• am
  • ru
  • en
Версия для печати
24.03.2014

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՂՐԻՄԻ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԱՊԵՍ ԹՈՒԼԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Руский

   

Աշոտ Սաֆարյան

Ղրիմի միավորմամբ Ռուսաստանն էապես թուլացրեց Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում։ Մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Ըստ նրա՝ կար իրական սպառնալիք, որ Ղրիմից, իսկ ավելի ճիշտ՝ Սևաստոպոլյան բազայից Ռուսաստանի հեռանալու դեպքում սևծովյան ավազանում գերիշխող կդառնա թուրքական նավատորմը, էլ չենք խոսում թերակղզու հանդեպ Անկարայի վաղեմի ախորժակի մասին։

«Սակայն Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի հետ միավորումը վերջակետ դրեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին, և այս փաստը չի կարող շահավետ չլինել Հայաստանի համար։ Մենք գիտենք, որ այն ամենը, ինչը լավ է Թուրքիայի համար, միշտ չէ, որ լավ է Հայաստանի համար»,- նշել է Գ.Հարությունյանը։

Փորձագետը կարծում է նաև, որ Երևանը կարող է Ղրիմի հանրաքվեն օգտագործել ղարաբաղյան կարգավորման համար։ «Դա լրացուցիչ հաղթաթուղթ է հայ դիվանագիտության ձեռքին, և այս իմաստով հայ շատ փորձագետների հարձակումները Ռուսաստանի վրա ինձ, անկեղծ ասած, զարմացնում են։ Ես կարող եմ հասկանալ Մոսկվայի գործողություններն այդքան կատաղի քննադատող թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին և քաղաքական գործիչներին, ինձ համար հասկանալի է նրանց մոտիվացիան, բայց երբ այդ «երգչախմբին» միանում են հայ գործընկերները, դա ինձ վրդովեցնում է»,- ասել է վերլուծաբանը։

Մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը, որն ափսոսանք էր հայտնել Ղրիմի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշման առիթով, Գ.Հարությունյանն ընդգծել է, որ, իր կարծիքով, Հեֆերնի այդ քայլն այնքան էլ չի համապատասխանում դիվանագիտական նորմերին։ «Ամերիկյան դեսպանները սովորություն ունեն իրենց տեսակետը հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, և հաճախ նրանք, ամենայն հավանականությամբ, արտահայտում են իրենց անձնական, քան թե իրենց երկրի դիրքորոշումը»,- նկատել է Գ.Հարությունյանը՝ ընդգծելով, որ հազիվ թե հայ-ամերիկյան հարաբերությունները տուժեն դրա հետևանքով։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել էր, որ Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական օրինակն է՝ ազատ կամարտահայտման ճանապարհով։

http://arminfo.am/index.cfm?objectid=CD0A20C0-B106-11E3-A70A0EB7C0D21663


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր