• am
  • ru
  • en
Версия для печати
22.07.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (արտաքին հարաբերություններ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ռազմական համագործակցություն. Ադրբեջանի ռազմական համագործակցության ակտիվացման միտումները դրսևորվել են նաև 2016թ. հունիսին: Այս գործընթացում որոշիչ դերակատարում է ստանձնել Թուրքիան՝ խթանելով բազմակողմ զինավարժություններին Ադրբեջանի ԶՈւ մասնակցությունը: Միայն հունիսին ԱՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներ Թուրքիայի տարածքում մասնակցել են 4 այդ տիպի զինավարժությունների: Դրանց թվում են Anadolu Kartalı-2016 («Անատոլիական արծիվ»), Commando Ex 2016, «İşık-2016» (Լույս-2016) և Կարսում անցկացված երկկողմանի զինավարժությունները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ քսան երկրի ԶՈւ ներկայացուցիչներ, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով:

Կարսում Ադրբեջանի և Թուրքիայի (առաջին անգամ նման միջոցառմանը Վրաստանը ներկայացել է դիտորդի կարգավիճակով) 1200 զինծառայողների ներգրավմամբ անցկացված զինավարժությունների հիմնական նպատակը եղել է փորձի փոխանակումը, համագործակցության կատարելագործումը, շտաբներում համատեղ ծրագրավորված գործողությունների ստուգումը և զինված ստորաբաժանումների համատեղ գործողությունների անցկացման մակարդակի բարձրացումը։

Commando Ex 2016 զինավարժությունների ընթացքում մասնակից 4 երկրների (այդ թվում Բուլղարիան և Վրաստանը) 136 հատուկջոկատայինները գրոհով վերցրել են պայմանական ահաբեկիչների գրաված օդանավակայանը։ Զինավարժություններն առավելագույնս հարմարեցված են եղել մարտական պայմաններին, հատուկջոկատայիններն անցել են նաև էքստրեմալ պայմաններում գոյատևելու դասընթացներ։

«İşık-2016» միջազգային զինավարժություններին, որոնք ներառել են որոնողա-փրկարարական վարժանքներ, բացի ԱՀ ԶՈւ ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից, մասնակցել են նաև Թուրքիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սաուդյան Արաբիայի և Հս.Կիպրոսի չճանաչված պետության ներկայացուցիչները։ Դիտորդի կարգավիճակով ներկա են եղել Բելգիայի, Կատարի, Քենիայի, Կոսովոյի, Լիբանանի, Մակեդոնիայի, Մալայզիայի, Լեհաստանի, Սուդանի, Չիլիի, Հունաստանի, Բանգլադեշի և Սինգապուրի զինվորականները։ Ադրբեջանը ներկայացված է եղել ռազմաօդային ուժերի «Մի-17» տիպի 3 ռազմական-տրանսպորտային և «Մի-35» տիպի երեք ռազմական ուղղաթիռներով:

Ռուս-ադրբեջանական ռազմական ակտիվ համագործակցության հետ կապված հարցեր են քննարկվել ՌԴ և ԱՀ պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում: Համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ ռազմական բուհերում Ադրբեջանի ԶՈւ կուրսանտների թիվը մեծացնելու վերաբերյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Ս.Շոյգուն ՌԴ-ի և ԱՀ-ի միջև ռազմական համագործակցությունը որակել է ռազմավարական, ինչպես երկու երկրների համագործակցության մյուս ուղղությունները։

Իսրայելի հետ վերընթաց զարգացող ռազմական համագործակցության շրջանակներում Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական արտադրության «Sand Cat» զրահամեքենաների առնվազն 4 տարատեսակ: Մեքենաները համալրված են «Mini Samson» մարտական մոդուլներով՝ հագեցած «Rafael» ընկերության 12.7 մմ տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաև «Spike LR» տիպի հակատանկային հրթիռային կայանքներով: «Samson MLS» մոդուլներում տեղադրված օպտիկական համակարգերը և լազերային հեռաչափերը թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում: Ուշադրության է արժանի էլեկտրաօպտիկական համակարգով համալրված մոդելը, որը հեռահար դիտման հնարավորություն է տալիս:

Գերմանիա կատարած այցի ընթացքում ուշագրավ հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ նախագահ Ի.Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն այլ երկրների թվում զենք և զինամթերք է գնում նաև Իրանից: Նախկինում ԱՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ԱՀ ԶՈւ-ն կիրառել է Իրանից գնված D-30A 122 մմ-անոց հաուբիցներ, 107 մմ-անոց հրթիռային «YARS» համազարկային կայաններ և այլ զինատեսակներ։ Չնայած մեկ տարի առաջ Ադրբեջանի և Իրանի ՊՆ նախարարները պայմանավորվել են պաշտպանական հանձնաժողով ստեղծելու մասին, Թեհրանի պաշտոնական շրջանակները չեն հաստատում Բաքվին զինամթերք վաճառելու փաստը: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմն այսպիսի հայտարարություններով փորձում է անվստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Իրանի փոխհարաբերություններում:

Ադրբեջան-Իրան. Այս ամիս երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել Կազվին-Ռեշտ-իրանական Աստարա - ադրբեջանական Աստարա երկաթուղային հատվածի շինարարությունը վարկավորելու մասին։ Ըստ Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության փոխնախարար Ալի Նուրզադի հայտարարության, Ադրբեջանի Միջազգային բանկը Իրանին կտրամադրի $500 մլն վարկ այդ հատվածի շինարարությունն ավարտելու համար1։ Ադրբեջանը ցանկություն է հայտնել վարկավորել երկաթուղու շինարարությունն այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է ֆինանսների բացակայության մասին։ Վարկը կտրվի նույն պայմաններով, ինչ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար Վրաստանին Ադրբեջանի կողմից հատկացված վարկը2` տարեկան 1% տոկոսադրույքով։ Հարկ է նշել, որ Իրանի լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում կասկածի տակ է դրվել Ադրբեջանից վարկ վերցնելու նպատակահարմարությունը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել Իրանի իմիջի վրա:

Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում որոշակի լարվածություն են առաջացրել ԱՀ Միլի մեջլիսում «Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոհանգույցների և հէկերի շինարարության շարունակման, շահագործման, էներգետիկայի և ջրային պաշարների օգտագործման ոլորտներում համագործակցության մասին» երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի քննարկումը։ Ադրբեջանցի պատգամավորները, այդ թվում՝ իշխող կուսակցության անդամները, մեղադրելով Իրանին Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու մեջ, նշել են ԻԻՀ նախագահի Հայաստան նախատեսվող այցի, Հայաստանի և Իրանի միջև առանց վիզային ռեժիմի սահմանման, Հայաստանին Իրանի կողմից իբր զինամթերքի մատակարարման մասին։ Ադրբեջանցի պատգամավորները հիշել են անգամ, որ 1918թ. Իրանը դեմ է եղել Ադրբեջան անունով պետության գոյությանը և չի ճանաչել դրա անկախությունը։ ԱՀ Միլի մեջլիսի պատգամավոր Գ.Հասանգուլիևը հակաադրբեջանական է անվանել Իրանի ներկա քաղաքականությունը և սպառնացել, որ եթե Իրանը չհարգի երկրում բնակվող «30 միլիոն ադրբեջանցիների» իրավունքները, ապա կբախվի տխուր հետևանքների։

Ադրբեջանական մեղադրանքներին անդրադարձել են ԱՀ-ում Իրանի դեսպանը, իրանական լրատվամիջոցները, Իրանի քաղաքական և փորձագիտական շրջանակները: Եթե Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Ային հասկանալի պատճառներով հանդես է եկել կոռեկտ և դիվանագետին բնորոշ արձագանքով, ապա իրանական լրատվամիջոցներն ադրբեջանցի պատգամավորների որակումները գնահատել են որպես «անամոթ հայտարարություններ», ծաղրանքի են ենթարկել «Ադրբեջանի արժեքները, ավելի ճիշտ դրանց բացակայությունը», «Ադրբեջանի գիտական և տնտեսական առաջընթացը», քաղաքական բանտարկյալների առկայությունը և բնակչության մեծամասնության աղքատությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գեներալ, Իրանի Արդաբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով ԱՀ Միլի մեջլիսի քննարկումներին, նշել է, որ Իրանի ազգային շահերն Ադրբեջանի հետ կապ չունեն: Նախկին նահանգապետը հայտարարել է. «Երբ Ադրբեջանն Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ բարեկամական կապեր է հաստատում, այդ ժամանակ ինչո՞ւ Ադրբեջանում ոչ ոք ձայն չի բարձրացնում, իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորմանը, ապա Իրանն այդ հարցում որևէ մտահոգություն չունի: Հայաստանն այդ կարևոր ուղիներից մեկն է և կարող է Հյուսիս-Հարավ միջանցքը կապող երկիրը դառնալ»:

Ադրբեջան-ԱՄՆ. Նախկինում նշել էինք, որ «Ադրբեջանա-ամերիկյան ալյանսի» կազմալուծումից հետո Ադրբեջանն ավելի ակտիվ փորձեր է ձեռնարկում ամերիկյան և հրեական լոբբիստական կազմակերպությունների միջոցով ԱՀ իշխանությունների իմիջի բարձրացման և երկկողմանի կապերի խթանման ուղղությամբ: Ադրբեջանի նշված քաղաքականությանն է անդրադարձել բրիտանական «Real Independent News & Film» կայքը:

Ըստ նրա, շատ բռնապետական վարչակարգեր եկել են այն եզրահանգման, որ ԱՄՆ լոյալությունը ստանալը կարող է երկարացնել իրենց իշխանությունը: Որպես այդպիսի բռնապետ կայքը նշում է Ի.Ալիևի անունը՝ ավելացնելով, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության OCCRP նախագիծը վերջինին ճանաչել է տարվա ամենակոռումպացված ղեկավար:

Նշված նպատակների իրագործման համար ԱՀ իշխանությունները վարձել են մի շարք լոբբիստական կազմակերպություններ, որոնց շարքում առավել հայտնի են «Tool Shed Group», «Roberti Global», «DCI Group» և «Podesta Group» ընկերությունները: «DCI Group» ընկերությունը նույնիսկ ունի առանձին «AZ LLC» բաժին, որը զբաղված է «արդար Ադրբեջանի» իմիջի կերտմամբ (այստեղ աշխատել են ամերիկյան հայտնի քաղաքական գործիչներ Միթ Ռոմնին և Դեբ Ֆիշերը): Կայքի պնդմամբ, ԱՀ իշխանության ներկայացուցիչները կաշառել են նաև ամերիկյան որոշ ազդեցիկ ՀԿ-ների ղեկավարների՝ լավ հասկանալով դրանց կարևոր դերակատարումը ԱՄՆ արտաքին քաղաքականությունում: Ադրբեջանի օգտին աշխատող ամերիկյան գործիչների թվում նշվում են Միրիամ Լանսկոյի (Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար) և Բրենդա Շաֆերի (Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ) անունները:

Բաքուն այս գործունեությունը հիմնականում իրականացնում է SOCAR ընկերության և ԱՄՆ-ում ԱՀ դեսպանատան միջոցով: Կայքը նշում է հատկապես դեսպան Էլին Սուլեյմանովի ակտիվ դերակատարումը, որի կինը, ըստ բրիտանական լրատվամիջոցի, հատուկ վերաբերմուքի է արժանանում Հիլարի Քլինթոնի շրջապատում: Նա մշտապես ընդունելություններ է կազմակերպում, որոնց ներկա են լինում Հ.Քլինթոնի թիմակիցներ Կապրիսիա Մարշալը (ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակից) և Դեբի Դինգելը (ԱՄՆ Կոնգրեսի անդամ):

Հետաքրքրական է, որ միաժամանակ հստակություն մտցվեց 2013թ. Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ ԱՄՆ մի շարք կոնգրեսականների Բաքու կատարած այցի շուրջ սկանդալային զարգացումներում3։ Դիտորդական խումբը, ուսումնասիրելով ուղևորության հետ կապված ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի վարչության (OCE) զեկույցը, եզրակացրել է, որ այն հակասում է ԱՄՆ օրենքներին, ինչից հետո ուղևորությանը մասնակցած ԱՄՆ օրենսդիրները ստիպված են եղել ԱՄՆ կառավարությանը հանձնել կասկածելի հանգամանքներում ստացած նվերները։ Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը վերադարձված նվերների ցանկը բացահայտում է, որ Բաքու են այցելել Կոնգրեսի ներկայիս 9 անդամ և նրանց ուղեկցող 32 անձինք, որոնցից յուրաքանչյուրը հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ է ստացել: Օրենսդիրներից մի քանիսը Բաքվի համաժողովից հետո նաև մեկնել են Թուրքիա և լրացուցիչ նվերներ ստացել այնտեղ: Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է SOCAR-ը՝ $750 հազար փոխանցելով ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:

Այստեղ հարկ է նշել, որ ԱՀ ներկայացուցիչներից մեծ չափերի կաշառք ստանալու համար այս ամիս Միլանի դատախազության կողմից մեղադրանք է ներկայացվել իտալացի հայտնի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախագահ Լուկա Վոլոնտեին։

Ադրբեջանական սփյուռք. ԱՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում արտերկրում ապրող ադրբեջանցիների մասնակցությամբ ստեղծվող կազմակերպությունների ամրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով դրանք ծառայեցնել արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը: Ելույթ ունենալով Բաքվում կայացած Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարում՝ Ի.Ալիևը դժգոհություն է հայտնել, որ արտերկրում ապրող ադրբեջանցիները բավարար չափով ներկայացված չեն իրենց բնակության երկրների օրենսդիր և գործադիր մարմիններում, չնայած ունեն մեծ բիզնես-հնարավորություններ: Համագումարից անմիջապես հետո ստորագրված հրամանագրով Ի.Ալիևը պահուստային միջոցներից 3 միլիոն մանաթ ($1.94 մլն) է հատկացրել ԱՀ Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեին` ադրբեջանական սփյուռքի կառույցներն ուժեղացնելու նպատակով։

Սփյուռքի վերաբերյալ Բաքվի տեսլականը և դրա իրագործման նպատակով ձեռնարկված քայլերը քննադատության են արժանացել Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Սաբիր Ռուստամխանլիի կողմից։ Մեկնաբանելով նշված համագումարի աշխատանքները՝ նա նշել է, որ սփյուռքի կառույցները չեն կարող հրամանագրերով ձևավորվել, դրանք պետք է աստիճանաբար զարգանան։ Ս.Ռուստամխանլին քննադատել է նաև իրար կրկնող կառույցների ձևավորումը, մասնավորապես՝ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի գոյության դեպքում պետք չէ ստեղծել եվրոպական, սկանդինավյան, արևմտյան, արևելյան կոնգրեսներ։ Ս.Ռուստամխանլին նաև անընդունելի է համարում ՌԴ-ում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում և Սիրիայում ապրող ադրբեջանցիներին սփյուռք համարելը, քանի որ նրանք ապրում են իրենց պատմական հայրենիքում։ Նա հատկապես շեշտել է համագումարին որպես սփյուռքի ներկայացուցիչներ «հարավային ադրբեջանցիների» (խոսքն Իրանի ադրբեջանցիների մասին է ) հրավիրված լինելու հանգամանքը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք պետք է ուղղակի հյուրեր լինեին, քանի որ «Հարավային Ադրբեջանը մեր հայրենիքն է»:

1 Ընդհանուր առմամբ, ներկայում պատրաստ է այդ հատվածի մոտ 93%-ը, իսկ մնացած մասը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ. մարտին։

2 Ադրբեջանը երկաթուղու շինարարության համար Վրաստանին տրամադրել է $750 մլն վարկ։

3 Ա.Բարսեղյան, Վերջին զարգացումներն Ադրբեջանում, http://www.noravank.am/arm/articles/detail.php/?ELEMENT_ID=14029


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր