• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2014

ԵՏՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

EnglishРуский

   

(Հնարավոր սցենարներ և միֆոլոգեմներ)

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ռազմավարական լայնածավալ գործընթաց է և առնչվում է մեր հանրության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին։ Այսինքն՝ պետք է ամրագրել, որ պնդումները, թե ԵՏՄ-ը բացառապես տնտեսական միություն է, զուրկ են հիմնավորումներից, և դրա վկայությունն են զարգացումներն Ուկրաինայում։ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի համատեքստում փորձենք համառոտ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք առնչվում են Երրորդ հանրապետության ռազմաքաղաքական և տեղեկատվական անվտանգության ոլորտներին։

Ծայրահեղականության տարածում և հնարավոր սցենարներ

Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի համար առաջնային խնդիրը ռազմաքաղաքական անվտանգությունն է։ ՀՀ խնդիրներն այդ ոլորտում, ցավոք, ամենևին չեն սահմանափակվում Ադրբեջանի հետ ընթացող փաստացի պատերազմով։ Այսօր գլոբալ անվտանգությանը սպառնացող հիմնական միտումը ծայրահեղականության աճն է, և այդ երևույթի մի հատվածը նյութականացվել է Մերձավոր Արևելքում, այսինքն՝ մեր հարևանությամբ, Իսլամական պետության (ԻՊ) տեսքով։ Այդ պետության ձևավորմանն այս կամ այն չափով կամ ձևով նպաստել են (և, որոշ պարագաներում՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, շարունակում են նպաստել) արևմտյան տերությունները, Թուրքիան ու արաբական որոշ երկրներ։ Ուշագրավ է, որ ԻՊ-ին բացահայտորեն ֆինանսավորում է Կատարը, որի դեմ, բնականորեն, որևէ պատժամիջոց չի կիրառվում։ Միևնույն ժամանակ, թվարկված բոլոր երկրները, միահամուռ և համառորեն, շարունակում են պայքարել Բաշար Ասադի դեմ, որը նույն ԻՊ-ի հետ պատերազմում է դեռևս 2011-ից։

ԻՊ-ի վերոնշյալ՝ փոքր-ինչ «բաժնետիրական ընկերություն» հիշեցնող հովանավորները հետապնդում են տարբեր և երբեմն անգամ հակադիր խնդիրներ։ Սակայն բոլոր դեպքերում առայժմ իսլամիստները գործիք են հանդիսանում, որի միջոցով «բաժնետերերը» փորձում են հասնել իրենց հեռահար աշխարհաքաղաքական նպատակներին։ Զուգահեռաբար ծայրահեղականներն արագ վերածվում են ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոնի և հետագայում կարող են գլոբալ նշանակության անակնկալներ մատուցել արդեն համաշխարհային հանրությանը։ Բոլոր դեպքերում, կասկած չի հարուցում, որ այս գործընթացը երկարատև բնույթ է կրելու։ Այս առումով հատկանշական է, որ համաձայն ԱՄՆ նախագահի հայտարարության, օդային հարվածները տևելու են առնվազն 3 տարի, մինչդեռ նույն ԱՄՆ-ը 2003-ին Իրաքի դեմ պատերազմի ռազմական փուլն ավարտեց 3 շաբաթում. այն սկսվեց մարտի 20-ին, իսկ ապրիլի 9-ին Բաղդադում արդեն տապալում էին Սադամի արձանը։

Կարելի է արձանագրել, որ քաոսային վիճակը դեռ երկար կիշխի տարածաշրջանում, իսկ նման իրադրությունում աճում է, այսպես կոչված, «վատ սցենարների» իրականացման հավանականությունը։ Օրինակ, ծայրահեղականությունը տարածում է գտնում արդեն իսկ «կիսաահաբեկչական» պիտակ կրող Ադրբեջանում, որի քաղաքացիները ոչ միայն համալրում են ԻՊ շարքերը Սիրիայում և Իրաքում, այլև կազմակերպում են նոր զինյալների հավաքագրում այլ երկրներում (օրինակ՝ Վրաստանում և ՌԴ-ում)։ Իսկ շարիաթի օրենքները մասնակիորեն կիրառվում են արդեն Նախիջևանում, որտեղ արգելված է չամուսնացած զույգերին զբոսնել հասարակական վայրերում։ Ինչպես հայտնի է, ԶԼՄ–ում այսօր աշխույժ քննարկվում է այդ երկրում գունավոր հեղափոխության հնարավորությունը։ Մինչդեռ, ինչպես վկայում է «արաբական» և «ուկրաինական» հեղափոխությունների փորձը, նման իրադրություններում հաճախ շահում են ոչ թե ժողովրդավար ուժերը, այլ ծայրահեղականները (պատահական չէ, որ, այսպես կոչված, «Աջ սեկտորի» զինյալներն իրենց անվանում են «քրիստոնյա թալիբներ»)։ Ակնհայտ է, որ իսլամիստների իշխանության գալն էապես կփոխի իրադրությունը Հարավային Կովկասում և միանգամայն այլ բնույթ կհաղորդի հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններին։ Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։

Ամենավտանգավոր սցենարը, ըստ ամենայնի, միջուկային զենք ստեղծելու Թուրքիայի հավակնությունն է1։ Այս առիթով ավելորդ չէ նշել, որ այդ երկրում իշխում են «չափավոր իսլամիստները», և որ «չափավոր» իսլամից «ծայրահեղականին» անցումը երբեմն շատ սահուն է ընթանում։ Կասկած չի հարուցում, որ ռադիկալացված և միջուկային զենքի տիրապետող Թուրքիան մեծագույն սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ երկիրը, ի տարբերություն, օրինակ, Իսրայելի և Իրանի, ցեղասպանածին (գենոցիդոգեն) պետություն է, որը կազմակերպել է հայերի, հույների, ասորիների և քրդերի զանգվածային ոչնչացումը։ Այսինքն՝ Թուրքիան կարող է ոչ միայն սպառնալ միջուկային զենքով, այլև օգտագործել այն, և սա նոր մարտահրավեր է առաջին հերթին Հայաստանի համար։

Վերոնշյալից հետևում է, որ առնվազն միջնաժամկետ հեռանկարում այս նոր մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը կարիք ունի հզոր ռազմաքաղաքական դաշնակցի և հատկապես Ռուսաստանի միջուկային պաշտպանիչ «վահանի»։ Պետք է ընդունել, որ այս հանգամանքը վճռորոշ հիմնավորում է ԵՏՄ-ին անդամագրվելու տեսանկյունից։ Հարկ է նշել, որ համաձայն ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի, ինչպես նաև այլ վերլուծաբանական կենտրոնների կանխատեսումների, ներկայիս աշխարհակարգը մինչև 2030թ. որակապես փոխվելու է, և ոչ մի տերություն, այդ թվում ԱՄՆ-ը, համաշխարհային գերակայություն չի ունենալու։ Այսինքն՝ անվտանգության առումով չի լինելու մեկ այլ գերակա ուժ, որի հետ դաշնակցելն ավելի շահավետ լիներ, քան Ռուսաստանի հետ։ Սակայն այս խնդիրը երբեմն այլ մեկնաբանություններ է ստանում տեղեկատվական դաշտում։

Տեղեկատվական անվտանգություն. միֆոլոգեմներ և իրականություն

Երրորդ հանրապետության ձևավորման առաջին օրերից տեղեկատվական տարածքում հայտնվեցին բազմաթիվ նոր հասկացություններ, որոնք փոխարինելու եկան խորհրդային տարիներին արմատացած եզրաբանությանը։ Հատկանշական է, որ այդ նոր միֆոլոգեմներն իրենց իրական բովանդակությամբ երբեմն նույնքան հեռու էին իրականությունից, որքան և կոմունիստական քարոզչության «գլուխգործոցները»։ Մասնավորապես, ժամանակին լայն տարածում էին գտել Փալմերսթոնի խոսքերը, թե՝ «չկան հավերժ դաշնակիցներ և թշնամիներ, կան միայն մշտական շահեր»։ Ակնհայտ է, որ անգլիացի վարչապետի սկզբունքներն «իրական քաղաքականության» համատեքստում փոքր-ինչ տրիվիալ են և արդյունավետ են զուտ մարտավարական հարթությունում, ու առաջինը դա լավ հասկանում են իրենք՝ բրիտանական քաղաքական գործիչները։ Նրանք լավ գիտեն, թե ինչ են ռազմավարությունն ու աշխարհաքաղաքականությունը և ավանդաբար ամուր են պահպանում իրենց հիմնական ռեսուրսը՝ անգլոսաքսոնյան երկրների դաշինքը (որը, ի դեպ, որպես այդպիսին գրանցված չէ միջազգային իրավական դաշտում)։ Նման մոտեցում պետք է ամրագրել նաև մեր պարագայում։

Անհրաժեշտ է ընդունել, որ մենք ունենք դարավոր թշնամիներ, իսկ նորագույն շրջանում (որն արդեն երկու դարից ավելի պատմություն ունի) ձեռք ենք բերել դաշնակից, որն ազատագրել է Արևելյան Հայաստանը և տասնյակից ավելի պատերազմներ է վարել Թուրքիայի դեմ։ Անշուշտ, դաշնակցային հարաբերությունները ենթադրում են նաև հիմնախնդիրներ, բայց դրանք գտնվում են արդեն մարտավարական հարթությունում։ Սակայն տեղեկատվական տարածքում երբեմն արմատանում են ոչ միայն լորդ Փալմերսթոնի թեզերը։

ԵՏՄ-ին ՀՀ միանալու ընդդիմախոսները հաճախ, որպես որոշիչ հիմնավորում, ընդգծում են «եվրոպական արժեքների» առավելությունները և դրանց հետևելու անհրաժեշտությունը։ Արդյունքում՝ այդ բառակապակցությունը տեղեկատվական դաշտում վերածվել է մի անորոշ բովանդակությամբ միֆոլոգեմի։ Հարկ է նշել, որ տարբեր ազգերի և հանրությունների արժեհամակարգերի ուսումնասիրությունն արդի սոցիոլոգիայի առանձին և բավական խոր ուսումնասիրված ուղղություն է2։ Մասնավորապես, այդ ոլորտի հեղինակավոր մասնագետները եկել են այն եզրակացության, որ հայերիս արժեհամակարգն առավել մոտ է արևելաքրիստոնեական ազգերի (առաջին հերթին՝ վրացիների, հույների և ռուսների) արժեհամակարգին։ Անշուշտ, կան նաև ընդհանրություններ եվրոպական այլ ազգերի հետ՝ պայմանավորված ընդհանրական հնդեվրոպական լեզվախմբի, համաքրիստոնեական հավատքի և այս իրողություններից բխող նմանություններով։

Միևնույն ժամանակ, արժեհամակարգային խնդիրները քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայկական քաղաքակրթությունը բավական ուրույն է և հաճախ դասվում է, այսպես կոչված, «լոկալ քաղաքակրթությունների» շարքին։ Հայտնի է նաև, որ այս կամ այն հանրությունն առավել արդյունավետ է գործում սեփական հոգեկերտվածքին մոտ արժեքային համակարգին հետևելու պարագայում։ Հակառակը. հանրություններում գոյանում են լուրջ բարդություններ, երբ փոխվում է նրանց, այսպես կոչված, «քաղաքակրթական կոդը», և հասարակությունը սկսում են ապրել ոչ հարազատ արժեքային և քաղաքական միջավայրում։ Հետևաբար, առաջին հերթին մենք պետք է ձգտենք հետևել մեր սեփական արժեքներին և ժամանակին համահունչ հարստացնել դրանք, այլ ոչ թե մեխանիկորեն փոխառենք ռուսական, անգլոսաքսոնյան կամ մեկ այլ քաղաքակրթության արժեքները։ Այս խնդրին պետք է ձգտել մոտենալ ոչ գերարժեքության, ոչ էլ թերարժեքության դիրքերից՝ պահպանելով, սակայն, մեր ազգային արժանապատվությունը։ Իսկ վերադառնալով «եվրոպական արժեքներին»՝ նշենք նաև, որ եվրոպական ԶԼՄ-ում բազմաթիվ են հղումներն այն մասին, որ ԻՊ զինյալներից շատերն արևմտյան արժեքներից հիասթափված երիտասարդներ են։ Ինչպես դիպուկ նշել է Անգելա Մերկելը՝ Եվրոպայում ոչ թե իսլամն է շատ, այլ քրիստոնեությունն է քիչ։

1 Գագիկ Հարությունյան, «Թուրքական միջուկային սպառնալիքը», «Գլոբուս», #4 (25), 2012թ.; Արա Մարջանյան, «Միջուկային Թուրքիա», «Գլոբուս», թիվ #4, 2012թ.; Հայկ Գաբրիելյան, «2023 թվականը միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հա-վակնության շուրջ», «Գլոբուս», #10, 2014թ.։

2 Տե՛ս http://www.worldvaluessurvey.org/WVSOnline.jsp


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր