• am
  • ru
  • en
Версия для печати
15.02.2010

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓԼՈՒԶՈՒՄ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

Ավելի քան քսան տարի է անցել 1989թ. նոյեմբերի 9-ից, երբ երկբևեռ աշխարհակարգի և Սառը պատերազմի խորհրդանիշը հանդիսացող «բեռլինյան պատը» հսկող ԳԴՀ պարեկները լքեցին պահակակետերը։ Գերմանիան այդ օրը, փաստորեն, վերամիավորվեց, «պատի» բեկորները դարձան աշխույժ վաճառվող հուշանվերներ, իսկ երկու տարի հետո այն, ինչ կոչվում էր ԽՍՀՄ և «սոցիալիստական ճամբար», արդեն դադարել էր գոյություն ունենալ։ Տեղի ունեցածը հաճախ բնութագրում են որպես «Սառը պատերազմի ավարտ», «ժողովրդավարության հաղթանակ», սակայն կարելի է հանդիպել նաև «աշխարհաքաղաքական ողբերգություն» և «քաղաքակրթական կաթված» արտահայտությունների։ Բոլոր պարագաներում, «պատի փլուզումն» ազդարարեց մի նոր դարաշրջանի (երբեմն այն անվանում են «պոստմոդեռն») սկիզբ, որն էապես տարբերվում է նախորդից։ Պատահական չէ, որ այդ իրադարձության քսանամյակը միջազգային հանրությունը նշեց մեծ շուքով. կազմակերպվեցին պաշտոնական հանդիսություններ, իսկ ԶԼՄ–ում և քաղաքագիտական շրջանակներում ընթացան լայն քննարկումներ։ Մինչդեռ անդրադարձներն այդ խնդրին հայրենական տեղեկատվական դաշտում սակավ էին։

Հայկական իրողություններ. Մեր «բեռլինյան պատը» 20 տարի առաջ անցնում էր Լաչինով, և վերամիավորումն ու պատերազմի արդյունքում տարածքային ամբողջականության հարաբերական վերականգնումը կայացան միայն 1994-ին, երբ կնքվեց հրադադարի պայմանագիրը։ Հայաստանյան հանրությունում այդ ժամանակաշրջանում գերակայում էին ազգային և պատմական արմատներ ունեցող գաղափարները։ Դա յուրահատկություն էր հաղորդում ընթացող հասարակական-քաղաքական զարգացումներին, որոնք, սակայն, բոլոր պարագաներում, ենթարկվում էին սոցիալիստական համակարգի փլուզման և նոր աշխարհակարգի ստեղծման գլոբալ գործընթացի տրամաբանությանը։ Սակայն այդ և դրան հաջորդող ժամանակահատվածը, չնայած առանձին փորձերի, առայսօր համալիր չեն ուսումնասիրվել։ Դա, մասամբ, հետևանք է նրա, որ Երրորդ հանրապետության ձևավորումով Հայաստանը դուրս եկավ կայսերական գիտակրթական և մշակութային տարածքից, ինչը հանգեցրեց նման իրադրություններում գրեթե ախուսափելի մեկուսացման ու հանրության ընդհանրական աշխարհընկալման նկատելի նեղացման։ Որպես հետևանք՝ այսօր մեր հասարակությունում միշտ չէ, որ ադեկվատ են գնահատվում, երբեմն էլ ընդհանրապես չեն ընկալվում տեղայնական պատկերացումներից դուրս երևույթները։

Մասնավորապես, նախորդ դարի 90-ականների գլոբալ բնույթի համակարգային փոփոխությունները պարզունակորեն որակվում են որպես զուտ «անկախություն ստանալու» գործընթաց, իսկ որոշ հետազոտողների կարծիքով՝ ԽՍՀՄ-ում Հայաստանը գաղութային կարգավիճակ է ունեցել։ Նման մոտեցումը պարզունակ հասարակագիտական պատկերացումների արտացոլում է, որոնց հենքում ընկած է խորհրդային ագիտացիոն մեքենայի կողմից բրիտանական գաղութատիրության և հետագայում՝ նաև այսպես կոչված նեոգաղութատիրության շարունակական քննադատության մեթոդաբանությունը։

Ռուսական կայսրության հետնորդ ԽՍՀՄ-ը, իր բոլոր բացասական և դրական կողմերով, յուրօրինակ կազմավորում էր և փաստորեն աշխարհագաղափարախոսական մի խոշոր նախագիծ էր։ Այդ իրողության համատեքստում համեմատությունները կայսերական այլ համակարգերի հետ միշտ չէ, որ արդարացված են, և բանն այստեղ միայն խորհրդային կայսրության եվրասիական՝ մայրցամաքային բնույթը չէ։ Խորհրդային բոլոր ազգերի, այդ թվում և ռուսների, և նրանց վարչական կազմավորումների կարգավիճակը, իրական իրավունքները և պարտավորությունները միմյանցից գրեթե չէին տարբերվում։ Նույնը վերաբերում է «սոցճամբարի»՝ մետրոպոլիա չմտնող երկրներին. ավելին. այդ այսպես կոչված «վասալ» երկրներում ազատության հետ կապված հարցերն ավելի լավ վիճակում էին։ Որոշ ազգություններ (հատկապես ԽՍՀՄ ասիական հատվածում) նման կայսրության շնորհիվ ձեռք բերեցին գիր, գրականություն և արդիական մշակույթ, նրանց ինքնավար հանրապետություններում հիմնվեցին համալսարաններ, գիտությունների ակադեմիայի մասնաճյուղեր, ֆիլհարմոնիկ նվագախմբեր, ինչը վճռական դեր խաղաց նրանց զարգացման գործում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է ընդունել, որ չնայած ԽՍՀՄ այլ ազգերի հետ միասին կրած լուրջ փորձություններին (հատկապես՝ ռեպրեսիաներ, ազգային–պատմական խնդիրների անտեսում ու խեղաթյուրում), խորհրդային տարիները մեր հանրության համար նույնպես գիտատեխնոլոգիական և հոգևոր-մշակութային զարգացման ժամանակաշրջան հանդիսացան։

Խորհրդային անցյալի վերաբերյալ թյուր պատկերացումների ցանկը կարելի է շարունակել։ Սակայն նկատենք, որ միշտ չէ, որ դրանք հասարակագիտական մտքի պարզունակության արդյունք են, ինչը մասամբ խորհրդային անցյալի, որտեղ հումանիտար ոլորտում իշխում էին պաշտոնական կարծրատիպերը, ժառանգություն է։ Ներկայումս պարզորոշ նկատվում են ազգային հիշողության հետ մանիպուլյացիաներ կատարելու միտումներ, որոնք վկայում են տեղեկատվական-օնթոլոգիական պատերազմների և nation bulding–ի արդիական տեխնոլոգիաների կիրառության մասին։

Արդյունքում՝ ԶԼՄ-ում կարելի է հանդիպել խորհրդային շրջանին վերաբերող գլխավորապես «ողբերգական» կամ «հեգնական» նյութերի և «անցյալի ճիրաններից» ազատվելու կոչերի, որոնց ձևը, ոգին ու «սև-սպիտակ» մոտեցումները զարմանալիորեն հիշեցնում են քննադատվող բոլշևիկյան «ագիտպրոպը»։ Քաղաքականացված և անձնավորված լինելու պատճառով բավարար չեն ուսումնասիրված «պերեստրոյկայի» տարիների շարժումը, հայ-ադրբեջանական պատերազմը և ՀՀ և ԼՂՀ ներկայիս զարգացման ժամանակաշրջանը։

Այդ ամենին զուգահեռ, այսօր մեր նորագույն պատմությունն ավելի համալիր վերլուծելու փորձեր են կատարվում. լույս են տեսնում ուշագրավ առանձին հետազոտություններ և հուշեր։ Սակայն այսօրինակ գրականությունը, փոքր տպաքանակի, համապատասխան PR-ի (ինչը ներկայումս պարտադիր է) բացակայության և ընդհանրապես կարդալու մշակույթի մասնակի կորստի հետևանքով, շատ թույլ է նշմարվում տեղեկատվական դաշտում և չի ամրագրվում հանրության, հատկապես վերջինիս երիտասարդական հատվածի, գիտակցությունում։

Բերված նկատառումները բնավ չեն ենթադրում ստալինյան ոճով «Краткий курс истории ВКПб»-ի ստեղծում, որտեղ միանշանակ գնահատականներ կտրվեն ոչ հեռու անցյալին։ Մոտեցումները կարող են լինել տարբեր և անգամ իրարամերժ, սակայն դրանց առկայությունը հասարակությունում զարգացած պատկերացումներ կձևավորի արժանապատվորեն անցած մեր ուղու վերաբերյալ։ Այս ամենը կարևոր է ոչ միայն իմացական տեսանկյունից. հայտնի է, որ սեփական պատմության շարունակականության գիտակցումը ազգային-տեղեկատվական անվտանգության և ազգային գաղափարախոսության հիմնաքարերից է։ Սակայն վերադառնանք «բեռլինյան պատին»։

Վերջին քսան տարում ԶԼՄ-ում և փորձագիտական գրականությունում կարելի է հանդիպել «պատի» փլուզման բազմաթիվ վարկածների։ Դրանց մի զգալի մասը բավական ուշագրավ է, սակայն ընդամենը թույլ է տալիս ևս մեկ անգամ փաստել այն իրողությունը, որ «սոցճամբարի» կազմալուծման գլոբալ երևույթը չէր կարող տեղի ունենալ ընդամենը մեկ կամ անգամ մի քանի հանգամանքների պատճառով։

«Արտաքին գործոն». «Համակարգի» փլուզման «արտաքին» պատճառներից հիմնականն, իհարկե, Սառը պատերազմում ԱՄՆ և նրա դաշնակիցների համակարգված և հետևողական ռազմաքաղաքական (Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Աֆղանստանում և այլուր խորհրդային ընդհանրական ռեսուրսները կլանող այսպես կոչված «սև խոռոչների» ստեղծումը), տնտեսական (բավական է հիշել հյուծող «սպառազինությունների մրցավազքը» և «աստղային պատերազմները», նավթի գների մանիպուլյացիաները) և տեղեկատվական-հոգեբանական (մասնավորապես՝ ռադիոհաղորդումների, որոնցում հմտորեն ստեղծվում էր Արևմուտքի անբիծ «կերպարը» և «սոցճամբարի» մռայլ իրականությունը, և «այլախոհական» գրականություն սփռելու տեսքով) պայքարն էր ԽՍՀՄ-ի և «սոցճամբարի» դեմ, որն էլ ավարտվեց վերջիններիս պարտությամբ։ Միևնույն ժամանակ, պատմագիտական որոշակի շրջանակներում համակարգի կազմալուծումը երբեմն մեկնաբանվում է որպես «պերեստրոյկայի» փուլում արևմտյան հատուկ ծառայությունների և նրանց կողմից հավաքագրված քաղաքական–տնտեսական «ազդեցության գործակալների» գործունեության արդյունք։ Նշենք, որ ազդեցության այդ գործակալներին են վերագրվում դատապարտելի շատ գործեր արդեն հետխորհրդային շրջանում։

Հաճախ փաստագրական հենք ունեցող այդ դիտարկումներից հետևում է, որ «փլուզման» գործում հատուկ ծառայությունները, իրոք, կարևոր դերակատարում են ունեցել։ Կան, օրինակ, հստակ վկայություններ, որ խորհրդային ղեկավարության ամենաբարձր մակարդակում եղել են ԽՍՀՄ-ի դեմ և ի շահ ԱՄՆ-ի գործող անձինք։ Մասնավորապես, արդյունավետ է գործել այսպես կոչված «Ոսկե ավանակ»1 տեխնոլոգիան, որը ենթադրում է անհրաժեշտ քաղաքական գործիչների կաշառումը և ուղղորդումը։ Պետք է կարծել, որ արտաքին ազդեցության վերոնշյալ մեթոդները, հասկանալի է՝ շատ ավելի փոքր մասշտաբներով, այդ տարիներին կիրառվել են «հայկական զարգացումներում», և բացառված չէ, որ այդօրինակ մեթոդիկան կիրառվում է նաև այսօր։

Վերոշարադրյալի համատեքստում արևմտյան գործիչների հրապարակային ելույթները, թե իրենց համար այն տարիների գործընթացներն «անսպասելի» էին, համոզիչ չեն հնչում. «առանց մամուլի» հանդիպումների ժամանակ նրանք այլ կերպ են արտահայտվում։ Օրինակ, 1995թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը շտաբների պետերի հետ «փակ» խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «վերջին տասը տարում ԽՍՀՄ-ի դեմ վարած քաղաքականությունն ապացուցեց, որ աշխարհի հզոր տերություններից մեկի վերացմանն ուղղված կուրսը ճիշտ էր... Օգտագործելով խորհրդային դիվանագիտության սխալները, Գորբաչովի և նրա շրջապատի ավելորդ ինքնավստահությունը, այդ թվում նաև նրանց, ովքեր բացահայտորեն ամերիկամետ դիրք զբաղեցրին, մենք հասանք նրան, ինչ պատրաստվում էր անել Միացյալ Նահանգների նախագահ Թրումենը ԽՍՀՄ-ի հետ ատոմային ռումբի միջոցով» [1]։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդունել, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները գործում էին իրենց ազգային շահերին համապատասխան, և մեղադրանքներն Արևմուտքի հասցեին գուցե և հասկանալի են զգացմունքային առումով, սակայն այնքան էլ արդարացված չեն. «պայմանական հակառակորդը» գործում էր Սառը պատերազմի ոգով՝ այդ պատերազմում ընդունված մեթոդիկաների կիրառմամբ։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ այդ գործողություններն արձագանք էին գտնում խորհրդային հասարակությունում։ Այսպես կոչված «ազդեցության գործակալների» որոշ մասը գործում էր ասես թե «գաղափարական նկատառումներից» ելնելով և անկեղծորեն կարծում էր, որ անհրաժեշտ է ցանկացած միջոցով փոխել գոյություն ունեցող համակարգը, քանի որ դա բարեբեր կլինի երկրի համար։ Ճիշտ է՝ միևնույն ժամանակ հաճախ համահարթեցվում էին «հայրենիք» և «անպետք քաղաքական համակարգ» հասկացությունները, ինչպես դա տեղի էր ունենում ռուս սոցիալ-դեմոկրատների մոտ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին, այստեղից բխող բոլոր հայտնի հետևանքներով։ Այսպիսով, համակարգի փլուզման համար ակնհայտ էին նաև «ներքին» նախադրյալները։

«Ներքին գործոն». Խորհրդային համակարգը ստեղծվեց հեղափոխական բռնության արդյունքում, և «տեռորը» սեփական ժողովրդի դեմ տարբեր պատճառներով և առանց դրանց տևեց մոտ 36 տարի (1917-1953թթ.), մինչև Ստալինի մահը։ ՌԴ նախագահին կից Քաղաքական բռնադատումների զոհերի արդարացման հանձնաժողովի տվյալների համաձայն, նման զոհերի թիվը կազմում է շուրջ 32 մլն, որոնցից 13 մլն-ը՝ Քաղաքացիական պատերազմի արդյունքում, իսկ Հայրենական պատերազմի մեծաթիվ զոհերի (շուրջ 30 մլն) մի մասը նույնպես կարելի է բացատրել տոտալիտար համակարգի «յուրահատկություններով»2։ Տեռորի զոհ դարձավ ոչ միայն զուտ «մարդկային ռեսուրսը» և «մարդկային կապիտալը». ոչնչացվեց նաև հոգևոր-մշակութային, ինչպես նաև նյութական արժեքների մի մեծ շերտ, որը ստեղծվել և դարերի ընթացքում ձևավորվել էր բազմազգ Ռուսական կայսրությունում։

Հայտնի է, որ հետստալինյան շրջանում «համակարգը» ընդամենը մեղմվեց, և «ազգային» ու «մարդկային» գործոնները շարունակում էին նախկինի պես չարժևորվել։ «Պերեստրոյկան» թույլ տվեց ինչպես ողջ խորհրդային հասարակությանը, այնպես էլ ազգային խնդիրներ ունեցող հանրապետությունների բնակչությանը, արտահայտել տասնամյակներով կուտակված բողոքը։ «Համակարգից» դժգոհության յուրովի ձև էր նաև ԽՍՀՄ կուսակցական «նոմենկլատուրայի» (նվազագույնը՝ դրա մի զգալի մասի) կողմից «պերեստրոյկայի» քաղաքականությունը։

Հենց այդ դժգոհությունը և «համակարգի» դեմ բողոքող կրիտիկական մասսայի ձևավորումն էլ, ռեզոնանսի մեջ մտնելով համակարգային, «սառըպատերազմյան» հակամարտությունից բխող «արտաքին» ազդեցության հետ, փլուզեց «սոցճամբարը»։ Նկատենք նաև, որ «փլուզումը» տեղի ունեցավ, երբ սկսվեց տեղեկատվական հեղափոխությունը. ստեղծված նոր իրադրությունում արդեն անհնարին էր պատկերացնել մոլորակի 1/6-ի չափով մեկուսացված համակարգեր, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը։ Չի կարելի նաև բացառել, որ եթե այդ «համակարգը» պահպանվեր մինչև Ինտերնետի դարաշրջանը, ապա փլուզման սցենարներն ավելի շուտ տեղի կունենային ավելի փափուկ ռեժիմում, քանի որ «դժգոհող զանգվածները» ոչ թե թյուր, այլ ավելի ադեկվատ պատկերացումներ կունենային շրջապատող աշխարհի մասին։

Համակարգից դուրս հանրություն. Հայտնի է, որ անգամ «ոչ ազատ» պետություններում ստեղծագործ հանրությունները գտնում են իրենց ինքնարտահայտման ձևերը։ Մեր պարագայում դրան մեծապես նպաստում էր այն, որ հզոր խորհրդային տերություն ստեղծելու տեսլականը և գաղափարական գործոնի կարևորումը թելադրում էր կոմունիստական ղեկավարությանը ստեղծել զարգացած ու լայնածավալ ռազմարդյունաբերական, գիտակրթական և մշակութային ամբողջական համալիր։ Արդյունքում՝ ԽՍՀՄ-ը (իսկ հետագայում՝ նաև նրա դաշնակիցները3) վերածվեց գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում բարձր մակարդակ ունեցող մի երկրի, որի հենքի վրա կազմավորվեց խոր գիտելիքներ և հոգևոր արժեքներ կրող մտավորականության մի ստվար զանգված։ Օգտվելով խրուշչովյան «ձնհալից» և մասնակի բարեփոխումներից՝ այդ ստեղծագործ ընտրանին կարծես թե իր վրա վերցրեց խորհրդային ժողովրդի հոգևոր առաջնորդը լինելու առաքելությունը։

Հասարակության մի ստվար հատվածի համար անհամեմատ ավելի կարևոր էին ոչ թե կուսակցական առաջնորդների ճառերը կամ համագումարների թեզերը, այլ հեղինակություն վայելող գիտնականների, գրողների մտքերը և խոսքերը, հաջողված գրքերն ու կինոֆիլմերը։ Որոշակի դերակատարում էին ձեռք բերել «դիսիդենտական»4 և ազգային շարժումները. շատերը, չնայած հետապնդումներին, տարածում և կարդում էին այսպես կոչվող «самиздат»-ն ու «тамиздат»-ը։ Հատկանշական է, որ նախկինում պախարակվող և անեկդոտների հերոս դարձած խորհրդային մարդու՝ homo soveticus-ի արժեհամակարգը, ի տարբերություն ներկայիս homo economicus-ի, այսօր բավական բարձր է գնահատվում։ Մասնավորապես, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որոշ հոգևոր հայրեր այսօր համոզմունք են հայտնում, որ աթեիստական ԽՍՀՄ քաղաքացիները հաճախ ավելի մոտ էին իրական քրիստոնեական արժեքներին և հասկացություններին, քան ներկայիս «խղճի և դավանանքի ազատության» պայմաններում ապրողները և կրոնական ծեսերին հետևողները։ Այդ համատեքստում կարելի է ասել, որ հետևելով Ա.Չեխովից փոխառած «ստրուկին իր միջից քամելու» հետխորհրդային կարգախոսին՝ հետխորհրդային հանրությունը «իրենից դուրս հանեց» նաև որոշ շատ արժեքավոր հատկանիշներ։

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, խորհրդային հանրության «բողոքող» հատվածի քաղաքական աշխարհընկալումն ավելի քան միամիտ էր և պարզունակ։ Որպես կոմունիստական ռեժիմի միակ այլընտրանք պատկերացվում էր իդեալականացված «ազատ աշխարհը», և «Արևմուտքի» հանդեպ ամենափոքր թերահավատությունն անգամ ընդունվում էր որպես պաշտոնական քարոզչության արտահայտություն կամ առնվազն՝ մոլորություն։ Ըմբռնումը, որ արևմտյան մոդելը նույնպես յուրովի «համակարգ» է և նույնպես բավական անողոք, եկավ արդեն հետո։ Հատկանշական է, որ հրապարակայնորեն այդ իրողությունն ընդունեցին հատուկենտ խորհրդային «դիսիդենտներ». շատերի համար նման խոսոտովանությունը, որը ենթադրում էր սեփական արմատացած աշխարհայացքների վերանայում ու վերիմաստավորում, պետք է որ հոգեբանորեն անհնար լինեին5։

Հետևանքներ և հնարավոր հեռանկարներ. ԽՍՀՄ ու «սոցճամբարի» փլուզումն ընթացավ դասական հեղափոխության ռեժիմով և դրանից բխող բացասական հետևանքներով. ազգամիջյան պատերազմներ, փախստականներ ու անօթևաններ, հանցագործության կտրուկ աճ, կառավարման համակարգի տրոհում, տնտեսության և կենսամակարդակի շեշտակի անկում (բավական է նշել, որ առայսօր ոչ բոլոր հետխորհրդային հանրապետությունների ՀՆԱ-ն է հասել հետխորհրդային շրջանի մակարդակին), գիտաարդյունաբերական և մշակութային ենթակառուցվածքի կազմալուծում (կոնկրետ Հայաստանում գիտական ոլորտը մոտ 30 անգամ ավելի պակաս է ֆինանսավորվում, քան 20 տարի առաջ), հանրության աղքատացում, և, ամենագլխավորը, բարոյալքում։ Իսկ քաղաքական առումով պարզվեց, որ աշխարհաքաղաքական դիմակայությունն ուժի մեջ է մնում, և Առաջին սառը պատերազմին անմիջապես հետևեց շատ բաներով ավելի «ճարտար» և վտանգավոր Երկրորդ սառը պատերազմը [2]։

Կարելի է փաստել, որ որպես խորհրդային ոգով կազմակերպված մի միջոցառում՝ «պերեստրոյկան» կոմունիստական «նոմենկլատուրայի» կատարած ծանր հանցագործություններից էր։ Անշուշտ, բարեփոխումները կարելի էր կատարել ավելի մտածված կերպով և հերթական անգամ չկորցնել խորհրդային տերության տասնամյակներ կուտակած ստեղծագործ «մարդկային կապիտալը», հոգևոր, մտավոր և նյութական արժեքներն ու ներուժը։ Հայտնի է, որ այդ ամենից չխուսափեց նաև Հայաստանը;

Միևնույն ժամանակ, «սոցիալիզմի» փլուզումը որոշակիորեն բացասաբար ազդեց նաև հաղթանակած «ազատ աշխարհի» վրա։ Դժվար է չհամաձայնել արևմտյան այն հետազոտողների հետ (որոնց թվում է նաև հանրահայտ Իմանուիլ Վալերսթայնը), որ հետխորհրդային իրողություններում համակարգերի մրցակցության բացակայությունը որոշակիորեն կազմալուծեց Արևմուտքը և հանգեցրեց «պոստմոդեռնիստական» ամենաթողության։

Ուշագրավ է, որ արդի գրեթե համընդհանուր «ժողովրդավարական», բայց և այնպես ոչ այնքան «ազատ» աշխարհում ձևավորվում է մի նոր «այլախոհական» շարժում։ Ժամանակակից դիսիդենտները հաճախ հասարակությունում բարձր դիրքեր զբաղեցնող (ինչպես իր ժամանակ Ա.Սախարովը կամ նույն Ալ.Զինովևը) մտավորականներ և երբեմն նույնիսկ պետական-քաղաքական գործիչներ են։ Հատկանշական է, որ քաղաքական-գաղափարախոսական հարթությունում վերստին, սակայն նորովի խմբագրված, ակտիվացել են սոցիալիստական հիմնադրույթները։ Այդ ամենը կարելի է պայմանականորեն անվանել «պոստմոդեռն» ոճի կոնվերգենցիոն6 գործընթացներ, երբ իրական «սոցհամակարգի» բացակայության պայմաններում փոխազդեցությունը տեղի է ունենում գաղափարախոսական մակարդակում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ «համակարգային փլուզման» երևույթները կարող են և ապագայում կրկնվել, սակայն այս անգամ անհամեմատ ավելի գլոբալ մասշտաբներով։

Գրականություն

  1. В.Л. Ченгаев, С.В. Баленко, Условия возникновения вооруженных конфликтов в 21-м веке на территории РФ и возможный их характер в период обострения военно-политической обстановки, «Военная мысль», #9, с. 2, 2009.
  2. Г.Тер-Арутюнянц, Холодная война – 2, Голос Армении, 04.12.2003; Г.Тер-Арутюнянц, Многополярная и асимметричная Холодная война, Вестник Академии Военных наук, #4(21), с. 23, 2007.

1Այս արտահայտությունը վերագրվում է Ֆիլիպ Մակեդոնացուն, որը մի առիթով ասել է, թե քաղաքները գրավելու համար պետք է ուղարկել ոչ թե զինվորներ, այլ «ոսկով բեռնված ավանակներ»՝ հակառակորդին «գնելու» համար։ Մարդկության ողջ պատմությունն ուղեկցող և փորձագիտական–լրագրողական շրջանակներում «Ոսկե ավանակ» կոչվող այդ «տեխնոլոգիան» ներկայումս «լեգիտիմացվել» է և էապես կատարելագործվել (հաշվի առնելով, մասնավորապես, բազմաթիվ «գրանտային» ծրագրերի և արդիական բանկային համակարգի ընձեռած հնարավորությունները)։ Այն կարևոր և օրինականացված տեղ է գրավում որոշ տերությունների ոչ միայն հատուկ ծառայությունների, այլև ռազմաքաղաքական–դիվանագիտական և տեղեկատվական-հոգեբանական ոլորտների հայեցակարգերում։

2Տե՛ս http://www.lenta.ru/russia/2001/10/29/yakovlev/։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացություններից հետևում է, որ հաշվարկված զոհերի թիվը դեռևս վերջնական չէ։

3Այս իրողության արտահայտությունն է, օրինակ, այն փաստը, որ «սոցճամբարի» որոշ երկրներ, չնայած տնտեսական ոլորտում հետ մնալուն, սոցիալ–առողջապահական և մի քանի այլ չափանիշներով գերազանցում էին իրենց «զարգացած կապիտալիստական» հարևաններին։

4Հետաքրքրական է, որ համաձայն ռուսաստանյան քաղաքագետներ Սերգեյ Կուրղինյանի և Ալեքսանդր Դուգինի վարկածների, «դիսիդենտական» շարժումը ԽՍՀՄ-ում ղեկավարվում էր КГБ-ի կողմից, քանի որ վերջինս դժգոհ էր «համակարգից» (Ալ.Դուգինը ընդհանրապես КГБ-ն որակում է որպես «ատլանտյան օրդեն» ԽՍՀՄ-ում)։ Նկատենք, որ համաշխարհային պրակտիկայում հատուկ ծառայությունների և հակապետական կազմավորումների միջև որոշակի համագործակցությունը սովորական երևույթ է։ Ի լրումն՝ հատուկ կառույցները, որպես կանոն, միշտ ավելի իրազեկ են լինում երկրում տիրող իրավիճակի մասին, և այդ առումով КГБ-ն պետք է դեռ 70-ականներից կանխատեսեր, որ «համակարգը» վերասեռվում է և պարտվում է Արևմուտքին։ Այդ, ինչպես նաև փաստագրական մի շարք իրողությունների համատեքստում «դիսիդենտական շարժման» և КГБ-ի բարձր էշելոնների համագործակցությունը ֆանտաստիկ չի հնչում։ Սակայն համարել, որ ԽՍՀՄ փլուզման պատճառը КГБ-ի կողմից հովանավորվող դիսիդենտական շարժումն էր, ինչպես մեկնաբանում են Կուրղինյանը և Դուգինը, իհարկե, չափազանցություն է։

5Դրանց թվում առանձնահատուկ տեղ է գրավում պրոֆ. Ալեքսանդր Զինովևը (1922–2006թթ.), որն իր «самиздат»-ով տարածվող «Зияющие высоты» գրքի համար 1978թ. արտաքսվեց ԽՍՀՄ-ից։ Վերադառնալով «նոր» Ռուսաստան՝ նա հանդես եկավ «արևմտյան համակարգի» թերությունների հրապարակային քննադատություններով և այդ խնդրին նվիրված հիմնարար գիտական աշխատություններով։

6Նախորդ դարի 60-ականներին ծագած կոնվերգենցիայի տեսության (Ջոն Գելբրայթ, Պիտիրիմ Սորոկին և այլք) համաձայն՝ սոցիալիստական և ազատական համակարգերի միջև տեղի է ունենում որոշակի հայեցակարգային մերձեցում, հանդիպակաց շարժում։ Արդյունքում՝ ԱՄՆ–ում զարգացում էր ապրում պետական պլանավորման համակարգը, իսկ ԽՍՀՄ-ում՝ տնտեսական գործունեությունից շահույթ ստանալու մոտեցումը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր