• am
  • ru
  • en
Версия для печати
25.11.2015

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ)

Руский

   

Ջոնի Մելիքյան,
«Նորավանք» ԳԿՀ հրավիրված փորձագետ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Ներքին քաղաքականություն

Հոկտեմբերը բավական ակտիվ էր Վրաստանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ հարևանների և արևմտյան գործընկերների հետ Վրաստանի փոխհարաբերությունների առումով։ Ներքաղաքական թեմաների մեջ հարկ է առանձնացնել երկրի ներսում ընթացող բանավեճը ռուսաստանյան «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի էներգետիկայի նախարարության՝ գազի շուրջ բանակցությունների վերաբերյալ, ինչը քննադատության ալիք է բարձրացրել կառավարության հասցեին ընդդիմախոսների և ընդդիմադիր թևի՝ «Միասնական ազգային շարժման» և «Ազատ դեմոկրատների», ինչպես նաև հասարակական մի շարք կազմակերպությունների և փորձագետների կողմից։ Ամսվա ևս մեկ կարևոր իրադարձություն էր «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաալիքի ճակատագիրը. դատավարություն է ընթանում ձայնագրությունների սեփականության իրավունքի և տարածման վերաբերյալ, որոնք հաստատում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, «Միասնական ազգային շարժում» կուսակցության, ինչպես նաև «Ռուսթավի-2» հեռուստաալիքի մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին։ Սակայն այս փուլում մենք կդիտարկենք միայն վրաց-ռուսական գազային բանակցությունները և երկրի ներսում առաջացած արձագանքն այս առիթով։

«Գազպրոմ»-ի հետ բանակցությունները և բանավեճերը Վրաստանի էներգետիկ անվտանգության շուրջ

Սեպտեմբերի վերջին (սեպտեմբերի 25) ԶԼՄ-ում տեղեկատվություն տարածվեց Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախի Քալաձեի և «Գազպրոմ» ՀԲԸ (հանրային բաժնետիրական ընկերություն) վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի բրյուսելյան հանդիպման մասին։ Այդ տեղեկատվությունը, որ ստացվել է «Գազպրոմի» մամուլի ծառայության մատուցմամբ, բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել։ Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Բաքրաձեն, օրինակ, ասել է, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները սպառնալիք են ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգությանը։

Հակառակ դիրքորոշում է արտահայտել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ըստ որի՝ ինչպես և նախկինում, խոսքը հյուսիսային հարևանի հետ նվազագույն համագործակցության մասին է։ Ինքը՝ փոխվարչապետ Քալաձեն, բավարարվել է նրանով, որ խոսել է նման հանդիպումների օգտակարության մասին։ «Մենք բարեկամական լավ հարաբերություններ ենք հաստատել (Ռուսաստանի հետ) էներգետիկ ոլորտում մի քանի տարվա ընթացքում, և դրանք շարունակվելու են։ Ինչ վերաբերում է «Գազպրոմի» ղեկավարության հետ բրյուսելյան հանդիպմանը, ապա խոսակցությունը դրա ընթացքում վերաբերել է Վրաստանին գազ մատակարարելուն և երրորդ երկրներ տարանցելուն»,- ասել է նա։

Ըստ Քալաձեի՝ այս հարցը նույնպես առնչվում է Վրաստանի հետ, քանի որ եթե Հայաստանն ավելացնի Ռուսաստանից գազի ներկրման ծավալը, ապա դա կազդի Վրաստանի կողմից տարանցման համար ստացվող գազի ծավալի ավելացման վրա։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ Վրաստանը պատրաստ է նաև բանակցել «Գազպրոմի» հետ գազի հավելյալ մատակարարման համար՝ գումարած այն 10%-ին, որը երկիրը ստանում է որպես վճար ռուսական գազը Հյուսիս-Հարավ խողովակաշարով Հայաստան տարանցելու համար։

Տեղեկանք. «Գազպրոմ» ՀԲԸ տեղեկատվությամբ՝ 2014թ. ռուսական մոնոպոլիան Վրաստան է մատակարարել 300 մլն մ3 գազ (ներառյալ հակական 10% տարանցումը)։ Միակ երրորդ երկիրը, որին մատակարարվում է ռուսական գազ Վրաստանի տարածքով, Հայաստանն է։ Իսկ Վրաստանը որպես իր տարածքով տարանցման վճար ստանում է Ռուսաստանից Հայաստան Հյուսիս-Հարավ խողովակաշարով (որի երկարությունը 221 կմ է) մատակարարվող բնական գազի ընդհանուր ծավալի 10%-ը։

Այն պատճառով, որ Քալաձեի գործընկերները կառավարությունում չկարողացան միանշանակ բացատրել տեղի ունեցած հանդիպման բովանդակությունն ու նպատակները, կառավարության հասցեին հնչեց հերթական քննադատության ալիքն ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ հասարակական մի շարք կազմակերպությունների և փորձագետների կողմից։

Նախկին վարչապետի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գիա Խուխաշվիլու խոսքերով՝ «Գազպրոմի» հետ համագործակցությունը չի սպառնում Վրաստանի էներգաանվտանգությանը, քանի որ երկիրն ունի բնական գազ ստանալու այլընտրանքային աղբյուր։ Խոսելով վրաց-ռուսական էներգետիկ բանակցությունների մասին՝ փորձագետը նշել է, որ նման հանդիպումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, քանի որ Վրաստանը «Գազպրոմի» հետ քննարկման ընթացիկ թեմաներ ունի, թեկուզև վրացական տարածքով տարանցման հետ կապված։

Փորձելով վերջնականապես բացատրել և ապացուցել ընդդիմախոսներին իրենց քննադատության անհիմն լինելը՝ փոխվարչապետ Կախի Քալաձեն հոկտեմբերի վերջին մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ նշել է, որ Վրաստանում գազի սպառման ավելացած մակարդակի պատճառով, որը 2015թ. կարող է հասնել 2,5 մլրդ մ3-ի, ինչպես նաև ելնելով Ադրբեջանցի հավելյալ գազի մատակարարման անհնարինությունից՝ Վրաստանը փորձում է չբավարարող գազի քանակությունը գնել Ռուսաստանից՝ ի հավելումն ռուսական երկնագույն վառելիքի այն ծավալի, որը երկիրն արդեն ստանում է ի հաշիվ Հայաստան ռուսական գազը տարանցելու։

Խոսելով Ադրբեջանից գազի հավելյալ ծավալ գնելու խնդիրների մասին՝ Կախի Քալաձեն նշել է, որ մինչև Շահ Դենիզ հանքավայրի երկրորդ փուլի շահագործման մեջ մտնելը, որը նախատեսվում է 2019թ., Ադրբեջանը «հնարավորություն չունի» ապահովել հարևան Վրաստանին մատակարարվող ծավալների ավելացումը։ Բացի այդ, նա լրագրողներին է ներկայացրել Վրաստանին բնական գազի մատակարարկան սխեման ըստ տարիների և ըստ աղբյուր երկրների։ Փաստաթղթից երևում է, որ խնդիրը նոր չէ, իսկ Վրաստանի «Վրացական երազանք» կոալիցիայի ժամանակվա կառավարությունը (Բիձինա Իվանիշվիլի և Իրակլի Ղարիբաշվիլի) գազի հավելյալ ծավալները գնում էին ռուսական «Գազպրոմից», ինչպես և նրանց նախորդները Միխայիլ Սաակաշվիլու ժամանակվա «Միասնական ազգային շարժումից», որոնք այսօր քննադատում են Վրաստանի ղեկավարությանը։

Համաձայն ներկայացված տվյալների՝ Վրաստանում մատակարարվող գազի ընդհանուր ծավալում ռուսական վառելիքի բաժինը 2009թ. 9,8%-ից կրճատվել է՝ հասնելով 2012թ. 1,6%-ի։ 2013թ. հավելյալ գազի ներկրում Ռուսաստանից ընդհանրապես չի կատարվել։ 2014թ. ռուսական գազի բաժինը (առանց տարանցման 10%-ի, որը կազմել է 206,1 մլն մ3), վառելիքի սպառման ընդհանուր ծավալում կազմել է 2,8% կամ 61,6 մլն մ3 գազ։

«Բացի տարանցման համար ստացվող գազից, անգամ պատերազմից հետո է իրականացվել Ռուսաստանից հավելյալ գազի մատակարարում, բայց չգիտես ինչու այս փաստը մոռանում են, և ոչ ոք այդ մասին չի խոսում։ Հասկանալի է, որ ընտրությունների տարի է սպասվում և քաղաքականապես սնանկացած կուսակցությունները և քաղաքական գործիչները փորձում են այդպիսով բնակչությանը հիշեցնել իրենց մասին... Այս թվերը փաստեր են, որոնցից դուրս որևէ այլ բան տեղի չի ունենում։ Այդ հարաբերություններն սկսվել են մի քանի տարի առաջ, շարունակվում են այսօր և շարունակվելու են, հավանաբար, նաև ապագայում»,- ասել է Քալաձեն։

Տեղեկանք. Ադրբեջանին բաժին է ընկնում 2014թ. Վրաստանի սպառած 2,17 մլրդ մ3 գազի 87,1%-ը (կամ 1,89 մլրդ մ3 գազ)։ Ադրբեջանից ստացվող գազի ընդհանուր թվի մոտ 686 մլն մ3-ն Վրաստան է մատակարարվել 2014թ., Հարավկովկասյան խողովակաշարի համաձայնագրի շրջանակներում, որի միջոցով իրականացվում է գազի տեղափոխումը Շահ Դենիզ հանքավայրից դեպի Թուրքիա Վրաստանի տարածքով։ Մնացած 1,21 մլրդ մ3-ն Ադրբեջանից Վրաստան է ներկրվել առանձին պայմանագրի շրջանակներում։

Բավական հետաքրքիր և անհասկանալի է «SOCAR Gas Georgia»-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն այսօր «գրեթե ամբողջովին» և անհրաժեշտ ծավալներով բավարարում է Վրաստանի բնակչության բնական գազի կարիքները։ Ի պատասխան այս հայտարարության և հաջակցություն Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Քալաձեի՝ էներգետիկայի գծով վրաց փորձագետ Ռևազ Արվելաձեն նշել է, որ Մամեդովը խոսում է այսօրվա մասին՝ հաշվի չառնելով, որ ապագայում Վրաստանում աշխատելու է Գարդաբանի նոր ջերմաէլեկտրակայանը՝ 500 մվտ էլեկտրաէներգիա հզորությամբ, որին անհրաժեշտ կլինի բնական գազի հավելյալ ծավալ։ Նրա խոսքերով՝ նոր ՋԷԿ-ին կարող է օրական մինչև 2 մլն մ3 բնական գազ պետք լինել։

«Միևնույն ժամանակ, Մամեդովը հիանալի գիտի, թե ինչ գնով է Վրաստանը գազ ստանում Ադրբեջանից. այդ 5%-ը Շահ Դենիզից, որը մենք ստանում ենք գրեթե անվճար, 500 մլն մ3, որը, համաձայն պայմանագրի, ստանում ենք $55-ով՝ գումարած տարեկան 1,5%, մոտ $70։ Հետո գալիս է սոցիալական գազը. գրեթե 500 մլն մ3 $189-ով։ Դրանից հետո մենք թանկ գազ ենք ստանում, ինչը կազմում է մոտ $250 1000 մ3-ի համար։ Երբ Վրաստանում պահանջարկն ավելանա, կարող է ստանալ հենց այդ թանկ գազը, քանի որ արտոնյալ սակագներն արդեն սպառվել են»,- նշել է փորձագետը և հավելել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները զարմանալի չեն։

Ըստ Արվելաձեի՝ Շահ Դենիզ-2-ը դեռ չի աշխատում, որպեսզի Վրաստանն իսկապես կարողանար ստանալ այն 5% (1,5 մլրդ մ3) անվճար գազը, հանուն որի կնքվել է պայմանագիրը, և չէր լինի Ռուսաստանից հավելյալ բնական գազ գնելու անհրաժեշտությունը։

Արդեն ամսվա վերջին՝ հոկտեմբերի 27-ին, վացական ԶԼՄ-ում ևս մեկ տեղեկատվություն սպրդեց Միլլերի հետ Քալաձեի արդեն երկրորդ հանդիպման մասին, բայց արդեն Միլանում։ «Գազպրոմի» մամուլի ամփոփագրի համաձայն՝ «հանդիպման ժամանակ շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և նրա կոմերցիոն մատակարարումների հարցի քննարկումը»։

«Կողմերը քննարկել են տարանցման մասին առկա պայմանագրի երկարացման, ինչպես նաև տեխնիկական այլ հարցեր։ Բացի այդ, քննարկվել են (Վրաստանին) հավելյալ ծավալի բնական գազ մատակարարելու հնարավորությունն ու պայմանները»,- ասվում է Վրաստանի էներգետիկայի նախարարության կարճ հաղորդագրությունում։

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը մեծ հեղինակություն ունի երկրի կառավարությունում և որոշակի ազդեցություն ներքաղաքական գործընթացների վրա, մեկնաբանելով Քալաձեի հայտարարությունները՝ աջակցություն է հայտնել դրանց և ասել, որ Վրաստանը պետք է իրականացնի երկրի գազամատակարարման դիվերսիֆիկացիա, այդ թվում և «Գազպրոմից» բնական գազի հավելյալ ծավալ գնելու, ինչպես նաև իրանական գազի ներկրման և տարանցման միջոցով։

«Նրանում, որ շուկան դիվերսիֆիկացվի և մենք բիզնեսմեններին իրավունք տանք, որպեսզի նրանք գազ գնեն այնտեղ, որտեղ ցանկանում են, որպեսզի շուկան ազատ լինի, ոչ մի վատ բան ես չեմ տեսնում։ Ռուսական գազը մատակարարվում է ողջ Եվրոպային, և եթե Վրաստանը գնի ռուսական գազ, ոչ մի քրեական հանցանք դրանում չկա... Մենք պետք է ընտրության իրավունք ունենանք։ Մենք փորձում ենք, և ես ակտիվ մասնակցում եմ դրան, որպեսզի Վրաստանի տարածք գա նաև իրանական գազը՝ տարանցման և սեփական օգտագործման նպատակներով»,- ասել է Իվանիշվիլին։

Նրա խոսքերով՝ Վրաստանը երախտապարտ է Ադրբեջանին և ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը, որը Վրաստանի ամենախոշոր գազի մատակարարն է, բայց լավից բացի, ուրիշ ոչինչ տեղի չի ունենա, եթե շուկայում մեկից ավելի ընկերություն լինի։ Նա նաև ասել է, որ բիզնեսը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու բազմաթիվ աղբյուրների միջև։

Թեման ամփոփելով՝ նշենք, որ Վրաստանին գազի մատակարարման դիվերսիֆիկացման այս քաղաքականության քննադատների բոլոր հայտարարությունները որևէ լուրջ փաստարկում չունեն և հանգեցվում են լոկ երկրի ներկայիս իշխանությունների քննադատությանը՝ «նրանց ռուսամետ հակումների» պատճառով։ Այս ամբողջ հիստերիան բացատրվում է նաև նրանով, որ երկրի բնակչությունը դժգոհ է տնտեսական իրավիճակից, բացի այդ՝ ընթանում է ներքաղաքական պայքար 2016թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Տնտեսություն. Ռուսաստանը Վրաստանում տրանսֆերտների քանակության առաջատարն է, բայց 4-րդը՝ առևտրային գործընկերների ցուցակում

Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալները 2015թ. անցած ինն ամիսներին կրճատվել են 26,7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, և կազմել է $802,9 մլն։ Չնայած տրանսֆերտների ծավալի 41,7% կրճատմանը՝ Ռուսաստանը դեռևս շարունակում է պահպանել դրամական փոխանցումների խոշոր աղբյուրի կարգավիճակը, որոնք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են $322,7 մլն։ Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային բանկի հրապարակած հետազոտությունում։

Փոխանցումների ծավալով երկրորդը Հունաստանն է, որտեղից կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 41,4%-ով և կազմել $91,39 մլն 2015թ. անցած ինն ամիսներին։ Իտալիայից կատարված դրամական փոխանցումները կազմել են $79,9 մլն (կրճատվել են 12,9%-ով) այնուհետև ԱՄՆ-ն է՝ $65,3 մլն, Թուրքիան՝ $53,4 մլն, Իսրայելը՝ $22,9 մլն, Իսպանիան՝ $19,6 մլն և Գերմանիան՝ $19 մլն։ Ազգային բանկի տվյալներով՝ 2014թ. համեմատ դրամական փոխանցումների ծավալը սեպտեմբերին կրճատվել է 32,9%-ով, այն դեպքում, երբ հուլիսին և օգոստոսին համապատասխանաբար արձանագրվել է 31,8% և 35,1% կրճատում։

Տեղեկանք. 2014թ. դրամական փոխանցումների ծավալները կրճատվել են 2,45%-ով 2013թ. համեմատ և կազմել են $1,44 մլրդ, ինչը կազմել է երկրի ՀՆԱ մոտ 8,7%-ը։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալները կրճատվել են 11,5%-ով և կազմել $709,23 մլն՝ ընդհանուր ծավալի 49,2%-ը 2014թ.։

Վրաստանի Վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ Վրաստանի արտաքին առևտուրը 2015թ. անցած ինն ամիսներին կրճատվել է 12,75%-ով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և փոքր-ինչ գերազանցել է $7,3 մլրդ-ն։ Բացասական առևտրային հաշվեկշիռը կրճատվել է 1,3%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել է $4,02 մլրդ։

Ներմուծման ծավալը հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, կրճատվել է 9%-ով և կազմել $5,66 մլրդ։ 2015թ. անցած ինն ամիսներին արտահանման ծավալը կրճատվել է 23,6%-ով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել է $1,65 մլրդ, ինչը կապված է, հիմնականում, ավտոմեքենաների վերարտահանման և Ռուսաստան արտահանման կրճատման հետ։

ԵՄ երկրների հետ Վրաստանի առևտրային շրջանառությունը 2015թ. անցած ինն ամիսներին կազմել է $2,31 մլրդ, ինչը 6%-ով ավելին է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Արտահանումը ԵՄ երկրներ աճել է 2%-ով և կազմել $471 մլն, ինչը կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման 29%-ը։ Ներմուծումն ավելացել է 7%-ով և կազմել $1,84 մլրդ, ինչը կազմում է երկրի ամբողջ ներմուծման 33%-ը։

ԱՊՀ երկրների հետ առևտուրը 2015թ. անցած ինն ամիսներին կրճատվել է 22%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և փոքր-ինչ գերազանցել է $2 մլրդ-ն։ ԱՊՀ երկրներ Վրաստանից արտահանումը կրճատվել է 44%-ով և կազմել $630 մլն, այսինքն՝ երկրի ամբողջ արտահանման 38%-ը, իսկ ներմուծումը կրճատվել է 6%-ով և կազմել $1,39 մլրդ (երկրի ամբողջ ներմուծման 25%-ը)։

Վիճակագրության համաձայն՝ Թուրքիան Վրաստանի խոշոր առևտրային գործընկերն է, նրա հետ առևտրաշրջանառությունն անցած ինն ամիսներին հասել է $1,1 մլրդ-ի։ Վրաստանից Թուրքիա արտահանումը կրճատվել է 15,7%-ով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել $145,8 մլն, իսկ ներմուծումը կրճատվել է 23,3%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել $962,9 մլն։ Թուրքիայից հետո Ադրբեջանն է, որի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $590,7 մլն այս տարվա անցած ինն ամիսներին։ Ադրբեջան կատարվող արտահանումը կրճատվել է 53,2%-ով և կազմել $199,1 մլն՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Ներմուծումն Ադրբեջանից կրճատվել է 13,6% և կազմել $391,5 մլն։

Չինաստանը Վրաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է, որի հետ առևտրային շրջանառությունն անցած ինն ամիսներին կազմել է $534,8 մլն։

Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $530,3 մլն։ Ներմուծումը Ռուսաստանից աճել է 13%-ով և կազմել $418,3 մլն։ Արտահանումը Ռուսաստան կրճատվել է 47,1%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել $112 մլն։

Ռուսաստանը Վրաստանի հինգերորդ խոշոր շուկան է Ադրբեջանից, Բուլղարիայից, Թուրքիայից և Հայաստանից հետո, որի բաժինը կազմում է երկրի ամբողջ արտահանման 6,8%-ը։

NDI սոցհետազոտությունները. իշխող կոալիցիայի վարկանիշի անկումից մինչև եվրասիացի քաղաքացիների կայուն թվաքանակ

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հրապարակած հետազոտության քաղաքական մասի տվյալների համաձայն՝ այն ընտրողների թվաքանակը, որոնք չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը կամ չեն աջակցելու ոչ մի կուսակցության, ավելացել է մինչև 41%-ի (և սա՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կողմնակիցների թվաքանակի կրճատման ֆոնին) ու գրեթե հավասարվել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» վարկանիշին։

Հետազոտության համաձայն՝ հարցման ենթարկվածների 31%-ն այն 49%-ից, ովքեր հայտարարում են, թե կմասնակցեին ընտրություններին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային վաղը, չգիտեն, թե որ կուսակցության համար կքվեարկեին, ինչը բարձրացված ցուցանիշ է ապրիլյան հարցման համեմատ, երբ նման հարցվողների թիվը կազմում էր 27%։ Իսկ 10%-ը հայտարարել է, թե ոչ մի կուսակցության օգտին չէր քվեարկի, ինչը նույնպես բարձրացված ցուցանիշ է 4%-ով՝ ապրիլյան հարցման համեմատ։ Դրանց 11%-ը պատասխանից ձեռնպահ է մնացել։

Այսպիսով, «Միասնական ազգային շարժումը» վայելում է ենթադրյալ ընտրողների 15%-ի աջակցություն. դա գրեթե նույնն է ապրիլյան հարցման համեմատ։ «Վրացական երազանքի» աջակցությունն ապրիլյան հարցումից հետո կրճատվել է 10%-ով և կազմել ենթադրյալ ընտրողների 14%-ը։ Իրակլի Ալասանիայի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներին» և Վրաստանի Հայրենասերների դաշինքին աջակցում է ենթադրյալ ընտրողների 5%-ը։ Համաձայն հարցման արդյունքների՝ ենթադրյալ ընտրողների 4%-ն աջակցում է Լեյբորիստական կուսակցությանը, 3%-ը՝ Նինո Բուրջանաձեի Միավորված ընդդիմությանը։

Միևնույն ժամանակ, այն ընտրողների թիվը, որոնք հայտարարել են, թե կմասնակցեին խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք տեղի ունենային վաղը, ապրիլին գրանցված 56% մասնակցությունը կկրճատվեր մինչև 49% վերջին հարցման ժամանակ։

Ինչ վերաբերում է հետազոտության արտաքին քաղաքական մասին, ապա, համաձայն հետազոտության քաղաքական մասի տվյալների՝ Վրաստանի բնակչության մեկ երրորդը (31%) դեռ պաշտպանում է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությունը։ NDI վրացական ներկայացուցչության տնօրեն Լորա Թորնտոնի խոսքերով՝ այս հարցի վերաբերյալ ցուցանիշը չի փոխվել, այլ այս տարվա ապրիլին նման հետազոտության գրանցած 31% ցուցանիշը մնացել է անփոփոխ։

Վրաստանի եվրասիական ինտեգրման դեմ է արտահայտվել հարցվողների 46%-ը (ապրիլին՝ 41%)։ Բացի այդ, 5%-ով (2015թ. օգոստոսին՝ 22%) նվազել է նրանց թիվը, ովքեր չգիտեն՝ արժե՞ արդյոք, որ Վրաստանը միանա ԵԱՏՄ-ին։

«Պաշտպանո՞ւմ եք, թե՞ ոչ Վրաստանի անդամակցությունը...» հարցին ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի օգտին պատասխանել է հարցվողների 31-ական %։ Ինչպես ԵԱՏՄ-ին, այնպես էլ դրա դեմ (նույնը՝ ԵՄ-ի առնչությամբ) արտահայտվել է հարցվողների 46-ական %, իսկ 22%-ը պատասխանել է, որ չգիտի։

Արտաքին քաղաքականություն

Անցած ամիսն ակտիվ էր նաև կառավարության արտաքին քաղաքական գործունեությամբ։ Ակտիվ էին շփումներն ինչպես ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, այնպես էլ հարևանների հետ պաշտոնական Թբիլիսիի փոխհարաբերությունների առումով։

«Վրաստան-ՆԱՏՕ» փոխհարաբերություններ

Հոկտեմբերի սկզբին Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելեցին Բրյուսել։ Այցի շրջանակներում, հոկտեմբերի 7-ին նրանք հանդիպել են ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, որի հետ զրուցել են 2016թ. ՆԱՏՕ վարշավյան գագաթաժողովից Թբիլիսիի «ակնկալիքների» մասին։

Տեղեկանք. 2008թ. Բուխարեստի գագաթաժողովում ՆԱՏՕ ղեկավարները որոշում ընդունեցին, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, բայց անդամակցության գործողության պլանը պետք է դառնա հաջորդ քայլը վերջնական անդամակցության ճանապարհին։ Դրանից հետո Վրաստանին մերժել են տրամադրել անդամակցության գործողության պլան։ Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ գալիք տարվա գագաթաժողովում Վրաստանին տրամադրեն անդամակցության գործողության պլան կամ հայտարարեն, որ այդ պլանի անհրաժեշտությունն արդեն չկա։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանդիպումը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը մնում է օրակարգի կարևորագույն հարցը Վրաստանի կառավարության համար, և առաջընթացն այս ճանապարհին կարևոր է Վրաստանի կառավարության համար։ «Մենք խոսել ենք այն կոնկրետ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկի Վրաստանի կառավարությունը, որպեսզի համախմբի կարծիքը Վրաստանի, նրա ձեռք բերած առաջընթացի մասին»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը խոստացել է նախարարներին օգնել ՆԱՏՕ անդամ երկրների կարծիքների համախմբման գործում, որպեսզի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը հավուր պատշաճի նշվի դաշինքի կողմից։ «Թե ինչպես դա կնշվի՝ անդամակցության գործողության պլանով կամ այդպես շարունակ, ցույց կտա ժամանակը։ Բնականաբար, անդամակցության գործողությունների պլանը տրամաբանական հաջորդ քայլն է, ինչին Վրաստանը պետք է սպասի դաշինքից, բայց մեր վերջնական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։ Սա գլխավորն է, որ մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ»,- նշել է նա։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում, ՆԱՏՕ պաշտպանության նախարարների առջև հայտարարել է, թե դաշինքը և Վրաստանը «անցած տարի հասել են մեծ հաջողության» իրենց գործընկերության մեջ։ «Մենք նոր ուսումնական կենտրոն ենք բացել, և այնտեղ արդեն առաջին վարժանքներն են անցկացվել։ Հիմա մենք սպասում ենք գալիք տարվան և նոր սերտ համագործակցության ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև»,- ասել է Սթոլթենբերգը։

Տեղեկանք. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը վերջին անգամ Թբիլիսի այցելել է ս.թ. օգոստոսի վերջին, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ և Վրաստանի համատեղ ուսումնավարժանքների և գնահատման կենտրոնի բացմանը։

Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, Թինա Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ անդամ պետությունների իր պաշտոնակիցների հետ՝ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում։

Զուգահեռաբար Թբիլիսիում (հոկտեմբերի 9-ին), ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան շատ հետաքրքիր հայտարարություն է արել, որում նշել է, որ Վրաստանը, ենթադրաբար, չի կարողանա ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողության պլանը եկող տարի Վարշավայում կայանալիք դաշինքի գագաթաժողովում։

Նշելով, որ ՆԱՏՕ գալիք տարվա գագաթաժողովը տեղի է ունենալու Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, Վրաստանի արտգործնախարարն ասել է, թե եթե ՆԱՏՕ-ն անդամակցության գործողության պլանի փոխարեն չառաջարկի Վրաստանի վերջնական անդամակցության մի որևէ այլ կարևոր գործիք, դա վնասաբեր կլինի Վրաստանում արևմտամետ քաղաքական ուժերի համար։

Ըստ նրա՝ իմանալով, որ այդ պլանն ստանալու քիչ հնարավորություններ կան, Վրաստանը, միևնույն է, եռանդուն դնում է այդ հարցը ՆԱՏՕ գործընկերների հետ բանակցություններում՝ «սակարկության» նպատակով, որպեսզի գոնե ինչ-որ բան ստանա։ Բայց երկրի ներսում, ըստ նրա, իշխանությունները չեն ցանկանում գերակայություն տալ անդամակցության գործողության պլանին, որպեսզի չստեղծեն կեղծ ակնկալիքներ, քանի որ հետո դա առաջ կբերի հիասթափություն, որից կօգտվի «ռուսական պրոպագանդան»՝ ի շահ իր նպատակների Վրաստանում։ «Ուղիղ ասեմ, որ դիվանագետներս 100%-ով ոչնչի մասին չենք խոսում, բայց, մեծ հավանականությամբ, մենք չենք կարողանա ստանալ որևէ էական քայլ ինտեգրման ճանապարհին։ Էական քայլ ասելով նկատի ունեմ անդամակցության գործողության պլանը... Մի բան գիտենք, որ այդ պլանը, ենթադրաբար, գագաթաժողովում չի լինի»,- ասել է Դոնդուան։

Դավիթ Դոնդուան «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ԵՄ ուղղությամբ Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրումը (որն ընդգրկում է նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և ենթադրվող անվիզա հաղորդակցությունը Շենգենյան գոտում եկող տարվանից) «շատ լավ մեսիջ է, որ մեր եվրոպական քաղաքականությունն աշխատում է»։

Արդեն ամսվա վերջին՝ հոկտեմբերի 26-27-ին, Թբիլիսիում, «ՆԱՏՕ շաբաթվա» շրջանակներում տեղի ունեցավ անվտանգության գծով 3-րդ Հարավկովկասյան համաժողովը, որտեղ, ինչպես և սպասվում էր, ելույթների և քննարկումների հիմնական մասն ուղղված էր Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը։

Վերլուծելով համաժողովի մասնակիցների հայտարարությունները և ելույթները՝ վրացական «Ռեզոնանսի» թերթը գրել է, որ միջոցառմանը շատ հարցեր տրվեցին ՆԱՏՕ-ի մասին, երկրի առաջին դեմքերը շատ հայտարարություններ արեցին, բայց քաղաքագետները կարծում են, որ լավատեսությունը քչացել է։ «Արնազրկված սպասում և դաժան իրականություն. ՆԱՏՕ-ի վերաբերյալ հուսադրող և համարձակ կանխատեսումներից հետո պաշտպանության նախարարը (Թինաթին Խիդաշելին) և դաշինքի հատուկ ներկայացուցիչը (Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը) բավական հոռետեսական հայտարարություններ արեցին։ Մասնագետները բնական են համարում «նահանջը» և ասում են, որ հիմա ՆԱՏՕ-ին ավելի շահավետ է ընդլայնվել այլ ուղղությամբ։ Մեր առավելագույն և լավագույն արդյունքը կլինի անդամակցության գործողության պլանն ստանալը, ինչը նույնպես կասկածներ է հարուցում»,- գրում է թերթը։

«Վրաստան-ԵՄ» փոխհարաբերություններ

Բրյուսել այցելության շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Վրաստանի արտգործնախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Խանի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Խանը հայտարարեց, որ «շատ լավատեսորեն» է տրամադրված այն հաշվով, որ Եվրահանձնաժողովի հերթական զեկույցը Վրաստանի կողմից գործողությունների պլանի կատարման մասին վիզայի լիբերալացման գծով «դրական» կլինի։ Այն հարցին, թե արդյոք կարող է միգրացիոն ճգնաժամը բացասական ազդեցություն գործել Վրաստանի՝ ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ ստանալու հնարավորությունների վրա, Խանը պատասխանել է. «Մենք աշխատում ենք ջանասիրաբար. երկու կողմերն էլ (ԵՄ-ը և Վրաստանը), և ներկա փուլում ես ոչ մի նշան չեմ տեսնում, որ զեկույցը դրական չի լինի»։ Նրա խոսքերով՝ այն բանից հետո, զեկույցի հրապարակումից հետո Եվրահանձնաժողովը «կխնդրի անդամ պետություններին, որպեսզի նրանք համաձայնեն դրան, և հույս ունեմ, որ դրական որոշումը կընդունվի որքան հնարավոր է շուտ»։

Տեղեկանք. Տարեվերջին Եվրահանձնաժողովը ծրագրում է հրապարակել չորրորդ զեկույցն այն մասին, թե ինչպես է Վրաստանը կատարում վիզայի լիբերալացման գործողության պլանը, որը ենթադրում է Շենգենյան գոտում կարճաժամկետ անվիզա ռեժիմ ստանալու իրավունք։ Պաշտոնական անձինք Թբիլիսիում հույս ունեն, որ դա կլինի վերջին զեկույցը, որտեղ հանձնաժողովը կերաշխավորի, որ Վրաստանին տրամադրվի անվիզա ռեժիմի իրավունք։

Եվս մեկ դրական որոշում Վրաստանի արտաքին քաղաքականության համար. հոկտեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը առաջին ընթերցմամբ առանց փոփոխությունների վավերացրեց Եվրամիության հետ Վրաստանի ասոցիացիայի համաձայնագիրը։ Դրանով իսկ Ֆրանսիան մոտ ժամանակներս կմիանա ԵՄ 21 երկրներին, որոնք վավերացրել են ԵՄ-ին Վրաստանի ասոցիացիայի մասին համաձայնագիրը։ Ներկա պահին համաձայնագիրը դեռևս չեն վավերացրել Իտալիան, Բելգիան և Հունաստանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր