• am
  • ru
  • en
Версия для печати
01.04.2010

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ

EnglishРуский

   

Տիգրան Ղանալանյան

Հայաստանում բողոքականության ի հայտ գալը կապված է մի շարք պատմական հանգամանքների հետ։ Նոր ժամանակներում միսիոներներն ակտիվ գործունեություն ծավալեցին Հայաստանում։ Անշուշտ, բողոքական շարժման տարածումը Հայաստանում տեղի ունեցավ աստիճանաբար, սակայն 19-րդ դարում այն ձեռք բերեց զանգվածային բնույթ, ինչի արդյունքում էլ բողոքականներն արձանագրեցին զգալի հաջողություններ։ Հայերի շրջանում բողոքական ուսմունքներից առավելապես տարածվեց ավետարանականությունը։

Հատկանշական է, որ միսիոներները չէին պատկանում միակենտրոն ղեկավարություն ունեցող որևէ կառույցի, այլ ծառայում էին տարբեր պետությունների շահերին։ Այս առնչությամբ Րաֆֆին նշում է, որ անգլիացի միսիոներները շատ ավելի վտանգավոր էին, քան ամերիկացիները1։ Ուստի, միսիոներական առաքելություններն ուսումնասիրելիս, բացի դավանանքային և եկեղեցական կողմից, անհրաժեշտ է լուսաբանել նաև միսիոներների իրականացրած քաղաքական գործառույթները։ Միսիոներների գործունեությունը արևմտահայության մեջ պարարտ հող էր գտնում՝ կապված վերջինիս ծանր իրավական, քաղաքական, ընկերային-տնտեսական դրության հետ։

Եթե հայ կաթոլիկներին տալիս են «ֆրանկ» անունը, ապա բողոքականներին անվանում են «ընգլիզ»։

Եթե հայոց մեջ կաթոլիկության տարածումը պայմանավորված էր Հռոմի գործոնով, ապա բողոքականության ներթափանացումը կատարվում էր գլխավորապես անգլո-ամերիկյան միսիոներների միջոցով։ Դավանափոխությունը զուգակցվում էր անգլիալեզու արևմտյան քաղաքակրթական արժեքների ներթափանցմամբ, ինչը և բավարար պատճառ կարող է հանդիսանալ բողոքականներին «ընգլիզ» կոչելու համար։

Բողոքականության ձևավորումը Հայաստանում

19-րդ դ. կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1846թ. հուլիսի 1-ին Հայ ավետարանականները ճանաչվեցին որպես առանձին «միլլեթ» (ազգ)։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպեցին Բութանիայի, Արևելյան Կիլիկիո, Կենտրոնական միությունները2։

Սրա հետևանքով, բնականաբար, թուլացան Հայոց պատրիարքարանի իշխանությունը և ազդեցության ոլորտը, ինչը համահունչ էր Օսմանյան կայսրության ազգային քաղաքականությանը։ Սակայն կաթոլիկ և բողոքական հայերին առանձին ազգի կարգավիճակ տալն ունեցավ նաև իր բացասական ազդեցությունը Թուրքիայի համար։ Օգտագործելով կաթոլիկ և բողոքական համայնքների գոյությունը` օտար պետությունները միջամտում էին Թուրքիայի ներքին գործերին՝ իրենց հավատակիցների իրավունքները պաշտպանելու անվան տակ։

Հատկանշական է, որ ավետարանական միությունների ձևավորումը տեղի ունեցավ 19-րդ դարի 60-ական թվականներին, երբ սկսվեց ազգային հալածանքների նոր փուլ։ Նաև խուսափելով ազգային բնույթի ճնշումներից` առաքելադավան հայերն ընդունում էին բողոքականություն։ Թուրքական պետության ազգային քաղաքականության ուսումնասիրությունն այս առումով օգնում է հասկանալ հայերի շրջանում բողոքականության տարածման գործոնների պատճառահետևանքային կապը։

Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ պետական քաղաքականությունը, հպատակ հայության միասնականությունը պառակտելու նպատակով, հաճախ աջակցում էր միսիոներների գործունեությանը, Պարսկաստանը ձգտում էր ամրապնդել Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը՝ փորձելով խոչընդոտել միսիոներների ակտիվ գործունեությունը։

Արևելահայերի շրջանում ավետարանական գաղափարները տարածվե-ցին 18-րդ դ. վերջին – 19-րդ դ. սկզբին՝ առաջին բողոքական անհատների և փոքր խմբերի միջոցով։ Արևելահայերի մեջ ավետարանականության տարածմանը նպաստեցին Արևելյան Հայաստանում և Վրաստանի մի շարք շրջաններում բողոքականությանը և մկրտականությանը (բապտիզմ) հարող այդ ցաքուցրիվ փոքր համայնքներն ու անհատները, ինչպես նաև 19-րդ դ. 20-ական թթ. Կովկասում հաստատված շվեցարացի, գերմանացի, շվեդ բողոքական քարոզիչները։

Արևելահայ ավետարանական եկեղեցիներն առանձին և ինքնուրույն միավոր են։ Սրա պատճառներից պետք է համարել Հայաստանի քաղաքական բաժանումը, ինչի արդյունքում արևելահայերը և արևմտահայերն անցան պատմական զարգացման յուրահատուկ ուղիներով։ Արևելահայ ավետարանականներին, չնայած բազմաթիվ դիմումներին, մինչև 1914թ. Ռուսական կայսրությունը պաշտոնապես չճանաչեց որպես առանձին կրոնական համայնք (Ռուսական կայսրությունում պաշտոնապես գործել է միայն Լյութերական եկեղեցին)։ Լյութերական պաշտոնական եկեղեցին կատարել է փորձեր՝ իրեն ենթարկելու Կովկասի հայ ավետարանականներին։ 1820-1890-ական թթ. Անդրկովկասում հայ ավետարանականության կենտրոնը Շամախին ու Ղարաբաղն էին։ Անդրկովկասում մեծ համարում են ունեցել Շուշիի, Շամախիի, Թիֆլիսի հայ ավետարանական դպրոցներն ու ուսումնարանները:

19-րդ դ. կեսին հայ ավետարանական համայնքներ են եղել Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում, Սուխումում: 1914թ. ստեղծվել է հայ ավետարանականների Արարատյան միությունը, որը նույն թվականին պաշտոնապես ճանաչվել է ռուսական կառավարության կողմից: Միությունը, որի կենտրոնը գտնվում էր Երևա-նում, գործել է մինչև 1928-ը։ Այն նախագահել է վերապատվելի Վահան Միքայելյանը: 1923թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայ ավետարանականների Արարատյան միությունը և գրանցել նրա կանոնադրությունը: 1918-1930թթ. հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 2500-3000, իսկ ողջ Անդրկովկասում` մոտ 3500-4000: Գրեթե բոլոր համայնքներն ունեցել են եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ: 1920-ական թթ. վերջից Խորհրդային Միությունում ուժեղացան հալածանքները կրոնական համայնքների նկատմամբ: 1930 թվականից ԽՍՀՄ տարածքում, ի թիվս այլոց, արգելվել է նաև հայ ավետարանական եկեղեցիների գործունեությունը:

1946թ. փետրվարին Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Երևանի Հայ Ավետարանական քրիստոնյա-բապտիստների եկեղեցին, որին մաս կազմեց նաև Գյումրիի ավետարանական-մկրտական եկեղեցու համայնքը:

Հայ Ավետարանական եկեղեցու կառուցվածքը

Հայ Ավետարանական եկեղեցին չունի նվիրապետություն (կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ, թեմեր): Յուրաքանչյուր եկեղեցի ունի պաշտոնական երեք մարմին.

  1. Եկեղեցու հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցու ընդհանուր (մասնավորապես` հոգևոր) գործունեությունը:
  2. Խնամակալություն, որը հսկում է եկեղեցու տնտեսական գործերը և ունեցվածքը, նաև տալիս ամուսնության արտոնագիր:
  3. Դպրոցի հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցուն պատկանող դպրոցները: Ավետարանական եկեղեցիների կարևոր մասն են կազմում կիրակնօրյա դպրոցները, երիտասարդական քրիստոնեական կազմակերպությունները, տիկնանց և մշակութային միությունները, միասնական աղոթքի խմբերը:

1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը: 1994թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք: Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի:

1995թ. մայիսին Երևանում ստեղծվեց Հայաստանի Ավետարանական եկեղեցիների միությունը։ Իսկ 1995թ. օգոստոսին ստեղծվեց Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարանական միությունը (կենտրոնը` Երևան, նախագահ` վերապատվելի Ռընե Լևոնյան)։ Միությունն ընդգրկում է Հայաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը, Վրաստանի Հայ Ավետարանական եկեղեցիները3, Սուխումի Հայ Ավետարանական-մկրտական եկեղեցին, Սոչիի և Մոսկվայի Հայ Ավետարանական եկեղեցիները, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչությունը:

Հայաստանում ավետարանականների թվաքանակի մասին հստակ տվյալներ չկան, ուստի ստիպված ենք մոտավոր թվերի վրա հիմնվել։ Ռընե Լևոնյանը նշում է, որ Հայ Ավետարանական եկեղեցու անդամների թիվը 25-30 հազար է, իսկ Հայաստանում ավետարանական ուղղվածության բոլոր եկեղեցիների հետևորդների թիվը հասնում է 100 հազարի4։

2003թ. տվյալներով` սփյուռքում գործում էր 3 հայ ավետարանական միություն.

  1. Մերձավոր Արևելքի (ստեղծվել է 1924թ., կենտրոնը՝ Բեյրութ, ընդգրկում է Սիրիայի 11, Լիբանանի 6, Իրանի 3, Թուրքիայի 3, Հունաստանի 2, Եգիպտոսի 1 եկեղեցիները):
  2. Ֆրանսիայի (ստեղծվել է 1927թ., կառավարությունը ճանաչել է 1946թ., կենտրոնը՝ Փարիզ, 14 եկեղեցի):
  3. Հյուսիսային Ամերիկայի (ստեղծվել է 1971թ., կենտրոնը՝ Նյու Ջերսի, ընդգրկում է ԱՄՆ 20 և Կանադայի 4 Հայ Ավետարանական եկեղեցիները)։

Հայ Ավետարանական եկեղեցիներ կան նաև Բուենոս Այրեսում, Սան Պաուլոյում, Մոնտեվիդեոյում, Լոնդոնում, Բրյուսելում, Սոֆիայում, Սիդնեյում, որոնք որևէ միության մեջ չեն մտնում5։

1980-ական թթ. սկզբին սփյուռքի 3 միությունները կազմեցին Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը (կենտրոնը` Նյու Ջերսի, ԱՄՆ), որին հետագայում միացան ՀՀ 2 ավետարանական միությունները։ Խորհուրդը վարում է միությունների ընդհանուր գործերը: Երկու տարով ընտրվող նախագահը կարող է վերընտրվել ևս մեկ անգամ:

1918թ. հունիսի 7-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների ավետարանչական գործունեության կազմակերպիչ և գործադիր մարմինը, հայ ավետարանական առաջին և միակ միսիոներական կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերությունը (ՀԱԸ)։ ՀԱԸ-ն մասնաճյուղեր և գրասենյակներ ունի աշխարհի մոտ 20 երկրներում, այդ թվում` ՀՀ-ում (1991 թվականից) և ԼՂՀ-ում (1995 թվականից): ՀԱԸ-ը ծրագրերը ՀՀ-ում և Արցախում իրականացնում է Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ համատեղ: Ծրագրերն ունեն երկու ուղղվածություն` բարեգործական և կրթական: ՀԱԸ կարևոր խնդիրներից են 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանն աջակցելը, զոհված ազատամարտիկների և ծնողազուրկ երեխաների խնամակալությունը, աճող սերնդի քրիստոնեական դաստիարակությունը, բժշկական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև գյուղատնտեսության, շինարարության, կրթության բնագավառներում հայկական երկու պետություններին աջակցելը:

Հայ Ավետարանական եկեղեցին իր բարեգործական, կրթական, հրատարակչական, սոցիալական ծառայություններն իրագործում է մոտ մեկ տասնյակ բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք ղեկավարվում են կամ Հայ Ավետարանական եկեղեցու կողմից, կամ Հայ Առաքելական ու Հայ Կաթոլիկ եկեղեցական մարմինների հետ համատեղ: Նշանավոր են Ջինիշյան, Փիլիպոսյան, Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը (Լոս Անջելես), Հայ ազգային բուժարանը (Լիբանան), Հայ ծերանոցը (Հալեպ) և այլն:

Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին համարել և համարում է Մայր եկեղեցի, ընդունում է Հայ եկեղեցու սուրբ հայրերին, պաշտամունքների ժամանակ օգտագործում է հայ միջնադարյան շարականներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետ կատարում է եկեղեցական համատեղ արարողություններ:

Հայ Ավետարանական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հիմնադիր անդամներից է, գործակցում է ամերիկյան, եվրոպական, մերձավորարևելյան բողոքական եկեղեցիների հետ:

Հայ ավետարանականների կրթօջախները

Հայ Ավետարանական եկեղեցու ձևավորման պահից սկսած` ստեղծվեցին ավետարանական կրթօջախներ՝ նախակրթարաններ, երկրորդական վարժարաններ, քոլեջներ, դպրոցներ: Այդ կրթական հաստատություններում ուսանում են այն հայերը, ովքեր ցանկանում են` առանց դավանական խտրությունների: 2003թ. գործում են 18 հայ ավետարանական կրթական հաստատություններ (նախակրթականից մինչև բարձրագույն): Դրանցից 9-ը գործում են Լիբանանում, 5-ը` Սիրիայում, մեկական` Հայաստանում, Հունաստանում, Իրանում և ԱՄՆ-ում: Այդ կրթական հաստատություններից առանձնանում է հատկապես Հայկազյան համալսարանը, որը Սփյուռքի հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ հիմնադրված 1955 թվականին6։ Նշանավոր են նաև Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը (Բեյրութ), Հալեպ քոլեջը (Սիրիա) և 1997 թվականի ապրիլին Երևանում բացված Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիան:

Հայ ավետարանականների մամուլը

Հայ Ավետարանական եկեղեցին հրատարակել է պարբերականներ. 1839-1854թթ. Զմյուռնիայում ընդմիջումներով լույս է տեսել հայ լրագրության պատմության մեջ առաջին աշխարհաբար թերթը` «Շտեմարան պիտանի գիտելեացը», որին փոխարինեց «Ավետաբերը» (Կ.Պոլիս, հայերեն և հայատառ թուրքերեն): Այժմ լույս են տեսնում «Բանբեր» (1925 թվականից, Փարիզ), «Պատանեկան արձագանք» (1936 թվականից, Բեյրութ), «Ջանասեր» (1937 թվականից, Բեյրութ), «Լը Լյումինյոն» (Մարսել, ֆրանսերենով), «Լրաբեր» (1965 թվականից, Նյու Ջերսի) ամսագրերը, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության «Ֆորում» (1975 թվականից) և «Զհաց մեր հանապազօրդ» (1991 թվականից) պարբերականները, «Հայկազյան հայագիտական հանդես» (1970 թվականից, Բեյրութ) տարեգիրքը, «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի» (1997 թվականից, Երևան) եռամսյա հանդեսը7:

Եզրակացություններ

  • Այսօր հայ բողոքականների խնդիրները կարևոր նշանակություն ունեն Հայության ինքնակազմակերպման գործընթացներում։ Բողոքական հայերի շրջանում հայկական ազգային արժեքների պահպանումն ու ազգային ինքնագիտակցության ամրապնդումը հրատապ են Հայության միասնական հասարակական-քաղաքական համախմբման համար։
  • Հայ բողոքականների և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների դրական, շարունակական զարգացման արդյունքում հնարավոր է ապահովել քրիստոնեական այս երկու ուսմունքների հայ ներկայացուցիչների առավել բարյացակամ փոխընկալումն ու համագործակցությունը։
  • Բողոքական հայության խնդիրները կարևորվում են նաև սփյուռքահայության ազգապահպանության հիմնախնդրի համատեքստում։ Հայ բողոքականները պետք է պահպանեն իրենց ազգային դիմագիծը, չօտարվեն առաքելադավան հայրենակիցներից։ Այս հարցում կարևոր են երկու կողմերի մոտեցումները, որոնք պետք է հիմնված լինեն ազգային միասնության, հանդուրժողականության, ընդհանուր արժեքների ընդգծման, համատեղ կենսագործունեության ծավալման վրա։

1Րաֆֆի, Ինչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, 9-րդ հա¬տոր, Երևան, 1958, էջ 488-489:

2Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 701:

3Հայ Ավետարանական կեղեցիներ կան Թբիլիսիում, Ախալցխայում, Ախալքալաքում, Բոլնիսում, Լիլոյում, Իսաինում։

4Արթուր Հովհաննիսյան, Հոգեորսությունն էլ ինչպե՞ս է լինում, «Հայոց աշխարհ», 27.06.2009:

5Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 701:

6Մանրամասն տե´ս http://www.haigazian.edu.lb

7Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 704:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր