի իրադարձությունների մասին. «Մեղքը բոլորինն է, եթե կարող եմ այսպես արտահայտվել։ Նախևառաջ այն պատճառով, որ Եվրամիությունը կրակին յուղ ավելացրեց՝ մասնակցելով նրան, ինչն ապստամբությունը հեղափոխության վերածեց։ Որովհետև նրանք ստիպեցին Ուկրաինայի մի մասին հավատալ այն բանին, որ Ուկրաինան կարող է մտնել Եվրամիություն, ինչը բացարձակապես ճիշտ չէ։ Պետք է շատ հստակ ասել. եվրոպական ժողովուրդը չի ուզում Ուկրաինային Եվրամիությունում։ Ի դեպ, նրանք նաև չեն ուզում ոչ Ալբանիային, ոչ Մակեդոնիային, ոչ Թուրքիային...»։ Ձեր մեկնաբանությունները...

- Դե ինչ, միանգամայն ճիշտ է ասված։ Խնդիրն այն է, որ շատերը Եվրամիության հետ ասոցիատիվ պայմանագրերը նույնականացնում են Եվրամիություն մտնելու հետ, թեև առաջինն ամենևին չի նշանակում Եվրամիություն մտնել։ Եվրոպայի հետ նման ասոցիատիվ պայմանագրեր ունեն Ալժիրը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Մարոկոն, Մեքսիկան, Պաղեստինը, Թունիսը, Չիլին, ՀԱՀ-ը, և ի՞նչ։ Ի՞նչ է փոխվել դրանից, օրինակ, այդ նույն Եգիպտոսում։ Ավելին, ի՞նչ է փոխվել նրանից, որ Եվրամիություն են մտել այնպիսի երկրներ, ինչպիսին է Բուլղարիան կամ Ռումինիան։ Ինչպես այնքան էլ լավ չէին ապրում 30 տարի առաջ, այնպես էլ ապրում են հիմա։ Ինչ վերաբերում է Մերձբալթիկային, որն առավել սահուն մտավ Եվրամիություն, ապա այսօր բալթյան այդ երկրներում տնտեսական հետընթաց է նկատվում։ Տնտեսությունը չի զարգանում, բազմաթիվ խնդիրներ կան։

Հայկական հանրությունում ևս շատերին թվում է, թե Եվրոպայի հետ ասոցիատիվ համաձայնագիրը Եվրամիության մաս դառնալու շանս է տալիս։ Բայց ոչ մի շանս էլ դա չի տալիս։ Խոսքն առևտրային հարաբերությունների սովորական պայմանագրի մասին է, ոչ ավելին։ Ուկրաինան այսօր շատ հետ է գլորվել, երկրի տնտեսությունը կործանման եզրին է, ֆինանսական դեֆոլտի եզրին։ Եվ բնական է, որ Եվրամիությունը գրկաբաց չի ընդունելու Ուկրաինային, էլ չեմ ասում իշխանության կառույցում այնպիսի մեկի առկայության մասին, ինչպիսին է Յարոշը, որն աջուձախ մեղադրում է ամերիկացիներին ու եվրոպական իմպերիալիստներին, հրեաներին, լեհերին, մոսկալներին, բոլորին անխտիր։ Նման Ուկրաինա Եվրամիությանը հաստատ պետք չէ, և առհասարակ պերսոնա նոն-գրատա է շատերի համար։ Յանուկովիչի մեծագույն սխալն այն է, որ նա որոշեց գնալ կամ ձախ, կամ աջ։ Եթե Ուկրաինան հավասարարժեք հարաբերություններ պահպաներ Ռուսաստանի, Եվրոպայի հետ, կարող էր շատ կարևոր կառույց լինել մեծ Եվրոպայի միավորման համար և բազմաթիվ դիվիդենդներ ունենալ։ Բայց, կրկնում եմ, Ուկրաինայի ղեկավարությունը մեծ սխալ գործեց՝ փորձելով գնալ «կամ-կամ» ճանապարհով, ինչն աշխարհաքաղաքական առումով չկայացած, ռազմավարական կողմնորոշիչներ և սեփական, այսպես կոչված՝ անկախ աշխարհաքաղաքական կոդ չունեցող երկրի համար վերածվեց այն իրավիճակին, որն այսօր տեսնում ենք Ուկրաինայում։

Հեղինակ՝ Զառա Գևորգյան

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր