• am
  • ru
  • en
Версия для печати
25.04.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2016թ. մարտ)

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Վրաստանի ներքաղաքական կյանքը մարտին բավական հագեցած էր իրադարձություններով։ Այն կարելի է իրավամբ անվանել ցույցերի, հանրահավաքների և բողոքի ակցիաների ամիս։ Այս ակտիվությունն առաջին հերթին կապված է հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, ինչին պատրաստվում են նաև երկրի քաղաքական կուսակցությունները։ Մարտին տեղի են ունեցել՝ ուղղափառ քրիստոնյաների և մուսուլմանների բախումներ Սամցխե-Ջավախքում; գործադուլ սկսեցին և ավարտեցին Թկիբուլիի վրացի հանքափորները, որոնք պահանջում էին բարձրացնել աշխատավարձը; Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ակցիաներ (պահանջում էին բարելավել աշխատապայմանները)։ Առավել աղմկալի էին Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների բողոքի ակցիաները, որոնք սկզբում պահանջում էին հանել համալսարանի կանցլերի թեկնածությունը և ԳՌՍ-ի (Գործող ռեզերվի սպա) ինստիտուտը, իսկ հետո այդ բողոքները վերաճեցին համալսարանի ռեկտորի հրաժարականի և բարեփոխումների պահանջի։ Նշենք, որ ուսանողների պահանջներն այդպես էլ լիովին չբավարարվեցին, և բողոքի ակցիաները շարունակվեցին ապրիլին։

Կրոնական բախման վերաբերյալ նշենք, որ մարտի սկզբին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե Վրաստանի իրավապահ մարմինները սկսել են կրոնական հողի վրա Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանում տեղի ունեցած դիմակայության հետաքննությունը։ Տեղի ուղղափառների և վրացի մուսուլմանների միջև բախման հիմնական պատճառը մուսուլմանական գերեզմանատան համար հողի հատկացման հարցն է եղել։ Թբիլիսիի միջամտությունից հետո միայն ձեռք բերվեց համաձայնություն առ այն, որ կբացվի ընդհանուր գերեզմանատուն մուսուլմանների և քրիստոնյաների համար։ Այս ֆոնին Աջարիայի իսլամադավան բնակիչները ստորագրահավաք սկսեցին, որպեսզի համայնքին տարածք տրամադրվի Բաթումում նոր մզկիթ կառուցելու համար, ինչից հետո նրանք ծրագրում են դիմել Վրաստանի իշխանություններին։

Քաղաքական կրքեր «Վրացական երազանք» կոալիցիայի ներսում. նախընտրական վերադասավորումներ. Մարտին շարունակվեց կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի երկու սուբյեկտների՝ Հանրապետական կուսակցության և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ներկայացուցիչների դիմակայությունը։ Նրանք մի քանի շաբաթ հանդես էին գալիս փոխադարձ մեղադրանքներով։ Կոնֆլիկտն սկսվեց այն բանից հետո, երբ արդյունաբերողների առաջնորդը՝ պատգամավոր Գոգի Թոփաձեն, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելուն մեղադրեց Սագարեջո ընտրատարածքում 2015թ. հոկտեմբերի 31-ին անցկացված միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Պատասխանելով մեղադրանքներին՝ հանրապետականները դրանք անվանեցին «հակաարևմտյան քարոզչություն», որն ուղղված է ոչ միայն ընդդեմ իրենց կուսակցության, այլ նաև ամբողջ կոալիցիայի։ Ինչպես նշել է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը, կուսակցություններն առ այսօր խաղաղ գոյակցում էին կոալիցիայում, չնայած Հանրապետական կուսակցությունը հայտնի է իր արևմտամետ ուղղվածությամբ, իսկ արդյունաբերողները հանդես են գալիս չեզոքության և Ռուսաստանի հետ ավելի ակտիվ շփումների դիրքերից։

Բանակռիվների և մեղադրանքների ֆոնին երկու անգամ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը (առաջին անգամ փետրվարի 19-ին) Թոփաձեի մեղադրանքները պաշտպանության նախարարի հասցեին անվանել է «միանգամայն անընդունելի»։ Զուգահեռաբար՝ փետրվարի վերջին, Վրաստանի դատախազությունը սկսել է հետաքննություն ընտրությունների հետ կապված մեղադրանքների վերաբերյալ։ Դա էլ ավելի է սրել կոնֆլիկտը, և լրատվամիջոցներում անգամ լուրեր են ի հայտ եկել այն մասին, թե Թոփաձեն կարող է զրկվել պատգամավորական մանդատից, իսկ նրա կուսակցությունը կարող է հանվել կառավարող կոալիցիայից։

Առաջին դիտողությունից հետո, տեսնելով, որ կոնֆլիկտը չի ավարտվում, Վրաստանի վարչապետը փոխեց հասցեատիրոջը և մարտի 3-ին քննադատեց երկրի պաշտպանության նախարարին՝ նշելով, որ անընդունելի է համարում երկրի պաշտպանության նախարարի ներքաշումը «Վրացական երազանք» կոալիցիայի ներսում ընթացող դիմակայությանը (կառավարող կոալիցիայի մաս են կազմում «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան», Հանրապետական, Պահպանողական, «Ազգային ֆորում» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունները)։ Գ.Կվիրիկաշվիլին նշել է, որ Թինաթին Խիդաշելին առաջին հերթին կառավարության անդամ է և պաշտպանության նախարար և նոր միայն՝ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը։ Գ.Կվիրիկաշվիլին կողմերին կոչ է արել կարգավորել ծագած հակասությունները կառավարող կոալիցիայի ներսում՝ նախազգուշացնելով նրանց «հնարավոր հետևանքների» մասին, որոնք կապահովեն կառավարության կայուն գործունեությունը։

Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ արդյունաբերողների առաջնորդ Գոգի Թոփաձեն ասել է, թե ողջունում է կառավարության ղեկավարի «շատ լավ» հայտարարությունը։ Հանրապետական կուսակցությունից նրա ընդդիմախոսներն իրենց հերթին ասել են, թե հայտարարություն կանեն կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո։

Վրացական «Ռեզոնանսի» թերթին մեկնաբանելով ներկոալիցիոն կոնֆլիկտը՝ վերլուծաբան Զաալ Անջափարիձեն նշել է, որ հաշվի առնելով կառավարող կոալիցիայի մյուս անդամների դիրքորոշումը և նրանց պասիվությունն այս դիմակայության մեջ՝ կարելի է ենթադրել, թե նրանք «համերաշխ» են Գոգի Թոփաձեի հետ։ Փորձագետին մտահոգել է այն հարցը, թե որքանով են երկրի ղեկավարությանն անհրաժեշտ կոալիցիայի պահպանումը և մասնակցությունն ընտրություններին այս դասավորությամբ։ «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Զուրաբ Աբաշիձեն, նշել է, որ «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող ցանկացած քաղաքական ուժի համար, կոալիցիայից դուրս գալու պարագայում, դժվար կլինի հաղթահարել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրաշեմը։

Սակայն մարտի վերջին Վրաստանի գլխավոր դատախազությունը փակեց Սագարեջոյում (Կախեթի շրջան) մեծամասնական պատգամավորի միջանկյալ ընտրությունների ժամանակ պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման գործի քննությունը։ Այս որոշումից իր դժգոհությունը հայտնեց ևս մեկ քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին, ըստ որի՝ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումների պատճառով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին «բանտում կհայտնվի»։

Վերադառնալով Վրաստանի վարչապետի հետ հանրապետականների հանդիպմանը՝ նշենք, որ կուսակցության ղեկավարներից և հանդիպման մասնակիցներից մեկը՝ Դավիթ Բերձենիշվիլին, ասել է, թե կողմերը քննարկել են այսպես կոչված երկկուսակցական համաձայնությունը։ Այս տեղեկատվությունն այնուհետև հերքել է փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ նշելով միայն, որ խոսքը վերաբերել է կոալիցիա մտնող կուսակցությունների հետ «ռազմավարական հարաբերություններին»։ Փոխվարչապետը միաժամանակ նշել է նաև, որ կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները միասին են գնալու խորհրդարանական ընտրությունների՝ չնայած մարտի 8-ին հայտարարել էր, թե «ոչ մի ողբերգական բան չի լինի, եթե կոալիցիան ցրվի»։ Քալաձեի տրամաբանության համաձայն՝ «Վրացական երազանք» կոալիցիան ստեղծվել էր ընտրությունների ճանապարհով նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու նախկին թիմին տապալելու համար։

Չնայած բոլոր քննարկումներին և վերլուծություններին՝ մարտի 31-ին կառավարող կոալիցիայի երկու առաջատար կուսակցությունները՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանը» և Հանրապետականը, հայտարարել են, թե հոկտեմբերին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին գործող կոալիցիայից դուրս։ Դրանով իսկ հայտարարվեց այն մասին, թե բոլոր կուսակցությունները կառանձնանան ընտրություններից առաջ, ինչն էլ նրանց մրցակիցներ կդարձնի։

«Չնայած դրան՝ մենք կարծում ենք, որ այս փուլում անհրաժեշտ է սովորական ռեժիմով շարունակել կառավարության աշխատանքը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, կառավարության կայունությունն առաջնահերթ խնդիր է։ Այս ռեժիմով կշարունակենք աշխատել մինչև ընտրություններ»,- ասել է վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկի և խորհրդարանի նախագահի՝ Դավիթ Ուսուպաշվիլու հետ հանդիպումից հետո։

Այս առնչությամբ կարելի է համարձակ կանխատեսել, որ Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանը կլինի բազմակուսակցական, իսկ երկրին սպասվում են հետաքրքիր ներքաղաքական գործընթացներ։ Փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն նշել է, որ որոշ քաղաքական սուբյեկտներ կամ առանձին կմտնեն «Վրացական երազանք» կուսակցության մեջ՝ կուսակցությանն անդամակցությունը գերադասելով իրենց անկախությանը, կամ էլ կգնան ընտրությունների որպես անկախ սուբյեկտներ։ Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա, ըստ փորձագետի, դա բավական «լուրջ և ակտիվ կուսակցություն» է, որին դժվար չի լինի պայքարել խորհրդարանական մանդատների համար։ Փորձագետի կարծիքով՝ քաղաքական և վարչական այն ռեսուրսը (Վրաստանի պետական կառույցներում աշխատում է մոտ 300 հազար մարդ), որն ունի «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, նրան հնարավորություն կտա ստանալ ավելի քան 50% տեղ խորհրդարանում։ Իսկ եթե այդպես չլինի, ապա, ըստ Սաքվարելիձեի, ընտրություններից հետո արդեն կուսակցությունը կարող է ստեղծել նոր կոալիցիա «նման քաղաքական պլատֆորմ» ունեցող կուսակցության/կուսակցությունների հետ։

Սեքս-սկանդալները և գաղտնի տեսագրությունները՝ որպես ներքաղաքական պայքարի գործոններ. Վրաստանի ներքաղաքական կյանքի հետաքրքիր իրադարձություններից մեկը դարձան սեքս-սկանդալը և շանտաժը՝ կապված այն տեսագրությունների հետ, որոնք պատկերում են վրաց քաղաքական գործիչների և լրագրողների անձնական կյանքը։ Մարտի 11-ին YouTube-ում ի հայտ եկան կադրեր «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկի ինտիմ կյանքից։ Տեսագրության հրապարակումից մի քանի ժամ անց Youtube-ի հետ Վրաստանի պետանվտանգության ծառայության համագործակցության արդյունքում տեսանյութն արգելափակվեց։ Դրան զուգահեռ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց։ Անհայտ մարդկանց այս քայլը ցնցեց ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչներին, որոնք հանդես եկան նման գործողությունների կոշտ դատապարտմամբ և իշխանությունների ու իրավապահ մարմինների հանդեպ քննադատությամբ։ Հասարակական կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ նշել էին, թե քաղաքական գործիչների և լրագրողների շանտաժի փորձերը խիստ անհանգստացնող բնույթ են ստացել՝ սպառնալիք ստեղծելով հանրային կարգի պահպանման համար։ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին իր հերթին նշել էր, թե նախաձեռնողներն իրենց արարքների համար պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ։

Ավելի ուշ հրապարակվեց մի տեսահոլովակ, որտեղ չբացահայտված անձի ինտիմ կյանքը պատկերող տեսարանների հետ մեկտեղ կար նաև սպառնալիք՝ ուղղված մի քանի քաղաքական գործիչների թե՛ գործող իշխանությունից, թե՛ ընդդիմադիր դաշտից, ինչպես նաև լրագրող Ինգա Գրիգոլիային (սպառնալիք՝ հրապարակելու նրանց ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութեր), եթե վերջինները մինչև մարտի 31-ը չհրաժարվեն իրենց պրոֆեսիոնալ գործունեությունից։ Վրաստանի գլխավոր դատախազությունն այս երկու սյուժեների վերաբերյալ քննություն է վարում Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնական կամ ընտանեկան գաղտնիքի, անձնական կյանքի կամ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության ապօրինի օգտագործում և/կամ տարածում ինտերնետի միջոցով»)։ Սակայն մարտի 15-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրեց չորս մարդու կալանման և 2015թ. դեկտեմբերին սեռական բնույթի կադրերի տարածման սխեմայի բացահայտման մասին վրացական «Խրոնիկա+» թերթի միջոցով։

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Վրաստանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան ասել է, թե հնարավոր, որ այդ կադրերը եղած լինեն տարբեր երկրների հատուկ ծառայությունների ձեռքում՝ չբացառելով, որ սկանդալին կարող են մասնակից լինել նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները։ Նա նաև հավելել է, որ տեսագրությունները սոցցանցում ներբեռնվել են Ուկրաինայում, Շվեդիայում և Լիտվայում։ Ներկա պահին վրաց իրավապահներին օգնում են նրանց ամերիկյան գործընկերները ՀԴԲ-ից։

Վրաստանը թվերով. Չնայած վերջին տասը տարիներին երկրում ծնելիության դրական դինամիկային՝ Վրաստանի ժողովրդագրական վերածննդի ֆոնդի նախագահ Թամարա Չիբուրդանիձեի խոսքերով՝ 2017 թվականից Վրաստանում կսկսվի ծնելիության կտրուկ անկում՝ գրեթե կրկնակի չափով։ Նրա ուսումնասիրության համաձայն՝ դա պայմանավորված է նրանով, որ 1980-90թթ. Վրաստանում ծնվել է 445 հազար աղջիկ, իսկ 1990-2000թթ՝ մոտ 225 հազար։ 2017թ. մայրության տարիք կմտնի աղջիկների հենց այդ խումբը, որոնք կրկնակի քիչ են։ Հետևաբար, ըստ նրա՝ 2050թ. Վրաստանի բնակչությունը կկրճատվի 28%-ով կամ 1,17 մլն մարդով։ 2014թ. մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում ապրում է ավելի քան 3,7 մլն մարդ։

ՀՆԱ. Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՆԱ աճը 2016թ. փետրվարին կազմել է 2,6%։ Տնտեսության միջին իրական աճը 2016թ. հունվար-փետրվարին կազմել է 1,7% 2015թ. համապատասխան երկու ամիսների համեմատ։ 2016թ. Վրաստանի կառավարությունը կանխատեսում է երկրի տնտեսության 3%-ոց աճ։

Արտաքին առևտրային շրջանառություն. Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանի արտաքին առևտուրը (առանց չկազմակերպված առևտրի) 2016թ. հունվար-փետրվարին կրճատվել է 2%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով $1,413 մլրդ։ Դրանում արտահանման բաժինը կազմում է $281 մլն (13%-ով քիչ, քան 2015թ.), իսկ ներմուծումը՝ $1,133 մլրդ (1%-ով ավելի, քան 2015թ.)։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2016թ. հունվար-փետրվարին կազմել է $852 մլն, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 60%-ը։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ 2016թ. հունվար-փետրվարին կրճատվել է 18%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով $353 մլն։ Արտահանումն ԱՊՀ երկրներ կազմել է $74 մլն (33%-ով պակաս), իսկ ներմուծումը՝ $279 մլն (12%-ով պակաս)։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում Վրաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 25%-ը (անցած տարվա հունվար-փետրվարին՝ 30%)։

Դրամական փոխանցումներ. Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2016թ. փետրվարին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 2,6%-ով (կամ $2,1 մլն-ով)՝ 2015թ. նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով $79.9 մլն (198.3 մլն լարի)։ Դա 2,6%-ով ($2.1 մլն) քիչ է անցած տարվա նույն ցուցանիշից։ Դրամական բոլոր փոխանցումների 90%-ը բաժին է ընկնում 12 խոշոր դոնոր պետությունների։ Ցուցակի առաջատարը, ինչպես միշտ, Ռուսաստանն է (($25.0 մլն)։ Հաջորդն Իտալիան է՝ $9.7 մլն, Հունաստանը՝ $9.3 մլն, ԱՄՆ-ը՝ $8.8 մլն և Թուրքիան $4.9 մլն։

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈւՆ). Վրաստանի վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2016թ. երկիր կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 23,1%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով $1,35 մլրդ։ 2015թ. չորրորդ եռամսյակում ՕՈւՆ-ը կրճատվել է 49,1%-ով՝ կազմելով $268 մլն։ Անցած տարի ՕՈւՆ ամենամեծ բաժինն ունեցել է տրանսպորտի և կապի ոլորտը՝ $594 մլն, որին հաջորդում է ֆինանսականը՝ $191 մլն, այնուհետև՝ շինարարությունը՝ $129 մլն, վերամշակող արդյունաբերությունը՝ $91 մլն, էներգետիկ ոլորտը՝ $90 մլն, առողջապահությունը՝ $66 մլն։

ՕՈւՆ ամենամեծ բաժինը 2015թ. ստացվել է Ադրբեջանից՝ $542 մլն։ Այնուհետև հաջորդում են Մեծ Բրիտանիայում ($198 մլն), Նիդեռլանդներում ($111 մլն) և Լյուքսեմբուրգում ($87 մլն) գրանցված ընկերությունները, Թուրքիան՝ $77 մլն, Չինաստանը՝ $58 մլն, Ռուսաստաը՝ $49 մլն և ԱՄՆ-ը՝ $35 մլն։

Այցելու/զբոսաշրջիկներ. Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2016թ. առաջին երկու ամսում երկիր է այցելել 360,4 հազար այցելու, ինչը 23,9%-ով ավելին է, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում։ Միայն 2016թ. փետրվարին, 2015թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, այցելուների թվի աճը կազմել է 70 հազար։ Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա 2015թ. փետրվարի համեմատ Վրաստանում 19%-ով ավելացել է զբոսաշրջիկների թիվը, որոնք երկրում գտնվել են 24 և ավելի ժամ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր