• am
  • ru
  • en
Версия для печати
05.05.2015

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Լատինական Ամերիկայի հայկական համայնքներն իրենց կրթական, մշակութային, տնտեսական և հասարակական գործունեությունից զատ՝ աչքի են ընկնում նաև հայագիտության բնագավառում։ Սփյուռքի մյուս համայնքներից ինչ-որ չափով մեկուսացած այս երկրներում ևս հայերը ձեռնամուխ են եղել սեփական լեզվի, պատմության, մշակույթի գիտական ուսումնասիրությանը։

Հարավային Ամերիկայում հայագիտական կենտրոններ կան միայն Արգենտինայում և Բրազիլիայում1։ Դա, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ այս երկու պետություններում գոյություն ունեցող հայկական համայնքները ստվարաթիվ են։ Կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև տվյալ երկրում հայ համայնքի ունեցած պատմությունը. եթե այն բազմադարյա է, հենց միայն դրա ուսումնասիրությունը կարող է հասունացնել հայագիտական կենտրոնի հիմնումը, ինչը կարող ենք որոշ չափով նկատել, օրինակ, Արևելյան Եվրոպայում։ Մեկ այլ կարևոր գործոն կարող է լինել տվյալ պետության արտաքին քաղաքականության համար ՀՀ դերակատարության կարևորությունը, ինչը նույնպես ազդակ կհանդիսանա հայագիտական, մանավանդ՝ արդի խնդիրներով զբաղվող կենտրոնի հիմնման համար։

Լատինաամերիկյան երկրներում հայագիտական կենտրոններ հիմնվել են վերջին կես դարում։ 1963թ. սկսեց գործել Սան Պաուլոյի համալսարանի Հայոց լեզվի ամբիոնը։ Այն հիմնադրվել է Սան Պաուլոյի համալսարանի Փիլիսոփայության, լեզուների և գրականության, հումանիտար գիտությունների ֆակուլտետում2։

Ֆակուլտետը հիմնադրվել է 1934թ. և միջազգային ճանաչում է ստացել որպես Լատինական Ամերիկայի հումանիտար գիտությունների կարևոր կենտրոն։ Այն Սան Պաուլոյի համալսարանի ամենամեծ միավորն է՝ ունի տասը հազար ուսանող (այդ թվում 2600-ը ընդգրկված է 25 մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում)։ Ֆակուլտետն ունի 11 բաժանմունք, որոնք ներառում են փիլիսոփայություն, պատմություն, աշխարհագրություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, լեզվաբանություն և գրականագիտություն գիտակարգերը3։

Երբ 1960-ական թթ. սկզբին որոշվեց ֆակուլտետում հիմնել արևելագիտական տարբեր ամբիոններ, պրոֆեսոր Եսայի Գռուզյանի առաջարկով դրանց մեջ ներառվեց նաև հայագիտությունը: Անհրաժեշտ էր հավաքել ուսանողներ, որոնք կցանկանային սովորել հայերեն: Գռուզյանի ջանքերով պահանջվող 25-ի փոխարեն հայերեն սովորելու և հայագիտությամբ զբաղվելու համար ցուցակագրվեցին ավելի շատ ուսանողներ՝ բրազիլացիներ, չինացիներ, հրեաներ, ճապոնացիներ և երկու հայ: 1962թ. սեպտեմբերի 19-ին պաշտոնական հրամանով հաստատվեց հայագիտական ամբիոնի հիմնադրումը4:

Ե.Գռուզյանը մեծ ներդրում ունեցավ դասընթացի կազմավորման և առաջին ուսումնական նյութերի (պորտուգալերենով հայոց լեզու սովորելու համար) ստեղծման մեջ։ Արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց ընդլայնել գործունեությունը, և արդեն 1969թ. ամբիոնի ուսանողների թիվը հասավ 57-ի5: Գռուզյանը, բացի հոդվածներից, հրատարակել է գրքերի շարք՝ նվիրված հայոց լեզվին, գրականությանը և պատմությանը։

Ավելի քան հինգ տասնամյակ հայագիտական դասընթացը նպաստել է հայոց մշակույթի տարածմանը, ինչպես նաև հայոց լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրությունների բնագավառում դասախոսներ և հետազոտողներ պատրաստելուն։ Ուսանողների գիտական աշխատանքները ներառում են հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը և ինքնության հարցերը։ 2008-2013թթ. իրականացվել են ութ գիտական ուսումնասիրություններ, իսկ 2014թ. սկսվել են վեցը։ Դասընթացն ունի համաձայնագիր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ, որն աջակցում է ամբիոնի գործունեությանը6։ Կարդացվում են հանրային դասախոսություններ Հայոց ցեղասպանության և հայոց պատմության ու մշակույթի զանազան խնդիրների վերաբերյալ։ Կա հատուկ ծրագիր տարեց մարդկանց համար՝ սկսած 60 տարեկանից, որի նպատակն է տարբեր առարկաների միջոցով բավարարել նրանց հետաքրքրությունները, ինչպես նաև երիտասարդներին փոխանցել նրանց ունեցած տեղեկատվությունը7։

Պետք է նշել, որ եթե ամբիոնի գործունեության առաջին շրջանում սովորողների մեջ գերակշռում էին հայերը, ապա հետագայում աստիճանաբար մեծամասնություն կազմեցին բրազիլացի երիտասարդները: 2007թ. այդ մասին Լ.Եղիազարյանը և Մ.Նալբանդյան-Մարգարյանը գրում են. «Վերջին մեկուկես-երկու տասնամյակներում ամբիոնը հայազգի ուսանողներ չունի»8:

Վերջին շրջանում ամբիոնի կազմակերպած միջոցառումներից կարելի է հիշատակել Սան Պաուլո քաղաքի Հրեական մշակույթի կենտրոնում կայացած Հայոց ցեղասպանության հարցերով գիտական քննարկումը, որի ժամանակ ամբիոնի վարիչ Լուսինե Եղիազարյանը, Հայոց ցեղասպանության պատճառների և հետևանքների մասին խոսելուց հետո, ներկայացրել է նաև բրազիլահայ համայնքի պատմության վերաբերյալ թանգարանի (այդ թվում՝ վիրտուալ) ստեղծման, Բրազիլիայի դպրոցական և բուհական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ներառման, համալսարանի տարածքում կառուցվող Հանդուրժողականության թանգարանի ցուցասրահներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի մշակման մասին ծրագրերը9:

Արգենտինայում հայագիտության կազմակերպման աշխատանքները սկսվել են մի փոքր ավելի ուշ։ 1971թ. ստեղծվել է Արգենտինայի Ջոն Ֆ. Քենեդու անվան համալսարանի հայագիտական ամբիոնը, որի կայացման և գործունեության ծավալման մեջ կարևորագույն դերակատարություն ունեցավ Ռոսա Մախյանը։ Ամբիոնի կարևոր գործառույթներից դարձավ հայկական համայնքից դուրս գտնվող շրջանակներում հայկական մշակույթի մասին տեղեկացվածության տարածումը10։

Այս երկրում հայագիտության զարգացման մեջ կարևոր դերակատարում է ունեցել 1986թ. Բուենոս Այրեսում հիմնված Հայագիտական ուսմանց հիմնարկությունը։ Ընդգրկելով տարբեր մասնագիտությունների տեր անձանց, ովքեր զբաղվում են հայագիտական ուսումնասիրություններով, այն նպատակ հռչակեց հայագիտության տարածումն ու զարգացումն օտար շրջանակներում, գիտաժողովների, դասընթացների, ազգագրական համերգների կազմակերպումը։ Այն կարևորեց Հարավային Ամերիկայի հայ գաղութների պատմության ուսումնասիրությունը։ 1992թ. հիմնարկության ջանքերով ստեղծվել է հայագիտական ամբիոն Դել Սալվադոր համալսարանի արևելագիտական ֆակուլտետում։ Հրատարակվել է «Հայերը Հարավային Ամերիկայում» ժողովածուն, ինչպես և 3 գրքույկ՝ հայ ժողովրդի ծագման, Արցախի պատմության հարցերի և հայ գրականության վերաբերյալ։ Այն կապեր ունի Հայաստանի գիտական տարբեր կենտրոնների հետ11։ Դել Սալվադորի համալսարանի հայագիտական ամբիոնի հիմնադրման մեջ կարևոր դեր ունեցավ Հայր Լևոն Զեքյանի այցելությունն Արգենտինա։ Նա նաև հանդիպում ունեցավ համալսարանի ղեկավարության հետ, ինչի արդյունքում սկսվեց հայագիտական ամբիոնի գործունեությունը12։

Հետաքրքիր է ամբիոնի պրոֆեսոր Էդուարդո Կարսակլյանի դիտարկումը. «Ամեն տարի ավարտելով դասերը՝ հարցնում էի իմ ուսանողներին, թե ինչ սովորեցին նրանք հայկական քաղաքակրթության մասին։ Պատասխաններն անփոփոխ էին՝ մենք չգիտեինք, որ այն այսքան հարուստ է, չգիտեինք այս բաղկացուցիչ մասերը, մենք կարծում ենք, որ Հայաստանը կամուրջ է Եվրոպայի հետ, կամ էլ՝ թե դա մի երկիր է, առանց որի հնարավոր չէ հասկանալ Մերձավոր Արևելքի պրոբլեմատիկան»13։

Ամբիոնը ջանում է լայն շրջանակներին տեղեկացնել հայկական մշակույթին, պատմությանը, քանի որ հիմնականում հայերին ճանաչում են որպես ցեղասպանության զոհերի։ Այդ մասին Է.Կարսակլյանը գրում է. «Ես ցանկանում եմ նշել, որ հատկապես անհանգստացնող է չափազանց կենտրոնացումը Հայոց ցեղասպանության վրա։ Ես չեմ ուզում բացասական բաներ ասել այդ առթիվ, ամբողջ Սփյուռքը արդյունքն էր սփռման, որը տեղի ունեցավ ցեղասպանության հետևանքով, բայց դա չի կարող լինել հայկականության միակ երևույթը։

...մեր սովորույթները, մեր հավատը և ավանդույթները, որոնք թույլ տվեցին մեր ամենամեծերին կրկին սկսել կյանքը հայրենիքից հեռու, կորցնելով բացարձակապես ամեն ինչ և կարողանալ վերածնվել որպես ազգ։ Այդ փորձն է, որը մենք պետք է փոխանցենք՝ ճանաչված չլինել, որպես մի ժողովրդի անդամ, որը վերապրել է ցեղասպանություն, այլ ավելի շատ ժողովրդի անդամ, որը հաղթահարեց ցեղասպանությունը։ Այդ փորձը, այդ նշված ուժը մեր ամենամեծերի խմբում թույլ տվեց մեզ հարատևել դարերով, և դրա փոխանցումն է, որ երաշխավորում է մեր գոյատևումը»14։

Ի տարբերություն Դել Սալվադորի համալսարանի հայագիտական ամբիոնի, Բուենոս Այրեսի համալսարանի հայագիտության ազատ ամբիոնի ուշադրության կենտրոնում գլխավորապես Հայոց ցեղասպանության խնդիրն է։ 1998 թվականից ամբիոնը (վարիչ՝ Նելիդա Բուլգուրջյան) կազմակերպում է հանդիպումներ ու քննարկումներ՝ նվիրված Ցեղասպանությանը15։

Վերջին շրջանում սկսել է գործունեություն ծավալել մեկ այլ հայագիտական ամբիոն, որն արդեն գտնվում է Ռոսարիոյում: Այստեղի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնը հիմնվել է 2008թ.: Կենտրոնն զբաղվում է մշակութային դաստիարակությամբ, միջմշակութային երկխոսությամբ և այլն: Ամբիոնն ակտիվորեն աշխատում է համացանցում և իրականացնում Հայաստանի ու հայության մասին գիտելիքների տարածումը16:

Այստեղ, սկսած 2009 թվականից՝ իրականացվում են զրույց-բանավեճեր, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, մատենագիտական նյութերը ներկայացվում են քոլեջներում, հանրային և մասնավոր դասավանդման վայրերում17։

Կենտրոնի գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում գերազանցապես բռնագաղթերը, աշխարհաքաղաքական գործընթացները Կովկասում, հայրենիք-սփյուռք հարաբերությունները: Այն համագործակցում է հայրենիքի և տեղի համայնքի կառույցների, առանձին գործիչների հետ18:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Լատինական Ամերիկայում գործող հայագիտական կենտրոնները, հաշվի առնելով նրանց ունեցած ռեսուրսները, ծավալում են բավական ակտիվ գործունեություն, պատրաստակամ են հայրենիքի, ինչպես նաև արտերկրի այլ հայագիտական կենտրոնների հետ համագործակցության: Ուստի, արդյունավետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրանք կարող են կարևոր դեր ունենալ հայագիտության զարգացման մեջ:

1 1970-ական թթ. սկզբին հայագիտական ամբիոն հիմնելու ծրագիր է եղել նաև Ուրուգվայում, որը պետք է ղեկավարեր նշանավոր հայագետ Վահագն Դադրյանը: Տե՛ս «Ազդակ», Պէյրութ, թիվ 189 (11758), 16 հոկտեմբերի 1970, էջ 3։

2 Տե՛ս Histórico, Departamento de Letras Orientais, Armenio, http://letrasorientais.fflch.usp.br/armenio/390

3 Տե՛ս Faculty of Philosophy, Languages and Literature, and Human Sciences, Letras e Ciências Humanas Universidade de São Paulo, http://fflch.usp.br/inicial/en

4 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 875, ց. 2, գ. 427, թ. 24-25:

5 Նույն տեղում, թ. 25:

6 Տե՛ս Histórico, Departamento de Letras Orientais, Armenio, http://letrasorientais.fflch.usp.br/armenio/390

7 Տե՛ս Universidade Aberta à Terceira Idade, http://letrasorientais.fflch.usp.br/node/443

8 Եղիազարյան Լ., Նալբանդյան-Մարգարյան Մ., Բրազիլահայ համայնքը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2007, թիվ 3, էջ 72։

9 Տե՛ս Սան Պաուլոյի «Հրեական մշակույթի կենտրոնում» Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ են եղել, http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=22917

10 Տե՛ս Karsaclián E., A 40 años de la Cátedra Armenia en la Universidad Kennedy, http://armeniaca-haygagank.blogspot.com/2011/11/40-anos-de-la-catedra-armenia-en-la_15.html

11 Տե՛ս «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003, էջ 106-107։

12 Տե՛ս Karsaclián E., Cátedra Armenia en la Universidad del Salvador, a 22 años de su creación, http://armeniaca-haygagank.blogspot.com/2013/09/catedra-armenia-en-la-universidad-del.html

13 Karsaclián E., A 40 años de la Cátedra Armenia en la Universidad Kennedy, http://armeniaca-haygagank.blogspot.com/2011/11/40-anos-de-la-catedra-armenia-en-la_15.html

14 Karsaclián E., A 40 años de la Cátedra Armenia en la Universidad Kennedy, http://armeniaca-haygagank.blogspot.com/2011/11/40-anos-de-la-catedra-armenia-en-la_15.html

15 Cátedra Libre de Estudios Armenios, http://www.filo.uba.ar/contenidos/secretarias/seube/catedras/cont/armenios.html

16 Մանրամասն տե՛ս http://catedrarmeniaunr.blogspot.com/2014/05/el-sr-embajador-de-la-republica-de.html?spref=fb

17 Տե՛ս http://catedrarmeniaunr.blogspot.com/

18 Կենտրոնի գործունեության և առկա խնդիրների մասին 2014թ. սեպտեմբերի 30-ին մեզ հաղորդել է Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Սաբրինա Դեմիրճյանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր