• am
  • ru
  • en
Версия для печати
09.10.2014

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՀՆԱՐ Է ԿՈԾԿԵԼ ԵՎ ԱՆՏԵՍԵԼ

EnglishРуский

   

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, ԵԽԽՎ-ում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին բարձրաձայնումըպայմանավորված է Ադրբեջանում իշխող ռեժիմի հալածանքների նոր ալիքի հետ, որն իրականացվում է տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ։

«Իրավիճակն այնքան է ահագնացող դարձել, որ դրա մասին բացահայտ խոսում են ոչ միայն ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ, այլ նաև նախագահ Օբաման հստակ հայտարարում է, որ Ադրբեջանի նման պետություններին պետք է ներառել բռնապետական երկրների շարքում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ նման իրավիճակը Հարավային Կովկասում անընդունելի է ԱՄՆ-ի համար, հատկապես հիմա, երբ, ըստ էության, աշխարհաքաղաքական մրցակցությունը բավական սրվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի շուրջ տեսնել իր համար հասկանալի կառավարման մոդելներով հնարավոր դաշնակից երկրներ։

«Ադրբեջանն իր այսօրվա քաղաքականությամբ և բռնապետական իշխանությամբ չի կարող լինել ԱՄՆ-ի համար վստահելի երկիր և ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին պահել վերահսկողության սահմաններում»,-ասաց նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Եվրոպայի վերաբերմունքի խստացումն էլ Ադրբեջանի նկատմամբ նույն պատճառներով է պայմանավորված։ «Այն աստիճան է սրվել իրավիճակն Ադրբեջանում, որ այլևս չնկատել հնարավոր չէ։ Եթե մի երկիր ունի բնական ռեսուրսներ, դա դեռ չի նշանակում, որ արևմտյան իշխանությունները պետք է աչք փակեն այնտեղ տիրող խնդիրների վրա։ Ըստ էության, արևմտյան երկրների հասարակություններն իրենց իշխանություններին նույնպես պահանջում են այդ հարցերում ավելի պահանջկոտ լինել»,-ասաց նա։

Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ շահերից ելնելով միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա, հնարավո՞ր է այս դեպքում այլ քաղաքական նկատառումներից ելնելով է վերաբերմունքը խստացրել, քաղաքագետը պատասխանեց.«Իրավիճակը տարածաշրջանում լարված է և բոլորին անհրաժեշտ է տեսնել ավելի կանխատեսելի Ադրբեջան։ Նախկինում Ադրբեջանի հալածանքները երկրի ներսում այս մակարդակի չեն եղել, ինչն ակնհայտ է արդեն Եվրոպայի համար, քանի որ տեսնում ենք, թե որքան շատ հրապարակումներ, հայտարարություններ են լինում տարբեր մակարդակի քաղաքական գործիչների շուրթերից հնչող։ Այլևս այդ իրավիճակը հնարավոր չէ կոծկել և անտեսել»,- ասաց նա։

Հրանտ Մելիք–Շահնազարյանը բնական է համարում, որ ցանկացած գերտերություն փորձում է հարևան երկրներում մեծ ազդեցություն ունենալ։ «Մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները խուսափում են ցանկացած տիպի ինտեգրացիոն գործընթացներից՝ կլինի Եվրոպական միության, թե Եվրասիական միության հետ և փորձում են ինքնուրույն տնօրինել իրենց բնական ռեսուրսները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական մերձեցմանը, քաղաքագետը նշեց, որ դրան խանգարում են մի շարք այլ գործոններ, որոնցից հիմնականը Թուրքիայի ցանկությունն է՝ ավելի մեծ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում։

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գործընկերային կոչել կարելի է շատ մեծ վերապահումներով, որովհետև իրականում նրանք տարածաշրջանում մրցակցող երկրներ են։ Հիմա մի քիչ տեսանելի չեն այն պատճառները, որոնք թույլ կտան Ադրբեջանին գնալ դեպի Ռուսաստան և, ըստ էության, դառնալ Ռուսաստանի համար ևս մեկ հենասյուն տարածաշրջանում»,-հավելեց նա։

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը ևս համարում է, որ միջազգային հանրության կողմից նկատվում է որոշակի տեղեկատվական ճնշում Ադրբեջանի վրա, որովհետև այն, ինչ կատարվում է այնտեղ, դժվար է ընկալել ժողովրդավարական նորմերի տեսակետից։

«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ եթե գերտերություններն իրոք ցանկանում են ինչ-որ բան հասկացնել որևէ երկրին, ընդունում են պատժամիջոցներ, իրականացնում են լուրջ ճնշումներ։ Ես մի փոքր թերահավատորեն եմ նայում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ հայտարարությունները նույն Ադրբեջանի վրա, որովհետև, կարծեք թե, այդ երկիրն առանձնապես մեծ ուշադրություն չի դարձնում այդ հայտարարությունների վրա և անում է այն, ինչ գտնում է, որ իրեն անհրաժեշտ է»,-ասաց նա։

Հարցին, թե այդ արձագանքները պայմանավորվա՞ծ են նրանով, որ անտանելի է դարձել Ադրբեջանի իշխանությունների պահվածքը, թե՞ այլ միտում ունեն, քաղաքագետը պատասխանեց.«Այսօր աշխարհում մի փոքր այլ իրավիճակ է. մի բան է իրական քաղաքականությունը, մեկ այլ բան՝ հայտարարությունները։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները և իրական քաղաքականությունը իրար հետ շատ կապված չեն»։

Ըստ քաղաքագետի՝ միջազգային կառույցների հայտարարությունների նպատակն է ցույց տալ, թե իրենք շարունակում են հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և այլ գաղափարներին։

«Եթե ինչ-որ քայլեր լինեն, և ոչ թե հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի նավթային էներգետիկ սեկտորին, ես կհամարեմ քիչ թե շատ լուրջ մոտեցումներ, առայժմ Ադրբեջանի էներգետիկ, նավթային սեկտորին ոչ մեկ չի ցանկանում կպնել»,-ասաց նա։

Քաղաքագետը նաև ավելացրեց, որ համամիտ է, թե որքան էլ Ադրբեջանում վիճակը վատանա, եթե միջազգային հանրության շահերին չհամապատասխանի, ոչ մի կոնկրետ գործողություններ չի արվի։

http://www.tert.am/am/news/2014/10/06/qaxaqagetner/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր