• am
  • ru
  • en
Версия для печати
04.11.2015

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Руский

   


Գեորգի Կոլարով

Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։

2015թ. հոկտեմբերի 25-ին Բուլղարիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընդհանուր առմամբ հաստատեցին աջ քաղաքական ուժերի առաջընթացը։ Կառավարող կոալիցիան կայուն է, ինչպես երբեք։ Նրա անդամները մնացին երկրի խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոններում։ Նախընտրական հռետորաբանությունն ուղղված էր ազգային անվտանգության ամրապնդմանը և եվրաինտեգրման զարգացմանը։ Եվ իհարկե, կարևոր էին համարվում բուլղարա-թուրքական սահմանի պահպանությունն էլ ավելի ամրացնելու միջոցները, որտեղից մինչև այսօր անխոչընդոտ գալիս էին փախստականներ Մերձավոր և Միջին Արևելքից և Աֆրիկայից։ Ողբերգական միջադեպը, երբ սահմանապահների հետ ընդհարման ժամանակ զոհվեց աֆղանստանցի վտարանդին, էլ ավելի համախմբեց երկրի հանրային կարծիքը պետական ուժային մարմինների շուրջ։ Հույս կա, որ Բուլղարիայում ապաստան գտնել ցանկացողները հետագայում կիմանան, որ երկրի տարածքային անձեռնմխելիությունը խախտելով վտանգում են իրենց կյանքը։ Եվ այսպիսով, նրանց թվաքանակը գալիք տարի և անգամ մինչև այս տարեվերջ կնվազի։ Թեև փորձագետները կարծում են, որ հազիվ թե այդպես լինի։ Այդ մարդիկ առանձնապես կորցնելու բան և հետդարձի ճանապարհ չունեն։

Ռուս-բուլղարական հարաբերություններում հերթական սառեցումն առաջին հերթին PR էֆեկտ և նախընտրական նպատակներ ուներ։ Վարչապետ, գեներալ-լեյտենանտ Բոյկո Բորիսովն ակնհայտ ազդանշան էր ստացել Վաշինգտոնից և Բրյուսելից՝ հանձինս կառավարությունում նրանց ներկայացուցիչների՝ «Բարեփոխական բլոկ. կոալիցիայի, որն այս ամռանն իրեն թույլ էր տվել բավական հեռուն գնալ Ռուսաստանի և ռուսների հասցեին արած հաճոյախոսություններում։ Եվ ընտրությունների ժամանակ նրան կարող էր սպասել մի ինչ-որ տհաճ անակնկալ։

Ուստի, ռուսական ինքնաթիռների՝ բուլղարական օդային տարածքով դեպի Սիրիա թռչելն արգելելը ներկայացում էր հիշեցնում։ Թեև բոլորին պարզ է, որ, նախ, դրանց մի մասն, այնուամենայնիվ, թռավ Բուլղարիայի վրայով, և երկրորդ՝ մյուսներն այդ նպատակի համար օգտվում էին իրանական և իրաքյան երկնքից. միջինարևելյան այս երկու երկրներն էլ ամուր և հետևողականորեն պաշտպանում են Բաշար Ասադին և հավանություն են տալիս նրան ցուցաբերվող ռուսաստանյան աջակցությանը։

Իհարկե, Մոսկվայում չեն մոռանա բուլղարական կառավարության այս ոչ բարեկամական արարքները, սակայն հազիվ թե դրանց չափից ավելի մեծ նշանակություն տան։ Որովհետև Բոյկո Բորիսովն արդեն մեկ անգամ չէ, որ հասկանալ է տվել, թե դա տեղի է ունենում իր կամքին հակառակ։ Եթե նրանից կախված լիներ, Սոֆիան բարեկամություն կաներ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։ Հիմա դա անհնար է Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Ուստի, Կիևը որևէ համակրանք չի վայելում բուլղար քաղաքական գործիչների՝ թե՛ ձախերի, թե՛ աջերի շրջանում։

Ե՛վ ձախերը, և՛ կառավարողները, և՛ ընդդիմությունը դեռևս հույս ունեն, որ «Հարավային հոսք» նախագիծը կիրագործվի։ Դրա հետ շաղկապված են բազմաթիվ լրացուցիչ նախագծեր ենթակառուցվածքի և սոցիալական ապահովման ոլորտում։ Դրա համար էլ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ գործարարները, թե՛ լրագրողները հետաքրքրությամբ են հետևում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների սառեցմանը Սիրիայում իրավիճակի պատճառով, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Աթենքի վրա գործադրվող ճնշմանը, որպեսզի այն հրաժարվի նախագծին մասնակցությունից։ Առայժմ Հունաստանից հակասական տեղեկություններ են ստացվում։ Եթե պայմանագրի խզման մասին տեղեկատվությունը հաստատվի, այդ ժամանակ «Հարավային հոսքը» նորից այլընտրանք չի ունենա։ Չպետք է մոռանալ, որ այն դադարեցվել էր նախկին վարչապետ Պլամեն Օրեշարսկու կողմից հենց ամերիկյան նման միջամտության արդյունքում։ Իհարկե, հունական քաղաքական գործիչներն արդեն մեկ անգամ չէ, որ հասցրել են դիմակայել քեռի Սեմի ճնշմանը, որովհետև կասկածից վեր է, որ արժանապատվություն և ավելի մեծ հայրենասիրություն ունեն, քան բուլղարները։ Դա այդպես է, որովհետև այնտեղ ժառանգական քաղաքական դասը երբեք չի ընդհատել իր զարգացումը։ Իսկ փորձն ու հմտությունն այս ոլորտում փոխանցվում են ավագ սերնդից կրտսերին և յուրացվում են տարիների ընթացքում։ Առայժմ Բուլղարիայում թե՛ թուրքական լծից ազատագրվելուց, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, թե՛ սոցիալիստական համակարգի անկումից հետո քաղաքականություն են մտել բազմաթիվ պատահական մարդիկ։ Մանավանդ որ նրանցից շատերն իրենց զավակների համար ընդօրինակման արժանի չեն եղել։ Արդյունքում՝ երկրում այս դասն այնքան էլ օրինակելի չէ, և դրանում հաճախ տեղ են գտնում բացահայտ քրեական տարրեր և պարզապես խուլիգաններ։

Քաղաքական գործչի ամենաբնորոշ օրինակը սոֆիացի խուլիգան, «Ատակա» կուսակցության նախագահ Վոլեն Սիդերովն է, որը հրապարակավ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը և 2015թ. ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի բլրում, Մարզահամերգային համալիրում կայացած համաժողովին։ Այս նախընտրական քարոզարշավում նա երկու անգամ իր մասին հիշեցրել է ծեծկռտուքներով. մի անգամ Սոֆիայի կենտրոնում գտնվող խանութում, երկրորդ անգամ՝ Թատրոնի բարձրագույն ինստիտուտում։ Հավանաբար, նրա քաղաքական կապիտալն արդեն լիովին սպառվել է, որ իր վարկը բարձրացնելու և նոսրացած ընտրազանգվածը համախմբելու այլ ձևեր չի գտնում։ Այն փաստը, որ ինքն ու իր կուսակցությունը պաշտոնապես ռուսամետ և հայամետ դիրքորոշում ունեն և ամեն առիթով բարձրաձայն գովերգում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարկաբեկում է բուլղարացի իսկական հայրենասերների համակրանքը հայերի և ռուսների հանդեպ և դեռևս ընդհանուր թշնամու՝ Օսմանյան կայսրության դեմ պայքարի ժամանակների մարտական համերաշխությունը։ «Ատակա» կուսակցությունը փորձում է սեփականել Մոսկվայի և Երևանի հետ բարեկամությունը, իսկ գործնականում վարկաբեկում է այն։

2014թ. սկզբին Վոլեն Սիդերովը վիրավորեց ֆրանսիական մշակութային կցորդ Ստեֆանի դը Մորթիեին Սոֆիա-Վառնա ինքնաթիռում, իսկ հետո, արդեն Վառնայի օդանավակայանում, կռվեց վրա հասած ոստիկանի հետ։ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» (ԲՓԱՃ) կուսակցության նախագահ, СКАТ հեռուստատեսության սեփականատեր, Սիդերովի նախկին զինակից Վալերի Սիմեոնովն ասել է. «Վոլեն Սիդերովին չի բավականացնում երկրորդ 7 տարին»։ Կուզենայի պաշտոնապես հայտարարել, որ Վալերի Սիմեոնովը, նրա տեղակալ Բորիս Յաչևը, Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպության (ՄՆՀԿ, ԲՓԱՃ-ի կոալիցիոն գործընկերն է) և Բուլղարիայի խորհրդարանի փոխնախագահ Կրասիմիր Կարակաչանովը, նրա տեղակալ Իսկրեն Վեսելինովը պատրաստվում են Երևան գալ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։ Տողերիս հեղինակը պարտավորվում է կազմակերպել մամուլի ասուլիս կամ նույնիսկ բանավեճ՝ պարզելու համար, թե ինչու բուլղարական մյուս հայրենասիրական և Հայաստանի հանդեպ բարեկամական կուսակցությունները չեն ուզում գործ ունենալ «Ատակա»-ի հետ։

Համենայնդեպս, այն հազիվ թե նորից հայտնվի իշխող կոալիցիայում։ Եվ չի կարողանա ղեկավար դիրքեր զբաղեցնել երկրի խոշոր քաղաքների քաղաքապետարաններում։ Ուստի, «Հարավային հոսք» նախագծի վերսկսումը կախված չէ նրանից։ Դրա իրագործումն այսօր գտնվում է Մոսկվայում, Սոֆիայում և Բրյուսելում նստած ղեկավարների ձեռքերում։ Հարցն այն է, թե որքանով Բրյուսելում կկարողանան ազատվել Վաշինգտոնի «հոգածությունից» (Սոֆիայում արդեն ապացուցել են, որ չեն կարող)։ Այս առիթով Բոյկո Բորիսովն ամռանը մի քանի անգամ կրկնել է, թե հույս ունի, որ «մեծ պետերը կպայմանավորվեն միմյանց միջև»՝ նկատի ունենալով Պուտինին և արևմտյան առաջնորդներին։ Ի դեպ, և՛ նա, և՛ նրա տեղակալ Ռումյանա Բչվարովան, և՛ կառավարության մյուս ներկայացուցիչները քանիցս կրկնել են, որ իրենցից ոչ ոք ռուսական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել նախագծի դադարեցման մասին։ Եվ հույս են հայտնել, որ այն ի վերջո կիրագործվի, իհարկե՝ ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթին համապատասխան։ Դա, իհարկե, այնքան էլ շահավետ չէ Ռուսաստանի համար, բայց ԵՄ-ին Բուլղարիայի անդամության ֆոնին դա շրջանցել չի կարելի։ Հարկավոր է հասնել փոխզիջման, որպեսզի հնարավոր լինի իրագործել պայմանագիրը և նոր մակարդակի բարձրացնել Հարավարևելյան Եվրոպայի ենթակառուցվածքը։ Բոլոր երկրները (Սերբիա, Հունգարիա, Ավստրիա, Իտալիա), որոնք հույս ունեն այդպիսով ստանալ ռուսական գազ, նպատակ ունեն նոր, ավելի արդիական մակարդակի բարձրացնել էներգետիկ ենթակառուցվածքը։ Ինչպես տողերիս հեղինակին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ Հասան Ուսմանովը, «Ռուսաստանը կարող է առանց «Հարավային հոսքի», բայց Բուլղարիան և Հարավարևելյան Եվրոպայի մյուս երկրները՝ ո՛չ»։ Հույսը դնել ադրբեջանական կամ թուրքմենական գազի վրա՝ այնքան էլ լուրջ չէ. առաջիկայում այս երկու հետխորհրդային մուսուլմանական հանրապետությունները կարող են իրապես դառնալ «անկայունության գծի» մի մասը, որի մեջ մտնում է գրեթե ամբողջ իսլամական աշխարհը։

Բացի այդ, կասկած չկա, որ առայժմ դանդաղ ընթացող Ղարաբաղյան հակամարտության ինտենսիվացման պարագայում հայկական բանակը կկարողանա հաշված ժամերի ընթացքում ոչնչացնել ինչպես խողովակաշարերի ադրբեջանական ցանցը, այնպես էլ «Շահ Դենիզ» «Քյափազ» (Սերդար) հանքավայրերը Կասպից ծովում։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին կամ Կատարին, այնտեղ իրավիճակը նույնպես լի է ներքին անկայունությամբ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ձեռք բերած զենքի մի մասը չի կարող պիտանի լինել հայկական երկու բանակների դեմ։ Բայց Իսրայելի հետ Իլհամ Ալիևի ռեժիմի մերձավոր հարաբերությունները կարող են դրդել նրան իր զինվորներին ուղարկել ոչ թե արևմուտք, այլ հարավ՝ դրանք վերածելով թնդանոթի մսի։ Այսպիսով, նա անգնահատելի ծառայություն կմատուցի թե՛ Թել Ավիվին, թե՛ Վաշինգտոնին։ Նա, իհարկե, չի կարողանա «ազատագրել» էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված իրանական երկու նահանգները, բայց երկու երկրներում էլ խողովակաշարերը հաստատ կտուժեն։ Իսկ Կատարն արդեն քանիցս լուրջ նախազգուշացումներ է ստացել ռուսական կողմից՝ չմիջամտել Սիրիայի գործերին։ Եվ եթե շեյխ Ալ Թանին, այնուամենայնիվ, որոշի փորձել նախագահ Պուտինի համբերությունը, Դոհան ընդմիշտ դուրս կհանվի նավթագազային խաղից։

Դա նորություն չի լինի։ Ռուսաստանյան աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը Վոլգոգրադի ահաբեկչական գործողություններից հետո հրապարակավ առաջարկել էր պատժել իսլամական ահաբեկչությունը հովանավորող երկրներին, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիային և Կատարին։ Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք եկել է գործի անցնելու պահը։

Խոսելով Թուրքիայի մասին՝ նշենք, որ քրդերը շարունակելու են ռմբակոծել և պայթեցնել խողովակաշարերը՝ որպես թուրքական պետության դեմ պարտիզանական պատերազմի ռազմավարության տարր։ Տեսանելի ապագայում չի կարող հաշտեցում լինել թուրքական պետության և քրդերի միջև, որովհետև գործերն անշեղորեն ընթանում են մեկ կամ ավելի քրդական պետությունների ստեղծման ուղղությամբ։ Իսկ Անկարան երբեք չի կարողանա ընդունել անկախ Քուրդիստանի գոյությունը, քանի որ մինչև այժմ չի ընդունում, օրինակ, անկախ Բուլղարիայի գոյությունը։ Այս առնչությամբ արժե հիշատակել, որ իրեն չնշած թուրք դիվանագետը, վերջերս շրջելով Կրջալի քաղաքում և մերձակա գյուղերում (որտեղ հոծ թուրքական բնակչություն կա), հավաստիացրել է բնակիչներին, որ շատ շուտով Թուրքիան իրեն կվերադարձնի այս հողերը։ Նա, ամենայն հավանականությամբ, կարտաքսվի երկրից, թեև պետք է ասել, որ նրա վարքագիծը հարուցել է հայրենասիրական և ռուսամետ (և իհարկե, հայամետ) տրամադրությունների պոռթկում Բուլղարիայում։

Այնպես որ, Եվրոպայի համար ռուսական գազն այլընտրանք չունի։ Դա արդեն հասկացել են Գերմանիայում։ Ուստի, արդեն խոսակցություններ են ընթանում նոր խողովակաշարի մասին, որի կառուցման համար կբերվեն բուլղարական նավահանգիստներում գտնվող խողովակները։ Դա ողբերգություն կլինի բուլղարական տնտեսության համար, որը զրոյի կհավասարեցնի ֆինանսական և լոգիստիկ այն օգնությունը, որն ստացվում է ԵՄ-ից և սփյուռքից։

Ըստ էության, նախագծի դադարեցումն արդեն ողբերգության է վերածվել ռուսամետ կողմնորոշում ունեցող բուլղար շատ գործարարների համար, որոնք ժամանակին հող են գնել խողովակաշարի երկայնքով՝ հուսալով այն ավելի թանկ վաճառել։ Այս ընդհանուր անհաջողությունը նրանց մի մասին դրդել է մտնել քաղաքականություն տեղական և անգամ ազգային մակարդակով՝ «Հարավային հոսքի» ճակատագրի վրա ազդելու հնարավորություն ունենալու համար։ Կոնկրետ ծովային մայրաքաղաք Վառնայում և Վառնայի մարզում նման մարդիկ քիչ չեն։ Այս վերջին մունիցիպալ ընտրությունների ժամանակ նրանք ամրացրին իրենց դիրքերը տեղական իշխանությունում։ Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն, որ և՛ երկարամյա նախկին քաղաքապետ Կիրիլ Յորդանովը, և՛ նրան փոխարինած երիտասարդ Իվան Պորտնիխը Մոսկվայի և մասնավորապես՝ «Գազպրոմի» լոբբիստներն են։ Կիրիլ Յորդանովն ամուսնացած է մոսկվացի հաջողակ բիզնես-լեդի Ելենա Վալեևայի հետ, իսկ Իվան Պորտնիխի հայրը խորհրդային ռազմածովային սպա է։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը բարեկամական հարաբերություններ ունեն Բոյկո Բորիսովի հետ, իսկ մյուս կողմից՝ հսկայական ազդեցություն ունեն Մոսկվայի որոշակի բիզնես շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու Վառնա քաղաքի ռուսախոս մյուս բնակիչների շրջանում։ Նրանք երկուսն էլ շահագրգռված են «Հարավային հոսքի» իրագործմամբ և հին նախագծի վերածնունդը երաշխավորողներ են հանդիսանում։

Վառնայում Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ, հիմնական ընդդիմադիր ուժն է) հարաբերական հաջողությունը կապված էր դեպի նրա կողմը վառնացի ամենահայտնի հայերից մեկի ներգրավման հետ, որը դարձավ խորհրդական համայնքում։ Խոշոր տրանսպորտային ընկերության սեփականատեր և Բուլղարիայի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախագահ Անդրանիկ Շաքարյանը կարողացավ ապահովել հայկական համայնքի ձայները։ Դժվար չէ կռահել, որ նա նույնպես գերադասում է «Հարավային», այլ ոչ թե «Թուրքական հոսքի» կառուցումը։ Եվ աշխատելու է այս ուղղությամբ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր