• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Անցած ամիս շարունակվել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վերափոխման գործընթացը։ Տեղի են ունեցել փոփոխություններ ինչպես «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայում և դրա կորիզը կազմող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունում, այնպես էլ երկրի ընդդիմադիր հատվածում։ Ներքաղաքական բախումներում ժամանակ առ ժամանակ առաջին պլան են մղվել արտաքին քաղաքական հարցեր, որոնք դարձել են ներքին դաշտում ընթացող վերափոխումների և վերախմբավորումների կատալիզատորը։ Իրենց կուսակցության ցուցակի առաջին տասնյակն է ներկայացրել նաև ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»։

Եվրատլանտյան ինտեգրման դիլեման և տարաձայնություններ կառավարող կուսակցության շարքերում

Ամսվա սկզբին Վրաստանի արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Վրաստանի ընտրացուցակներում ներառված է 3,53 մլն մարդ, այն դեպքում, երբ, ըստ վերջին մարդահամարի տվյալների, Վրաստանում 3,7 մլն մարդ է ապրում (3,43 մլն մարդ 2014թ.)։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ ցուցակում ներառվել են նաև այն մարդիկ, ովքեր ապրում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի, Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնել ընտրացուցակների կազմմանն անհրաժեշտ տվյալները տարին չորս անգամ։

Տվյալների հրապարակումից հետո Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ և ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն խիստ քննադատության է ենթարկել Վրաստանի կառավարությանը և նրա «ոչ ֆորմալ առաջնորդ» Բիձինա Իվանիշվիլուն այն բանի համար, որ նրանք պատրաստվում են «մանիպուլյացիայի ենթարկել 700 հազ. ձայն»։

Երկարատև խորհրդակցություններից և վեճերից հետո Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու և ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիայի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշել է խորհրդարանական ընտրությունները և Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրությունները նշանակել հոկտեմբերի 8-ին, իսկ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը՝ հունիսի 8-ին՝ ընտրություններից չորս ամիս առաջ։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա պետք է ասել, որ կառավարող կոալիցիայի ներսում բախումներին տեմպ հաղորդեցին մայիսի 8-9-ին խորհրդարանի պատգամավոր (կառավարող կոալիցիայից) Թամազ Մեչիաուրիի հայտարարությունները։ Մեչիաուրին մայիսի 8-ին, մեկնաբանելով վրաց-ամերիկյան երկրորդ զորավարժությունները («Արժանի գործընկեր», անցկացվեցին Թբիլիսիի մերձակայքում՝ Վազիանիում, մայիսի 11-26-ին), նշեց, որ դրանք «կարող են սպառնալիք պարունակել» ու սրել Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները և հանգեցնել զինված հակամարտության Ռուսաստանի հետ, ինչպես տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին։ Արդեն հաջորդ օրը նա հարցականի տակ դրեց Վրաստանի եվրատլանտյան ապագան՝ հայտարարելով, թե «ոչ ոք Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանին չի ընդունի, եթե նա չհրաժարվի (իր կազմում) Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելուց»։ Մեչիաուրին նշեց, որ նման սցենարը չի համապատասխանում Վրաստանի շահերին, և այդ պատճառով ինքը չի ողջունում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նման իրողությունների պայմաններում, երբ խախտված է երկրի «տարածքային ամբողջականությունը»։

Ոչ միայն կառավարող կոալիցիայի պատգամավորի, այլ նաև խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահի հայտարարությունը քննադատության ալիք առաջացրեց ինչպես խորհրդարանական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, այնպես էլ Հանրապետական կուսակցության գործընկերների կողմից։ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին (հանրապետական) պատգամավորի խոսքերը «զառանցանք» անվանեց», իսկ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին (հանրապետական), քննադատելուց բացի, հանրության ուշադրությունը հրավիրեց նաև «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության «լռության» վրա։ Հանրապետական ևս մեկ պատգամավոր՝ Դավիթ Բերձենիշվիլին, նշեց, որ վարչապետը պետք է հեռացնի Մեչիաուրիին կառավարող կոալիցիայից։

Այնուամենայնիվ, կառավարող կուսակցության առաջնորդ և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու արձագանքը երկար սպասել չտվեց. նա լրատվամիջոցներին տեղեկացրեց, թե «ափսոսում» է, որ Մեչիաուրիի դիրքորոշումը «լիովին շեղվում է» «Վրացական երազանքի» արտաքին քաղաքական գծից։ Այսպես արձագանքելով Մեչիաուրիի հայտարարություններին՝ Վրաստանի վարչապետը զուգահեռ քննադատեց նաև Պաատա Զաքարեիշվիլու նկատողությունները կառավարող կուսակցությանը և նախարարի ձևակերպումներն «անընդունելի» համարեց, իսկ հայտարարությունը որակեց որպես «հապճեպ արված և հեռու օբյեկտիվությունից»։

Պատասխանելով պաշտպանության նախարարին՝ Թամազ Մեչիաուրին ասաց, որ Խիդաշելին «պատերազմի ոլորտում գոնե համակարգչային խաղեր պետք է իմանա»։ Միևնույն ժամանակ, մեկնաբանելով վարչապետի արած հայտարարությունն իր հասցեին՝ պատգամավորը նշեց, որ վարչապետն ինքն էլ լիովին վստահ չէ, որ տարվող արտաքին քաղաքական գիծը ճիշտ է։ Պատգամավորը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում պատրաստ է թողնել պաշտոնը և կուսակցությունը, եթե հրաժարական տան հանրապետական բոլոր նախարարները։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն նշեց, որ համամիտ է Մեչիաուրիի հետ՝ ասելով, որ Վրաստանի իշխանությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը «զանգվածային փսիխոզ» է՝ «շանսերի» բացակայության պատճառով։ Ըստ քաղաքական գործչի, եթե Վրաստանը զորավարժություններ է անցկացնում այն բանի համար, որպեսզի քաղաքական հայտարարություններ թափահարի այնպես, ինչպես կարմիր դրոշակ են թափահարում ցլամարտում, ապա «դա ոչ մի լավ բան չի բերի Վրաստանին»։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիայի բացասական արձագանքը Մեչիաուրիի խոսքերին նույնպես սպասելի էր։ Քաղաքական գործիչը հերթական անգամ հայտարարեց, որ Վրաստանի քաղաքական գծի հետ կապված հարցերն առաջ են եկել երկու տարի առաջ (2014թ. նոյեմբերին Ալասանիայի կուսակցությունը դուրս եկավ «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից)։ Ինչպես նշեց Ալասանիան, ի տարբերություն Մեչիաուրիի, Վրաստանի բնակչության 70%-ը լրիվ հակառակն է մտածում և կողմնակից է եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրմանը։

Զուգահեռաբար, մայիսի 11-ին «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը լքեց քաղխորհրդի անդամ Արմազ Ախվելդիանին, որը ԶԼՄ-ին կուսակցությունից իր հեռանալը բացատրել էր նրանով, որ «Վրացական երազանքը» հավատարիմ չի մնացել 2012թ. ստանձնած գլխավոր պարտականություններին և չի կարողացել դառնալ դեմոկրատական ինստիտուտ։ Ըստ նրա՝ պատճառը կուսակցությունում արմատավորված «արատավոր կառավարումն» է՝ «ինքնագոհ, հասարակությունից կտրված քաղաքական ընտրանի, որը հրաժարվում է փոփոխություններից և սահմանափակվում է ձևականություններով»։ Նա մեղադրեց կուսակցության քաղաքական ղեկավարությանը և իրավապահ մարմիններին գաղտնալսումների մեջ։

Մեկնաբանելով Արմազ Ախվելդիանիի հեռանալը՝ կառավարող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիա Վոլսկին, նրա կուսակցական գործունեությունը գնահատել է որպես ցածր, օգտակար գործողության նվազագույն գործակից ունեցող։ Քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլու կարծիքով՝ Ախվլեդիանիի հեռանալը կուսակցությունից մատնանշում է «Վրացական երազանքի» փլուզումը, որն սկսվել է կոալիցիայի փլուզումից հետո։ Գործընկերոջ հետ համաձայն չէր քաղաքագետ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլին։ Նրա կարծիքով՝ Ախվլեդիանին վաղուց արդեն իրականում հեռացել էր կուսակցությունից, և նրա հեռանալը ոչինչ չի նշանակում կուսակցության համար։ Ըստ նրա՝ կուսակցությունում տեղի են ունենում սովորական երևույթներ, իսկ վարկանիշի հետ կապված խնդրի պատճառով աճում են ներքին մրցակցությունն ու լարվածությունը, և բոլոր կուսակցությունները հակադրվում են մեկը մյուսին։ Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Խուխաշվիլին նշեց, որ ընտրողների մեծ մասը հեռու է մնում երկրի ողջ քաղաքական ընտրանուց, չի վստահում նրան և «ինչ-որ նոր բան» է փնտրում։ Սակայն, փորձագետի կարծիքով, ինչ-որ այլընտրանքի ստեղծման մասին խոսելը դեռ վաղ է։

Ինչ վերաբերում է ներքաղաքական հետագա վերախմբավորումներին, ապա «Ազգային համաժողովից« հետո մայիսի 17-ին կառավարող կոալիցիայից դուրս եկավ նաև Գոգա Թոփաձեի «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը, որը նույնպես, ինչպես և Թամազ Մեչիաուրին, հարցականի տակ էր դրել վրացական կառավարության ու նրա կառավարող կոալիցիայի արտաքին քաղաքական գիծը։ Դուրս գալով կոալիցիայից՝ «Արդյունաբերողների» առաջնորդը չի բացառել նաև այն, որ ընտրություններին կմասնակցի ոչ խորհրդարանական ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» (Իրմա Իվանիշվիլի) կուսակցության հետ համատեղ։ Երկու քաղաքական ուժերն էլ ներկայանում են որպես «վրացամետ» և հանդես են գալիս հօգուտ Ռուսաստանի հետ շփումների խորացման, ընդհուպ մինչև Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։

Վերադառնալով Մեչիաուրիի հայտարարությանը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 12-ին նշել է, որ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ ընտրվելու դեպքում «կուսակցական նոր թիմում չեն լինի մարդիկ, ովքեր կասկածներ ունեն Վրաստանի արտաքին քաղաքական գծի հարցում»։ Մայիսի 14-ին արդեն, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հերթական համագումարում գործող վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին ընտրվեց կուսակցության նախագահ։ Դրանով իսկ նա զբաղեցրեց մի պաշտոն, որը թափուր էր մնացել 2015թ. դեկտեմբերից, երբ հրաժարական էր տվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետն իր ելույթում նշեց, որ իր համար «մեծ պատասխանատվություն և մարտահրավեր է»՝ լինել այն կուսակցության նախագահը, որը (Վրաստանի) «նորագույն պատմության ծանրագույն պահերից մեկին» կատարել է «բեկումնային դեր պետության զարգացման ճանապարհին»։ Նա նաև ընդգծեց, որ կուսակցությունը պետք է «միասնական տեսլական» ունենա երկրի համար կենսականորեն կարևոր հարցերում, և «բոլորը պետք է հարգեն այդ տեսլականն ու ենթարկվեն թիմի որոշումներին»։ «Մեր կուսակցության արտաքին քաղաքական գիծը լիովին համընկնում է վրաց ժողովրդի պատմական կամքին՝ լինել Եվրոպայի մաս... Հենց դրա համար էլ մենք ուղղություն ենք վերցրել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ, մենք չենք շրջվի այդ ճանապարհից», ասել է նա և ավելացրել, որ Վրաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում և Ռուսաստանի հետ։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը հաստատել էր այն օրենքի լրացումները, որի համաձայն՝ վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին կարող է գլխավորել «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանի» ընտրացուցակը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում՝ պահպանելով կառավարության ղեկավարի պաշտոնը։ Սակայն օրենսդրական փոփոխությունները չեն տարածվելու կառավարության մյուս անդամների վրա, որոնք նախընտրական ցուցակներ մտնելուց հետո պարտավոր են լինելու հրաժարվել իրենց պաշտոններից։ Այսպիսով, կարելի է փաստել, որ այս փոփոխությունը նախաձեռնվել է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կոալիցիայի կողմից իրենց նոր առաջնորդի՝ Գեորգի Կվիրիկաշվիլու համար։

Կուսակցության համագումարում այլ հարցերի թվում հաստատվեց նաև կուսակցության նորացված քաղաքական խորհուրդը։ Կվիրիկաշվիլին գլխավորեց կուսակցության քաղխորհուրդը՝ կազմված 21 ամդամից։ Խորհրդում տեղերը պահպանեց նախկին անդամների մեծ մասը, մասնավորապես. կուսակցության գլխավոր քարտուղար, փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, պատգամավորներ Գիա Վոլսկին, Զվիադ Կվաչանթարիձեն, Մանանա Կոբախիձեն, Էկա Բեսելիան, Իրակլի Սեսիաշվիլին, Իրակլի Տրիպոլսկին, Թեմուր Չկուասելին, Գեդևան Փոփխաձեն, ինչպես նաև ֆինանսների նախարար Նոդար Խադուրին և Գործընկերային ֆոնդի նախագահ Դավիթ Սագանելիձեն։ Քաղխորհրդի նոր անդամ դարձան կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և խորհրդի նոր ութ անդամներ՝ Դավիթ Բաքրաձեն (եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետական նախարար), Դավիթ Կոգուաշվիլին (Նոր աջերի նախկին պատգամավոր, Իրակլի Օքրուաշվիլու կուսակցության նախկին անդամ), Սոֆո Քիլաձեն (ՆԳՆ ակադեմիայի պրոռեկտոր), Զվիադ Գոնաձեն (փոխարտգործնախարար), Ակակի Զոիձեն (մինչև 2003թ. առողջապահության գծով պետական նախարարի տեղակալ), Մամուկա Մդինարաձեն (գործող փաստաբան), Ռոման Կակուլիան (ԵՄ օգնության կոորդինացման վարչության պետ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետական նախարարի աշխատակազմում), Իրինա Պրուիձեն (Նոր աջերի նախկին ներկայացուցիչ, «Ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ ակումբի անդամ)։

Վրաստանի վարչապետի՝ կուսակցության նիստում արտասանած հանդիսավոր ճառից հետո խորհրդարանական մեծամասնության անդամ Թամազ Մեչիաուրին անմիջապես հայտարարություն արեց այն մասին, որ մինչև ժամկետի ավարտը կմնա մեծամասնությունում, բայց կարող է ստեղծել սեփական կուսակցություն։ «Չի բացառվում, որ համախոհների հետ միասին կուսակցություն կստեղծենք։ Նրանք հիմնականում վրացամետ ուժեր կլինեն՝ ազգային հայացքներով, այլ ոչ թե ռուսամետներ, ինչպես հիմա նրանց անվանում են։ Մենք կհամագործակցենք ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- ասել է Մեչիաուրին։

Ըստ նրա՝ «Վրացական երազանք» կուսակցությունում իր մնալու հարցը կպարզվի Վրաստանի գործող և նախկին վարչապետերի հետ խորհրդակցություններից հետո։ Բայց և այնպես, արդեն մայիսի 21-ին, «Վրացական երազանքի» խմբակցության պատգամավորների՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո, որին ներկա էր նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Թամազ Մեչիաուրին ասաց, որ դուրս է գալիս «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից։ Չնայած կուսակցությունից դուրս գալուն՝ Մեչիաուրին ասաց, որ կմնա ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահի պաշտոնին, ինչպես նաև կմնա «Վրացական երազանքի» խմբակցության անդամ՝ նախկին կուսակիցների խնդրանքով։

Չնայած վարկանիշի հետ կապված խնդրին՝ Սակրեբուլոյի (մունիցիպալ ժողով)՝ մայիսի 22-ին տեղի ունեցած միջանկյալ մեծամասնական ընտրություններում «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը շահեց մեծամասնական ինը մանդատներից յոթը։ Սակայն ընտրություններն ունեցել են որոշակի խնդիրներ՝ կապված Միխայիլ Սաակաշվիլու կուսակցության ընդդիմադիրների դիմակայության հետ։

Ավելի ուշ, «Վրացական երազանքին» և նրա վարկանիշը որոշեց պաշտպանել նաև նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որը համարվում է «Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչը»։ Մայիսի 30-ին հրապարակվեց նրա «Բաց նամակը», որի հիմնական մեսիջը երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հետևյալն էր. անհնար է վերադառնալ Միխայիլ Սաակաշվիլու և ՄԱՇ կառավարման ժամանակին։ Միևնույն ժամանակ, Բ.Իվանիշվիլին բացառել էր իր անմիջական մասնակցության հնարավորությունը նախընտրական քարոզարշավին։

Վրացական ընդդիմադիր կուսակցությունները և փոփոխվող քաղաքական լանդշաֆտը

Ինչ վերաբերում է քաղաքական մյուս կուսակցություններին, ապա հիմնական ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժումը», նույնպես լավ վիճակում չէ։ Նրա առաջնորդների միջև հերթական տարաձայնությունների արդյունքում՝ մայիսի 5-ին կուսակցությունը լքեց պատգամավոր Գեորգի Վաշաձեն, որն անմիջապես հայտարարեց, թե մտադիր է ստեղծել սեփական կուսակցություն և ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ Քաղաքական գործիչը նախկին զինակիցներին և ՄԱՇ առաջնորդներ Դավիթ Բաքրաձեին, Միխայիլ Մաչավարիանիին, Գիգա Բոկերիային մեղադրեց «կաբինետային կառավարման» մեջ։ Մեկնաբանելով իր նախկին զինակցի քայլը՝ Միխայիլ Սաակաշվիլին Վաշաձեի այս արարքը բնութագրել է որպես «օլիգարխ Իվանիշվիլու նախընտրական խաղերի» մի մաս։

Ամսվա կեսին՝ մայիսի 17-ին, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն վրաց հանրությանը ներկայացրեց կուսակցության ընտրացուցակի առաջին տասնյակը, որը համաձայնեցվել էր նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հետ։ Քաղաքական գործչի խոսքերով՝ ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է. 1. Դավիթ Բաքրաձե, 2. Ելենա Խոշտարիա, 3. Ռոման Գոցիրիձե, 4. Նիկա Մելիա, 5. Գեորգի Թութուշի, 6. Օթո Կախիձե, 7. Սալոմե Սամադաշվիլի, 8. Իրակլի Աբեսաձե, 9. Սերգի Կապանաձե, 10. Սերգո Ռատիանի։ Կուսակցությունում նոր դեմքեր են նաև Լելա Կեբուրիան, Դիտո Ձագնիձեն, Սոֆիա Սիուկաևան, Նինո Կվինտաիշվիլին, Մարիամ Ռամինաշվիլին և Բեսո Ծերեդիանին։ Նրանց համարներն, ըստ Բաքրաձեի, ընտրացուցակում դեռևս ճշտված չեն։

Վերադառնալով Սակրեբուլոյի՝ մայիսի 22-ի միջանկյալ մեծամասնական ընտրություններին՝ նշենք, որ երկու ընտրական օկրուգներում՝ Օզուրգեթի շրջանի Նասակիրալի միամանդատ օկրուգում և Զուգդիդիի շրջանի Կորցխելի միամանդատ օկրուգում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» (4 թեկնածու 9 օկրուգից)։ Դրանցից մեկում՝ Կորցխելի օկրուգում, վեճ տեղի ունեցավ ընտրատեղամասի սահմաններից դուրս, որի ժամանակ կառավարող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմնակիցները ծեծի ենթարկեցին ՄԱՇ մի քանի առաջնորդների և ակտիվիստների, որոնց մեջ էին Գիգա Բոկերիան, Նիկա Մելիան և Թենգիզ Գունավան։ ՄԱՇ-ում անմիջապես հայտարարեցին այն մասին, որ կռիվը նախօրոք ծրագրել էր կառավարող կուսակցությունը։ Խորհրդարանի պատգամավոր (ՄԱՇ-ից) Գոկա Գաբաշվիլին ասաց, որ ՄԱՇ անդամների վրա ֆիզիկական հարձակման պատասխանատվությունն ընկնում է իշխանության, «անձամբ վարչապետ Կվիրիկաշվիլու և նրա տիրոջ՝ Բիձինա Իվանիշվիլու վրա»։ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն, որը միևնույն ժամանակ նաև էներգետիկայի նախարարն է, ՄԱՇ-ին մեղադրեց իրավիճակն արհեստականորեն սրելու, «սադրանքների և ժողովրդին գրգռելու» մեջ։

Արձագանքելով այս իրադարձությանը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը կառավարող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահն է, դատապարտեց Կորցխելի գյուղում տեղի ունեցած բռնի միջադեպը և կոչ արեց, որպեսզի այդուհետ իրավապահ մարմինները զգոն լինեն, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն։ «Միջադեպը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները պետք է պատժվեն։ Դա պետության արժանապատվության հարցն է լինելու, որպեսզի մենք խաղաղ ընտրություններ անցկացնենք և մեր համաքաղաքացիներին հնարավորություն տանք քվեարկել իրենց ընտրյալի օգտին առանց որևէ բռնության, խաղաղ միջավայրում»,- ասել է վարչապետը։

Չնայած կառավարության ղեկավարի այս դատապարտմանը՝ մայիսի 25-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանում մեծամասնության և փոքրամասնության միջև միջադեպ տեղի ունեցավ, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավորները բոյկոտ հայտարարեցին՝ ի նշան բողոքի Կորցխելի գյուղում բռնության միջադեպի հետ կապված, և լքեցին դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանի աշխատանքին։

Վրաստանի ներքաղաքական տարածքում շարունակվել է նաև քաղաքական նոր սուբյեկտների ստեղծման գործընթացը։ Մայիսի 25-ին տեղի ունեցավ քաղաքական նոր ուժի՝ «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական շարժման հիմնադիր համագումարը։ Նոր ուժը, որը հանդես է գալիս թե՛ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանի» և թե՛ «Միասնական ազգային շարժման» հասցեին քննադատական հայտարարություններով, գլխավորում է հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, որը, որոշ սոցհարցումների համաձայն, վայելում է երկրի շարքային քաղաքացիների աջակցությունը։

Մեկ այլ կուսակցություն՝ «Հանուն երջանիկ Վրաստանի», որը հիմնել է Կիևի նախկին քաղաքապետ, ներկայում Վրաստանում ապրող Լեոնիդ Չեռնովեցկին, մայիսի 17-ին հայտարարեց կուսակցության ինքնալուծարման և քաղաքականությունից հեռանալու մասին։

Վրաստանը թվերով

Համընդհանուր մարդահամար. Վրաստանի 3,713 մլն (2014թ. նոյեմբերի տվյալներ) բնակիչներից վրացերեն խոսում է 86,7%-ը, այն դեպքում, երբ ադրբեջաներեն խոսում է 6,2%-ը, հայերեն՝ 3,9%-ը և ռուսերեն՝ 1,2%-ը։ Բնակչության այս ընդհանուր թվի 7,1%-ը կամ 263,7 հազ. մարդ ազատ չի խոսում պետական լեզվով։ Նրանց 65,3%-ը նրանք են, որոնց համար մայրենի լեզուն ադրբեջաներենն է, 28,2%-ի համար՝ հայերենն է, 3,4%-ի համար՝ ռուսերենը։

Աղքատության մակարդակի ուսումնասիրություն. Համաձայն «Բիզնես-ռեզոնանսի» թերթի ուսումնասիրության, որը հենվում է Վրացվիճծառայության մեթոդաբանության և Վրաստանի սոցիալական սպասարկման գործակալության տվյալների վրա, վերոնշյալ 3,713 մլն-ից 1,413 մլն-ն կամ 38%-ը գտնվում են աղքատության շեմից անդին և պետության օգնության կարիքն ունեն։

Տրանսֆերտներ. Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա ապրիլին կազմել է $94,8 մլն, ինչը 4%-ով կամ $3,7 մլն-ով ավելի է, քան 2015թ. ապրիլին։ Այդ գումարի մեկ երրորդը՝ $31,6 մլն, բաժին է ընկնում Ռուսաստանին, որն առաջատարն է Վրաստան կատարվող դրամական փոխանցումների հարցում։ Ռուսաստանին հաջորդում են Հունաստանը՝ $11,8 մլն, ԱՄՆ-ը՝ $9,9 մլն, Իտալիան՝ $9,8 մլն, Թուրքիան՝ $7,2 մլն, Իսրայելը՝ $4,7 մլն և այլն։

Նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների 90,3%-ը բաժին է ընկնում 12 խոշոր դոնոր երկրների, որտեղից կատարվող դրամական փոխանցումների ծավալը ապրիլին գերազանցել է $1 մլն-ն։ Այդ 12 երկրներին 2015թ. ապրիլին բաժին է ընկել փոխանցումների 91,8%-ը։ Վրաստանից արտասահման 2016թ. ապրիլին փոխանցվել է $16,3 մլն, ինչը 12%-ով կամ $1,8 մլն-ով ավելի է, քան 2015թ. ապրիլին։

ՀՆԱ. Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ՝ Վրաստանի ՀՆԱ իրական աճը 2016թ. ապրիլին, 2015թ. ապրիլի համեմատ, կազմել է 4,3%։ 2016թ. առաջին չորս ամիսների ընթացքում ՀՆԱ միջին իրական աճը կազմել է 2,8%։ Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում այդ ցուցանիշը կազմել է 2,6%։ 2016թ. կառավարությունը կանխատեսում է 3%-ոնց տնտեսական աճ (2015թ. Վրաստանի տնտեսությունն ունեցել է 2,8% աճ, ինչն ամենաթույլն է եղել 2009 թվականից հետո)։

Սղաճ. Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ՝ 2016թ. ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, սղաճի մակարդակը Վրաստանում կազմել է -0,6%, իսկ անցած տարվա համապատասխան ամսվա համեմատ (տարեկան սղաճի մակարդակը) կազմել է 3,2%։ 2010թ. միջին ցուցանիշի համեմատ սպառողական գների ինդեքսը բարձրացել է 17,0%-ով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր