• am
  • ru
  • en
Версия для печати
09.02.2015

ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Գեորգի Կոլարով
Քաղաքագիտության թեկնածու, դասավանդում է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և Վառնայի (Բուլղարիա) Տնտեսագիտական համալսարանում։ Նախկինում՝ Բուլղարիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության վերլուծաբանական բաժնի «Հոգեբանական պաշտպանություն» ուղղության՝ կրոնական և քաղաքական ծայրահեղականության և ահաբեկչության գծով փորձագետ։

Նրանք, ովքեր 2014թ. նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին դիտել կամ լսել են թուրքական և արաբական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, կարող են մտածել, թե Բուլղարիայում պատերազմ է ծավալվում պետական ուժային կառույցների և մահմեդական քաղաքացիների միջև։ Բոյկո Բորիսովի կառավարությանն սկսել են մեղադրել այն բանում, որ խախտում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները, և որ «գործընթացը վերածնվում է», գործընթաց, որը նրա «պատրոնը»՝ Թոդոր Ժիվկովը, իրականացնում էր երկրի թուրք և մյուս մուսուլման ժողովուրդների շրջանում։ Մոռանալով, սակայն, որ այդպիսով նրա համար ձրի գովազդ են անում, քանի որ բուլղարական մեծամասնությունն արդեն աստվածացնում է Թոդոր Ժիվկովին դեմոկրատական փորձարկումներից քառորդ դար անց։ Հակառակ թուրքամետ կուսակցությունների (Իրավունքների և ազատությունների ընդդիմադիր շարժում – ԻԱՇ և իշխող կոալիցիայի՝ Ազատություն և արժանապատվություն ժողովրդական կուսակցության անդամներ) ամուր դիմակայությանը։

Իրականում փաստերն այսպիսին են. բուլղարական հակահետախուզությունը, ՆԳՆ-ի և դատախազության հետ համատեղ, շրջափակել է Պազարջիքի և Հարավային Բուլղարիայի մի քանի այլ քաղաքների այն թաղամասերը, որտեղ կան մզկիթներ, որոնք ծառայում են որպես իսլամական արմատական քարոզիչների թաքստավայրեր։ Կոնկրետ Պազարջիքի գնչուական թաղամասը պանիսլամիզմի բուն է դարձել տեղի իմամի քարոզչական ակտիվ գործունեության արդյունքում։ Ահմեդ Մուսա Ահմեդն ուղղակիորեն կոչ էր անում տեղի գնչուներին միանալ «Իսլամական պետության» ռազմական կազմավորումներին, որի դրոշը ԵՄ-ում առաջինը հենց Բուլղարիայում պետք է ծածանվի։ Վերջինը պետք է մասնատվի, և հոծ մուսուլմանական բնակչություն ունեցող բոլոր տարածքները պետք է անցնեն Թուրքիայի Հանրապետությանը։ Սա համընկնում է ֆեյսբուքյան բազմահազարանոց խմբի նկրտումներին, որը պահանջում է թուրքական հոծ բնակչությամբ Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Բուլղարիայի անջատում։ Նրանք, իհարկե, պետք է միանան նոր Օսմանյան կայսրությանը։

Իրականում, լարվածությունը Պազարջիքում վաղուց է սկսվել։ Երեք տարի առաջ այնտեղ մեկնարկել էր գործընթաց իսլամական արմատական այն իմամների դեմ, ովքեր Բուլղարիայի քաղաքացիներ են հանդիսանում։ Հարցաքննությունների ժամանակ Բարձրագույն մուսուլմանական խորհրդի նախագահ Մուսթաֆա Հաջին պնդում էր, որ «Բուլղարիայում արմատական իսլամ չկա»։ Անգամ խորհուրդներ էր տալիս լրագրողներին չօգտագործել «արմատական իսլամ» բառակապակցությունը և պնդում էր, որ սալաֆիականությունը սուննիական իսլամական հոսանքներից մեկն է միայն։ Անվիճելի ապացույցներին, «Ալ Ուակֆ ալ իսլամի» ֆոնդի էմիսարների հետ հանդիպումների վերաբերյալ հարցերին պատասխանում էր, թե դրանք ընդամենը ընթացակարգային հանդիպումներ էին, և ինքը, ելնելով իր ծառայողական պարտավորություններից, հանդիպում է բոլոր նրանց հետ, ովքեր հրավիրում են իրեն։ Երկուսուկես տարի առաջ մզկիթի հարևան թաղամասերի բնակիչները հանրագիր էին ուղարկել քաղաքապետարան, որում բողոքում էին մուսուլմանական հոգևորականության մշտական հոգեբանական ճնշումից։ Բանն այն էր, որ տեղի մզկիթից ամբողջ օրը և հատկապես ժամը 23-ից մինչև առավոտյան 5-ը արաբական երգեցողություն է տարածվում։ Նրանք վախենում էին այդտեղի իսլամի հետևորդներից, որոնք ագրեսիվ են և անմիջապես կռիվ են սարքում, եթե իրենց նկատողություն են անում։ Սադրանքների մեջ մեղավոր է համարվում մզկիթի հոգևորականության նախագահ Յաշար Մուսթաֆան, որն օրերս կեղծավորաբար դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները՝ հայտարարելով, թե «իսլամը խաղաղության կրոն է, և մուսուլմանները խաղաղ մարդիկ են»... Հոգեբանական ահաբեկչության դեմ առաջինը հանդես եկան համայնքի նախագահ Գեորգի Շեքերջիևը և քաղաքապետ Տատյանա Ստոյանովան։

2015թ. հունվարի 12-ի երեկոյան Տատյանա Ստոյանովան՝ 34-ամյա հարուստ և գեղեցիկ այդ կինը, տուն վերադարձավ իր շքեղ արտասահմանյան մեքենայով՝ աշխատանքից հետո հագուստը փոխելու և ռեստորանում Տատյանայի օրը նշելու համար։ Հենց որ նա դուրս էր եկել մեքենայից, պրոֆեսիոնալ մարդասպանն ատրճանակից հինգ անգամ կրակել էր նրա վրա։ Կինը տեղում մահացել էր։ Մարդասպանին հաջողվել էր փախչել։ Այս հանցագործությունը ցնցեց ոչ միայն Պազարջիքի, այլև ամբողջ Բուլղարիայի քաղաքացիներին։ Պաշտոնական հետաքննությունը մի քանի վարկած առաջադրեց, բայց մարդկանց մեծ մասը համոզված է, որ սպանությունը կատարել են տեղի գնչուները՝ իսլամիստ արմատականները, և որ այն միաժամանակ վրիժառություն է և նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր փորձում են կանգնեցնել արմատական իսլամի տարածումը և մահապարտների հավաքագրումը ԻԼԻՊ (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) բանակի համար։ Նախազգուշացումը կարծես թե նպատակին հասավ, ոչ ՆԳՆ-ն, ոչ հակահետախուզությունը ոչինչ չեն ձեռնարկում տեղի մուսուլմաններին սանձելու համար, որոնք իրենց անպատիժ են համարում։ Երաժշտական ահաբեկչությունն ու շահիդների հավաքագրումը շարունակվում են առանց խոչընդոտների։

Ակցիան ժամանակից շուտ սկսվեց, դատախազությունից տեղի ունեցած տեղեկատվության տարածման պատճառով. իբր, դատախազներից մեկի քարտուղարուհին անզգույշ է գտնվել և հրապարակել է գործողության պլանը... Ոչ ոք չի կարող ինձ համոզել, թե սա տեղի է ունեցել անփութության պատճառով. Բուլղարիայի ուժային կառույցներում 1989թ. Թոդոր Ժիվկովի հեռանալուց հետո Թուրքիայի Հանրապետության և ողջ աշխարհի իսլամիստների շատ «խլուրդներ» են արմատավորվել։ Լուրեր են պտտվում անգամ ուսադիրներով բարձրաստիճան պաշտոնյաների մասին... Առայժմ ձեռնպահ կմնամ նրանց նշելուց, քանի որ անվիճելի ապացույցներ չկան։ Եվ այնուամենայնիվ, գործողությունը հաջողվեց։ Ձերբակալեցին հենց նրանց, որոնց վաղուց պետք է ձերբակալած լինեին։

Ահմեդ Մուսա Ահմեդն արդեն դատված եղել էր այն նույն հոդվածներով, որոնցով նորից դատապարտվելու է մոտ ժամանակներս։ Դա տեղի է ունեցել Բոյկո Բորիսովի նախկին կառավարման շրջանում։ Ցավոք, հետո Պլամեն Օրեշարսկու կառավարությունն իրեն բնորոշ համաձայնողականություն ցուցաբերեց հարավարևելյան հարևանի հետ և ազատ արձակեց իսլամիստ քարոզչին։ Նա իրեն այնպես էր պահում, ինչպես այն ժամանակ, երբ Ջոն Մակքեյնի և ամերիկացի երկու այլ հանրապետական սենատորների ներկայությամբ հայտարարեց «Հարավային հոսք» էներգետիկ նախագծի սառեցման մասին...

Այս գործողությամբ Բոյկո Բորիսովը ջուրն էր նետում Հայրենասիրական ճակատի (նացիոնալ-հայրենասերների) իր կոալիցիոն գործընկերների բողոքը, որոնք հրապարակավ բողոքում էին ընդդեմ Ազատություն և արժանապատվություն ժողովրդական կուսակցության (էթնիկ թուրքերի կուսակցություններից մեկի) ներկայացուցիչներից մեկին՝ Օրհան Իսմայիլովին (չշփոթել կուսակցության նախագահ Կորման Իսմայիլովի հետ) պաշտպանության փոխնախարար նշանակելու։ Թեև Հայրենասիրական ճակատի ղեկավարներն ընդվզում և սպառնում էին հեռանալ կառավարական կոալիցիայից, բայց առայժմ դա չեն արել։ Նախ՝ այդ փոխնախարարը չի կարող աշխատել ստորադաս սպաների հետ բարձրացված աղմուկից հետո և ընդամենը ֆիգուրանտ կմնա։ Երկրորդ՝ պարզ է, որ նրա նշանակումը պետք է արդարացում ծառայի Բոյկո Բորիսովի համար Բրյուսելի, Վաշինգտոնի, և որ գլխավորն է՝ Անկարայի առջև, եթե նրան մեղադրեն մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոտնահարման մեջ։

Իհարկե, նա տպավորություն է ստեղծում, թե ինքն է ուզում ազատվել Հայրենասիրական ճակատից. հիշյալ կուսակցության ևս մեկ ներկայացուցչի՝ Վեսելին Պենևին (էթնիկ բուլղարացի, Սոֆիայի բնակիչ, թուրքամետ կուսակցությունների վաղեմի ֆունկցիոներ) նշանակել է Սոֆիայի մարզային կառավարիչ։ Արդյունքում՝ հարաբերությունները Հայրենասիրական ճակատի հետ էլ ավելի սրվեցին։ Սակայն, նկատի ունենալով, որ դրա ղեկավարությունում սոցիալիզմի ժամանակվա հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան ֆունկցիոներներ են աշխատում, կարելի է ենթադրել, որ կոնֆլիկտը կհարթվի։

Ի վերջո, Հարավային Բուլղարիայում տեղի ունեցած ակցիան անհամեմատ ավելի շատ արդյունքներ բերեց, թեև փոքր-ինչ ուշացած էր։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունում Օրհան Իսմայիլովի ներկայությունը բացասական էֆեկտի չի հանգեցնում։ Եթե նրա ձեռքերը կապված են, նա չի կատարի ուրիշ որևէ այլ ֆունկցիա՝ թուրքական ռազմական հետախուզության իրազեկիչի գործառույթից բացի, որն առանց այդ էլ վաղուց ամեն բան գիտի բուլղարական բանակի մասին։ Հիշում եմ, որ 1990-ականներին (երբ աշխատում էի Բուլղարիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության վերլուծաբանական բաժնում) թուրք զենիթայինները կանոնավորապես զանգահարում էին Պլովդիվի մերձակա ավիաբազաների բուլղարացի օդաչուներին՝ խնդրելով վերջապես թռչել, որպեսզի իրենք նույնպես անելու բան ունենային։ Իսկ բուլղարացիները չէին թռչում, վառելիք չկար։

Իսկ Բոյկո Բորիսովը մինչ այդ կուտակում է էթնիկ բուլղարների վստահությունը և մուսուլմանական երեք փոքրամասնությունների՝ թուրքերի, գնչուների ու մուսուլման բուլղարների ատելությունը։ Նա առայժմ կարծես նախընտրում է հենց բուլղարացիներին... Եվ այնուամենայնիվ, բուլղարական հակահետախուզության հնարավորություններն այս փուլում խիստ սահմանափակ են։ Առաջին անգամ 2009թ. ամռանն իշխանության գալուց հետո Բոյկո Բորիսովը որոշեց առաջին հերթին հաշիվ տեսնել մրցակիցների (հատուկ ծառայություններից) հետ, ներառյալ նախկին ծառայակիցներին։ Եվ կադրային ջարդ կազմակերպեց Ազգային անվտանգության պետական գործակալությունում (ДАНС - Държавна Агенция за Национална Сигурност

2010թ. փետրվարի 2-ին ձերբակալվեց ДАНС հիերարխիայի նախկին երկրորդ դեմքը՝ Ալեքսեյ Պետրովը։ Դրանից կես տարի առաջ նա ազատվել էր պաշտոնից անձամբ Բոյկո Բորիսովի կողմից։ Երկուսն էլ ժամանակին սովորել են այդ նույն Պազարջիքի միլիցիայի միջնակարգ դպրոցում։ Հետո ավարտել են ՆԳՆ ակադեմիան Սոֆիայի մերձակա Սիմեոնովոյում։ Բոյկո Բորիսովն այնտեղ դիսերտացիա է պաշտպանել՝ նվիրված հրշեջ խողովակին, իսկ Ալեքսեյ Պետրովը սովորել է Կարլ Մարքսի անվան Բարձրագույն տնտեսագիտական ինստիտուտի առևտրատրանսպորտային ֆակուլտետում։ Նա այստեղ՝ մտավոր սեփականության ամբիոնում դասավանդել է «Ֆիրմային անվտանգության հիմնախնդիրները» առարկան։ 2003թ. սեպտեմբերին ՆԳՆ ակադեմիայում թեկնածուական թեզ է պաշտպանել «Ահաբեկչությունը և ֆիրմային անվտանգությունը» թեմայով։ Հրապարակել է երկու մենագրություն և ուսումնական ձեռնարկ կորպորատիվ անվտանգության թեմայով։

Երկրի սոցիալիստական զարգացման ժամանակաշրջանում Ալեքսեյ Պետրովը ծառայողական աստիճանակարգում Բոյկո Բորիսովից ավելի վեր էր բարձրացել։ Որպես «կարմիր բերետների» (ՆԳՆ հատուկ ջոկատ) հրամանատար Սոֆիայի երկաթգծի կայարանում ձերբակալել է արևմտագերմանացի խիստ վտանգավոր ահաբեկչի «Կարմիր բանակի» խմբակցությունից» (սոցիալիստական երկրներում ընդունված էր այն անվանել «Բաադեր-Մայնհոֆ»՝ խուսափելու համար բանվորագյուղացիական կարմիր բանակի հետ զուգորդումներից)։ Վերջինը Սոֆիա է եկել Իսրայելի վարչապետ Իցհակ Շամիրի ու նրա տիկնոջ՝ Շուլամիթի (Բուլղարիայի հրեուհի, որը մերձակայքում էր ծնվել և մկրտվել էր այստեղ) աղոթքի ժամանակ սինագոգը պայթեցնելու համար։ Արդյունքում՝ Պետրովը պարգևատրվել է Իսրայելի բարձրագույն ռազմական շքանշանով և ուղարկվել Իսրայել՝ մասնագիտանալու ահաբեկչության դեմ պայքարում։ Վերադարձել է որպես Բուլղարիայի ամենապատրաստված մասնագետ։

«Դեմոկրատական» փոփոխություններից հետո և՛ Բոյկո Բորիսովը, և՛ Ալեքսեյ Պետրովը դուրս եկան պետական ուժային կառույցներից։ Եվ քանի որ միասին էին զբաղվել կարատեով և մարզական շատ հաջողությունների էին հասել այդ մարտարվեստում, ստեղծեցին առաջին թիկնազորները Բուլղարիայում։ Կարելի է ասել, որ այս ոլորտում բավական հաջողություններ ունեցան. Ալեքսեյ Պետրովը դարձավ բուլղարացի բոլոր թիկնապահների միանձնյա բոսը, իսկ Բոյկո Բորիսովը գլխավորեց նախկին կուսակցական և պետական գործիչ Թոդոր Ժիվկովի թիկնազորը՝ մինչև նրա մահը։ Հետո դարձավ Սիմեոն Երկրորդ Սաքսեն-Կոբուրգ Գոթացի թագավորի թիկնազորի պետը։ Երբ վերջինը դարձավ վարչապետ, նրան նշանակեց ՆԳՆ գլխավոր քարտուղար՝ ամենաբարձր ռազմական պաշտոնն է նախարարությունում (նախարարը քաղաքական դեմք է)։ Նրան շնորհվեց գնդապետի կոչում։ Հետո նախագահ Պյոտր Ստոյանովը նրան շնորհեց գեներալ-մայորի, իսկ նրա հաջորդը՝ Գեորգի Պիրվանովը, գեներալ-լեյտենանտի կոչում։ Թագավորի գահընկեցությունից հետո Բոյկո Բորիսովը հաղթանակ տարավ ընտրություններում և դարձավ Սոֆիայի քաղաքապետը։ Այս պաշտոնում նրա հեղինակությունն ու ժողովրդականությունն էապես բարձրացան։ Եվ 2009թ. նրա նոր՝ Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման (ՔՀԲԵԶ) կուսակցությունը օրինաչափորեն հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և նա առաջին անգամ դարձավ վարչապետ։ Երկրորդ անգամ վարչապետ դարձավ 2014-ին։

Այդ ընթացքում Ալեքսեյ Պետրովը գործի դրեց Իսրայելում ունեցած իր կապերը, և Բուլղարիայից այնտեղ տեղափոխված հրեաները նրան վստահեցին կառավարելու Բուլղարիայում մնացած իրենց կապիտալները (այդ թվում և անշարժ գույքը) և բուլղարական տնտեսության մեջ կատարած ներդրումները։ Ստեղծվեց քաղաքացիների տնտեսական նախաձեռնության միությունը, և նա նշանակվեց դրա գործադիր տնօրեն։ Այս կազմակերպությունը վերածվեց Բուլղարիայում ամենահզոր կորպորացիաներից մեկի, ընդգրկեց արդյունաբերության, գյուղատնտեսության շատ ճյուղեր, նորարարական տեխնոլոգիաները, տրանսպորտը։ Ալեքսեյ Պետրովը դարձավ ամենաառաջավոր գիտնականների և մարզիկների հովանավորը։ Վերջինները նրա շնորհիվ հրատարակում էին իրենց աշխատությունները, մեկնում արտասահմանյան գործուղումների, մարզվում լավագույն պայմաններում։

2008թ. նա ДАНС-ում դարձավ երկրորդ դեմքը, բայց իրականում ինքն էր ղեկավարում հակահետախուզությունը, քանի որ առաջին դեմքը՝ Պետկո Սերտովը (նրա մասին՝ ստորև), մեղմ ասած՝ բանի պետք չէր։ Հենց այդ ժամանակ էլ ամենալուրջ հարվածները հասցվեցին «Ալ-Քաիդայի», «Մուսուլման եղբայրների», «Ահմադիայի» «Ալ Ուակֆ ալ Իսլամի», «Իրշադ» և այլ ֆոնդերի էմիսարներին։ Մուսուլմանական քաղաքների և գյուղերի ղեկավարները, որոնք իսլամական ֆունդամենտալիզմի քարոզիչներ էին հանդիսանում, հանգիստ քնել չէին կարողանում, որովհետև գիտեին, որ ДАНС աշխատակիցները կարող են ցանկացած պահի ներխուժել իրենց տները կամ գրասենյակները, խուզարկություն անցկացնել և առգրավված գրքերի, գրքույկների, սկավառակների (իսլամական քարոզչություն պարունակող) հիման վրա գործեր հարուցել, որոնք կավարտվեին լուրջ դատավճիռներով։ 2009թ. գարնանը ձերբակալվեց Ահմեդ Բաշևը՝ Գրմենի համայնքապետը։ Համայնքի մեջ մտնում են մուսուլման բուլղարներով բնակեցված Ռիբնովոն, Լժնիցան և այլ գյուղեր։ Նա այս բնակավայրերից քշում էր հակահետախուզության բացահայտված գործակալներին, և նրա ձերբակալությունը նախազգուշացում էր նշանակում՝ չանել դա։ Հետո, սակայն, Ահմեդ Բաշևը դարձավ պատգամավոր և սկսեց ավելի եռանդուն կերպով տարածել իսլամիզմը։

Այն բանից հետո, երբ Բոյկո Բորիսովը հասավ նրան, որ Ալեքսեյ Պետրովը հրաժարական տա ДАНС-ում իր պաշտոնից, վերջինն իր ուժերով և միջոցներով շարունակեց աշխատել այս խնդրի շրջանակում։ Նա որոշեց սոցիոլոգիական հարցում իրականացնել «Արմատական իսլամական գաղափարների ազդեցությունը մուսուլման բուլղարների վրա» թեմայով։ Արդյունքների մասին պատրաստվում էր տեղեկացնել Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովին։ Նա դրանով զբաղվելու կարևոր պատճառ ուներ. իսլամիստները հասել էին նրա հայրենի Տետևենի երկրամաս։ Այնտեղ ցայժմ գործում է պակիստանյան «Ահմադիա» աղանդը։ Բուլղարիայում դրա էմիսարներն են անհայտ ծագման տեր մի տիկին՝ Ռիֆաթ Արան և Արևելյան Ռոդոփում գտնվող և մուսուլման բուլղարներով բնակեցված Մադան քաղաքի «Փոքր գետ» մզկիթի իմամը։

Ալեքսեյ Պետրովն իր ջանքերը կենտրոնացրեց ամենաթեժ կետում՝ Ռոդոփ լեռների արևմտյան մասում և Չեչ դաշտավայրում։ Այնտեղ, դեմոկրատական փոփոխություններն սկսվելուն պես, ակտիվ գործում են իսլամիստական արմատական աղանդների և ֆոնդերի էմիսարները։ Սկզբում արաբերենի և Ղուրանի ուսուցման դասընթացներ սկսվեցին, համեմատաբար ոչ մեծ գումարներ տրվեցին արբանյակային ալեհավաքներ գնելու, ավելի մեծ գումարներ՝ տներ կառուցելու համար։ Հետո սկսվեց ավելի քան հազար մզկիթների կառուցումը։ Սկզբում դրանցում քարոզում էին «Մուսուլման եղբայրների» քարոզիչները։ 1993թ. վերջին գրանցվեց «Ալ Ուակֆ ալ Իսլամի» ֆոնդը։ Ֆոնդի և Բուլղարիայի Հանրապետության մուսուլմանների գլխավոր մուֆթիի միջև պայմանագիր կնքվեց «Իսլամական կրթության ոլորտում և հոգևոր իսլամական ուսումնարաններում համատեղ գործունեության մասին»։ Ֆոնդն ամբողջովին ֆինանսավորում է դրանք՝ իրեն վերապահելով կադրային, կառուցվածքային և վարչական փոփոխություններ առաջարկելու և դասավանդող կադրեր (ներառյալ արտասահմանից) ապահովելու իրավունքը։ 1995թ. մարտին ֆինանսավորել է նաև մուսուլմանական արտակարգ կոնֆերանսը։ Հյուրերից մեկը՝ մի թուրք ֆունդամենտալիստ, ամբիոնից հայտարարեց. «Մինչև հիմա ես միլիոններ եմ նետել Բուլղարիայում և Մակեդոնիայում իսլամիզմի տարածման համար, շարունակելու եմ փող տալ»։ Այս ամենի մասին պետությունում ամենից լավ գիտեր Ալեքսեյ Պետրովը։ Նա՝ որպես երկրորդ մարդը ДАНС-ում, արժեքավոր տեղեկատվություն էր ստանում նախկին Պետանվտանգության կոմիտեի երկրորդ գլխավոր վարչության (հակահետախուզության) և Ռազմական հակահետախուզության ծառայողներից։ Եվ սկսեց ուսումնասիրել իրավիճակն Արևմտյան Ռոդոփում և Չեչում։

Նրա էմիսարները տագնապալի նորություններ էին հաղորդում. մուսուլման բուլղարները (այսպես կոչված «պոմակները») եռահարկ տներ են կառուցում՝ չնայած ճգնաժամին և գործազրկությանը, չեն խոսում անծանոթների հետ, նրանց գյուղերում մի կաթիլ ալկոհոլ չես գտնի, կուրբան բայրամը նշվում է ճոխ և առատ՝ համընդհանուր աղքատության ֆոնին, հյուրանոցներում աշխատող կանայք ծածկում են դեմքերը։ Եվ երբ արդեն ուսումնասիրությունն ավարտվելու վրա էր, 2010թ. փետրվարի 10-ին Ալեքսեյ Պետրովը բռնաճնշման ենթարկվեց, և ծանր հարված հասցվեց Բուլղարիայի ազգային անվտանգությանը։ Վահաբական էմիսարների գործունեությունը շարունակվեց առանց առանձնակի խոչընդոտների։

Գրեթե ոչ ոք չգիտի՝ երբ և ինչու «սև կատու անցավ» Բոյկո Բորիսովի և Ալեքսեյ Պետրովի միջև։ Տարբեր ասեկոսեներ կան այս թեմայի վերաբերյալ։ Դրանց մեծամասնությունը հանգում է այն բանին, որ մեջտեղում չկիսված փողեր կան։ Ալեքսեյ Պետրովի ձերբակալությունից հետո, պատասխանելով լրագրողի հարցին՝ Բոյկո Բորիսովն ասաց. «մեր հարաբերությունների էվոլյուցիան այսպիսին է՝ լավագույն ընկերոջից մինչև մոլի թշնամի»։ Ինչևէ, նրանց թշնամանքն արգելակեց պայքարն ընդդեմ Բուլղարիայի Հանրապետություն իսլամիստների ներթափանցման։

ДАНС-ի հանդեպ, թերևս, վերջնական գրոհը տեղի ունեցավ 2014թ. դեկտեմբերի 5 - 2015թ. հունվարի 12-ին։ Այն կազմակերպվեց նախկին տնօրեն Պետկո Սերտովի կողմից։ Հավանաբար, բավական ժամանակ կանցնի, մինչև որ բուլղարական հանրությունը վերջապես լիովին կգիտակցի, թե ինչ պատահեց իր հետ նշված ժամանակահատվածում։ Բայց Բուլղարիայի ազգային անվտանգությանը հասցված վնասը գերազանցում է այն ամենը, ինչը կարող են իրենց մտքով անցկացնել անգամ ամենամեծ հոռետեսները Բուլղարիայի Հանրապետության զարգացման առաջիկա հեռանկարների առումով։ Կարելի է ասել, որ երկրի դարպասները լայնորեն բաց են ծայրահեղականների և ամեն տեսակ ահաբեկիչների, ինչպես նաև բացահայտ քրեական տարրերի առջև։

ДАНС նախկին տնօրեն Պետկո Սերտովը 2014թ. հունվարի 5-ի երեկոյան, ըստ պաշտոնական վարկածի, կնոջ հետ եղել է տանը։ Մի որոշակի պահի, առանց կնոջը որևէ բան ասելու, դուրս է եկել և, իբր, անհետ կորել է։ Կինը մեկ օր հետո տեղեկացրել է ՆԳՆ-ին ու ամուսնու նախկին պաշտոնը զբաղեցնողին։ Սերտովը տանն էր թողել միջազգային անձնագիրն ու այլ փաստաթղթեր, ինչպես նաև բջջային հեռախոսները։ Այդ պատճառով ոչ ոք երկար ժամանակ չէր կարողանում որոշել նրա գտնվելու վայրը։ Թեև նա հեռացել էր իր սեփական ավտոմեքենայով։ Իսկ մինչ այդ բանկոմատից 8000 լև էր հանել (2 լևը հավասար է 1 եվրոյի)։ Հետո ի հայտ եկան տեղեկություններ, թե մեքենան հատել է բուլղարա-հունական սահմանը (ԵՄ քաղաքացիներն այն կարող են անցնել առանց անձնագրի, միայն անձնական քարտով)։ Նրա մասին վերջին տեղեկությունն այն էր, որ անհետանալուց մի որոշ ժամանակ հետո մի գիշեր մնացել է Աթենքի հյուրանոցում։ Դրանից առաջ և հետո հասարակությունը նրա մասին ոչինչ չի իմացել։

Պետկո Սերտովին որոնելու համար գործի դրվեցին ДАНС-ը և ՆԳՆ-ն։ Բուլղարա-հունական սահմանը ողջ երկայնքով ստուգվեց ուղղաթիռով։ Ներքին գործերի նախարարի խնդրանքով Ինտերպոլը նրա հանդեպ հետախուզում հայտարարեց։

Կարծիք կա, որ այս ողջ պատմությունը Բուլղարիայի պետական ուժային մարմինների վրա 500.000 լև է նստել։ Իսկ թե որքան են ծախսել եվրոպացիները՝ հայտնի չէ։ Եվ պաշտոնական որևէ արդյունքի չեն հասել։ Թեև ДАНС նախկին պետին փնտրում էին միայն ԵՄ անդամ երկու պետության՝ Բուլղարիայի և Հունաստանի տարածքներում, որոնցում առկա են հետախուզման արդիական տեխնիկական միջոցներ։ Եվ եթե մարդ կարող է թաքնվել դրանցից, ապա դժվար թե թանկարժեք մեքենան աննկատ մնար։

2015թ. հունվարի 12-ին կորածի սեփականությունը հանդիսացող մեկ այլ մեքենա Հունաստանից ուղևորվել է դեպի Բուլղարիա, այն նույն սահմանակետով, որտեղով անցել էր առաջինն ու չէր վերադարձել։ Մեքենայի մեջ երեք ուղևոր կար. ինքը՝ Պետկո Սերտովը, նրա կինն ու եղբայրը՝ Թոդոր Սերտովը, որն էլ վարում էր մեքենան։ Վերջինն ապրում է Բրյուսելում, որտեղ գլխավորում է ԵՄ անդամ պետությունների հատուկ ծառայությունների վետերանների կազմակերպությունը։ (Քաջատեղյակ մարդիկ կարծում են, որ եղբոր խայտառակ վարքագծի պատճառով նա շուտով պաշտոնանկ կարվի)։ Ներքին գործերի նախարարը, ДАНС տնօրենը և նրանց մյուս գործընկերները հորդորում են Պետկո Սերտովին պատմել, թե որտեղ է գտնվել այդ հինգ շաբաթվա ընթացքում և ինչ է պատահել նրա հետ։

Հասկանալի է, որ ДАНС նախկին տնօրենը, գործակալությունն ինքը և համանման ծառայություններն արդեն դարձել են լրագրողների և հասարակության ծաղրուծանակի առարկան։ Պետկո Սերտովի անհամարժեք պահվածքը համեմատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար եղած Ֆորեսթալի խելագար պահվածքի հետ, որը դուրս էր նետվել հոգեբուժարանի պատուհանից՝ «Ռուսները գալի՛ս են։ Նրանք ամենուրե՛ք են» գոչելով։ Լուրեր են պտտվում Սերտովի խորհրդավոր անհետացման և նույնքան խորհրդավոր հայտնվելու հետ կապված (համասեռամոլությունից մինչև «Գազպրոմի» անվտանգության ծառայության կողմից հետապնդումներ, իբր, տապալված «Հարավային հոսք» նախագծի իրականացման համար ստացած խոշոր գումարների պատճառով)։ Վերջին վարկածը սակավ հավանական է. եթե ռուսներն իսկապես որոնեին նրան, վաղուց գտած կլինեին։ Եվ ոչ ոք դրա մասին ոչինչ չէր էլ իմանա։

Բուլղարիայի Հանրապետության պետական ուժային կառույցների այս բոլոր ձախողումներից հետո նկատվում է դրանց թուլացման և կորպորատիվ ու ֆիրմային անվտանգության մարմինների ուժեղացման միտում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2015

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր