• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2016

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ տնօրեն


Տեղեկատվական տարածքում այսպես է ընդունված անվանել այս կամ այն երկրում նախապես պլանավորված զանգվածային բողոքների շարքը, որն ավարտվում է տիրող քաղաքական վարչակազմի տապալմամբ։ Այդ գործընթացներում լայնորեն կիրառվում են տեղեկատվական–հոգեբանական ազդեցության գործողությունները և դրանցից բխող էֆեկտները [1, 2]։ Դասական «գունավոր հեղափոխություններ» են համարվում, մասնավորապես.

  • «Բուլդոզերային հեղափոխությունը» Հարավսլավիայում, 2000թ.,
  • «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, 2003թ.,
  • «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, 2004թ.,
  • «Կակաչների հեղափոխությունը» Ղրղզստանում, 2005թ.,
  • «Արժանապատվության հեղափոխությունն» Ուկրաինայում, 2013-2014թ., որն ավելի հաճախ ուղղակի անվանում են «Եվրամայդան»։

Վերը ներկայացվածների շարքին են դասվում նաև «Լոտոսի հեղափոխությունը» Եգիպտոսում և Թունիսի իշխանափոխությունը՝ 2011թ. սկսված «Արաբական գարնան» համատեքստում։ Որոշ հետազոտողներ «գունավոր» են համարում 1990-1991թթ. Ռուսաստանում կատարված «Ազատական հեղափոխությունը»։

Եղել են նաև նման հեղափոխությունների անհաջող (այս կամ այն չափով) փորձեր Բելառուսում (2006թ.), Հայաստանում (2008թ.), Մոլդովայում (2009թ.), Ռուսաստանում (այսպես կոչված «Բոլոտնայա»1 հեղափոխությունը» 2011-2013թթ.) և Չինաստանում (2011թ.)։ «Հասմիկների հեղափոխության» ժամանակ Շանհայում ակտիվիստներին հաջողվեց անգամ ժամանակավորապես զավթել հեռուստակայանը և ուղիղ եթերում ներկայացնել իրենց նպատակները։

Ինչպես տեսնում ենք, «գունավոր հեղափոխությունները» կամ դրանց իրագործման փորձերը բավական հաճախ են կատարվում, դրանք կազմում են մեր ժամանակաշրջանի քաղաքական զարգացումների մի մասը։ Անշուշտ, մարդկության պատմության ընթացքում եղել են հեղափոխություններ («ֆրանսիական», «անգլիական», «ռուսական» կամ «չինական»), որոնք պայմանավորված էին սոցիալ–տնտեսական կացութաձևի և ըստ այդմ՝ քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտությամբ։ Սակայն վերը բերված ցուցակի «գունավոր» հեղափոխությունները միանգամայն այլ բնույթ են կրել և այլ նպատակներ հետապնդել։ Այս նոր տիպի հեղափոխությունները հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական գործոններով և հանդիսանում են որոշ տերությունների քաղաքականության շարունակությունն այսպես կոչված «փափուկ ուժի» միջոցներով։ Միևնույն ժամանակ, «գունավոր հեղափոխությունների» իրագործումը կամ դրանց փորձը ենթադրում է որոշակի նախապայմաններ, որոնցից առանձնացնեք հետևյալները։

Գունավոր հեղափոխությունների արտաքին դրդապատճառները և նախապայմանները. Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաբարձր քաղաքական մակարդակով բազմաթիվ հայտարարություններ եղան Սառը պատերազմի ավարտի մասին։ Սակայն շատ չանցած աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական ավանդական հակասություններն ընդհանրական Արևմուտքի, Ռուսաստանի և գերտերություն դարձած Չինաստանի միջև նոր թափ ստացան։ Ակնհայտ է, որ գլոբալ հարթությունում ընթանում է նոր՝ Երկրորդ սառը պատերազմը, որի զինանոցը համալրվել է տեղեկատվական–հոգեբանական պատերազմների հայեցակարգերով, զենքերով ու դրանց կիրառման մեթոդաբանությամբ, որոնք լայնորեն կիրառվում են ստեղծված իրադրությունում։ Ավելին, ներկայիս բազմակենտրոն աշխարհակարգի պայմաններում այդ գործընթացներում կարևոր դերակատարում են ձեռք բերել ինչպես ռազմատնտեսական առումով ոչ այնքան առաջատար երկրները, այնպես էլ մեծ ռեսուրսների տիրապետող ոչ պետական կառույցները։ Նման բազմապլան հակամարտություններում որպես հակառակորդներին թուլացնելու, իսկ որոշ դեպքերում՝ անցանկալի վարչակազմերին տապալելու միջոց սկսեցին օգտագործվել նաև այդ երկրների հասարակությունները, որոնցում առկա են հիմնախնդիրներ, հիմնականում՝ կապված մարդու իրավունքների կամ ընտրական օրենքների խախտման հետ։ Այս խնդրում անհրաժեշտ է դասակարգել և տարբերել կիրառվող մոտեցումները.

  1. «Գունավոր հեղափոխության» փորձը կատարվում է «պայմանական հակառակորդի» երկրում, բայց ոչ այդ երկրի վարչակազմին տապալելու նպատակով, քանի որ դա ակնհայտորեն իրատեսական չէ։ Տեղի ունեցած իրադարձությունների նպատակն է դրանք ԶԼՄ-ում լայնորեն լուսաբանելը (համապատասխան մեկնաբանություններով), ինչը բացասաբար է ազդում պայմանական հակառակորդի միջազգային հեղինակության վրա։ Արդյունքում, օրինակ, վատանում են տվյալ երկրի տնտեսական ցուցանիշները (այսպես կոչված «էֆեկտների» հետևանքը)։ Ի լրումն՝ հակառակորդ երկրում ստեղծված «ակտիվ բողոքող» խմբավորումները լրացուցիչ խնդիրներ են առաջացնում այդ երկրի ներքին քաղաքական դաշտում։ Նման հեղափոխությունների օրինակ կարող են հանդիսանալ «Բոլոտնայա» հեղափոխությունը» Ռուսաստանում և «Հասմիկների հեղափոխությունը» Չինաստանում։
  2. «Գունավոր հեղափոխությունը» կատարվում է ոչ թե «պայմանական հակառակորդի» երկրում, այլ իրագործվում է, օրինակ, վերջինիս ազդեցության տակ գտնվող պետությունում։ Վերջինը, դուրս գալով «պայմանական հակառակորդի» ազդեցության ոլորտից, թուլացնում է նրա՝ տվյալ տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում ունեցած դիրքերը։ Նման ռազմավարության առավել ակնհայտ արտահայտություն պետք է համարել 2003թ. «Վարդերի» հեղափոխությունը Վրաստանում և 2004թ. և 2013թ. հեղափոխություններն Ուկրաինայում։ Դրանց անթաքույց նպատակն էր քաղաքակրթական, քաղաքական և տնտեսական առումով «պոկել» այդ երկրները Ռուսաստանից։ Կարևոր հանգամանք է, որ նման համատեքստում «հեղափոխություն» իրագործած հասարակությունները կարող են հայտնվել նաև բավական անբարենպաստ պայմաններում։ Օրինակ, Վրաստանը պատերազմ հայտարարեց Հարավային Օսիային և, կարելի է ասել, վերջնականորեն կորցրեց այդ տարածքը, Ուկրաինան կորցրեց Ղրիմը, իսկ Դոնբասում և Լուգանսկում ստեղծվեց անորոշ իրավիճակ (նկատենք նաև, որ այս երկրի համախառն ներքին արտադրանքը 2014-2015թթ. նվազել է մոտ 2.5 անգամ)։ Այսինքն՝ այս տիպի հեղափոխությունների միակ նպատակը երկարատև լարվածության ստեղծումն է «պայմանական հակառակորդի» և «թիրախ» հանդիսացող երկրի միջև, իսկ վերջինի շահերը ներազդողները որևիցե կերպ հաշվի չեն առնում։ Այլ խոսքով՝ գործում է «որքան վատ, այնքան լավ» հայտնի քաղաքական սկզբունքը։
  3. «Գունավոր հեղափոխությունների» իրագործման ռազմավարական նպատակն է ձևավորել տարածաշրջանային «անկայունության գոտի» հակառակորդ և անգամ դաշնակից երկրների շուրջը։ Արդյունքում՝ այդ տարածաշրջանի հետ առնչություններ ունեցող երկրներն ընդհարվում են բազմաբնույթ հիմնախնդիրների հետ։ Նման լայնածավալ գործողությունների համախումբ է հանդիսանում «հեղափոխությունների» շարքը Մեծ Մերձավոր Արևելքում, որի հետևանքով անկառավարելի զարգացումներ և ռազմական գործողություններ ծավալվեցին Սիրիայում, Իրաքում և Լիբիայում, անկայուն իրավիճակում հայտնվեցին տարածաշրջանի մի քանի այլ երկրներ։ Ստեղծված իրավիճակն անմիջական սպառնալիք է ընկալվում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի կողմից, քանի որ տարածաշրջանում տիրող ծայրահեղականությունը և քաոսը կարող են (և որոշ դեպքերում դա արդեն կատարվում է) «արտահանվել» նաև այդ երկրների տարածք։ Լրջագույն հիմնախնդիրների առջև են կանգնած նաև ԱՄՆ եվրոպական դաշնակիցները՝ ի դեմս տարածաշրջանը լքող և դեպի Եվրոպա ուղևորվող միլիոնավոր միգրանտների, ինչը նույնպես կարելի է ընդունել որպես «զսպաշապիկ»՝ արդեն յուրայինների համար։

Վերոնշյալ դիտարկումների առիթով նկատենք, որ հակառակորդի հասարակությունում խառնակչություններ հրահրելը նոր երևույթ չէ, այդ միջոցը կիրառվել է նաև անցյալում։ Արդի մոտեցումների տարբերությունը միայն այն չէ, որ ընդհանրացվել և համակարգվել է անցյալի փորձը։ Կարևոր է այն հանգամանքը, որ նման հեղափոխական գործընթացները ծրագրվում և իրագործվում են ընդհանուր գլոբալ ռազմավարության և տոտալ «սառը» պատերազմի համատեքստում, որոնցում որպես կարևորագույն, իսկ հաճախ՝ նաև որոշիչ գործոն օգտագործվում են տեղեկատվական-հոգեբանական գործողությունները։ Այդ առումով արդի քաղաքական և տեղեկատվական զարգացումները նպատակահարմար է դիտարկել և քննարկել «մեկ փաթեթով»։

Միևնույն ժամանակ, եթե անցյալում որևէ երկրում անկայուն վիճակ ստեղծելու նպատակով գործողություններ ձեռնարկելու համար բավական էին ընդամենը հատուկ և դիվանագիտական ծառայություններից ստացված տեղեկությունները, ապա արդի ժամանակաշրջանում ներազդող կողմը ձգտում է ունենալ որքան հնարավոր է համապարփակ տեղեկատվություն «թիրախ» հասարակության մասին։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձվում հասարակության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակի և արժեքային համակարգին վերաբերող ուսումնասիրություններին։ Ակնհայտ է, որ միայն այդ բնույթի գիտելիքներ ունենալու պարագայում է հնարավոր արդյունավետ կազմակերպել և օգտագործել հասարակության «հեղափոխական ներուժը»։ Նման գիտելիքները թույլ են տալիս բացահայտել հասարակության «կրիտիկական ենթակառուցվածքները», ինչը նպաստում է գործողությունների արդյունավետության բարձրացմանը։ Այսպիսով, «թիրախ» հասարակության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներին տիրապետելը կարելի է ընդունել որպես գլխավոր նախապայման արտաքին «փափուկ» միջամտություն կազմակերպելու տեսանկյունից։

Գունավոր հեղափոխությունների ներքին նախապայմանները. Գունավոր հեղափոխությունները, միևնույն ժամանակ, կարող են իրագործվել ոչ բոլոր երկրներում։ Եթե հասարակությունում գաղափարախոսական, գիտատեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական ոլորտներում գործում են հնարավորինս արդյունավետ օրենքներ և կանոններ, ապա հեղափոխական գործընթացները նման երկրներում կարելի է պատկերացնել միայն տեսականորեն։ Անշուշտ, պետք է նաև քաջ գիտակցել, որ իդեալական հասարակություններն առայժմ հնարավոր են զուտ ուտոպիստական պատկերացումների հարթությունում։

Այլ պարագաներում, եթե հասարակությունում առկա են խոշոր հիմնախնդիրներ և չեն նշմարվում դրանց լուծումներ տալու միտումներն ու հեռանկարները, ապա նման երկրները (եթե, իհարկե, դրանցում ենթադրվող փոփոխությունները համընկնում են ներազդող կողմի ռազմավարական ծրագրերին) նվազագույնը կարող են վերածվել թիրախի՝ ակտիվ գործողություններ կատարելու համար։ Այս հանգամանքն անհրաժեշտ է ընդունել որպես ներքին բնույթի հիմնական նախապայման կոնկրետ երկրում գունավոր հեղափոխություն իրագործելու տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, ոչ բոլոր հասարակություններն են պատրաստ, չնայած առկա օբյեկտիվ բնույթի դժվարություններին, դիմել ծայրահեղ քայլերի և փոխել իշխող ոչ արդյունավետ վարչակազմը։ Այս համատեքստում հեղափոխություն կազմակերպողների համար առաջնային խնդիրն է՝ թիրախ հանդիսացող հասարակությունում ձևավորել անհրաժեշտ ուժեր և ենթակառուցվածքներ, որոնք կարող են աջակցել և հարկ եղած պարագայում՝ նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերել հեղափոխական գործընթացներին։ Որպես այդպիսիք հանդես են գալիս տարաբնույթ միջազգային կառույցներից ֆինանսավորվող ՀԿ-ները և ոչ պետական կազմակերպությունները (ՈՊԿ)։ Փորձագետների գնահատականներով, հետխորհրդային հանրապետություններում վերջինների թիվը կազմում է մի քանի տասնյակ հազար։ Միայն Ուկրաինայում միջազգային հիմնադրամներից և ՈՊԿ-ներից պատկառելի դրամաշնորհներ ստացող մասնագետների թիվը հասնում է 40 հազարի։ Հենց այս մարդիկ են ակտիվ մասնակցություն ունենում «կլոր սեղանների» նիստերին, ցույցերին, հանրահավաքներին, նստացույցերին, բողոքի զանգվածային այլ գործողություններին, դառնում «հեղափոխական» շարժման կազմակերպիչներ և առաջնորդներ։ Պատահական չէ, որ նման կառուցները որոշ երկրներում օրենսդրորեն ստանում են «գործակալի» կարգավիճակ, ինչը որոշ չափով սահմանափակում է նրանց գործունեության հնարավորությունները։

Հեղափոխության պատրաստման գործում կարևոր դերակատարում ունեն նաև այսպես կոչված «ազդեցության գործակալները»։ Այդպես են անվանում քաղաքական ընտրանու և հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կամ ընդհանրապես քաղաքական որոշակի ուժերին, որոնք հանդիսանում են այլ երկրների շահերի պաշտպանը սեփական երկրում։ Պետք է հաշվի առնել, որ նման անձանց հավաքագրումը չի ենթադրում կիրառել այն միջոցները, որոնք հաճախ ցուցադրվում են «լրտեսական» կինոֆիլմերում։ Քննարկվող խնդրի համատեքստում նման անձնավորությունները կարող են լինել ընդամենը համակիրները քաղաքական–գաղափարախոսական այն ուղղության, որը վարում է հեղափոխության կազմակերպիչ երկիրը կամ կազմակերպությունը։ Նման անձինք կամ քաղաքական ուժերը հարկ եղած պարագայում ավելի հակված են կատարել ոչ թե այն, ինչը բխում է սեփական երկրի շահերից, այլ այն, ինչը համապատասխանում է նրանց ներշնչված աշխարհայացքային պատկերացումներին կամ կոնկրետ այն խորհուրդներին, որոնք նրանք ստանում են օտարերկրյա կառույցներից։ Նման անձինք ներքին քաղաքական դաշտում համարվում են ազգային շահերի, այլ ոչ թե հայրենիքի դավաճաններ, իսկ ներազդող երկրներում նրանց տրվում է ավելի բարեհունչ անվանում՝ «ժողովրդավարության մրրկահավեր»։

Միևնույն ժամանակ, չպետք է կարծել, որ գունավոր հեղափոխություն կատարողները բոլորն են այս կամ այն երկրի գործակալ կամ դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների անդամ։ Բողոքի գործողություններում որոշակի մաս են կազմում հենց տվյալ երկրի շարքային քաղաքացիները (հիմնականում՝ երկրի մայրաքաղաքի բնակիչները, որտեղ ընթանում են գլխավոր զարգացումները), որոնք ցանկանում են տեսնել իրենց երկիրն ավելի արդար և բարգավաճ։ Սակայն այդ հատվածը հայտնվում է լավ մշակված տեղեկատվական–հոգեբանական ազդեցության տակ և այդպիսով հեղափոխությունում իր վրա է վերցնում «ժողովրդի» գործառույթները։ Ինչպես ցույց են տալիս ուկրաինական իրադարձությունները, հեղաշրջումից բավական կարճ ժամանակ հետո այդ բողոքող բնակչությունը, տեսնելով հեղափոխության հետևանքները, սկսեց հիասթափություն ապրել։

Կարևորագույն դերակատարում է ենթադրվում օտարերկրյա կառույցներից, ինչպես նաև նշված ՀԿ-ներից (վերջինների մեջ քիչ չեն «մամուլի և խոսքի ազատության» համար պայքարողները) աջակցություն ստացող ԶԼՄ-ի համար։ Տեղեկատվական ազդեցության առումով ուշագրավ է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր հեղափոխությունները (բացի սերբական «Բուլդոզերայինից», ինչը, թերևս, կարելի է ընդունել որպես այդ երկրի՝ 1999թ. ռմբակոծությունների ենթարկվելուց հետո «ուժի ցուցադրության» քաղաքականության շարունակություն) կրում են գրավիչ անուններ՝ «Վարդերի», «Կակաչների», «Նարնջագույն» և այլն։ Նման անունները, համապատասխան լրատվական լուսաբանման պարագայում, վերածվում են յուրատեսակ բրենդների, ինչն էլ իր հերթին նպաստում է հեղափոխական շարժման նոր համախոհների առաջացմանը։

Եթե փորձենք ընդհանրացնել վերը դիտարկված հանգամանքները, ապա կարելի է ընդունել, որ ծրագրված հեղափոխությունների իրագործման համար ներքին բնույթի նախապայմաններ են հանդիսանում.

  • թիրախ հանդիսացող հասարակություններում ներքին հիմնախնդիրների առկայությունը;
  • թիրախ հանդիսացող երկրներում ներազդող կողմի շահերը ներկայացնող կառույցների, որոնց թվում՝ տեղեկատվական ռեսուրսների տիրապետողների, անհրաժեշտ և բավարար, այսպես կոչված «կրիտիկական» քանակի առկայությունը։

Սակայն վերջինի առիթով նկատենք, որ նշված բնույթի կառույցների գործունեության համար ենթադրվում են նաև որոշակի նպատակային ֆինանսավորման հնարավորություններ։

Գունավոր հեղափոխությունների ֆինանսավորումը. Համարվում է, որ արդի ժամանակաշրջանում «հեղափոխությունների» էպիկենտրոնը «Արևելաեվրոպական դեմոկրատական կենտրոնն» է (WschodnioEuropejskie Centrum Demokratyczne, WECD), որի գրասենյակը գտնվում է Վարշավայում։ Կազմակերպությունը ստեղծվել և ֆինանսավորվում է «Արևելյան Եվրոպայում դեմոկրատիայի աջակցության ինստիտուտ»-ի (Institute for Democracy in Eastern Europe, IDEE) կողմից։

WECD-ի պաշտոնական կայքում ասվում է, որ կենտրոնն իրագործում է ուսումնակրթական նախագծեր՝ հասցեագրված առաջին հերթին լրագրողներին, ուսուցիչներին, տարածաշրջանային մամուլի հրատարակիչներին և ՀԿ ակտիվիստներին։ Բացի գլխավոր ծրագրերի իրագործման հետ կապված աշխատանքից, WECD-ը համագործակցում է մի քանի անկախ գիտական, հետազոտական և վերլուծաբանական խմբերի, ինչպես նաև մշակութային կենտրոնների հետ՝ սատարելով տեղեկատվամշակութային բնույթի հրատարակչական գործունեությանը։ Կազմակերպության խնդիրներ են հայտարարվում «ժողովրդավարության գաղափարի տարածումը, քաղաքացիական նախաձեռնություններին և ոչ կառավարական ծրագրերին աջակցությունը, բաց հասարակության կառուցումը, կրթությունը մարդու իրավունքների և դեմոկրատական ազատությունների բնագավառում, աջակցությունը սոցիալական և հասարակական փոփոխություններին հետկոմունիստական տարածքում»։

Որոշ հետազոտողներ նշում են, որ հեղափոխությունները և ընդհանրապես բողոք արտահայտող շարժումները հաճախ ֆինանսավորվում են Ջ.Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի, Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (երկուսն էլ՝ ԱՄՆ), Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և մի շարք այլ կազմակերպությունների կողմից։ Օրինակ, համաձայն ԶԼՄ-ում տեղ գտած տվյալների, միայն հիշատակված այս վերջին կազմակերպությունը սերբական հեղափոխության վրա ծախսել է մոտ $100 մլն։ Այս առիթով նկատենք, որ աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար «գունավոր հեղափոխությունները» և նման այլ համահունչ գործողությունները տնտեսապես անհամեմատ ավելի ձեռնտու են, քան ցանկացած պատերազմական գործողություն, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնում դրանց կիրառումը։

Սակայն անգամ վերը ներկայացված իրողությունները դեռևս բավարար չեն, որպեսզի «թիրախ» երկրներում և հասարակություններում տեղի ունենան զանգվածային ցույցեր, անկարգություններ և դրանց հաջորդող իշխանափոխություններ։ Դեռևս նախահեղափոխական Ռուսաստանում բոլշևիկները մանրակրկիտ մշակում էին հեղափոխություն կատարելու մեթոդները, իսկ նրանց կուսակցությունում շրջանառության մեջ էր դրված «պրոֆեսիոնալ հեղափոխական» հասկացությունը։ Սակայն բոլշևիկները կարող էին միայն երազել, որ կգան ժամանակներ, երբ հեղափոխական գործունեությունը կվերածվի տեխնոլոգիական գործընթացի և «պրոֆեսիոնալ հեղափոխականները» «կարտադրվեն» հազարներով։

«Գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները. Ամերիկացի Ջին Շարփը երիտասարդ տարիներին տարված էր բոլշևիկյան առաջնորդներից մեկի՝ Լև Տրոցկու պերմանենտ (շարունակական) հեղափոխությունների գաղափարախոսությամբ և Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ, քաղաքականության մեջ ոչ բռնի միջոցների կիրառման ջատագով Մահաթմա Գանդիի փիլիսոփայությամբ։ Թերևս, այս երկու խիստ անհամատեղելի գաղափարախոսությունների (Լև Տրոցկին հայտնի էր իր անհանդուրժողականությամբ և դաժանությամբ) ազդեցությունն էր պատճառը, որպեսզի նա 1973թ. հրապարակի իր «Ոչ բռնի գործողությունների քաղաքականությունը» բավական ծավալուն աշխատությունը (որում, ի դեպ, տեղ են գտել նաև բռնի գործողությունների տեխնոլոգիաները) [3]։ Գրքում մանրամասն ներկայացված է 198 մեթոդ, որոնց միջոցով կարելի էր վարել քաղաքական պայքարը, որոնք, ըստ իրենց տեսակի, դասակարգված են հետևյալ երեք խմբերի.

1. Ոչ բռնի բողոք և համոզում

2. Հրաժարում սոցիալական, տնտեսական և քաղաքական համագործակցությունից

3. Ոչ բռնի միջամտություն։

Շարփի ներկայացրած ոչ ուժային գործողություններից շատերը (հանրահավաքներ, ցույցեր, ստորագրահավաքներ, գործադուլներ, հացադուլներ և այլն) բավական սովորական երևույթներ են ցանկացած բողոքի ակցիայի ժամանակ, բայց կան նաև «նորույթներ»։ Օրինակ, «Խորհրդանշական հասարակական գործողություններ» ենթաբաժնում խորհուրդ է տրվում ոչ միայն մոմեր և ջահեր վառել, այլև հանրահավաքների ժամանակ մերկանալ (այս միջոցը տարածում է գտել կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպությունների շրջանակներում)։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ցույցերի «գեղարվեստական ձևավորմանը». համարվում է, որ բողոքներն առավել արդյունավետ են, եթե ուղեկցվում են երգերով, պարերով և թատերական ներկայացումներով։ «Եվրամայդանի» ցույցերի ժամանակ ակտիվորեն օգտագործվում էին «սիրով գրոհելու» հնարքները. թող բոլորն իմանան, թե Մայդանում որքան շատ գեղեցիկ աղջիկներ կան, ծաղիկներ։ Իսկ երեկոյան հավաքվածները մոմեր էին վառում և երգում երկրի օրհներգը։ Ընդհանրապես, «Մայդանում» երաժշտական բաղադրիչը լայնորեն էր օգտագործվում. բավական է ասել, որ այդ օրերին սկսված ռոք-համերգն ընթացավ 14 օր անընդհատ։ «Մայդանի երգերը» հիմնականում կրում էին քաղաքական բնույթ։ Օրինակ, «հեղափոխության» հիմնը դարձան երկու երգ՝ «Նարնջագուն երկինք» և «Միասին մենք շատ ենք»։ ԶԼՄ-ում «մատուցվում» էր այն թեզը, թե Մայդան են դուրս եկել հարյուր հազարավորներ, եթե ոչ միլիոններ։

Սակայն նույն Մայդանում գործի էին դրվում ոչ միայն «գեղեցիկ միջոցներ»։ Օրինակ, հայտարարվում և անգամ «ցուցադրվում» էր, որ Մայդանի դեմ են «մռայլ և չար զինվորները, պառավներն ու ծերուկները, խուլիգաններն ու ավազակները, որոնք աջակցում են իշխանությանը փողի համար»։ Հետևողականորեն ձևավորվում էր թշնամու կերպար՝ բութ, քրեական անցյալով սադրիչներ, որոնք փողով ծեծում են բողոքի հանրահավաքներում հավաքված կանանց ու երեխաներին։ Բռնության պատկերներին հաջորդում էին նաև բռնության գործողություններ. կազմակերպված անկանոն հրաձգությունից զոհվեցին ինչպես ցուցարարներ, այնպես էլ իրավապահեր։ Հետագայում, երկրի հարավ-արևելքում քաղաքական ճգնաժամի խորացմանը զուգընթաց, ի հայտ եկավ թշնամու նոր կերպար՝ ռուս զինվորական «ահաբեկիչները»։

Սակայն Շարփի բոլոր հրահանգները չէ, որ կարելի է համարել «ոչ բռնի»։ «Հոգեբանական միջամտություն» ենթաբաժնի 158-րդ կետում որպես միջոց առաջարկվում է նաև «ինքնախեղդվելը» և «ինքնահրկիզվելը»։ Նման միջոցը հիշեցնում է «շահիդների» պահվածքը, և այդպիսով «ինքնահրկիզումը» կամ «ինքնախեղդումը» կարելի է որակել որպես «հոգեբանական ահաբեկչություն»։ Իսկ «համոզելը» կամ մարդկանց հոգեբանորեն ինքնասպանության դիմելուն նախապատրաստելը պետք է որակել որպես բռնություն անձի նկատմամբ։

Ակնհայտ է նաև, որ շարփյան մեթոդների կիրառումը ենթադրում է նաև «պրոֆեսիոնալ հեղափոխականների» ուսուցում և պատրաստում։ Այդ նպատակով ստեղծվել են անգամ հատուկ կառույցներ։ Օրինակ, Բուլղարիայում հիմնվել էր Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի քաղաքական ակադեմիա, որը հատուկ դասընթացներ էր կազմակերպել սերբական ընդդիմադիրների համար։ Իսկ Ավագ լրագրողների բալկանյան ակադեմիան ֆինանսական և տեխնիկական աջակցություն էր տրամադրում սերբական ընդդիմադիր մամուլին։ Ստեղծվել են նաև հատուկ համակարգչային խաղեր։ Օրինակ, հայտնի է «Ավելին, քան ուժն է» խաղը, որը մշակված է Ոչ ուժային հակամարտության միջազգային կենտրոնի ջանքերով և որը, մասնավորապես, մատչելի ձևաչափով սովորեցնում է ընդդիմության ակտիվիստներին, թե ինչ եղանակներով է պետք փոխել քաղաքական իրադրությունն իրենց երկրներում։

Բոլոր պարագաներում, Շարփի «խորհուրդների» արժեքն այն է, որ նա կարողացավ համախմբել և համակարգել գոյություն ունեցող բողոքի մեթոդները, տալ դրանց տեսական հիմնավորումները և վերածել դրանք քաղաքական տեխնոլոգիայի։ Հատկանշական է, որ հետագայում Շարփը հիմնեց Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտը («գրավիչ անվանում»), որը, մասնավորապես, ֆինանսավորում են ամերիկյան Ժողովրդավարության ազգային հիմնադրամը և Միջազգային հանրապետական ինստիտուտը, որոնք հետևողականորեն աջակցում են «գունավոր հեղափոխություններ» իրականացնող կազմակերպություններին։

Սակայն, ինչպես հայտնի է, բողոքներ են կազմակերպում ոչ միայն ազատական գաղափարախոսության կրողները, այլև նրանց ընդդիմախոսները։ Այդպիսի բողոքներից ամենահայտնին, թերևս, 2011թ. սկիզբ առած «Գրավիր Ուոլ-սթրիթը» (Occupy Wall-Street) շարժումն էր, որի նպատակն էր «բացահայտել» և «տապալել» ներկայիս «ոչ արդարացի կապիտալիզմը» և «գլոբալ տնտեսական համակարգը» [4, 5]։ Շարժման հիմնադիրը կանադական մի ՀԿ էր, որը հանդես էր գալիս «սպառողական» արժեքների դեմ և պարբերաբար նախաձեռնում էր «Օր առանց առևտրի», «Մի շաբաթ առանց հեռուստատեսության» տիպի միջոցառումներ։ Այդ ՀԿ-ի «Գրավիր Ուոլ-սթրիթը» կոչին արագ արձագանքեցին բազմաթիվ արհմիություններ, կազմակերպություններ և ուղղակի տասնյակ հազարավոր մարդիկ։ Շարժմանը հարեց նաև հայտնի Anonimous ցանցահեն խումբը, որն իրեն բնորոշ ձևով «օգնեց» շարժմանը և հաքերային հարձակումներ կատարեց բանկերի և բորսաների էլեկտրոնային համակարգերի վրա։ Հատկանշական է նաև, որ 2011թ. CBS հեռուստակայանի և «Նյու Յորք Թայմս» թերթի կազմակերպած հարցումներից հետևում է, որ ամերիկացիների 43%-ը դրական է ընդունում այդ շարժումը, իսկ դեմ է արտահայտվում ընդամենը 27%-ը։

Արդյունքում՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև բազմաթիվ այլ երկրներում տեղի ունեցան երթեր, հանրահավաքներ և բողոքի զանգվածային ակցիաներ։ Իսկ արդեն 2016թ. նախագահական ընտրությունների կապակցությամբ Միացյալ Նահանգներում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնց կարգախոսն էր «Կորչե՛ն օլիգարխները, կեցցե՛ն ազնիվ ընտրությունները»։ Կազմակերպիչները (որոնց թվում էր նաև այլախոհական հայացքներով հայտնի, անվանի քաղաքագետ Նոամ Չոմսկին) շարժմանը բավական բարեհունչ անուն դրեցին՝ «Ժողովրդավարական գարուն»։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է Ջին Շարփի դեղատոմսերով...

Եվ այսպես, կարելի է ամրագրել, որ Շարփի տեխնոլոգիաներն այսօր լայնորեն օգտագործվում են ինչպես նպատակային–քաղաքական «գունավոր հեղափոխություններում», այնպես էլ տարաբնույթ բողոքի երթերի և հանրահավաքների ընթացքում, որոնց թիվը շարունակաբար աճում է ողջ աշխարհում։ Ավելին, երբեմն նման տեխնոլոգիաները կիրառում են հենց այն երկրների քաղաքական տեխնոլոգները, որտեղ տեղի են ունենում նման բողոքները. այդպիսով փորձ է կատարվում առանց լուրջ հետևանքների «պարպել» հասարակությունում կուտակված լարվածությունը։

1 Անվանումը կապված է Մոսկվայի «Болотная» («Ճահճային») հրապարակի հետ, որտեղ տեղի էին ունենում հիմնական իրադարձությունները։

Հունիս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Нарочницкая Н.А., Оранжевые сети. От Белграда до Бишкека, М. , Изд-во: СПб., 2008.
  2. Людмила Гундарева, Как готовят цветные революции, НВО, #19 (902), 2016.
  3. Дж. Шарп, «198 методов ненасильственной борьбы», http://www.aeinstein.org/wp-content/uploads/2013/10/The-198-Methods-of-Nonviolent-Action-Russian-.pdf
  4. Гагик Арутюнян, Сергей Гриняев, Состоится ли «захват Уолл-стрит»?, «21-й ВЕК», №1, с. 5, 2012.
  5. Гагик Арутюнян, Сергей Гриняев, Революции оптом: достраивание нового миропорядка и сценарии глобального управления, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5616.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր