• am
  • ru
  • en
Версия для печати
21.06.2007

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Թամարա Վարդանյան

armenian_community_Iran (medium)Հոդվածը պատրաստվել է Թեհրանում հրատարակվող «Յոյս» երկշաբաթաթերթի 2007թ. համարներում զետեղված նյութերի և հրապարակումների հիման վրա։


Գաղթը պատմության ընթացքում ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է եղել։ Սակայն միշտ չէ, որ «գնա՞լ, թե՞ մնալ» հարցն այնքան հստակ, պարզ ու անխուսափելի ձևով է դրված եղել մարդու առջև, որքան այսօր դա դրվել է իրանահայի առջև։

Իրանի բնակչությունն ըստ 2006թ. մարդահամարի կազմում է 70 միլիոն 472 հազար 846 մարդ։ Բնակչության 99.43%-ը մահմեդական է։ Հայերի թիվը հասնում է մոտ 120.000-ի։

Ըստ Թեհրանի Հայոց թեմի Կանոնադրության՝ Իրանի հիմնական և քաղաքացիական օրենքների համաձայն, իրանահայությունը հետևում է երկրի օրենքներին և կրոնական փոքրամասնություն ճանաչվելով՝ ունի կրոնի ազատության, կրոնի, լեզվի և ազգային սովորույթների ուսուցման, խորհրդարանում 2 ներկայացուցիչ ունենալու իրավունք։ Իսկ մասնավոր խնդիրներում հետևում է իր կրոնի ու դավանանքի օրենքներին ու ազգային սովորույթներին, որոնց հիման վրա վարում է իր եկեղեցական, կրոնական ու կրթական գործերը՝ համապատասխան ժողովների և մարմինների միջոցով։

Թեհրանի Հայոց թեմը և իր համայնքը կրոնական խնդիրներում հետևում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին, սովորույթներին ու ավանդույթներին և ենթարկվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր բարձր իշխանությանը։

Ս.թ. մայիսի 10-16-ին Թեհրանում տեղի ունեցավ Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի տարեկան նստաշրջանը։ Քննարկվող առանցքային հարցերից էր իրանահայության շրջանում օրեցօր թափ առնող և տեղի հոգևորականությանն անհանգստացնող արտագաղթի խնդիրը։ Նիստի ավարտին թեմի առաջնորդն իր եզրափակիչ խոսքում անդրադարձավ համայնքին հուզող արտագաղթի հարցին. «Գաղթը մեր ժողովրդի կյանքի անբաժանելի մի երևույթ է եղել պատմության ընթացքում, սակայն այս օրերում այն, ինչ կատարվում է այստեղ և մի քիչ էլ ամեն տեղ, դժվար բացատրելի երևույթ է»։

Անկասկած, այսօր արտագաղթն իրանահայերի առաջնակարգ խնդիրն է։ Երկիրը թողնելու համար կարծես պատճառաբանության կարիք չկա, ավելին. նա, ով չի պատրաստվում գաղթել, պիտի պատասխանի. թե ինչու է մնում։ Կարծես, գնալը բնական է, իսկ մնալը՝ անբնական, լուսաբանման ու բացատրության կարոտ։

Սակայն որո՞նք են գաղթի պատճառները, արդյո՞ք գաղթի ճանապարհը բռնած իրանահայերը պարզ ու հստակ պատկերացում ունեն իրենց ապագա բնակավայրի մասին, գիտե՞ն ինչով պիտի զբաղվեն նոր երկրում, ինչպե՞ս պիտի հաց վաստակեն այնտեղ հարցերն այդպես էլ մնում են անպատասխան։ Իսկ ամենակարևորն այն է, թե ինչ են նրանք մտածում նոր միջավայրում ազգային ինքնության պահպանման հնարավորությունների և անհրաժեշտության մասին։ Այս հարցադրումներով «Յոյս» երկշաբաթաթերթը դիմել էր երիտասարդ և միջին տարիքի, զանազան մասնագիտությունների տեր, երկու սեռի պատկանող 15 իրանահայերի, որոնք պատրաստվում են մեկնել Իրանից (հիմնականում ԱՄՆ)։

Ներկայացնում ենք հարցերը և դրանց տրված պատասխանները՝ մեր մեկնաբանություններով և ամփոփումներով.

  1. Ինչո՞ւ եք գնում։
  2. Գիտե՞ք, թե ուր եք գնում։
  3. Ի՞նչ պատկերացում ունեք այն երկրի մասին, ուր գաղթում եք։
  4. Ի՞նչ գործով եք զբաղվելու այդ երկրում։
  5. Արդյո՞ք ձուլման վտանգը ձեզ չի մտահոգում։

i42 տարեկան կին, համալսարանական կրթությամբ, ամուսնացած է, ունի 2 զավակ.

1. «Ես նախկինում, երիտասարդ ժամանակ, եղել եմ Ամերիկայում և ծանոթ եմ դրան։ Դա էլ մի երկիր է՝ իր լավ ու վատ կողմերով, և ընդհանրապես մեզ համար շատ նպաստավոր ու ցանկալի չէ։ Աշխատանքը շատ խիստ կանոններ ունի, և աշխատավորները մինչև իրենց գործի ժամի ավարտը շատ խիստ ու տքնաջան են, որը համեմատելի չէ Պարսկաստանի դրության հետ։ Ընդհանրապես, օրենք է տիրում այդ երկրում, և դա լավ է, բայց օրենքները հաճախ խիստ են և մեզ համար անընդունելի։ Իմ գնալու գլխավոր պատճառը իմ անառողջ վիճակն է։ Ես գնում եմ բուժվելու համար և զգում եմ, որ այնտեղ իմ առողջական տեսակետից համեմատաբար լավ է ու նպաստավոր։ Ես միայն այս բանի համար եմ գնում, եթե ոչ, անչափ սիրում եմ Իրանը, իմ քաղաքը և իմ թաղը։

2. Ես Ամերիկայի օրենքները մեծ մասամբ չեմ սիրում և մեզ համար օտար ու խորթ եմ զգում։ Աշխատողները իրավունք չունեն գոնե մեկ րոպե նստեն ու հանգստանան։ Այնտեղ ձուլման վտանգը մեծ է, և մեր համայնքը խիստ տուժում է։

3. Չգիտեմ իմ բուժման պրոցեսը ինչպես է լինելու, ուրեմն չեմ կարող ասեմ ինչ գործ եմ անելու կամ որտեղից եմ գլուխ հանելու։

4. Իհարկե, ձուլման վտանգը մեծ է, և դա արդեն փաստված իրողություն է։ Սփյուռքը կանգնած է ձուլման վտանգի առջև, բայց արևմտյան երկրում դրա թափը շատ արագ ու ուժեղ է։ Ես մեր ժողովրդի միակ փրկությունը տեսնում եմ Հայաստանում։ Հայը միայն կարող է Հայաստանում հայ մնալ։

42 տարեկան տղամարդ, ամուսնացած, միջնակարգ կրթությամբ.

  1. «Գնում ենք Ամերիկա օրինական ճանապարհով, առանց վախի։ Հիմա ճանապարհները շատ հանգիստ են և անցյալի նման վտանգավոր չեն։
  2. Պարսկաստանի տնտեսական վիճակը օրեցօր ծանրանում է, չեմ կարծում մինչև մեր կյանքի վերջը կարողանանք մի տուն գնենք։ Ամերիկայի կյանքը, ճիշտ է, ամեն ինչը պարտքով է, բայց պետությունը նախապես ամեն ինչ տալիս է, հետո մնում է մարդուն, որ իր աշխատանքով ու այսպես ասած վազելով օրեցօր բարելավի իր վիճակը։
  3. Ամերիկան մի մեծ ու ծով երկիր է, աշխարհի դրամագլուխը մեծ մասամբ այնտեղ է և հսկայական միջոցներ ունի։ Մարդու առաջ ճանապարհը բաց է՝ կուզես զարգացիր, չես ուզի՝ գնա ամենավատ ճանապարհով։ Մարդիկ 3-րդ աշխարհի բնակիչների համեմատ ունեն ապահով ու հանգիստ կյանք։ Պետք է գլուխդ կոռ անես ու գործես, այդպես ամեն ինչի կհասնես։
  4. Ես այնտեղ մոտիկ ազգական ունեմ, և իմ ու տիկնոջս գործն ապահովված է։ Նա մեզ ասել է՝ եկեք, ես ամեն ինչ դասավորել եմ։ Իմ գործը որոշված է. ազգականս այնտեղ մի մեծ պահեստ ունի, որը պարունակում է մեծ ու ծանր ապրանքներ և կապոցներ։ Ես ֆիզիկապես ուժեղ մարդ եմ, ուրեմն պետք է գնամ և այդ կապոցները դասավորեմ ու տեղադրեմ։ Ամեն օր նման ծանր կապոցներ գալիս են ու դուրս են գնում։ Իմ գործը այդ է։ Չեմ ասում շատ լավ գործ է, բայց պարտավոր եմ. ոչ ոք չի կարող անարգել քո աշխատանքը կամ ծաղրել այն։
  5. Միայն Գլենդելում ապրում են 1.2 միլիոն հայեր, այս մեծ քանակը պատճառ է դառնում, որ հայերը ավելի ուժեղանան և կարողանան իրենց ազգությունը պահպանեն։ Արդեն շատ հայկական դպրոցներ կան, հայերենի դասաժամերը բավական շատացել են, և կապերը Հայաստանի հետ սերտացել է։ Ուժեղ և հարուստ սփյուռքը հազար անգամ ավելի օգտավետ է Հայաստանին, քան աղքատ ու ճնշված սփյուռքը։

Մեկը, որ չի կամեցել ներկայանալ.

  1. Գնում ենք, որ մի քիչ նորմալ ապրենք։ Այստեղ ամեն ինչ ունենք՝ տուն, տեղ, գործ և լավ վիճակ, բայց ապագան շատ մութ է։ Ես ինքս ուզում եմ այնտեղ մի լավ համալսարան գնամ։ Ամուսինս էլ այստեղ լավ գործ ունի, և վստահ եմ, որ այնտեղ ևս կունենա իր պատվաբեր աշխատանքը։
  2. Ամերիկան մեծ երկիր է, որը իրենից մեծ ուժ է ներկայացնում և հզոր պետություն է. ունի զարգացած տեխնոլոգիա և մտավոր ուժ, այնտեղ խտրականություն չկա և մարդկանց չեն դասում ըստ իրենց կրոնի, ազգության և մաշկի գույնի։ Ամերիկան ազատ երկիր է, որը կարող է արդարորեն ճանաչել մեր դատը և պաշտպան դառնալ դրան։ Եթե հայ համայնքը հզորանա Ամերիկայում, դա ավելի նպաստավոր է հայ ժողովրդի և հայ դատի համար։
  3. Ես ուզում եմ այնտեղ ուսանել և բարձր աստիճանի հասնել։ Իմ նպատակը դա է։
  4. Եթե ընտանիքները բծախնդիր լինեն իրենց երեխաների հայեցի դաստիարակության նկատմամբ, վստահ եղեք, որ նրանք չեն ձուլվի։ Հիմա աշխարհի իրադրությունը այնպես է, որ եթե ցանկանաս՝ կարող ես հայ մնալ։ Հայ մնալը մեզ համար շատ կարևոր խնդիր է։

46 տարեկան կին, միջնակարգ կրթությամբ.

  1. «Գնում ենք Ամերիկա։ Պարզապես հոգնել եմ այս երկրից, ոչ մի առիթ չկա զարգանալու թե՛ գիտելիքներով և թե՛ նյութապես։ 20 տարի է, որ ամուսնացել եմ, բայց դեռ տուն չունեմ, վարձով ենք ապրում, ամուսինս այս տարիների ընթացքին 3 գործ է փոխել, նույնիսկ ուրբաթ օրերն էլ աշխատանքի է գնացել, բայց մեր ծախսերը հազիվ է բավարարում։ Մեկ տղա ունեմ, 17 տարեկան, որ արդեն զինվորացու կլինի։
  2. Ես միշտ խոսում եմ Ամերիկայում ապրող ընկերուհիներիս հետ, նրանց ասածով՝ մեծ հնարավորություններ կան սովորելու և զարգանալու համար։ Ուզածդ ապրանքը կարող ես առնել ու փողը քիչ-քիչ տալ և ստիպված չես երեխիդ մեկ տարի մոբայլ ունենալու համար սպասեցնես։ Այնտեղ տարիքավորներին լավ են հասնում։
  3. Ես միշտ սիրել եմ սովորել, բայց առիթը չի եղել։ Կերթամ… կգործեմ և պետության փողով դաս կսովորեմ։ Բժշկի օգնական էլ կարող եմ լինել. օրինակ՝ ատամնաբույժի գործիքները կտամ իրեն։
  4. Ճիշտն ասած՝ դրա մասին շատ էլ չեմ մտածում, մի՞թե հենց էստեղ մեր երեխեքը ինչքա՞ն են հայերեն սովորում։ Ո՞վ է հայերենին կարևորություն տալիս։ Լսելով՝ Ամերիկայում էլ միություններ կան, որ Հայաստանից երգիչներ են հրավիրվում կամ էլ որոշ դպրոցներում հայերեն դասեր են սովորում։ Իմ կարծիքով՝ մարդ ինքը պետք է իր ազգության կարևորություն տա, եթե ուզում ա չձուլվի։

Ամուսիններ՝ 50-ին մոտ, 2 զավակները ԱՄՆ-ում են, աղջիկն ամուսնացած է Թեհրանում.

...4. Ինչու չէ։ Թոռս կարող է հայ լինել, բայց դրանից հետո երաշխիք չկա։ Եթե Հայաստանում ապրելու և մնալու հնարք լիներ, չէի գնա Ամերիկա։

Հարցվողը չի ցանկացել ներկայանալ.

  1. Տիկինս ցանկանում է, որ գնանք, ես էլ մտածում եմ՝ աշխարհի վիճակը բարդանում է. թող չուշացնենք։ Ես Իրաքի պատերազմում 8 ամիս պատասխանատու ծառայող եմ եղել, վատ հուշեր ունեմ։
  2. Ես կարծում եմ՝ այդ երկիրը տերերի և ստրուկների երկիր է, որի մեջ մենք տեր չենք կարող լինել։
  3. Ես գնում եմ ոտքի տեղ գտնելու նպատակով։ Տեղավորվենք, հետո գանք։ Տուն, աշխատանք չենք վաճառում։
  4. Ոչ։ Այնտեղ ավելի ակտիվ հայկականություն կա։ Ազգային կյանքում ավելի ազդեցիկ են։ Հայաստանի նկատմամբ ավելի լուրջ դեր ունեն և ուժեղ կապեր, քան մենք՝ այստեղից։

Նոր ամուսնացած զույգ.

... 4. Չէ՜, այդ մասին չենք էլ մտածել։ Եվ մեր կարծիքով՝ ձուլման վտանգը ամեն տեղ էլ կա։ Եթե կարողանանք Հայաստան գնալ, այդ վտանգը քիչ կլինի։

25 տարեկան, միջնակարգ կրթությամբ.

... 4. Դա կախված է մարդու մտածելակերպից, կարելի է մարդ Հայաստանում կամ հենց Թեհրանում ձուլվի, նույնպես էլ Միացյալ Նահանգներում։

40 տարեկան, մեքենավար.

  1. Գնում եմ, քանի որ առավոտվա 8-ից գիշերվա 9-ը գործում եմ, նույնիսկ հինգշաբթի և ուրբաթ օրերը, և տարվա գլխին ուզում եմ լաստիկս (անիվներ) փոխեմ, փողերս չի հերիքում... Չեմ իմանում ՝ ինչ ենք անելու։ Ինչ հանում եմ, տան վարձ եմ տալիս, և ուտելիք ենք առնում։ Գոնե այնտեղ այսքան աշխատելու դիմաց կարելի է ավելի հանգիստ ապրել, գոնե զավակներս հանգիստ կապրեն։
  2. Մեր մոտ… ամեն տղերքն էլ գրվել են։ Մեկը չի գրվել, որ երթա, նա էլ փող չունի, որ գրվի։ Ասում են ՝ավելի լավ կլինի իրենց համար։
  3. Չեմ իմանում, ինչ որ լինի կգործեմ, պարապ չեմ մնա։
  4. Հույսով, որ չենք ձուլվի, որ հայ կմնանք, երեխեքս էլ հայերեն կսովորեն։

42 տարեկան, ամուսնացած է, ունի 2 զավակ.

  1. Աշխատավարձս չի բավարարում, տան վարձը շատ գումար է պահանջում։ Արդեն աղջիկս համալսարան պիտի գնա, ես վստահ եմ, որ այստեղ չեմ կարող նրան համալսարան ուղարկել։
  2. Նրանք, ովքեր գնացել են, գոհ են, թեկուզ այնտեղ շատ են աշխատում, բայց վերջիվերջո իրենց կյանքը ապահովված է։
  3. Չգիտեմ, ինչ կանեմ, բայց անգործ չեմ մնալու։
  4. Հայաստանից դուրս բոլոր հայերը ձուլման են ենթարկված։ Ճիշտն ասած՝ այդ մասին չեմ էլ մտածել։

30 տարեկան, նոր ամուսնացած.

  1. Մենք նոր ենք ամուսնացել, ուզում ենք տուն վարձել, 15 միլիոն թուման փող են ուզում։ Ես շատ եմ սիրում Թեհրանը, Իրանը, իմ ընկերներս ու բարեկամներս այստեղ են, բայց ինչ արած։
  2. Հեռվից հեռու լսում եմ թե այնտեղ ոչ ոք անգործ չէ։ Ես ու կինս էլ երիտասարդ ենք, կաշխատենք ու կապրենք։
  3. Դե, գիտեք, մարդը ապրում է այնպես, ինչպես պայմաններն են թելադրում, ոչ այնպես, որ ինքն է ցանկանում. մինչ տեղ չհասնեմ, չեմ կարող ճիշտ կողմնորոշվեմ։
  4. 4. Ցավում եմ, շատ եմ ցավում, որ դա սփյուռքում մի անխուսափելի բան է, երանի Հայաստանում լինեին այն պայմանները, որ հնարավոր լիներ այնտեղ աշխատել, թե մոտ է իմ սիրած Իրանին, որով երբ սրտնեղեի, հանգիստ կգայի, կարոտս կառնեի ու կգնայի, և թե ձուլման վտանգը բնավ չի լինի։

Մի քանի ուշագրավ դիտարկումներ, որոնք իրենց հերթին նոր հարցադրումների առիթ կարող են լինել.

  • Ուշագրավ է, որ հաճախ հնչում է այն բացատրությունը, թե Սփյուռքն Ամերիկայից շատ ավելի արդյունավետ կարող է օգնել Հայաստանին, քան Իրանից, թեպետ Իրանն այդքան մոտ է Հայաստանին։ Անշուշտ, այստեղ խոսքը հիմնականում լոբբիստական գործունեության մասին է, այլ ոչ ուղղակի օգնության։
  • Հետաքրքիր է նաև այն, որ ազգային ինքնության պահպանման համար ԱՄՆ-ը հիմնականում համարվում է ավելի նպաստավոր երկիր, քան Իրանը։ Թեպետ հայտնի է, որ զարգացած արևմտյան երկրներում ազգային ինքնության պահպանումն առավել դժվար իրագործելի խնդիր է, քան արևելյան, հատկապես մահմեդական երկրներում։
  • Պատասխաններից պարզ է դառնում, որ հարցվողներն արտագաղթում են Իրանից հիմնականում ապագան մշուշոտ տեսնելու պատճառով։ Առաջին պլան են մղվում անձի սոցիալացման համար երկրում ստեղծված անբարենպաստ պայմանները։ Պատճառների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում կրթություն ստանալու հարցը։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր