• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2018

ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018


Գագիկ Հարությունյան, 
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում վերջին տարիներին կատարվում են միջդիսցիպլինար բնույթի հետազոտություններ՝ ուղղված ինչպես հայաստանյան, այնպես էլ այլ երկրների «կրիտիկական ենթակառուցվածքների և ոլորտների» վերհանմանը և դրանց կարևորության գնահատմանը։ Այդ աշխատանքների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ ազգային անվտանգության տեսանկյունից հիմնական և որոշիչ է հանդիսանում գիտատեխնոլոգիական-հոգևոր (այս երկու հասկացությունները միաձուլված են) ոլորտը, որը պայմանականորեն կարելի է «անվանել կրիտիկական ոլորտների կրիտիկական ոլորտ»։ Վերջինիս կայացման աստիճանը պայմանավորում է մնացյալ բոլոր ուղղությունների զարգացումը՝ սկսած որոշումների ընդունման մեխանիզմից և վերջացրած դրանից կախված տնտեսական, ռազմական, սոցիալական և այլ բնագավառների արդյունավետ զարգացումով։ Այս հայեցակարգի շրջանակներում մեր ուշադրությունը գրավեց «չինական հրաշք» կոչվող ֆենոմենը, երբ ազգ-պետությունը պատմական առումով կարճ ժամանակում՝ 40 տարում, զարգացման թռիչք կատարեց, և եկանք այն եզրահանգման, որ իրականում «հրաշք» տեղի չի ունեցել. այդ գործընթացը խիստ օրինաչափ էր և պայմանավորված էր չինական քաղաքակրթության ներուժով։ Այս առումով փոքր պատմական էքսկուրս կատարենք։

Մեր թվարկությունից առաջ Չինաստանի բնակչությունը կազմում էր մոտ 12 մլն և գրեթե հավասար էր նույն ժամանակաշրջանում Հունաստանի բնակչությանը՝ մոտ 10 մլն։ Ինչպես գիտենք, հույների թիվն այսօր գրեթե նույնքան է, մինչդեռ արդի Չինաստանում ապրում է շուրջ 1.5 մլրդ մարդ։ Այս ֆենոմենը հաճախ մեկնաբանում են այլ գործոններով, մինչդեռ այն պայմանավորված է չինացիներին բնորոշ հոգևոր–մտավոր և ռազմավարական մտքի բարձր մակարդակով։ Այս համատեքստում կարելի է երկար խոսել Սուն Ցզիի «Ռազմարվեստի տրակտատի մասին»՝ հիշելով չինական ասացվածքը, թե «ռազմավարությունը դա ապագայի զավթումն է», չինական պոեզիայի մասին։ Եվ այս առիթով նկատենք, որ բարդ հիերոգլիֆային գրի պահպանումը իրենք՝ չինացիները, մեկնաբանում են, մասնավորապես, նրանով, որ կարդալով, օրինակ, Լի Բոի կամ Դու Ֆուի պոեզիան հիերոգլիֆներով այսօր, այն ընկալում են այնպես, ինչպես Լի դինաստիայի (մ.թ. 7–10-րդ դարեր) ժամանակակիցները։ Նման բարձր մշակույթի արտահայտությունն են Սուն Ցզիից հետո երկրորդ ամենախոշոր ստրատեգ համարվող Ու Ցիի (մ.թ.ա. 5-րդ դար) խոսքերն այն մասին, որ «հոգատարությունը պետության նկատմամբ պետք է արտահայտվի ժողովրդի լուսավորումով և մարդկանց սիրելով» [1]: Այս առիթով նկատենք, որ «մարդկանց սիրել» արտահայտությունը պետական կառավարման համատեքստում այդ դարաշրջանում այլ ազգերի պատմական աղբյուրներում, թերևս, չի հանդիպում։

Վերոնշյալ համառոտ նկատառումները վկայությունն են այն իրողության, որ չինական քաղաքակրթությանը բնորոշ են «ժամանակային տրիադայի»՝ անցյալի, ներկայի և ապագայի միասնության փիլիսոփայական ընկալումը և կիրառումը, որն արտահայտվում է նրանց ստրատեգների «պատմության մոռացությունը դավաճանություն է» կամ «ռազմավարությունը դա ապագայի զավթումն է» հայեցակարգային բնույթ կրող ձևակերպումներում։ Եվ այս տեսանկյունից, ավարտելով պատմական էքսկուրսը և վերադառնալով մեր դարաշրջան, նկատեմ, որ հատկապես «ժամանակային տրիադայի» միասնական ընկալումը բարդություններ է ստեղծում Չինաստանի մրցակիցների մոտ։ Ամենևին պատահական չէ, որ մի հայտնի արևմտյան քաղաքական գործիչ ժամանակին տրտնջացել էր, թե «մեր և չինացիների մոտեցումները ժամանակի հանդեպ միանգամայն այլ են, և դա նվազեցնում է մեր հնարավորությունները՝ ազդելու այդ երկրի վրա»։

Ինչպես տեսնում ենք, չինական ստրատեգները «Նորավանքի» փորձագետներից մի փոքր ավելի վաղ հանգել էին այն հետևությանը, որ ամենակրիտիկական ոլորտը միաձույլ գիտական–հոգևորն է, և պատահական չէ, որ ռուս ականավոր չինագետ Վլ. Մալյավինն իր հիմնական աշխատություններից մեկը կոչվում է «Գիտնականների կայսրություն»։ Այդ փայլուն ավանդույթը շարունակվում է նաև այսօր [2]։ Այդ համատեքստում համառոտ անդրադառնանք արդի ժամանակաշրջանում ՉԺՀ գիտահետազոտական ռեսուրսներին առնչվող որոշ քանակական ցուցիչների։

Ինչպես հայտնի է, աշխարհում ԳՀՓԿՄ (գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական մշակումների) ոլորտի ծախսերը 2016թ. կազմել էին $1.9 տրլն, ինչը կազմում էր համաշխարհային ՀՆԱ (ըստ գնողունակության պարիտետի) 1.74%1-ը։ Այդ բնագավառում ամենամեծ ծախսերն առայժմ կատարում է ԱՄՆ-ը՝ $514 մլրդ (համաշխարհային ԳՀՓԿՄ ծախսերի 26.4%-ը), երկրորդ տեղում է Չինաստանը՝ $396 մլրդ (համաշխարհային ԳՀՓԿՄ ծախսերի 20.3%-ը)2։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ ցուցանիշը 2012թ. կազմել է $447 մլրդ և 4 տարում աճել է $67 մլրդ, մինչդեռ ՉԺՀ ծախսերը 2012թ. կազմել են $232 մլրդ, այսինքն՝ 4 տարում ավելացել են $164 մլրդ-ով, ինչը 2.4 անգամ ավելի շատ է, քան ԱՄՆ ծախսերն այդ 4 տարում։ Այս միտումները վկայում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում ՉԺՀ ԳՀՓԿՄ ոլորտում ներդրումները կգերազանցեն համապատասխան ամերիկյան ցուցանիշները։ Ի հաստատումն մեր մոտեցման՝ նշենք, որ արդեն իսկ պատենտների հայտերի քանակով Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին. ՉԺՀ՝ 928 հազար պատենտ, ԱՄՆ՝ 579 հազար։ Մասնավորապես, համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալների, բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում այդ կազմակերպությունն ընդհանուր առմամբ ստացել է 406 հայտ, որից 56%-ը՝ Չինաստանից և միայն 22%-ը՝ ԱՄՆ-ից (նախորդ տարիներին առաջատարը ԱՄՆ-ն էր)3։

Սակայն այս խնդրում առկա է նաև մեկ այլ հանգամանք, որը կարելի է անվանել քաղաքակրթական–աշխարհաքաղաքական։ Եթե դիտարկում ենք պայմանական Հիերոգլիֆների աշխարհի՝ Չինաստան, ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Սինգապուր (այս ցուցակում բացակայում է Հյուսիսային Կորեան, որի հաջողությունները միջուկային–հրթիռային տեխնոլոգիաների բնագավառում վկայում են այդ երկրում առկա բավական մեծ գիտատեխնոլոգիական ռեսուրսների մասին), ապա տեսնում ենք, որ Հիերոգլիֆների աշխարհի ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի կազմում է $28,4 տրլն, ԳՀՓԿՄ ներդրումները՝ $678,3 մլրդ, իսկ ԳՀՓԿՄ մասը ՀՆԱ-ում կազմում է 2.87%։ Մինչդեռ համաշխարհային առաջատար համարվող Անգլոսաքսոնյան աշխարհի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համապատասխան ցուցանիշներն են՝ ՀՆԱ - $24.1 տրլն, ԳՀՓԿՄ - $618,7 մլրդ, ԳՀՓԿՄ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 1.98%։ Այսինքն՝ ՀՆԱ և ԳՀՓԿՄ կարևորագույն ցուցանիշներով Անգլոսաքսոնյան աշխարհն արդեն իսկ զիջում է Հիերոգլիֆների աշխարհին։ Այս համատեքստում նկատենք, որ դեռևս 1978թ. երբ իր ակտիվ գործունեությունն սկսեց Դեն Սյաոպինը, ՉԺՀ ՀՆԱ-ն ընդամենը $215 մլրդ էր, մինչդեռ այսօր այն կազմում է շուրջ $12 տրլն, այսինքն՝ աճել է շուրջ 55 անգամ։ Այլ խոսքերով՝ կարելի է արձանագրել, որ գլոբալ քաղաքակրթական-աշխարհաքաղաքական կենտրոնը հետևողականորեն տեղափոխվում է Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ), որտեղ գերակայում է Չինաստանը։ Հայտնի է, որ վերջինս տարածաշրջանային երկրների հետ ունի որոշակի տարաձայնություններ, սակայն որոշ սցենարներում ՉԺՀ-ն ունի այն ռազմավարական-տնտեսական ներուժը, որը թույլ կտա նրան իր շուրջը համախմբել ինչպես ԱԽՏ, այնպես էլ այլ տարածաշրջանների (մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի) երկրներին, այստեղից բխող բոլոր հետևություններով։ Դեն Սյաոպինի դերակատարումը նման իրավիճակ ստեղծելու գործում, անշուշտ, հսկայական է, սակայն փորձենք Դենի բարեփոխումները մեկնաբանել ավելի ընդհանրական՝ գաղափարախոսական տեսանկյունից։

Ինչպես գիտենք, նախորդ դարի 70-80-ական թթ. ղեկավարման միակուսակցական համակարգ ունեցող երկրներում սկսեց նկատվել որոշակի ճգնաժամ։ Եվ եթե ԽՍՀՄ-ում ծագած խնդիրների լուծման փորձն ընդունեց գորբաչովյան «պերեստրոյկայի» բնույթ և ավարտվեց ծանր հետևանքներով ու երկրի փլուզմամբ, ապա զարգացումները միանգամայն այլ էին ՉԺՀ-ում։ 1977թ. Դեն Սյաոպինի ղեկավարությամբ սկսվեց «Պեկինյան գարունը», որն ավարտվեց պետության ամրապնդմամբ և աննախադեպ ձեռքբերումներով հասարակական-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում։ Ի դեպ, այդ տարիներին Պեկինում բարձր մակարդակով ստեղծվեց մի հանձնաժողով, որն ուսումնասիրում էր խորհրդային փորձը՝ թույլ տրված սխալներից խուսափելու նպատակով։ Հատկանշական է նաև, որ նոր ձևավորված ՌԴ սահմանադրությունում փաստորեն արգելվեց պետական գաղափարախոսություն հասկացությունը և զարկ տրվեց համատարած լիբերալիզմին՝ հաշվի չառնելով, որ «Շուկայի տոտալ հաղթանակն ավելի վտանգավոր է, քան մենատիրական սոցիալիստական գաղափարախոսության հաստատումը» [3]։ Մինչդեռ Չինաստանում, ինչպես արտահայտվել էր Դենը, «Չարժե կաշկանդվել գաղափարախոսական և վերացական վեճերով, թե ինչ անուն է տրվում այս ամենին՝ սոցիալիզմ, թե կապիտալիզմ»։ Նշենք, որ այդպիսով Դեն Սյաոպինը բավական առաջ էր անցել գաղափարախոսության այն ժամանակաշրջանի պատկերացումներից և մի քանի տասնյակ տարի առաջ փաստորեն տվել էր ներկայում այդ հասկացությունը սահմանող՝ Վյաչեսլավ Յանկոյին պատկանող արդիական բանաձևը, համաձայն որի՝ «գաղափարախոսությունը հրահանգների համալիր է, որն ապահովում է գործընթացների ամենաարդյունավետ ռեժիմը և փոխկապակցվածությունը»4։ Այս խիստ դինամիկ, ալգորիթմ հանդիսացող սահմանման կիրառումը պետական կառավարման մեջ թույլ է տալիս լուծել գրեթե բոլոր հիմնախնդիրները։ Նման մոտեցումը ենթադրում է նաև բազմագաղափարախոսական համակարգի ձևավորում, որն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ամենաարդյունավետն է։ Այդ առիթով համառոտ անդրադարձ կատարենք այս խնդրին։

Ընդունված է համարել, որ գոյություն ունեն հիմնարար երկու ունիվերսալ գաղափարախոսություններ՝ սոցիալիստական (գլխավոր դրույթը հասարակությունում սոցիալական հավասարության սկզբունքների գերակայությունն է) և ազատական (հենքում ընկած է անձի ազատության գերակայությունը)։ Նման դասակարգումը պայմանավորված է նրանով, որ այդ երկու գաղափարախոսությունների բովանդակությունը կազմող սկզբունքներն այս կամ այն չափով կարող են օգտագործվել գրեթե բոլոր հանրությունների կողմից՝ անկախ նրանց էթնիկական, կրոնադավանական պատկանելությունից։ Ի տարբերություն նշված երկուսի, ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունները հենվում են կոնկրետ հանրությանը բնորոշ ազգային-քաղաքակրթական արժեքային համակարգի, ինքնության վերաբերյալ պատկերացումների և ավանդույթների վրա։

Ժամանակի ընթացքում գաղափարախոսությունները, չնայած դրանց հիմնարար դրույթների հարաբերական անփոփոխությանը, որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Երբեմն դա տալիս է դրական արդյունքներ, երբեմն՝ ոչ այնքան։ Սակայն ամենամեծ փորձությունները սկիզբ են առնում այն ժամանակ, երբ հանրությունում որևէ գաղափարախոսություն երկարատև մենաշնորհ և բացարձակ գերակայություն է ձեռք բերում։ Որպես կանոն, դա ծանր հետևանքներ է ունենում տվյալ երկրի համար։ Այդ երևույթի դասական օրինակներն են նացիոնալ-սոցիալիզմը Երրորդ ռեյխում կամ սոցիալիզմի մենատիրական-բյուրոկրատական մոդիֆիկացիայի հաստատումը Խորհրդային Միությունում։ Մինչդեռ պատմական փորձը վկայում է, որ այն հանրությունները, որոնք կարողանում են մտածված չափաբաժիններով համատեղ կիրառել ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունների դրույթները, զգալի զարգացում և առաջընթաց են ցուցաբերում։ Նման օրինաչափությանը ենթարկվող «բազմագաղափարախոսական» համակարգը ստացել է «գաղափարախոսական տրիադա» անվանումը։ Այդ տրիադան զարգացնում և մեծացնում է հանրության տարաբնույթ և առաջին հերթին հոգևոր և մտավոր ռեսուրսները, իսկ քաղաքական համակարգը դարձնում է ավելի ճկուն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում։ Վերոնշյալի համատեքստում փորձենք համառոտակի համեմատել ու գնահատել որոշ հանրությունների գործունեության արդյունավետությունը՝ կախված այդ հանրությունների գաղափարախոսական դաշտի բնութագրերից։

Արդյունավետ և մրցունակ «բազմագաղափարախոսական» համակարգի արտահայտություն է բրիտանական մոդելը, որն այս կամ այն ձևաչափով ներդրվել է նաև մնացյալ անգլիախոս երկրներում։ Այդ երկրների հանրություններին բնորոշ է գաղափարախոսական լայնախոհություն. կոնսերվատիվ (ազգային-պահպանողական) և լեյբորիստական (սոցիալիստական ուղղվածություն) գաղափարների կրողները մշակել են միմյանց փոխլրացնող մեխանիզմներ և համատեղ գործում են ազատական գաղափարախոսական դաշտում, որը հարազատ է անգլոսաքսոնյան հոգեկերտվածքին։ Այս գործոնով է, որ պետք է պայմանավորել Անգլոսաքսոնյան աշխարհի ռազմավարական ձեռքբերումները և այն, որ վերջին մի քանի հարյուր տարում այդ հանրությունը կարողանում է պահպանել առաջատարի կարգավիճակը։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում, փոխառելով բրիտանական քաղաքական տրամաբանությունը, թերևս՝ իր պատմական զարգացման յուրահատկության պատճառով, անտեսել են սոցիալիստական տիպի գաղափարախոսության կարևորությունը։ Արդյունքում` այդ երկրում ազատականության և սպառողականության բացարձակացումը լուրջ խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով էլ ԱՄՆ-ը սկսել է զիջել համաշխարհային առաջատարի դիրքերը։

Սակայն վերադառնանք Չինաստան։ Ընդամենը երեք տասնամյակ առաջ միագաղափարախոսական կոմունիստական Չինաստանը բոլոր չափանիշներով հեռու էր առաջատար երկրներից։ Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Դեն Սյաո Պինը միակուսակցական համակարգում ներդրեց ազատականության և ազգային պահպանողական (կոնֆուցիոնիստական) գաղափարախոսությունների տարրերը։ Հատկանշական է, որ այդ ամենին զուգահեռ՝ պահպանվեցին «ղեկավար» սոցիալիստական գաղափարախոսությունից բխող բոլոր առավելությունները։ Սակայն անգամ այդ ունիվերսալ ուսմունքում օգտագործվում են մ.թ.ա. V դարի փիլիսոփա և մտածող Մո Ցզիի դրույթները, որը համարվում է չինական սոցիալիզմի հիմնադիրը։ Այլ խոսքով՝ Չինաստանն ադապտացվեց ոչ միայն տնտեսական ազատական իրողություններին, այլև չինական ավանդույթներին և հոգեկերտվածքին։ Արդյունքում՝ Չինաստանը դարձավ գերտերություն և առաջատար ինչպես տնտեսական, ռազմական, այնպես էլ տեխնոլոգիաների ոլորտներում։ ՉԺՀ ձեռքբերումները պայմանավորված են նաև նրանով, որ վարչաքաղաքական համակարգում գործում են մերիտոկրատիայի5 սկզբունքները, համաձայն որոնց՝ ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ և պատրաստված անձինք։

1 2016 GLOBAL R&D FUNDING FORECAST. A Supplement to R&D Magazine. Winter, 2016.

2 2014 GLOBAL R&D FUNDING FORECAST. A Supplement to R&D Magazine. December, 2013.

3 https://hightech.plus/2018/09/04/kitai-v-2017-godu-operedil-vseh-po-kolichestvu-blokchein-patentov

4 Янко В.А., http://yanko.lib.ru

5 Մերիտոկրատիա (լատ. meritus ՝ արժանապատիվ) – արժանապատիվների իշխանություն։

Գրականություն

1. Китайская военная стратегия, с. 217, «Изд-во Астрель», «Изд-во Аст», М.¸2002.

2. Малявин Вл,. Империя ученых, Изд-во «Европа», 379 с., М., 2007.

3. Белл Д., Грядущее постиндустриальное общество, М., Академия, 1999.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր