• am
  • ru
  • en
Версия для печати
11.06.2015

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

   

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։

Բուլղարիայի Հանրապետության նախկին նախագահ, «Բուլղարական վերածննդի այլընտրանք» կուսակցության նախագահ Գեորգի Պիրվանովը 2015թ. ապրիլի 28-ին կուսակցության կոնգրեսում վերընտրվել է այդ պաշտոնում։ Ըստ նրա՝ «Հարավային հոսքի» կորուստը նշանակում է «բուլղարական արտաքին քաղաքականության կատարյալ ձախողում» և կոչ է արել վարչապետին, արտգործնախարարին ու եվրապատգամավորներին Բրյուսելում ստանալ թույլտվություն, որպեսզի ԵՄ շրջանակներում կարգավորեն Մոսկվայի հետ Սոֆիայի հարաբերությունները։ Արտգործնախարար Դանիել Միտովն իր «գործունեությունը» «պատճառաբանում» է Մակեդոնիայի Հանրապետությունում քաղաքական իրավիճակի սրման շուրջ «մտահոգությամբ»։ Նա անգամ «անհանգստացել է» հարևան հանրապետությունում ապրող բուլղարացիների ճակատագրով՝ այդպիսով փորձելով ինչ-որ կերպ պահպանել անշեղորեն ընկնող իր վարկանիշը։

Մակեդոնիայի Հանրապետությունում դրությունն իսկապես ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Դիմակայությունը Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպության (ՄՆՀԿ) աջ կենտրոնամետ կառավարության (Նիկոլա Գրուևսկի) և ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության (ՄՍԴՄ, Զորան Զաև) միջև հանգեցրել է նրան, որ վերջինի դեմ ճնշումներ են գործադրվում. ապրիլի 9-ին հերթական անգամ նա հարցաքննվել է գլխավոր դատախազությունում այն սպառնալիքների համար, որոնք հասցեագրել է Գրուևսկուն։

Այս համատեքստում առանձնանում է Մակեդոնիայի նախագահ, սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Իվանովի հարմարվողական պահվածքը (տողերիս հեղինակը նրան ծանոթ է դեռ ասպիրանտական տարիներից)։ Նա մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին նվիրված հանդիսություններին, որոնք կազմակերպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իր հետ տարել էր նաև պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին։ Հավանաբար՝ այն հույսով, թե որոշակի քանակությամբ սպառազինություն, ռազմամթերք և զինտեխնիկա նվեր կստանա հարուստ թուրքերից։

Մինչդեռ Մակեդոնիայում խիստ սրվել են հարաբերություններն ալբանացիների հետ։ Վերջին ժամանակներս մակեդոնական լրատվամիջոցները կրկին բարձրացրել են գիշերը ձկնորսության ժամանակ անմեղ զոհված գյուղացի տղաների (էթնիկ բուլղարների) սպանության թեման։ Սպանությունը ծիսական ալբանական ձևով էր կատարվել։ Անմիջապես հասկանալի դարձավ, որ դա ալբանական վրեժխնդրության դրսևորում էր։ Ալբանացիներն անմեղ տղաներից «վրեժ էին լուծել» այն բանի համար, որ դրանից ոչ շատ առաջ վեճ էր ծագել ավտոկայանատեղիում, որի ժամանակ մակեդոնացի նախկին պետանվտանգության ծառայողն ինքնապաշտպանության նպատակով հանել էր օրենքով իրեն ամրագրված ատրճանակն ու կրակել ալբանացի երկու խուլիգանների վրա։

Այս միջադեպից հետո ալբանացի երիտասարդությունն անմիջապես սկսեց բռնություններ գործադրել խաղաղ բնակիչների՝ էթնիկ բուլղարների նկատմամբ ավտոբուսներում, փողոցներում, հրապարակներում, տներում։ Ալբանացիները հանդարտվեցին միայն լճի մոտ ձկնորս տղաներին սպանելուց հետո. նրանց համար վրեժը սրբազան նշանակություն ունի, կարելի է ասել, որ այն ալբանական ոգու խորհրդանիշն է և ուղեկցել է նրանց ողջ պատմության ընթացքում։

Սակայն այստեղ մի առանձնահատուկ պահ կա. թե՛ ՄՆՀԿ-ն, թե՛ ՄՍԴՄ-ն համագործակցում են կառավարող կոալիցիայի անդամ ալբանական կուսակցություններից մեկի՝ Ինտեգրացիայի դեմոկրատական միության (ԻԴՄ) հետ, որի ղեկավարն է նախկին ահաբեկիչ Ալի Ահմետը։ Զորան Զաևի այդ վտանգավոր խաղը կարող է խախտել երկրի քաղաքական փխրուն հավասարակշռությանը։ Նկատի ունենալով, որ սոցիալ-դեմոկրատներն առանց այդ էլ բոյկոտում են մակեդոնական խորհրդարանը և չեն մասնակցում նիստերին, Զորան Զուևին դատապարտող վճիռը (նախկինում նման բան արվել է նրան նախորդող Վլադո Բուչկովսկու հանդեպ) կարող է հանգեցնել դիմակայության սրման բուլղարական համայնքների միջև։ Իսկ ալբանական համայնքը բաց չի թողնի պատեհ առիթն ու կօգտվի դրանից՝ անմիջապես դիմակայության նոր ալիք հրահրելով, որը կհանգեցնի նրան, որ բուլղարական նոր պատմական տարածքներ կխլվեն և տեղի կունենան հերթական էթնիկ զտումները։ Այսինքն՝ տեսանելի ապագայում անխուսափելի կդառնա Մակեդոնիայի Հանրապետության բաժանումը, և ապագա միավորված Ալբանիան կդառնա էլ ավելի մեծ ու կշարունակի սպառնալ սլավոնական բոլոր հարևանների և Հունաստանի տարածքային ամբողջականությանը։

Չարժե կասկածել, որ ալբանացի առաջնորդների նպատակը Տիրանայում, Պրիշտինայում և Տետովոյում մեծ Ալբանիայի ստեղծումն է, և դրա իրագործման հնարավորություններն օրեցօր ավելանում են։ Արժե նկատի ունենալ, որ 10-ից ավելի երեխա ունեցող ընտանիքը նորմալ երևույթ է ալբանացիների համար։ 20-րդ դարասկզբին աշխարհում ընդամենը 300.000 ալբանացի կար, հիմա 20-30 անգամ ավելին են։

Մակեդոնական պետությունն ու հասարակությունը խարխլող բոլոր խնդիրների ֆոնին Սկոպիեին ամենամեծ նվերը մատուցեց Սոֆիան՝ հրաժարվելով «Հարավային հոսքից»։ Այսպիսով, Մոսկվան որոշեց իրականացնել «Թուրքական հոսքը» Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի, Ավստրիայի և այլ տարածքներով։ Նշյալ երկրների արտգործնախարարների հանդիպումը Բուդապեշտում հաստատեց այսպես կոչված «Գազպրոմյան կոալիցիայի» ստեղծումը։ Այն երկրները, որոնք ԵՄ անդամներ են, կստանան ռուսական «հակապատժամիջոցների» թուլացում և կկարողանան խթանել առաջին հերթին գյուղատնտեսությունը, սննդի և խմիչքի արդյունաբերությունը։ Տարանցման մաքսավճարները, որոնք կվճարի «Գազպրոմը», թույլ կտան սուբսիդավորել այդ ճյուղերը եվրոպական այս ամենաաղքատ երկրներից որոշներում։ Ինչպես հայտնի է, առանց դրանց կմնա միայն Բուլղարիան։ Ապագան ցույց կտա, թե որքանով են հիմնավորված Սև ծովի ջրավազանում բուլղարա-ռումինական սահմանին գտնվող հանքավայրերից բնական գազի արդյունահանման հետ կապված հաշվարկները։ Համենայնդեպս, գազի տարանցումը և «Հարավային հոսքի» ենթակառուցվածքն արագ ոտքի կհանեին Բուլղարիայի տնտեսությունը։ Ե՛վ նախագահ Գեորգի Պրվենովը, և՛ վարչապետ Բոյկո Բորիսովը դեռ չեն կորցրել Բրյուսելից նախագծի իրագործման համաձայնությունն ստանալու հույսը։ Նոր իրավիճակում դա կարող էր լինել խողովակաշարի բաժանում երկու մասի Սև ծովի մեջտեղում. մեկը՝ դեպի Բուլղարիա, մյուսը՝ դեպի Թուրքիա։ Մինչդեռ, բուլղարական էներգետիկան նոր, խիստ անսպասելի հարված ստացավ. ամերիկյան «Վեսթինգսհաուս» ընկերությունը հրաժարվեց ֆինանսավորում տրամադրել Դանուբի բուլղարական միջուկային էներգետիկայի թարմացման և զարգացման համար...

Մի բան հստակ կարելի է ասել. եթե Բուլղարիան չհրաժարվեր, Մակեդոնիան տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն չէր ունենա։ Իսկ հիմա առանց դրա ոչ մի կերպ հնարավոր չէ. հասկանալի է, որ «Գազպրոմը» խողովակաշար չի անցկացնի ոչ Ալբանիայով, ոչ Կոսովոյով, ոչ Բոսնիա-Հերցեգովինայով։ Իսկ վերջերս նույնիսկ Չեռնոգորիան է սառեցրել հարաբերությունները Ռուսաստանի հետ և փորձում է արագ եվրաինտեգրվել։ Նկատի ունենալով, որ այնտեղ սպառնալիքի տակ է անգամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սեփականությունը, խողովակաշարի անցկացման ցանկացած փորձ կարող է ավարտվել այնպես, ինչպես «Հարավային հոսքի» պարագայում։ Բացի այդ, վերոնշյալ վերջին երկրների տարածքը լեռնային է, և էներգետիկ ենթակառուցվածքի շինարարությունը գրեթե անհնար է թվում։ Թեև «Թուրքական հոսքի» երթուղին նույնպես խնդրահարույց է՝ ահաբեկչության տեսակետից։ Հենց Թուրքիայում քրդական և ուլտրաձախ այլ ապստամբները ձեռքից բաց չեն թողնի այդքան հեշտ խոցելի թիրախը, ինչպիսին է «Թուրքական հոսքը»՝ կառավարությանը շանտաժի ենթարկելու և իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք նորագույն պատմության մեջ քանիցս ի ցույց են դրել իրենց մարտական պոտենցիալը։ Նրանց կուռքն առայսօր անցյալ հարյուրամյակի թուրք լեգենդար ուլտրաձախ պարտիզան Դենիզ Գեզմիշն է։ 20-րդ դարի 70-ական թթ. սկզբին ուլտրաձախ թուրք ահաբեկիչների երկու ջոկատ, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր չորս զինյալից, զավթեցին թուրքական երկու քաղաքացիական ինքնաթիռ և դրանցով վայրէջք կատարեցին Սոֆիայի օդանավակայանում։ Այստեղից թուրքական կառավարությանը ներկայացրին անիրականանալի պահանջներ։ Հակառակ դեպքում սպառնում էին պայթեցնել ինքնաթիռները բոլոր ուղևորներով հանդերձ։

Ի վերջո, բուլղարացի դիվանագետները և հատուկ ծառայությունները կարողացան տարհամոզել նրանց և ազատ արձակել ուղևորներին։

Թեև Աբդուլա Օջալանը բանտում է, բայց մշտապես սպառնում է թուրքական պետությանը քաղաքացիական պատերազմով և ահաբեկչական գործողություններով։ Բացի այդ, հենց Թուրքիայի եվրոպական մասում, ավելի ճիշտ՝ Ստամբուլում են ապրում ուլտրաձախ պոտենցիալ ահաբեկիչները։ Դրանք «Գաազի Օսման փաշա» թաղամասի բնակիչներն են, որոնք շիա մահմեդական են և ձախ արմատականություն են դավանում։ Նրանք էլ համալրում են ամեն տեսակ ուլտրաձախ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Դև յոլը», «Դև գենչը» և այլն։ Դրանցից ամենավտանգավորը թուրքական կոմունիստական կուսակցությունն է (մարքսիստ-լենինիստներ)։ Այն պատկանում է Միջազգային հեղափոխական շարժմանը (մաոական ինտերնացիոնալ) և իրականացնում է կազմակերպված ահաբեկչական գործողություններ հենց Թուրքիայում և վերջինի ներկայացուցչություններում ամբողջ աշխարհում։

Երկար տարիներ գրել եմ այդ կուսակցության արարքների մասին՝ նրա ակտիվիստներից անձամբ ոչ մեկին չճանաչելով։ Եվ պետք է ասեմ, որ թյուրիմացաբար սխալվել եմ նրա անդամների թվաքանակի հարցում. թվում էր, թե դա մոլեռանդ ահաբեկիչների սակավաթիվ աղանդ է։ Բայց 2008թ. հունվարի 1-ին Վիեննայում, մայիսմեկյան ցույցի ժամանակ պատահաբար հայտնվելով թուրքական կոմունիստական կուսակցության (մարքսիստ-լենինիստներ) շարքերում, հասկացա, որ թյուր պատկերացում եմ ունեցել. այնտեղ հազարավոր թուրք երիտասարդներ կային։ Նրանց մայիսմեկյան տրամադրությունը լի էր թուրքական պետության ուժային կառույցներին մինչև վերջ դիմակայելու վճռականությամբ, եթե պետք է՝ կյանքի գնով։

Հյուսիսարևելյան Հունաստանում հիմնականում ապրում են էթնիկ թուրքեր և պոմակներ (մուսուլման բուլղարներ), որոնք ձգտում են ինքնորոշման և Թուրքիայի հետ վերամիավորվելու, ինչի պատճառով ենթարկվում են բռնաճնշումների հունական կառավարության կողմից։ Եթե ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակը Հունաստանում շարունակի վատթարանալ (իսկ դա գրեթե անխուսափելի է), պատմական հակասությունների ֆոնին այնտեղ նույնպես կարող են ի հայտ գալ իսլամիստական կամ ազգայնական ուղղվածության ահաբեկչական կազմակերպություններ։ Եվ «Թուրքական հոսք» խողովակաշարը կարող է դառնալ նրանց թիրախն ու տնտեսական և քաղաքական արտոնություններ կորզելու միջոցը։

Օրերս լավ զինված 40 ալբանացի ահաբեկիչներ Կոսովոյի տարածքից թափանցել են Մակեդոնիա և իրենց հսկողության տակ վերցրել Գոշինցեի անցակետը։ Չորս սահմանապահի և մաքսավորների (բուլղարական ծագմամբ) կապոտել են ու ծեծել։ Նրանց ասել են, թե իրենց չեն հետաքրքրում խաղաղ գործընթացը և Ալի Ահմետիի ցանկությունը՝ իշխանությունը վերցնել խաղաղ ճանապարհով։ Նրանք իրենց հայտարարել են Մեծ Ալբանիայի մարտիկներ, որը ներառելու է հարևան երկրների այն ամբողջ տարածքը, որտեղ ապրում են էթնիկ ալբանացիներ։ Եվ հայտարարել են, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց նպատակն իրագործելու համար։

Հյուսիսարևմտյան Մակեդոնիայում և Հարավարևելյան Սերբիայում առայսօր գոյություն ունեն ալբանական ահաբեկչական զինված կազմավորումներ (որպես «քնած օղակներ»), ինչպիսիք են Կոսովոյի ազատագրության բանակը, Ազգային ազատագրության բանակը, Ալբանական ազգային բանակը, Պրեշևոյի, Մեդվեժայի և Բույանովացի ազատագրության բանակը։ Ի դեպ, ալբանական բնակչություն ունեցող սերբական Պրեշևո, Մեդվեժա և Բույանովաց քաղաքները գտնվում են «Թուրքական հոսքի» ճանապարհին, և եթե խողովակաշարն անցկացվի, այն հեշտ թիրախ կհանդիսանա ահաբեկիչների համար, որոնք պայքարում են Բալկանյան այն բոլոր հողերի ազատագրության համար, որտեղ ալբանական բնակչություն կա։ Գաղտնիք չէ, որ, ինչպես և բոլոր ահաբեկչական կազմակերպություններն աշխարհում, դրանք իրենց միջոցները հայթայթում են զենքի, թմրանյութերի առևտրով, պատվիրված սպանություններով և այլն։ Ալբանացիները 200 հազարանոց սփյուռք ունեն Շվեյցարիայում, որը կազմակերպում և հովանավորում է ուժային գործողությունների այդ ողջ ապօրինի գործունեությունը՝ ուղղված Բալկանյան թերակղզում իրավակարգի և պետական սահմանների խափանմանը։

Ալբանական պարտիզանական կազմավորումների մարտական գործողությունների տարածքը բաժանվում է երեք մասի.

1. Տարածք, որը պետք է նվաճել։ Այնտեղ գործում են միայն մասնագիտացված մարտական խմբեր, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության միասնական գործողություններ և հետո անցնում են թիկունք։

2. Տարածք, որտեղ վարվում են ակտիվ, լիամասշտաբ մարտական գործողություններ։ Այստեղ լայնորեն կիրառվում են ինչպես ակտիվ ահաբեկչական, այնպես էլ դասական զանգվածային ռազմական գործողություններ։

3. Տարածք, որտեղ պարտիզաններն արդեն հաստատել են իրենց տիրապետությունը և կյանքը կազմակերպել ըստ իրենց կանոնների և կարգի։ Այն սովորաբար կոչվում է «աջակցության բազա»։ Այստեղ բուժում են վիրավորներին, նախապատրաստում զինակոչիկներին, կատարվում է վերախմբավորում, ստեղծվում են պարտիզանական նոր կազմավորումներ։

Հաղթանակը նվաճված է համարվում, երբ երկրի ամբողջ տարածքը, որտեղ վարվում է պարտիզանական պատերազմը, վերածվում է աջակցության բազայի։ 1999թ. դա տեղի ունեցավ Կոսովոյում, իհարկե՝ ՆԱՏՕ ավիացիայի և հատուկ նշանակության ստորաբաժանումների օգնությամբ։ Այն ժամանակ զոհվել է ավելի քան 60 կամավորական նախկին ԽՍՀՄ երկրներից, ովքեր գործողություններին մասնակցում էին սերբական բանակի և ոստիկանության կողմից։

Մաոիստական պարտիզանները համապատասխանաբար բաժանվում էին երեք խմբի՝ ըստ առաջադրված խնդիրների և կառուցվածքի.

1. Տեղական ջոկատներ, որոնք փորձում են աչքի չընկնել խաղաղ բնակչության շրջանում և ակտիվորեն զբաղվում են գյուղատնտեսական և այլ աշխատանքներով։

2. Շրջանային ջոկատներ, որոնք զբաղվում են պարտիզանական գործունեությամբ ողջ շրջանի կամ երկրի մի մասի մասշտաբով, որի տարածքում ընթանում է պարտիզանական պատերազմը։

3. Ազգային ջոկատներ՝ կազմված պարտիզանական բանակի լավագույն մարտիկներից։ Նրանք կատարում են միայն ազգային նշանակության ռազմավարական խնդիրներ։

Դասական պարտիզանական պատերազմը կարող է տասնամյակներ տևել։ Այդպես եղավ, օրինակ, Չինաստանում և Հեռավոր Արևելքի այլ երկրներում, ինչպես նաև Պերուում, Կոլումբիայում, Թուրքիայում, Իրանում։ Նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմը շարունակվում է նաև այսօր՝ չնայած անկախ Կոսովոյի ստեղծմանը և Մակեդոնիայի Հանրապետության քաղաքական կյանքում նախկին ալբանական զինված կազմավորումների ներգրավմանը։ Սերբիայում այդ պատերազմն ընթանում է Պրեշևոյի, Մեդվեժայի և Բույանովացի շրջանում, որտեղ պարբերաբար բռնկվում և հետո մարում են ահաբեկչական գործողությունները։ Մակեդոնական Գոշինցեի անցակետի հետ կապված վերջին միջադեպը սառեցրեց լավատեսների՝ ալբանացիների և հարևան սլավոնական էթնոսների միջև հակամարտության խաղաղ լուծման եռանդը։

Այս բոլոր մարտահրավերներն են կանգնած թուրքական, հունական, մակեդոնական, սերբական ուժային պետական մարմինների առջև, որոնք պետք է ապահովեն խողովակաշարի անվտանգությունն այդքան երկար և բարդ երթուղու ամբողջ երկայնքով։ Հազիվ թե դա 100%-ով հնարավոր լինի իրականացնել. ինչպես տեսնում ենք, ահաբեկչական ակտիվությունն այդ երկրներում չի նվազում նաև այսօր։ ԵՄ անվտանգության մարմինները հազիվ թե օգնեն. նրանք դժվարանում են նույնիսկ սեփական երկրներում հաղթահարել ահաբեկչությունը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր