• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2015

«ԵՐԲ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԵՐԱԿԱՅՈՂ, ՄԻՇՏ ՉԱՐԻՔ Է ԲԵՐՈՒՄ»

   


«Հայաստանում բացահայտվել է ահաբեկչական խմբավորում: Ճիշտ է՝ դեռ չեն ասել՝ ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունեին, բայց խումբ է ձերբակալվել: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդգրկված լինի համաշխարհային ահաբեկչական ցանցում ու ահաբեկչության թիրախ դառնա»՝ հարցրի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

-Այսօր ահաբեկչությունից ոչ մի երկիր ապահովագրված չէ, Հայաստանը նույնպես կարող է ահաբեկչության թիրախ դառնալ: Դա վերաբերում է նաև իսլամական ծայրահեղականներին, ժամանակին Հայաստանից հեռացել են բավականին թվով ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանը համարվում է ահաբեկչության հիմնական մատակարարներից մեկը ԱՊՀ-ում: Նրանք հնարավոր է, որ օգտագործեն իրենց հնարավորությունները: Բացի դրանից՝ այսօր ահաբեկչությունը սնվում է ոչ միայն կազմակերպված ծայրահեղականությունից, այլ նաև գլոբալ խնդիրներից: Էապես իջնում են արժեքային համակարգի պահանջները, ամեն տեղ բարոյալքում է, հիասթափություն, որ ահաբեկչության սնման աղբյուրներից մեկն է: Զարմանալի չէ, որ ահաբեկչությունը նման ժողովրդականություն է ստացել և նրանք ամենուր են: Աֆրիկայում այսօր քառասուն միլիոն մարդ պատրաստ է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տալու: Սա սարսափելի թիվ է:

-Մարդիկ չունեն աշխատանք, զբաղմունք, հոգևոր դատարկությո՞ւնն է մղում դեպի հանցագործություն, թե՞ կա ինչ-որ միավորող գաղափարախոսություն, որ մենք դեռ չենք ընկալում:

-Ես չեմ կարծում, որ կա գաղափարախոսություն: Դատարկությունն ունի իր դերը: Իզուր չէ, որ Մերձավոր Արևելքում տիրող քաոսի պատճառը դարձավ այն, որ սոցիալապես կայացած մի քանի պետություններ՝ Լիբիան, Իրաքը, Սիրիան, փորձեցին կազմալուծել՝ ժողովրդավարական կարգախոսներով: Դա շատ է հիշեցնում Կոմինտերնի գործունեությունը, որ նպատակ ուներ ամբողջ աշխարհը դարձնել բոլշևիկյան: Երբ մի գաղափարախոսություն դառնում է գերակայող, միշտ չարիք է բերում: Հետաքրքիր է Չինաստանի փորձը, նրանք կարողացել են ներդաշնակել սոցիալիստական գաղափարները: Սոցիալիզմը Չինաստանում ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում խիստ արգահատելի է այս հասկացությունը, մինչդեռ Եվրոպայում 28-29 մեծ կուսակցություններ կան, որոնց մի մասը իշխող է: Սոցիալիստական գաղափարախոսությունն ասում է, որ մարդը պարտավոր է իր ունեցածով կիսվել մյուս մարդկանց հետ, որը չկա ազատական գաղափարախոսության մեջ:

-Ի՞նչն է կարևոր այդ դեպքում:

-Կարևորը ազգի ընտրած արժեքներն են՝ պահպանողական կուսակցությունները, որոնք ունիվերսալ չեն և ամեն մեկը իր ազգի համար է կարևոր: Կոնֆուցիականությունը, սոցիալիզմը, ազատականությունը միմյանց հետ որոշակի հարաբերությունների մեջ են: Չինացիները խիստ կարևորում են իրենց ինտելեկտուալ մակարդակը և ինքնատիպության պահպանումը, հետևում են մտավոր զարգացման անհրաժեշտությանը և սոցիալիզմում էլ որոշակի ժողովրդավարական տարրեր են մտցրել; Այդ խնդիրները գլոբալ նշանակություն ունեն, բայց դա չի նշանակում, որ Չինաստանում կարող է ստեղծվել իդեալական հասարակարգ, ցավոք մարդկությունը դեռ չի հասել այդ մակարդակի, որ իդեալական հասարակարգեր ստեղծի: Գաղափարախոսական միմյանց ժխտող հակասությունները զսպում են և ավելի ընդունելի են դարձնում մարդկային հանրության օրենքները, որը լավ է ազդում նաև տնտեսության զարգացման վրա: Ես կարծում եմ՝ Հայաստանն ունի առավելություններ ներքին անվտանգության առումով՝ միատարր, միադավան երկիր ենք, բայց ահաբեկչությունը դարձել է համաշխարհային միտում: Վերջերս ահաբեկչական սպառնալիքներ հնչեցին նաև Վրաստանում, սա նշանակում է, որ ահաբեկչության դեմ պետք է գտնել գաղափարախոսական բանալիներ և աշխատել, աշխատել, աշխատել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

http://www.irates.am/hy/1448564516


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր