• am
  • ru
  • en
Версия для печати
20.04.2016

«ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն


Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների և հայկական կողմի կոշտ հակահարվածի իրողությունը վերլուծաբանական հանրությունում դեռևս երկար է քննարկվելու, և նման վերլուծություններից կատարված հետևությունները կարող են կարևորվել հետագա զարգացումներում։ Այդ համատեքստում փորձենք համառոտ ներկայացնել որոշ դիտարկումներ՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ։

Գլոբալ ռազմավարական հարթություն. Ցանկացած նշանակալի քաղաքական գործընթաց մեկնաբանելիս առաջին հարցը, որի պատասխանը ձգտում են տալ մեկնաբանները, այն է, թե ում էր դա ամենից ձեռնտու։ Եթե խնդիրը դիտարկենք գլոբալ զարգացումների տեսանկյունից, ապա պետք է արձանագրել, որ այսօր ընթացող «Սառը պատերազմում» հիմնական դերակատարներն են հանդիսանում ՌԴ-ն և ԱՄՆ-ը և նրանց հակամարտության արտահայտությունները միայն ուկրաինական խնդրի (Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ) շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական և տնտեսական գործընթացները չեն։ Ռազմավարական տեսանկյունից նույն տրամաբանությանն է ենթարկվում նաև Սիրիայում կատարվողը, որտեղ ՌԴ միջամտությունը նկատելիորեն արգելակեց «քաոսի» տարածման քաղաքականությունը, որը, վերլուծաբանական հանրության (այդ թվում՝ արևմտյան) մի զգալի մասի համոզմամբ, նպատակաուղղված էր Ռուսաստանի և Չինաստանի «շրջակա միջավայրում» տուրբուլիզացված իրավիճակ ստեղծելուն։ Որպես հիմք ընդունելով վերոնշյալ իրողությունը և հաշվի առնելով, որ «սառը պատերազմների» գլխավոր նպատակներից է հակառակորդի ընդհանրական ռեսուրսների նվազեցումը, տրամաբանական է դիտարկել այն վարկածը, թե «ապրիլյան ավանտյուրան» գլոբալ հարթությունում լիովին համապատասխանում էր կամ, նվազագույնը՝ չէր հակասում Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներգրավումը ռազմական գործողություններին կնշանակեր «երրորդ ճակատ» բացել վերջինիս դեմ։

Այս ամենի առնչությամբ, հաշվի առնելով այն, որ հարձակումը ԼՂՀ-ի վրա սկսվել է Ի.Ալիևի՝ ԱՄՆ-ում գտնվելու պահին, որոշ մեկնաբաններ զուգահեռներ են տանում կատարվածի և 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի դեմ ձեռնարկված ավանտյուրայի միջև, որին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսի և Մ.Սաակաշվիլու միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։ Այս համատեքստում ուշագրավ են նաև բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հակաարցախյան նախաձեռնությունները ԵԽԽՎ-ում1։

Միևնույն ժամանակ, «քառօրյա պատերազմը» ձեռնտու էր նաև որոշ տարածաշրջանային մասշտաբի դերակատարների։

Տարածաշրջանային ռազմավարական հարթություն. Որպես «ապրիլյան ավանտյուրայի» համահեղինակ արդարացիորեն մատնանշվում է Թուրքիան, որն արցախյան իրադարձությունների համատեքստում իր «երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսին ավելացրել է նաև «մեկ բանակ» արտահայտությունը։ Այս պետության դրդապատճառներն ավելի քան ակնհայտ են։ Մեծ Մերձավոր Արևելքում քաոտիկ իրավիճակ ստեղծելու աշխարհաքաղաքական նախագծում Թուրքիան իր նեոօսմանյան դոկտրինի համատեքստում կարևոր դերակատարում ունի և, մինչ ռուսական միջամտությունը Սիրիայում, իրագործում էր բավական հաջող բազմապլան ռազմավարություն, որի բաղադրիչներն էին.

  • Ռազմական քաղաքականությունը, որի նպատակն էր Ասադին տապալելը, Սիրիայի տարածքի մի մասի նկատմամբ վերահսկում սահմանելը, և արտահայտվում էր Սիրիայի օրինական իշխանությունների դեմ գործող «Իսլամական պետությանն» ու այլ ահաբեկչական կազմակերպություններին աջակցությամբ։
  • Տնտեսական քաղաքականությունը, որն արտահայտվում էր ոչ միայն ԻՊ-ի հետ նավթի առևտրով, այլև զինյալների կողմից թալանված պատմական մեծ արժեք ունեցող իրերի տարանցիկ առևտրով։
  • Ներքին քաղաքականությունը, որի նպատակն էր վերջնական լուծում տալ «քրդական խնդրին»։

Վերոնշյալ դրդապատճառները կարող են լրացվել նաև մեկ այլ, ոչ ռացիոնալ հանգամանքով։ Դա Թուրքիայի ղեկավարների ավանդական ցեղասպանածին (գենոցիդոգեն), ապակառուցողական բնազդն է, որը մշտապես դրդել է նրանց իրագործել ցեղասպանություններ (հայեր, հույներ, ասորիներ) և վարել զավթիչ պատերազմներ (մասնավորապես, հիշենք Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան 1974թ.)։

Սիրիայում Ռուսաստանի միջամտության հետևանքով վերոնշյալ ծրագրերը հիմնականում ձախողվեցին, և արդյունքում՝ թուրքերը ստացան.

  • ՌԴ-ի հետ ավելի քան լարված հարաբերություններ և այդ համատեքստում՝ տնտեսության անկում,
  • ահաբեկչություններով ուղեկցվող քաղաքացիական պատերազմ երկրի ներսում,
  • Սիրիան լքած և Թուրքիա վերադարձած, ագրեսիվ տրամադրված թուրք և այլազգի զինյալներ։

Այդպիսով ձախողվեց Թուրքիայի ոչ միայն տարածաշրջանային քաղաքականությունը, այլև ամբողջ նեոօսմանիզմի հայեցակարգը և գաղափարախոսությունը։ Ստեղծված ծանր իրավիճակում թուրքական կողմին ուղղակի անհրաժեշտ էր ռևանշի հաջող գործողություն, կամ, այլ խոսքերով՝ «փոքր հաղթական պատերազմ», որն ուղղված կլիներ նաև ՌԴ-ի դեմ, և այդ իսկ պատճառով նրանք չէին պախարակվի «միջազգային հանրության» կողմից։ Նման «ռևանշը» ձեռնտու էր իրագործել միջնորդված տարբերակով, առավել ևս, որ «արցախյան խնդրում» Ադրբեջանին պետք չէր երկար հորդորել՝ մանավանդ հաշվի առնելով Բաքվում ձևավորված «թուրքական լոբբին»՝ ի դեմս ՊՆ նախարար Զաքիր Հասանովի։

Տարածաշրջանային մարտավարական հարթություն. Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) դեմ, պայմանավորված էր մի քանի գործոններով։ Արտաքին դրդապատճառներից պետք է կարևորել այն, որ Ադրբեջանը հանդիսանում է (իր հնարավորությունների սահմանում) Մերձավոր Արևելքում «քաոսի ձևավորման» լիարժեք «խաղացող»։ Դա հիմնավորվում է ոչ միայն քաղաքական ոլորտում «ավագ եղբորն» աջակցություն ցուցաբերելու պարտավորությամբ կամ նրանով, որ այդ երկրի ղեկավարությունը բաժանում է «նեոօսմանիզմի» դոկտրինի դրույթները։ Որոշ մերձավորարևելյան սցենարներում ենթադրվում էր Իրանի և Ռուսաստանի անհաջողությունը Սիրիայում ընթացող պատերազմում, ինչը կթուլացներ վերջիններիս դերակատարումը Հարավային Կովկասում։ Ակնհայտ է, որ նման սցենարներն անմիջականորեն կհամընկնեին Ադրբեջանի շահերի հետ։

Նկատենք նաև, որ ինչպես Անկարան, այնպես էլ Բաքուն անմիջական կապեր էին հաստատել ԻՊ-ի հետ։ Ինչպես հայտնի է, ԻՊ-ի համար զինյալների հավաքագրման խնդրով զբաղվում էր Ալիևի անձնական անվտանգության ծառայության պետի եղբայրը, որը համապատասխան ցանց էր ստեղծել նաև Ռուսաստանում։ Հատկանշական է, որ ներկայում ԻՊ-ի կենդանի մնացած ադրբեջանցի զինյալները վերադառնում են Ադրբեջան, և դա, նավթի գների անկման հետ կապված տնտեսական բարդություններին զուգահեռ, լրացուցիչ խնդիրներ է առաջացնում երկրի ներսում։

Ի լրումն վերոնշյալ հանգամանքների, ներկայում աշխարհում ընթացող բավական բուռն իրադարձությունները կարծես թե հետին պլան էին մղել ԼՂՀ-ի հետ կապված խնդիրները։ Հարցն անհրաժեշտ էր «վերակենդանացնել», և սա ևս մեկ լրացուցիչ հիմնավորում հանդիսացավ, որպեսզի որոշում ընդունվի ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ։

Ռուսաստանի ռազմավարությունը. Ամփոփելով «ապրիլյան ավանտյուրայի» վերաբերյալ դիտարկումները՝ թերևս, անհրաժեշտ է խիստ համառոտ անդրադարձ կատարել նաև ՌԴ «հավասարակշռող» դիվանագիտությանը։ Հարկ է նշել, որ եթե սպառազինությունների վաճառքը դաշնակից պետության հակառակորդին կարող է ունենալ որոշակի տնտեսական պատճառաբանումներ, ապա դժվար է գտնել հիմնավորումներ ընդհանրական ռազմավարության համատեքստում։ Չի կարելի բացառել, որ Մոսկվան որպես դրական նախադեպ ընկալում է 1918-1921թթ. վարած այն քաղաքականությունը, որի շնորհիվ կարողացավ իր վերահսկողության տակ դնել ողջ Հարավային Կովկասը։ Այնինչ այսօր դրա համար չկա որևէ միավորող գաղափարախոսություն, ինչպիսին այն ժամանակ սոցիալիստականն էր։ Իսկ կոնկրետ Ադրբեջանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունն այնքան էլ գրավիչ հեռանկար չէ։ Ընդ որում՝ այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը գործ ուներ թուլացած Թուրքիայի հետ, որը նոր էր փորձում վերականգնվել Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Ներկայիս Թուրքիան և Ադրբեջանը միանգամայն այլ են, քան մեկ դար առաջ։ Ի դեմս Ադրբեջանի Ռուսաստանն անգամ տնտեսական հարթությունում ունենալու է ոչ թե գործընկեր, այլ Թուրքիայի յուրահատուկ «ֆորպոստ» իր իսկ ճամբարում։ Չէ՞ որ այսօր ՌԴ-Թուրքիա հարաբերությունները ենթարկվում են «աշխարհաքաղաքական անհամատեղելիության» տրամաբանությանը, ինչը պետք է հաշվի առնել Ադրբեջանին առնչվող բոլոր տիպի գործառույթներում։ Անշուշտ, այս խնդրում կարևոր գործոն են հանդիսանում նաև ԵՏՄ և ՀԱՊԿ ձևաչափերում ՌԴ գործընկերների հայտնի կողմնորոշումները։ Միևնույն ժամանակ, ձևավորվում է տպավորություն, թե միայն ավելի կոշտ քաղաքականությունը նույն Ադրբեջանի նկատմամբ կարող է հանգեցնել ավելի շոշափելի արդյունքների Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից:

1 Հրայր Փաշայան, Լիանա Բալայան, Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցը. հայացք Արցախից, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14554


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր