• am
  • ru
  • en
Версия для печати
18.04.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՄԱՐՏԻՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ)

Руский

   


Ջոնի Մելիքյան

«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Արտաքին քաղաքական կյանքը Վրաստանում ընթացիկ տարվա մարտին հարուստ է եղել ինչպես Վրաստանի ղեկավարության օտարերկրյա, այնպես էլ գործընկեր երկրների ղեկավարների Թբիլիսի կատարած ակտիվ այցելություններով։ Անցած ամիս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Բելառուս։ Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելեց Ադրբեջան, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնեց Սաուդյան Արաբիա։ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի արտաքին քաղաքական օրակարգը նույնպես բավական հագեցած էր. անցած ամիս նա այցելել է Բելգիա, Ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան և Հունգարիա։ Ստորև ավելի մանրամասն կներկայացնենք վերը նշված բոլոր իրադարձությունները և Վրաստան-ԵՄ-ՆԱՏՕ, Վրաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գլխավորելով կառավարական պատվիրակությունը, մարտի 22-23-ին առաջին պաշտոնական այցը կատարեց Բելառուս։ Վրաստանի պատվիրակության կազմում էին էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին և գյուղտնտնախարար Օթար Դանելիան։ Վրացական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Անդրեյ Կոբյակովի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և այլոց հետ։ Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցեց նաև Վրաստան-Բելառուս բիզնես-ֆորումին, այցելեց Բարձր տեխնոլոգիաների պարկ, ծաղկեպսակ դրեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանին։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հանդիպումների ընթացքում կողմերը դիտարկել են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները, այդ թվում համագործակցությունն առևտրի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում։ Վրաստանի Վիճկոմի տվյալների համաձայն՝ Վրաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրային շրջանառությունը 2015թ. կազմել է ավելի քան $41,2 մլն, արտահանումը՝ մոտ $20,5 մլն, ներմուծումը՝ $20,8 մլն։ Սակայն Ա.Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրների նպատակը տնտեսական ոլորտում «$200 մլն առևտրային շրջանառության հասնելն է»։ Ավելի ուշ՝ մարտի 21-22-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին պաշտոնական այցով մեկնեց Սաուդյան Արաբիայի Թագավորություն (ՍԱԹ)։ Այցի արդյունքների հիման վրա Ուսուպաշվիլին հայտարարեց, որ այցելությունը «շատ արդյունավետ էր»։ Նա նշել է ՍԱԹ տրամադրվածության կարևորությունը «Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, նրա տնտեսական զարգացման աջակցության» ուղղությամբ։

Մարտի 14-18-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այցելեց ԱՄՆ։ Վաշինգտոնում նա հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որի հետ քննարկեց վրաց-ամերիկյան հարաբերությունների ներկա դրության հարցերը։ Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ նախարարը հանդիպել է ԱՄՆ գործադիր (Սպիտակ տան և այլն) և օրենսդիր (Սենատի և Կոնգրեսի) իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Վրաստանի բարեկամների խմբի» համանախագահների հետ։ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել նաև ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների հետ և ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում։

Քերիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ միանշանակ աջակցությունը Վրաստանի ինքիշխանության և «տարածքային ամբողջականության» առումով, նշել է, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից «ուժեղ» աջակցություն կա Վրաստանի եվրատլանտյան ձգտումների հարցում՝ ուղղված Վրաստանի «սերտ» ինտեգրմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է Վրաստանի ավանդն Աֆղանստանում գործադրվող ջանքերում և նրա ակտիվ հակաահաբեկչական աջակցությունը, որը «շատ կարևոր է տարածաշրջանային մակարդակով»։ Ջանելիձեն, իր հերթին, ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի ցանկությունը՝ այցելել Վրաստան, և նշել է, որ երկրի համար մեծ պատիվ կլինի ընդունել նրան։ Նա նաև ավելացրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր մակարդակներում «երբեք այնքան ուժեղ չեն եղել, որքան այսօր»։

Ամսվա վերջին՝ մարտի 29-30-ին, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Հունգարիա, բանակցություններ անցկացրեց արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես լրագրողներին ասացին նախարարները Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հրատապ հարցեր, ներառյալ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հունգարական Eximbank բանկում բացվելու է $68 մլն-ի վարկային գիծ՝ վրաց-հունգարական բիզնես-նախագծերի իրականացմանն օգնելու համար։ Բանակցությունների թեման են եղել նաև Եվրամիության առջև ծառացած մարտահրավերները և Վրաստանի եվրաինտեգրման հարցերն ու Հունգարիայի աջակցությունն այդ գործընթացին։ Հունգարացի նախարարը նշել է, որ Վրաստանն «արժանի» է, որ հանվի վիզային ռեժիմը Եվրամիության երկրների հետ, քանի որ նրա կառավարությունը հաջող կերպով կատարել է Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանով նախատեսվող բոլոր պահանջները։

Ամսվա վերջին՝ մարտի 30-ին, Վրաստան այցելեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։ Նրանք քննարկեցին ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային բնույթի հարցեր, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հեռանկարները։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հաստատեց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, երկրի եվրատլանտյան ինտեգրման քաղաքականությանը։ Նա նշեց նաև, որ Վրաստանը «տարածաշրջանային դեմոկրատիայի մոդել» է հանդիսանում, և այդ համբավը պետք է ամրապնդվի։

Վրաստանի վարչապետի և էներգետիկայի նախարարի հետ Ֆիլիպ Համոնդն այցելեց Հարավկովկասյան գազատարի (որի օպերատորն է ВР ընկերությունը) ընդլայնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Շահ-Դենիզի երկրորդ փուլի շրջանակներում։ Համոնդն ասաց, որ Հարավկովկասյան գազատարի ընդլայնումը «Վրաստանի և տարածաշրջանի՝ թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի՝ որպես առևտրային գործընկերների հանդեպ Մեծ Բրիտանիայի մեծ հավատարմության հիանալի օրինակ է»։

Վրաստան-Ադրբեջան

Հարավկովկասյան տարածաշրջանային այցի շրջանակներում մարտի 6-7-ին առաջին պաշտոնական այցով Ադրբեջան մեկնեց Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն։ Վրացի նախարարը հանդիպումներ ունեցավ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, ըստ արարողակարգի, պսակ դրեց Ադրբեջանի ազգային հերոս Հեյդար Ալիևի, շեհիդների ծառուղու, ինչպես նաև «Անմար կրակի» հուշարձաններին։

Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Վրաստանի ԱԳ նախարարի այցը «լավ հնարավորություն է ընթացիկ տարվա համատեղ միջոցառումների ծրագրի քննարկման համար»։ Ի.Ալիևը նշեց նաև երկու երկրների կողմից մի շարք հարցերի հաջող լուծման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար ոլորտներում նրանց էլ ավելի մերձեցման մասին։

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ (նախարարների մակարդակով և ընդլայնված ձևաչափով) կողմերը քննարկեցին երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցեր։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասաց, որ այդ հանդիպումը տրամաբանական շարունակությունն է երեք երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպման ձևաչափի, որը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին։ «Մեր հարաբերությունները Վրաստանի հետ ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Մամեդյարովը։

Կողմերը քննարկեցին նաև ադրբեջանա-վրացական պետական սահմանի (որի երկարությունը կազմում է 480 կմ, որից 314-ը արդեն համաձայնեցված է) սահմանագծման ընթացակարգն ավարտելու հարցը։ Նշվեց, որ շուտով այս հարցը կքննարկվի աշխատանքային խմբի կողմից, ինչի համար Ադրբեջան պետք է այցելեն վրացի փորձագետներ։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց նաև, որ առաջիկայում տեղի է ունենալու նաև «Ադրբեջան-Վրաստան» միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Մի քանի օր հետո՝ մարտի 10-ին, տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցն Ադրբեջան։ Նա մասնակցեց Բաքվի IV գլոբալ ֆորումին՝ «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմայով։ Համաժողովում ելույթ ունենալուց բացի Վրաստանի նախագահը հանդիպում ունեցավ նաև իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Գեորգի Մարգվելաշվիլին նշեց, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի խորացմանը նպաստել է «համատեղ հռչակագիրը», որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի՝ 2015թ. նոյեմբերին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Նա ավելացրեց նաև, որ Վրաստանը խիստ շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում հարաբերությունների հետագա զարգացմամբ՝ ողջունելով ավելի վաղ SOCAR-ի հետ ստորագրված համաձայնագիրը Վրաստանին բնական գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, ինչն առաջիկա երկու տարվա համար լուծել է Վրաստանի երկնագույն վառելիքի դեֆիցիտի հարցը։ «Այդ համաձայնագիրը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև լիակատար փոխըմբռնում գոյություն ունի»,- ասաց Մարգվելաշվիլին։

Շարունակելով հարավկովկասյան շրջագայությունը՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 24-25-ին պաշտոնական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպում ունեցավ իր հայ պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վրացական պատվիրակությունը, ըստ արարողակարգի, այցելեց Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց «Անմար կրակի» մոտ։

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման և կապերի ակտիվացման հարցեր։ Վրացի նախարարի խոսքերով՝ չնայած արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Վրաստանը և Հայաստանը «գտել են միջազգային գործընթացները գոյություն ունեցող նախագծերի շրջանակներում փոխգործակցության բարելավման համար օգտագործելու ուղիներ»։ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ երկու երկրների միջև հարաբերությունները «բարիդրացիական» են, դրանցում «խնդիրներ չկան», և դրանք շարունակում են խորանալ և զարգանալ։ Կողմերը քննարկեցին նաև ավելի քան 80 համատեղ պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր, որոնք «դրականորեն են ազդում երկկողմ համագործակցության վրա և հնարավորություն են ընձեռում հարաբերությունների խորացման համար»։ Քննարկված հարցերից էր տրանսպորտային համակարգի, զբոսաշրջության, էներգետիկ ոլորտի զարգացումը։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի հարցը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարին, մեկ անգամ ևս ընդգծեց, որ երկու երկրների արտաքին քաղաքական վեկտորների տարբերությունը «հնարավորություն է և ոչ թե խոչընդոտ երկկողմանի հարաբերություններում»։ Ջանելիձեն, իր հերթին, նշեց այն փաստը, որ, չնայած երկու երկրների արտաքին քաղաքական տարբեր ուղեգծերին, երկկողմանի հարաբերությունները, «միևնույն է, հաջող են զարգանում», ինչպես նաև ողջունեց Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունների սկիզբը Շրջանակային նոր համաձայնագրի ուղղությամբ։

Վրաստան-ԵՄ

Վրաստան-ԵՄ փոխհարաբերությունների օրակարգում մարտին ընթացել են գործընթացներ՝ կապված վիզային ազատականացման հետ։ Մարտի 2-ին, օրինակ, Եվրամիությունում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն ասաց, որ Ուկրաինային ԵՄ վիզային ազատականացում տրամադրելու հարցը Վրաստանից առանձին է քննարկվելու։ Դրանից հետո, ինչպես և սպասվում էր, մարտի 9-ին Եվրահանձնաժողովը հանդես եկավ Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին արված պաշտոնական առաջարկությամբ՝ Շենգենյան գոտում հանել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար։ Օրենսդրական նախաձեռնությունը, որը հրապարակվել է Եվրամիության փաստաթղթերի ռեեստրում, մինչև ուժի մեջ մտնելը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ պետությունները։ Նախաձեռնությունում ասվում է, որ բարեփոխումների տեսակետից Վրաստանը կատարել է Վիզային ազատականացման գործողությունների պլանով նախատեսված բոլոր առաջադրանքները և «բավարարում է բոլոր պահանջվող չափանիշներին, որպեսզի նրա քաղաքացիներն ազատվեն վիզային պահանջներից»։

Մարտին Վրաստան այցելեց նաև առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը։ Մարտի 21-ին սկսված այցի նպատակը Վրաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հարցերի քննարկումն էր։

Մարտի 23-ին Վրաստան այցելեց լեհական պատվիրակությունը՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Յեն Ջիեջիչակի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր Լեհաստանի Սեյմի պատգամավոր, Վրաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մալգոժատա Գոշիևսկան։ Այցելության շրջանակներում պատվիրակության անդամները ճանաչողական հանդիպումներ ունեցան Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ, աշխատանքային հանդիպում ունեցան նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանիի հետ։ Վրաստանի ԱԳՆ տեղեկատվությամբ՝ կողմերն ուշադրության կենտրոնում են պահել երկու երկրների խորհրդարանական համագործակցության հետագա խորացման հարցը։ Լեհական կողմը պատրաստակամություն է հայտնել «առավելագույն օգնություն» ցուցաբերել Վրաստանին երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում։

Վրաստան-ՆԱՏՕ

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 2-ին Բրյուսելում հանդիպեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ, որը հավաստիացրեց, որ դաշինքն աջակցում է Վրաստանին «բարեփոխումների հավակնոտ օրակարգի» հարցում։ Ըստ նրա՝ Վրաստան-ՆԱՏՕ Էական փաթեթը, որն առաջարկվել է Վրաստանին 2014թ., «լավ» է իրականացվում, նա ընդգծեց դաշնակիցների պատրաստակամությունը՝ «գտնել ուղիներ Վրաստանի հետ ՆԱՏՕ համագործակցության ուժեղացման համար»։

Այցի կետերից մեկը դարձավ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի և ՆԱՏՕ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած Հանձնաժողովի նիստը։ Այն տեղի ունեցավ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին Բրյուսելում կայացած նիստից հետո՝ պաշտպանության նախարարների մակարդակով։ ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի զարգացման, «ՆԱՏՕ-Վրաստան» Էական փաթեթի իրականացման և քաղաքական ու գործնական համագործակցության խորացման հարցեր՝ դաշինքի Վարշավյան գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր