• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2010

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Руский

   

Տիգրան Ղանալանյան

Տիգրան Ղանալանյան`«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Հարավային Ռուսաստանում հայության մտավոր ներուժի գնահատումը կարևոր նշանակություն ունի ինչպես հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրների համատեքստում, այնպես էլ ընդհանրապես սփյուռքահայության մտավոր ներուժի, դրա համախմբման, կազմակերպման և ի շահ Հայաստանի ու Հայության կիրառման առումով։

Հայերը Հարավային Ռուսաստանում (ՀՌ) ունեցել են բազմաթիվ անվանի գիտնականներ, մշակույթի գործիչներ։ Նրանք կարևոր դեր են խաղացել ՀՌ հայկական համայնքների և ամբողջ Ռուսաստանի, համայն Հայության կյանքում։

ՀՌ հայության մտավոր ներուժը ներկայացնում ենք ըստ գիտության և մշակույթի բնագավառների՝ անդրադառնալով նախկինում և ներկայումս հանդես եկող գործիչներին։ Անդրադառնում ենք ոչ միայն ՀՌ տարածքում ծնված և այստեղ գործունեություն ծավալած գործիչներին, այլև ՀՌ-ում ծնված և այլ վայրերում (հիմնականում՝ Ռուսաստանի այլ շրջաններ, մասամբ Հայաստան) գործունեություն ծավալած նշանավոր գործիչներին1:

Գիտություն

ՀՌ-ում գիտության զարգացման գործում հայերն ունեցել են կարևոր դերակատարություն:

Պատմագիտություն. 19-րդ դարում պատմության, արևելագիտության ասպարեզում ահռելի աշխատանք է կատարել նորնախիջևանցի պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը, որը հիմնականում գործել է Պետերբուրգում: Քրիստափոր Փորքեշեյանն ուսումնասիրել է Նոր Նախիջևանի հայերի ժողովրդական բանահյուսությունը, իսկ հնագետ Եվգենի Բայբուրթյանը մասնակցել է հնագիտական մի շարք արշավախմբերի Ռուսաստանում, ապա տեղափոխվել Հայաստան:

Այժմ ՀՌ-ում պատմությամբ են զբաղվում նոր և նորագույն պատմության մասնագետ Ռադմիլա Այրինյանը, «Ակսայի ռազմապատմական թանգարանի» փոխտնօրեն Պյոտր Ավակովը: Յուրի Ասադովը գլխավորում է «Հայ իշխանական և արքունական տոհմերի և ընտանիքների ժառանգների ասոցիացիա» գիտահետազոտական միությունը (Պյատիգորսկ): Պ.գ.դ., պրոֆեսոր Գալինա Ասրիյանցը զբաղեցնում է ՍՊՀ2 մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, պ.գ.դ., պրոֆեսոր Սարգիս Կազարովը զբաղվում է ընդհանուր պատմության խնդիրներով: Սերգեյ Սայադովը գլխավորում է «Հայազգ» հիմնադրամը, որը համացանցային հանրագիտարանի նախագիծ է իրականացնում: Փ.գ.դ. Մարիանա Էլոյանը բազմաթիվ պատմափիլիսոփայական հետազոտությունների հեղինակ է, իսկ Վիկտոր Հակոբյանն զբաղվում է Կովկասի ազգագրությամբ: ՀՌ որոշ պատմաբաններ այժմ գործում են Մոսկվայում (Օլեգ Հայրապետովը` պատմության ֆակուլտետի Ռուսաստանի պատմության [19-րդ դ. սկիզբ - 20-րդ դ.] ամբիոնի դոցենտ) և Սանկտ Պետերբուրգում (ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Յուրի Պետրոսյանը` Սանկտ Պետերբուրգի ՌԳԱ3 մասնաճյուղում: Նա Արևելյան ձեռագրերի և փաստաթղթերի հիմնադրամի վարիչն է, Տոկիոյի Արևելքի պատմության ինստիտուտի պատվավոր տնօրեն, Տոկիոյի «Սոկա» համալսարանի պատվավոր դոկտոր) և այլն:

Քաղաքագիտություն. ՀՌ նշանավոր հայ քաղաքագետներից են Հս.Կ.ՊԾԱ4 Քաղաքագիտության և էթնոքաղաքականության ամբիոնի վարիչի գիտական գծով տեղակալ, ք.գ.թ. Գրիգորի Հակոբովը, Հս.Կ.ՊԾԱ Պյատիգորսկի մասնաճյուղի տնօրենի գիտական գծով տեղակալ, ք.գ.թ., պրոֆեսոր Մայա Աստվածատուրովան, Ռուսաստանի պետական առևտրատնտեսական համալսարանի Վոլգոգրադի մասնաճյուղի պրոֆեսոր, ք.գ.թ. Սարգիս Ոսկանյանը:

Հոգեբանություն և փիլիսոփայություն. ՀՌ նշանավոր հայ հոգեբաններից էր բժշկ. գ.դ., պրոֆեսոր Նիկոլայ Կորգանովը, որը զբաղեցրել է ՌՊԲՀ5 ռեկտորի պաշտոնը: Հոգեբանության ասպարեզում նշանակալի հաջողությունների է հասել նաև հոգ. գ.դ., պրոֆեսոր Իվան Կուկոսյանը, որն արժանացել է Կուբանի գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Մանկ. գ.դ. Բորիս Անանևը գործել է Լենինգրադում, եղել է ԼՊՀ6 Հոգեբանության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Կրթության ակադեմիայի իսկական անդամ: Փիլիսոփայության մասնագետներից Աշխեն Աբովյանը դասավանդում է ՀԴՀ7 Բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի Զանգվածային հաղորդակցությունների միջոցների ամբիոնում: Փիլ. գ.դ., Լարիսա Մինասյանը ՌՊՇՀ8 պրոֆեսոր է, զբաղվում է փիլիսոփայական-մեթոդական խնդիրներով:

Իրավագիտություն. ՀՌ հայերը ներդրում ունեն նաև իրավագիտության զարգացման մեջ: Մասնավորապես Սարաֆիմ Հարությունովը եղել է Ռոստովի քաղաքային դումայի խոսնակ և խմբագրել է "Приазовский край" թերթը: Իրավաբան Գրիգոր Չալխուշյանը կարևոր դերակատարություն է ունեցել հայկական գաղթօջախի ինքակազմակերպան գործում: Ի.գ.դ., պրոֆեսոր Նիկոլայ Մինասյանը զբաղեցրել է ՀԴՀ Իրավաբանության ֆակուլտետի Պետության, իրավունքի պատմության և տեսության ամբիոնի, ապա Պետական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը:

Այժմ ՀՌ-ում գործող հայ իրավաբանները նույնպես հասել են մեծ հաջողությունների: Ի.գ.դ., պրոֆեսոր Ժաննա Հովսեփյանը ՀԴՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչն է, ՌԴ Արդարադատության նախարարության Հարավային դաշնային օկրուգի Դաշնային ղեկավարման փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալը: Սահակ Կարապետյանը, որը եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ գլխավոր դատախազի ավագ օգնականն է: Իսկ ի.գ.դ., պրոֆեսոր Լեոնիդ Հակոբովը Հս.Կ.ՊԾԱ Վարչական և ծառայողական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Հասարակագիտություն. Այս բնագավառում նշանակալի է սոց. գ.դ. Վահան Թոթոմյանցի ներդրումը: Աստրախանցի տնտեսագետն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Մոսկվայում և Պետերբուրգում, այնպես էլ Հռոմում, Սոֆիայում, Պրահայում, Փարիզում և այլուր, եղել է միջազգային տարբեր կենտրոնների և միությունների անդամ: Օկսանա Նոր-Արևյանը ՀԴՀ Սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի Սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, իսկ Անժելիկա Այվազյանը զբաղվում է ինֆորմատիզացիայի ժամանակաշրջանի համացանցի սոցիալ-փիլիսոփայական խնդիրներով:

Հրատարակչություն և լրագրություն. Հրատարակչության ասպարեզում նշանակալի ավանդ են ունեցել Ռոստովի քաղաքային դումայի խոսնակ Սարաֆիմ Հարությունովը, Իվան Ալեկսանովը (Հովհաննես Ալեքսանյանց), Հ. Տեր-Աբրահամյանը: ՀՌ-ում հրատարակչական ասպարեզում են աշխատել նաև Կ.Շահվերդյանը, Ծ.Թորգոմյանը, Ա.Հերթևեցյանը, Ս.Մյասնիկյանը, Ա.Տոմբայանը, Ս.Պապայանը, Գ.Ռեիզյանը, Ռ.Բերբերյանը, Ա.Ապրեսյանը, Հ.Մալխասյանը, Հ.Ղարագյոզյանը, Գ.Անոփյանը, Ս.Վրացյանը և այլք: Լև Շահումյանը եղել է Խորհրդային մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը: Այսօր Դոնի Ռոստովում հրատարակչական ասպարեզում է գործում Նիկոլայ Օգանեսովը, որը «Магр» մասնավոր հրատարակչության խմբագիրն է: Նկարիչ Վարդան Տեր-Վարդանյանը «Литера-Д» հրատարակչության տնօրենն է: Իրինա Մայիլյանը «Комплекс» հրատարակչական կենտրոնի գլխավոր տնօերնն է: Տիգրան Թավադյանը Կրասնոդարում հրատարակվող «Երկրամաս» ամսաթերթի հիմնադիր խմբագիրն է: Քրիստափոր Մխիթարյանը «Խաչքար» ամսագրի, իսկ Գայանե Քոչարյանը՝ Վոլգոգրադի «Լուսավորիչ» թերթի գլխավոր խմբագիրներն են:

ՀՌ-ն ունեցել է և ունի լրագրության ասպարեզում նշանակալի ավանդ ունեցած բազմաթիվ գործիչներ: Լրագրության ասպարեզում ճանաչված գործիչներից էր Մարտին Մերջանովը: Լրագրող Արկադի Հայրումյանը եղել է Դոնի Ռոստովի «Սուրբ խաչ» թանգարանի տնօրենը: Այսօր լրագրության ասպարեզում է գործում փիլ. գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբովը, որը ՀԴՀ Բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի Զանգվածային հաղորդակցային միջոցների ամբիոնի պրոֆեսոր է, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ: Արամ Գաբրելյանովը «Ньюс Медиа» ԲԲԸ գլխավոր տնօրենն է: Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Աելիտա Արոյանցը գրական լրագրության պատմության մասնագետ է: Մարգարիտա Սիմոնյանը «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն է:

Տնտեսագիտություն և արդյունաբերություն. ՀՌ հայերը մեծ ներդրում ունեն նաև տնտեսագիտության զարգացման մեջ: Նորնախիջևանցի տնտեսագետ Ռուբեն Բերբերովը դարասկզբին Փարիզում հանդես է եկել միջազգային առևտրին վերաբերող դասախոսություններով, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռոստովում, ապա՝ Պետերբուրգում: Տնտ. գ.դ., պրոֆեսոր Ավդեյ Գոզունովը (Ավետիք Գյուզելյան) եղել է ՌՊՏՀ9 գիտական գծով պրոռեկտորը, արժանացել ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Տնտ. գ.դ., պրոֆեսոր Գևորգ Եղիազարյանը գործել է Մոսկվայում, եղել ՄՊՀ Տնտեսական արդյունաբերության ամբիոնի վարիչը: Այժմ ՀՌ-ում տնտեսագիտության ասպարեզում են գործում տնտ. գ.դ., պրոֆեսոր, ՌԲԳԱ10 իսկական անդամ Սերգեյ Ավակովը, որը Տագանրոգի կառավարման և տնտեսագիտության ինտիտուտի ռեկտորն է, ՌՊՏՀ Ինֆորմատիզացիայի ֆակուլտետի դեկան Իլյա Բուգայանը: Տնտ. գ.թ. Արարատ Գոմցյանը (ՌԴ Հարավային դաշնային օկրուգի գլխավոր հյուպատոս) ՌԲԳԱ Հայկական մասնաճուղի իսկական անդամ է: Տնտ. գ.դ., պրոֆեսոր Վիկտոր Գրիգորյանը Մոսկվայի պետական սոցիալական համալսարանի Սոչիի մասնաճուղի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր է, իսկ տնտ. գ.թ. Կարինե Կալուգյանը ՌՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի և ավտոմատիզացիայի ամբիոնի դոցենտ է: Գենադի Մելիքյանը եղել է ՌԴ աշխատանքի նախարար, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար: 2003-ից Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, 2007-ից՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ և տնօրենների խորհրդի անդամ, ՄՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Սոցիալական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, արժանացել է «ՌԴ վաստակավոր տնտեսագետ» պատվավոր կոչման: Տնտ. գ.թ. Գալինա Նոր-Արևյանը աշխատում է ՌՊՏՀ-ում: Տնտ. գ.թ. Հարություն Սուրմալյանը Նոր Նախիջևանի հայ համայնքի նախագահն է: ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունից պատգամավոր Ստեփան Շորոշորովը Իրական տնտեսության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, Անվտանգության խնդիրների, պաշտպանության իրավակարգի ակադեմիայի իսկական անդամ:

Գյուղատնտեսական գիտությունների զարգացման գործում մեծ ավանդ է ներդրել Գինու տեխնոլոգիայի և քիմիայի մասնագետ, գյուղ. գ.դ., պրոֆեսոր Գրիգորի Աղաբալյանցը, որը եղել է Կրասնոդարի սննդի արդյունաբերության ինստիտուտի, ապա Սննդի արդյունաբերության հեռակա համամիութենական ինստիտուտի Գինեգործության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ: Նա արժանացել է ՌԽՖՍՀ գ. և տ.վ.գ.11 կոչման: Այժմ գյուղատնտեսության ասպարեզում գործում է գեորգիևսկցի կենսաքիմիկոս, գինեգործ, կենս. գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Ավագյանցը, որը հիմնականում գործունեություն է ծավալում Մոսկվայում և արտասահմանում: Նա Մոսկվայի Սննդի արդյունաբերության համամիութենական ինստիտուտի գինեգործության ամբիոնի վարիչն է, Խաղողագործության և գինեգործության իտալական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ:

ՀՌ-ում հայերը նաև նշանակալի ավանդ են ներդրել արդյունաբերության տարբեր ճյուղերին առնչվող գիտության բնագավառների զարգացման ասպարեզում: ՀՌ-ում արդյունաբերական գործունեություն ծավալած Սիմեոն Աբամելիք-Լազարևը հեղինակ է տնտեսագիտությանը, լեռնային արդյունաբերությանը վերաբերող աշխատանքների: Ավիացիոն արդյունաբերության մասնագետ, տեխ. գ.դ., պրոֆեսոր Լև Եվանգուլովը, որը հիմնականում գործել է Մոսկվայում, եղել է Ավիացիոն ինստիտուտի դասախոս, Ավիացիոն արդյունաբերության ժողկոմի N25 գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տնօրենի տեղակալ:

Հայերն էական ներդրում ունեն նաև նավթարդյունաբերության զարգացման բնագավառում: Նավթագործ մասնագետ, երկրաբան Ալեքսանդր Ծատուրյանն աշխատել է Գրոզնիում, արժանացել ԽՍՀՄ վաստակավոր նավթագործի կոչման: Տեխ. գ.թ Կոստանդին Գասպարյանցը գործել է Մոսկվայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում: Այժմ նավթարդյունահանման ասպարեզում գործում են «Татнефть»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Հակոբջանովը, ՌԴ Նավթի և գազի արդյունաբերության վաստակավոր աշխատող, «РосНИПИтермнефть» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղի ամբիոնի վարիչ, տեխ. գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Գարուշևը։ Երկրաբան Միխայիլ Զագրաբյանցն աշխատում է «Роснефть-Краснодарнефтегаз» ԲԲԸ տնօրենի երկրաբանության գծով տեղակալ: Տեխ. գ.դ., պրոֆեսոր, ՌԲԳԱ թղթակից անդամ Սերգեյ Սիմոնյանցը Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի պրոֆեսոր է, Ջիվան Չելոյանցը «Лукойл» նավթային ընկերության փոխնախագահն է:

Մաթեմատիկա. Այս ասպարեզում ՀՌ-ում գործում են ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր, ՀԴՀ Առաձգականության տեսության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Վատուլյանը, ՀԴՀ դոցենտ, ֆիզմաթ գ.թ. Միխայիլ Աբրամյանը, ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր Նիկոլայ Կարապետյանցը, որը ՀԴՀ Դիֆերենցիալ և ինտեգրալային հավասարումների ամբիոնի վարիչն է: Ֆիզմաթ գ.թ. Յուլյա Նալբանդյանը ՀԴՀ Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի Մաթեմատիկական անալիզի ամբիոնի դոցենտ է, իսկ ֆիզմաթ գ.թ. Վիտալի Պորկշեյանը` Դոնի պետական տեխնիկական համալսարանի Ավտոնոմիզացիայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ: Ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր Մեժլում Սումբատյանը ՀԴՀ Մեխանիկական մաթեմատիկայի տեսական հիդրոաերոմեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Ֆիզմաթ գ.դ. Ալեքսեյ Կարապետյանցը ՀԴՀ ինֆորմատիզացիայի գծով պրոռեկտորն է: Ծրագրավորող, գործարար Անդրեյ Հակոբյանցը բազմաթիվ ծրագերի ու նախագծերի ղեկավարն է և իրագործողը:

Ֆիզիկա. Տեխ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գառնակերյանը եղել է ՏՊՌՀ Կոնստրուկտորական հատուկ բյուրոյի գլխավոր կոնստրուկտորը: Այժմ ՀՌ-ում ֆիզիկայի ոլորտում գործում է ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Ասլանովը, որը «Физика аэродисперсных систем» գիտական պարբերականի պատասխանատու խմբագրի տեղակալն է, տեխ. գ.թ., դոցենտ Հրայր Արզումանյանը` ՀԴՀ Տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ է: ՀՌ մի քանի ֆիզիկոսներ այժմ գործում են Ռուսաստանի այլ շրջաններում` մասնավորապես Մոսկվայում: Ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մերջանովը զբաղեցնում է ՌԳԱ Միկրոկինետիկայի կառուցվածքի նյութագիտության խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնը, ՌԳԱ ակադեմիկոս և խորհրդական է: Ֆիզմաթ գ.դ., պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք. Դուբնա) Ատոմային ռեակցիայի լաբորատորիայի տնօրենն է, ՌԳԱ իսկական անդամ, Վարուժան Ոսկանյանը ՌԲԱ12 պրոֆեսոր է:

Քիմիա և կենսաբանություն. Քիմիայի ասպարեզում նշանակալի հաջողությունների է հասել քիմ. գ.դ., պրոֆեսոր Կոստանդին Բաղդասարովը, որը եղել է ՀԴՀ Անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչը: Այժմ Դոնի Ռոստովում քիմիական արդյունաբերության խնդիրներով է զբաղվում, տ.գ.թ., ՌԲԱ պրոֆեսոր Վլադիմիր Ադամյանը, որը դասավանդում է Ռոստովի հիմնարար բժշկական քոլեջում:

Կենսաբանության բնագավառում մեծ ավանդ է ներդրել կենս. գ.դ., պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՀԴՀ Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ Գրիգորի Կուրաևը: ՌԳԱ իսկական անդամ Լև Սանդախչիևը հիմնականում գործել է Նովոսիբիրսկում: Այժմ կենսաբանության ասպարեզում են գործում կենս. գ.դ., պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԲԳԱ իսկական անդամ Հովհաննես Չորայանը, տեխ. գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Օգանեսյանցը, կենս. գ.դ., պրոֆեսոր, ՄՊՀ պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Քասումյանը, կենս. գ.թ. ՀԴՀ Կենսաքիմիայի և միկրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սահակյանցը:

Երկրաբանություն և աշխարհագրություն. Երկրաբանության զարգացման մեջ հիշարժան ներդրում ունի Լենինգրադի լեռնային ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Լոդոչնիկովը, որն աշխատել է Լենինգրադի Երկրաբանական կոմիտեում, աշխատանքներ է կատարել նաև Ալթայում, Կովկասում: Ե-հ.գ.13 դոկտոր, պրոֆեսոր Լևոն Վարդանյանցը երկրաբանական գործունեություն է ծավալել ՀՌ և Հս. Կովկասի տարբեր շրջաններում, ինչպես նաև Լենինգրադում, Ուզբեկստանում և Հայաստանում: Իսկ ե-հ. գ. դ. պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Նիկոլայ Խիտարովը հիմնական գործունեությունը ծավալել է Մոսկվայում: Ե-հ. գ. դոցենտ Արկադի Ծատուրովը ակտիվ գործունեություն է ծավալել Ադրբեջանում, ապա ՀՌ-ում, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ: Այժմ երկրաբանության ասպարեզում են գործում ГП «Роснефть», ОАО «НК «Роснефть» Էկոլոգիայի և արտադրական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Էդուարդ Վեքիլովը, ՌԲԳԱ իսկական անդամ Սերգեյ Հարությունովը: ՌԴ ՊՆ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում է աշխատում աշխարհագրագետ Լյուդվիգ Հարությունովը:

Տեխնիկական գիտություններ, ճարտարագիտություն. ՀՌ բազմաթիվ հայեր գործել և գործում են տեխնիկական գիտությունների ասպարեզում: Հատկապես նշանակալի դերակատարություն են ունեցել տեխ. գ.դ., պրոֆեսոր Վարդան Այվազյանը, տեխ. գ.դ., պրոֆեսորներ, ՌԳԱ իսկական անդամներ Սեմյոն Կազարովը, Ալեքսանդր Քեմուրջանյանը, ՌԽՖՍՀ վաստակավոր ինժեներ Ռոման Սումբատովը, ինքնաթիռաշինարար Սուրեն Հարությունովը, Կրասնոդարի НПК «Сатурн» հատուկ լաբորատորիայի վարիչ Սեմյոն Կիրիլյանը: Այժմ տեխնիկական գիտությունների ասպարեզում են գործում «Краснодарнефтегаз»-ի ավագ ինժեներ Նիկիտա Ավետիսյանը, տեխ. գ.դ., պրոֆեսոր, «Хоста» ՍՊԸ (Սոչի) գլխավոր տնօրեն Ազատ Ասատուրովը, «Контакт» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Բադալյանցը, «Юмагузинское водохранилище» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ասատուրովը, տեխ. գ.դ., ՏՊՌՀ պրոֆեսոր Գենադի Գալուստովը, Ղզլարի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գրիգորյանցը, ՌԳԱ իսկական անդամ Կամո Դեմիրճյանը, Եսենտուկիի քաղաքային կապի հանգույցի ղեկավար Վիկտոր Լևխանյանը, ОАО НИИ էներգետիկայի էկոլոգիական խնդիրների գլխավոր տնօրեն, Միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ Աշոտ Մադոյանը, ՏՊՌՀ դոցենտ, տեխ. գ.թ. Առնոլդ Պետրոսյանը, տեխ. գ.դ., պրոֆեսոր Եվգենի Սուլթան-Շահը: Տեխ. գ.դ., պրոֆեսոր Ֆեոդոր Խաչատուրյանը նաև Ռոստովի շրջանի օրենսդիր ժողովի պատգամավոր է: Տեխ. գ.դ., ե-հ.գ.դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Շադունցն արժանացել է ՌԴ վաստակավոր շինարարի կոչման: Իսկ տեխ. գ.դ., ՌԲԳԱ իսկական անդամ Գենադի Արունյանցը Կալինինգրադի պետական տեխնիկական համալսարանի Տեխնիկայի ղեկավարման և հաշվառման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր է:

Բժշկություն. ՀՌ հայությունը վիթխարի ներդրում ունի բժշկության զարգացման մեջ: ՀՌ-ում բժշկության ասպարեզում նշանակալի հաջողությունների են հասել բժշկ. գ.դ., պրոֆեսորներ Սերգեյ Աբրամովը, Էմանուիլ Կոստանյանը, Գևորգ Անդրեասյանը, Բոգդան Սահակովը, Գրիգորի Սարկիսովը, Լևոն Ղասաբովը, Կուբանի պետական բժշկական համալսարանի Դեղաբանության ամբիոնի վարիչ Իվան Հակոբովը, բժշկ. գ.դ. Սերգեյ Ավեդիսովը, Մովսես Աջեմովը, Գալուստ Բալիևը, ՌԽՖՍՀ վ.բ.14-ներ Գավրիլ Օդամանյանը, Ռուբեն Բերբերովը և Ալեքսանդր Խանամիրովը, Պետրոս Ավեդիկյանը, Ռոստովի մանկավարժական ինստիտուտի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկ. գ.դ. Ռուբեն Ղարիբյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Դոնի Ռոստովի Առողջապահության քաղաքային բաժանմունքի ղեկավար, ՌԽՖՍՀ վ.բ. Հովակիմ Զոհրաբյանը, բժշկ. գ.դ. Յակով Կալուստովը, բժշկ. գ.թ. Եկատերինա Կոստանյանը, Կարապետ Քեչեկը, Կարմիր բանակի կազմում մինչև Բեռլին հասած վիրաբույժ, բ.գ.թ. Քրիստափոր Օրդույանը:

ՀՌ մի շարք հայ բժիշկներ գործել են Ռուսաստանի այլ շրջաններում: Բժշկ. գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Աղաբաբովը գործել է Կազանի համալսարանում, Սերգեյ Դերիժանովը` Իվանովոյում, Ալբերտ Ադամյանը` Տոմսկում, Արամ Տրդատյանը` Ալթայում, Խաչատուր Ղալամքարովը և բժշկ. գ.դ. Սիրանուշ Սարիկյանը` Մոսկվայում, բժշկ. գ.դ. Արմենակ Խրիմլյանը` Հայաստանում:

Այժմ ՀՌ-ում բժշկութայն զարգացման մեջ նշանակալի ներդրում ունեն բժշկ. գ.դ., պրոֆեսորներ, Կուբանի բժշկական համալսարանի հոսպիտալացված վիրաբուժության ամբիոնի վարիչ Վլադիմիր Ավակիմյանը, Արտեմ Աբրամովը, Հյուսիսկովկասյան պետական տեխնիկական համալսարանի ինովացիոն գործունեության գծով փոխռեկտոր Էդուարդ Ավանեսյանցը, Կուբանի բժշկական ակադեմիայի Դեղագործության ֆակուլտետի դեկան Ռոման Խանփերյանը, Դոնի Ուրոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, ՌԴ վ.բ. Իգոր Աբոյանը, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Հս. Օսիա-Ալանիայի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Գեորգի Ավտանդիլովը, Վալենտին Այվազովը, ՌԴ վ.բ., Դոնի Ռոստովի Սանիտարա-վարակաբանական կարգավորման կենտրոնի գլխավոր բժիշկ Գենադի Այդինովը, ՌՊԲՀ Լուսային ախտորոշման բաժնի ղեկավար Միխայիլ Բաբաևը, ՌԴ վ.բ., Ռոստովի շրջանային N1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Բաղդասարովը, ՌԴ վ.բ. Սամսոն Վիրաբովը, Էդուարդ Ղուլյանցը, Ռոստովի պետական բժշկական համալսարանի Պաթոլոգա-անատոմիայի ամբիոնի վարիչ Իրինա Դերիժանովան, Միսաք Կարագյոզյանը, ՌՊԲՀ Նևրապաթոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Վազգեն Մարտիրոսյանը, Պարտեխ Շորլույանը, Աբգար Խարաբաջախյանը: Բժշկության ասպարեզում են գործում նաև ՌԴ վ.բ. Արամ Հայրապետովը, Մինաս Բաղդիկովը, Սամվել Գալստյանը, Լազար Մկրտիչևը, Ելիզավետա Տեր-Անանյանցը, Վալերի Գրիգորյանը և Արշակ Բաղդասարյանը, Ռոստովի մարզի գլխավոր արյունաբան Կարապետ Ասլանյանը, Կարպ Աթոյանը, Նինա Ավանյանը, Ստավրոպոլի պետական համալսարանի Կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան, հոգ. գ.դ., պրոֆեսոր Օլգա Հախվերդովան, ՌԽՖՍՀ վ.բ. Բաբկեն Բաբլոյանը, Գեորգի Բաղդիկովը, Օլգա Բուխանովսկայան, Գրիգորի Ժամգոցևը, Նիկոլայ Կորգանովը, Տարաս Կուրուզյանը, Էլեոնորա Մանվելյանը, Կրասնոդարի N10 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Վլադիմիր Մարանյանը, Պյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիայի Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, դեղագործական գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Հովհաննիսյանը, Արտաշես Սահակովը, Վլադիմիր Սանամյանցը, Իգնատիոս Տեր-Ավետիսյանցը, ՌԴ առողջապահության վաստակավոր գործիչ Գրիգորի Խաթլամաջյանը, Միքայել Չիբիչյանը և այլք:

ՀՌ մի շարք հայ բժիշկներ գործում են Ռուսաստանի այլ շրջաններում. բժշկ. գ.դ. Աննա Վիրաբովան գործում է Մոսկվայում, Անդրանիկ Ոսկանյանը` Սանկտ Պետերբուրգում, Աշոտ Կասպարովը` Իրկուտսկում: Ռուսաստանի մշակույթի ոլորտի վաստակավոր աշխատող, բժիշկ Արտյոմ Օվանեսովը Արմավիր քաղաքի հայ համայնքի նախագահն է:

Ռուբեն Գուլիշամբարովը նշանակալի գործունեություն է ծավալել ռազմական բժշկության ասպարեզում: Բժշկ. գ.դ., պրոֆեսոր, ՌԲԳԱ թղթակից անդամ Իվան Ալեքսանյանն աշխատում է ռազմական բժիշկների պատրաստման ոլորտում: ՌԽՖՍՀ գիտության վաստակվոր գործիչ, բժշկ. գ.դ., պրոֆեսոր Հովակիմ Պորկեշյանը երկար տարիներ աշխատում է Սանկտ Պետերբուրգի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի Դատական բժշկության ամբիոնում: Իսկ բժշկ. գ.դ., պրոֆեսոր Վիլ Հակոբովը ՌՊԲՀ Դատական բժշկության ամբիոնի վարիչն է:

Այսպիսով, ՀՌ-ում գործող և ՀՌ-ում ծնված և Ռուսաստանի այլ շրջաններում գործունեություն ծավալած գիտնականներն ունեն մեծ ներդրում գիտության տարբեր ճյուղերի զարգացման մեջ։ Հայաստանի հետ նրանց կապերի ամրապնդումը կնպաստի ինչպես ՀՌ հայ համայնքի ուժեղացմանը, այնպես էլ գիտության զարգացմանը Հայաստանում։

ՀՌ Հայության մտավոր ներուժի ուսումնասիրությունն անհրաժեշտ է Հայության բոլոր ռեսուրսներն ի շահ Հայաստանի ու Հայության ծառայեցնելու գործում: Այդ գործիչների հետ Հայաստանի կապերի ամրապնդումը հնարավորություն կստեղծի նրանց առավելագույնս ներգրավել Հայության առջև կանգնած մարտահրավերների լուծման մեջ: Կարևոր նշանակություն ունի նաև ՀՌ հայ գործիչների կապերի ամրապնդումը Ռուսաստանի մյուս շրջանների հայերի հետ: Այսպիսով, ՀՌ Հայության մտավոր ներուժը կազմում է համայն Հայության մտավոր ներուժի բաղկացուցիչ մասը, որը պետք է առավելագույն չափով ներգրավվի Հայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում:

1Այս ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն «Հայազգ» հիմնադրամի http://ru.hayazg.info կայքի հանրագիտարանային տեղեկությունները։

2ՍՊՀ - Ստավրոպոլի պետական համալսարան:

3ՌԳԱ – Ռուսաստանի գիտությունների ակադեմիա:

4Հս.Կ.ՊԾԱ – Հս. Կովկասի պետական ծառայության ակադեմիա:

5ՌՊԲՀ – Ռոստովի պետական բժշկական համալսարան:

6ԼՊՀ - Լենինգրադի պետական համալսարան:

7ՀԴՀ - Հարավային դաշնային համալսարան, նախկինում՝ Ռոստովի պետական համալսարան:

8ՌՊՇՀ - Ռոստովի պետական շինարարական համալսարան։

9ՌՊՏՀ – Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան, նախկինում՝ Ռոստովի ժողտնտեսության պետական ինստիտուտ:

10ՌԲԳԱ – Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա:

11գ. և տ.վ.գ. – գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

12ՌԲԱ – Ռուսաստանի բնագիտական ակադեմիա:

13Ե-հ. գ. - Երկրաբանա-հանքային գիտություններ։

14վ.բ. – վաստակավոր բժիշկ։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր