• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2012

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ


Ֆրանսիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների կողքին գոյություն ունի նաև հայ ավետարանական համայնք: Հայ ավետարանականների հաստատումը Ֆրանսիայում պայմանավորված է այն նույն գործոններով, որոնք առկա են Հայության մյուս հատվածների պարագայում: Ֆրանսիայում այդ համայնքի ձևավորման խնդիրն օրակարգային դարձավ 1920-ական թթ., երբ բազմահազար արևմտահայերի ճակատագրին արժանացած բազմաթիվ հայ ավետարանականներ հայտնվեցին Ֆրանսիայում:

Ֆրանսիայի Հայ ավետարանական համայնքի ձևավորումը

Ֆրանսիայի Հայ ավետարանական համայնքը ձևավորվեց 1920-ական թթ.: Վերապատվելիներ Ժոզեֆ Պարսումյանը, Հովհաննես Ղազարոսյանը և Գրիգոր Խայիկյանը համարվում են այս համայնքի հիմնադիրները Ֆրանսիայում:

Ֆրանսահայ Ավետարանական եկեղեցին ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի հայ համայնքի կյանքին, համագործակցում է այլ քրիստոնեական եկեղեցիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի այլ ավետարանական եկեղեցիների հետ: Այն սերտ կապեր է պահպանում Հայ Առաքելական և Կաթողիկե, ինչպես նաև այլ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հետ: Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցին մաս է կազմում Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի1:

Համայնքի պատմության մեջ կարևոր դերակատարություն է ունեցել վեր. Հովհաննես Ղազարոսյանը (1888-1963): Նա 1927-1941թթ. եղել է Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միության (ՖՀԱԵՄ) նախագահը2, Ֆրանսիայում հայ ավետարանական կառույցների գործունեության գլխավոր հիմնադիրներից ու կազմակերպիչներից մեկը: 1941 թվականից 13 տարի շարունակ միությունը նախագահել է վեր. Գրիգոր Խայիկյանը (1884-1967): Ֆրանսահայ ավետարանական համայնքի ամենանշանավոր ներկայացուցիչներից է վեր. Սամվել Պագգալյանը (1908-1987), որը 1967-1976թթ. Վարել է ՖՀԱԵՄ նախագահի պաշտոնը: Վերջինս մեծ ջանքեր ներդրեց տարբեր երկրների համայնքների միջև հարաբերությունների զարգացման գործում: Վեր. Ռընե Լևոնյանը մեծածավալ գործունեություն է ծավալել ինչպես Ֆրանսիայի համայնքում, այնպես էլ Հայաստանում, գլխավորել է «Հույս Հայաստանի համար» կազմակերպության գործունեությունը, այժմ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի փոխնախագահն է:

Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքի թվաքանակը և կառույցները

Ֆրանսիայում հայ ավետարանականների թվաքանակի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1920-ական թթ: Մասնավորապես, Լիոնի հայ ավետարանականների թիվը 1920-ական թթ. կեսերին կազմում էր մոտ հարյուր հոգի3: 1938թ. Ֆրանսիայում հայ ավետարանականների ընդհանուր թվաքանակը հասնում էր մոտ 3 հազարի (15 կենտրոններում), գործում էին 15 քարոզիչներ4: 2003թ. Ֆրանսիայում (հայերի թիվը մոտ 450 հազար) բնակվող հայ ավետարանականների թվաքանակը հասնում էր 5 հազարի, որից 600-ը՝ Իսի լը Մուլինոյում5:

Ֆրանսիայում գործում են 12 հայ ավետարանական եկեղեցիներ, որոնցից երեքը` Մարսելում, մեկական` Փարիզում, Լիոնում, Իսի լը Մուլինոյում, Ալֆորվիլում, Առնուվիլ լը Գոնեսում, Վալանսում, Դեսինում, Մոնտելիմարում, Օբենաում: Ֆրանսիայում են գտնվում նաև Քրիստոնեական կրթության կենտրոնը (Վալանս), «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը (Մարսել), «Լա Ֆոնթանել» (Մարսել) և «Լա Սուրս» (Լիոն) կենտրոն-ճամբարները, «Աշնան ծաղիկ» ծերանոցը (Դեսինում), Ֆրանսահայ Քրիստոնյա երիտասարդների միությունը (Լիոն), «Բանբեր» ամսագիրը (հայերեն)՝ Մարսելում և «Լյումինյոն» ամսագիրը (ֆրանսերեն)՝ Լիոնում6: Բացի այդ, գործում են երկու մշակութային կենտրոններ՝ «Անի» (Բոմոն) և «Մարկոսյան-Վեքիլյան» (Սենթ Անտուան): Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքի կարևորագույն կառույցը, բնականաբար, Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միությունն է:

Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միությունը

Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքի բնականոն գործունեության ծավալման մեջ կարևորագույն նշանակություն ունի Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միությունը, որը համակարգում է այս երկրի հայ ավետարանական բոլոր կառույցների գործունեությունը:

ՖՀԱԵՄ առաջին ժողովը գումարվել է 1927թ. սեպտեմբերի 24-28-ը Լիոնում: Ժողովներ գումարվել են յուրաքանչյուր տարի, բացառությամբ՝ 1939-1940 և 1943-1944 թվականների: Ֆրանսիայի կառավարությունը ՖՀԱԵՄ–ը ճանաչել է միայն 1946թ.7:

Ներկայում ՖՀԱԵՄ-ը ղեկավարվում է միության ժողովի կողմից, որը գումարվում է տարին մեկ: Ժողովն ընտրում է Կենտրոնական մարմին, որը ղեկավարում է միության գործունեությունը ժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Այն բաղկացած է ութ անդամներից՝ նախագահ (ընտրված հովիվներից), երեք հովիվ պատվիրակներ (ընտրված միության ժողովի կողմից), ՖՀԱԵՄ գանձապահ (ընտրված միության կողմից), երեք աշխարհական պատվիրակներ (ընտրված յուրաքանչյուրն իր շրջանի եկեղեցիների հոգաբարձության կողմից):

ՖՀԱԵՄ-ն ունի պաշտոնական ամսագիր՝ «Բանբերը», որը հիմնադրվել է 1925թ.: Ներկայումս խմբագիրն է Ժիլպեր Լևոնյանը: Կարևոր նշանակություն ունի այն, որ «Բանբեր» ամսագիրը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում համահայկական խնդիրներին, ազգային պատմությանը, մշակույթին, հայապահպանության խնդիրներին Սփյուռքում:

Կրթական, մշակութային և բարեգործական կազմակերպությունները

Համայնքի ձևավորման պահից ավետարանական եկեղեցին ձեռնամուխ եղավ կրթական գործին: Դեռևս 1938թ. հայ ավետարանական կիրակնօրյա դպրոցներում սովորողների թիվը հասնում էր 1200-ի: Պետք է նշել, որ այս դպրոցներում սովորում էին ոչ միայն ավետարանական հայերը, այլև մյուս հարանվանությունների ներկայացուցիչները: Երկրորդ աշխարհամարտին հաջորդած տարիներին Մարսելի երեք թաղամասերում գործող երեք եկեղեցիներին կից գործել են կիրակնօրյա դպրոցներ, յուրաքանչյուրը՝ 50-70 աշակերտով8:

Կարևորելով կրթական և երիտասարդական խնդիրները՝ ՖՀԱԵՄ երիտասարդաց կենտրոնական վարչությունը կազմակերպում է ճամբարներ և զանազան հավաքներ:

1987թ. նոյեմբերին վեր. Դանիել Սահակյանի ջանքերով Մարսելի Բոմոն թաղամասում հիմնադրվեց «Անի» մշակութային կենտրոնը, որը 2007թ. մեծ շուքով նշեց հիմնադրման 20-ամյակը: 20-ամյակին նվիրված գլխավոր երեկույթին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, ներկա էին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների ներկայացուցիչներ9:

1988թ. դեկտեմբերի 7-ից մինչև 1994թ. մայիսի 31-ը գործել է «SOS Արմենի» բարեգործական կազմակերպությունը, որի աշխատանքներին մասնակցել են Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները10: Այս կառույցը կազմակերպել է նշանակալի օգնություն աղետի գոտուն:

«Հույս Հայաստանի համար» կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ՀՀ-ում և Արցախում, մասնավորապես՝ երկրաշարժից տուժած գոտիների բնակիչներին օգնելու ուղղությամբ, ինչպես նաև իրականացրել է այլ բարեսիրական գործունեություն: «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը համագործակցում է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության հետ:

Համագործակցությունը մյուս հայ ավետարանական համայնքների հետ

Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքը եղել և շարունակում է մնալ հայ ավետարանականության կարևոր կենտրոններից մեկը: ՖՀԱԵՄ-ը կարևոր դերակատարություն ունի ինչպես ամբողջ Հայ Ավետարանական եկեղեցում, այնպես էլ Ֆրանսիայի հայ համայնքում: Առանձնապես կարևորվում է Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչների ակտիվ համագործակցությունը Սփյուռքի և Հայաստանի մյուս հայ ավետարանական համայնքների հետ:

Համայնքի կարևորությունն է ընդգծում այն հանգամանքը, որ 1965թ. հոկտեմբերի 13-16-ը հենց Փարիզում առաջին անգամ գումարվեց Հայ ավետարանական միջմիութենական խորհուրդը, որի նպատակն էր քննարկել Սփյուռքի Հայ ավետարանական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները: Ժողովի բացառիկությունն այն էր, որ ներկայացված էին Սփյուռքի բոլոր Հայ Ավետարանական եկեղեցիները11:

1981թ. Փարիզում կայացավ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի (ՀԱՀԽ) անդրանիկ ժողովը: Այս իրադարձությունը կրկին պատահական չէր, որ կայացավ Ֆրանսիայում, որի հայ ավետարանական համայնքն ամենակազմակերպվածներից էր: Մասնավորապես, մեծ է դրա նշանակությունն աշխարհի տարբեր մասերում գտնվող հայ ավետարանականների միավորման գործում: 1987թ. հոկտեմբերի 12-14-ը Փենսիլվանիայում կայացած ՀԱՀԽ երկրորդ ժողովում նախագահ ընտրվեց ՖՀԱԵՄ նախագահ Դ.Սահակյանը12:

Ներկայումս, բացի ՀԱՀԽ փոխնախագահ Ռընե Լևոնյանից, այդ խորհրդի կազմում են Եվրոպայի հայ ավետարանական եղբայրության նախագահ Ժիլպեր Լևոնյանը և ՖՀԱԵՄ նախագահ Ջոել Միքայելյանը13:

1996թ. ամռանը Իսի լը Մուլինոյում կայացան Հայ Ավետարանական եկեղեցու 150-ամյակին նվիրված միջմիութենական համագումարը և համաշխարհային տոնակատարություն: Այստեղ էին ժամանել 18 երկրների Հայ Ավետարանական եկեղեցիների 600 ներկայացուցիչներ:

Առանձնակի նշանակություն ունի Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքի համագործակցությունն Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության հետ: Վերջինիս գործունեությունը Ֆրանսիայում հիմնականում հետևյալն է. «Բանբեր» և «Լյումինյոն» հրատարակություններին ֆինանսական աջակցության ցուցաբերում, հովիվների և դասատուների աշխատանքին օժանդակություն, ՖՀԱԵՄ գործունեությանն աջակցություն, եկեղեցիների և ճամբարների վերանորոգում, աջակցություն «Լա Ֆոնթանել» և «Լա Սուրս» քրիստոնեական ճամբարներին, Եվրոպայի Հայ ավետարանական եղբայրության գործունեությանն օժանդակում14, քրիստոնեական գրականության տարածում:

ՖՀԱԵՄ-ը մեծածավալ միսիոներական գործունեություն է ծավալել տարբեր համայնքներում: Այն կենտրոնական դեր է կատարում նաև 1998թ. մայիսին Իսի լը Մուլինոյում հիմնադրված Եվրոպայի հայ ավետարանական եղբայրությունում: Եղբայրության անդամ են Ֆրանսիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի Հայ Ավետարանական եկեղեցիները: Եղբայրությունը գործունեություն է ծավալում նաև Գերմանիայում և Հոլանդիայում: Հայաստանից արտագաղթի արդյունքում գործունեության նոր դաշտ է նախանշվում Անգլիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Լեհաստանում15: Եվրոպայի հայ ավետարանական եղբայրության նախագահն է Ժ.Լևոնյանը:

Հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետ

Կարևոր նշանակություն ունի ինչպես ընդհանրապես Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համագործակցությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, այնպես էլ ավետարանական եկեղեցու՝ տարբեր երկրներում գտնվող կառույցների համագործակցությունը Ս.Էջմիածնի հետ: Այդպիսի համագործակցության օրինակ է վեր. Գ. Խայիկյանին ուղղված Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանի վերատեսուչ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի նամակը՝ գրված Վեհափառ հայրապետի կարգադրությամբ: Այստեղ, մասնավորապես, ճեմարանի տեսուչը շնորհակալություն է հայտնում Գ.Խայիկյանին հարյուր կտոր Սուրբ գրքեր ուղարկելու: Հայկազուն արք. Աբրահամյանն ընդգծում է իրենց ուսանողների համար Խայիկյանի կարդացած դասախոսության օգտակարությունը և կրկին հրավիրում Ս.Էջմիածին16: Ինչպես տեսնում ենք, հայ ավետարանականներն օգնում են լրացնել Ս.Էջմիածնին հոգևոր գրականության պահանջարկը:

1965թ. առաջին անգամ հրավիրված Հայ ավետարանական միջմիութենական խորհուրդը բազմաթիվ հարցերի շարքում քննարկեց նաև «...Մայրենի եկեղեցիին հետ մեր փոխյարաբերութեան կամ միութեան հարցը»17:

ՖՀԱԵՄ 50-ամյակի կապակցությամբ հայ ավետարանական, «Բանբեր» ամսագրի աշխատակից Շահեն Մարակյանը, գնահատելով Հայ Ավետարանական եկեղեցու դերը հայության մեջ, գրում է. «...Մեր սրտագին փափաքն է, որ Միութեան Ժողովներու այս Յիսնամեակը դառնայ ՆՈ՛Ր ԱՐԹՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՏԵՍԻԼՔԻ ՇՐՋԱՆ մը, որ կարենանք մեր պարտականութիւնը կատարել հայ ժողովուրդի զաւակներուն հանդէպ: Եթէ կուսակցութիւնները՝ կոչուած են ազգին շահը պաշտպանելու, բարեսիրական հաստատութիւնները՝ անոր աղքատներին ու անկեալները հոգալու, Առաքելական Մայր եկեղեցին՝ հայութեան բերդը դառնալու, Աւետարանականներուս կոչումն ալ Աւետարանին հոգին եւ լոյսը վառ պահելն է մեր ժողովուրդին մէջ»18:

Այստեղ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայ Ավետարանական եկեղեցին դիտարկվում է որպես համայն Հայության բաղկացուցիչ և անբաժանելի մաս: Ընդգծվում է Առաքելական եկեղեցու «Մայր» և «հայության բերդ» լինելը, ինչը ողջունելի է փոխադարձ հանդուրժողականության, համագործակցության ու միասնականության համատեքստում:

Այսպիսով, Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքը կազմում է Ֆրանսիայի հայ համայնքի մի մասնիկը: Չնայած իր թվաքանակի համեստ ընդգրկմանը (ողջ ֆրանսահայ համայնքի համեմատ), ավետարանական համայնքը ծավալում է ակտիվ եկեղեցական, կրթական, մշակութային, բարեգործական, հրատարակչական գործունեություն: Ֆրանսահայ ավետարանական կառույցները սփյուռքահայ ազգային կառույցների անբաժանելի մասնիկն են, սակայն դրանց առավել սերտ ինտեգրումը համահայկական կառույցներին ունի կարևոր նշանակություն:

1 Տե՛ս «Բանբեր», 2006, հունվար-փետրվար:

2 Նույն տեղում, 1960, N 11:

3 Նույն տեղում, 1927, N 1:

4 Տե՛ս Ատանալեան Կ.Պ., Յուշարձան Հայ Աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952, էջ 410։

5 Տե՛ս «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003, էջ 628-629, 637:

6 Տե՛ս AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 11-12.

7 Տե՛ս «Բանբեր», 1980, N 9:

8 Տե՛ս Ատանալեան Կ.Պ., նշվ. աշխ., էջ 410, 413։

9 Տե՛ս «Բանբեր», 2008, հունվար-փետրվար:

10Նույն տեղում, 2009, օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր:

11 Նույն տեղում, 1967, N 5:

12 Նույն տեղում, 1988, N 3:

13 Տե՛ս AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 3-4.

14 Տե՛ս "AMAA news", 2006, N 1.

15 Տե՛ս «Բանբեր», 2006, հունվար-փետրվար:

16 Նույն տեղում, 1962, N 5:

17 Նույն տեղում, 1967, N 5:

18 Նույն տեղում, 1980, N 9:

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր