• am
  • ru
  • en
Версия для печати
29.03.2011

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Տիգրան Ղանալանյան

Տ.Ղանալանյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Վրաստանի հայ բողոքական համայնքի հետազոտությունը կարևորվում է ինչպես Վրաստանի հայության, այնպես էլ, ընդհանրապես, բողոքական (ավետարանական) հայության խնդիրների ուսումնասիրման համատեքստում։

Վրաստանի Հանրապետությունում (այդ թվում՝ հայկական Սամցխե-Ջավախքում) առաքելադավան և կաթոլիկ հայերից բացի, առկա են նաև բողոքական հայեր։ Հայ բողոքականության առաջացումը Վրաստանում պայմանավորված է ընդհանրապես արևելահայոց մեջ բողոքականության և գլխավորապես ավետարանականության տարածմամբ։

Արևելյան Հայաստանում, բացառությամբ Ղարաբաղի, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, Թիֆլիսի և Կովկասի այլ վայրերի, ավետարանականությունը սկզբնավորվել է առանց օտար քարոզիչների միջնորդության1։ Արևելահայության շրջանում օտար քարոզիչների գործունեությունը գլխավորապես ընդգրկում էր բուն Արևելյան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերը, մասնավորապես՝ Անդրկովկասի հայաշատ կենտրոնները։ Արևելահայ բողոքականների կենտրոնները դարձան Արցախը, Երևանը, ներկայիս Վրաստանի տարածքի մի շարք բնակավայրեր։

Վրաստանում ձևավորված հայ բողոքական համայնքն առաջիններից մեկն է հայկական իրականությունում։ Սա պայմանավորված է ընդհանրապես ժամանակակից Վրաստանի տարածքում հայության ծավալած գործունեությամբ, որն ունի դարերի պատմություն։ Ներկայիս Վրաստանի տարածքում և մասնավորապես Թիֆլիսում 19-րդ դարի կեսերից նկատվում է առանձին ավետարանական գործիչների ակտիվ գործունեություն։

Եթե արևմտահայության շրջանում բողոքականության տարածման հիմնական քարոզիչները ներկայացնում էին ամերիկյան միսիոներական ընկերությունները, ապա Կովկասի հայկական կենտրոններում աչքի էին ընկնում եվրոպական (մասնավորապես՝ գերմանացի, շվեդ, շվեյցարացի) բողոքական քարոզիչները։ Կովկասում բողոքականության առաջին քարոզիչների թվում էին Պյատիգորսկում հաստատված շվեդ բողոքականները, գերմանական գալստական բողոքականները, որոնք կատարեցին զգալի աշխատանք Կովկասում բողոքականության տարածման գործում։ Թիֆլիսահայության շրջանում բողոքականության տարածման մեջ կարևոր դեր ստանձնեցին տեղի գերմանացի լյութերական գաղթականները։

Հատկանշական պետք է համարել, որ Թիֆլիսում և Կովկասի այլ կենտրոններում հաստատված գերմանացի լյութերականները քարոզչական մեծածավալ աշխատանք էին կատարում հայկական տարբեր շրջաններում բողոքականություն տարածելու գործում։

Ինչպես Թիֆլիսում, այնպես էլ Շուշիում, Բաքվում, Շամախիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում և այլ վայրերում կային ավետարանական խմբեր, որոնք լյութերական եկեղեցուն չէին պատկանում, պաշտոնապես ճանաչված չէին առանձին ավետարանական հասարակություններ և համարվում էին ազատ ավետարանականներ։ Կովկասի հայ ավետարանականները միավորված չէին և չունեին կազմակերպված Ավետարանական եկեղեցի։ 1870-ական թվականներին սկսվեց շարժում, որի նպատակն էր արևելահայ ավետարանական տարբեր խմբերի միավորումը։ Դրան նպաստեցին ամերիկյան և բրիտանական Աստվածաշնչի ընկերությունների հայ գործիչները (նրանք շրջում էին Բաքվի, Շուշիի, Թիֆլիսի, Արևելյան Հայաստանի ավետարանական խմբերի մեջ, փորձում միավորել նրանց), 1870թ. ամերիկյան Բորդ քարոզչական ընկերությունը սկսեց օգնել Անդրկովկասի հայ ավետարանական համայնքներին։ Բացի այդ, կարևոր էր Լյութերական եկեղեցու դիրքորոշումը, որ հարկադրում էր հայ ավետարանականներին ունենալ առանձին վարչական կազմակերպություն։ 1880-ական թվականների կեսին լյութերական գերմանացիները, որոնց իշխանության տակ էին Շամախիի և Բաքվի հայ լյութերական համայնքները, ամեն կերպ ձգտում էին Կովկասի բոլոր հայ ավետարանականներին միացնել Լյութերական եկեղեցուն։

Թիֆլիսում, որն Անդրկովկասի կենտրոնն էր, հայերը շփումներ էին ունենում այլազգի բողոքական քարոզիչների հետ։ Վրաստանում բնակվող գերմանացի բողոքականները նույնպես ազդեցություն էին գործում տեղի հայության վրա։

Վրաստանում հայ բողոքականների դիրքերի ամրապնդման, կազմակերպական կառույցների ձևավորման մեջ մեծ ներդրում ունի վերապատվելի Աբրահամ Ամիրխանյանը։ Նրա նախաձեռնությամբ է կազմավորվել Թիֆլիսի Հայ Ավետարանական եկեղեցին։ Ամիրխանյանը հարաբերություններ է հաստատել ժամանակի նշանավոր որոշ հայ գործիչների հետ։ Նրանից բացի, Թիֆլիսում երկար տարիներ՝ ընդհուպ մինչև 1920թ. պաշտոնավարել է վերապատվելի Մարգար Տեր-Ասատուրյանը։ Ամիրխանյանը ոչ միայն հայ իրականության, այլև ողջ Կովկասի նշանավոր բողոքական գործիչներից էր։ 1880-ական թվականների երկրորդ կեսից ամբողջ Անդրկովկասում և, մասնավորապես, Վրաստանում սկսվեցին բողոքականների հալածանքները։ Մասնավորապես՝ ձերբակալվեցին Անդրկովկասի նշանավոր բողոքական գործիչներ Վասիլի Պավլովը, Նիկիտա Վորոնինը և ինքը՝ Աբրահամ Ամիրխանյանը2։

Հատկանշական է նաև այն, որ Թիֆլիսի ռուսական ավետարանական եկեղեցիներում ևս կային հայ ավետարանականներ։ Ոչ միայն Վրաստանի, այլև ընդհանրապես Անդրկովկասի հայ բողոքականների կյանքում կարևոր իրադարձություն էր 1909թ. տեղի ունեցած Կովկասի հայ ավետարանականների համաժողովը։ Դրան մասնակցում էին Թիֆլիսի (Մ.Տեր-Ասատուրյան, Լ.Է. Լարսո), Երևանի (Վահան Միքայելյան), Բաքվի (Ալեքսանդր Թառյան, Աբրահամ Մելիք-Ջհանյան), Կարսի (Սարգիս Լևոնյան), Շամախիի (Սամվել Իվանով) հայ ավետարանական համայնքների և Պարսկաստանից եկած ներկայացուցիչները, ինչպես նաև Շվեդական քարոզչական ընկերության քարտուղար Վիլհելմ Սիոհոլմը, շվեդ քարոզիչ Վիլհելմ Սարվեն և ուրիշներ։ Սակայն այս համաժողովը ևս չկարողացավ մեկ միության մեջ ընդգրկել Կովկասի Հայ Ավետարանական եկեղեցիները3։

1914-1918թթ. հայ լյութերականներն ու մկրտականները (Շուշիի, Շամախիի, Թիֆլիսի լյութերականները և Բաքվի մկրտականները) իրենց եկեղեցիներով պաշտոնապես ճանաչվեցին ռուսական կառավարության կողմից։ Թիֆլիսի հայ բողոքականների կյանքում կարևոր նշանակություն ունեցավ Բաքվի հայ ավետարանական-մկրտականների տեղափոխությունը Թիֆլիս։

Նրանց տեղափոխությունը պայմանավորված էր Բաքվի հայության ցեղասպանության իրականացումով։

Կովկասի հայ բողոքականության մեջ զգալիորեն բարձրացավ Թիֆլիսի հայ բողոքականների դերը՝ պայմանավորված ադրբեջանական պետության տարածքում հայ բողոքական համայնքների թուլացմամբ և վերացմամբ։ Այսպիսով, Շամախիի ավետարանական-լյութերական միաբանության և Բաքվի Հայ Մկրտական եկեղեցու համայնքի կազմալուծումից հետո Անդրկովկասում հայ ավետարանականության կենտրոններ դարձան Հայաստանը (Երևան, Ալեքսանդրապոլ) և Թիֆլիսը։

Բացի Թիֆլիսից, այդ ժամանակաշրջանում հայ ավետարանական-մկրտական համայնքներ կային նաև Վրաստանի մի շարք շրջաններում՝ Ախալցխայում, Բաթումում, Սուխումում4։ Սակայն այստեղ հայ բողոքականների դրությունը շատ ավելի ծանր էր։ Օրինակ, Ախալցխայի ավետարանականները, որոնց թիվը մի քանի տասնյակ էր, չունեին ո՛չ եկեղեցի, ո՛չ հովիվ։ Բաթումի փոքրաթիվ հայ ավետարանականները նույնպես չունեին եկեղեցի։

Վրաստանի հայ բողոքականներն ակտիվորեն աջակցում էին Արևելյան Հայաստանում գործող հայ բողոքականներին։ Հատկանշական օրինակ է 20-րդ դարի սկզբում Թիֆլիսի հայ ավետարանականների աջակցությունը Երևանի հայ ավետարանական համայնքի ապաստարան-որբանոցին։ Թիֆլիսից, Բաթումից և այլ վայրերից հայ ավետարանականները հաճախ էին այցելում Հայաստան՝ ծանոթանալու տեղի հավատակիցների գործունեությանն ու խնդիրներին։ Հայաստանի և Վրաստանի հայ ավետարանականների համատեղ գործունեության արդյունքն էր նաև Գյումրիում մկրտական եկեղեցու հիմնումը, որտեղ հայ մկրտականների շրջանում ակտիվ գործում էր Մ.Կոտիկյանը։ Նրա և Թիֆլիսից այցելած հայ մկրտական քարոզիչների ջանքերով որոշ ժամանակ անց Լենինականում հիմնվում է մկրտական եկեղեցի։

Պետք է նշել հայ առաքելականների և հայ ավետարանականների համագործակցության մասին։ Օրինակ, Բաթումում հայ համայնքի որոշմամբ քրիստոնեական այս երկու ուղղություններին պատկանող դպրոցները միացվեցին, ինչի արդյունքում Բաթումի հայ համայնքն ունեցավ շատ ավելի բարձր մակարդակի կրթական հաստատություն։

Հայ ավետարանականներն ակտիվորեն մասնակցում էին նաև Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի (Ամերկոմ) գործունեությանը։ Մասնավորապես, Վրաստանի հայ բողոքականներն ակտիվ մասնակցություն ունեցան Ախալքալաքում հիմնադրված որբանոցի աշխատանքներին։ 1919թ. սեպտեմբերի 17-ին նպաստամատույցը Թիֆլիսում համաձայնություն կնքեց Հայաստանի Ազգային խորհրդի հետ, որով Ախալքալաքում պետք է բացվեր որբանոց 500 երեխաների համար։ Որբանոցն աշխատանքը սկսեց 285 որբերով։ Մինչ այդ՝ 1919թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարության և նպաստամատույցի միջև ստորագրված համաձայնագրով՝ 1919թ. մայիսի 1-ից Հայաստանում և Վրաստանում գտնվող հայկական բոլոր որբանոցները և մանկական հիվանդանոցները փոխանցվեցին Ամերկոմին5։ Սա պայմանավորված էր Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանրագույն կացությամբ։

1920-ական թվականներին Թիֆլիսում, բացի հայ ավետարանականներից, ակտիվ գործունեություն ծավալեցին ավետարանական-մկրտականները։ 1923 թվականին սկսելով գործել Թիֆլիսում՝ նրանք շուտով կազմակերպում են մեծաթիվ համայնք և բացում են ժողովարան Հավլաբարում։ Ամրապնդվելով Թիֆլիսում՝ հայ մկրտականներն իրենց գործունեության ասպարեզը տեղափոխում են Հայաստան և Ալեքսանդրապոլում հիմնում են Մկրտական եկեղեցի։ 1920-1928թթ. Թիֆլիսում պաշտոնավարեց վեր. Մարտիրոս Տեր-Սահակյանը, որը կարողացավ լավ հարաբերություններ հաստատել հայ առաքելականների, գերմանացի լյութերականների, ռուս մկրտականների և այլոց հետ։

1925թ. Թիֆլիսի Հայ Ավետարանական եկեղեցու հաղորդական անդամների թիվը կազմում էր ավելի քան 60, իսկ հետևողներինը՝ ավելի քան 200 հոգի։ Եկեղեցին ուներ նաև երգչախումբ՝ բաղկացած 20 հոգուց։ 1926թ. Խորհրդային Վրաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Թիֆլիսի Հայ Ավետարանական եկեղեցին։ Եկեղեցին միավորում էր նաև Թիֆլիսի հայ մկրտականներին (միայն հետագայում այն կոչվեց Ավետարանական քրիստոնյա-մկրտականների եկեղեցի)։ Եկեղեցին այդ ժամանակ ուներ մոտ 80 հաղորդական անդամ։ Պատվելի Հովսեփ Խանոյանը դարձավ Թիֆլիսի Հայ Ավետարանական եկեղեցու առաջին ձեռնադրյալ հովիվներից մեկը, իսկ նորաստեղծ եկեղեցու առաջին երեց ընտրվեց Հովսեփ Զաքարյանը, որը երեցության պաշտոնին մնաց մինչև 1930թ., երբ ստալինյան բռնությունների պայմաններում ընդհանրապես ընդհատվեց եկեղեցու գործունեությունը։ Թիֆլիսի հայ ավետարանականները սերտ կապերի մեջ էին Հայաստանի ավետարանականների հետ, որոնք միավորված էին Արարատյան միության մեջ։ Թիֆլիսի Հայ Ավետարանական եկեղեցին Կովկասի ամենամեծ ու հզոր եկեղեցիներից էր։

Անգամ հալածանքների և Երկրորդ աշխարհամարտի դաժան պայմաններում Թիֆլիսի հայ ավետարանականները շարունակեցին իրենց գործունեությունը, սակայն արդեն գաղտնիության պայմաններում։

1944թ. եկեղեցիները կրկին ստացան գործելու իրավունք։ Թբիլիսիի Ավետարանական քրիստոնյաների եկեղեցին և Մկրտական եկեղեցին միավորվեցին որպես մեկ՝ Ավետարանական քրիստոնյա-մկրտականների եկեղեցի (այս անունը պահպանվում է մինչև այսօր) և ընդգրկվեցին Համամիութենական ավետարանական քրիստոնյա-բապտիստների միության մեջ։ Մինչև 1952թ. եկեղեցու երեցի պաշտոնը վարեց Ասիր Ասիրյանը, իսկ 1952-1980թթ.՝ Ասատուր Հարությունյանը։ 1980-1994թթ. եկեղեցու հովիվն էր Սուրեն Հարությունյանը, իսկ 1991թ. ընտրվեց երկրորդ հովիվը՝ Մկրտիչ Խաչատրյանը, որը նույնպես այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1994թ.։ 1994թ. Թբիլիսիի եկեղեցու հովիվ ընտրվեց վեր. Ալեքսանդր Մինասյանը։

1990-ական թվականների երկրորդ կեսին Թբիլիսիի եկեղեցին ընդգրկում էր շուրջ 300 հավատացյալների։ Թբիլիսիի Հայ Ավետարանական քրիստոնյա-մկրտական եկեղեցու 1990-ական թվականների գործունեության ընթացքում Վրաստանի տարբեր շրջաններում՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Բոլնիսում, Լիլոյում, Իսաինում և այլուր բացվեցին նոր Հայ Ավետարանական եկեղեցիներ, կազմավորվեցին ավետարանական խմբեր։ Հայ ավետարանականները Վրաստանում գործում են ինքնուրույն, բայց մտնում են Վրաստանի Ավետարանական քրիստոնյա-մկրտականների միության մեջ, որն ունի 5000-ից ավելի անդամ։ Այդ միությունը մտնում է Եվրոպական բապտիստական ֆեդերացիայի մեջ։ Բացի այդ, Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիները ստեղծել են ինքնուրույն միություն, որը մտնում է Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարանական միության մեջ։ Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցին ունի իր հրատարակությունը՝ «Բարի լուր» ամսաթերթը6։

Այժմ Վրաստանի տարածքում գործում է հայ ավետարանական վեց կառույց։ Ներկայումս Վրաստանում գործում են հինգ հայ ավետարանական եկեղեցի և մեկ հայ ավետարանական եղբայրություն։ Առավելագույն թվով՝ երեք կառույց, գործում է Ախալքալաքում, իսկ մեկական՝ Ախալցխայում, Թբիլիսիում և Սուխումում (մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության մայրաքաղաքը)։ Թբիլիսիում գործում է դեռևս 1880-ական թվականներին ստեղծված Հայ Ավետարանական եկեղեցին, հովիվն է վերապատվելի Կարեն Խաչատրյանը։ 1994թ. հիմնադրված Ախալքալաքի Կումուրդո (Գյումբուրդա) գյուղի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվն է վերապատվելի Վալերի Զաքարյանը։ Ախալքալաքի Սուլդա գյուղի՝ 1999թ. հիմնադրված Հայ Ավետարանական եկեղեցու քարոզիչն է Գամո Մղդեսյանը։ Ախալքալաքի Հայ Ավետարանական եկեղեցում (2004թ. հիմնադրված) է գտնվում նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության գրասենյակը։ Այս եկեղեցու հովիվը նույնպես վերապատվելի Վալերի Զաքարյանն է: Բացի այդ, նա Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության ներկայացուցիչն է։ 1993թ. Ախալցխայում հիմնադրվեց Հայ Ավետարանական եղբայրությունը։ Այս եղբայրության նախագահը նույնպես վերապատվելի Վալերի Զաքարյանն է: Սուխումում 1960թ. հիմնադրված Հայ Ավետարանական եկեղեցու հովիվն է վերապատվելի Միհրան Թորոսյանը7։ Աբխազիայում հայ ավետարանականների թիվը մոտ 60 է։

Վրաստանի հայ բողոքական համայնքի կառույցները դիտարկելիս հանգում ենք այն եզրակացության, որ այստեղ հայ բողոքական համայնքի գործունեության ծավալման մեջ կարևոր դերակատարություն ունի Վալերի Զաքարյանը, որը միաժամանակ Ախալքալաքի Հայ Ավետարանական եկեղեցու, Ախալքալաքի Կումուրդո գյուղի Հայ Ավետարանական եկեղեցու և Ախալցխայի Հայ Ավետարանական եղբայրության ղեկավարն է, ինչպես նաև Ախալքալաքում գործող Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության գրասենյակի ներկայացուցիչը։ Այսպիսով, նա ղեկավարում է Վրաստանի հայ ավետարանականների հիմնական վեց կառույցներից երեքը։

1991թ. Հայաստանում ներկայացուցչություն բացելուց հետո Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) աջակցություն է ցուցաբերում Թբիլիսիի և Սուխումի հայ ավետարանականներին։ Մասնավորապես՝ ԱՀԱԸ-ը Վրաստանի հայ ավետարանականներին աջակցում է կրթության, մշակույթի, սոցիալական, կազմակերպչական բնագավառներում։

1995թ. օգոստոսի 31-ին Հայաստանի Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի, Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցչության Երևանում կայացած ընդհանուր ժողովի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարանական միությունը։ Նույն թվականի հոկտեմբերից այս միությունը դարձել է Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի անդամ։ Միության կենտրոնը գտնվում է Երևանում։

Միության հիմնական նպատակներն են Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու հավատացյալների թվի, ընդհանուր վիճակի ուսումնասիրումը, նրանց հոգևոր կյանքի կազմակերպմանը մասնակցելը և օգնությունը վերոհիշյալ համայնքներին։ Կարևորվում է ինչպես բոլոր հայ ավետարանականների, այնպես էլ հայ ավետարանական տեղական կառույցների համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ, հայ ավետարանական տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդումը, բարձրորակ հոգևոր սպասավորների պատրաստումը։

Միության կենտրոնական մարմնում երկու ներկայացուցիչ ներկայացնում են Վրաստանի հայ ավետարանականներին։ Վրաստանի հայ ավետարանական երկու ներկայացուցիչներից մեկը միության փոխնախագահն է։ Միության կենտրոնական մարմնի այս երկու անդամներն ընտրվում են Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիներից։ Միության ղեկավարման գործում Վրաստանի հայ ավետարանականների դերակատարությունը վկայում է հայ բողոքականների կյանքում Վրաստանի հայ բողոքականների ունեցած կարևոր նշանակության մասին։

Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի՝ ոչ վաղ անցյալում ստեղծված Հայ ավետարանական միությունը, որը կոչված է սատար կանգնելու Հայաստանից դուրս, նախկին Խորհրդային Միության տարածքում գործող և, հատկապես, Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիներին, այսօր գտնվում է հայ ավետարանական մեկ միասնական ընտանիքի հոգածության և ուշադրության կենտրոնում։ Խիստ հատկանշական է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, վեր. Մովսես Պ. Ճանպազյանի սրտառուչ խոսքը՝ ուղղված Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների հովիվներին, քարոզիչներին, հավատացյալներին՝ Սուրբ Զատկի տոնի (1997թ. մարտի 30) առթիվ. «Սուրբ Զատկուայ տօնին առիթով այս տողերը կը գրենք յանուն Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդին, վստահեցնելու ձեզի թէ մեր սրտին ու խորհուրդներում մէջ էք, և ջերմապէս աղօթող ենք որ Աստուած շարունակէ օրհնել ձեզ ու ձեր աւետարանական վկայութիւնը»8:

Վրաստանի հայ ավետարանականները միավորված են Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կազմում, որը մտնում է Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարանական միության մեջ։ Վերջինս էլ իր հերթին մաս է կազմում Հայ Ավետարանական եկեղեցիների Համաշխարհային խորհրդի:

Այսպիսով, Վրաստանի հայ բողոքականներն այդ պետության հայության անբաժանելի մասն են։ Նրանք, ունենալով բազմաթիվ առանձնահատկություններ, հանդիսանում են վիրահայության անբաժանելի մասը։ Ի տարբերություն մյուս երկրների մեծամասնության, որտեղ գործում են հայ բողոքականները, Վրաստանում նրանց գործունեությունն ունի բավական հարուստ պատմություն։ Վրաստանում հայ բողոքականները գործում են շուրջ մեկ ու կես դար։ Վրաստանի հայ բողոքական համայնքը հներից մեկն է։ Այստեղ հայ բողոքականներն ակտիվ գործունեություն են ծավալել Ռուսական կայսրության, ապա անկախ Վրաստանի, խորհրդային կարգերի և ներկայիս Վրաստանի Հանրապետության պայմաններում։

Վրաստանի հայ բողոքականների խնդիրները, անշուշտ, կազմում են Վրաստանի հայության խնդիրների մի մասը։ Այստեղ հայ բողոքականներն ակտիվորեն համագործակցել են առաքելադավան հայության հետ և մասնակցել վիրահայության առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Անշուշտ, այս կապերը դեռևս ամրապնդման և զարգացման մեծ ներուժ ունեն։

1Ղազարյան Ա., Հայ ավետարանական համայնքներն Արևելյան Հայաստանում մինչև խորհրդային կարգերի հաստատումը (համառոտ ակնարկ), Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, 1 (53), 2010, էջ 6։

2Раули Лехтонен, Евангельское пробуждение на Кавказе, Свет для народов, 1, 2009, с. 12, http://lioold.unity.se/download.do?ug=Administrator&f=1_2009_rys.pdf

3Ղազարյան Ա., Լևոնյան Ռ.Ն., Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի (Հայաստան-Կովկաս), Երևան, 1999, էջ 139։

4Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 563։

5Ղազարյան Ա., Լևոնյան Ռ.Ն., նույն տեղում, էջ 175-176։

6Նույն տեղում, էջ 148։

7AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 11, http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf

8Ղազարյան Ա., Լևոնյան Ռ.Ն., նույն տեղում, էջ 152-153։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր