• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2011

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սեւակ Սարուխանյան

Ներքաղաքական զարգացումներն Իրանում զգալիորեն ակտիվացել են։ Երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ տարաձայնությունները դուրս են եկել հասարակության համար տեսանելի դաշտ։

Իրանի հոգեւոր առաջնորդի եւ նախագահի միջեւ առկա հակասությունները նոր չեն. վերջին մի քանի տարիների ընթացքում դրանց մասին բավական շատ է գրվել եւ խոսվել, սակայն միայն 2011թ. ապրիլ–մայիս ամիսներին հակասությունները խորացան այնքան, որ հանգեցրին հարաբերությունների կտրուկ սրման։ Նման զարգացման համար առիթ հանդիսացավ այն, որ Իրանի նախագահը ապրիլի 17-ին պաշտոնից հեռացրեց իսլամական հանրապետության տեղեկատվության (անվտանգության) նախարար Հեյդար Մոսլեհիին։ Պաշտոնանկության համար հիմք հանդիսացան նախարարի անթաքույց բողոքը եւ հակազդեցությունը նախագահ Ահմադինեժադի եւ նրա աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Մաշայիի կողմից տեղեկատվության նախարարության աշխատանքների հանդեպ տոտալ վերահսկողություն հաստատելու փորձերին։

Համաձայն նախարարության բարեփոխումների նախագծի, որը ներկայացվել էր Է.Մաշայիի կողմից, նախարարի ենթակայությունից դուրս պետք է բերվեր բյուջետավորման եւ պլանավորման վարչությունը, որն անցնելու էր նախագահի անմիջական վերահսկողության տակ։ Սա կնշանակեր, որ նախագահը եւ նրա աշխատակազմը լիարժեքորեն կսկսեին վերահսկել այն բոլոր գործառույթները, որոնցով զբաղվում է նախարարությունը, որի ղեկավարը, որպես կանոն, մշտապես հաշվետու է եղել Իրանի հոգեւոր առաջնորդին եւ երբեք չի գտնվել ուղղակիորեն նախագահի ենթակայության տակ։ Արդյունքում` կարող էր ստացվել մի իրավիճակ, երբ, ինչպես իրանական կայքերից մեկն էր մեջբերել Հեյդար Մոսլեհիի խոսքերը. «ամեն անգամ մենք պետք է նախագահից հարցնենք` զբաղվե՞նք մեր պետության անվտանգության այս հարցով, թե՞ չզբաղվենք։ Սա մեզ համար անթույլատրելի է»։

Նշենք, որ տեղեկատվության նախարարությունը, որն Իրանում կատարում է ազգային անվտանգության նախարարության գործառույթները, ներքին եւ արտաքին անվտանգության ոլորտում գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից բոլորովին անկախ, որտեղից եւ սկսվել է ներկայիս նախագահի քաղաքական ակտիվ կարիերան։ Այս երկու կառույցները հաճախ են բախվել միմյանց շահերի սահմանազատման հարցերի շուրջ. Պահապանների կորպուսն իր տարբեր գործառույթներով փորձել է փոխարինել տեղեկատվության նախարարությանը` ջանալով վերահսկողություն հաստատել ներքին եւ արտաքին հետախուզության ոլորտների նկատմամբ։

Նախագահ Ահմադինեժադի կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը կարող էր անմիջականորեն գլխատել տեղեկատվության նախարարությունը եւ փոխել Իրանի ազգային անվտանգության ապահովման ոլորտում իսլամական հեղափոխությունից հետո տարբեր կառույցների գործունեության միջեւ ձեւավորված հավասարակշռությունը։ Սա էլ հենց առաջացրել էր Հեյդար Մոսլեհիի զայրույթը եւ հանգեցրել նրա հրաժարականին։ Ալի Խամենեիի կողմից վերջինիս վերականգնումը տեղեկատվության նախարարի պաշտոնում ցույց տվեց, որ նախագահի փորձերին դեմ է նաեւ երկրի հոգեւոր առաջնորդը։

Արդյունքում` ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 1-ը Իրանի նախագահը փակվեց իր տանը` չներկայանալով կառավարության նիստերին եւ Ղոմում հոգեւոր առաջնորդի հետ հանդիպմանը։ Մայիսի 1-ին Մ.Ահմադինեժադն ընդունեց իր «հոգեւոր խորհրդական» եւ մեջլիսի պատգամավոր Մոհտեզա Աղա-Թեհրանիին ու մի շարք պատգամավորների, որոնց, ըստ Աղա-Թեհրանիի, նախագահն ասել է. «Ռահբարն ինձ ժամանակ է տվել, պետք է կամ ընդունեմ վերանշանակումը (Մոսլեհիի– Ս.Ս.), կամ հրաժարական տամ»։ Նույն օրը նախագահը հաղորդագրություն ուղարկեց, որում նշեց, որ հոգեւոր իշխանությունների որոշումները պարտադիր են իր եւ պետական բոլոր այրերի համար։ Մայիսի 2-ին նախագահն արդեն ներկայացավ կառավարության նիստին, որին չներկայացավ կրկին իր պաշտոնին նշանակված տեղեկատվության նախարար Մոսլեհին։ Կառավարության հաջորդ նիստին Մոսլեհին արդեն ներկա էր, ինչը նշանակում է, որ նախագահն ընդունել եւ կատարում է երկրի հոգեւոր առաջնորդի պահանջը։ Սակայն սրանով քաղաքական ճգնաժամն Իրանում ավարտված չի կարելի համարել, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով։

Առաջին. ինչպես Ահմադինեժադի բացակայության օրերին, այնպես էլ դրանից հետո Ալի Խամենեին անցել է երկրի կառավարման հարցերին ամենօրյա մասնակցությանը։ Վերջին շաբաթներին նա գրեթե ամեն օր հանդիպումներ է ունենում, հանդես գալիս հայտարարություններով ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ։ Սա կարող է խոսել այն մասին, որ նա պատրաստվում է Ահմադինեժադի հնարավոր պաշտոնանկությանը եւ պետության ընթացիկ կառավարման ստանձնմանը։

Երկրորդ. չնայած նախագահն իր մամլո հաղորդագրությամբ մեղայականով է հանդես եկել, նրա իմփիչմենթի հարցն Իրանի խորհրդարանում նախնական քննարկման փուլում է գտնվում։ Նախատեսվում է Մ.Ահմադինեժադին հարցաքննության կանչել խորհրդարան, որից հետո կարող է օրակարգում դրվել նրա պաշտոնանկության հարցը։ Նման հարցաքննության պահանջագրի տակ արդեն ստորագրել է 90 պատգամավոր, որոնց մեծ մասը ներկայացնում է ծայրահեղ պահպանողականների ճամբարը, ինչը խոսում է այն մասին, որ նման նախաձեռնությունը, հավանաբար, եկել է Ղոմից։ Հատկանշական է, որ թեեւ Ահմադինեժադը տեղեկատվության նախարարին աշխատանքից հեռացրել էր ապրիլի 17-ին, մեջլիսում շրջանառվող պահանջագրի տակ առաջին ստորագրությունները դրվել են ապրիլի 3-ին, այսինքն` Ահմադինեժադի ու Խամենեիի հարաբերությունների սրումից 2 շաբաթ առաջ, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ տեղեկատվության նախարարի պաշտոնանկությունը զուտ առիթ էր Ահմադինեժադի նախագահության դեմ գործողությունների ծավալման համար։

Երրորդ. այսօր Ահմադինեժադի դեմ սկսել են հանդես գալ նաեւ նրան նախկինում պաշտպանածները։ Իսկ նրա հոգեւոր հայր այաթոլլա Յազդին անգամ հայտարարել է, որ «ռահբարի կամքին հակառակ գնալը սրբապղծություն է եւ քայլ է ընդդեմ Աստծո»։

Ակնհայտ է, որ նախագահի պաշտոնանկությունն այսօր Իրանում շատերին ավելի քան հնարավոր է թվում, եւ այդ պատճառով նման հեռանկարն իրականություն դարձնելու ուղղությամբ Իրանում առաջիկա ամիսներին աշխատելու են գրեթե բոլորը` ընդդիմությունից մինչեւ նախագահի դեմ տրամադրված պահպանողականները։ Ընդ որում, մեղադրանքներն Ահմադինեժադի եւ նրա շրջապատի դեմ տարաբնույթ են։ Մեջլիսի մի քանի անդամներ մեղադրեցին նախագահին արտաքին քաղաքական թուլակամության մեջ, քանի որ նա, Բահրեյնի շիաներին աջակցելու փոխարեն, խոսում է «շիա–սուննի» համերաշխության մասին։ Նույնպիսի մեղադրանքներով հանդես եկավ նաեւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին ղեկավար Հ.Ռուհանին։

Մայիսի սկզբից տեղեկատվության նախարարության աշխատակիցները ձերբակալեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Մաշայիի անմիջական շրջապատի մարդկանց` ամենատարբեր մեղադրանքներով։ Մասնավորապես` նախագահ Ահմադինեժադին մոտ կանգնած Աբաս Ղաֆարին մեղադրվեց մետաֆիզիկայով զբաղվելու եւ ջիների հետ կապերի մեջ։ Չնայած մեղադրանքների անլուրջ լինելուն` հարկ է նշել, որ Մ.Ահմադինեժադի կրոնական հայացքները շատերն են չափից դուրս ծայրահեղ ու տարօրինակ անվանում. Մահդիի գալստյանն օրեցօր սպասելը նախագահի կողմից դարձել է Իրանում, այդ թվում նաեւ կրոնական գործիչների շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Ոմանք չեն վարանում նախագահի հայացքներն անգամ աղանդավորական անվանել, սակայն ակնհայտ է, որ այդ հայացքները չեն պատճառն այն արշավանքի, որը սկսվել է նրա դեմ։ Հականախագահական կամպանիան Իրանում կարող է ունենալ մի քանի պատճառ, որոնցից նշենք հիմնական երկուսը։

Արաբական գործընթացների ազդեցությունը

Արաբական աշխարհում բարձրացած հեղափոխական ալիքը հասավ Իրան, բայց ժամանակավորապես ճնշվեց պետության կողմից։ Սակայն ակնհայտ է, որ այդ ճնշումը միայն ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հակաիշխանական շարժումն Իրանում 2012 թվականի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում նոր թափ է ստանալու։ Պետք է հիշել, որ ակտիվ ընդդիմադիր շարժումն Իրանում ծնվեց 2009-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ ուղղված էր հենց գործող նախագահի դեմ։ Շարժման ձեւափոխումը հականախագահականից հակահամակարգայինի այսօր բավական ակտիվ է ընթանում, ինչը կարող է 2012-ին լուրջ հարված հասցնել թե՛ պետությանը եւ թե՛ իշխանությանը։ Այս պարագայում, հարվածելով նախագահին, այդ թվում` նրան հրաժարականի պահանջ ներկայացնելով, երկրի պահպանողական ուժերն իրենց տարանջատում են նրանից` փորձելով հանդարտեցնել 2012-ին հնարավոր հակաիշխանական հեղափոխական շարժումը եւ խուսափել արաբական սցենարի կրկնումից։ Տվյալ դեպքում, կարելի է ասել, որ աշխատում է «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» սկզբունքը։

2013-ի հարցը

Չնայած մինչ 2013 թվականի նախագահական ընտրությունները դեռեւս 2 տարի կա, Իրանի պահպանողականները եւ հոգեւոր իշխանություններն այսօր պարտավոր են նվազագույնի հասցնել Մ.Ահմադինեժադի հնարավորություններն իրեն փոխարինող ընտրելու եւ ներկայացնելու հարցում։ Մինչեւ այժմ Իրանի նախագահները նման ընտրության հնարավորություն չեն ունեցել, սակայն գործող նախագահն իր նախորդներից որոշակի կարեւոր հատկանիշներով տարբերվում է։ Ի տարբերություն նախորդների` նա վայելում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայական կազմի մեծ մասի աջակցությունը, ամուր կապեր ունի ծայրահեղ պահպանողական հոգեւորականության հետ, տնտեսական բարեփոխումների շնորհիվ հասել է խոշոր արդյունաբերության, նավթային եւ բանկային սեկտորների նկատմամբ լուրջ վերահսկողության հաստատման եւ փորձում էր «վերցնել» նաեւ տեղեկատվության նախարարությունը` իր ազդեցությունը երկրի կյանքում դարձնելով գրեթե բացարձակ։

Վերջին շրջանում Իրանում հաճախ էին քննարկում Ահմադինեժադի յուրային, ազգական եւ աշխատակազմի ղեկավար Մաշայիի` նախագահ դառնալու հավակնությունները։ Եթե Ահմադինեժադի իշխանության աճն ընթանար նախկին տեմպերով, նման հեռանկարն իրականանալի կարող էր թվալ, թեեւ Մաշային չի վայելում հոգեւորականության աջակցությունը եւ ունի չափազանց աշխարհիկ, պրագմատիկ եւ նեղ տնտեսական շահեր հետապնդող գործչի համարում։ Կզրկվի՞ Մ.Ահմադինեժադը պաշտոնից, թե՞ ոչ` այսօր դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Իրանի հաջորդ նախագահի անունն ընտրվելու է ոչ իր կողմից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր