• am
  • ru
  • en
Версия для печати
30.06.2014

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ (մաս 2)

Руский

   

ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԸ

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ (մաս 1)

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-ԵՏՄ-ին ինտեգրվելու հակառակորդներին մտատանջող հիմնական խնդիրներից մեկի՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի «կտրուկ բարձրացման» թնջուկը կարելի՞ է լուծված համարել։

-Միջին «կլասի» ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքերը, նույնիսկ եթե բարձրանան, գների էական բարձրացում չի լինի, որովհետեւ, այսպես թե այնպես, մեզ տրված է նվազագույնը 5 տարվա հնարավորություն՝ ՄՄ մաքսատուրքերը գործի դնելու առումով։ Բայց մենք էլ պետք է մտածենք՝ օգտվե՞լ այդ հնարավորությունից, թե՞ ոչ. եթե օգտվում ենք՝ համապատասխան գումարները բյուջե չեն մտնում։

Ընդհանրապես ավտոմեքենաների հետ կապված, մեզանում որոշակի թյուրըմբռնում կա՝ հին սովետական պատկերացում, թե Ռուսաստանը միայն «Ժիգուլի» է արտադրում՝ էժան եւ անորակ։ Ժամանակները փոխվել են՝ այսօր Ռուսաստանում հավաքում են ե՛ւ «Ռենո», ե՛ւ «Միցուբիշի», ե՛ւ «Հունդայ», ե՛ւ բարձրակարգ այլ մեքենաներ։ Վստահ չեմ, որ Թուրքիայում կամ Չինաստանում հավաքված մեքենան ավելի լավն է, քան Ռուսաստանում արտադրվածը։

Սրանք հարցեր են, որոնք շատ լուրջ, համակարգված, համալիր լուծում են պահանջում՝ պետք է ծանրութեթեւ անել բոլոր թերուդեմերը, ոչ թե առանձնացնել խնդիրներից մեկը, օրինակ, որոշ ապրանքների գծով մաքսատուրքերի հնարավոր բարձրացումը, եւ դարձնել դա դրոշակ՝ ասելով, որ ԵՏՄ մտնելը կործանարար է Հայաստանի համար։

-Որքանո՞վ արդարացված են մտահոգությունները, թե եվրոպական զարգացած շուկային, արդիական տեխնոլոգիաներին ինտեգրվելու փոխարեն մտնելով թույլ, հետամնաց տնտեսություն ունեցող, կոռումպացված երկրների միություն՝ Հայաստանը ոչ միայն չի կարող զարգացնել իր տնտեսությունը, այլեւ «կհավասարվի» նրանց։

-Որեւէ միության ինտեգրվելուց առաջ ոչ թե պետք է նայել, թե որքանո՞վ զարգացած են այդ միության անդամ երկրները, այլ ելնելով միայն եւ միայն մեր շահերից։ Ինտեգրացիայի նպատակը ո՞րն է. հնարավորինս կարճ ժամկետում կենսամակարդակի էական աճ ապահովել. ՀՆԱ-ի առավելագույն աճ՝ հնարավորինս բարձր անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության պայմաններում։

Կա նաեւ երկրորդ խնդիրը. հստակեցնել հայտանիշները, որոնցով պետք է առաջնորդվես՝ ինտեգրվելով այս կամ այն տնտեսական միությանը։ Եթե ես որոշել եմ ինտեգրվել որեւէ տնտեսական տարածքի, պետք է պարզորոշ տեսնեմ դրա հեռանկարը. դա մեծացնո՞ւմ է իմ անվտանգության աստիճանը, բարելավո՞ւմ է ՀՆԱ-ի կառուցվածքը, առեւտրային հաշվեկշիռը, որը ահավոր վատ վիճակում է՝ ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանումը, վերջապես՝ լուծո՞ւմ է զբաղվածության խնդիրը, նպաստո՞ւմ է գործազրկության կրճատմանը, որը մեր ամենացավոտ հարցերից մեկն է։ Ա՛յս մասին պետք է մտածենք։

Բացի դրանից, կա նաեւ իրական ինտեգրացիոն վեկտորի հասկացությունը։ Ի՞նչ ենք մենք արտահանում եվրոպական շուկա՝ փաստորեն միայն հումք։ Պատրաստի արտադրանքը, որը ապահովում է զբաղվածություն, ՀՆԱ-ի ավելի մեծ աճ, արտահանվում է Ռուսաստան։

Մեր հիմնական առեւտրային գործընկերը, իհարկե, Ռուսաստանն է, մեր տրանսֆերտների 86 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ դա մեր բյուջեի երկու երրորդն է, գազի 90 տոկոսը, ատոմային վառելիքի 100 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից, արտասահմանյան ներդրումների 44 տոկոսը կատարում են ռուսական ընկերությունները։ Սա՛ է վիճակը, որի հետ չենք կարող հաշվի չնստել։

Ի վերջո, ի՞նչ ենք ուզում՝ զարգացնել տնտեսությո՞ւնը, թե՞ շարունակել տնտեսական քաղաքականությունը, որով 20 տարի զարգացել ենք. հիմնականում ստացել ենք գրանտներ, վարկեր, տրանսֆերտներ, այսինքն՝ աշխատուժ ենք արտահանել, որն արդեն լուրջ սպառնալիք է դառնում մեզ համար, ու դրա միջոցով փորձել ենք փակել մեր առեւտրային հաշվեկշռի տարբերությունը։

Երկրորդ՝ ակնհայտ նախընտրելի մոդելը, որ ցույց է տալիս մեզ եվրասիական վեկտորը, արտահանման զարգացման ուղղությունն է։ Այսինքն՝ մենք ինքներս պետք է փակենք այդ տարբերությունը. եթե չենք խրախուսում ներքին արտադրողին, ո՞նց ենք զբաղվածության աճ արձանագրելու, ո՞նց ենք պայքարելու արտագաղթի դեմ։ Պետք է ինտեգրվել այն տնտեսական տարածքին, որը տալիս է այդ հնարավորությունը. անգամ Հնդկաստանին, եթե կա հստակ երաշխիք, որ մեր ապրանքները կարող են իրացվել հնդկական շուկայում։

Աշխարհը չունի սպառման խնդիր. ցանկացած երկիր կարող է սպառել ցանկացած ապրանք՝ սպառման խնդիր չունի, ունի արտահանման խնդիր։ Քո ապրանքները որտեղ կարող ես արտահանել, որտեղ շանսդ ավելի մեծ է, որտեղ կա պահանջարկ՝ դա է քո իրական վեկտորը։ Ավելի լավ է ինտեգրվել այն երկրների հետ, որտեղ քո ապրանքը ճանաչված է, որտեղ պատրաստ են քո ապրանքը գնել, քան այն երկրներին, որտեղ սպառման հավանականությունը մշուշոտ է։

Իհարկե, կարելի է այդ երկրներից ստանալ վարկեր, որոնց արդյունքում մեզ կարող են պայմաններ թելադրել, բայց զուտ տնտեսական նպատակահարմարության առումով Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի ընտրությունն ավելի քան հստակ է. դա Եվրասիական միությունն է։

Իսկ քաղաքական առումով, երբ ասում են՝ ԵՏՄ-ին չպետք է անդամակցել, որովհետեւ այնտեղ կոռուպցիան բարձր է, սա ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Այո, կոռուպցիան բարձր է, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, բայց այս խնդիրը մեր երկրում մեր փոխարեն ոչ ոք չի կարող լուծել՝ մեր տանը մե՛նք պետք է կարգուկանոն հաստատենք. մեր տունը մաքրենք, թող իրենք գան, այստեղ գրանցվեն։

Միջազգային փորձն էլ դա է ցույց տալիս. օրինակ, Ուրուգվայը կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող 20 լավագույն երկրների ցանկում է, իսկ Արգենտինան մեր կողքին է, եւ երկուսն էլ գտնվում են նույն տնտեսական տարածքում։ Այսինքն՝ ինտեգրացիոն այս կամ այն գործընթացում ներգրավված լինելն ինքնին կոռուպցիայի խնդիրը չի լուծում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=4858&pageid=149386&lang=
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր