• am
  • ru
  • en
Версия для печати
17.01.2013

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Չեխիայի հայ համայնքը պատկանում է Եվրոպայում ձևավորված նորաստեղծ հայկական համայնքների թվին: Դրա ուսումնասիրությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջինս էապես տարբերվում է Եվրոպայի հայկական ավանդական համայնքներից։

Համայնքի ձևավորումը

Ըստ Չեխիայի վիճակագրական գրասենյակի 2009թ. տվյալների` Չեխիայի հայության թիվը կազմում է 2025 հոգի1, մինչդեռ 2005թ., ըստ Չեխիայի պաշտոնական տվյալների, այստեղի հայերի թվաքանակը ընդամենը 1046 էր:

Ըստ Չեխիայում ՀՀ դեսպանության 2010թ. պաշտոնական տվյալների՝ այստեղ բնակվում են ավելի քան 3500 հայեր, որոնցից մշտական բնակության թույլտվություն է ստացել ավելի քան 2 հազար հոգի, ևս 1,5 հազարը գրանցված է որպես ժամանակավոր բնակվող2: Փորձագիտական գնահատականներով՝ Չեխիայի հայության թիվը կազմում է մոտավորապես 10 հազար հոգի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Չեխիայի պաշտոնական վիճակագրությունում հաշվառումը կատարվում է ըստ քաղաքացիության, ապա պարզ կդառնան պաշտոնական թվի մի քանի անգամ նվազ լինելու պատճառները. 1) Չեխիայում են հաստատվել նաև բազմաթիվ այլ պետությունների քաղաքացի հանդիսացող հայեր, 2) հայերի մի մասը դեռևս չի ընդունել Չեխիայի քաղաքացիություն։ Չեխիայի հայությունը, ինչպես նաև այստեղի մյուս ազգային փոքրամասնությունների գերակշիռ մասը, հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաք Պրահայում։ Մոտավոր հաշվարկներով՝ Պրահայում բնակվում է Չեխիայի հայերի 80%-ը3։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Բռնոն։ Հայեր են բնակվում նաև Մլադա Բոլեսլավ, Օստրավա, Յիհլավա, Լիբերեց, Կարլովի Վարի, Լաբեի Ուստի քաղաքներում։

Եթե չհաշվենք 18-րդ դարում Չեխիայում ապրած և ստեղծագործած հայ վաճառական Աստվածատուրի որդի Գևորգ Դամասկոսցուն4, ապա առաջին հայերը Չեխիայիում հաստատվել են 1910-ական թթ.: Հայության որոշ ներկայացուցիչներ սկսել են զբաղվել արդյունաբերությամբ: Այսպես, օրինակ, Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆիրման5: Ուշագրավ է 1920-ական թթ. Պրահայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորած հայ ուսանողությանը նվիրված Ա.Բախչինյանի հոդվածը6, որտեղ ներկայացվում են Չեխիայում հայ ուսանողական կյանքը, նրանց ստեղծած ուսանողական կառույցների գործունեությունը: Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 50 հայ ուսանողներ կրթություն ստացան Չեխիայում, սակայն հետագայում նրանք ցրվեցին տարբեր երկրների հայկական համայնքներում, և Չեխիայում սաղմնավորվող հայկական համայնքային կյանքը շուտով վերացավ:

Չնայած Չեխիայում հայերի բնակության ու գործունեության վերոհիշյալ առանձին դրվագներին, մինչև 1980-ական թթ. վերջ-1990-ական թթ. սկիզբ ընկած ժամանակահատվածում հայկական համայնք Չեխիայում գոյություն չի ունեցել։ Այստեղ զանգվածային կերպով հայերը սկսեցին հաստատվել միայն 1980-ական թթ. սկսած։ Չեխիա հայերի հոսքը հատկապես ուժեղացավ 1990-ական թթ. և գագաթնակետին հասավ 1990-1993թթ.։ Հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն էին։ Արտագաղթողների կողմից Չեխիային նախապատվություն տալն ուներ բազմաթիվ նախադրյալներ։ Դրանց թվում կարևոր նշանակություն ուներ այն հանգամանքը, որ Չեխիան միաժամանակ գտնվում էր Եվրոպայի կենտրոնում, սակայն ոչ վաղ անցյալում մտնում էր սոցճամբարի համակարգի մեջ, որի մաս էին կազմում նաև Չեխիա ներգաղթող հայերի ելակետային երկրները (Հայաստան և հետխորհրդային այլ հանրապետություններ)։ Բացի այդ, կարևոր մեկ այլ հանգամանք կրկին պայմանավորված էր անցյալի ժառանգությամբ. զգալի թվով հայեր ԽՍՀՄ գոյության պայմաններում զբոսաշրջային այցելություններ էին կատարել Չեխիա և որոշ չափով ծանոթ էին այդ պետությանը։ Բնականաբար, նրանք պետք է նախապատվությունը տային այն պետությանը, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, զգալի չափով ծանոթ է իրենց, ունի հետխորհրդային երկրներին բնորոշ որոշ առանձնահատկություններ, ինչի շնորհիվ ադապտացման և ինտեգրման խնդիրներն ավելի դյուրին լուծելի են թվում։ Պետք է առանձնացնել նաև Չեխիայի միգրացիոն օրենսդրության ավելի ազատական լինելը՝ բազմաթիվ արևմտյան պետությունների համեմատությամբ։ Դրա դրդապատճառն էր Չեխիայից ծայր առած արտագաղթը դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ, որի արդյունքում առաջացավ աշխատուժի (մասնավորապես բարձրորակ, մտավոր աշխատանք կատարելու ունակ) պահանջարկ։ 1990-ական թթ. Չեխիա ներգաղթողների շարքում սկսեցին կարևոր տեղ զբաղեցնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչները։

Դեպի Չեխիա հայերի միգրացիոն հոսքերի մասին խոսելիս պետք է նշել նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ արտագաղթողներ Չեխիան դիտարկում էին ոչ թե որպես վերջնական հանգրվան, այլ միջանկյալ օղակ, որտեղ կարճաժամկետ հաստատումից հետո հնարավոր կլինի տեղափոխվել ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկիր։ Չեխիա տեղափոխված հայերի զգալի մասը սկզբում փորձել է հաստատվել ԱՄՆ-ում կամ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում, սակայն անհաջողության մատնվելով նախընտրել է Չեխիան։

Չեխիայի հայերի միգրացիոն խնդիրների թվում կարևոր տեղ է զբաղեցնում փախստականների խնդիրը։ 1991-2003թթ. Չեխիայիում փախստականի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել 3093 հայեր, որոնցից միայն 149-ն (4,8%) է ստացել այդ կարգավիճակը: Իսկ 2005-2006թթ. փախստականի կարգավիճակ ստանալու հավակնող օտարերկրացիների թվում հայերը կազմել են 1-2%։ Ավելի հեշտությամբ հայերին հաջողվում է ստանալ Չեխիայի քաղաքացիություն։ Քաղաքացիության տրամադրման ամենաբարձր ցուցանիշը եղել է 1999-2000թթ.7։ Պետք է նշել նաև, որ Չեխիայի օտարերկրացիների շրջանում հայերն անլեգալ միգրացիայի ցուցանիշներով զբաղեցնում են բավական բարձր դիրքեր։

Համայնքի հիմնական առանձնահատկությունները

Նորաստեղծ Չեխիայի հայ համայնքին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ՝ պայմանավորված նրա նորաստեղծ և ոչ այնքան ստվարաթիվ լինելով։ Բազմաթիվ մեխանիզմներ, որոնք արդյունավետ կերպով գործում են հարուստ ավանդույթներ ունեցող և մեծաթիվ հայկական ավանդական համայնքներում, գործնականում նախադրյալներ չունեն կիրառվելու Չեխիայի հայ համայնքում։ Օրինակ, եթե ավանդական սփյուռքահայ համայնքներում եկեղեցական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական կառույցները, ունենալով իրենց կենտրոններն ու մասնաճյուղերը, տասնամյակներ (որոշ դեպքերում՝ նույնիսկ դարեր) շարունակ ապահովում են բավական արդյունավետ գործունեություն, ապա ակնհայտ է, որ այս մեխանիզմները նույնական գործադրման պայմաններ չունեն Չեխիայում։ Պատճառը համայնքի նորաստեղծ, ինչպես նաև փոքրաթիվ լինելն է, որին պետք է գումարել նաև Չեխիայի հայ համայնքի անդամների այստեղ հաստատվելու դրդապատճառները։ Եթե ավանդական սփյուռքահայությանը (որը հիմնականում բաղկացած է Հայոց ցեղասպանության արդյունքում աշխարհով մեկ սփռված հայերի ժառանգներից) որոշակիորեն բնորոշ է ազգային արժեքների պահպանման և զարգացման ձգտումը, ապա վերջին երկու տասնամյակներին տնտեսական դրդապատճառներով հայրենիքից արտագաղթածները զգալի չափով թերանում են այս առումով։ Սրանից հետևում է, որ նորաստեղծ համայնքներում, օրինակ՝ հենց Չեխիայի հայ համայնքում, առկա է ազգային արժեքների ու ինքնության պահպանման հրամայականի գիտակցման մակարդակի որակական բարձրացման խնդիր։ Սակայն, միաժամանակ ակնհայտ է, որ այս խնդիրների լուծումը լոկ ավանդական համայնքներում գործող մեխանիզմներով անհրաժեշտ արդյունավետության չի կարող հանգեցնել։ Ուստի, անհրաժեշտ է ավանդականին զուգահեռ կիրառել նաև նորագույն մեթոդներ վերոհիշյալ խնդիրների լուծման համար։ Այս առումով առաջնակարգ դերակատարություն ունի տեղեկատվական ռեսուրսների և հնարավորությունների արդյունավետ օգտագործումը։ Սրանից չի բխում, թե վերոհիշյալ մեթոդները կիրառական չեն ավանդական համայնքներում, սակայն Չեխիայի հայ համայնքի պարագայում դրանց գործադրումն առավել արդիական է, քանի որ, այնուամենայնիվ, ավանդական համայնքներում գործում են նախկին կառույցներն ու մեխանիզմները, որոնք, թեկուզև սովորույթի ուժով, ունեն որոշակի արդյունավետություն։

Չեխիայի հայ համայնքին բնորոշ է ադապտացման և ինտեգրման խնդիրների բավական արագ լուծումը։ Հայերը կարողացել են ներգրավվել Չեխիայի տնտեսությունում։ Զգալի թվով հայերի հաջողվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մասին Ս.Սումլյոննին նշում է. «Հայերի մեծամասնությունը սեփական բիզնես ունի. հայերն ունեն ոչ մեծ մթերային խանութներ, կոշիկի, կարի արհեստանոցներ և այլն։ Տարածված է նաև ոսկերչական բիզնեսը։ Չեխիայի հայերի մեջ խիստ փոքր թիվ են կազմում գործազուրկները՝ 5%-ից քիչ։ Հատկանշական է, որ վարձու աշխատող հայերի միայն կեսն է աշխատում չեխական ընկերություններում, մնացած հայերը, աշխատանքի շուկայում որպես վարձու աշխատողներ հանդես գալով, կա՛մ օտարերկրյա, կա՛մ ձևականորեն չեխական, բայց հայ ղեկավարություն կամ հայկական աշխատանքային կոլեկտիվ ունեցող ընկերությունների աշխատակիցներ են»8։ Բացի այդ, կարևոր հանգամանք է բնակարանային խնդիրների լուծումը։ Հայերի ճնշող մեծամասնությունն այս հարցը լուծում է կամ բնակարանի գնմամբ, կամ վարձակալմամբ։

Չնայած հայերի ինտեգրման դրական գործընթացին, առկա է նաև որոշակի բացասական վերաբերմունք ներգաղթողների նկատմամբ։ Սակայն այս վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն հայ համայնքին, այլև ընդհանրապես օտարերկրացիների ներգաղթին։ Մասնավորապես, այս միգրացիան Չեխիայի որոշ շրջանակներում նույնականանում է անօրինականության և հանցագործության միտումների աճի մտավախության հետ։

Հայերի արագ ինտեգրումը պայմանավորված է նաև լեզվական խնդիրներով։ Չեխիայում զգալի չափով գործածական է ռուսաց լեզուն, ինչն էապես հեշտացնում է հաղորդակցությունը բոլոր բնագավառներում։ Հայերի փոքրահասակ և երիտասարդ տարիքային խմբերը հեշտությամբ յուրացնում են չեխերենը։ Սա իր հերթին առաջ է բերում բացասական հետևանքներ։ Մասնավորապես, սրվում է հայոց լեզվի և հայեցի ինքնության վտանգման հիմնախնդիրը։ Դա պայմանավորված է նաև Չեխիայի հայ համայնքի բնույթով. բացասական ազդեցություն են ունենում ներհամայնքային կառույցների սակավությունը, դրանց բավարար չափով զարգացած չլինելը, ինչպես նաև համայնքի փոքրաթվությունը։ Դրա հետևանքով հայերը, հաճախ դուրս գալով ներհամայնքային շրջանակներից, ակտիվ շփումներ են հաստատում հետխորհրդային այլ հանրապետությունների ներկայացուցիչների հետ։

Համայնքային կառույցները

Չեխիայի հայ համայնքի կյանքում կարևոր դերակատարություն ունեն համայնքային կառույցները։ Սրանք, չնայած դեռևս չեն կարողանում ապահովել ակտիվ ներհամայնքային կյանքի գոյություն, այնուամենայնիվ, ծավալում են որոշակի գործունեություն այս ուղղությամբ: Այդ աշխատանքների շարունակական զարգացման պարագայում հնարավոր կլինի հասնել ակնկալվող արդյունքին։ Ներհամայնքային միավորների թվում պետք է նշել «Արմենիա» ակումբը, «Հայկական տուն» միությունը, Պրահայի և Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցները, ինչպես նաև հայկական լրատվամիջոցները՝ «Օրեր» և «Նաիրի» ամսագրերը և «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։ Հայ համայնքի կյանքը երբեմն լուսաբանվում է նաև Ռադիո Պրահայի «Բազմամշակութային Չեխիա» շարքի շրջանակներում։

1995թ. Սերգեյ Գրիգորյանը հիմնեց Չեխ-հայկական ընկերությունը։ Սակայն այն չկարողացավ արդարացնել սպասվող ակնկալիքները, այն է՝ Չեխիայում բնակվող բոլոր հայերի միավորում, չեխական հասարակության հետ փոխհարաբերությունների խնդիրներ, տեղեկատվական աշխատանքների իրականացում, հայկական փոքրամասնության իրավունքների պաշտպանություն և այլն։ Ընկերության ձեռքբերումները խիստ համեստ եղան։ Նրա գործունեությունը շուտով սկսեց սահմանափակվել միայն Պրահայում։ Ընկերությունը յուրաքանչյուր տարի նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Առավել շոշափելի ձեռքբերում էր 2001թ. Չեխիայի հայերի հանդիպման կազմակերպումը Վիեննայում ՀՀ հյուպատոսի հետ, ինչի շնորհիվ լուծվեցին Չեխիայի հայ համայնքի հետ ՀՀ կառավարության փոխգործակցության մի շարք հարցեր։ Ավելի հաջողակ գտնվեց մեկ այլ հայկական կազմակերպություն՝ 2000թ. հիմնադրված «Հայկական տուն քաղաքացիական ընկերակցությունը»։ Ընկերակցությանը կարող են անդամակցել ինչպես Չեխիայում և Հայաստանում ապրող հայերը, այնպես էլ հայկական մշակույթով հետաքրքրվող չեխերը։ 2007թ. դրությամբ այն ուներ ավելի քան 60 անդամ (որոնցից 21-ը՝ չեխ, 10 մարդ էլ ո՛չ Չեխիայի, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիներ չեն)։ «Հայկական տուն քաղաքացիական ընկերակցությունն» ակտիվ խորհրդատվական աշխատանք է տանում գաղթյալների շրջանում իրավական, առաջին հերթին՝ միգրացիոն օրենսդրության հարցերի վերաբերյալ։ Ցանկացողներին օգնություն է ցուցաբերվում համակարգչով աշխատելու, ինչպես նաև այլ հմտություններ ձեռք բերելու գործում, ինչը թույլ կտա նրանց ունենալ ավելի բարձրակարգ աշխատանք։ 2002թ. ապրիլից ընկերակցությունը հրատարակում է «Նաիրի» ամսագիրը, որում նույնպես արծարծվում են գաղթողների իրավական պաշտպանության հարցերը9։

Չեխահայ կառույցների թվում հիշատակման են արժանի նաև Տիգրան Աբրահամյանի գլխավորած «Արմենիա» ակումբը, ինչպես նաև «Ուրարտու» հայ-չեխական միավորումը` Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ։

Չեխիայի հայ համայնքի կառույցների շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն Պրահայի և Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցները, որոնց գործունեությանն արդեն անդրադարձել ենք առանձին ուսումնասիրությամբ10:

1999թ. սեպտեմբերից Պրահայում լույս է տեսնում «Օրեր» համաեվրոպական ամսագիրը։ Այն հրատարակում է Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոնը` Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլև անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական և համայնքային կյանքին: Բացի Հայաստան-Եվրոպա հարաբերություններից, ամսագրի ուշադրության կենտրոնում են գտնվում հայ-չեխական հարաբերությունները, Չեխիայում և եվրոպական այլ երկրներում բնակվող հայերի խնդիրները11։ Չեխիայի հայ համայնքի խնդիրների մասին խոսելիս «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հ.Ասատրյանը նշում է. «Ճիշտ է, կա շաբաթօրյա դպրոց, կա հոգևորական, բայց համայնքը չունի համայնքային կենտրոն, որտեղ մարդիկ գան-գնան, հավաքվեն, այդ հարցն արդեն քննարկվում է»12։ 2009թ. նոյեմբերի 20-ին մեծ հանդիսավորությամբ նշվեց «Օրեր» ամսագրի 10-ամյակը։

Համայնքային կյանքը

Չեխիայի հայ համայնքի կյանքում կարևոր դեր է կատարում հայ-չեխական հարաբերությունների զարգացումն ինչպես միջպետական, այնպես էլ զանազան այլ ձևաչափերով։ Այսպես, օրինակ, 2010թ. մայիսի 18-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունեց Չեխիայի վարչապետին։ Անդրադարձ կատարվեց Չեխիայի հայության հոգևոր խնդիրներին։ Ամենայն Հայոց հայրապետը, մասնավորապես, նշեց. «…Չեխիայում ևս ձևավորվում է հայ համայնք, և վստահ ենք, որ առաջիկայում Չեխիո մեր զավակները ևս հնարավորություն կունենան կառուցելու իրենց հավատքի և աղոթքի տունը` էլ ավելի եռանդով ու ջանադրությամբ իրենց մասնակցությունը բերելով Ձեր երկրի շինությանը և բարգավաճմանը»13։

Չեխիայի հայ համայնքի կյանքում կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների նշումը, որն ունի համահամայնքային բնույթ։ Այսպես, 2005թ. ապրիլի 24-ին Պրահայի կենտրոնական հրապարակում 300 հայերի մասնակցությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին։ Ցույցի մասնակիցները կոչ-դիմում հղեցին Չեխիայի խորհրդարանին14։ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարք տեղի ուենցավ նաև 2010թ.՝ նվիրված Մեծ եղեռնի 95-ամյակին։ Պրահայում անցկացվեց հոգեհանգստյան ժամերգություն, որին հետևեց հուշ-երեկո քաղաքային գրադարանի դահլիճում, ապա բացվեց հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Ի հիշատակ` 95 տարի անց» խորագրով։ Միջոցառումներին մասնակցեցին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև Չեխիայի և այլ պետությունների քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային գործիչներ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ միջոցառումները չսահմանափակվեցին Չեխիայի հայ համայնքի կենտրոն Պրահայով։ Բռնոյում մատուցվեց պատարագ Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի կողմից, ապա տեղի ունեցավ Բռնոյի հայ համայնքի անդամների հանդիպումը ՀՀ դեսպան Ա.Հովակիմյանի հետ15։ Միջոցառումների կազմակերպման գործում կարևոր դերակատարություն ունեցան «Արմենիա» ակումբը, Ա.Հովակիմյանը, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, չեխահայ համայնքի այլ ներկայացուցիչներ։ 2011թ. կրկին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներն աչքի ընկան բազմազանությամբ։ Այս անգամ ևս դրանց մասնակցեցին չեխահայ համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, չեխ մտավորականներ, հոգևոր, մշակութային գորիծիչներ16։ 2012թ. չեխահայ համայնքը բազում այլ սփյուռքահայ համայնքների պես բողոքի միջոցառումներ կազմակերպեց` կապված Ռ.Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման հետ: Չեխիայում Հունգարիայի դեսպանատան դիմաց կազմակերպվեց բողոքի ցույց և ընդունվեց հայտարարություն, որով պահանջվում էր կրկին բանտարկել հանցագործին, ինչպես նաև ճանաչել ԼՂՀ անկախությունը17:

Կարևորագույն նշանակություն ունի չեխահայության կապերի ամրապնդումը հայրենիքի հետ։ Չեխիայի հայ համայնքի կյանքի կազմակերպման մեջ նշանակալի էր Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի դերը18։ 2011թ. հունիսի 30-ին Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Տիգրան Սեյրանյանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի պետական, հասարակական, գիտական, կրթական, մշակութային զանազան կառույցները հսկայական աշխատանք ունեն կատարելու Չեխիայի հայության հետ կապերն ամրապնդելու, չեխահայ համայնքի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։

Չեխիայի հայ համայնքի զարգացման և կշռի բարձրացման տեսանկյունից կարևորվում է հայերի հեղինակության բարձրացումն այստեղ։ Այս առումով նշանակալի է հայերի դերակատարությունը գիտության և մշակույթի19, մարզական և այլ բնագավառներում։

Վերջին տարիներին Չեխիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ ճանաչվել են տարբեր մարզական և երաժշտական մրցույթների հաղթողներ։ Օրինակ, Արամայիս Թոխյան՝ կարատեի Չեխիայի չեմպիոն, Մոնիկա Հարությունյան՝ գեղասահքի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, Վարինե Մկրտչյան (սոպրանո)՝ Չեխիայի երիտասարդ կատարողների 2009թ. մրցույթի հաղթող և այլն20։ Այս հաջողությունները նպաստում են ինչպես նորաստեղծ համայնքի կայացմանը, այնպես էլ հայերի հանդեպ դրական կարծիքի ձևավորմանը չեխական հասարակությունում։

Այսպիսով, Չեխիայի հայ համայնքն Արևելյան Եվրոպայի յուրօրինակ հայկական համայնքներից է: Այն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են Արևելյան Եվրոպայի մյուս հայկական համայնքներին։ Սակայն առկա են նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես Չեխիայի, այնպես էլ տեղի հայ համայնքի յուրահատկություններով։ Հետևաբար, Չեխիայի հայ համայնքի ինքնակազմակերպման զարգացումը և նրա առջև կանգնած մարտահրավերների լուծումը ենթադրում են ինչպես տեղային, այնպես էլ համակարգային մոտեցումներ։

Վերոհիշյալ խնդիրների լուծման համատեքստում կարևորվում են Չեխիայի հայկական կառույցների զարգացումը, դրանց ինտեգրումը չեխական միջավայրին։ Անշուշտ, առկա է Արևելյան Եվրոպայի երկրների հայ համայնքների հետ ակտիվ համագործակցության հրամայականը։ Սակայն այնպիսի խնդիրների լուծումը, որոնք բնորոշ են սփյուռքահայ բոլոր համայնքներին, պահանջում են ավելի ընդլայնել համագործակցության շրջանակը և ակտիվ փոխհարաբերություններ հաստատել ընդհանրապես սփյուռքյան կառույցների հետ։ Այս համակարգում, բնականաբար, կարևորագույն դեր ունի Հայաստանը, առանց որի ակտիվ գործունեության նորաստեղծ չեխահայ համայնքը կենսունակ չի գտնվի։

1 http://www.czso.cz/csu/cizinci.nsf/engt/8200578577/$File/c01t01.pdf

2 Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատուն, http://cz.mfa.am/hy/community-overview/

3 Տե՛ս Սումլյոննի Ս., Չեխիայի հայերը. Փոքր համայնք, մեծ ներուժ, http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2375

4 Տե՛ս Չեխիայի հայ համայնքը անցյալում և ներկայում, http://noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=3820&sphrase_id=18991

5 Տե՛ս Բախչինյան Ա., Պրահայի հայ ուսանողությունը, «Պատմա-բանասիրական հանդես», 2008, թիվ 1, էջ 133:

6 Նույն տեղում, էջ 133-148:

7 Տե՛ս Սումլյոննի Ս., նշվ. աշխ.՝ Աղյուսակ 3 և Աղյուսակ 4։

8 Սումլյոննի Ս., նշվ. աշխ.:

9 Տե՛ս Սումլյոննի Ս., նշվ. աշխ։

10 Տե՛ս Ղանալանյան Տ., Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրները, «Գլոբուս. Ազգային անվտանգություն», 2011, թիվ 5, էջ 53-63:

11 Տե՛ս http://www.orer.cz/?lang=AM&oper=about

12 http://hetq.am/am/media/mamul-506/

13 http://www.armedia.am/?action=SiteNews&what=show&id=1243398897&lang=arm

14 Տե՛ս Եղեռնի 90-րդ տարելիցի անդրադարձներ «Օրեր» ամսագրում, http://www.armtown.com/news/am/azg/20050826/2005082603/

15 Տե՛ս Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Սլովակիայում, Հունգարիայում և Չեխիայում, http://www.report.am/news/other/old_11516.html?external=1&itpl=default/print.tpl.html

16 Տե՛ս «Օրեր», 2011. ապրիլ. 24, http://www.orer.cz/

17 Տե՛ս Բողոքի ցույց-հսկում Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև, «Օրեր», http://www.orer.cz/

18 Տե՛ս նույն տեղում, 2009, N 1, http://www.orer.cz/?lang=AM&num=2009070118

19 Մանրամասն տե՛ս Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները, Երևան, 2011, էջ 40-45:

20 «Առավոտ», 24. 06.2010, http://www.aravot.am/am/articles/guidepark/80405/view

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 12, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր