• am
  • ru
  • en
Версия для печати
02.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017


Գագիկ Հարությունյան

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Հայաստանը 2015թ. հունվարի 2-ին պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որի մեջ այսօր մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը։ Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ քայլը Հայաստանում շատերի համար զուգակցվում է լոկ Ռուսաստանի հետ կապերի հետագա ամրապնդմամբ, ոչ ավելին։ Այս հանգամանքն, իհարկե, առկա է, ինչն էլ տարբեր քաղաքական և հատկապես հասարակական խմբավորումներին շահարկումների առիթ է տալիս։ Եվրասիա եզրը շատերի ընկալումներում կրում է բացառապես «աշխարհագրական», այն էլ՝ ոչ այնքան ընկալելի (հաշվի առնելով ԵԱՏՄ աշխարհագրական իրողությունները) իմաստ, ոչ ավելին։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը պայմանավորված է, առաջին հերթին, ոչ այնքան մտածված և անարդյունավետ տեղեկատվական քաղաքականությամբ, որը վարվում է ԵԱՏՄ շրջանակներում, և այս հարցն առանձին դիտարկում է պահանջում։ Այսպիսով, հարկ է ընդունել, որ ԵԱՏՄ հասկացական ապարատը, գաղափարախոսությունը և ռազմավարությունը «վերծանելու» և մեկնաբանելու փորձը հայկական հանրության համար արդիական խնդիր է։ Ակնհայտ է, որ այդ հասկացությունների մեկնաբանումները կարող են տարբերվել այն պատկերացումներից, որոնք ընդունված են ԵԱՏՄ այլ երկրներում, բայց այդ հանգամանքն այն ամենի առանձնահատկությունն է, ինչն այսօր վերաբերում է Եվրասիական ինտեգրմանը։

Ինչպես հայտնի է, Եվրասիան երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, որի մակերեսը մոտ 54 մլն կմ2 է, այսինքն՝ ողջ ցամաքի 36%-ը։ Եվրասիայի բնակչությունն ավելի քան 5 մլրդ է, ինչը կազմում է երկրագնդի բնակչության 70%-ը։ Ներկայում Եվրասիայում է գտնվում աշխարհի 195 պետությունից 92-ը։ Այստեղ է կենտրոնացված նաև համաշխարհային տնտեսական պոտենցիալի մոտավորապես 70%-ը։ Եվրասիայի տարածքում են ձևավորվել մեզ հայտնի գրեթե բոլոր մոնոթեիստական կրոնները՝ քրիստոնեություն, բուդդայականություն, հուդայականություն, իսլամ և այլն, որոնք առաջ են եկել հունա-հռոմեա-բյուզանդական, հայկական, սլավոնա-ռուսական, չինական, հինդուիստական, իրանական և այլ քաղաքակրթությունների հիման վրա։

Հատկապես նշենք, որ վերը թվարկված որոշ ֆորմացիաներ բավական էական վերափոխությունների են ենթարկվել, և այսօր Եվրասիայի քաղաքակրթական-կրոնական քարտեզը նոր մեկնաբանման կարիք ունի, և այս հարցին մենք դեռևս հակիրճ կանդրադառնանք։ Բայց և այնպես, Եվրասիայի էթնո-կրոնա-քաղաքակրթական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պատկերը բավական բազմակողմ է և խայտաբղետ։ Այս մայրցամաքի խոշոր պետությունները միմյանց հետ ունեցել և այսօր էլ ունեն բավական հակասական հարաբերություններ, սեփական շահեր և պատկերացումներ առհասարակ աշխարհակարգի մասին։ Այդ պատճառով մայրցամաքը դարձել է մարդկությանը հայտնի խոշոր պատերազմների և շարունակվող քաղաքական-տնտեսական ու քաղաքակրթական-կրոնական դիմակայությունների մեծ մասի ասպարեզ1։ Նման իրավիճակում այդ ընդարձակ տարածքում ինտեգրացիոն գործընթացների մասին խոսելն ավելի քան դժվար է թվում։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, ամեն բան հոսում և փոխվում է։ Այս համատեքստում շրջադարձային եղան քսաներորդ և քսանմեկերորդ դարերը, երբ աշխարհում և, առաջին հերթին, Եվրասիայում, տեղի ունեցան իրադարձություններ և փոփոխություններ, որոնք, եթե հետևենք Ջ.Ռիդի դասական սահմանմանը, «ցնցեցին աշխարհը»։

«Գաղափարախոսական հարց»

Վերը նշված փոփոխությունները պայմանավորված էին, առաջին հերթին, երկու ունիվերսալ գաղափարախոսությունների՝ սոցիալիստականի և լիբերալի, ինչպես նաև յուրաքանչյուր ժողովրդին և երկրին հատուկ ազգային պահպանողականի ձևավորմամբ, բյուրեղացմամբ և բացարձակացմամբ։ Եթե սույն հարցը ներկայացնենք (ժամանակագրությունը պահպանելով) հնարավորինս ընդհանրացված-սխեմատիկ ձևով, ապա գաղափարախոսական այդ գործընթացի զարգացման մեջ վճռորոշ և շրջադարձային են եղել հետևյալ իրադարձությունները.

- 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանում, Ռուսական կայսրության հիմքի վրա ԽՍՀՄ կազմավորումը, որտեղ գերիշխում էր սոցիալիստական գաղափարախոսությունը և այդ գաղափարախոսության տարածումը Եվրասիայի հսկայական հատվածում՝ Բեռլինից մինչև Պեկին։

- 1933թ. Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը, Երրորդ ռեյխի հիմնումը (որտեղ գերիշխում էր հիբրիդային նացիոնալ-պահպանողական գաղափարախոսությունը)։

- 1991թ. ԱՄՆ (անգլոսաքսոնական հանրության) հաղթանակը «Առաջին սառը պատերազմում» և միաբևեռ աշխարհի ձևավորումը, որտեղ գերիշխում էր լիբերալ գաղափարախոսությունը։

Չխորանալով համաշխարհային նշանակության այս գործընթացների մանրամասներում՝ նշենք միայն, որ թվարկված բոլոր գաղափարախոսական մակրոնախագծերն արդյունքում այս կամ այն կերպ ավարտվեցին տապալմամբ։ Եվ եթե Երրորդ ռեյխի զուտ ռազմական վերացումը կամ էլ ԽՍՀՄ փլուզումը՝ համալիր քաղաքական տեխնոլոգիաների միջոցով, կատարված փաստեր են, ապա ոչ այդքան դրամատիկ, բայց նույն անխուսափելի ելքով այսօր անշրջելիորեն տեղի են ունենում միաբևեռ աշխարհի փլուզումը և բազմաբևեռ, բազմագաղափարախոսական աշխարհակարգի ձևավորումը2։ Այդ զարգացումների տրամաբանությունը թույլ է տալիս պնդել, որ ընդամենը մեկ գաղափարախոսական հայեցակարգի մոնոպոլ և համատարած կիրառումը հանգեցնում է բավական աննպաստ հետևանքների։ Միևնույն ժամանակ, եթե փորձենք այդ հայեցակարգերը համեմատել նրանց վերջնարդյունքներով, ապա դժվար չէ տեսնել, որ դրանցից ոչ մեկը վերջնականապես չի «մահացել» և, ավելի շուտ, առավել օպտիմալ է թվում դրանց ներդաշնակ համադրությունը սոցիալիստական, լիբերալ և ազգային-պահպանողական գաղափարախոսությունների «եռյակի» տեսքով3։ Հատկանշական է, որ այս եռյակի բաղկացուցիչ մասը՝ սոցիալիստական գաղափարախոսությունը, իր էքսպանսիայի առումով, ամենաարդյունավետն է եղել՝ ժողովուրդների համար իրավահավասար պայմանների ստեղծման իմաստով՝ առհասարակ, և նրանց զարգացման խթանման գործում։ Օրինակ, արդի Չինաստանը (որը հմտորեն կարողանում է պահպանել գաղափարախոսական «եռյակի» սկզբունքը) «սոցիալիստական ճամբարի» ծնունդ է, որը, ինչպես արդեն նշեցինք, անցյալ դարի 50-60-ական թթ. ձգվում էր Բեռլինից մինչև Պեկին։ Եվ սա վերաբերում է ոչ միայն վիթխարի Չինաստանին. օրինակ, Սիբիրի փոքրաթիվ ազգություններն այսօր ունեն պետական ինքնավարություններ, որոնցում գործում են ակադեմիական ինստիտուտներ, օպերայի և բալետի թատրոններ և այլն։ Այս առնչությամբ նշենք, որ տխրահռչակ homo soveticus-ն իր մտավոր և հոգևոր ցենզով նկատելիորեն գերազանցում էր Արևմուտքի իր գործընկերներին։ Այնինչ, de facto Չինաստանի բրիտանական օկուպացիայից հետո (1839-1842թթ. և 1858-1860թթ. «ափիոնի պատերազմներ») այդ երկիրը հայտնվեց խոր անկման մեջ, իսկ Ամերիկայի և Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնիկ ժողովուրդները լավագույն դեպքում հայտնվեցին ռեզերվացիաներում։ Այս համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել անգլոսաքսոնական ոճի գաղութատիրական քաղաքականության ատրիբուտիկայի բացակայությանը ԽՍՀՄ-ին միացած (կամովին կամ իրենց կամքից չկախված) երկրների հանդեպ4։ Բնութագրական է, որ ԽՍՀՄ-ի նախորդ Ռուսական կայսրությունն իր առաքելությունն էր համարում քրիստոնյա ժողովուրդների ազատագրումը մուսուլմանական լծից, և այդ երկրների թվին, օրինակ, Բուլղարիայի կողքին, պետք է դասել նաև Արևելյան Հայաստանը։ Շարունակելով քաղաքակրթական ավանդույթը՝ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը նացիստներից ազատագրեց Եվրոպայի կեսը։ Այսօր այդ առաքելությունը շարունակում է կատարել ՌԴ-ն Սիրիայում։

Վերը նշվածի առնչությամբ նշենք, որ «կայսրություն» հասկացությունը միշտ չէ, որ պետք է մեկնաբանել որպես չարիքի կենտրոն, և հարկ է այն դիտարկել որպես մի ինչ-որ բազմազգ պետական համակարգ։ Օրինակ, ԱՄՆ-ը դասական կայսրություն է, որը, ինչպես կարծում է ամերիկյան իսթեբլիշմենթը, Հռոմեական կայսրության ժամանակակից անալոգն է (հատկանշական է, որ ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով այդ կայսրության անկման պատճառների հետազոտման համար, որպեսզի այսօր չկրկնեն հռոմեացիների գործած սխալները)։ Փոքր-ինչ յուրատեսակ կայսրություն է նաև ԵՄ-ը, որը նույնպես շատերը զուգակցում են անտիկ կայսրությունների հետ։ Կայսրություններում ապրող ժողովուրդների չափորոշիչը նրանց հոգևոր-մշակութային և մտավոր զարգացման հնարավորությունների աստիճանն է։ Ասվածից ելնելով՝ բնավ զարմանալի չէ, որ եվրասիական ընկերակցության հայեցակարգերը ծնունդ են առել ռուսական ինտելեկտուալ միջավայրում։

Պատմականորեն եվրասիականության հայեցակարգը ձևավորվել է 20-ական թվականներին ռուսական էմիգրանտական միջավայրում (Ն.Ս. Տրուբեցկոյ, Պ.Ն. Սավիցկի, Ի.Ն. Ալեքսեև և այլք), որպես Ռուսաստանի՝ իբրև Ռուսական կայսրությունից մինչև ԽՍՀՄ միասնական և, ըստ էության, անընդմեջ գործընթացի քաղաքական-սոցիալական, մշակութային և աշխարհաքաղաքական զարգացման տրամաբանությունը հասկանալու փորձ։ Եվրասիականության հիմնադիր հայրերը բարձր էին գնահատում Ռուսաստանի բազմազգ կացութաձևը և, ելնելով դրանից, համարում էին, որ հենց Ռուսաստանն էլ պետք է հանդես գա որպես առաջնորդ եվրասիական ժողովուրդների ինտեգրման և նրանց բարգավաճման համար։ Սրա կողքին, եվրասիացիները, վտարանդի լինելով Եվրոպայում, փորձում էին հասկանալ նաև Արևմուտքի դերը համաշխարհային զարգացման մեջ։ Նրանք եկան մի փոքր կտրական եզրահանգման, այն է՝ Եվրասիայի ժողովուրդները պետք է հանդես գան ընդդեմ ունիտար, տոտալիտար արևմտյան մոդելի, ընդդեմ Արևմուտքի տնտեսական, քաղաքական և մշակութային գերիշխանության, և Ռուսաստանը եվրասիացիներին համաշխարհային այդ գործընթացի ավանգարդն էր թվում։ Նշենք, որ վաղ եվրասիական հայեցակարգի գաղափարական ողջ արժեքով հանդերձ՝ այս գաղափարախոսության առաջմղման գործընթացն ընդհատվեց վտարանդի եվրասիացիների առաջնորդ, իշխան Տրուբեցկոյի մահվամբ։

Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ փլուզմամբ եվրասիական կոնցեպտները նոր զարգացում ձեռք բերեցին։ Դա պայմանավորված էր այն մեծ հիասթափությամբ, որը համակեց կոմունիստական գաղափարախոսության գրեթե բոլոր հակառակորդներին երկրի համատարած լիբերալացումից հետո։ Մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների, կենսագործունեության մյուս գրեթե բոլոր ոլորտների անկումը ստիպեց նրանց վերիմաստավորել իրենց հայացքները և մոտեցումները գաղափարախոսական հարցերում։ Հենց այդ շրջանում ի հայտ եկան Ա.Պանարինի, Ա.Զինովևի և Ա.Դուգինի, ուրիշ շատերի մի շարք արժեքավոր աշխատությունները5 որոնք, ըստ էության, հասարակության և պետության կառուցման հրահանգներ էին՝ պատմական բոլոր ձեռքբերումների և ավանդույթների հաշվառմամբ։ Հարկ է նշել, որ խոսքն, ընդ որում, չէր վերաբերում խորհրդային համակարգի իդեալականացմանը, որի հիմնական թերություններից մեկը կոմունիստական հասարակական-հումանիտար և գաղափարախոսական կոնցեպտների այլընտրանքի լիակատար արհամարհումն էր (ինչն արդյունքում ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառներից մեկը հանդիսացավ)։

Ռուսաստանի նոր առաջնորդներն ավելի ընկալունակ գտնվեցին նորարարությունների (որոնք իրականում հաճախ լավ մոռացված հներն են) հանդեպ, և դրա շնորհիվ առաջ քաշվեց «հետխորհրդային նեոեվրասիականության» գաղափարը, ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագծի իրագործման գործնական մեծ աշխատանք կատարվեց։ Զարմանալի չէ, որ այդ նախագիծն արդեն նախնական փուլում հանդիպեց արևմտյան առաջնորդների կոշտ դիմադրությանը, ովքեր դրանում Խորհրդային Միության վերականգնման փորձ էին տեսնում։

Ակնհայտ է, որ Եվրասիական ինտեգրման նախագիծն այնքան էլ հարթ չի ընթանում, և այստեղ շատ լուրջ խնդիրներ կան։ Ամենագլխավոր խնդիրը, մեր կարծիքով, անբավարար ուշադրությունն է գիտության, տեխնոլոգիաների և կրթության հարցերին. բավական է նշել, որ այս ոլորտում ԱՄՆ-ը տասնապատիկ ավելին է ծախսում, քան Ռուսաստանը (համապատասխանաբար՝ $500 մլրդ և $50 մլրդ)։ Մինչդեռ, այս հանգամանքը կանխորոշում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացումը, այլև որոշումներ ընդունող կադրային կազմի ինտելեկտուալ-հոգևոր մակարդակը։ Այս նույն համատեքստում նշենք նաև մեկ այլ հանգամանք. անհրաժեշտ գիտելիքների բացակայության պայմաններում ծագում է այսպես կոչված «վայ-հայրենասիրությունը» (որի նշանները հստակ երևում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում), ինչը կարող է սոսկ վնասել ընդհանուր գործին։

1 Նշենք, որ այդ պատերազմների հիմքում միշտ չէ, որ ընկած են եղել ազգային կամ այլ բարձր շահերը։ Արդի հետազոտությունների համաձայն՝ մարդկությունը վերջին 6000 տարիների ընթացքում միայն 300 տարի է առանց պատերազմների ապրել։ Այսպիսով, չի կարելի լիովին բացառել վարկածն այն մասին, թե փոխոչնչացման «բնազդն» ընկած է ինչ-որ տեղ՝ «homo sapiens»-ի գենետիկ կոդի խորքերում։

2 Հնարավոր է, որ այդ գործընթացի առավել ցայտուն ցուցիչներն են հանդիսանում ոչ թե հայտնի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական զարգացումները, այլ լիբերալ գաղափարախոսության պարագլուխ անգլոսաքսոնական հանրության՝ ինքնամեկուսացման (bre-xit-ների) հետևողական քայլերը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ձևով, և ԱՄՆ նախագահական ընտրություններում Դ.Թրամփի հաղթանակը։

3 Տե՛ս Г.А. Арутюнян, «Распад системы и формирование будущего», с. 78, НОФ «Нораванк», Ереван, 2011.

4 Իհարկե, «սոցիալիստական ճամբարի» հանդեպ վերահսկողության քաղաքականությունը երբեմն վարվում էր բավական կոշտ, և բանը հասնում էր զինված միջամտության. բավական է հիշել խորհրդային զորքեր մտցնելը Հունգարիա (1956թ.) և Չեխոսլովակիա (1968թ.)։ Բայց անգամ այդ իրադարձություններից հետո Հունգարիայի և Չեխոսլովակիայի ավելի քան անկախ կարգավիճակը պահպանվեց նախկին մակարդակին։ Այս համատեքստում օգտակար է ծանոթանալ Ն.Ա. Բերդյաևի փիլիսոփայական ժառանգությանը, մասնավորապես՝ «Ռուսական կոմունիզմի ակունքները և իմաստը» գրքին (http://www.vehi.net/berdyaev/istoki/vehi.net.berdyaev/istoki)՝ գրված դեռևս 1937թ.։

5 Տե՛ս, օրինակ, А.С. Панарин, Реванш истории: российская стратегическая инициатива ХХI веке, М., Издательская корпорация «Логос», 1998, Ал.Зиновьев, http://bookscafe.net/author/zinovev_aleksandr-385.html, Ал.Дугин, http://royallib.com/author/dugin_aleksandr.html



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր