• am
  • ru
  • en
Версия для печати
24.01.2017

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

Руский

   

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր Բուլղարական սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) առաջադրած զույգը՝ գեներալ-մայոր, երկրի ՌՕՈւ նախկին հրամանատար Ռումեն Ռադևը և եվրապատգամավոր, լրագրող Իլիանա Յոտովան։ Երկրորդ փուլում նրանք մոտ 59% ձայն հավաքեցին։

Հետաքրքրական է, որ ընտրություններում սոցիալ-դասային տարբերությունները ոչ մի դեր չխաղացին։ Խոսքն առաջին հերթին այն մասին էր, թե հետագայում ում հետ է ընթանալու Բուլղարիան՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի։ ԵՄ ամենաաղքատ երկրի բուլղարական, ուղղափառ ծագմամբ քաղաքացիները բաժանվում են ռուսամետների, եվրոպամետների կամ ամերիկամետների։ (Մուսուլմանական փոքրամասնությունները հիմնականում կողմնորոշված են դեպի Թուրքիա։ Բուլղարախոս մուսուլմանները իսլամական ֆունդամենտալիզմի ոգով հոգեբանական մշակման են ենթարկվում արաբական երկրների միսիոներների կողմից։ Սակավաթիվ շիա ալիանները հայացքը հառել են Իրանի կողմը)։ Սոցիալական ոչ մի շերտ անտարբեր չէ հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշման հանդեպ։

Նախագահի հիմնական թեկնածուները հիմնականում միանման սոցիալ-տնտեսական ծրագրեր էին ներկայացրել։ Ձայների զգալի քանակություն հավաքած թեկնածուների մեջ չկային արմատականներ սոցիալ-տնտեսական և ֆինանսական ոլորտներում, ոչ ձախերի, ոչ աջերի մեջ։ «Ձախ» և «աջ» հասկացությունները գրեթե լիովին կորցրել են իրենց բովանդակությունը երկրում նախկին կուսակցական չինովնիկների՝ խոշոր կապիտալիստների վերածվելու ֆոնին։ Թոդոր Ժիվկովի պաշտոնանկությունից հետո կուսակցական փողերի վերաբաշխումը ոչնչացրեց սոցիալիստական իդեալների մնացուկները։ Կոմունիստների թիվն արագ նվազում է կենսաբանական պատճառներով։ Երիտասարդության շրջանում դժվար է իսկական ձախեր գտնել։ Երիտասարդ ձախեր չես համարի ԲՍԿ և «Բուլղարական վերածննդի այլընտրանք»-ի (ԲՎԱ) ձախ ակտիվիստներին, որի ղեկավար կազմից հունվարի 15-ին հեռանալու են նախկին նախագահ Գեորգի Պիրվենովը (2002-2012թթ.) և նախկին փոխվարչապետեր Իվայլո Կալֆինն ու Ռումեն Պետկովը։ Արդեն հայտնի է, որ ԲՎԱ նախագահի և փոխնախագահի նրանց տեղերը զբաղեցնելու են երիտասարդ, եռանդուն ակտիվիստներ։ Դժվար է համաձայնել, թե նրանք «ձախեր» են. նրանք հիմնականում արդյունավետ մենեջերներ են բիզնես-հաղորդակցությունների ոլորտում, որը ձախ հայացքներ չի նախատեսում։

Եթե Ռումեն Ռադևը և Իլիանա Յոտովան արդեն հաղթել են, կարելի է սպասել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման փորձերի, ինչպես նաև նոր խոսակցությունների «Հարավային հոսք» նախագծի վերսկսման մասին (թեև Դ.Պեսկովը մամուլի ասուլիսում հատուկ հայտարարեց, որ դրա հնարավորությունը նվազագույն է)։ Դա, իհարկե, դուր չի գա բրյուսելյան եվրաբյուրոկրատներին և վաշինգտոնյան քաղաքական «հրահանգիչներին»։ Դրա փոխարեն մոսկովյան ԶԼՄ-ում վերջին շաբաթներին նկատելի է խանդավառությունը Բուլղարիայի հնարավոր վերակողմնորոշման առումով։ Սրա հետ կապված՝ Իվայլո Կալֆինը (նախագահի թեկնածուներից մեկը) հրապարակավ հարց է ուղղել Ռումեն Ռադևին, թե ինչու նա չի արձագանքում այդ տեղեկություններին և Ռուսաստանում առկա այդ մտայնություններին։ Կալֆինը 4%-ից քիչ ձայն էր հավաքել ընտրությունների առաջին փուլում, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի նա դուրս գա քաղաքականությունից (ոչ միայն նա, այլև նրա կուսակիցներ Գեորգի Պիրվանովն ու Ռումեն Պետկովը)։ ԲՍԿ, ԲՎԱ և բուլղարական պետության նախկին առաջնորդները որոշել են իրենց տեղը զիջել երիտասարդ կուսակցական կադրերին։

Պետք է նկատի ունենալ, որ ժամանակին Ռումինիան և Բուլղարիան ԵՄ և ՆԱՏՕ ընդունվեցին բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով։ Նրանց հետամնաց տնտեսությունը, ավերված ենթակառուցվածքը, քաղաքացիների աշխատանքային սովորությունները հեռու էին եվրատլանտյան ընկերակցության չափորոշիչներից։ Երկու երկրներն էլ Եվրոպայից և ԱՄՆ-ից դոտացիաներ են ստանում։ Այդպես կլինի նաև Ռադևի և Յոտովայի հաղթանակից հետո։

Այս առիթով հայտնի սերբ քաղաքագետ Վիոլետա Տալովիչը Միջազգային հետազոտությունների ռուսաստանյան ասոցիացիայի 10-րդ համաժողովում ընդհանրացում է արել՝ ասելով, որ «մեր ընտրանու մի մասը դեռևս հավատում է, որ մենք կարող ենք ապրել ինչպես Արևմուտքում», նկատի ունենալով ոչ միայն Սերբիան, այլև ամբողջ Բալկանները։ Սլավոնական-ուղղափառ քաղաքակրթությունում ներառված լինելով՝ նրանց ճանապարհը դեպի Եվրոպա միշտ միակցվելու է բյուզանդականության և ռուսաֆիլության ավանդույթի հետ։

Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը ստիպել է հեռացող իշխանություններին, կոնկրետ՝ հրաժարական տված վարչապետ Բոյկո Բորիսովին, անսալ ռուսամետ քաղաքական գործիչների և որ գլխավորն է՝ հանրային կարծիքին։ Գաղտնիք չէ, որ Բուլղարիայի քաղաքացիների ավելի քան երկու երրորդը համակրում է ռուսներին և հանդես է գալիս բոլոր հնարավոր ուղղություններով հարաբերությունների զարգացման օգտին։ Այս մասին լավ գիտեն թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում։ Հետխորհրդային տարածքից դուրս եվրոպական որևէ այլ վայրում ռուսալեզու այդքան բնակչություն չկա, որքան այստեղ։ Այն ավելանում է ի հաշիվ երկրում անշարժ գույք գնող ռուսների։ Եթե լեզվական խոչընդոտ չկա, գնորդներն իրենց հարմարավետ են զգում բնակության նոր երկրում։ Բացի նրանցից, Բուլղարիայում ապրում են նաև հնադավանների, սպիտակ էմիգրանտների հետնորդները, զինված հակամարտությունների շրջանում նախկին խորհրդային հանրապետություններից տեղափոխվածներ, որոնց թվում շատ են հայերը։

ԲՍԿ կուսակցական բարձրագույն խորհրդի վերջին լիագումար նիստում (մինչև ընտրությունները) նոր նախագահ, գեներալ-մայոր Ռումեն Ռադևը կարողացավ հաղթահարել ներկուսակցական ընդդիմախոսների և անկախ ձախ մտավորականության դիմակայությունը։ Նրա անկախ քաղաքացիական դիրքորոշումը, բարձր պաշտոնը և բարձր աշխատավարձը կորցնելու ռիսկին դիմելու պատրաստականությունը գրավում են կուսակցության անդամներին և կողմնակիցներին։ Բայց բուլղար սոցիալիստները՝ նախկին կոմունիստները, առանց այդ էլ քվեարկել էին նրա օգտին։ Նրանք վարժվել են չքննարկել կուսակցական ղեկավարության որոշումները։ ԲՍԿ-ն պառակտող ներքին կոնֆլիկտները կուսակցական ղեկավարությունում վաղուց ձանձրացրել են նրանց, ովքեր անկեղծորեն հավատում էին կոմունիզմին։ Եվ նրանք հետզհետե անցնում են ընդդիմադիր այլ դիրքերի և պաշտպանում այլ կուսակցությունների։

Գեներալ-մայոր Ռումեն Ռադևը չկարողացավ, սակայն, հաշտեցնել ներկայիս անհաշտ կուսակցական առաջնորդներին նախկինների հետ, որոնք հիմնել էին նշանակությամբ երկրորդ ձախ կուսակցությունը երկրում՝ Բուլղարական վերածննդի այլընտրանքը։ Արդյունքում՝ գեներալ-մայորն առաջին փուլում զրկվեց ընտրողների առնվազն 4%-ի աջակցությունից, որոնք ստացավ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու, եվրապատգամավոր Իվայլո Կալֆինը։ Նա և նախագահի մեկ այլ թեկնածու՝ լրագրող, դիվանագետ, հետախուզության գնդապետ Վելիզար Ենչեևը այն ձախ թեկնածուներն էին, ովքեր չէին ստում իրենց խոստումների հարցում։ Ուստի այդքան քիչ ձայներ ստացան. ձախ ընտրողները Բուլղարիայում բավական միամիտ են։ Եվ այնուամենայնիվ, գլխավորն այն է, որ Ռումեն Ռադևն այնուամենայնիվ համոզիչ հաղթանակ տարավ։

Ռադևին կասկածում են ռուսամետ կողմնորոշման և «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Ռոսատոմի» հետ ունեցած կապերի մեջ։ Նա կյանքի մեծ մասն անցկացրել է բուլղարական բանակում։ Վերլուծաբանները ենթադրում են, որ պրոֆեսիոնալ զինվորականը (Բուլղարիայի ՌՕՈւ լավագույն օդաչուներից մեկն է) կկարողանա հանրապետությունը շրջել դեպի Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական և առաջին հերթին՝ էներգետիկ համագործակցության պահպանման և զարգացման հուն։ Թեև մինչև Թ.Ժիվկովի պաշտոնանկությունը՝ 10.11.1989թ., նա կուսակցական պաշտոններ զինված ուժերում չի զբաղեցրել և խորհրդային ռազմաուսումնական հաստատություն չի ավարտել։

Նախագահի և փոխնախագահի պահպանողական աջ թեկնածուները, որոնք, հասկանալի է, եվրոպամետ և ամերիկամետ են, ընտրություններից հետո չեն խորշում դատապարտել բուլղար ժողովրդին և Մոսկվային մեղադրել «հիբրիդ պատերազմ» վարելու մեջ։ Բուլղարիայում արդեն քչերն են ուշադրություն դարձնում նրանց վրա։ Բայց ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում նրանք լուրջ մոբիլիզացիոն պոտենցիալ ունեն. բուլղար շատ երիտասարդներ ապրում են Արևմուտքում։

Իշխող՝ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔՀԲԵԶ) կուսակցությունում նույնպես, կրած պարտությամբ պայմանավորված, ներքին խմորումներ են սկսվել, որոնք հանգեցրել են որոշ կարևոր պաշտոններից հրաժարականների։ Վարչապետ, գեներալ-լեյտենանտ Բոյկո Բորիսովը՝ կուսակցության խորհրդանիշը, առանց որի անհնար է անգամ պատկերացնել այդ կուսակցությունը, պահեց խոսքը և հրաժարական տվեց անմիջապես երկրորդ փուլից հետո։ Նրա կառավարությունն առայժմ կատարում է իր գործառույթները։ 2017թ. հունվարի 20-ից հետո (այդ օրը նոր նախագահ Ռումեն Ռադևը կստանձնի պաշտոնը) սպասվում է ծառայողական կառավարության ձևավորում, իսկ գարնանը՝ խորհրդարանական ընտրություններ (չորրորդը վեց տարում)։ Դրանց անցկացման հավանական օրը 2017թ. ապրիլի 2-ն է։

Քվեարկության ելքը վճռեցին նացիոնալ-հայրենասիրական կուսակցությունների ընտրողները։ Դրանցից երկուսը՝ Ներքին Մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը (ՆՄՀԿ) և Բուլղարիայի փրկության ազգային ճակատը (ԲՓԱՃ) 2014թ. աշնանից կոալիցիոն ձևաչափով ներկա են խորհրդարանում։ Նրանց Հայրենասիրական միությունը (ՀՄ) թվաքանակով հինգերորդն է խորհրդարանում։ Ցայժմ աջակցում էին կառավարությանը։ Նախագահական ընտրություններում ընդհանուր հաղթանակի համար նրանց միացավ ծայրահեղ ազգայնական և ռուսամետ «Ատակա» կուսակցությունը (Վաշինգտոնի և Բրյուսելի լոբբիստներն այն անվանում են «Ռուս նացիոնալիստների կուսակցություն»)։ Արդեն հասկանալի է, որ ՀՄ ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը՝ սփյուռքի նախարար, ՆՄՀԿ ակտիվիստ Բորիս Վանգելովը կմասնակցի նաև ծառայողական կաբինետի աշխատանքներին։ Հայտնի է նաև, որ եռակուսակցական կոալիցիան կպահպանվի մինչև գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններ։ Համենայնդեպս, այդպես են հայտարարում դրանց երեք ղեկավարները (թեև նրանք անձնական, այլ ոչ թե գաղափարական բազմաթիվ տարաձայնություններ ունեն միմյանց հետ)... Հայ ընթերցողները կարող են, սակայն, համոզված լինել, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ պատերազմի, Երևանի ու Ստեփանակերտի և Սոֆիայի ու Սկոպիեի միջև հարաբերությունների հարցերում նրանք միակարծիք են։

Նացիոնալ-հայրենասերներն օգտվեցին առաջին փուլում ունեցած իրենց բարձր արդյունքից (15%) և նախաձեռնեցին Բուլղարիայի տարածքում միգրանտներին բնակեցնելու լիակատար արգելքի մասին օրենքի ընդունումը (ընդունվելու հավանականությունը բավական մեծ է. բուլղարական այն կուսակցությունը, որը դրան չի աջակցի, կկորցնի իր անդամների և կողմնակիցների մեծամասնության վստահությունը։) Ներգաղթողների հոսքը գործնականում կանխորոշեց ընտրությունների ելքը։ Ռադևը և Յոտովան կողմնակից չեն փախստականներին ընդունելուն։ Այս առումով Ռադևի հռետորաբանությունը հիշեցնում է Թրամփին։ Ուստի, երկրորդ փուլում ստացավ նացիոնալ-հայրենասերների ձայները։ Էթնիկ բուլղարները համակարծիք են Մերձավոր և Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմաններին Բուլղարիայում բնակեցնելը մերժելու հարցում։ Երկրում արդեն հաստատվել է ավելի քան 7000 ներգաղթյալ, նրանց ներկայացուցիչների կողմից իրականացված սպանությունները, բռնաբարությունները, գողություններն ու խուլիգանությունները համախմբում են բուլղարներին։ Ամեն օր ցույցեր են տեղի ունենում ներգաղթի դեմ։ Նրանց դեմ անաղմուկ ժողովրդական աշխարհազոր է ստեղծվում, որոնցում հիմնականում ներգրավվում են նախկին ուժայինները, ինչպես նաև երիտասարդները։ Նրանք բոլորը նախկին մարզիկներ են և թեթև զինատեսակների ու սառը զենքի հետ վարվելու մեծ փորձ ունեն։ Նրանք բռնում են անլեգալ ներգաղթյալներին և վերադարձնում թուրքական կողմ՝ երբեմն պարզապես բռնի նետելով սահմանից այն կողմ։ Այսպիսով նրանք հրահրում են թուրք սահմանապահներին՝ դիմելու պատասխան գործողությունների, ինչը ցանկացած պահի կարող է վերաճել ծանր միջադեպի՝ երկկողմ հարաբերությունների համար լուրջ հետևանքներով։ Այս առումով երկիրն ընթանում է դեպի Վիշեգրադյան քառյակի կողմը։ Վիկտոր Օրբանի, Միլոշ Զեմանի, Ռոբերտ Ֆիցոյի հետ Բոյկո Բորիսովի բարեկամական հարաբերություններն արագացրել են նրանց մերձեցումը։ Ենթադրվում է, որ Ռումեն Ռադևը նույնպես կկարողանա ընդհանուր լեզու գտնել վերոնշյալ բարձրաստիճան անձանց հետ։ Սակայն կա մի բացառություն. ով էլ որ նախագահ կամ վարչապետ լինի Վարշավայում, ուրախ չի լինի, որ շուտով չեղարկվելու է լեհական ռազմական գործարաններում բուլղարական ՄԻԳ-երի վերանորոգման մասին պայմանագիրը։ Նորոգումն, այնուամենայնիվ, իրականացնելու է ռուսաստանյան արտադրող կոնցեռնը։ Իսկ լեհերը հսկայական փողեր կկորցնեն։ Բայց գեներալ-մայոր Ռ.Ռադևը բուլղարների մեծամասնության համակրանքը շահել է հենց շնորհիվ իր վճռականության ՄԻԳ-երի նորոգման հարցում. ՌՕՈւ նախկին հրամանատարն առաջին անգամ հրաժարական տվել է հենց այդ առիթով։ Այն ժամանակ հրաժարականը չընդունվեց։ Երկրորդ անգամ հրաժարական տվեց օտար ինքնաթիռներով (ՆԱՏՕ այլ պետությունների օդաչուների կողմից) բուլղարական երկնքի պաշտպանության հեռանկարի առիթով։

Ռ.Ռադևի հաղթանակով է նաև պայմանավորված այն, որ գլխավոր դատախազությունը երեք գործ է հարուցել հեռացող կառավարության պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևի դեմ. լեհական ռազմական նախարարության հետ անիրավաչափ պայմանագրի, «ՄԻԳ» կոնցեռնի հետ պայմանագիրը փակելու և չարաշահումների համար։ Մեծ է հավանականությունը, որ նա կբանտարկվի երկար ժամանակով։ Պատասխանատվության կկանչվի նաև լեհական կողմը։ Առայժմ դժվար է կռահել, թե այդ գործընթացն ինչպես կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ Համենայնդեպս, Վարշավայի և Սոֆիայի միջև հարաբերությունների սառեցումից հազիվ թե հնարավոր լինի խուսափել։

Բուլղարիայի անցումային շրջանի ամենահաջողակ քաղաքական գործիչը՝ 10 տարի շարունակ (2002-2012թթ.) Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պիրվանովը, ընտրությունների արդյունքները որակել է որպես «պայմանավորված խաղ»։ Այն իմաստով, որ Բոյկո Բորիսովն ինքն էր ուզում նախագահի պաշտոնը զիջել ընդդիմությանը և դրա համար առաջադրեց նախապես չընտրվող թեկնածուի։ Այս առիթով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի բալկանագետ ուսանողները (որոնց տողերիս հեղինակը դասախոսություններ է կարդում Բուլղարիայի արդի քաղաքական պատմության մասին) պարապմունքներից մեկի ժամանակ հարցրին. կարո՞ղ է արդյոք Ժերար Դեպարդիեին հիշեցնող այդ կինը դառնալ հանրապետության նախագահ, անգամ եթե նրան առաջադրել է ինքը՝ Բոյկո Բորիսովը։ Պարզվեց, որ ոչ։ Հրաժարական տված վարչապետը գործնականում հաստատեց նախագահ Պիրվանովի խոսքերը՝ վերաձևակերպելով քրիստոնեական իմաստությունը. «Մի ցանկացիր մերձավորիդ կնոջը, քանզի նա կարող է իրականում քոնը դառնալ։ Գեներալ Ռադևն ինքն ուզեց նախագահ դառնալ, և Աստված նրան հաղթանակ շնորհեց։ Տեսնենք, թե ինչպես է հիմա բարձրացնելու թոշակները, պատ կառուցելու թուրքական սահմանին և մեկնելու Ղրիմ»։

Ղրիմի հետ կապված՝ գեներալ-մայոր Ռադևն արդեն պատասխանել է գեներալ-լեյտենանտ Բորիսովին. «Ի՞նչ դրոշ է ծածանվում Ղրիմի վրա։ Ուկրաինակա՞ն, թե՞ ռուսական»։ Թեև նա հիշատակել է, որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի Դաշնությանը «միջազգային իրավունքի խախտում է», բայց հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենի խոսքերը, թե՝ «Ղրիմը միշտ ռուսական է եղել», ու կոչ է արել ապագայում ղեկավարվել այդ իրողությամբ։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն վաղ թե ուշ պետք է հասկանան, որ Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է հանդիսանում և առանց նրա չի կարելի լուծել ռազմավարական ոչ մի խնդիր։ Ռումեն Ռադևը հարցրել է դեռևս արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող և մոլի ռուսատյաց Դանիել Միտովին. «Ո՞ր դեսպանատուն կգնա Դանիել Միտովը վիզայի համար, եթե պատրաստվի մեկնել Ղրիմ։ Ուկրաինակա՞ն, թե՞ ռուսական»։ Սա թափանցիկ ակնարկ էր, որ պաշտոնին անցնելուց հետո Միտովին հանելու է ոչ միայն պաշտոնից, այլև ԱԳՆ-ից ու վերցնելու է նրա դիվանագիտական անձնագիրը։

Խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս ի ցույց կդնեն նոր միտումները բուլղարական ներքին և արտաքին քաղաքականությունում։ Նախաամանորյա սոցիոլոգիական հետազոտություները հետևյալ արդյունքներն են ներկայացնում. ընտրողների ավելի քան 20%-ը այդ օրը կքվեարկի ՔՀԲԵԶ-ի օգտին, մոտ 18%-ը՝ ԲՍԿ-ի, մոտ 10%-ը՝ ՀՄ-ի, մոտ 6%-ը՝ Իրավունքների և ազատությունների շարժման (բուլղարացի թուրքերի և այլ մուսուլմանների կուսակցությունն է), մոտ 5%-ը՝ զիլ տղայի համբավ ունեցող գործարար Վեսելին Մարեշկոյի և մոտ 3,3%-ը՝ աջ պահպանողական ռուսատյաց Ռեֆորմատորական դաշինքի (կազմվել է Բրյուսելից և Վաշինգտոնից ստացվող դոտացիաներով սնվող կուսակցություններից)։

Իրավիճակը Բուլղարիայում բավական դինամիկ է զարգանում։ Ընտրություններից հետո առաջին ամիսները կարևոր կլինեն երկրի զարգացման համար։ Բայց շրջադարձը դեպի Ռուսաստան արդեն իրողություն է, որը ներգրվում է ընդհանուր միտման մեջ. թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Նիկարագուայում, թե՛ Մոլդովայում, թե՛ Բուլղարիայում հաղթանակ են տարել Վ.Պուտինի նախագահական թեկնածուները, որքան էլ որ նա ինքը և նրա խոսնակը փորձեն ժխտել դա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր