• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2016

ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)

Руский

   

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս

Իրանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումները մայիսին ուղղված էին ասիական տարածաշրջանի ուժային կենտրոնների և տնտեսական հիմնական ակտորների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման շուրջ քայլերին: Իրանը, մեծացնելով իր էներգետիկ ներկայության ծավալները մի շարք երկրներում, բավական մեծածավալ ֆինանսական հոսքեր ներգրավելով երկրի զարգացման գործում, միևնույն ժամանակ փորձում է ընդգծել իր դերն ու նշանակությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ արևելք-արևմուտք հիմնական և այլ ուղղություններով էներգետիկ հաղորդակցության ծրագրերում: Միևնույն ժամանակ, Իրանը չի բավարարվել մեկ ուղղությունով՝ զուգահեռ զարգացնելով հարաբերությունները եվրոպական երկրների հետ և փորձելով հարթել մահմեդական աշխարհի երկրների հետ ունեցած տարաձայնությունները:

Իրան-Ասիա. Իրանում եռօրյա պաշտոնական այցով գտնվող Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն մայիսի 2-ին հանդիպել է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման շրջանակներում ստորագրվել են ծովային հաղորդակցության, նավթային, բնական գազի, քիմիական, ջրային ռեսուրսների, էներգետիկ, գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության, առողջապահության, մշակութային և այլ ոլորտներին առնչվող 19 միջպետական պայմանագրեր և հուշագրեր: Կողմերը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները եռապատկել՝ հասցնելով $18 մլրդ-ի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա տարիներին Կորեան $25 մլրդ-ի չափով ներդրումներ կկատարի Իրանում, որոնք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը: Միևնույն ժամանակ, որոշում է կայացվել 2017թ. հայտարարել կորեական մշակույթի տարի Իրանում և հակառակը:

Մայիսի 19-ին Իրանի Չաբահար նավահանգստում տեղի է ունեցել հանդիպում Հնդկական օվկիանոսի ափամերձ ավելի քան 20 երկրների բարձրաստիճան ղեկավարների մասնակցությամբ: Հիմնական նպատակն է եղել քննարկել Հնդկական օվկիանոսի շրջակա երկրների միջև համագործակցության հարցերը: Իրանը նախատեսում է Չաբահար նավահանգիստը դարձնել առևտրային հաղորդակցության օղակ Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների միջև: Չաբահար նավահանգստի հնարավորությունների օգտագործման շուրջ ռեալ քայլեր ձեռնարկվեցին արդեն մի քանի օր անց: Մայիսի 22-ին երկօրյա պաշտոնական այցով Իրան ժամանեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իսկ հաջորդ օրը Թեհրան ժամանեց նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզան: Երեք երկրների ղեկավարների միջև հանդիպման ընթացքում ստորագրվեց եռակողմ տնտեսական համագործակցության պայմանագիր: Դրանով Իրանը, մասնավորապես՝ իրանական Չաբահար նավահանգիստը, դառնալու է Հնդկաստանի և Աֆղանստանի միջև առևտրային հաղորդակցության հիմնական ճանապարհը:

Տեղեկանք: Թեպետ Հնդկաստանն իր տարածքի հյուսիսարևմտյան հատվածում սահման ունի Աֆղանստանի հետ, որն անցնում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության առարկա հանդիսացով Քաշմիրի այն շրջանով, որն այժմ փաստացիորեն վերահսկում են Պակիստանի զինված ուժերը, հետևաբար՝ Հնդկաստանը չունի փաստացի սահման Աֆղանստանի հետ, իսկ ամենամոտ ճանապարհն անցնում է Իրանի տարածքով:

Հնդկաստանի և Աֆղանստանի ղեկավարները հանդիպումներ են ունեցել նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որոնց ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Նոր փուլ են թևակոխում նաև Իրան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունները: Իրանի նախագահ Ռոհանին հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է բանկային համակարգում, բիո- և նանոտեխնոլոգիաների ոլորտներում, օդային հաղորդակցության և այլ բնագավառներում համագործակցության հարցեր: Կողմերը ստորագրել են համագործակցության վերաբերյալ 12 միջպետական պայմանագիր:

Տեղեկանք: Հնդկաստանն իրանական նավթի խոշորագույն ներկրողներից մեկն է: Ներկայում Իրանից Հնդկաստան նավթի արտահանման ծավալները հասել են օրական 500.000 բարելի, ինչը վերջին 5 տարիների լավագույն ցուցանիշն է: Որպես վստահության քայլ՝ Հնդկաստանը կատարել է Իրանից ներկրված նավթի դիմաց գոյացած $6,4 մլրդ-ի պարտքի մասնակի մարում՝ $750 մլն-ի չափով:

Իրանը փորձում է զարգացնել տնտեսական կապերն ասիական մյուս տնտեսական հսկաների հետ ևս: Տոկիո կատարած այցի շրջանակներում Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին ճապոնացի գործընկեր Շինսակի Սուգիյամայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսական համագործակցության զարգացման, ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ: Իրանի տնտեսության զարգացման նպատակով Ճապոնիան վերջինիս կտրամադրի $10 մլրդ-ի չափով վարկային գիծ: Երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով մոտ ապագայում նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի այցն Իրան: Իսկ Չինաստանի հետ համագործակցությունը զարգանում է հիմնականում նավթային ոլորտում: Մասնավորապես, Չինաստանը պատրաստվում է ներդրումներ կատարել իրանական նավթային արդյունաբերության ոլորտում՝ օգնելով շահագործման հանձնել նոր նավթահորեր:

Իրանն ունի ցանկություն և մեծ հնարավորություններ ներգրավվելու Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ: Հարցը քննարկվել է կազմակերպության արտգործնախարարների տարեկան հանդիպման ժամանակ: Սակայն, ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, մի փոքր վաղ է քննարկել Իրանի անդամակցության հարցը, քանի որ օրակարգում դեռևս կա Հնդկաստանի ու Պակիստանի հարցը, և կազմակերպությունը պետք է կենտրոնանա նրանց վրա:

Իրան-մահմեդական երկրներ. Իսլամադավան երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպում է ունեցել Թեհրանում մահմեդական երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շիա և սուննի մահմեդականների միջև երկխոսության ամրապնդման հարցը:

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: Թեպետ այս հարցում պաշտոնական Թեհրանի դրական արձագանքը եղավ երկրի առաջին փոխնախագահի մակարդակով, կողմերը տարաձայնություններ ունեն Իրաքի և Սիրիայի հարցերում: Իրաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո պարզ դարձավ, որ օգտագործված քիմիական զենքը պայթեցվել է Թուրքիայում արտադրված պայթուցիկով, որից հետո Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարեց, որ տարածաշրջանային երկրները չպետք է փորձեն իրենց խնդիրները լուծել ահաբեկիչների ձեռքերով, ինչը կարող է հակառակ հետևանքներ ունենալ: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մեղադրանք տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության հասցեին: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը Իրաքում առկա իրավիճակի համար մեղադրում է Իրանին՝ վերջինից պահանջելով դադարեցնել Իրաքի ներքին գործերին խառնվելը: Չնայած Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի մեղադրանքներին, Իրանը շարունակում է զարգացնել տնտեսական կապերն Իրաքյան Քուրդիստանի հետ: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան օրական 20-30 հազար բարել նավթ արտահանելու վերաբերյալ, իսկ մոտ ապագայում նախատեսվում է կառուցել օրական մինչև 250 հազար բարել նավթ թողունակությամբ նավթատար խողովակ: Իրաքյան Քուրդիստանի չճանաչված հանրապետության համար սա կարող է լինել այլընտրանք թուրքական շուկային՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ ապագայում չի բացառվում հարաբերությունների սրում Էրբիլի և պաշտոնական Անկարայի միջև:

Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում դրական տեղաշարժեր չեն գրանցվել: Թեպետ պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնել քաղաքական երկխոսության միջոցով կարգավորել հարաբերություններն Էր Ռիադի հետ, կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել նույնիսկ Իրանի քաղաքացիների ուխտագնացությունը Մեքքա կազմակերպելու հարցում: Փոխարենը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզում է մեկ այլ սուննի մահմեդական պետություն՝ Մալդիվյան Հանրապետությունը: Մահմեդական երկրների՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման շքերթը լուրջ ազդակ պետք է լինի պաշտոնական Թեհրանի համար, քանի որ Էր Ռիադի քաղաքական հովանու տակ գտնվող սուննի մահմեդական երկրները, որոնք գերակշռում են իսլամական աշխարհում, շարունակում են բացահայտ հակաիրանական քաղաքականություն վարել:

Տեղեկանք: Ընթացիկ տարվա ապրիլին կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության տարեկան գագաթաժողովում Իրանի արտաքին քաղաքականությունը դատապարտող բանաձև էր ընդունվել: Դրանում Իրանը մեղադրվում է մերձավորարևելյան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, վերջինին կոչ է արվում իր արտաքին քաղաքականությունը վարել՝ հենվելով բարիդրացիության, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու իրավական սկզբունքների վրա:

Իրան-Հարավային Կովկաս. Ակնհայտ է, որ Իրանը ձգտում է զուգահեռ զարգացնել հարաբերությունները հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրների հետ, ինչն առաջին հերթին կարևորվում է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման տեսանկյունից: Պաշտոնական Թեհրանը շարունակում է ազդակներ հղել Երևանին և Բաքվին, որ կողմերի ցանկության դեպքում պատրաստ է ստանձնել ղարաբաղյան հարցով միջնորդական առաքելությունը: Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում եկկողմ համագործակցության հարցեր: Սաջադին հայտարարել է նաև, որ կողմերն ակտիվացնում են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ ձեռնարկումները:

Տարածաշրջանի երկրներից ամենապասիվը Վրաստանի հետ հարաբերություններն են: Ասիայի, Օկեանիայի և ԱՊՀ երկրների հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարբերությունները զարգացնելուն, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:

Ադրբեջանի նորանշանակ դեսպան Բունյադ Հուսեյնովի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում զարգացման նոր ազդակներ են պետք, իսկ որպես այդպիսին կարող է լինել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Իրան-Եվրոպա, սիրիական ճգնաժամի կարգավորում. Իրանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորն ակտիվ էր մայիսին: Եվրոպական երկրների հետ հարաբերությունները նոր փուլ կարող են թևակոխել Թեհրանում Եվրոպական միության մշտական ներկայացուցչության բացումով, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին մայիսի 4-ին այցելել է Պրահա, որտեղ չեխ գործընկերների հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները: Մայիսի 18-ին Թեհրան է ժամանել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Նախագահ Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցը, հատկապես մասնավոր սեկտորում: Երկու երկրների միջև ստորագրվել է տնտեսական ոլորտում համագործակցության երկու պայմանագիր: Ռոհանին ընդունել է եվրոպական ևս երկու երկրների՝ Լիտվայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներին: Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել քայլերը երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռոհանին ընդգծել է, որ որևէ երրորդ պետություն չի կարող խանգարել Իրանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացմանը՝ միևնույն ժամանակ իր աջակցությունը հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Մայիսի 29-ին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի ղեկավարած 60 հոգանոց պատվիրակությունը պաշտոնական շրջագայության մեկնեց եվրոպական չորս երկրներ՝ Լեհաստան, Ֆինլանդիա, Շվեդիա և Լատվիա: Զարիֆը լեհ գործընկերոջ հետ Վարշավայում ստորագրել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման հուշագիր: Կողմերը պայմանավորվել են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները՝ այն հասցնելով տարեկան մինչև $1 մլրդ-ի: Հելսինկիում կողմերը քաղաքական, տնտեսական, բանկային ոլորտներում և պառլամենտական հարցերում համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Ստոկհոլմում Զարիֆի և շվեդ գործընկեր Մարգոտ Վալստրյոմի հանդիպման հիմնական թեմաներն առնչվել են տարածաշրջանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրներին: Ռիգայում Զարիֆը հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի, պառլամենտի խոսնակի, արտաքին գործերի և գյուղատնտեսության նախարարների հետ:

Սիրիական հարցի կարգավորումը շարունակում է մնալ ինչպես Իրանի, այնպես էլ եվրոպական երկրների արտաքին քաղաքականության օրակարգում: Իրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆրանսուա Սենեմոյի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության հաստատումը, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի կարգավորումը, շահեկան է ինչպես Իրանի, այնպես էլ Ֆրանսիայի համար: Պաշտոնական Վաշինգտոնն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը կրում են հիմնական պատասխանատվությունը հրադադարի հաստատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններն Ասադի վարչակարգի կողմից կատարելու համար: Թերևս, Սիրիայի հարցով հիմնական իրադարձությունը մայիսի 16-ին և 17-ին Վիեննայում կազմակերպված միջազգային հանդիպումն էր: Հանդիպումները հիմնականում տեղի են ունեցել փակ դռների հետևում: Ջավադ Զարիֆը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակիցների հետ: Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հանդիպել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատարի տեղակալ Հելդա Շմիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես սիրիական խնդրին, այնպես էլ Իրանի հետ միջուկային համաձայնագրին և ԵՄ-Իրան հարաբերություններին առնչվող հարցեր:

Իրան-ԱՄՆ, միջազգային պատժամիջոցներ. Մայիսի 5-ին Իրանի արտաքին գործերի գերատեսչությունը ԱՄՆ դեսպանության գործառույթները կատարող Շվեյցարիայի դեսպանատուն է հանձնել բողոքի նոտա, որտեղ պաշտոնական Թեհրանը կոշտ պատասխան է տվել ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում սենատոր Ռենդի Ֆորբսի առաջ քաշած բանաձևին: Դրանով Իրանը մեղադրվում է Պարսից ծոցի ավազանում իրավիճակը սրելու և արտասահմանում գործող ԱՄՆ զինված ուժերի համար վտանգ ստեղծելու մեջ: Բողոքի նոտայով Իրանը փոխադարձ մեղադրում է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գործերին խառնվելու մեջ՝ միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ շարունակելու է ձեռնարկել քայլեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Իրանը շարունակում է պայքարել ԱՄՆ բանկերում իրանական սառեցված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ: Երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կոչ է արել արտաքին գործերի նախարարությանը ԱՄՆ-ում Իրանի սառեցված ակտիվների վերադարձի հարցով դիմել ՄԱԿ միջազգային դատարան: Իսկ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ դատարանի որոշումն իրավական հիմքեր չունի ոչ Իրանի և ոչ էլ նրա գումարների վրա: Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքի մի նախագիծ, որով ԱՄՆ-ից պահանջվում է փոխհատուցում 1953թ. Իրանում հեղափոխություն կազմակերպելու, դրանից հետո 26 տարի շարունակ Իրանի ռեսուրսների հաշվին իր նավթային պահանջները բավարարելու, 1980-ական թթ. Իրանի տարածք իրաքյան ներխուժմանն աջակցելու, Իսրայելի հակաիրանական գործողություններին սատարելու, ինչպես նաև Իրանի ակտիվների սառեցման հետևանքով կրած ֆինանսական կորուստների դիմաց:

Իրանը դժգոհ է միջուկային համաձայնագրի կետերի կատարման գործընթացից և գտնում է, որ արևմուտքի կողմից արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Թեպետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Իրանի հետ համագործակցող եվրոպական բանկերի նկատմամբ ու կոչ է արել վերջիններիս Իրանի հետ չհամագործակցելու մեջ չմեղադրել ԱՄՆ-ին, վեցնյակի հետ պայմանավորվածությունների չկատարման հարցում Իրանը շարունակում է մեղադրել հենց ԱՄՆ-ին: ԵՄ արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներին փաստել է, որ Իրանը կատարում է իր մասով պարտավորությունները: Մայիսի 20-ին արդեն պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ այլևս արգելանք չի դնի Իրանի նավթի վաճառքի ծավալների վրա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը չի պատրաստվում թույլ տալ Իրանին մուտք գործել ԱՄՆ ֆինանսական համակարգ: Երկրի ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինը հայտարարել է, որ շարունակելու է գործել արգելանքը, ըստ որի՝ ԱՄՆ քաղաքացիները չեն կարող ներդրումներ անել Իրանում, ինչպես նաև վերջինին հասու չեն կարող լինել ԱՄՆ շուկան և բանկային համակարգը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր