• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2006

Թիֆլիսահայ համայնք. հոգևոր ոլորտի հիմնահարցեր

   

Թամարա Վարդանյան

Հայ Առաքելական եկեղեցին այսօր էլ շարունակում է առանցքային դերակատարում ունենալ հայապահպան գործառույթներում։ Վիրահայոց թեմի հայանպաստ գործունեությունը Թիֆլիսում վերջին ժամանակներս ավելի ու ավելի նկատելի է դարձել։ Զրույցների ժամանակ բազմիցս շնորհակալական խոսքեր են ուղղվել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին այս կամ այն խնդրի (կրթական, բարեգործական, մշակութային և այլն) լուծմանն աջակցելու համար։

Ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին է, որ Վիրահայոց թեմում խորապես գիտակցում և պատկերացնում են թիֆլիսահայ համայնքում առկա խնդիրները, որոնք արդյունք են համայնքի դերի նվազման և գրեթե բոլոր ոլորտներում հայկական տարրի ներկայության թուլացման։

Վիրահայոց թեմը կարևոր քայլեր է ձեռնարկում երիտասարդներին իրենց հայկական արմատներին դարձնելու, նրանց մեջ հայկական ոգին պահպանելու ուղղությամբ։ Թեմին կից գործում են 3 խորհուրդներ՝ երիտասարդների հարցերով, մշակութային և կրթական։ Դրանք ղեկավարում են թիֆլիսահայ ակտիվ երիտասարդներ, ինչը ոչ միայն դրական է անդրադառնում համայնական կյանքում նշված ոլորտների աշխուժացման առումով, այլև նպաստում է երիտասարդների և հոգևոր կառույցի միջև հարաբերությունների սերտացմանը։ Այսպես, թեմի ջանքերով հայկական դպրոցներից մեկում կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ նրանց համար, ովքեր չեն տիրապետում մայրենի լեզվին (նշենք, որ դրանց թիվը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում)։ Մեր երիտասարդ զրուցակիցները մեծ ոգևորությամբ էին նշում, որ ամեն շաբաթ հաճախում են այդ անվճար դասընթացները, որտեղ 18-20 անձից բաղկացած խմբերում սովորում են գրել, կարդալ մայրենի լեզվով։

Այսօր էլ եկեղեցին հիմնականում այն վայրն է, որտեղ հայերը հանդիպում են իրար, շփվում, նորություններ փոխանակում, մտքեր արտահայտում (հարկ է նշել, որ Թիֆլիսի հայկական համայնքը չունի գրասենյակ կամ շենք (ինչպես, օրինակ, հրեական համայնքը), որտեղ այդ շփման դաշտը կարող էր ձևավորվել)։

Մինչև օրս Վիրահայոց թեմը խնդիրներ ունի իրավական դաշտում։ Վրացական իշխանությունները հրաժարվում են թեմը գրանցել որպես կրոնական համայնք կամ կազմակերպություն՝ փոխարենը առաջարկելով մասնավոր իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։ Այս հարցերին լավատեղյակ մեր զրուցակիցը նշում է. «Վրաստանի պետությունը մեր թեմին չի ընձեռում իրավական կարգավիճակ։ Առաջնորդարանը պետք է լինի թեմի հաշվապահական հաշվեկշռում, բայց իրավական տեսակետից մենք գտնվում ենք փողոցում, քանի որ թեմը կարգավիճակ չունի։ Մեզ առաջարկում են գրանցվել որպես հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն, որն իրավունք ունի զբաղվել կրոնական հարցերով։ Մենք չենք համաձայնվում, քանի որ պարզ չէ, թե ինչպես կլուծվի այդ պարագայում ժառանգության հարցը։ Ի դեպ, մյուս կրոնական փոքրամասնությունները՝ հրեաները, մահմեդականները, կաթոլիկները, նույնպես չունեն իրավական կարգավիճակ»։

Վրաստանում մինչև այսօր բացակայում են կրոնական միավորումների, խղճի ազատության և դավանանքի օրենքները: Վրացական կողմը Վիրահայոց թեմին կրոնական համայնքի կարգավիճակ շնորհելու իր անհամաձայնությունը պատճառաբանում է նրանով, որ համայն հայության հոգևոր կենտրոնը գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս։

Վրաստանի կառավարության այս դիրքորոշմանը դեմ են հանդես գալիս նաև մյուս կրոնական համայնքների առաջնորդները։ Այսպես, 2006թ. մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցած Վրաստանի քրիստոնեական հարանվանությունների առաջնորդների 2-րդ հանդիպման ժամանակ Լյութերական եկեղեցու առաջնորդն ընդգծեց, որ «կառավարությունը հիշյալ խնդիրների կարգավորմանն ընդառաջ չի գնում, ինչը կարող է հանգեցնել Ստրասբուրգի դատարան դիմելուն՝ պաշտպանելու համար սեփական իրավունքները: Այն պարագայում, երբ ըստ 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցու և Վրաստանի կառավարության միջև ստորագրված սահմանադրական համաձայնագրի՝ վրաց եկեղեցին կողմ էր Վրաստանում գործող կրոնական ավանդական հարանվանություններին իրավաբանական կարգավիճակ տրամադրելուն»1։

Հայկական եկեղեցիների վերադարձման հարցը, անշուշտ, շատ կարևոր է2։ Առաջին հերթին խոսքը 6 եկեղեցիների վերադարձման մասին է, որոնցից 5-ը Թբիլիսիում են, մեկը՝ Ախալցխայում։ Թեմի իրավական կարգավիճակի չլուծվածության պատճառով եկեղեցիների վերադարձման հարցը դեռևս մնում է օդում կախված, ինչը խորացնում է վրաց և հայ համայնքների միջև բարոյահոգեբանական անջրպետը և փոխադարձ անվստահության մթնոլորտը։

Ի դեպ, այս խնդրի մասին իր կարծիքն է արտահայտել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը «2005թ. կրոնի ազատության ասպարեզում առկա դրության մասին» 2005թ. նոյեմբերի 8-ի իր զեկուցման մեջ նշում է. «Առանձնապես սուր է ծառացած Նորաշեն եկեղեցու հարցը: Մինչև խորհրդային ժամանակաշրջանը տաճարը պատկանում էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ տեղադրվել էր գիտությունների ակադեմիա: 1995թ. փետրվարի 15-ին պատրիարքության որոշմամբ եկեղեցին օծվեց որպես Աստվածամոր ավետման եկեղեցի, և այնտեղ մատուցվեց ուղղափառ պատարագ: Այդ կապակցությամբ Հայ եկեղեցին բողոք հայտնեց: Պատրիարքությունը հարկադրված եղավ հեռանալ եկեղեցուց, սակայն չզիջեց Հայ եկեղեցուն: Այսօր Նորաշենը մատնված է անգործության»3։

Եկեղեցիների վերադարձման հարցը մեծապես հուզում է նաև տեղի հայ երիտասարդությանը։ Նրանց կազմակերպված հատվածը ոչ միայն մշտապես ներկա է լինում Սուրբ Գևորգ եկեղեցում տրվող կիրակնօրյա պատարագին, այլև պարբերաբար անցկացնում է «Նորաշեն» եկեղեցու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ, ինչն աննկատ չի մնում տեղի իշխանությունների և հոգևորականների կողմից։

Եկեղեցիների խնդրի «բորբոքմանը նոր «շունչ» հաղորդեց այս տարի գարնանը Թբիլիսիում անցկացված «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան, ապագան» միջազգային սիմպոզիումը, որտեղ հայ հոգևորականության ներկայացուցիչների առաջադրած մի շարք դրույթներ՝ անցյալում մոտ 600 շինությունների վիրահայ թեմի կազմում գտնվելու մասին, արտակարգ հուզեցին վրացական գիտական շրջանների առանձին ներկայացուցիչների: Խորհրդաժողովի ընթացքում նրանք ոչ կոռեկտ դիտողություններ արեցին Հայ եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ հետո այդ զայրալից դեմարշը փոխադրվեց մի շարք վրացական թերթերի էջեր»4։

Իրավամբ, վրացական մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների, որտեղ հայերի կերպարը բավական աղճատված է ներկայացվում։ Այսպես, «Ջորջիան Թայմս» լրագրում Վրաստանի հոգևոր ակադեմիայի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս.Վարդոսանիձեի տված հարցազրույցում ասվում է. «Նա (Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը– Թ.Վ.) երևանցի է, և զարմանալի է, որ տեղի հայությունը ձգտում է ազդել նրա վրա։ Տեղացի հայերը բավական ագրեսիվ են, ցավոք, մի երկրի նկատմամբ, որն իրենց մեծացրել է, կիսվել մի կտոր հացով»5։ Գիտնականն իր խոսքն ավարտում է՝ մեջբերելով Իլյա Ճավճավաձեի խոսքերը. «Ավելի լավ է առյուծի հանդիպել ճանապարհին, քան թշնամի ունենալ տանը»6։

Կա մեկ այլ խնդիր ևս. Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականներն իրենց հավատացյալների շրջանում քարոզում են, թե իբր հայերը քրիստոնյաներ չեն։ Ինչպես նշում է իմ զրուցակիցը, «շատ ու շատ վրացիներ մեզնից վախենում են, հարցնում են՝ «դուք սատանայականնե՞ր եք», քանի որ իրենք չեն հասկանում մոնոֆիզիտ բառի իմաստը և իրենց եկեղեցիներում ասում են, որ վրացիներն են առաջինն ընդունել քրիստոնեություն, իսկ հայերը քրիստոնյաներ չեն»։

Ներկայումս Վիրահայոց թեմի առջև ծառացած առաջնային խնդիրներից է նաև թիֆլիսահայերի շրջանում աղանդավորների թվի աճը։ Անգամ մեր զրուցակիցներից մեկի հավաստմամբ, «աղանդավորներ են գալիս Հայաստանից, որոնք տեղի հայերի շրջանում քարոզում են աղանդավորական ուսմունքներ»։ Բնական է, որ տեղի հայերի շրջանում հայաստանցի հայերի նկատմամբ վստահությունն ավելի բարձր պետք է լինի, քան աղանդավոր վրացիների նկատմամբ, ինչի մասին, թերևս, տեղյակ են աղանդների տարածման առաքելություն ստանձնած կազմակերպությունները։ Այդ պատճառով կազմակերպվում է Հայաստանից աղանդավոր քարոզիչների «գործուղում» Թբիլիսի՝ տեղի հայության շրջանում համապատասխան քարոզչական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Արտահայտելով իր հետևողականությունը վիրահայերի հոգևոր անվտանգության հիմնահարցերում, ինչպես նաև հայ եկեղեցիների վերադարձման խնդրում՝ Վիրահայոց թեմը 2006թ. ձեռնամուխ է եղել հոգևոր, մշակութային, լրատվական հանդեսի հրատարակմանը, որն անվանվել է «Նորաշեն»։ Արդեն լույս է տեսել հանդեսի երկու համար։ Առաջին համարի ներածական խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշում է. «Վիրահայությունը, ավաղ, շարունակում է ապրել միայն իր անցյալի փառքով։ Ազգային-եկեղեցական ու կրթական-մշակութային կյանքում, որոշ հանգամանքների բերումով, դեռևս նկատելի չէ դրական լուրջ տեղաշարժ։ Սակայն այլևս ժամանակն է իրատեսորեն գնահատել արդի մարտահրավերները և արթմնի տեր կանգնել մեր պատմական ժառանգությանը, վերանորոգել մեր խոնարհված եկեղեցիները, վերականգնել թեմական և ծխական կառույցները, զարգացնել մշակութային և կրթական կյանքը՝ հայորդիներին ոգեշնչելով Հայոց պատմությամբ, մայր Հայրենիքով ու Սուրբ Էջմիածնով»7։ Մնում է հուսալ, որ «Նորաշեն» հանդեսին իսկապես կհաջողվի հասնել իր առջև դրված նպատակներին։

Ինչ վերաբերում է եկեղեցիների վերադարձման խնդրին, ապա Վիրահայ թեմը ստեղծված դրությունից դուրս գալու ելք է համարում Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ձևակերպումը, ըստ որի՝ կսահմանվի ոչ միայն թեմի իրավական կարգավիճակը, այլև կլուծվեն մնացյալ բոլոր վիճելի տարաձայնությունները:

Եզրահանգում

Թիֆլիսահայ համայնքի հոգևոր անվտանգության հարցերում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն առանցքային դերակատարում ունի, և հնարավորինս ձգտում է այս հարցերը պահել իր իրավասության և հետևողականության տիրույթում։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ նման խնդիրների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում, քանի որ մեր իրականությունում ավանդական մեխանիզմների գործարկումը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ, եթե այն զուգորդվում է ժամանակակից՝ «մոդայիկ», հրապուրիչ և երիտասարդության լայն շրջանակների համար առավել ընդունելի և ընկալելի մեթոդներով։ Այսօր կարելի է այդ բացը լրացնել տարբեր զվարճալի միջոցառումների՝ «շոու»-ների, համերգների և այլն կազմակերպմամբ։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Չենք հիշում, թե վերջին անգամ երբ է մեզ մոտ Հայաստանից մի երգիչ կամ դերասան եկել»։ Շատ կարևոր են ոչ ֆորմալ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ թեմատիկ մրցույթներ, դասընթացներ, փառատոներ, Հայաստան և Արցախ պարբերաբար տուրիստական խմբերի այցելություններ, տեղում առաջնորդների ձևավորմանն ուղղված քայլեր, փոխանակման ծրագրեր, հայալեզու լրագրողների պատրաստում և այլն։ Անհրաժեշտ է ձևավորել այն դաշտը, որտեղ հայապահպանության խնդիրներով մտահոգված կլինի ոչ միայն հայ հասարակության գիտակից և կազմակերպված հատվածը, այլև առավել լայն զանգվածները։ Միայն եկեղեցին չի կարող իր ուսերի վրա կրել հայապահպանության ծանր բեռը, քանի որ ներկա գլոբալացվող աշխարհում գործում են բազմաթիվ այլ մեխանիզմներ, որոնք ավելի ազդեցիկ են և գործառնական8։ Անհրաժեշտ է հոգևոր ոլորտում հայեցի դաստիարակության խնդրին մոտենալ՝ հաշվի առնելով այն տեղեկատվական հոսքերը, որոնց հորձանուտում է գտնվում այսօրվա թիֆլիսահայը։

1 Տե՛ս www.azg.am

2 19-րդ դ. սկզբին Թիֆլիսում գործում էր 26 հայկական եկեղեցի, այսօր միայն երկուսն են՝ Սուրբ Գևորգը և Նոր Էջմիածինը։ Մեծ մասն ավերվել է (Վանքի տաճարը, Սուրբ Գևորգ Կամոյանցը, Սուրբ Գևորգ Զրկինյանցը և այլն), իսկ մնացածն այսօր պատկանում են Վրաց ուղղափառ եկեղեցուն (Սուրբ Ստեփանոս, Սուրբ Կարապետ և այլն), տե՛ս www.armenia.ge

3 Տե՛ս www.azg.am

4Տե՛ս նույն տեղում։

5 Газета «Джорджиан Таймс» от 20-27 июля 2006г., №29 (393), տե՛ս www.armenia.ge

6 Տե՛ս նույն տեղում։

7 www.armenia.ge/norashen/norashen_1_arm.pdf, էջ 3:

8 Թեպետ տեղում հայտնի դարձավ, որ անգամ նման միջոցառումների կազմակերպմանը նույնպես աջակցում է Վիրահայոց թեմը, մինչդեռ այդ խնդիրը պետք է իրենց ուսերի վրա կրեն առաջին հերթին հասարակական կազմակերպությունները, համայնքը, նաև Հայաստանյան մշակութային և քաղաքական գործիչները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր